Ցախավլի գաղտնիքը


(Հին զրույց)

Շատ հին ժամանակ մի թագավոր կար
Զորեղ, իմաստուն և շատ էլ արդար:
Դա որ ծերացավ, մոտեցավ մահվան,
Չըգիտեր, թե ո՛վ կըհաջորդե իրան.
Թեպետ նա ուներ տասներկու որդի,
Բայց չէր իմանում, թե որին ընտրի։
Մեծը ուժով էր, բայց անգութ ու չար,
Նըրանից փոքրը՝ թույլ և ցավագար.
Երրորդը՝ անհոգ ու խելքից պակաս,
Չորրորդը՝ անմիտ, թեև անվնաս.
Այսպես ոչ մեկը հոր սրտովը չէր,
Ոչ մեկը նըրա բնույթը չուներ.
Միայն մի քիչ հույս կրտսերն էր տալիս,
Բայց նա էլ հոր մոտ չէր գնում գալիս,
Այս պատճառով էլ հայրը չգիտեր,
Թե արդյոք նա ի՛նչ շնորհքի տեր էր։

♦♦♦

Թագավորն այսպես շատ որ մտածեց,
Հանելուկի պես մի բան հնարեց.
Մի թարմ ցախավել իր առջև դրած,
Որդոցը կանչեց և նրանց ասաց.
— «Սիրելիք, այսօր ես ձեզ կանչել եմ,
Որ վերջին կամքս ամենքիդ հայտնեմ.
Ինչպես տեսնում եք, ես ծերացել եմ,
Եվ բավական է, որքան ապրել եմ.
Շուտով իմ նախնյաց ճամփովը կերթամ,
Նրանց պես ես էլ սև հող կըդառնամ.
Բայց քանի ողջ եմ, շունչս բերնումըս,
Կուզեմ ձեզ հայտնել՝ ի՛նչ կա մտքումըս.–
Ահա ձեր առջև մի թարմ ցախավել,
Որ ես հենց այսօր կապել եմ տըվել.
Ձեզանից ով որ կըկոտրե սըրան,
Իմ թագն ու գահը ես կըտամ նրան:
Դե՛հ, հառաջ եկեք, ուժերդ փորձեցեք,
Տեսնեմ ձեզանից ո՛րըդ կըկոտրեք»:

♦♦♦

— Հա՛յր, ես կըկոտրեմ,— ասաց մեծ որդին,
Եվ վստահությամբ մոտեցավ ավլին.
Վեր առավ ավելն ու ծունկը կալավ,
Քաշեց, քաշքըշեց, ոչինչ չի եղավ.
Շատ քրտինք թափեց, շատ չարչարվեցավ,
Դեղնեց, սփրթնեց և ետ քաշվեցավ։
Հետո երկրորդը եկավ վեր առավ,
Նա էլ իր եղբոր դառն օրին հասավ.
Երրորդն էլ եկավ իր ուժը փորձեց,
Բավական տանջանք չորրորդն էլ կրեց,
Մյուսներն էլ իրանց բախտը փորձեցին,
Բայց ցախավելը չի էլ ծռեցին.
Ամենից վերջը փսքրը մոտեցավ
Եվ իր հոր առջև այսպես խոսեցավ.

♦♦♦

— Հա՛յր, ես չե՛մ ուզում իմ ուժը փորձել,
Իմ եղբարց նման իզուր չարչարվել.
Ես երեխա չեմ, որ ձեռքս մեկնեմ
Դեպի լուսինը, որ նրան բռնեմ.
Ջուրը կըխհղդե, կրակը կայրե,
Ով այս չըգիտե, թող նա փորձ անե։
Ես ուժ տեսնում եմ ամենայն բանում,
Թե՛ երկրիս վըրա և թե՛ երկնքում.
Առ մեկ բարակ ծեղ, մի մազ կամ մի թել,
Մեծ ուժ կըգտնես ամենի մեջ էլ.
Թե՛ փոքրիկ միջատ, թե՛ ուղտ ահագին,
Ամենքն էլ ուժից մեկ բաժին ունին։
Կա և խելքի ուժ, ինչպես և սրտի,
Աչքի, ականջի, ձեռքի և ոտքի.
Ուժ չի ունենալ ոչ մի առարկա,
Եթե մասներում միություն չըկա.
Մասներն իրար հետ երբ սերտ կապ ունին,
Նըրանք անկասկած ուժով կըլինին.
Այսպես շատ անհատ երբ որ միանան,
Մեծ և չափազանց մեծ ուժ կըստանան.
Մեզ լավ օրինակ մրջիմն ու մեղուն,
Թե նրանք խմբով ինչեր են անում,
Նրանց պես եթե մարդիկ միանան,
Լեռներ կըշրջեն, եթե կամենան.
Եվ ի՛նչքան լճեր, ի՛նչքան ջրանցքներ
Միացած ուժով կարող են շինել:
Ես քո տերության ցրված ուժերը,
Ինչպես ցախավլիդ ճկուն, ճղները,
Ամուր կապերով կապած կըպահեմ,
Այս է քո միտքը, ես ինչքան գիտեմ.
Բայց որ իմ միտքը լավ հասկացնեմ,
Տեսե՛ք ավելը ինչպես կըկոտրեմ»։
Եվ այս ասելով՝ նա վեր է առնում,
Ավլի կապերը քանդում, արձակում,
Ճըկուն ճղները վերցնում է հատ-հատ,
Ամենի առջև կոտրտում զատ-զատ ։
— Ապրի՜ս, որդյա՛կս,— ասում է հայրը,—
Քե՜զ է արժանի իմ թագն ու գահը:
Գրկում է որդուն, ճակատից պաչում,
Եվ թագն իր ձեռքով գլխին է դնում։
— Տեսե՜ք,— ասում է մյուս եղբայրներին,—
Դուք չընախանձեք ձեր երբոր փառքին.
Եթե սըրա հետ սերտ սիրով մնաք,
Ավելի մեծ ուժ և փառք կըստանաք.
Իսկ եթե զատվիք և ջոկ-ջոկ լինիք,
Քանդված ավելի պես շուտ կըկոտրտվիք։
— Մենք հնազանդ ենք,— ասում են նրանք,-
Տալով եղբորը պատիվ ու հարդանք.
Իմաստուն որդին հասավ մուրազին,
Դուք էլ նրա պես հասնիք ձերինին։