Փոթուրլըն
Վերադարձին՝ մրցանակաբաշխութենեն — ո՞վ հնարեր է այս բարբարոս բառը — Զարուհի՝ երջանիկ, բայց քիչ մը հոգնած հանդեսին հուզումներեն, իր ոսկեզօծ գրքերուն ծրարը թևին տակ, գեղին մանառիկ ու զառիվեր փողոցներեն կʼանցներ, տուներուն առջև նստած գուլպա հյուսող կիներուն, բոբիկ ոտքով հողին վրա փոշիներուն մեջ վազվզող, տապլտկող տղոց մեջեն, զինքը դիտող գեղջուկներուն նետելով հպարտությամբ ու քիչ մըն ալ արհամարհանքով լեցված նայվածքը:
Հաղթական վերադարձ մը իրեններուն քով, իրենց տնակը, վե՛րը, գեղին մեկ ծայրը, ա՜յնքան խարխուլ, ա՜յնքան հին տնակ, որ քովի տուներուն կռթնելուն համար միայն կարծես կանգուն կը մնար:
Ինքը, իր տասնըվեց տարիներու ծլումովը, իր կենսաբույր երիտասարդության բոլոր ճոխություններովը, այս մութ ու աղտոտ խրճիթին մեջ՝ աղբերու պարարտ բողբոջումովը ծաղկած վարդի մը տպավորություն կը ձգեր:
Հոս, սակայն, իր շրջանավարտի բոլոր ցնծահույզ խնդությունը անտեղի կը թվեր այս աղքատության հանդեպ:
Քիչ մը առաջ արտասանված ճառերեն, տնօրենին ու հոգաբարձության իրեն շռայլած գովեստներեն ու ժողովուրդին ծափահարություններեն, որ ամեն մեկ մրցանակի շնորհվելուն կը կրկնվեին, ամեն կերպ շնորհավորություններու, գրեթե խոստումներու երփներանգ ծաղկեփունջեն՝ ոչինչ կը մնար ահա իր ձեռքը, տանը սեմեն ներս ոտք կոխած վայրկյանեն:
Իր հիվանդ ու ցավագար մայրը անկողինն էր ու պզտիկ եղբորը, ցնցոտիներ հագած չորս տարու երեխայի մը, ճչելու, պոռալու ձայնը, որ փողոցին ծայրեն կը լսվեր, դժգոհության մշտնջենական աղաղակը, այս աղքատիկ տան ճշմարիտ ձայնը ըլլալ կը թվեր:
Պահ մը մորը անկողնին մոտ գնաց, ցուցնելու անոր իր աոած մրցանակներուն շքեղ կազմվածքը, որ, հիվանդ կնոջմեն ավելի, գետինը տախտակին վրա մոռցված մանկիկին ուշադրությունը գրավեց իսկույն: Հետո, վեր ելավ իր փոքրիկ խցիկը, խնամքով զետեղելու, պահելու համար այս ամենը իր դասագրքերուն քով, որոնց՝ այնքան անձկությամբ սպասված վերջավորությունը կը բերեր, սպասելով, որ լավագույն կյանքի մը սկզբնավորությունն ալ բերեր միասին:
Այդ կյանքը կը գուշակեր, կը տեսներ, գրեթե կը վայելեր կանխավ, իր երևակայությանը մեջ: Կանխահաս զարգացումով մը՝ իր աճապարող իմացականությունը իր շուրջի իրական մթնոլորտեն շուտով դուրս հաներ էր զինքը: Ուսումնական աղջիկ մըն էր հիմա, լիովին իրագործելով փափագները իր մորը, Պոլսո մեջ երկար տարիներ ստնտվություն ու սպասավորություն ընող կին, որ իր կաթովը մեծցուցած օտար աղջիկներուն ուսումնական օրիորդներ դառնալը տեսնելով, իր աղջիկն ալ անոնց պես տեսնելու փառասիրությունը ու անձուկը ունեցեր էր: Զավկին քով դառնալուն և նույնիսկ դեռ չդարձած, ոևէ ծախք ու զոհողություն չէր խնայեր անոր տալու այն կրթությունը, որ գեղին մեջ էն հարուստի զավակը կրնար ձեռք բերել: Պոլսո հայ հանըմներու կենցաղին վրա՝ հիանալի բաներ պատմած էր իր աղջկան, այնչափ՝ որ ճոխություններու, վայելքներու առասպելախառն ավանդություններով լեցուցեր էր անոր հոգին: Զարուկ՝ իր պզտիկ դասընկերներուն մեջ՝ բան գիտցողն էր ամեն ատեն, վճիռ արձակելու կարողը, որուն ետին իր Պոլիս ապրած մորը հեղինակությունը կար:
Դպրոցին մեջ՝ Զարուհին պսակեր էր իր վրա դրված բոլոր ակնկալությունսծները, ամեն տարի, ինչ պես այս վերջին տարին ալ, առաջին կը հանդիսանար քննություններուն մեջ, ծափերով ողջունված ու չորպաճիներու[1] աղջիկներեն ավելի փառավորված:
Եվ մայր ու աղջիկ, միևնույն լռին ու թաքուն համաձայնությամբ, գեղջուկ կյանքե վեր աստիճանի մը հասնելու տենչանքը կը սնուցանեին իրենց սրտին մեջ:
Վարժարանին մեջ, իր Պոլսեցի վարժուհին՝ կատարելագործյալ կնոջ տիպար մը Զարուկին աչքին՝ մնացածը ամբողջացուց: Մայրաքաղաքեն հեռանալու համար, անկյալ հրեշտակի մը ձևերը ուներ այս կինը և գեղացի աղջիկներուն քով ապրելու, ասոնց բան սորվեցնելու պարտականությունը՝ պատիժ մը կրելու պես ի գործ կը դներ: Պոլիսը, իր Պոլիսը հիշելու առիթը չէր փախցներ. գերագույն բաղդատության եզրը, որուն տակ՝ բոլոր գեղը գեղացին ու գեղին դպրոցը կʼընկճեր, կը փճացներ:
Զարուկ, երբոր բարձրագույն կարգը անցավ, ընկերուհի մը եղավ անոր, այնքան ավելի մտերիմ, որքան միևնույն խուլ տրտունջը կար երկուքին ալ սրտին մեջ:
Ընթերցանությունն ալ եկավ իր բաժինը բերելու այս մատաղ հոգին խռովեցնող հովերուն մեջ, և դպրոցական վերջին տարին, երազամոլ տարին եղավ, չքնաղ ու անդարձ տարին, որուն մեջ քաղքենի կյանքը, իր բոլոր չնչին մանրամասնություններովը, անմիտ կարգ ու սարքովը, այլազանությամբը, վարքերու արտոնյալ ազատությամբը՝ գունագեղ երանգներու ծիրանի գոտիի մը պես իր գեղացիի նսեմ մթնոլորտին վրա կը գծագրվեր ամեն վայրկյան:
Առտուն կանուխ աղբուրին քով հավաքված էին մահալեին աղջիկները, կիները, մեյ մեկ դույլ, մեյ մեկ պարխաճ[2] ձեռքերնին, կանուխ-կանուխ սկսելով իրենց տնեցի աշխատավորի միօրինակ վաստակը ու բամբասանքը:
Աղբուրը ամեն անցած դարձածի, ամեն գայթակղությանց արձագանքի կեդրոնավայրն էր, թելեֆոնի ընդունարանի մը պես, ուրկե լուրը իսկույն կը տարածվեր գեղին մեջ հազար ու մեկ բերաններով:
Բարևներեն, առաջ անցնելու պզտիկ վեճերեն ետքը, Իսկուհին, ամենեն հետաքրքիր ու լավատեղյակ կինը բոլոր գեղին, օրվան նոր լուրը հաղորդեց ներկաներուն.
- Գիտե՞ք, աղջիկներ, Օհանճանը Զարուկը ուզեր է:
- Օհանճա՞նը:
Չհավտալու, զարմանալու պզտիկ մրմունջ մը՝ որուն վրա նախանձի պզտիկ հով մը կը թռչտեր՝ հանդարտ ծովի մը մակերևույթը փոթփոթող թեթև քամիի մը հպումին պես:
Օհանճանը՝ առույգ ու կորովի կտրիճ մը, որուն վրա էին կարգելու աղջիկ ունեցող բոլոր մայրերու աչքերը: Ապայե փոթուրովը, որ իր ջղուտ՝ բայց աղվոր կնկան մը նախանձը շարժելու չափ բարեձև սրունքին բումբը[3] կը գրկեր, չեփկենեն[4] դուրս պոռթկացող լանջքին տոկուն կամարովը, իրեն պես բարձրահասակ մարդոց հատուկ քալվածքին պզտիկ երերումովը, որ պչրանքի պես բան մը կ’ավելցներ առնական հրապույրին վրա, իրոք աղվոր տղա մըն էր անիկա, որուն յազմայով փաթթած ծուռ ֆեսին երկար ծոպը ուսը կը ծեծեր: Իր նորաբույս ու նոր պեխին ոլորքը, առանց ուզելու, շատ մը սիրտեր էրած ու մրկած էր:
Ասոնց բոլորին վրա զույգ մը եզի ու աղվոր ար տի տեր, պարզ ռենճպերությամբ[5] առաջ եկած, բանվորության մաքուր ու թարմ հոտը, պարզությունը, քիչ մըն ալ ռամկությունը պահելով իր վրա և հպարտանալով այդ ռամկությունովը, որ կը վայլեր իրեն:
Եվ սակայն գացեր եկեր գիտնական աղջիկ մը իրեն կին առնելու որոշում տվեր էր ահա. տարօրինակ ամուսնության գաղափար, որ իր մտքին մեջ մտեր ու իր կամքին հակառակ հետզհետե գամվեր ու հաստատվեր էր հոն, Տյումային խոսքին համեմատ, այնքան ավելի խոր՝ որքան զարկեր էր այդ գաղափարին վրա:
Պզտիկ մը վերլուծելով գեղին էն ուսյալ աղջիկը, ինքը ռամիկ ու անուս մարդ, իրեն կին առնելու փառասիրութենեն ավելի՝ ճշմարիտ ու հիմնական համակրություն մը այս ընտրությունը թելադրած էր իրեն, և աղքատ աղջիկ մը չքավորութենե ազատելու, համեստ, բայց անդորր կենցաղ մը անոր ընծայելու ներքին գոհունակությունը ավելցած էր այդ համակրության վրա: Ու այս բոլոր մտածումներով առաջնորդված՝ Օհանճան, իր մորը խուլ ընդդիմությանը հակառակ, Զարուկը ուզելու ելեր էր օրին մեկը, անոր շրջանավարտ ըլլալեն վեց ամիս անցած չանցած:
Այս բախտը, որովհետև իրոք բախտ մըն էր ասիկա, աղբյուրին քովը հավաքված կիներուն միաձայն կարծիքին նայելով, միայն Զարուկին աչքին չերևաց սակայն. իր գիտնական աղջիկի երազներեն ռամիկ զարթնում մըն էր ասիկա, ջուր կրող, լաթ լվացող աղջիկներուն սովորական ու գռեհիկ ամուսնությունը՝ հողագործի մը հետ, անոր կոպիտ ու դժնդակ ապրուստին մշտնջենական մասնակցությունը. հերկելու, ցանելու, քաղելու սահմանված գործունեություն մը՝ ցորենի, հարդի, աղբի կապված երիտասարդության մը հետ. ահա բոլոր ստուգությունը, որ այս ամուսնությունը իրեն կը խոստանար: Ու մարդ մը դեմը՝ որ իր աղվոր երիտասարդի բոլոր հրապույրները կը կորսնցներ գեղացիի անշնորհ հագուստներովը:
Զարուկ լավագույն սեպեց իր աղքատությանը մեջ մնալ, քան թե այս տղուն հետ կարգվիլ: Իզուր ազգականներ մեջ մտան և ավագերեցը եկավ զինքը խոստովանցնելու: Բան մը օգուտ չըրավ. աղջիկը անդրդվելի մնաց իր որոշումին վրա. միջնորդելու եկող մարդիկ մեկիկ-մեկիկ ելան գացին. ծեր հորաքույր մը մնաց հոն, համառելով Զարուկը համոզելու գեթ անոր մերժումին պատճառը հասկնալու համար:
— Աղջիկս, ինչո՞ւ չես ուզեր Օհանճանը:
— Ես փոթուրլը[6] մարդու հետ չեմ կարգվիր, - պատասխանեց Զարուկ:
Իրոք փոթուր չուներ ան տղան, որուն հետ տարի մը վերջը Ջարուկ ամուսնացավ: Պոլիսեն եկեր ինկեր էր այդ գյուղը. չեմ գիտեր ի՛նչ կերպով ու այդ վարժարանին մեջ տնօրեն-դասատուի պաշտոն մը կը վարեր քիչ մը ատենի իվեր:
Զարուկին աչքին՝ գիտության, ազնվության ու ճաշակի ներկայացուցիչն էր այդ ազազուն[7] ու վտիտ երիտասարդը, որ պարծուկ աքաղաղի ու դեմինին զիջողություն ընող մարդու մը ձևերը ուներ գեղացիներուն մեջ:
Հինգ հարյուր ղուրուշ էր իր ամսականը, որ գեղ տեղերու մեջ մեծ բան մըն է հարկավ, և որ, ամեն պարագայի մեջ, իր չնչին արժանիքեն շատ ավելի էր:
Իր կիսկատար, ամեն կերպով թերի ուսումը՝ կատարյալ իմաստակ[8] մը, մեր տգետ ուսուցիչներուն ճշմարիտ տիպարը ըրած էր զինքը:
Ավելցուր ասոր վրա պահանջկոտ մեծամտություն մը, ոչ մեկ բան քիթին չտանող մարդու բնավորությունը, ահա Զարուկին ընտրած ամուսինը, մայ րաքաղաքեն եկած մեկը, որ օր մը զինքը հոն տանելու ամեն երաշխավորությունները կ’ընծայեր:
Արդարև այս էր իրենց խոսակցությանց մեջ հաճախող հանկերգը.
— Երբոր Պոլիս երթանք…
Անկեղծ էր այս մարդը, երբոր Զարուկին հետ մայրաքաղաք դառնալու ծրագիրը, գուցե հազարերորդ անգամը ըլլալով, կը պարզեր անոր շլացած աչքին առջև: Քա՜նի-քանի անգամ Պոլիսը նկարագրեր, բացատրեր էր:
Քանի մը տարի այս գեղին մեջ կենալե ետքը, Պոլսո կարոտը ու անձուկը կը զորանար այս դասատուի հոգիին մեջ, ու գեղին միօրինակ ու ընդարմացուցիչ կյանքովը ապրելու տեղ, մայրաքաղաքին մեջ անոթի տանջվիլը կը նախընտրեր:
Երբեմն, իր երիտասարդ կնոջը կը նկարագրեր Վոսփորը, իր օձապտույտ գալարումներովը, երկու դիեն բարձրացող ապարանքներու շքեղությանը մեջ. ու կը պարծենար ատով՝ իբրև թե իրը ըլլային այդ բոլորը: Ու ասանկով, այր ու կին կը համաձայնեին, մոռնալով չնչին ամսականե մը ձևացած ապրուստի մը բոլոր զրկանքները, միամիտ վստահությամբ մը հավտալով, որ Պոլիս ոտք կոխելնուն՝ իսկույն ձեռքե ձեռք պիտի քաշեին այս ուսուցիչը, ամսականները պիտի թափեին չորս դիեն, ըղձացված հանգիստը բերելով իրենց:
Ու առժամանակյա կայանքի մը համոզումով այս գեղին մեջ կեցեր էին, դիմումներ ընելով Պոլիս, հոն գործ ու պաշտոն ձեռք ձգելու համար, ոչ ոք պատասխան կուտար իրենց, մանկավարժական տաղանդնուն կոչում կ’ըներ. սկիզբները այս դժվարությունները չբավեցին անոնց երիտասարդի հուսալից կորովը փճացնելու, նոր նամակներ գրեցին գեղեն, ծանոթներու դիմումներ ըրին շարունակ:
Զարուկ տարի մը չանցած իր առջինեկը ունեցավ. հետո երկրորդ մը. և հե՜ա, միշտ շնորհալի կին, տնական սպասավորության տաժանքովը կը պաշարվեր հետզհետե: Իր ոսկեզօծ երազները, խուսա փող ստվերներու պես, միշտ մոտ՝ բայց միշտ անմատչելի կը մնային:
Հինգ տարիե ի վեր ամուսնացած էին, երբոր առաջնորդի, թաղականի, հոգաբարձուի կռիվ մը, պարբերական կռիվը վրա հասավ և իր էրիկը վարժարանեն ճամփեց:
Ուսուցիչը բացը մնաց, զինքը պաշտոնի կոչող հոգաբարձուներուն հակառակորդները գործի գլուխ անցեր էին: Ինքը, իր խրոխտ բավականությանը ապաստանած, չուզեց ասոր անոր դիմել աղաչել իր պաշտոնը վերստանալու համար: Զրկված, անիրավված դասատուի, ազգային աշխատավորի դերը ուզեց վարել, ապերախտ դեր, որ եթե իր հպարտությունը կը գգվեր, բնավ դրական օգուտ մը չէր ընծայեր:
Հիմա փողոցները կը թափառեր, գեղջուկներուն դեմ իր արհամարհոտ պզտիկ ժպիտը շուրթին վրա, ուրիշ գործ մը գտնելու, հացի ստակ մը ճարելու մտմտուքը պահելով իր հոգվույն խորը:
Գեղեն ոչ ոք ձեռք երկարեց այս պոլսեցիին. նոր եկող տնօրենը, վանեցի մը, անոր դեմ զինվեցավ, պարտված, նահանջած ոսոխ մը բոլորովին չքացնելու, ու ասոր անոր օգնությամբ՝ հարձակողական վերադարձ մը արգիլելու մտադրությամբ: Նոր տնօրենին խոսքին նայելով՝ կ’երևար թե Զարուկին էրիկը բան մը չէր սորվեցուցեր իր խնամքին հանձնված աշակերտներուն:
- Ո՛չ տղոց միտքը, ո՛չ անոնց հոգին մշակեր է, - կ’ըսեր ան ամեն դեմը ելլողին:
Այս մարդը մանկավարժի հովեր ուներ, հոգեբանության վրա կը ճառեր, ու ապշած հոգաբարձուներուն երեսին՝ Ֆրեոպելի ու Փեստալոծծիի անունները կը նետեր:
- Խեղճ տղոց բոլոր ժամանակը զուր տեղը վատնել տվեր է ձեր պոլսեցի ուսուցիչը. երեխաներու հոգիին պետք էր խոսիլ, փոխանակ չոր ու ցամաք կերպով կարգ մը անուններ բերնուց[9] սորվեցնելու անոնց: Այս հարձակումներուն տակ՝ ճամփված դասատուն անդարձ կորսված կը զգար ինքզինքը: Կուսակից չուներ, ինչ որ հազվագյուտ բան մըն է գեղերու մեջ. պարտքը մինչև վիզը ելած էր, ու հացի, չոր հացի կռիվը կը սկսեր՝ իր բոլոր զարհուրանքին տակ ընկճելով այս հեք ընտանիքը:
Նախ, իր ունեցած բառգիրքերը ծախեր էր. հետո կնոջը քանի մը կտոր գիրքերը, ոսկեզօծ մրցանակները, որոնք այս նեղության օրերուն մեջ միայն՝ իրենց պահված տեղեն դուրս ելեր էին, իրական ու շոշափելի օգուտ մը արտադրելու համար:
Երբոր, դատի մը առթիվ, ես այդ կողմերը գացի ասկե քանի մը տարի առաջ, դրացիներուն ոդորմությունը միայն կ’ապրեցներ այս ընտանիքը:
Դասատուն ծանր հիվանդ էր, գացի տեսնելու զինքը իր անկողնին մեջ: Երեսուն տարու չկար դեռ հեք տղան և սակայն մազերը ալևոր էին բոլոր: Աչքերը, որ ջերմեն կը փայլեին, փոսը ինկած էին. դիակի դեղնություն մը ծավալած էր իր խոռոչացած այտերուն վրա. դրան առջև՝ իր երկու տղաքը, պզտիկ շալվարներ հագած, երկու պզտիկ փոթուրլըներ, կը խաղային իրենց տարիքին անգիտակից ու շքեղ անփութությամբը:
Մայրերնին՝ գույնը նետած պասմաե շրջազգեստի պես բան մը հագած էր. իր սև ու հին յազմաեն՝ որ այրիի մը երևույթը կուտար անոր՝ առատ մազերը կը թափեին դուրս ճակտին վրա ու կռնակեն մեջքը կը հասնեին:
Մաքուր հայերենով մը, որուն մեջ զիս զարմացնելու անմեղ պչրանքը զգացի, խոսեցավ հետս, իր էրկանը կարոտ վիճակը պարզեց, ամուսնացած օրեն օր մը դեռ հանգստի երեսը տեսած չըլլալը խոստովանեցավ: Հիվանդությունը, հյուծախտ մը՝ սնունդի անբավականութենե ու բարոյական հոգերե առաջ եկած, օր օրի կը հալեցներ անոր տկար ույժերը ու դյուրավ գուշակել կուտար վախճանը, որ մոտալուտ էր:
Իմ հոն երթալես ութ օր վերջը մեռավ անիկա, մահ մը որ փրկություն մըն էր գրեթե անտանելի թշվառութենե մը. իր կարճատև կյանքին պես աղքատիկ ու անշուք եղավ իր թաղումը. ես, մեկ երկու պոլսեցիներ, որ դիպվածով այդ կողմը կգտնվեինք, հուղարկավոր գացինք իրեն մինչև գերեզմանատունը, որ անոնց տունեն հեռու ալ չէր: Գեղացիներեն հազիվ չորս հինգ հոգի, որոնց մեջ չորպաճիներեն մեկը, երիտասարդ մը, զոր ճանչցուցին ինծի. Օհանճան աղան:
Համեստ, գրեթե ամաչկոտ մեկը, որ իմ մոտս գտնվելուն, ինծի հետ խոսելու համարձակելուն համար կարծես թե ներում կը խնդրե:
— Խապա[10] մարդեր ենք մենք, - կ’ըսե ինծի, - մեր ըրածին խոսածին մի՛ նայիք, մենք ուսումնական չենք. փոթուր կը հագնինք, եմենի[11] ունինք ոտքերնիս:
Պակասություն մը խոստովանելե ավելի, լուռ բողոքի, գանգատի պես բան մը կա այս խոսքին մեջ, որ միտքս կը չարչարե: Շուտով կը բարեկամանա հետս ու վերադարձին՝ ճամփունուս վրա իր գործատունը կը հրավիրե, խոզակի[12] գործատուն՝ թթենիի պարտեզներով շրջապատված՝ զոր հաջողությամբ կը բանեցնե:
Մեկիկ-մեկիկ քովի արտերը, հողերը կը թվե ինծի, անոնց բերքը, հասույթը կը բացատրե, բոլոր իր սեփականությունը, որուն վրա արդար ու համարձակ հպարտությամբ մը կը պարծենա: — Ես ռենչպերութենե առաջ եկած եմ:
Կը գովեմ իր հաջողությունը, այնքան սիրահոժար, որքան Օհանճան խոնարհ ու ստորին աստիճանն մը տակավ բարձրանալով ձեռք բերած էր զայն:
Իրիկվան, իր տունը ճաշի կը հրավիրե զիս. կը մերժեմ. բայց անիկա կը թախանձե ու օձիքս չի թողուր. չեմ կրնար իր այսքան հյուրասիրությանը դեմ համառիլ. մանավանդ որ պարզուկ, բայց ազնիվ սրտի տեր մեկը կ’երևա ինծի:
Տունը՝ էն աղվորներեն մեկն է գեղին մեջ. ծովեզերքը տանող կառուղիին[13] վրա կը նայի ու գեղեցիկ պարտեզի մը մեջ շինված է. ընդարձակ շենք մը, որուն մեջ իրմեն զատ մայրը կա միայն, դեռ կորովի կին մը, աշխատասեր ու խնայող հայուհիի տիպար մը:
— Բարի եկաք, - կ’ըսե ինծի, - Օհանճանս միսաֆիրը[14] կը սիրե, կը մեծարե. բարի եկաք:
Քիչ մը կը մտերմանամ հետը ու կը հարցնեմ թե ինչո՞ւ մինչև հիմա հարս մը չունի տանը մեջ:
— Օհանճանիս հարցո՛ւր, – կը պատասխանե ինծի:
Բան մը չեմ հասկնար ասկե. ուրիշ խոսքեր վրա կը բերեն, հին ու նոր սյատմություններ կը պատմեն ինծի: Ճաշեն վերջը, դրացիներ կը հավաքվին ու մինչև կես գիշեր կը զբոսնունք: Գիշերը ես կը դառնամ այն տունը՝ ուր այս գյուղը անցուցած բոլոր միջոցիս հյուրընկալված եմ:
Հետևյալ առտուն այնտեղ պատմեցին ինծի Օհանճանին պատմությունը, իր մերժված սերը, մինչև հիմա ամուրի մնալուն գաղտնիքը:
Անցյալները սպասուհի մը եկավ մեզի այդ գե ղեն. իմ այցելութենես ի վեր երկու տարի անցած էր: Շատ մը հարց ու փորձեր ըրի իրեն: Ի՞նչ կ’ընեին գեղացիները, խոզակը շահ կը ձգե՞ր առաջվան պես. գեղին տղաները իմ ճանչցած անձե՞րս էին, Հաճի Կարապետը, Օհանճան աղան, ուրիշները:
Այս վերջին անունին՝ սպասուհին ժպտեցավ.
— Օհանճան աղան կարգուկ է հիմա,- պատասխանեց ինծի, - որբևայրի մը առավ ամիս մը առաջ:
— Ի՞նչ, որբևայրի՞,– հարցուցի:
— Վարժապետին կնիկը, Զարուկը: Իր առջի ուզածը առավ. տեսա՞ր, էֆենտիս, խըսմեթը[15] ինչ է՝ ան կըլլա:
Երկու բառով ամեն բան հասկացուց ինծի, ասիկա ամենուն գիտցածն էր գեղին մեջ:
— Առաջ՝ փոթուրլու ըլլալուն՝ չուզեց Օհանճան աղան անիկա ալլըման տելիխանլը[16] մըն էր, ըմա հիմակին պես հարուստ ալ չէր շտտակը: Աղջիկը կարդալ կիտեր, դպրոց գացեր ու կիտնական էր. չհավնեցավ անոր, առջի էրիկը վարժապետ էր. աղեկ օր մը չցուցուց կնկանը: Հիմա Օհանճան աղան առավ նորեն: Առաջ ալ աղվոր էր Զարուկը, չունևորութենեն չէր ցուցներ: Թե որ հիմա տեսնես, պոյ, պոս, ծովի պես մազեր, լուսնի պես երես մը հրեշտակ կըլմանի:
Ու բարոյականը հանելով այս բոլոր պատմությանը, իր պարզամիտ՝ բայց խելացի գեղջուկի բարոյականը՝
— Նայե, էֆենտիս, մեր գեղը Պոլիս չէ, հոն շալվար կը հագնինք մենք, մեր էրիկմարդիկ ալ փոթուր պիտի հագնին:
(1900)
- ↑ չորպաճի (չորպաճը) - (թուրք.) գործատեր, Թուրքիայի քաղաքներում ունևոր քիստոնյաներին դիմելու ձև
- ↑ պարխաճ - (թուրք.) պղնձյա ջրաման, դույլ
- ↑ բումբ - սրունքի կակուղ մասը. ոլոք
- ↑ չեփկեն - արևելյան տիպի անթև վերնազգեստ
- ↑ ռենճպեր, ռանչպար - հողագործ, երկրագործ, աշխատավոր
- ↑ փոթուրլը - (թուրք.) թուրքական լայն շալվար հագնող
- ↑ ազազուն - տկար, հիվանդոտ (բույսի մասին), փխբ. թույլ,անզոր, տկար
- ↑ իմաստակ - թերուս, տգետ, բայց իրեն իբրև գիտուն ներկայացնող մարդ
- ↑ բերնուց - բանավոր, բերանացի, անգիր
- ↑ խապա - (թուրք.) կոշտ, անտաշ
- ↑ եմենի - (թուրք.) չուստ, ոտնաման
- ↑ խոզակ - այստեղ՝ շերամի բոժոժ
- ↑ կառուղի — կառքի անցնելու ճանապարհ՝ փողոց
- ↑ միսաֆիր - (արաբ.) հյուր
- ↑ խըսմեթ - (արաբ.) բախտ, վիճակ
- ↑ ալլըման տելիխանլը - (թուրք.) աննման երիտասարդ