Փոռսուխին Ավագը

ՓՈՌՍՈՒԽԻՆ ԱՎԱԳԸ

Իրավասու, հոգեբարձու, բամբասարանի անդամ և ճանապարհորդ

— Հետո՜,— ասացի Փոռսուխ Ավագին,– վերջը-վերջը արժանի եղար այդ զագրանից ասած տեղերը տեսնելու։ Հա՞, հա՜յ մայրդ լամ, Փոռսուխ Ավագ, արտասահման էլ գնացիր, հա՞։

— Հա-պա չը-գը-նա-ցի՞, կաշին էլ քերթեցի,– ասաց Ավագը՝ հորթային աչքերը թարթելով և հորթի պես խնդալով, այնպես՝ որ բերնից լորձունք թափվեց և ճպռոտ աչքերը սեղմեցին ու ճիշտ պատռված սամսայի նմանեցին։

— Հայ մայրդ լամ, Փոռսուխով, հետո՞, այդ արտասահման ասածդ ի՞նչ հող է. մեջը տարող մարդիկ ի՞նչ տեսակ են, մերոնց նմանո՞ւմ են, թե՞ արիշ տեսակ բան են... Հա՛, մոռացա հարցնել, քանի՞ ամիս մնացիր այնտեղ։

— Արտասահման մնացի, ջանս, ընդամենը երկու ամիս, մեկ ամիսը Վեննա անցկացրի, մյուս մեկ ամիսն էլ շրջեցի Փարիզ, Ստրասբուրգ, Ուլմ և շատ այդպես տեղեր։ (Փոքր–ինչ լռելուց հետո։) Հածե՛, ես ձեր խելքին ի՛նչ ասեմ, արտասահման որ ասում եք՝ մի՞թե կարծում եք մի տարօրինակ բան է. այն բոլորը, ինչ որ տեսա, Աստված է վկա, մեր Ռոստովին չարժե։ Այդ որ Ստրասբուրգ են ասում, կարծում եք թե մի չգտնվելիք քաղա՞ք է։ Մեր Մեծ-Սալան տեսե՞լ ես, համարյա այդպես մի բան է. փողոցները նեղ, տները սեղմված, քիչ է մնում միմյանց վրա ելնեն, նեղվա՜ծք։ Քաղաքի միջի ամենագլխավոր բանը նրա ուռնան է, նրա էլ հնարքը չտեսած մնացինք, ներկայացո՞ւմ է, ինչ հորս ցավն է, ժամը չորսին պիտի սկսեր, մենք էլ ժամանակ չունեինք մնալու, և այդպես էլ չտեսած մնացինք։ Ուռնա որ ասում են, մի մեծ ժամացույց է. ասելուն նայելով՝ մեջը տեսակ-տեսակի ներկայացումներ են լինում։ Երբեմն մեր փողոցներով չե՞ն ման ածում այն հայելիով արգանը, մեջը փայտե տիկնիկներ են խաղացնում, ահա այդ տեսակ բան է. չտեսնելուս համար էլ չզղջացի, փորս խո չէր կշտացնելու։ Միջի (այսինքն Ստրասբուրգի) մարդիկն էլ վատուժ, ճռզած, փորները քաղցած... իհարկե. կերածները ինչ է որ...

— Այդ ի՞նչ է ասածդ, Աֆանասիյ Յակուլիչ, մի՞թե ամբողջ աշխարհի գոված Եվրոպան ոչ մի լավ բան չունի, գուցե դո՞ւ չես տեսել։

— Ո՞վ քեզ ասաց, ամեն տեղ շրջեցի, ամեն բան տեսա, շրջածս տեղ, չիմացած բանս չմնաց, բայց ինչ որ ասես՝ ամենը մեր տեղում կա. այնտեղ սկի այնպես բան չկա, որ կամ Նախիջևան կամ Ռոստով չլինի։ Եվրոպայում ձիաքարշ կա, Ռոստով էլ խո կա այդ բանը, այսօր-վաղը Աստուծով Նախիջևան էլ կլինի։ Այնտեղ բուլվար կա, մենք էլ ունենք խո, չգտնվելու բան չէ որ... Այնտեղ գազի լապտերներ կան, Ռոստով էլ խո կա. այնտեղ հագուստը և կտորները էժան են, Ռոստով էլ խո պատրաստ հագուստ ծախում են և սկի էլ Եվրոպայից թանկ չէ. Ռոստովի Նովըյ բազար գնացե՞լ ես, հրեաների փոքրիկ խանութները մտե՞լ ես. լավ ապրանքը այնտեղ էլ թանկ է, բայց Եվրոպա էլ էժան չէ։ Հետո՞, էլ ի՞նչ մնաց Եվրոպայում զարմանալու բան... Սակայն այստեղի եղածները այնտեղ ցերեկը լապտերով չես գտնիլ։ Այնտեղ ո՞վ կտա քեզ մեր եղոտ, թաժա, կաթի պես մատղաշ ոչխարի միսը, ո՞վ կտա քեզ մեր բազարի կակուղ, տաք, էժան հացը, որտեղի՞ց պիտի գտնես մեր ասետրան, որ խաշած շոգարձակ, մեծ ափսեով բերում են, սեղանի վրա դնում, դու էլ, այստեղ նայիր, կտրում ես վրայից մի մեծ կտոր, վրան մի լավ լիմոն քամում, ափսեիդ կողքին մանանեխ ու աղ դնում, առնում ես մեծ կտոր հացը՝ մեկդի քաշվում և սկսում քեզ համար ուտել,— ասաց Փոռսուխին Ավագը՝ բերնից ջրեր վազեցնելով,— փամի՛լըյ՝ ի՞նչ է քո ասածդ, Եվրոպան շատ հեռու է Ռուսիային հասնելու։ Հաշվիր որ երկու ամիս մնացի Եվրոպա, բայց չեղավ մի օր փորս կուշտ հաց, կամ միս, կամ այդ տեսակ բան տեսներ։

— Աֆանասիյ Յակուլիչ,— ասացի,— ասենք, որ հացի և մսի կողմից մեր տեղը Եվրոպայից լավ է, բայց մի՞թե այդ՝ աշխարհի գոված տեղը ոչ մի լավ բան չունի։ Երբ որ այդպես է, ապա ինչո՞ւ Ռուսաստանից մարդիկ ամեն տարի հազարներով են վազում այնտեղ, իհարկե մի բան կա, որ ամենքը տեսնել են ուզում այդ Եվրոպա ասած տեղը։

— Կա, ինչո՞ւ չէ, ամեն բան էլ կա, միայն թե փող չխնայես, թատրոն էլ կա, մասկարադ էլ կա, ես ի՞նչ գիտեմ, բանկ էլ կա, պարտեզներ էլ կան, ամեն բան կա... Է՜, հետո, այստեղ կամ Ռոստով չկա՞, ի՞նչ է... համեցեք, որքա՞ն կուզես...

— Այնտեղի թատրոնը գնացի՞ր, տեսա՞ր, ինչպես է...

— Ես այդ տեսակ բաներ շատ չեմ սիրում, բայց մի երկու անգամ գնացի, գնալուս պատճառն էլ քեզ ասեմ։ Ընկերս մի օր ինձ ասաց՝ «Հածե, Ավագ,— ասում է,— կուզես այսօր թատրոն գնանք,— ասում է,— նայենք,— ասում է,— այստեղի թատրոնը ինչ տեսակ բան է,— ասում է»։

— Չէ՛, չեմ ուզում,— ասացի,–— ես քիչ կսպասեմ, հետո կքնեմ,– ասացի,— որովհետև կուշտ առլեքին էի կերել (հետո ես քեզ մանրամասն կպատմեմ, թե ի՞նչ տեսակ բան է այդ առլեքին կոչվող կերակուրը), քունս էլ շատ տանում էր։ Ընկերս պնղեց— «դատարկ բան է քնելը,— ասաց,– հայդե, գնանք թատրոն, այնտեղից էլ հյուրանոց կերթանք, մի լավ ընթրիք կուտեցնեմ քեզ»,— ասաց։ Ընթրիքի անունը որ լսեցի, իսկույն քունս փախավ աչքիցս։ Գնացինք։ Ինչ մեղքս պահեմ, թատրոն որ մտանք և տեղ ներս նստեցինք թե չէ՝ ես խաղացողների վրա էլ չնայեցի, հանդիսականների վրա էլ, իմ խելքն ու միտքը ընկերոջս խոստացած ընթրիքի հետն էր. լուռ նստել եմ և ինքիրենս միտք եմ անում, թե արդյոք ի՞նչ պիտի ուտենք, արդյոք մսեղենը շա՞տ կլինի, փորներս պիտի կշտացնե՞, թե՞ ափեղցփեղ, ջրալի, անհամ բաներ պիտի բերեն դիմացներս դնեն։ Աստված վկա, սուտ չէ ասածս, մեր տեղի, այսքան փոքր տղան (ձեռքը գետնից կես արշին վեր է ցույց տալիս) նրանց մեծ մարդուց շատ է ուտում։ «Помилуй братец ты мой» (ի սեր աստծո, եղբայր), նրանց կերածի չափ որ մեր դեղձանիկն ուտե, խաչը վկա, երկու օր չի քաշի՝ կընկնի կսատկի։ Դիմացս էրիկմարդ, կինմարդ (խոսքը դերասանների վրա է) իրանց մեջ խոսակցում են, կանչվռտում, երգեր ասում, խաղում, մյուս կողմից էլ նայողները ծափ են զարնում՝ սկի իմ փույթս չէ, վրաները նայել անգամ չեմ ուզում, ես մտքովս մեր տեղի կերակուրների հետ եմ։ Մեկ միտքս է գալիս մեծ սապնիկով ղաշըղ-բյորեկը, որ տաք-տաք ներս են բերում վրայից էլ ծոթրինի հոտ է գալիս, մեծ քանակությամբ լցնում ես խորունկ ափսեիդ մեջ և սկսում չծամած՝ լոփ-լոփ կուլ տալ, մեկ ափսեն վերջացրիր՝ իսկույն շերեփով երկրորդն ես լցնում, քաշում ես առաջդ։ Հետո միտքս է գալիս մեր հարիսան՝ վրան սոխառածը և մանրած շաքարը շա՜տ... Նրանցից էլ երկու անգամ ահագին կույտով դնում ես ափսեիդ մեջ, ուտում ես և չես կշտանում։ Ապա մեր թարմ սամսա՜ն, ապա շատ յուղով ձավարե փլա՞վը, ապա ձկնով կուպաթի՞ն, ապա խաշած հնդկահա՞վը մանանեխով՝ դրա՞ն ինչ կասես, դրա՛ն... այդ կերակուրները ոչ միայն Եվրոպայի մարդը, այլև նրա թագավորը չէ տեսել։ Հետո՞, այդ քաղցածնե՞րը մերինի հետ կռիվ պիտի բաց անեն, վա՜յ նրանց գլխին, մերը նրանց հում-հում կուտե, Աստված վկա՝ կուտե։

Այդ որ ասաց՝ միտքս բան ընկավ.

— Հա՛,– ասացի,— խնդրեմ ասա, տեսա՞ր եվրոպական զինվորները, ինչպե՞ս են։

— Ապա չտեսա՞, ամեն բան տեսա,— ասաց Ավագը,–– ավստրիացին՝ այն ոչինչ, բոլորը քաղցած, փորները ներս քաշած, վատուժ-նիհար բաներ են, ճիշտ սուդակ ձկան նման, ֆրանսիացունը, է՜հ, մի շատ էլ գովելու բան չէ. գերմանացունը, ճիշտ է, նրանցից քիչ լավ է, մերը, դու ի՞նչ ես ասում, ճիշտ արծիվ է մերը նրանց դիմաց։ Մերը հաճարի հաց է ուտում, մերը կաշա է ուտում, վրայից էլ կվաս խմում, դու հաճար-հացի հետ կատակ մի անիլ. հաճարի հացն ու կաշան մարդուն առյուծի ուժ է տալիս։ Եվրոպայի զինվորի կերածը ի՞նչ է որ՝ թղթի պես բարակ մի կտոր հաց. մեկ բուռ էլ մաղադանոս՝ եղավ գնաց, երբեմն էլ սիսեռի կալբասեն են տալիս, հետո՞, դրանով մարդու փո՞ր կկշտանա։ Աստվածդ սիրես, եթե մարդ չուտե, վրայից էլ լավ չխմե, ուժը որտեղի՞ց կգա։

Ես քեզ ասում եմ, այդ Եվրոպայի մարդիկ մի օր մեզ պես կուշտ փորով հաց չեն ուտում։ Նրանց ո՞վ է տվել ուժը, մեր մեկ հատ զինվորը նրանց տասնի դեմ կդնի։

— Այդ ի՞նչ է ասածներդ,— ասացի.— մարդ ես հիմարացնում, ի՞նչ ես ասում, ամբողջ աշխարհը Եվրոպային գովում է, թե՛ նրա մարդկանց ուսումը, թե նրանց լավ-լավ տեղերը, թե՛ նրանց հարստությունը, իսկ քո ասածներին եթե նայես՝ ամբողջ Եվրոպայի մարդիկ մեր մուրացկանների պես են։

— Ապա ի՞նչ են, որ մուրացկան չեն, Աստվածդ սիրես, մի մարդ, որ ամբողջ օրը քաղցած լինի՝ դու այդ մարդուց ի՞նչ–կպահանջես։ Հա՛, սուտ չէ, ճիշտ է, նրանց գործարանները, նրանց մեքենաները գոված են, նրանց հնարած մոդան ամենքն էլ ընդունում են, բայց այդ գործարանները, այդ մեքենաները այդ մոդնի հագուստները կուտվի՞ն, ի՛նչ է, նրանք մարդուս փորը կկշտացնե՞ն։ Ո՞վ է նրանց տվել մեր Աստծո օրհնած տաք-տաք յուղոտ մատաղի միսը, դրա համը նրանք գիտե՞ն։ Նրանք մեր թարմ ասետրայի երեսը տեսե՞լ են, մանավանդ, եթե վրան լավ տեսակի լիմոնը քամած, հետն էլ մանանեխ լինի։ Ո՞վ է նրանց տվել մեր ձմերուկը, որին եթե դանակի ծայրը կպցնես՝ ինքն իրեն կճաքի։ Նրանք իրենց կյանքի մեջ տեսե՞լ են մեր՝ չորս մատիս հաստությամբ սերը... Թքեմ ես նրանց մեքենաների վրա, երբ ողջ օրը փորս պիտի քաղցած մնա։ Չէ՛, ես ինչ ասել եմ, նորից կասեմ՝ Ռուսիայի պես հող ոչ մի աշխարհքի մեջ չկա. մեր թագավորն էլ Եվրոպայի թագավորներից ուժեղ է, մեր զորքերն էլ նրանց զորքից ուժով, մեր հողն էլ նրանց հողից պտղաբեր է։ Պաշարի, այսինքն հացի, մսի, ձկան համար եթե ասես՝ մեր Ռուսիան Եվրոպայից վեր է ու վեր։ Աստվածդ սիրես, մեր գյուղացին եթե գործել կամենա՝ հողը նրա առաջ շա՜տ՝ վարիր, ցանիր որքան ուժդ ներե։ Եվրոպայի հողը ինչ հորս ցավն է. նրանց գյուղացին 10—12 արշին հող ունի՝ այդ է ահա նրա ցորեն ցանելու էլ, խոտ քաղելու էլ, իրան ապրելու էլ, տավար արածացնելու էլ՝ տեղը. բացի դրանից ուրիշ ոչինչ՝ չունի։ Ասա՝ խնդրեմ, մարդ ինչպե՞ս պիտի կարողանա դրանով թե՛ ինքը կուշտ լինել, թե՛ ընտանիքը կերակրել, թե թագավորի տուրքը տալ. ուրեմն տարին 12 ամիս՝ ողորմելին քաղցած փորով պիտի մնա, էլի՛, դո՞ւ ինչ ես ասում, Եվրոպան շատ հեռու է մեր Ռուսիայի հետ կռվելուց. քաղցած կսատկեցնենք. նրանց դեմ ի՞նչ հարկավոր է զորքով գնալ, հաց չտվիր՝ բոլորն էլ մեկ-֊մեկ կսատկին։ Դու Ռուսիայի հետ կատակ մի անիլ։

— Ավագ աղա, ես նկատում եմ, որ ինչ բանի վրա էլ հարցնում եմ, դու միշտ խոսքը կերակուրի վրա ես դարձնում, իբր թե Եվրոպան ուտելու բան չունի և խելքը-միտքը կերակուրի վրա է։ Եվրոպացին, քո ասելուն նայած, ամբողջ օրը եթե քաղցած է անցկացնում, ապա ինչպե՞ս կարողացել են նրանք այսքան գիտություն, մեքենաներ, գործարաններ, ես ի՛նչ գիտեմ, այսքան օդապարիկներ, էլեկտրական լուսավորություն հնարել. Աստվածդ սիրես, քաղցած մարդը կարո՞ղ է այդքան իմաստության հասնել։

— Ո՞վ է ձեզ ասել եվրոպացու այդքան գիտուն-իմաստուն եղածը, ես ամբողջ Եվրոպան շրջեցի, երբեք մեկ այնպես զարմանալու մարդի չպատահեցի, բոլորը հասարակ մարդիկ էին։ Մեր տեղն էլ գալիս են նրանցից. չե՞ս տեսել սկի, որ գալիս են և ծախում մեզ մկան թակարդներ և երկաթաթելերով շինած ամաններ՝ ճիշտ դրանց էլ, իրանց տեղում, Եվրոպայում տեսա։

— Ուրիշ լավ մարդիկ, լավ բաներ չտեսա՞ր։

— Կա՞ր որ տեսնեի...

— Ապա ինչո՞ւ գնացող-տեսնողներն այնքան գովում են։

— Ո՞վ է այդ գովողը, ասա տեսնեմ անունները։

— Ես ի՞նչ գիտեմ, գնացող-տեսնողները շա՜տ, ո՞ր մեկը ասեմ, ահա՛ Ղազարոսը, ահա՛ Մինասը, ահա՛ Գևորգ աղան...

— Թքել եմ ես նրանց վրա, նրանք իրանց կյանքում շնորհքով բան տեսե՞լ են որ. չտեսը այդպես կլինի, ինչ նոր բան տեսնե՝ իսկույն կզարմանա։ Մեր Նախիջևանը, մեր Ռոստովը, մեր Օդեսան տեսնողը Եվրոպայում զարմանալու բան կտեսնե՞ որ... Ասա խնդրեմ, ի՞նչ զարմանալու բան ես գտել Եվրոպայում՝ նրանց քաղցած ժողովո՞ւրդը, նրանց նեղ փողոցնե՞րը, նրանց թանկ-կրակ հա՞ցը, մի՞սը, հնդկահա՞վը։

Այլևս չկարողացա համբերել, քիչ մնաց տրաքեի։

— Հա՛ծե, Ավագ,— ասացի,— ես քեզ մի բան ասե՞մ, դու այդ Եվրոպա գնալու փոխարեն եթե Ռոստովի աբժոռնիյ ռյադը մտնեիր, ավելի շահ կտեսնեիր և բավական կլինեիր։ Քե՞զ էր մնացել Եվրոպայի պես լուսավորյալ աշխարհը իր քաղաքավարի ժողովրդովը տեսնելու, դու նրանից բան կհասկանա՞ս որ...

— Է՛, մեկ էլ ասա տեսնե՞մ,— ասաց բարկացած Փոռսուխովը,— քեզ ո՞վ ասաց որ Եվրոպայի ժողովուրդը քաղաքավարի է իբր թե. նրանից անամոթ, նրանից էլ երեսը պատռած, նրանից էլ լիրբ, մարդու պատիվ չիմացող ժողովուրդ կա՞ որ. մեր հասարակ գյուղացին նրանց համեմատությամբ՝ ազնվական է... Աստվածդ սիրես՝ լսիր, մեկ օր, ինձ համար էլել գնում եմ։ Այս բանը Փարիզի մեջ եղավ։ Չորս կողմս երեխաներ հավաքվեցին, այնքան երեխա, որ եթե սուտ չասեմ, հարյուր հիսուն հոգի կլինեին, երեխաներն էլ խոշոր չգիտենաս, մանր (ձեռքը գետնին մոտեցրեց)՝ այսքան փոքրիկներ, ետևիցս վազում են, փեշերիցս քաշոտում ու «էլֆան-էլֆան» կանչում։ «Էլեֆանը» նրանց լեզվով փիղ ասել է։ Իբր թե հասկացնել են ուզում, որ ես փիղ եմ։ Հետո՞, դու քո հոգին, ես ինչո՞վս եմ փղի նմանում, մեկ լավ նայիր աչքերիս՝ փղի աչքերի նման ե՞ն, վզիս նայիր՝ փղի վի՞զ է. կռնակիս նայիր՝ փղի կռնա՞գ է, քայլվածքիս նայիր՝ փղի քայլվա՞ծք է։ Հետո՞, ա՞յդ է դրանց կրթությանը, լուսավորությունը, մարդավարությունը։ Մեր ամենից հետին ջրկիր-սայլապանի տղան այդպես չի վարվիլ օրինավոր՝ պատվավոր մարդու հետ։ Դու չմոռանաս, որ այղ բանը գլխիս բերին Փարիզի մեջտեղը, Բուլվար-Իտալիեն ասված փողոցումը։ Հը՞, ինչպես եք, քաղաքավա՞րի մարդիկ են քո գոված Եվրոպայի ժողովուրդը (քիչ լռելուց հետո)։ Քիչ առաջ դու ծաղրելով Ռոստովի աբժորնիյ ռյադի անունը տվիր. դու եղել ե՞ս այնտեղ, այնտեղի կերակուրների համը տեսե՞լ ես... Ի՞նչ անենք որ անունը վատ է. դու մեկ նրա կերակուրների համը նայիր և հետո վրան խնդա։ Տաշտի չափ մեծ պնակով մեծ քանակությամբ առաջդ են դնում բորշչը, մեջը գլխիս մեծությունով եղոտ միս, հետն էլ չորս ֆունտի չափ հաճարի հաց. լավ բորշչի թթու հոտը ու տաք շոգին քթիդ որ կպչում են՝ մարդուս ախորժակը կատաղած շան պես փրփրում է։ Առնում ես հաճարի հացը, բրդում ես պնակի մեջ, մի լավ խառնում և քեզ համար ուտում։ Թե՛ փորդ է լցվում, թե՛ երեսդ քրտինք բռնում և թե՛ փորիդ կշտությունից ամբողջ օրը զկռտում ես։ Գինն էլ ի՛նչ, որ է՝ որևիցե 5—10 կոպեկ։ Գոնե գիտնաս որ փորիդ մեջ կերակուր կա և՛ ոչ թե Եվրոպայի տեսակ մաղդանոսներ, սալաթի տերևները և թաղանթի հաստությամբ հաց ու միս (քիչ լռելուց հետո)։ Դու ի՞նչ ես ասում, մեր Ռուսիայի ուժին ուժ կհասնի՞։ Անգլիացին չէ, հետն էլ գերմանացի թող գա, ավստրիացին էլ, վենգերն էլ թող գա, տաճիկն էլ թող գա,— ամենքին կտոր-կտոր կանե և մի կողմը կնետե, որովհետև ռուս զինվորը հաճարի հաց ու կաշա է ուտամ, վրան էլ կվաս խմում, դու հաճարի հաց ու կաշայի ուժը գիտե՞ս, մարդուս իսկական առյուծ է դարձնում։

— Ասա, խնդրեմ,— ասացի,— դու այժմ Ռոստովի աբժոռնիյ ռյադը գովեցիր, դրա պես տեղ չկա՞, ի՛նչ է, Եվրոպայում։

— Կա, ինչո՞ւ չէ. բայց ափսոս որ ես այդ շատ ուշ իմացա, Փարիզից մեկնելուս ժամանակ։ Բայց այնտեղի աբժորնին մերինի պես չէ, ուրիշ տեսակ է։ Մեր տեղինը ինչ որ լինի՝ պարզ է, կերակուրն էլ էժան-միս, կաղամբ է, ճակնդեղ է, սոխ է, գետնախնձոր է. բայց այնտեղինը ուրիշ տեսակ է, համն էլ ավելի նուրբ։ Ես քեզ պատմեմ թե ինչպես են պատրաստում այնտեղի կերակուրը, որ նրանց լեզվով առլեքին է կոչվում։ Առլեքին ասածդ այսպես է լինում։ Հարուստ տների և թանկանոց հյուրանոցների խոհարարները հյուրերի ամանից ինչ որ ավելանա, բոլոր լեցնում են մի մեծ տակառի մեջ և պահում են իրանց հաճախորդների համար, ո՛րը գալիս է խոզերի համար է առնում, ո՛րը կովի, ո՛րը իր շան համար, բազարի կերակուր ծախողներն է՛լ իրենց աբժորնիյ պանդոկի համար դույլերով առնում են և մեծ ամաններով իրանց հաճախորդների դիմացը դնում։ Առլեքինը թե՛ գդալով պիտի ուտես, թե՛ պատառաքաղով և թե՛ մատներով։ Մեկ կոխում ես պատառաքաղդ՝ պանիրի կտոր է ելնում, մեկ էլ կոխում ես՝ թռչունի ոսկոռ է ելնում, էլի կոխում ես պատառաքաղդ՝ ձկան գլուխ կամ պոչ է ելնում, երբեմն էլ սիգարի կտոր է դուրս գափս։ Գդալով կերածդ ժամանակ երբեմն բերանդ մանանեխի համ է առնում, երբեմն՝ պաղպաղակի, էլի գդալդ կոխում ես ամանի մեջ, տանում բերանդ՝ քացախի և պասուց յուղի համ առնում։ Մարդուս քեֆն է գալիս, թե՛ ուտում ես, թե՛ ծիծաղում։ Առլեքին ուտելու ժամանակ այնքան լիմոնի և փորթուգալի կճեպ եմ կերել, որ... Նազեր ծախելու և զզվելու իրավունք չունիս, որովհետև տվածդ ի՞նչ է որ՝ ամբողջ մեկ սու, մեր վաղով 5 կոպեկ է։ Հա՛մ աժան, հա՛մ կուշտ, հա՛մ էլ տեսակ –տեսակ։

— Իսկ ընկերներդ ասում են, թե՛ քեզ և թե՛ իրենց մասին որ ամեն անգամ 5 ֆրանկ էինք տալիս կերակուրի համար, հինգ ֆրանկը մեր փողով մոտ երեք ռուբլի է անում, հետո՞, այդ քի՞չ փող է։

— Սուտ չէ, ճիշտ է, ամեն օր 5-ական ֆրանկ էինք տալիս ամեն ճաշի համար, տասնական էլ տվածներս կա. բայց ի՞նչ օգուտ։ Եվրոպական կերակուրները այնպես դատարկ բաներ են, որ ինչ նրանք ճաշ են ասում՝ մեր տեղի մարդը մի պտղուց քթախոտի պես կարող է քթի ծակը կոխել։ Եվրոպայի կերակուրի մեջը ուտելու բան կա՞ որ։ Մի ափսե ապուր են բերում դնում առաջդ (ճիրի-միրի բա՜ն) «այս կոնսոմե է»,— ասում են. հետն էլ ճկույթիս ծայրի չափ կրականդակ՝ «այս կաթո է»,— ասում են։ Հետո բերում են երկու հատ փոքրիկ ձուկ՝ ասեղի բարակությամբ՝ «այս էլ նոր տապակած սարդին է»,— ասում են։ Հետո բերում են ճնճղուկի չափ դաշտային թռչուն տապակած՝ «այս էլ բեքասն է»,— ասում են։ Հետո բերում են մի գդալ շաքարոտ խլինք՝ «այս էլ ժելեյ է»,— ասում են։ Ամենից վերջը բերում են այդ «պապաքում-մամաքում» ասված խոտը, «այս էլ սալաթ է»,— ասում են։ Այդ եղավ ցերեկվա ճաշը, որի համար սանում են 5—10 ֆրանկդ։ Հա՛, մոռացա ասել, հացից հետո էլ բերում են մատնոցի մեծությամբ գավաթով, առանց կաթի սուրճ։ Հետո՞, ռուսիացի մարդը ինչպե՞ս կարող է կշտանալ այդ դեղձանիկի ճաշակով։ Կամա-ակամա գնում էի առլեքին ծախած ճաշարանը, որ գոնե փորիս ճիճուն հանգստացնեմ։ Հա՛, սուտ չէ, ճիշտ է, սեղանի վրան դիմացդ դնում են մեկ-մեկ շիշ գինի, բայց շիշը մեր շիշերի չափ չգիտենաս, այն հոֆմանիա կաթիլների շիշ չկա՞, ճիշտ նրա մեծությունով մի շիշ են տալիս քեզ. մեջի եղածը ատամներդ թրջելու բավական չէ, ի՞նչ մնաց խմելու, բայց անունը մեծ է. «գինիով ճաշ է»,— ասում են եղել։ Դա մի՛ ասիլ, որ եթե նրա փոխարեն մի մեծ ամանով հասարակ կվաս որ տան՝ ավելի բավական պիտի իլնեի։ Գոնե մարդուս թե՛ ծարավը կկտրի, թե՛ փորը կլեցնի: Չէ՛ դու ի՞նչ ես ասում. գնա ամբողջ աշխարհը քայլիր, մեր Ռուսիայի պես տերություն գտնել չես կարող, մարդուս ամենից պետքական բանը թե՛ առատ և թե՛ էժան։ Այդ Եվրոպայի քաղցածնե՞րը կռիվ պիտի մղեն մեր ռուսի հետը, վա՜յ նրանց գլխին, մեկ շաբաթ չի անցնիլ, ամենքը ձմեռվա ճանճի պես կսատկեն կոչնչանան։ Մեր զինվորը, ինձ հայիր, լավ հաճարի հացը կուշտ կուտի, վրայից էլ կաշան, նրա վրայից էլ լավ կխմե թթու կվասը, հուոա կանչելով վրա կտա— մի րոպեի, մի ժամվա մեջը բոլորին թրի կառնե։ Թե Ռուսիայի հետ կատակ մի՛ անիլ...

— Այն չէ՝ բայց,— ասացի,— ինչպե՞ս եղավ որ դու Եվրոպա գնացիր, կարծեմ դու այնտեղ գործ չունեիր, չէ՞. ապրանք տարա՞ր, թե՞ բերիր, թե՞ որևէ հանձնարարության ունեիր։

— Ապրանք էլ չտարա, ապրանք էլ չբերի, հանձնարարություն էլ չունեի։ Իմ Եվրոպա երթալս հեքիաթի պես մի բան էր, բարեկամիս մեկը մի ավրված ժամացույց ուներ և որովհետև մեր կողմերը նրան նորոգող վարպետ չէր գտնվում, բարեկամիս խելքին փչեց տանել Եվրոպա։ Ժամացույցի կոթը չկա՞, այդ բանը ըշտե փչացել էր. մեր տեղի ժամագործները շատ վրան կտորներ դրին, այնպես որ կոթը հաստացել էր ու ներսի անիվներին նեղություն էր տալիս, ժամացույցը Եվրոպա տարինք, այնտեղ մի լավ վարպետ գտանք, որ զգուշությամբ ժամացույցի հաստացած կոթը բարակացրեց, ձևի բերեց։

— Բանդ-գործդ թողած ինչո՞ւ ելար գնացիր, դու այստեղ պաշտոն ունեիր, չէ՞։

— Եվրոպա որ գնացի, պաշտոնս արդեն վերջացել էր. ամիսը 100 ոուբլի ռոճիկ ունեի, գործս էլ շատ թեթև բան էր. քաղաքային վարչությունը ինձ հրաման էր արել ծովի եզերքը կանգնելու և ջրի միջով անցնող ձկները համրելու, հեշտ արհեստ։ Բայց, թշնամիներս հրապարակ ելան և ժողովրդին հավատացրին, որ դրանից քաղաքը մի կոպեկի օգուտ չունի, ինչ պետք է զուր տեղը դրամ վատնելը։

— Ծովի ձուկը համրելուց առաջ ի՞նչ ծառայություն կամ արհեստ ունեիր,– հարցրի նրան։

— Նրանից առաջ, հոգիս, այդ անկյունը չկա՞՝ բամբասարանից քիչ վեր. ըշտե, այնտեղ առավոտյանից մինչև երեկոյան զանգերը՝ կանգնում էի և անցնող-դարձողների վրա կատաղած շան պես հաչում։

— Այդ ի՞նչ տարօրինակ արհեստ է... ամոթ չէ՞ օրինավոր մարդուն՝ շան պարտավորություն վրան առնելը,– ասացի զարմացած և նեղացած։

— Չէ՛, հոգիս, այդպես մի դատի։ Ինչպես երևում է, դու կարծես մեր քաղաքը երբեք չես ճանաչում։ Այդքան հասակ առած՝ դեռ չգիտե՞ս, որ մեր տեղում հաչելը անօգուտ և ստոր արհեստ չէ։ Հաչելով չէ՞ որ այսքան մարդիկ, ո՛րը ձայնավոր եղավ, ո՛րը անդամ, ո՛րը հոգաբարձու, ո՛րը երեսփոխան, ո՛րը պատվի հասավ, ո՛րը շատ ստակի տեր եղավ, ո՛րն էլ արդյունավոր պաշտոն ձեռք բերեց, բոլորը հաչելուց էր։ Բայց հաչելու մեջ էլ շնորհք կա։ Հաչելուց չէ՞ որ մեր սափրիչ Օվանեսը թե՛ իրեն մեջքը տաքացրեց, թե՛ իրեն օգտակար բարեկամներինը. կարծում ես թե իր արհեստի շնորհքն է՞— շատ ես սխալվում։ Մի՛ հաչիլ, տանդ փակված նստիր և տես դրանից ի՞նչ կգոյանա։ Կկորչես բոլորովին։ Լսե՞լ ես, մի առած կա, որ ասում է. «Իրեն տեղ ծանր կեցած քարին տակեն ջուր չի վազիլ». այդպես էլ մեր բանն է. եթե չհաչես, քեզ ոչ ոք մարդու կարգը չի դնի։ Դու ինչ ես ասում, հաչելու մեջ շատ բան կա։ Մեկ չորս քովդ նայիր, այս մեր խոշոր-խոշոր տղաները բոլորն էլ իրենց փառքին և պատվին հասել են կա՛մ հաչելով և կա՛մ իրենց մոտիկ մարդոցը հաչեցնելուց։ Այսօր-վաղը, գիտես արդեն, քաղաքիս մեջ ձայնավորներ, անդամներ, քաղաքագլուխ և քարտուղար պիտի ընտրվի, դու մեկ նայիր, թե որքան հաչող շներ հա՜ռըլ-հա՜ռըլ հրապարակ պիտի ելնեն։ Դու լավ հաչելը կատա՞կ ես համարում։

— Լավ, համաձայն եմ, որ մարդիկ հաչելով կամ հաչել տալով՝ տեսակ-տեսակ օգուտներ են փնտրում և գտնում, դու ի՞նչ օգուտ ունիս դրանից։

— Ե՞ս,— ասաց քթի տակից խնդալով և աչքերը փոքրացնելով՝ Փոռսուխին Ավագը։

— Հա, դու,— ասի։

— Ես ի՞նչ օգուտ ունիմ,— ասաց նա նորեն,— Իմ օգուտն էլ եթե ավելի չէ ուրիշներից պակաս էլ չէ։ Ախր դու մի լավ միտք արա. ես ինչ չգտնվելիք մարդ եմ, ո՞ր աղային որդին եմ, ո՞ր համալսարանն եմ ավարտել, ծոցս մի՞թե լիքն է փողով, թե՛ գեղեցկությունն ու երիտասարդությունը երեսիցս կաթում եք»... Բայց այսօրվա օրս, ինձ նայիր, մեր բամբասարանի ամենաառաջին անդամն եմ, քաղաքային վարչության մեջ՝ ձայնավոր և դպրոցի մեջ հոգաբարձու։ Էլ ի՞նչ կուզեիր։ Այս բոլորը գիտե՞ս ինչու ձեռքս ընկավ, նրա համար, որ առավոտյանից մինչև երեկո, անկյունը կանգնած, չորս կողմս էլ մի կարգ ախմախներ ժողոված, աջ ու ձախ հաչում են։ Հա-պա, որդիս, դու ի՞նչ գիտեիր։ Վարպետությամբ հաչելու մեջ շատ բան կա։ Դու նորից կրկնիր, կվայելի, չգիտեմ ի՛նչ՝ չգիտես ինչ։ Չէ՛, հոգիս, չես հաչիլ, չես ուտիլ։ Ինձ նման մեծ փորով և գայլի ախորժակով մարդուն կարելի՞ է քաղցած օրեր անցկացնել։

— Ասենք որ հաչելուց ձայնավոր և անդամ եղար, հետո, ի՞նչ շահ դրանից, կամ թե ուրիշը քեզնից ի՞նչ շահ պիտի ունենա։

— Ձայնավոր լինելս չգիտեմ ուրիշներին օգուտ ունի՞, թե ոչ, բայց ինձ մեծ օգուտ է։

— Ասա տեսնենք, ի՞նչ օգուտ ունիս։

— 0՜, օգուտը շատ մեծ է։ Այո՛, մեր քաղաքային վարչության մեջ այնպես չէ՞ որ ինձնից բացի յոթանասունմեկ ձայնավոր կա. այդ ձայնավորներից յուրաքանչյուրը անուն ունի՞, թե ոչ. անուն ունեցողը տո՞ն էլ ունի, թե ոչ. տոն ունեցողը տարվա մեջ գոնե մի անգամ ճաշ կտա՞, թե ոչ։ Եղավ որ այդպես տարին յոթանասունմեկ ցերեկվա ճաշս ապահովված է և տանս մեջ ծախսելու փողը գրպանումս կմնա։ Ո՜վ մարդ, ի՞նչ է քո ասածդ. Աստված մեր սուրբ հայրապետների հոգիները արքայություն տանե, որ նրանք այդպես խելոք օրենք են մտցրել մեր մեջ։ Ամեն երեկո օրացույցը բաց կանեմ, կնայեմ թե վաղր տոն կա՞, թե ոչ։ Եթե մեր ծանոթների անունների տոները եղան, միջներիցը երեք չորսը ընտրում եմ. բայց այնպիսիները, որոնք սովորություն ունին լավ սեղան սարքելու և մյուս օրը, ժամը 11-ին—12-ին նշանակված աղաների (օրինակ՝ Ակոբ, Մարկոս, Կարապետ) տունն եմ, գնում, ներս մտած-չմտած, գաղտագողի աչքի կանցնեմ սեղանի վրա եղածները. եթե սեղանի մեջտեղը տեսա մեծ ամանով խաշած ասետրան և քիչ էլ հեռու տեսակ-տեսակ գինիներով շշերի բատարեյը, այն է որ այնտեղ կմտադրվեմ հաստատվելու, իբր թե չուզենալով՝ կմոտենամ թանկանոց կոնյակին, մեկ –երկու կխմեմ տոնավորի կենացը, հետո կառնեմ մի ափսե, պատառաքաղ, դանակ, ափսեի մեջ առաջ կքամեմ լիմոնի ջուր, քիչ էլ մանանեխ ու աղ կդնեմ, կմոտենամ ասետրային, դանակով չորս մատիս հաստությամբ կկտրեմ վրայից, կքաշվեմ մի առանձին լուսամատի առջև՝ մեջքս դեպի հյուրերը արած՝ կսկսեմ իմ բանը։ Եթե առածս կտորը ֆունտուկես կամ 2 ֆունտ եղավ, այն է, որ այն օրվա հացիս փողը գրպանումս մնաց։ Այդ որ վերջացրի, կերթամ կմոտենամ շշերին, որովհետև ձկան վրա լավ գինին հարմարում է. նորից կմոտենամ տոնավորին, ինչ որ ասես օրհնություն կանեմ, որ եկող տարի էլ Աստված ողջ-առողջ այդ օրին հասցնե երկուսիս էլ ու կխմեմ գինին։ Դրանից հետո՝ երբեմն կմոտենամ մանր զակուսկաներին. այստեղ պանիրի փոքրիկ կտոր կդնեմ բերանս, այնտեղ գդալի ծայրովը մի քիչ կառնեմ խավիարից, էլի այն կողմը բողկը կթաթախեմ աղի մեջ և բերանս կդնեմ՝ իբր թե մանր բաներ ուտող եմ, որ մարդիկ չնկատեն թե տոն շնորհավորության անունով՝ փորս լեցնող եմ։ Այդ օրը կերակուրի հոգը հոգացի, դրամը մնաց գրպանումս։ Երբ որ այդպես, տարվա մեջ գոնե հարյուր տեղ մտնեմ-ելնեմ, ահա քեզ ձայնավոր լինելուս օգուտը, էլ ի՞նչ ես ուզում։ Տարվա մեջ հարյուր թանկանոց և կուշտ զակուսկա իր կոնյակով և գինով՝ դա անօգո՞ւտ բան է։ Այս մեկ։ Այժմ դու ասա. տարին 2—3 անգամ թագավորական տոն, աչքալույս, պսակ չի՞ լինիլ։ Է՛յ, ըշտե, մադթանքից հետ ձայնավորի անունով առոք-փառոք կերթաս քաղաքագլխի տուն (իհարկե նա էլ թագավորի պատվի համար սեղան սարքած կլինի), այնտեղից էլ խո ետ չե՞ս դառնալ տուն դատարկ փորով։ Այս էլ քեզ երկու։ Տարին 3—4 անգամ դրսից մի իշխանավոր կամ մեծավոր չի՞ գալ քաղաքը, մեր հարուստ աղաներից մեկն ու մեկը նրան հաց չի՞ տալ. դու էլ, ինձ լսիր, ձայնավոր անունով կպատահես այդ թանկանոց ճաշին։ Այս էլ քեզ երեք։ Քաղաքային վարչության ժողովի ժամանակ աղաները կսկսեն մի հասարակ բանի վրա վիճել, կտան-կառնեն և վերջ ու վերջ՝ կխռովեն, դու մեջները կմտնես, լավ մարդ կլինես, կհաշտեցնես. մեջտեղը երկու կողմից էլ մաղարիչ լինում է՝ կեր, խում, երաժշտություն, դու էլ մեջներն ես՝ ձայնավոր անունով. Աստվածդ սիրես, քեֆ է ու... մեռնել պե՞տք է որ։ Այժմ հասկացա՞ր, թե ինչո՛ւ ես ամեն ջանք գործ եմ դնում, որ ձայնավոր ընտրվեմ։ Դու ասում ես, թե ինչո՞ւ անկյունը կանգնած՝ հաչում եմ։ Հածե՛, տխմար, եթե չհաչեի՝ ո՞վ ինձ ձայնավոր պիտի ընտրեր։ Հապա այն մոռացա՞ր, որ բամբասարանի անդամ լինելուցս էլ բավական շահ կա փորիս, որ տարին մի անգամ ժողովրդով՝ պարտիզի մեջը քեֆ ենք անում՝ այդ ոչինչ, դու այդ ասա, որ մեր 5—6 հարյուր անդամներից տարին 3—4-ը չի՞ մեռնիլ։ Մեռելի զանգը լսում եմ թե չէ՝ մի քանի մարդ ժողովում եմ գլխիս, շիտակ գնում մեռելի տունը, սգավորներին խրատ տվող եմ լինում, ըշտե հանգուցյալին պատիվ տվող եմ լինում, կտակը կարդացող լինում, է՜յ ըշտե, բան չունես, բամբասարանի կողմից, սուտ-ղորդ, բանի մեջ եմ լինում։ Տնեցիք տեսնում են, որ հանգուցյալի շատ սրտակից բարեկամն եմ եղել, և հոգու-հացի, այգողքի, քառասունքի, տարեգլխի հարցերին կանչում են ինձ։ Այդ էլ թե՛ պատիվ և թե՛ փոր կշտացնելու թանկանոց դեպք։ Այժմ հասկացա՞ր հաչելու զորությունը։ Բայց հաչել կա, հաչել էլ կա։ Մի քանիսը այնպես են հաչում, որ ամբողջ քաղաքը իրենց թշնամի են դարձնում, այդ տեսակ հաչելը օգտակար չէ։ Հաչելն էլ իր տեղը, հնարքներն ունի։ Հաչելու ժամանակ պիտի ջանաս ցույց տալու, որ իբր թե ժողովրդական օգտի համար ես հաչում։ Այս մեկ։ Մեկ էլ այնպես պիտի հաչես, որ ո՛չ հարուստների սիրտը ցավացնես, ո՛չ էլ դատարկ գրպանով մարդկանց կողմը անցած լինես...

Սիրելի նախիջևանցի, մի՞թե դու դեռ չես հասկացել, որ ի՛նչ բանի ձեռնարկես՝ բոլորը թերատ և անշնորհք է լինում։ Ինչո՞ւ ես զարմանում, որ քո քաղաքը տարեցտարի առաջ գնալու փոխարեն ետ է զարնում։ Դու ինչո՞ւ ես զարմանում, որ հերվան գյուղից վատ Ռոստովը այսօրվան օրս Նախիջևանից տասն անգամ մեծ է և նրա մեջ ապրողները նախիջևանցիներիցս հարյուր անգամ ավելի հարուստ են։ Դու ինչո՞ւ ես զարմանում, որ Նախիջևանը աճելու, ծաղկելու փոխարեն՝ քանի գնում է՝ բորբոսնում է, թոռոմում է և փչանում քո ձեռքի մեջ։ Ասա մեկ տեսնեմ, տարին-տասներկու ամիս դու որի՞ խելքով ես կառավարվում՝ Փոռսուխ Ավագների։ Ովքե՞ր են քո քաղաքդ կառավարողները՝ Փոռսուխ Ավագները, ովքե՞ր են բանկդ շահագործողները՝ Փոռսուխ Ավագները, ովքե՞ր են քաղաքի վարչությանդ ձայնավորները՝ Փոռսուխ Ավագներ, ովքե՞ր են քո դպրոցներիդ հոգաբարձուները՝ Փոռսուխ Ավագներ։

Հետո՞, ի՞նչ զարմանալու բան կա, որ ամբողջ քաղաքը դարձել է մի 5—6 հազար Փոռսուխ Ավագներով լցված աղբանոց...