Ցոլակին
Ցոլակին
Դու կամենում ես նոր երգեր լսել
(Անկատար մնաց իմ խոստումը հին),
Տխուր խոսքերից հոգնել եմ ես էլ,
Բայց կյանքն է տերը — մենք նրա գերին.—
Հոգիս լցված էր երգերով հպարտ,
Բացվում էր իմ դեմ մի նոր ճանապարհ,
Բայց հանկարծ երգս մնաց անավարտ,
Ու նորից տիրեց իմ սրտում խավար։
Զգում էր հոգիս ազատ թևերի
Վեհ սավառնումի վեհ թափահարում,
Բայց լռեցրին ինձ անվերջ ձայների
Կսկիծներն անդուլ օտար աշխարհում…
Մի կարծիր, որ ես համբակի նման
Թեթև ուղին եմ համարում ընտիր
Եվ գերադասում սովորած ճամփան…
Թե գիտենայիր, ինչքա՜ն ցնորքներ
Եվ ինչքա՜ն երգեր մեռան իմ հոգում,
Թե գիտենայիր, հեռավոր ընկեր,
Իմ դառն օրերն ու գիշերներն անքուն —
Թե գիտենայիր, ի՜նչ համառությամբ
Կուրծքս դեմ տվի ես հարվածներին —
Որ թափվում էին տարափ առ տարափ,
Ինչպես, նենգ հուրով և ինչպես մթին,
Թե գիտենայի՜ր…