Ցանկություններ


1

Կուզեի լինել հայ աստվածաբան,
Նոր վերադարձած արտասահմանից.
Ցույց տալ խեղճ ազգիս դըրախտի ճամփան,
Ազատել նըրան «բազո՜ւմ մեղքերից»…
        Շատերի նըման, և՛ ինձ մայր աթոռ
        Կըտար, անկասկած, պաշտոն փառավոր…

2

Կուզեի լինել ես հայ խըմբագիր,
Հայոց «այբուբենն» ակնոցով ջոկող
Ֆանդ ու րեկլամով տըպել լըրագիր,
Կյանքում չըգըրած բընավ ոչ մի տող…
        Համբերող հայ ազգն իմ պեսին, անշուշտ,
        Կըտար հա՛մ անուն, կըպահեր հա՛մ կուշտ…

3

Կուզեի լինել հայոց վանքերից
Մեկի վանահայր — հեռու անկյունում,
Որ մարղ չըտեսներ — եկամուտներից
Որքա՜ն է ծածուկ իմ ջեբը գրնում…
        Եվ, հարկավ, իմ պետն ինձնից գոհունակ՝
        «Պի՜նդ տեղդ նըստիր» — կըտար ինձ կոնդակ…

        Կուզեի լինել հայ երեցփոխան,
        Հաշիվ չըտվող տասնյակ տարիներ.
        Հենց ժամի կոդքին ես էլ սեփական
        Շենք կըշինեի, դառած տընի տեր…
                Եվ թե մի հայ թերթ անվաներ ինձ գող,
                Մի ուրիշ հայ թերթ կըկարդար ներբող…

[1901]