Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, վկայակոչելով Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների Արցախի հակամարտության կարգավորման հայտարարությունը, ասել է հետևյալը. «Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող Լեռնային Ղարսաբաղի ժողովրդի կամքի արտահայտությամբ»: (www.lragir.am, 27.06.2010թ.)

Բուն հայտարարության մեջ նման բան չկա: Հայտարարությունը չի հստակեցնում կամարտահայտողների շրջանակը՝ դա նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչությունն է, ներկա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, թե՞ Ադրբեջանի Հանրապետության բնակչությունը: Ընդհանրապես հստակեցված չէ՝ ո՞վ է կամարտահայտողը, գուցե Բաքվի իշխանավորներն են, գուցե իրենց Լեռնային Ղարաբաղի օրինական ներկայացուցիչներ հայտարարած և Բաքվում ծվարած ինչ-որ մարդկանց գոյություն ունեցող կամ վաղը ստեղծվելիք խումբ: Կարծում եմ, որ նախարարին շփոթության մեջ է գցել ռուսերեն (զուտ աշխատանքային) տարբերակը. “определение будущего, окончательного правового статуса Нагорного Карабаха путем имеющего обязательную юридическую силу волеизъявления его населения.” Այս պարբերության անգլերեն պաշտոնական տեքստը հետևյալն է “final status of Nagorno-Karabakh to be determined in the future by a legally-binding expression of will.” Անգլերեն պաշտոնական տարբերակում բացակայում են его населения (նրա բնակչության) բառերը: Այս պարբերության պաշտոնական և ռուսերեն տարբերակների միջև կա ևս մեկ կարևոր տարբերություն: Ռուսերենը խոսում է իրավական կարգավիճակի մասին (определение … правового статуса), մինչդեռ պաշտոնական տեքստում չկա իրավական (legal) բառը:

Տրամաբանորեն և միջազգային իրավունքի տեսանկյունից, իհարկե, ցանկացած տարածքի ճակատագիրը պետք է որոշվի տվյալ տարածքի բնակչության կողմից: Դա է ինքնորոշման բուն էությունը: Եթե ուրիշը պիտի որոշի քո ճակատագիրը, էլ ի՞նչ ինքնորոշում: Սակայն արդյո՞ք շատ տրամաբանություն ենք տեսնում Ադրբեջանի ղեկավարության և, որ ավելի ցավալի է, եռանախագահների քայլերի մեջ:


Հ.Գ. Մանրամասների այս վերլուծումը բնավ չի նշանակում, որ ես ընդունում եմ Արցախի հարցի լուծման ներկայացվող տրամաբանությունը, երբ a priori, առանց իրավական հիմքի, Լեռնային Ղարաբաղը դիտարկվում է Ադրբեջանի մաս և փորձ է արվում այդ շրջանակում ինչ-որ լուծումներ գտնել:
Երբ երեխա էի, որպեսզի մեր տարածաշրջանում, որն այն ժամանակ մեր բակն էր, խաղաղություն հաստատվի, մեծերն ասում էին. «Քարի մեջ արյուն կա»: Հիմա մենք մեր «մեծերին» (այսօր ստիպված ենք ընդունել, որ եռանախագահներն այդ կարգավիճակն ունեն) պիտի ասենք. «Ձեր առաջարկների մեջ արյուն կա»:



27 հունիսի, 2010թ.