Տունը
Իմ առաջին ճիչը, որ լսել է տունը,
Իմ առաջին ճիչը վաղո՜ւց չկա,
Բայց հիշո՛ւմ է տունը։ Ու ապրո՛ւմ է տունը
Մեր այն հեռո՜ւ գյուղում ադամանդյա։
Ու երբ ամեն անգամ ես այցի եմ գալիս,
Եվ լուռ լռում լռած դռան առաջ,
Տան պատերն ասես անուրջներ են լալիս...
Ու լսվում է միշտ մի անհո՜ւյս հառաչ։
Ծանրանում են մեկեն քայլերս՝ տուն եկած,
Ծնկներս լուռ ծալվում փլվում հողին,
Նկարս տան պատին ծանրությո՛ւն է անում,
Երբ ե՛ս պիտի պատին երկարվեի։
Ու կանգնել եմ շվար՝ հիմա ի՞նչ եմ, տանտե՞ր,
Հիմա դաղձն է ձգվում տանս պատին,
Տանս անքուն պատին ձգվում եղինջն անտեր,
Սպառնում է նույնիսկ... ժամանակի՛ն։
...Իմ առաջին ճիչը, որ լսել է տունը
Մեր այն հեռո՜ւ գյուղում ադամանդյա,
Հրդեհվել է տան հետ, ավերվել է, ավա՜ղ,
Ու էլ չկա՛ տունս, ճիչս չկա՜...
17-25.12.84, 17.12.93, Ստեփանակերտ