ՑԱՎԻՆ ԸՆԴԱՌԱՋ


Սերը, որ ապրում է քո սրտի մեջ,
Սեր, որ քոնը չէ,
                Թախիծ է, գուցե...
Գուցե մանկության քո խենթ օրերի
Կարոտանքն է թեժ,
Քեզնով կամարված ծիածանի բույր,
Արցունք է գուցե,
Կամ՝ իր կարմիրում հրդեհվող կակաչ:
Ո՞վ է գույներն այս իրարու հյուսել,
Ձուլել սիրո մեջ,
Դու մտածե՞լ ես...

Սերը, որ ապրում է քո սրտի մեջ,
Սեր, որ քոնը չէ,
Կարող է հանկարծ աչքերդ փակել,
Ինչպես բերկրանքի հրապույրները,
Եվ քո երազի
Դռները քո դեմ հավիտյան գոցել:
                 Դրսում կմնաս,
Քո մեջ քեզ համար էլ տեղ չի լինի,
Էլ տեղ չի մնա
Եվ զղջումներդ կդառնան արճիճ:
Դու մտածե՞լ ես...
Սերը, որ ապրում է քո սրտի մեջ,
Սեր, որ քոնը չէ,
Մի օր ընդառաջ կտանի քեզ քո
                շիկացող ցավին
Ու ափսոսանքդ թերթիկ առ թերթիկ
Կզուգի անցած հմայքները նուրբ,
Սո՜ւրբ հմայքները:
Դու քո կրծքի տակ ապրող սիրո մեջ
                  Կմարես դանդաղ,
Կորցնելով սերը, որ... դեռ չես գտել:
Դու մտածե՞լ ես...