ՓԱԽՉՈՂ ՋՐԵՐ


Խելահեղ վազքի մեջ օրերը
գլորում են պես-պես երազներ,
եւ հորդ է գետը շատ ու հզոր։
Մի տղա երեխա -
ես -
կանգնել է ափին խենթ օրերի,
փորձում է մի ալիք, մի կում ջուր,
ձեռքի մեջ
պահել ու,
պապակ են շուրթերը, ցողոտել։
Բայց ջուրը փախչում է, անցնում է՝
խփելով
ցալքունը տղայի երեսին...
Իսկ տղան,
որ ես եմ, ափին է միշտ ջրի,
ու երբեք, ու երբեք չի հոգնում,
չի թողնում գետը, չի... մեծանում,
մնում է ամեն օր երեխա։
Խելահեղ վազքի մեջ օրերը
գլորում են պես-պես երազներ։