ՓԸՇԿՈ ՆՌՆՈՆ

Մի տղա իր հորից ժառանգություն ստացավ մի կատու: Կատուն դրեց թևի տակն ու գնաց:

Գնաց մտավ մի էնպիսի գյուղ, որ իսկի կատու տեսած չէին: Գնաց ու մի տուն հյուր եղավ:

Տանեցիք, որ կատվին տեսան, սաստիկ վախեցան, ամեն մեկը մի փայտ քաշեց ու կանգնեց, բան է՝ թե կատուն իրենց վրա հարձակվի, պաշտպանվեն:

— Ա՜յ մարդիկ, — ասավ կատվատերը, — չտե՞ս եք, ի՜նչ է, սա հո մարդակեր չէ, որ փայտերը քաշել կանգնել եք, սա ձեզ վնաս չի տա, սա մկների թշնամին է:

Կատուն չեղած տեղը մուկ շատ կլինի: Մկները որ իրենց բներից դուրս եկան, տերը կատվին բաց թողեց: Ծըզծըվոցն ընկավ մկների մեջ:

Լուրը հասավ գյուղամեջ թե՝ հա՛յ, հա՜րայ, եկեք, չտեսած բանը տեսեք:

Գյուղացիք հավաքվեցին էդ տղի գլխին:

— Գազանի անունն ի՞նչ է, — ասին:

— Փշկո-Նռնո է, — պատասխանեց տերը:

— Ինչ էլ որ լինի, մեր անձի շապիկներն էլ կծախենք ու Փշկո-Նռնոն կառնենք, — ասին գյուղացիք ու երկու հարյուր ոսկի տվին կատուն առան:

Կատվին փոխնեփոխ օրական մի տուն հյուր էին տանում:

Էլ ի՛նչ պատիվ, էլ ի՛նչ գառ ու ոչխար մորթել, ի՛նչ սեր ու սերուցք ուտեցնել, կատվի պատիվն եղել էր շահի պատիվը:

Մի օր էլ մի աղքատ պառավ կատվին տուն տարավ: Պառավի ունեցած չունեցածը մի աքլոր էր: Նա մորթեց իր աքլորը, կարմրցրեց, միայն մի պատառ տվեց իր հիվանդ թոռիձեռքը, կուժը դրեց ուսին ու գնաց ջրի: Կատուն մի քանի անգամ ման եկավ երեխի շուրջը, ձեռքերը ճանկռոտեց, արյունի մեջ կորցրեց, մսի կտորը խլեց, փախցրեց: Երեխան ղժվժոցը դրեց, արյունլվա ձեռները քսեց երեսին, քիթ ու մռութն արյունոտեց:

Երբ պառավը ջրից ետ եկավ, տեսավ որ երեխեն արյունի մեջ կորած՝ գետնի վրա թավալ է տալիս, ոտները գետնին է խփում ու ղժվժում: Կատուն էլ ուռած, փքված պոչը մանգաղ է արել, մլավում է, մըռմըռում ու երեխի չորս կողմը ման է գալիս:

Պառավը կուժն ուսից տվեց գետին ու լեղապատառ իրեն գցեց գյուղամեջ, հավար տվեց.

— Օգնեցե՛ք, Փշկո-Նռնոն կատաղել է, մարդ է ուտում:

Գյուղացիք, որը թրով, որը թվանքով, որը բրով, որը սրով, վազեցին պառավի կտուրը: Քար ու գնդակ էր, որ թափեցին երդիկից: Հետո երդիկ ու դուռ ծածկեցին, գնացին, որչլինի թե կատուն դուրս գա գյուղը քանդի:

Մի ժամանակ որ էդպես մնաց, եկան դուռը բաց արին, տեսան, որ Փշկո-Նռնոն մտել է թոնիրը:

Է՛, ո՜վ բռնի Փշկո-Նռնոյին, ո՜վ չբռնի. ասին՝ որ տանուտերը բռնի:

Տանուտերն իր վերարկուն փռեց թոնրի վրա, կռացավ, ձեռքը տարավ ու կատվին բռնեց: Բռնեց ու ձեն տվեց.

— Ձիս բերե՛ք, ձիս բերե՛ք: Դուք էլ՝ տունը մի մարդ, ձի հեծեք:

Տանուտերը հեծավ իր ձին, կատվին դրեց գոգը ու ձին քշեց: Ձիավորներն ընկան նրա հետևից, գնացին, Սև ջրի կամուրջի վրա կանգ առան: Տանուտերը շպրտեց կատվին դեպի ջուրը: Կատուն ճանկերը գցեց ու կախ ընկավ ձիու թամքից: Ձին ֆռֆռաց, թռչկոտեց, հետի ոտքերի վրա ծառս ելավ, ետ գնալով հո՛փ, ընկավ գետը: Ձիավորները երբ տեսան, որ տանուտերը մնաց ջրի մեջ, և Փշկո-Նռնոն գետից դուրս եկավ ձիու թամքին նստած, փախան: Ձենը ընկավ գեղեգեղ.

— Փախե՛ք, հա գիտի՝ փախե՛ք, վայ գիտի՝ փախե՛ք, Փշկո-Նռնոն առաջ ոտավոր էր, հիմի ձիավոր է դառել, փախե՛ք, որ պրծնեք, եկավ հա՛, եկավ:

Որտեղ լուրը հասավ, էնտեղ փախեփախն ը՛նկավ: Փշկո-Նռնոն յո՛թը գյուղ ավերեց: Տակի ձին շատ վազելուց ընկավ, տրաքեց: Ինքը ելավ ծառի գլուխը, նստեց էնտեղ: Խաբարը գնաց թե՝ ի՛նչ եք անում, Փշկո-Նռնոն ելել է ծառի գլուխը, դիտակը դրել է աչքին, ինչքան աչքը կտրի, էնքան տեղ պետք է ավերի: Դեհ փախեք, որ պրծնեք:

Ամբողջ գավառում մարդ չմնաց, որ չփախչեր:

Այսպես Փշկո-Նռնոն մի ամբողջ գավառ ավերեց: