Ցայգն է պայծառ...

Ցայգն է պայծառ անհունորեն
ցոլցըլանքովն իր խոլապար.
օդանույշներ` որ մեղմաբար
քնքշանքով զիս կը պարուրեն:

Բուստ համբույրով` որուն կարմիր
կարոտովն իմ հոգիս կուլար,
ինչպես փանդիռ մը մեղմալար`
պոնդերու տակ մեղկ ու ցանցիր:

Պարզկա ցայգուն անուրջին մեջ
լըվալ կ’ուզեմ հիմակ հոգիս,
և հըրահրել երբեմնի շեջ
աշտանակներն իմ երազիս:

Մըտածումըս կ’անցնի նորեն
շավիղներեն իր լուսավետ,
հեշտություններ հոգվույս հավետ
բերելով իր ճամբաներեն:

Գինո՜վ եմ ես ծաղկանց բույրեն,
տարաշխարհիկ ու գըրավիչ,
ու ձայներն ալ` որ քիչ քիչ
իմ երազներըս կ’օրորեն:

Եվ անծանոթ աշխարհներուն`
անեզրին մեջ խորհրդազեղ`
կ’անդրադառնա մեջն իմ հոգուն
կրկներևույթը գունագեղ:

Պիտի ըզգա՜մ ես տևաբար
բուրումն անոնց ծաղիկներուն,
որոնք հեշտին կը դառնան պար`
լուսացնցուղ ցողով լեցուն:

Պիտի ծըծե՜մ ես անդադար
հոծ երազանքն անոնց բալին,
ու շողերն` որ կը փալփըլին`
ոսկեպաղպաջ` ինչպես նեկտար:

Պիտի անցնի՜մ ես խանդավառ
այդ լուսոռոգ ուղիներեն,
ես` ուխտավոր ուղեմոլար`
խորհրդածուփ թափառելեն:

Պիտի անցնի՜մ ես Անհունին
հավերժալուռ երկինքներեն,
մինչև հույզերս ամեն թոշնին`
ու ես երկիր դառնամ նորեն: