<ՏՈՒԺԵՑԻՆՔ–ՉԽՐԱՏՎԵՑԻՆՔ>

Տուժեցինք— չխրատվեցինք, տանջվեցինք— չզգացինք, պնդացրինք մեր երեսն ավելի քան վեմ և չուզեցինք դառնալ։

Եվ ահա կոխեցիր քո բարկությունը Երուսաղեմի վրա. մեզ ցավ ջամբեցիր ու խմացրիր դառնության ջուր. ցրվեցիր, որպես հողմակոծ խռիվ անապատում։

Դու արդար ես, տեր…  Ահա այրվում է Երուսաղեմը, և օրհնում եմ քեզ նորա բոցերից․․․

Ո՜հ, դո՛ւ Իսրայել, գերի թափառական. քո գույժը հասավ հեռու ազգերին, քո աղաղակով երկիրը լցվեց, և չի վերջացել ցավդ տակավին։

Գիշեր ու ցերեկ կգնաս ծառայելու օտար աստվածների, և քեզ ողորմություն չեն անիլ։

Կգնա՜ս, կգնա՜ս, ոտներդ կհոգնեն, և չես հանգստանալ։

Ավեր կդառնան քո շեներն ու քաղաքները. գազանները կապրեն այնտեղ, համբարուները կհանգչեն պարտեզներում, դևերը կպարեն սրահներում, հուշկապարիկները ձայն կտան միմյանց, և ոզնին ձագ[1] կհանի ապարանքներում։

Ո՜հ, քո ճանապարհներդ հասցրին քեզ այդտեղ։ Քանի ասացի՝ չլսեցիր, քանի կանչեցի՝ չիմացար, քանի հանդիմանեցի՝ չզգաստացար։

Մի՞թե որ գլորի, էլ չի բարձրանալ, մի՞թե որ շեղվի՝ չի դառնալ կրկին։

Ինչու դու այդպես <1 անընթ.> եղար, մոլորվեցիր <1 անընթ.> լիրբ մոլորությամբ և չուզեցիր դառնալ։

Վաղ առավոտյան գնացի՝ խոսացի քո ժողովրդի հետ. նրանք ծիծաղեցին ինձ վրա և սիրեցին սուտը, անառակությունը, կաշառքը, դավն ու դավաճանությունը։

Ասացի՝ թերևս աղքատ են սրանք, չեն կարողանում պահել և կատարել աստծո օրենքները։ Գնացի հարուստների մոտ, և նրանք ևս առավել քարասիրտ, ագահ[2] ու անիրավ․․․

Եվ ահա՝ հասավ օրը։

Դե ձեր գարշելի արծաթն ու ոսկին, որ խնայեցիք հայրենիքին[3], պահեցիք շռայլության ու պոռնիկների համար, այժմ հանեցեք՝ երկրի ծերպերում ու խոռոչներում թաքցնելու համար․․․

Սիոնի դստերք, որ այնպես հպարտ ճեմում էիք բարձրիպարանոց և հոնքերով ակնարկում, քարշ էիք տալիս ձեր ստորոտները և ոտքերով կաքավում, ո՞ւր են ձեր զարդերն ու պատմուճանները, ձեր հյուսերը, ծամկալներն ու պսակակալները, մահիկներն ու երեսի զարդերը, քողերն ու ապարանջանները, մեհևանդները ու գինդերը, մատանիներն ու կշտապանակները, դիպակներն ու ճեղանակները, եզրածիրանին ու միջնածիրանին, բեհեզն ու երկնագույնը, կարմիր շղարշն ու ճամկավորը, ոսկեճամուկն ու ոսկետտուն, անուշ հոտերն ու անուշ յուղերը․․․

Ահավասիկ հասավ օրը.

Բոլորը հավասարվեցան– տեր և ծառա, տիկին և աղախին, մեծատուն և աղքատ, գեղջուկն և քաղաքացին, պարտապան և պարտատեր․․․

Այսպես հավասարեց ձեզ աստված թշվառությամբ, որովհետև դուք շատ խնդրեցիք երջանկության օրերում․․․

Ձեր եղբայրներին․․․


Մինչև հասավ օրը.

Եվ ահա՝ ամեն գլուխ ցավ ունի, ամեն աչք՝ արտասուք և ամեն սիրտ՝ տրտմություն։

Այժմ ո՞ւր են նրանք, որ քարոզում էին ձեզ ապաստան լինել ստության խոսքերին, և ասում էին՝ «Տաճար տեառն, տաճար տեառն, տաճար տեառն». ո՞ւր են դպիրները, ո՞ւր են խելոքներն ու խրատողները[4], ո՞ւր են նրանք, որ բժշկում էին քո երկյուղն, ասելով[5]. «Աստծո աջն Երուսաղեմի վրա է, թող գան՝ տեսնեն այս[6] հուրն ու ավերածը. ո՞ւր են, որ ասում էին՝ «Աստված կպահի մեր հայրենիքը»։

Ո՜հ, ինչպես մնաց նա զրկված և մենակ, ողբաց գիշերները, արտասուքը չորացավ ծնոտի վրա և չգտավ մխիթարիչ։

Նրա նեղիչները դարձան նրան գլուխ և հալածիչները գտան թշնամիների մեջ․․․

Կանայք խայտառակեցին Սիոնի մեջ և կույսերին՝ հրապարակներում, ծերերին խողխողեցին և մանուկներին չխնայեցին։

Փախստական դարձան, պանդխտեցան, գերի գնացին նրա որդիքը, հոգնեցին ու քնեցին օտար ճանապարհներում և չկարողացան հանգստանալ։

Օտարությունը դարձավ ժառանգություն և բնակությունը՝ պանդխտություն, հացը՝ նեղություն և ջուրը՝ կարոտի։

Ո՜հ, ո՜հ, թշվառության օ՜ր․․․

Սի՜րտս, սիրտս այրվում է, աղիքս՝ գալարվում, և չեմ հանգստանում։ Մինչև ե՞րբ լսեմ փողերի ձայն, կոտորածի գույժ և թշվառության բոթ։

Վա՜յ ինձ, մայր իմ, անիծված լինի այն օրը, երբ ինձ ծնեցիր. անիծված լինի նա, որ հորս ավետեց, թե զավակ ծնվեց։ Թող աստծու կործանած քաղաքի նման լինի այն մարդը, առավոտյան գույժ լսի և աղաղակ՝ միջօրեին։ Ինչու չսպանեց ինձ մորս արգանդում, որ մայրս լիներ ինձ գերեզման և հավիտենական հղության արգանդ։

Ի՞նչ է այս. ծնվել եմ ավեր ու ցավեր տեսնելու, և վերջանում են օրերս ողբերով…

  1. [ձագեր]
  2. [և]
  3. [և]
  4. [ու՞ր էր նա, որ պահում էր պասակերների հաշիվը]
  5. [խաղաղություն, խաղաղություն, և ու՞ր է խաղաղաությունը, ու՞ր են, որ ասում էին]
  6. [ծուխն]