«Տրախտորի մաշին»
«ՏՐԱԽՏՈՐԻ ՄԱՇԻՆ»
Գյուղը հեռվից քարակույտերի է նման։ Աթարի սրածայր կիտուկներն են, խոտի դեղնած դեղերր, մեկ էլ երդիկներից բարձրացող ծխի քուլաները, որոնք անցորդին իմաց են տալիս, թե այդտեղ գյուղ կա, մարդիկ են ապրում։
Շատ հին անցյալ ունի գյուղը։ Տների պատերը մամռոտել են, գերեզմանատան քարերը,կիսով չափ թաղվել են հողի մեջ, չեչոտել՝ արևից, անձրևից։ Ինչե՜ր չի անցել գյուղի գլխով։ Քանի՜ դարեր քարվանի պես եկել են, անցել ու հետք թողել։ Հալածել են գյուղին, ավերել, հրդեհել մի քանի անգամ, բայց էլի հավաքվել են, քարերը դարսել իրար վրա, հնացած գերանները շարել և պատսպարվել նրանց տակ ու շատացել՝ իրենք էլ, գոմի տավարն էլ։
Հեռվից այդպես է թվում։ Ու եթե տեսել ես գյուղը տարիներ առաջ, նայում ես հիմա էլ և մտածում, որ գյուղում ոչինչ չի փոխվել, դեռ ավելի են հնացել գուցե տները, քարերն ավելի մամռոտել։
Այդպես չէ սակայն։
Գյուղի ներսում, մգլոտած, ծխից սևացած պատերով խրճիթներում ամեն ինչ տակն ու վրա է եղել։ Անդարձ մեռնում է հինը, ու նորը գարնան կանաչի պես հերվա դեղնած ցողունների արանքից ծլում է փարթամորեն։
Ավելի շատ գիտեն, ավելի բանիմաց են։ Չինաստանով էլ են հետաքրքրվում, բյազի գնով էլ, կոոպերատիվի հաջողությամբ էլ։ Երբեմնի աղքատը, որ անխոս հարսն էր ունևորի առաջ, հիմա համարձակ նրա երեսովն է տալիս.
— Էն անցավ, գիտեցածդ մոռացիր… Կոմսոմոլը մերվում է գյուղի հետ, բջիջը գնալով ուժեղանում է, հիմա ավելի շատ են թերթ կարդում, ժողովներն ավելի բազմամարդ են, քան առաջ, երբ չարչի կար, քյոխվա ու պրիստավ։
***
Գյուղ ենք գնում ընկերոջս հետ։ Նոր գործիքներ ենք ուղարկել՝ սերմազտիչ, շարքացան, քամհար։ Գնում ենք՝ ցույց տալու, աշխատեցնելու։
Արևը թեքվել է արդեն, իրիկնանում է: Հնձած արտերում խրձերը դեռ չեն հավաքել։ Մի մեղմ խաղաղություն կա դաշտերում, որ մերկացել են ցորենի դեղին հասկերից։ Մարդ չկա, և խաղաղության հետ ամայություն էլ կա դաշտերում։ Ճնճղուկներն են միայն, որ խմբերով թռչկոտում են հնձած արտերում։
— Ինչքա՜ն դժվար էր առաջ գյուղում աշխատել,— ասում է ընկերս, որ քսան տարի անընդհատ, իր գործին հավատարիմ, շրջել է մեր գյուղերում, տարիներ առաջ նոր ագրո-խոսք ասել։ Ծերացել է այդ գործում, ճերմակել են մազերը, բայց ձեռքերում դեռ ուժ ունի աշխատելու։
— Առաջին անգամ էս գյուղը ես եմ եկել։ Լավ հիշում եմ, խոսեցի, ցույց տվեցի նոր գործիքներ, բայց չուզեցին ձեռք բերել։ Մի քանի «աղսախկալներ» խանգարեցին, նույնիսկ շարքացանը տնազ տվին, ասացին, թե մեր հողերում էս մաշինը որ երևա, մեր սերմը կկտրի։
Պատմում է, թե ինչպես ժողովից հետո քնելու էլ տեղ չեն տվել, հուսահատ ու փոշման ուզել է քաղաք վերադառնալ։ Քյոխվան մի էշ է տալիս, խուրջինը գցում է վրան և ոտով, էշին բզելով, գյուղից հեռանում։
— Ինքս ինձ վրա բարկանում էի, թոնթորում, նզովում, թե ինչու ուրիշ արհեստ չսովորեցի…
Կես ճանապարհին իշատերը նրա ետևից հասնում է, էշը ետ տալիս, խուրջինն էլ, իրեն էլ թողնում կիսաճանապարհին։
— Հետո իմացա, որ գյուղում նրան ասել էին, թե էշը սատկելու է, եթե ես եմ տարել: Տեսա էլ ճար չկա, խուրջինն ուսս առա և ճանապարհս շարունակեցի։ Կես գիշերին բեզարած տուն հասա։ Իսկ հիմա թամքած ձիով ենք գնում. իրենք են մեզ կանչել…
***
Գյուղի վերևում նոր շինած վարձակայանի առաջ գյուղացիք են հավաքվել։ Ընդարձակ կալում մի տեղ քամհարն է աշխատում, քամած ցորենը սերմազտիչի մեջն են լցնում, և մեքենայի ներքևից թափում է սերմացուն ջոկ, հավի կուտը ջոկ, ուտելու ցորենն էլ ջոկ։
Կայանի բաց դռներից երևում են շարքացան մեքենաները, որ պսպղին են տալիս։ Նոր ձևի գութաններ կան, երկաթե փոցխեր և ուրիշ մեքենաներ։
Աղմկում է քամհարը, փոշի է հանում, մեկը փոշու մեջ անընդհատ թիակն է բարձրացնում, հարդախառն ցորենը լցնում մեքենայի մեջ։ Իսկ տրիերն էլ գռգռում է, ոսկեհատ ցորենը թափում պարկերի մեջ։
Մի քանի օր է, որ բացվել է կայանը։ Բոլոր գործիքները նոր են ստացված. վարձակայանն էլ նոր է շինված։ Գյուղի նեղլիկ ծուռ ու մուռ փողոցները, ցածր դռները ոչ մի հարմարություն չունեն շարքացան կամ մի ուրիշ մեքենա տեղավորելու, փոխադրելու գյուղամեջ։ Ստիպված կայանը շինել են գյուղի գլխին, հանդ տանող ճանապարհի բերանին։
Հավաքված են գյուղացիք, նայում են զարմացած։ Ոմանք կռանում են, տակից նայում կամ վիզը երկարացնում վերից նայելու, տեսնեն, թե միջին ինչ կա, որ այդպես լավ մաքրում է։
— Մեր կնանոնց կռները դինջացան, խախալները կոտր ընկան,— ասում է մեկը։
Մյուսը հարցնում է, թե՝
— Էս «ագրանովը» Ռուսեթի հողում կարա՞ն շինեն:
Գյուղատնտեսական մեքենաներին շատերն են «ագրանով» ասում։ Լեզուն դեռ պատ չի գալիս, որ շարքացան ասի, զտիչ, քամհար։
— Էս «ագրանովը» սերմ ա գցում, էս մինն էլ ջոկում ա,— իրար բացատրում են։
Նայում եմ ընկերոջս։ Թիկն է տվել պատին և անշարժ նայում է նրանց, որոնք տարիներ առաջ էշ էլ չտվին, հիմա խռնվել են մեքենաների շուրջը, ինչպես երեխաները նոր խաղալիք տեսնելիս։
Մայր մտնող արևի շողերի հետ երանության մի ժպիտ խաղում էր նրա հոգնած, տարիների կնճիռներով ակոսած դեմքին։
***
— Ա խալխը, հավատալս չի գալիս, թե էս իմ ցորենն ա էսպես իստակ։
Զտիչը դադարում է։ Մաքրած ցորենի մեջ տասնյակ ձեռքեր են մտնում, մի-մի բուռ անում ու մատներով խառնում տեսնեն ինչպես է մաքրել։ Ցորենի տերն է, որ զարմացել է լավ սերմացու ստանալուց։
— Հլա շատ կզարմանաս, Մուքի ամի.— պատասխանում է մի ուրիշը, որ նախքան այդ, ներքին պարծանքով պատմում էր, թե ինքն ինչ մաշիններ է տեսել Գերմանու պլենում: Երեք տարի աշխատել է ինչ-որ տնտեսությունում, ծանոթ է մեքենաներին։
— Հմի էդ ինձ համար ոնց որ խաղ ու պար.— վերջացնում է նա իր պատմությունը Գերմանու պլենում տեսածների մասին։
— Մուքի ամի, աստված կարա՞ մեղավորին արդարից էսպես ջոկի, — ձայնում է մի ջահել, և կողքին կանգնած մի ուրիշ ջահել պատասխանում է,
— Աստված էդ հունարը չունի։
Իսկ Մուքի ապերը զտած ցորենը շալակում է, դանդաղ քայլերով հեռանում գյուղի նեղլիկ փողոցներով։
Գզիրը կտուրներից ձեն է տալիս, որ ժողով կա, ու հետո էլ, թե՝ մի ոչխար է կորել հանդում, տեսնողը գա իմաց տա խորհրդին։
Ժողովի են գալիս, բայց բոլորի բերանում էլ մի խոսք կա միայն.
«Ագրանովի» մաշինը։
Գալիս են մեկ-մեկ, նստոտում բակի քարերին։ Գյուղ-խորհրդի նախագահը մինչև ժողովի բացելը մի քանի գործեր է քննում, գանգատներ ընդունում։ Մանր գործեր են. մեկի ոչխարն է ընկել մյուսի արտը կամ հերվա ցորենից տալացուք կա, որ դեռ չի ստացել։ Գործերը քննվում են շատ արագ, բանավոր գանգատի հիման վրա. բոլորին էլ հայտնի է, թե ինչ որոշում պիտի տա խորհուրդը: Գյուղական ադաթն է՝ բանավոր մի օրենսգիրք առանց մի հոդվածի, առանց հատվածի։
Գործերը պրծան։ Արդեն բավական բազմություն է հավաքվել։
— Հա՛, ընկերներ, դե կանգնածը մի նստի հալա,— ասում է նախագահը։
— Էսօրվա ժողովում մին օրակարգ ունենք, բոլորիս էլ սրտակից բան ա…
Եվ մի քանի խոսք է ասում այն մասին, թե ինչքան դժվար է գյուղում եզներով վարուցանք անել, օրինակ բերում, թե մի օրվա վարելու համար մի եզան վրա քանի ճիպոտ են ջարդում, և հանկարծ խոսքը ընդհատելով դառնում է մեկին, վկա կանչում.
— Քո ալա եզը վար անելիս սատկեց ո՞չ…
Նա էլ ասում է.
— Բա սատկեց ո՜չ։
Եվ խոսքը շարունակում է, ուրիշ օրինակ բերում՝ ապացուցելու, որ եզներով վարուցանքը ձեռնտու չի։
— Պետք ա մենք տրախտորի մաշին բերենք։
Այդ ասելիս մի թեթև շարժում է նկատվում ունկնդիրների մեջ, որոնց դեմքերը կիսամութի մեջ պարզ չեն երևում։ Թութունի կրակներն են, որ պսպղին են տալիս։
Ընկերս է խոսում տրակտորի առավելությունների մասին, բացատրում է, որ հարկավոր է ընկերություն կազմել, ընկերության կանոնադրությունն է կարդում։
— Մեր հողերում բան կանի՞ էդ տրախտորի մաշինը,— հարցնում է մեկը, մյուսն էլ, թե՝
— Մաշինն առանց եզան ո՞նց ա շուռ տալու ծրելիս…
Էլի այն գյուղացին է, որ Գերմանու պլենում հազար հրաշք է տեսել. պատմում է հինգ տարի, և դեռ չի վերջանում տուտը տեսածի։ Նա էլ մի կողմից է ավելացնում տրակտորի առավել կողմերի մասին։ — Մաշին ա էլի, մեծ մաշին. խոփերը ետնան քաշ տալիս։ Մին օրում հինգ օրավար ցել կանի։
— Հինգ օրավա՜ր… էդ հո հրաշք ա։
Գնի մասին են հարցնում, ուզում են իմանալ, թե՝
— Էդ տրախտորի մաշինի լեզուն հասկացող կճարվի՞ գյուղում։
Սկսում են թեկնածուների անուններ տալ, թե ով կարող է տրակտորով վարել։ Գյուղը տասնյակ շոֆեր ու մեխանիկ ունի Բաքվում, պետք է մեկին գրել, որ տրակտորի լեզուն սովորի և գյուղ գա։
— Դե ի՞նչ եք ասում, այ ժողովուրդ.— ասում է նախագահը.— էն «ագրանովի» մաշինին էլ հավան չէիք, ասում էիք, թե մեր հողերում կարալ չի աշխատի։
— Ինչ պիտի ասենք։ Որոշ դնենք. մարդս մի եզ տա տրախտորի մաշինը բերենք… Ես իմ ագին ծաղիկ եզը էս գլխից տալիս եմ էդ նպատակին,— ասում է մեկը, տեղից կանգնում և սպասողական դիրքով նայում, թե մյուսներն ինչ կասեն։
Քսանից ավելի գյուղացիք համաձայնվում են իրենց եզները տալ, տրակտոր առնել։
Բայց ժողովը որոշում է ցորեն հավաքել, ընկերության ամեն մի անդամից հինգ փութ ցորեն։ Հենց տեղնուտեղը ցուցակ են անում, գրվում են ներկաները, բացակաների կողմից էլ են երաշխավորում։
Ուշ է արդեն։ Գյուղացիք ցրվում են, հարևանը հարևանի հետ մինչև տուն խոսում է տրախտորի մաշինի մասին։
Մի խումբ երիտասարդներ շրջապատել են մեզ, ուզում են ավելին իմանալ, անհամբեր սպասում են տրակտորին։
— Մի պրծնենք էս չարչարանքից, էն ժամանակ տես գեղում ապրելն ինչքան կհեշտանա,— ասում է նախագահը, որ մինչև այդ ցորենի և անդամների քանակն էր հաշվում։
Եվ քանի՜ ուղեղներ մգլոտած, ծխից սևացած խրճիթներում այդ գիշեր միտք արին քաղաքի տրակտորի մասին։