Ցայգանկար
Ցայգանկար

Համատարած անդորրության մը մեջեն,
կիսաթափանց մըշուշներուն մեջ հալած
ուրվագիծը տուներու`
որոնց լայնաքթիթ պատուհաններեն
կը ժայթքեն
լույսի ցայտքեր` տարփագին ծաղիկներուն պըլլըված:
Ու հեշտոտ ու մարմըրուն
աղաղակն ալ նըվագներուն լարավոր
կը ծաղկեցընեն դյութանքն անդորրիկ,
գիշերվան մը երջանիկ:
Ու կ’երկարի՜, կ’երկարի՜
խմբանկարը տուներուն`
տարտամորեն փաթթըված
մեջն ապրշում մըշուշին,
ու լայննալո՜վ, լայննալո՜վ
դեպի ծովափն` ու երկչոտ
կը սպասե
ալիքներու համբույրին:
Ու եզերքեն հանդիպակաց,
ծայրը դալար հրվանդանին,
ուր վաղուց
մեռան ճիչերը ցորեկին,
ծովին փոթ փոթ երանգածուփ թավիշին վրա
միապաղաղ կ’անդրադառնա
ուրվանըկարը խուսափուկ
լույսի ծըփուն ծաղիկին`
որ կը ծըլի փողփողուն ծովեզերքի փարոսեն:
Ու դեռ հեռուն,
քաղաքեն ու բացավայրեն ալ անդին,
կ’ընդնշմարեմ արտևանները ցըցուն,
մանիշակե լեռներուն
մարմաշի մեջ պլլըված
հսկա հարսեր հեշտամոլ`
որոնց տարփանքը կըզգաս
հեռուներեն, հեռուներե՜ն… ։
Ու կը լըսեմ վարերեն թևճակներու նըվագն ալ,
ջուրերուն վրա թըրթըռուն,
ու կը լըսեմ ծաղիկներուն ալ երգը
աղաղակ մը սիրածուփ`
սահած ծոցեն դաշտերուն`
ուր ցաները կը վետվետին սիրատարփ,
Ուր երկինքն ալ կը քնանա
կապույտներու խորհուրդին մեջ երազելով
վաղորդայններն երջանիկ: