Ցան


Սերմանողն է: Հաղթահասակ կը կանգնի
Մայրամուտին շողերուն մեջ ոսկեթույր:
Ոտքին առջև անդաստաններն հայրենի
Կը տարածեն մերկություննին անպարույր:

Լի է ամբողջ ցորեններով աստղահատ
Խորունկ գոգնոցն: Հարկերն հերվան՝ ծարավի՝
Կը սպասեն իր լայնշի բուռին, և բուռն այդ
Արտերուն վրա՝ զերդ արշալույս՝ կը բացվի:

Մըշա՛կ, ցանե՜. հանուն տանդ սեղանին
Թևիդ շարժումն անպարագի՛ծ թող ըլլա.
Վաղ՝ նետած ցորեններդ այդ կը թափին
Օրհնության պես թոռնիկներուդ գլխին վրա:

Մըշա՛կ, ցանե՜. Հանուն նոթի թըշվառին
Թող գոգնոցեդ կես չելլե ափըդ բնավ.
Աղքատ մ'այսօր ճըրագին մեջ տաճարին
Վաղվան հունձքիդ համար վերջին ձեթը դրավ:

Մըշա՛կ, ցանե՜. հանուն Տիրոջ նըշխարին
Թող մատներդ հորդին սերմեր լուսեղեն.
Վաղը ամեն հասկի մեջ կաթնային
Պիտ՛ հասուննա մաս մ'Հիսուսի մարմինեն:

Ցանե՜, ցանե՜. նույնիսկ հեռու սահմանեն,
Աստղերու պես, ալիքներու պես ցանե՜:
Ծիտերն ի՛նչ փույթ թե հատիկներդ կ'ավերեն.
Տեղը Աստված պիտի մարգրիտ սերմանե:

Լեցո՛ւր ակոսն, հորդե՛ հերկերը բերրի,
Հողին ծոցեն ոսկի լույսեր թող հոսին:
Օրը ահա կ'իրիկնանա. կ'երկարի
Շուքը թևիդ հորիզոննե՜րն աստղային: