Ձուկը՝ ջրում, հավքը՝ երկնքում, գրիչը՝ թղթին,
սլանում են նույն ուղղությամբ։ Փակիր աչքերդ՝
աշխարհը չերեւա։ Հողը լափում է զավակներին։
Հաճախ այն, ինչ ուզում եմ բացել քո մեջ, դու
ինձ ընդառաջելով՝ ավելի խորն ես թաքցնում։ Ես
ետ եմ վերցնում դռան վրայից իմ թակոցները։
Դու ինձ չես լքել՝ ինձ լքելով, դու լքել ես քո մեջ ապրող
աստվածուհուն։ Վկա աչքերդ՝ ինձ մոռացող։ Սովածների
փիլիսոփայություն՝ արդարությունը հաց է ավելի,
քան հացը։
Աղեղնավոր բառեր։ Աներկինք թեւեր։
Բոզալաց տվող քամի եւ
պատառոտված ներքնաշորերով արեւալույս։
Իմ կորած պոռնիկ։
Կնաքարշ որձերի ոհմակը հոտոտում է մթնահունց էգերին։
Շուրջս պտտվում է ինչ որ մի ճախրուկ։ Ես արդեն
ճեղանվում եմ ճանապարհի նման։
Թունավոր բույրերի հյուսակը
խեղդում է՝ շուլալված պարանոցիս։
Փակիր աչքերդ՝ չերեւաս։