Ցնորք («Ինձ չես սիրում, ուրիշին»)

Հայրենիքում Ցնորք («Ինձ չես սիրում, ուրիշին»)

Վահան Տերյան

Հանդիպում («Նուրբ ստվերները փռվում են քնքուշ»)


Ցնորք


Ինձ չես սիրում, ուրիշին,
Ուրիշին ես սիրում դու —
Եվ անզոր է ու չնչին
Քո դեմ տանջանքն իմ հոգու:

Դու անցնում ես ամեն օր,
Անցնում՝ ինձ չես նկատում —
Եվ դարձել եմ ես սովոր
Քամահրանքիդ անհատնում։

Քեզ խոնարհ՝ ամեն անգամ
Գլուխ եմ տալիս խոնարհ,
Բայց ես աղքատ եմ այնքան,
Այնքա՛ն թշվառ քեզ համար...

Ամենքինն ես, իմը չես,
Ամենքին ես սիրում դու.
Ա՜խ, ոսկով են գնում քեզ,
Անհաս ցնորք իմ հոգու...