Փոխարեն
Նվիրում եմ Մարիիս

Քսանութն անցան տարիք սրընթաց
Այսօր նորեն քովս կուգան համրորեն
Կը հարցունեմ իրենց. «Գարունն ո՞ւր մնաց»,
Քեզ ի՞նչ տվի անուշ սրտիդ փոխարեն,
-Իմ աչքերս արտասվաթաց...

Անապատին մեջ շինեցինք սիրո բույն՝
Հեռու բաղդին մրրիկներեն, հովերեն,
Կյանքի գինովն եղա հինդից ես հանգույն,
Այլ ի՞նչ տվի արի հոգվույդ փոխարեն,
-Իմ երազներս մոլորուն...

Մեխակները թիթեռներուն կուտան բույր,
Սոխակին երգն անբաժան է վարդերեն,
Մանկան ժպտին մոտ կը փթթի մորն համբույր,
Ես ի՞նչ տվի էությանդ փոխարեն,
-Տրտում երգեր սիրատխուր...

Դարձեք պահիկ մ'հին սլացքներս անցյալին,
Մոխիրներու տակեն կայծեր թող շողան,
Մութ գիշերին վերև աստղերը փայլին,
Աղավնյակի քու նայվածքիդ ես փոխան
-Տամ իտեալս հավերժական...

Կյանքիս աշնան բուրաստանեն դալկահար
Մանիշակի կապեցի փունջ մ'երազուն,
Ուրիշները կը բաժնին բաղդն իբր ավար,
Ինչո՞ւ մնանք անբաժին, իմ սիրասուն,
Զավակներուս քաղցրիկ մայր...