Փոստալ
Հաճի Տյուրիկը, սպասուհիների միջնորդը, տասնհինգ օր աշխատելեն վերջ միայն հաջողեցավ ձեռք ձգել կեսարացի Ղազար էֆենտիի կնոջ, Սուրբիկ հանըմին, Քատըգյուղի ամենեն հարուստ տիկիններեն մեկուն, ուզած սպասուհին:
Հաճին, պարտիզակցի մը, ինքն ալ սպասուհի, ստնտու, լվացարար, խոհարար կին եղած էր ատենով, պարագային համեմատ: Ծառայության ամեն աստիճաններն անցեր էր մեկիկ մեկիկ, Պոլսո հայ տուներուն, անոնց կարծեցյալ պարկեշտություններուն մեջեն հանելով իր հիմիկվան անկախ դիրքը:
Այդ տուներուն բոլորին մեջ, Հաճի Տյուրիկ, որ ան ատեն դեռ Երուսաղեմ գացած չըլլալուն համար՝ հաճի չէր, իբրեւ ճշմարիտ ու կատարյալ աղախին, աղաներեն մինչեւ սպասավորները ճանչցեր էր մոտեն, եբոր մեծ ու պզտիկ, գրեթե առանց բացառության, քիչ շատ զինքը սղմեր սղմըտկեր էին, հոս հոն, սենյակներուն մեջ, հանըմները տունը չեղած միջոցին, սանդուխին գլուխը, դուռներուն ետին, երբեմն խոհանոցներուն անկյունները: Շատ մը տուներուն մեջ իր տիրուհիներուն նախանձը շարժելու չափ ընդունելություն գտած էր առանց գանգատելու:
Շատ բան տեսած էր իր անձին վրա եւ ավելի շատ իրեն շուրջը, իր բարակի հետաքրքիր քիթովը, հոտվտալով ամեն ապականությունները եւ սուր ականջովը՝ դռներուն ետեւեն ունկնդրելով կամացուկ մը ըսված խոսքերուն:
Եփուն կնիկ մըն էր արդեն, եբոր առած պախշիշներեն եւ ամսականեն ավելցուցած ստակովը Երուսաղեմ գնաց, ով գիտե ուխտի՞ թե մեղքերուն թողություն ուզելու համար: Վերադարձին՝ Հաճի Տյուրիկ, սպասավորությունը թողուց, ինք իր գլխուն գործի սկսավ, ծանոթ տուներու համար կին ծառաներ գտնելու ձեռք զարկավ, թելլալ կնիկ եղավ: Իսկույն հաջողեցավ այս գործին մեջ. պատրաստաբան ու զվարճախոս կին էր. էֆենտիներուն՝ վրան բաց կատակներ կ՚ ըներ. հանըմներուն օրվան գայթակղությունները կը բերեր: Ամենքը գոհ էին իրմե. ամեն բանի հարմար սպասուհի ինքը միայն ճարել գիտեր: Իր տեղավորած ծառաները տարիներով կկենային գտնված տեղերնին: Մեծ տուները, հարուստի տուները, իրեն կդիմեին. անոնք, որ իր հաճախորդներն էին՝ իր անունովը կը՚ պարծենային:
― Մեր թելլալը Հաճի Տյուրիկն է:
― Մերն ալ:
Հաճին Շփիկըլին կամ Պյուռկյուին բան մը կ՚ըլլար հայ հանըմներուն համար:
Ասոր համար էր անշուշտ, որ Սուրբիկ հանըմ իրեն լուր ղրկեց եբոր իր տանը մեջ, հին օրվան Մարիամին քով, նոր սպասուհի մը ավելցնելու որոշում տվավ ու անոր ճշտեց այն հատկությունները, որ նոր գալիք աղախինեն կպահանջվեին:
― Ըռնտիկ մեկը ըլլալու է ամեն բանե առաջ. հո՛գ չէ թե որ սկիզբը ձեռքեն գործ չգա. հոս շուտով խզմեթը կսովրի. տղուս՝ Օննիկին սենյակը պիտի շտկե, զգեստները մաքրե. սա ալ ըսեմ, որ աղջիկ զավակ չեմ ուզեր տանս մեջ:
Եվ վախնալով, որ գալիք սպասուհին Օննիկին սենյակը շտկելու, զգեստները մաքրելու սահմանելովը՝ պետք եղածեն ավելի բացահայտ կերպով իր դիտավորությունը հասկցուցած կ՚ ըլլա, իսկույն ավելացուց.
― Աչքը երեսը բաց մեկը չեմ ուզեր հա՛, հաճի՛. դուն իմ ուզածը հասկցար, թե որ զիս գոհ ընես, ուզած թելլալչեքդ եվելոքը կուտամ:
― Հասկցա, օղուլ:
Միջնորդը քչեն շատ հասկցող կին էր. անմիջապես չորս դին ինկավ, հարցուց, փնտրեց, բայց գտնվածները Սուրբիկ հանըմին ուզած պայմանները լիովին չէին միացներ իրար վրա: Գեղեցիկ աղախիններ չէին պակսեր իր ձեռքին տակ, բայց ասոնց աչքերն ալ, երեսն ալ պետք եղածեն ավելի բացված էին ու Սուրբիկ հանըմին ծեր էրիկը՝ Ղազար աղան գլխե հանելու չափ սատանա էին: Հանըմին ուզածը միամիտ աղջիկ մըն էր եւ ասիկա Պոլսո մեջ դյուրին չեղավ գտնել:
Այն ատեն Հաճի Տյուրիկ հատուկ ճամփորդություն ըրավ. Իզմիտ, Պաղչեճիկ, Արսլանպեկ, Ատաբազար: Վերջապես պըտտեցավ բոլոր այն գեղ տեղվանքը, որոնք սպասուհիներու արտածումը կ՚ընեն. եւ ահա մեծ հոգնություններե վերջը, չորեքշաբթի օր մը ցորեկին, հաղթական մուտքով մը, Սուրբիկ հանըմին ներկայացուց իր գեղեն բերած սպասուհին, հազիվ տասնութը տարեկան կին մը, զոր նույն օրն իսկ միասին առեր բերեր էր Պաղչեճիկեն:
Սուրբիկ հանըմ գլխեն մինչեւ ոտքը զննեց նորեկը, որ դրան մոտ բարեւ բռնած կեցած էր. իր հագած պասմաե տձեւ շրջազգեստին հակառակ՝ իրոք խիստ շնորհալի գտավ զայն, քանի որ շուտով ամսականին վրա հարմարեցավ միջնորդին հետ. յոթը մեճիտ ամիսը եւ տարին երկու ձեռք նոր լաթ, բացի իր մեկդի նետածներեն զորս իր հոժարության համեմատ պիտի նվիրեր, եթե գոհ մնար անոր խզմեթեն: Եվ անմիջապես սկսելու համար կոկիկ ու մաքուր շրջազգեստ մը հագցուց անոր, ճերմակ գոգնոց մը կապեց, գլխեն յազման հանեց եւ մազերը շտկել տվավ. այս համառոտ արդուզարդով աղախինը իր գեղեցկության բոլոր շքեղությանը մեջ երեւաց: Մեջքը բարակ չէր, բայց հասակին բարձրությունը եւ բարձերուն հարստությունը վայելած էր: Ձվաձեւ, իր գեղացի ըլլալուն հակառակ դեռ ճերմկոտիկ դեմքին վրա սեւ խոշոր աչքերը սովորաբար թարթիչներուն շուքին մեջ կպահվեին ու երբեմն միայն ընքվիներուն աղեղին տակ կխրոխտային: Բերանը՝ իր զմայլելի գիծերովը ու երկու դիի անկյունեն իբրեւ թե հատկապես վեր առնված, անդիմադրելի պչրանք մըն էր ինքնին, եւ մոռցնել կուտար պռկունքին անարյունությունը:
Ոչ ոք կիներուն չափ գեղեցկության ճաշակը ու հասկացողությունը ունի. գեղեցկությունը այն միակ ճշմարտություն է, զոր կինը չի կրնար ուրանալ, նույնիսկ երբ իր թշնամիին վրա կգտնվի. շատ հեղ լսած եմ արամբի կնոջ մը վրա պատմված չարախոսություններու, բամբասանքին, իրավ կամ սուտ ամեն կերպ աղտեղությանց ամենեն տաք վայրկյանին՝ սա հայտարարությունը, որուն խորին անկեղծությունը կզարմացնե զքեզ եւ պատմողին արդարասեր մեկը ըլլալուն համոզում գոյացնել կուտա:
- Ասոնք բոլորը իրավ են, բայց շուն կնիկը աղվոր է:
Սուրբիկ հանըմ հավնեցավ ուրեմն իր սպասուհիին. ապսպրեց, որ վրան գլուխը մաքուր պահե, աշխատությունը սահմանեց, վարքի բարքի խրատներ տվավ:
Հետո, իմանալով, որ հորմե, մորմե որբ ու նոր ամուսնացած էր Տիգրանուհին, Սուրբիկ հանըմ, որ Հիվանդանոցի խնամակալուհի էր ու իր ամուսնին պես սրբասեր ու աստվածավախ կնոջ համբավը կվայելեր, իր սովորական մեծախոսություններեն քիչ մը ջարդեց.
- Ես ծառաներս զավկիս պես կնայիմ. ուրիշ տուներու մեջ անոնց հորի ջուր կխմցնեն, դուն աղեկ գիտես, հաճի՛. ես աղբյուրի ջուր կու տամ անոնց. խոհանոցին մեջ երբոր կերակուրները չօգտեն ձեզի, ինծի անպատճառ իմաց տուր. խոհարարը ծառաները զրկելու կ՚ելլա, ատանկ բան չեմ սիրեր ես. սա ալ ըսեմ, որ կերակուրդ ուտելուդ պես խոհանոցին մեջ կենալու չես. էրիկմարդ ծառաներուն հետ պետք չէ որ խոսքի բռնվիս. հասկցա՞ր, աղջիկս. հիմա գնա՛, թող Մաիրամը գործդ ցուցնե քեզի:
Մեղր ու կաթ կվազեր բերնեն. Տիգրանուհին կատարյալ երանթյան մեջ զգաց ինքզինքը:
Հետեւյալ առտուն կանուխ Տիգրանուհին արթնցավ: Պատուհանեն եկող արեւը ճիշտ իր անկողնին վրա կ՚իյնար. կսփռվեր, իր հոլանի պարանոցին ու թեւերուն սպիտակության վրա կճառագայթեր, բոլոր սենյակին մեջ ուրախություն մը կբերեր: Երկու օրե ի վեր իր կյանքին մեջ պատահած փոփոխություններուն տակ ընդարմացած կմնար. անկողնին մեջ նստած, մտքովը ատոնց քաղվածքը կ՚ըներ:
Գեղը, մորաքրոջ մը տանը մեջ ապրած էր ինքզինքը գիտնալե ի վեր մինչեւ ամուսնացած օրը: Մորը հիշատակը իր պզտիկ տարիքին մեջ շատ տարտամ կերպով մը կուգար մտքին առջեւ, ատեն անցնելով գույնը նետած, գիծերը եղծված հին լուսանկարի մը պես: Հայրը բնավ ճանչցած չէր: Այս մորաքրոջ տանը մեջ՝ կես մը աղախնի ու կես մը ազգականի պես կ՚ապրեր, ինչպես կ՚ըսեր ինքը. իր ապրուստին բեռը զգալի չդարձնելու նպատակով: Ու երջանիկ պիտի ըլլար հոդ ապրելուն եթե մորաքրոջը երկու աղջիկները անտանելի չդարձնեին իր կյանքը: Ի՞րն էր հանցանքը՝ եթե անոնցմե աղվոր էր ինքը: Ապաքեն, այս աղվորությունը իր թշմնամին եղած էր եւ անկեղծությամբ Տիգրանուհին կզղջար իր գեղեցկության համար:
Գեղին մեջ շատ մը տղաք իր ետեւեն ինկած էին գիշեր ցորեկ, հասակին շքեղությանը, մինչեւ կռնակը հասնող խարտյաշ մազերուն գովեստը փսփսալով ականջն ի վար: Ասոնց եւ ոչ մեկուն հավտացած էր, բայց այս հետապնդումները՝ հանդարտ ջուրի մը մեջ նետված մանր քարերու պես, իր հանգիստը վրդովեր էին: Մորաքրոջը աղջիկները իր վրա ամեն տեսակ չարախոսություններ տարածելու մեջ առաջիններն էին: Ահա այդ միջոցին էր, որ երիտասարդ բանվոր մը, իր օրական ապրուստը ճարելու հազիվհազ կարող մեկը, զինքը ամուսնության ուզելու ելել էր: Տիգրանուհին տասնութը տարու էր հիմա, ինչ որ գեղ տեղերու մեր աղջիկներուն համար շատ առաջ գացած տարիք մըն է. հետո, իր մորաքրոջ տունեն ելլելու ստուգությունը կար, մորաքույրն ալ զինքը ճամփելու փափագին մեջ, սիրով ընդուներ էր այս առաջարկությունը: Եվ օրին մեկը հարս գացած էր տան մը մեջ, ուր իեծեն զատ անոր ծնողքը կային: Մեծ բան մը չհասկցավ այդ ամուսնութենեն. կարգվելեն ութ օր վերջը օր մը միայն դարձավ կնոջը քով, հետեւյալ օրը նորեն իր լեռը երթալու, աներեւութանալու համար: Հարսը հոս ալ կ՚աշխատեր օրն ի բուն ու իր կյանքը, բեւեռային օրերուն պես, երկարատեւ խավարի մը կնմաներ զոր ոչ մեկ լույսի ճառագայթ կուգա վայրկյան մը գեթ լուսավորել, ուրախացնել:
Հանկարծ օրին մեկ ալ իր էրիկը տուն բերին ոտքը կոտրած, ամիսներով անգործության դատապարտված. ասիկա լրումը եղավ: Ա՜հ, թե որ գոնե զավակ մը բերած ըլլար, հիմա ստնտվության կ՚երթար Պոլիս, ստակ կվաստակեր ու տուն մը կրնար դնել, բայց այդ ալ չկար ու ասիկա՝ իր կեսուրը ու կեսրայրը հանցանքի մը պես կզարնեին իր երեսին:
Հաճի Տյուրիկ ճիշտ այդ ժամուն հասավ զինքը միասին Պոլիս տանելու համար: Էրիկն ալ, մորաքույրն ալ, որ մոր տեղ կանցներ, հոժարեր էին ասոր. Տիգրանուհին ազատագրության պես բան մը կտեսներ հոդ: Թելլալը՝ անոր ապագա հանըմին փառաբանությունը բերնեն չէր ձգեր: Հարուստ մարդիկ, վերկիլի հանըմ, կաղանդին, ծնունդին, զատկին պախշիշ, կերուխումը առատ, աշխատությունը թեթեւ. սպասուհիի մը, համար ասկե ցանկալի տեղ չէր կրնար ըլլալ:
— Աղջի՛, օղո՛ւլ, չգտնված տուն է,— կ՚ըսեր Հաճի Տյուրիկ:
Ա՛յնքան որ մորաքույրը պահ մը կմտածեր իր աղջիկներեն մեկը ղրկել Տիգրանուհիին տեղը: Վերջապես որոշումը տվեր էին, եւ հետեւյալ առտուն, դեռ չլուսացած, գիշերվան մութին մեջ կառքը երկու կիները Պաղչեճիկեն իջեցուցեր, ծովեզերքը բերեր ձգեր էր, ճիշտ երբ արշալույսը կծագեր:
Տիգրանուհին հիմա այս մութեն դեպի լույս ուղեւորությունը, ժամանումը միտքը կբերեր, բարի գուշակ մը կհամարեր իր կյանքին համար: Իսկույն զմայլեր էր Իզմիրի ծովածոցին վրա, որ այգուն սրսկած դեղին ոսկիի ցոլացումին մեջ, անշարժ կտարածվեր, կանուխ արթննալ չուզող ու ծույլ կնկան մը պես: Մինչեւ այդ տարիքը մոտանց չէր տեսեր ծովը ու այս պահուս, գեղին եռաթի խոշոր նավակի մեջ տեղավորված, իր պզտիկ պողչան քովիկը, այդ կապույտ տարածության վրա սահելուն կ՚զբոսներ ու անոր վրա պատմված ահավոր պատմություններուն չէր հավտար: Իզմիր հասնելուն՝ հազիվ ատեն ունեցեր էին շոգեկառքը մտնել եւ իսկույն կայարանին աղմուկեն ու թոհուբոհեն զատվելով խոլ արշավ մը սկսեր էր. անդուլ, անդադար, ժամերով վազք մը, քերելով ծովեզերքը ձախեն, ու աջեն՝ սուրալով մութ մանիշակագույն հողերու մեջեն, որ մինչեւ Հերեքե այդ տեղի ցամաքը կկազմե: Հոս հոն, տեղ տեղ կկենային ու Տիգրանուհին կկարծեր, որ հոգնություն առնելու համար էր ասիկա. ոմանք կձգեին շոգեկառքը, ոմանք նոր կմտնեին, եւ անմիջապես ճամփա կ՚իյնային. հիմարական խոյացումը կսկսեր դեպի Պոլիս: Ու կհիշեր վերջապես հասնելնին Փայտար Փաշա, Պոլիսը, Փերան զորս Հաճի Տյուրիկը մատով իրեն ցուցուց հեռվեն եւ ասդին՝ Քատըգյուղ, իրենց գալիք տեղը, մաքուր փողոցներով, գեղեցիկ տուներով շինված քաղաքը, որուն վրա հիացավ: Կայարանին մեջ կվախնար, որ բազմության մեջ չկորսվի. թեւին տակ պզտիկ պողչան ուժով մը կսեղմեր, իր շփոթությանը մեջ մոռնալու վախով: Հաճի Տյուրիկը քովն էր սակայն, ճարպիկ ու վարպետ առաջնորդ, որ ամեն դժվարությանց մեջ կ՚քաշեր, կհաներ զինքը, մինչեւ որ հո՛ս, այս հարուստ տանը մեջ բերավ ու հանձնեց զինքը: Հաճի Տյուրիկ պահապան ու զորավոր հրեշտակի մը մարմնացումն էր իր աչքին, որ Տիգրանուհին սրտին խորեն շնորհակալ կ՚ըլլար անոր այս վայրկյանիս:
Եւ այս տունը՝ իր հարուստի բարբառող կահավորումին մեջ. երեք ծառա, որոնք իրենց աշխատության մեքենական ճշտությամբը զարմացուցեր էին զինքը. ծեր Մարիամը, որ ինչ ընելիքը պիտի սորվեցներ հոս տեղ. եւ մանավանդ անուշ լեզու հանըմ մը: Միայն իրիկունը աղային լուրջ ու խոժոռ դեմքեն վախցավ քիչ մը. հետո անոր տղան, երիտասարդ մը, մարմնեղ, արյունոտ անձ մը. հորը ձեւը, հորը լրջությունը:
Այս ամենը կարգով ամփոփեց շարեց մտքին մեջը ու խորունկ գոհունակություն մը զգաց. հետո ցատկեց տեղեն շուտով, հագվեցավ, մազերը սատրեց, պատեն կախված հայելիի մեծկակ կտորի մը մեջ նայեցավ. այն ատեն, առջի անգամ ըլլալով ուշադրությամբ դիտեց իր դեմքը, աղվոր ըլլալուն հաճույքը զգաց ու վար իջավ:
Սուրբիկ հանըմին աղվոր պեսլեմեն ամենուն բերանն էր գեղին մեջ: Աղաներն ալ, հանըմներն ալ Սուրբիկ հանըմը կշնորհավորեին:
Պզտիկ ու անգիտակից պչրանքով կհագնվեր անիկա, իր հանըմին պատվերին համեմատ, ճերմակ մաքուր գոգնոց կապած առջին: Իրիկունները աշխատանքին լմննալուն ետքը, ամենեն վերի հարկը իր փոքրիկ սենյակը կ՚երթար, պատուհանին առջեւ կնստեր, շոգենավեն ելլողները դիտելու համար, մինչեւ որ վարեն կանչեին զինքը:
Տանը մեջ կ՚սկսեր վարժվիլ. իր առած ամսականը ամբողջությամբը գեղ կղրկեր, էրկանը ձեռքը, ու գոհ էր այս կյանքեն: Միայն երբեմն խուլ անհանգստությունը ուներ վտանգի մը զոր չէր տեսներ, ճիշտ ինչպես սենյակի մը մեջ ինքնիրենը մստած մեկը, նույնիսկ աչքը գոց պահուն, կ՚զգա ուրիշի մը ներկայությունը, աչքը դեռ չբացած:
Այս վտանգը ավելի քան օդի մեջն էր, քան թե շոշափելի բան մը: Չէր գիտեր հաստատ կերպով, թե ի՞նչ էր իրեն սպառնացող բանը, բայց զգույշ կենալու պետքը կ՚զգար:
Այս Պոլսո մարդիկը, իրենց բոլոր քաղաքավար վարմունքին հակառակ, կնկան նայելու ձեւեր մը ունեին, որ համբուրվելու պես կդիպչեր իր երեսին եւ իր նոր հարսի, գրեթե կույսի ամաչկոտությունը կվիրավորեր ամեն վայրկյան: Միմիայն իր կնոջական բնազդովը կ՚զգար լուռ իղձերու հովը, որ իր շուրջը կ՚ելլեր, կբարձրանար, երբոր էրիկմարդոց առջեւ գտվեր, անուշ բերած կամ ջուր տված միջոցին: Եվ դեպի դուռ դարձած՝ սենյակեն դուրս ելլելուն, ամեն աչքերը իր վրա էին, իր հաղթ ու գեղեցկաշեն մարմնին վրա, որուն լեցուն գիծերը, իր քալվածքին համեմատ հազիվ թե նշմարելի շարժումով մը կխաղային: Մինչեւ անգամ իր հագուստը ու կապուստը, շինականի եւ սպասուհիի պարզությամբ, եւ թերեւս ատոր համար հրապուրիչ բան մը ուներ:
Այս ձգողության՝ Ղազար աղային տղան չդիմացավ երկար ատեն:
Մարմնեղ ու տարփասեր երիտասարդ մըն էր, հորը պես իր բոլոր իղձերը թաքուն պահելու սորված ու ատոր համար, ա՛լ ավելի ինքնզինքը զսպելու ամկարող, երբոր դիպվածով մինակ մնար սպասուհիին հետ:
Իր ծանր գլուխ տղու համբավին հակառակ, շուտով սկսավ կատակներ ընել Տիգրանուհիին հետ, փորձի ենթարկելով զայն, իբեւ թե անզգուշությամբ, անոր մարմնին կդպեր, ձեռքը բռնել կ՚ուզեր: Այն ատեն, Տիգրանուհին հասկցավ անոր միտքը եւ ետ քաշվեցավ, առանց խուճապի, այն վախկոտներուն պես, որոնք ծանր-ծանր քալելով կնահանջեն, շինծու քաջությամբ եւ անփութությամբ մը ծածկելով իրենց նեսդիի դողը, դիմացինին հարձակումը չփութացնելու նպատակով:
Անկե վերջը երիտասարդը բացեիբաց իր պահանջումները պարզեց անոր, այնքան ավելի բռնանալով, որքան վեց ամսե ի վեր տեւող մերժումները զինքը ամեն ծայրահեղությանց տանելու սատիճանին հասցուցեր էին: Առտու, իրիկուն, գիշեր, աչքկապուկի կամ պահվըտուքի պես բան մըն էր տանը մեջ. սենյակե սենյակ, անկյունե անկյուն հալածանք մը, որուն մեջ աղախինը, պարտավորված անոր մոտ գալու ամեն անգամ, որ խըզմեթ մը ապսպրեր իրեն, ինչ ընելիքը չէր գիտեր:
Վերջապես, հուսահատած, օրին մեկը հանըմին գնաց ամեն բան խոստովանելու: Սուրբ ու առաքինի կին էր իր հանըմը, որուն գովեստը կ՚ըներ քարոզիչ սրբազանը շատ անգամ եկեղեցվո բեմեն: Ու իրեն պաշտպան մը գտնելու առաջադրությամբ, ցորեկ մը իր հանըմին հետ մինակ մնացած մեկ ատենին, վարանելով, կարմրելով ամեն բան հասկցուց անոր:
Սուրբիկ հանըմ զարմացավ, չհավտաց նախ ասանկ բանի մը գոյությանը, թերեւս Տիգրանուհին սխալած էր: Հետո ըսավ, որ իրիկունը իր տղուն հետ պիտի խոսեր, բայց ավելցուց ժպտելով, որ այս բոլոր պատահածին հանցանքը Տիգրանուհիին գեղեցկությանն էր:
— Աղեկ սիրտ ունի տղաս, բայց էրիկմարդ է, դուն ալ այնքան աղվոր ես, որ չեմ զարմանար զքեզ սիրելուն: Մարդ քեզի չի կրնալ դիմանալ:
Հաճի Տյուրիկ, որուն Տիգրանուհին հայտնած էր իր վիճակը, խնդաց իր վրան:
— Օղո՛ւլ,— ըսավ անոր,— էֆենտիիդ տղան կսիրե կոր քեզի, ա՛լ ի՞նչ կ՚ուզես:
Տիգրանուհին քիչ մը ատեն ալ պաշտպանեց ինքնզինքը անոր ձեռնարկություներուն դեմ, բայց կամաց-կամաց վարժվեցավ սիրո խոսքեր լսելու անկե: Հանըմը այդ միջոցին շատ-շատ պարգեւ կուտար իրեն. ամսականին մոտ գումար մըն ալ ասանկով կ՚առներ: Տգրանուհին կխոստովաներ ինքնիրենը, որ ասիկա միմիայն իր աշխատությանը համար չէր: Հետո բոլոր այս հետապնդումներուն հալածանքներուն մեջ իր արյունն ալ կ՚եռար, դող կ՚ելլեր ու կսկսեր ինք ալ փոխադարձ հաճույք մը զգալ այդ ամենեն: Փախչիլ կձեւացներ, բայց կձեւացներ միայն ու կժպտեր:
Գիշեր մը Տիգրանուհին իր սենյակի մեջ գտավ իր երիտասարդ էֆենտին, պոռալ ուզեց, բայց վախցավ ձայն հանելու, աղաչեց.
— Ոտքդ պաքնեմ, էֆենտիս, մեղք եմ:
Բայց էֆենտին կորովի էր եւ իր ուժին տակ զսպեց զինքը:
— Հանըմս, հանըմս ի՞նչ պիտի ըսե,— կ՚ըսեր անիկա դողդղալով:
— Խե՜նթ,— պատասխանեց երիտասարդը անոր, — մայրս ինծի ըսավ, որ սենյակդ ես ու եկա քեզ գտա. մորմես բնավ մի՛ վախնար:
Ետ-ետ երթալով կինը պատին կռնթած էր, ալ զինքը գրկող պողպատե բազուկներուն մեջ անարժ մնացած. հոս՝ դիմադրության ուժը կպակսեր. գլուխը պատին դարձուցած ըլլալով, իր պարանոցին վրա կ՚զգար համբույրներու կիզումը, ու Տիգրանուհին, անձնատուր ըլլալու մոտ ու անձնատուր ըլլալե առաջ իր արդարացումը կփնտրեր հիմա, մտածելով, որ ձեռքեն եկածը ըրեր էր ինքզինքը պաշտպանելու համար. ու հանցանքը իրը չէր՝ եթե չէր հաջողեր: Անձնասպաններ կան, որոնք վերջին պահուն զղջալով հանդերձ, չեն կրնար իրենց որոշումեն ետ կենալ եւ տող մը գիրով իրեց մահը կբացատրեն, կ՚արդարացնեն. Տիգրանուհիին ըրածն ալ ատ էր:
Երկու տարի տեւեց այս կյանքը. ուզված աղախինն էր անիկա, որ էֆենտիին տղան Փերա, գեղ տեղվանք երթալեն վազ բերած էր: Սուրբիկ հանըմ հարսի մը պես հիմա կհագվեցներ զայն, ու եկողին գացողին անոր գովեստը ընելե չէր դադրեր:
Օրին մեկը, սակայն, Տիգրանուհին հիվանդացավ. գլուխը կդառնար, սիրտը կխառնվեր. այս անհանգստությունը շարունակեց քանի մը օր, բայց սպասուհին վախեն բան մը չըսավ, բերանը չբացավ մեկու մը. քիչ մը ատեն անցավ ու ծոցվորության նշանները երթալով շեշտվեցան: Տիգրանուհին շվարած էր, ինչ ըսելիքը, ինչ ընելիքը չէր գիտեր: Մյուս ծառաները կ՚սկսեին քիթներուն տակեն խնդալ, կատակներ ընել, չարչարել զինքը: Այդ միջոցին երիտասարդ էֆենտին իր մոտը չէր գար, ու տանը մեջ երեսը չէր նայեր: Հանկարծ օր մըն ալ Սուրբիկ հանըմ զինքը ուշադրությամբ դիտեց, նայվածքով մը, որ կրակե պատմուճանի մը պես սպասուհիին գլխեն մինչեւ ոտքը շրջապատեց:
— Մո՛տ եկու, Տիգրանուհի, — ըսավ անոր բիրտ ձայնով մը: Եվ տեսնելով անոր վարանիլը.
— Սա՛նկ, ավելի՛ մոտ:
Մոտեն՝ հղությունը ակներեւ էր. շատ մը կիներու պես Տիգրանուհին տգեղցեր էր. երեսին մորթը թուլցեր, կախվեր էր, փորը անշնորհ կերպով դուրս կցցվեր ու ամեն սիրտը զարնելուն՝ չափազանց մեծցած կուրծքին հարույցքը աչքի կզարներ իսկույն:
Այն ատեն բարկութենեն Սուրբիկ հանըմին խելքը գլխեն գնաց:
— Փոստա՜լ, — պոռաց անոր երեսն ի վեր,-— փոստա՜լ, տունս անպատվեցիր, թե՛զ ճեհեննեմ եղի՛ր:
Մարիամը վեր վազեց հանըմին ձայնը լսելով:
— Հաճի Տյուրիկ կանչեցեք շուտ, սա շունը առնե տանի՛, — կպոռար հանըմը:
Երկու ժամ ետքը թելլալը գտան բերին ու բերանը փրփրելով Սուրբիկ հանըմ իր զայրույթը դուրս թափեց:
Կեղծավորությունը անանկ բան մըն է, որ երբեմն ու վերջիվերջո անկեղծության հետ կշփոթվի եւ անկե չի տարբերիր , ինչպես որ սուտ խոսողներ կան, որոնք իրենց սուտին կհավտան:
Ասանկ ալ Սուրբիկ հանըմին բարկությունը շինծու բան մը չէր, անկեղծ էր. երբեք կարող չէր հիմա մտքեն անցընել, որ իր գիտությամբը, իր կամքովը, իր կարգադրությունովը ամեն բան եղած կատարված էր: Իր բերնին մեջ ամեն վայրկյան հեղհեղվող պատիվ, պարկեշտություն բառերուն վարժությամբը՝ ցավագարի մը պես կպոռար, աղախինը, Հաճի Տյուրիկը ու բոլոր աշխարհը հանցավոր գտնելու կ՚ելլեր:
— Հիմա՛, հիմա՛, փոստալը թող կորսվի երթա, վայրկյան մը չեմ ուզեր տունիս մեջ:
Այս եղավ իր վերջին խոսքը:
Թելլալը Տիգրանուհիին սենյակը ելավ, մահվան դողերուն մեջ գտավ զայն. սաստիկ ջերմ եկած էր վրան, երեսները կարմրեր էին, մինչդեռ ակռաները իրարու կզարնվեին:
Միջնորդ կինը գթաց անոր. բան մը հարցնելու պետք չուներ. անցած դարձածը գիտեր. միյան հարցում մը .
— Քանի՞ ամսում ես, աղջի՛:
— Չեմ գիտեր,— մրմնջաց մյուսը:
Վար իջավ հանըմին քով, բայց անիկա նորեն սկսեր էր ձայնը բարձրացնել ու ջանքեր կ՚ըներ իր զայրույթը ավելցնելու համար. շարունակ կհիշեր ասանկ աղքատ կին մը իբր սպասուհի իր տունը ընդունելով գործած բարիքը եւ ասոր փոխարեն, գտած ապերախտությունը. սա ազգը ասանկ էր միշտ. աղքատները ասանկ խայտառակ արարածներ էին բոլորն ալ. ու նստած տեղեն փեշը վեր կքաշեր, իբրեւ թե այս տիղմին չքսվելու համար: Եվ հանկերգին մը նման միեւնույն նախատական բառը կուգար շուրթերուն վրա, թուքի մը պես.
— Փոսստա՜՜լը, փոստա՜՜լը, ով գիտե ո՛ր ծառաս գլխե հաներ է:
Այն ատեն Հաճին նեղացավ ա՛լ. ձեռքերը մեջքին դրավ ամբարտավան ձեւով մը.
— Ինծի նայե՛, հանըմ, շտտակն ըսե՞մ, անիկա կնիկ ծառա մըն է, դուն քու տղուդ խոսք հասկցնելու էիր. հիմի ալ ելլե՛ր ծառայի հետ տեսնվեր է կ՚ըսես. ասիկա մեղք է:
— Ի՜նչ, հիմա ալ տղո՞ւս վրա մուր պիտի քսեք. իմ տղաս ծառայի վրա չի թքներ. բոլոր գեղին աղջիկները, կնիկները իրն են:
— Քու բոլոր գեղիդ մեջ ալ Տիգրանուհիին պես աղվոր մը չկա, հանըմ. դուն եկու՛ր իմ խոսքս մտիկ ըրե, իմ գլխես շատ տաք ու պաղ անցած է. բան մըն է, որ եղեր է. ասիկա առնել անցնելու չէ:
Բայց մյուսը կհամառեր. չէր ընդուներ, որ իր զավակը տեսնված ըլլա Տիգրանուհիին հետ:
Ու վեճը երկարացավ. երկուստեք բիրտ բառերով նախատինքներով լեցված վեճ, որուն մեջ ստորին ու ախտոտ դերը՝ թելլալ կնկանը դերը չէր:
Սուրբիկ հանըմ ուրիշ բանի չէր բաղձար, բայց միայն գայթակղությունը ավելի չտարածված մեյ մը դուրս նետել Տիգրանուհին:
Հաճին խորամանկ էր, զգաց ասիկա եւ ջանաց օգուտ քաղել անկե, սպասուհիին համար քանի մը ղուրուշ ձեռք ձգելով:
— Ամեն բան ստակով կ՚ըլլա:
— Անոր տալուս Հիվանդանոցին կու տամ,— կ՚ըսեր Սուրբիկ հանըմը, կրկնելով այն խոսքը, զոր իրենց պարտքը վճարել չուզողները, հայտնի ավազակ մը չհամարելու համար, սովորաբար կգործածեն մեր մեջ:
Ան ատեն հաճին բերանը բացավ:
— Ինծի նայե, ձեր տղաքներուն էյլենճեին համար տունը աղվոր պեսլեմե ուզողը փարա տալեն քաշվելու չէ, հասկցա՞ր, օղուլ: Հիվանդանոցիդ ստակ տալուդ, տղուդ ծոցվոր ձգած աղքատ աղջիկն տուր. չունիկ չունեւորիկ չեք, փառք աստուծո: Աս աղջիկը տեղ մը չի կրնար աշխատիլ, զավակ պիտի բերե, ապրուստ չունի, գեղը հիվանդ էրկանը ղրկելու ստակ չունի:
Սուրբիկ հանըմ պոռաց, հայհոյեց, սակարկեց, եւ վերջիվերջո քսան ոսկի տվավ, բայց այն պայմանով, որ նույն վայրկյանին Հաճին առնե տանի Տիգրանուհին: Ժամը տասներկուքը անցեր էր:Ղազար էֆենտին ու տղան տուն դարձեր էին վերջին շոգենավով եւ, դիմացի սենյակը նստած, առուտուրի վրա կխոսեին. տղան հոր դեմ բարեւ բռնած էր գրեթե, հնազանդ ու առաքինի զավկի պարկեշտության մեջ:
Այս ժամուն Քատըգյուղեն Պոլիս գալու շոգենավ չկար: Հաճին պարտավորվեցավ, աղջիկը հետը առած, նավակ մը վարձել Ղալաթիա անցնելու համար:
Աշունի իրիկուն մըն էր, ձմեռնամուտի մոտ: Անձրեւ մը կուգար միօրինակ եւ անընդհատ, սեւ քողի մեջ պարփակելով ծովն ու ցամաքը: Նավահանգիստին մեջ շոգենավերը անշարժ հսկաներու պես կեցեր էին իրենց խաչաձեւ կայմերովը, կարծես թե բարեւ բռնած: Ծովեն՝ Ղալաթիան, ու ավելի բարձրը՝ Փերան, իրենց անհամար լույսերը կ՚սկսեին մեկիկ մեկիկ վառել:
Ու սմքած՝ այս նավակին մեջ, իր փոքրիկ պողչան թեւին տակ, Տիգրանուհին, կամքե ու գիտակցութենե զուրկ, ուշադրությամբ մըտիկ կ'ըներ թիերուն ծովին մեջ մխրճվելու ձայնին, եւ հեռուն մութին մեջ վառվող բիծերը կդիտեր, երբոր առաջին անգամ, իր զավկին խաղալը զգաց որովայնին մեջ:
Գյուղին մեջ Ղազար աղային տանը համար գայթակղություն մը չսեպվեցավ ասիկա. թեեւ ճշմարտությունը քիչ շատ իմացվեցավ, բայց ամենքը ըսին, որ Տիգրանուհին ծառաներեն մեկը գլխե հանելուն համար վռնտված էր: Սուրբիկ հանըմին բարեպաշտությանը վրա այս առրթով ավելի շատ խոսվեցավ. անոր տանը բարոյականին համբավը քիչ մըն ալ ավելցավ կարծես: Տղուն աղջիկ տալ ուզող կիները միաբերան գովեցին մայրն ալ, զավակն ալ:
— Փոստալին մեկն էր, — կ'ըսեին սպասուհիին համար, — ասանկ տան մը խըյմեթը չգիտցավ:
Առուտուրի մեջ Ղազար աղային հետ գործ ունեցողներն ալ նույն կարծիքեն էին: Ղազար աղան, Սուրբիկ հանըմը կմեղքնային, անոնց ի գործ դրած բարիքին դեմ եղած ապերախտության վրա կզարմանային շարունակ:
— Աշխարհք է սա,— կկրկնեին գլուխնին երերցնելով:
Վրայեն չորս տարի անցեր էր, երբ այս պատմությունը իմացա ես բարեկամի տունի մը մեջ, ուր Տիգրանուհին կ՚աշխատեր իբրեւ սպասուհի:
Միշտ աղվորիկ կին մըն էր, թեեւ տարիքին հակասող ծանրություն մը կար դեմքին վրա:
Հղության վերջին ամիսները, տղաբեքրը Հաճի Տյուրիկին տանը մեջ եղեր անցեր էր, կայտառ, խնդումերես մանչ մը ձգելով իրեն, այն պահուն, ուր անդին գեղին մեջ էրիկը թոքատապե կմեռներ:
Մեծ ցավ մը չէր զգացեր Տիգրանուհին այս չճանչցած էրկանը մահեն. բայց նորեն թիկունք մը պակսած էր իրմեն այս մահով, որչափ ալ ենթադրական բան մը ըլլար ատիկա: Ու ավելի մեծ սիրով մը փարած էր այս զավկին, որ հայր չունենալուն համար կրկնապես իրենն էր:
Ինքը աշխատանքի ստիպված ըլլալուն, իր զավակը օտար կնոջ մը հանձնելու հարկադրված էր, եւ օրին մեկը անոր ալ հիվանդանալուն լուրը բերին: Վազեց գնաց, բայց մանկիկին վերջին ժամուն միայն հասավ. բժիշկ, դեղ օգուտ չըրին, ոչ ալ ս. մասունքը զոր Ամենափրկիչեն բերել տվավ. թռչունի մը պես առանց տրտունջի հոգին ավանդեց անիկա իր գրկին մեջ:
Տիգրանուհին մարդ մարդասանք չուներ. Հաճի Տյուրիկն ալ գեղն էր այդ միջոցին. ինքն իր գլխուն պարտավորվեցավ մեռելաթաղի բոլոր չնչին ու ահավոր պատրաստությունները տեսնել: Ինքը հագվեցուց, սազեց մանկիկը, ինչպես վերջեն կպատներ լալով: Հետո եկեղեցի գնաց փափագ հայտնելով, որ կարելի եղածին չափ շքեղ ըլլա հուղարկավորությունը:
— Մեղք ես, կնի՛կ, ստակ չունիս,- ըսին ժամեն:
Անիկա համառեցավ, ուզածնին վճարեց, շատ մը մոմեր վառել տվավ, պնդեց, որ երկու քահանա գտնվի արարողությանը. մանավանդ չուզեց, որ ճաղի մեջ դնեն իր զավակը, վախնալով, որ հողին մեջ չմսի անիկա. սնտուկ ապսպրեց, համոզված ըլլալով, որ անոր մեջ պիտի պատսպարվի պզտիկը:
Օր մը շարունակ ասոնցմով զբաղեցավ, ամեն բան իր ձեռքովը կարգի դրավ. ժամին մեջ ինքը մինակ էր եւ մինչեւ գերեզմանատուն, գլուխը բաց, ինքը մինակ հետեւեցավ դագաղին: Հո՛ն, իր աչքին տակ, տեղավորել տվավ զայն հողին մեջ ու ետ դարձավ իր ծառայած տունը, երկու օր բացակա մնալե ետքը:
Աչքերը ուռած էին լալեն, բայց գանգատի բառ մը չելավ բերնեն. գլուխը կախած, առաջվան պես աշխատանքի տվավ ինքզինքը:
Անկե վերջ իր բոլոր մտմտուքը, իր բոլոր առաջադրությունները այս պզտիկ հողակույտին հատկացան: Ամսականեն ժողված առջի ստակովը՝ գերեզմանատան մեջ պզտիկ հող մը գնեց:
— Երկու հոգիանոց հող մը,— ըսավ ցած ձայնով մը թաղականներուն:
Ստակը վճարեց եւ թուղթը ձեռքը բռնած իսկույն գերեզմանատուն վազեց, զավկին մարմինը հոն փոխադրել տալու համար: Քիչ ատեն վերջը, պզտիկ պատով մը շրջափակել տվավ այդ պզտիկ հողը. վերջն ալ քար մը դնել տվավ անոր վրա: Բոլոր վաստակածը հոդ կծախսեր. ամեն ատեն նոր բան մը ուներ շինելիք, ավելցնելիք, գեղեցկացնելիք այդ տեղին մեջ:
Ու մեռելոցին օրերը, քանի հատ որ օր կա տարվույն մեջ, մեծ ու պզտիկ, ցնծության օրեր էին իրեն համար: Առտուն կանուխ կ՚ելլեր, իր այրի կնոջ արդուզարդը կ՚ըներ, լուրջ ու հանդիսավոր արդուզարդ մը, ու ճամփա կ՚իյնար դեպի գերեզմանատունը. պզտիկ տապանին քով չոքած՝ երկար բարակ ու ցած ձայնով կխոսեր իր զավկին հետ, անոր մանուկի բարբառովը: Ամեն հեղուն տերտերին օրհնել կու տար գերեզմանը, հարուստե մը ավելի առատաձեռնությամբ տալով օրհնողչեքը:
Դարձին՝ երանություն մը կար անոր դեմքին վրա:
— Ո՞ւր գացեր էիր, Տիգրանուհի՛,— կհարցնեին տնեցիները, իբրեւ թե չգիտնային անոր ո՛ւր երթալը:
— Հանը՛մ, զավկիս գացի,— կպատասխաներ ուրախությամբ:
<1901>