Ցայգանվագ
Ցայգանվագ
Կուգա սիրերգն հեղեղատին
անտառներու մեջ մենիկ,
երբ ժըխորներ պահ մ’ընդհատին,
հասնի գիշերն երջանիկ.
Արևելքի գիշեր մը ջինջ,
շափյուղազարդ երկինքով,
ուր հեշտություն է ամեն ինչ,
ամեն իր լի բուրմունքով:
Ծառաստվերի տակ սխրալի,
բուներուն մոտ ու հեռու,
ջինջ հեղեղը կը թավալի
արծաթացող լույսերու:
Ու կը շրջի անտես ոգին
հոն անտառի ծառերուն`
խարշափն որոնց թույլ, հեշտագին,
կը նվագե օրորուն:
Պիշ կը դիտեմ սաղարթախիտ
արահետները նրբին,
ու երազներս ականակիթ
հետզհետե կը թափի՜ն…
… Դեռ մինչև ե՞րբ, ըսե՜, հոգի́ս,
դեռ մինչև ե՞րբ տառապիմ՝
պրպտելով անրջանքիս
թոշ ծաղիկը մտերիմ:
Գուցե վաղը մթնե հոգիս,
գուցե դո՜ւն ալ թարշամիս,
մ’եղծեր հըմայքն անրջանքիս
ու ծաղիկը պաշտումիս…