Ցնծուն մահ

Ցնծուն մահ


Քերթողն ըսավ. ― «Անու՜յշ վըտակ,
Շյուղերու տակ, ճյուղերու տակ
Ո՞ւր կը վազես աննըպատակ...

Վարդեր կուլան շուրթիդ վերև,
Սեզեր կուտան քեզ բյուր բարև,
Քե՜զ կը կանչեն ծաղիկ, տերև...

Լուսնակի ցոլքը ծոցդ առած,
Դաշտերու մեջ լայնատարած,
Ո՞ւր կը վազես դուն շվարած...

Կյանքդ արդեն կարճ է, ա՛յ վըտակ,
Մի՛, մի՛ վազեր ծովն անհատակ
Պիտի թաղե քեզ ալյաց տակ...

Վտակն հծծեց.― «Թող անդադրում
Վազեն ջուրերս. մի՛, մի՛ տրտում
Արցունք կաթեր անոնց սրտում»:

Թո՛ղ, որ երգեմ լույսն ու մութին,
Ի՜նչ փույթ թե մահն է քայլ մ'անդին,
Ես սիրահար եմ մարմանդին...

Ու մինչ քերթողը կ'երազեր՝
Լալո՜վ, վըտակը եռուզեռ,
Երգով իր մահը կը վազեր...