Փոքրի՛կ ոտիկներ…

Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյանի

Փոքրի՛կ ոտիկներ…


Փոքրիկ ոտիկներ, ժըրաքայլ, թեթև,
Նեղ է այդ ուղին՝ փռված ձեր առջև.
Հաճախ կսայթքեք, հաճախ վայր կընկնեք,
Ձեզ տոթը կայրե, ցեխով կըծածկվեք.
Այդ ուղին անցա ես մեծ տանջանքով,
Եվ ձեզ նայում եմ տխուր հայացքով,
Տանջող թախիծ է իմ կրծքին տիրում,
Երբ ձեզ սպասող փուշն եմ միտ բերում։

Փոքրի՛կ թաթիկներ, ձեզ գործն է օտար,
Բայց կըգա ժամը, չեք գտնիլ դադար.
Հըզոր կլինեք, իշխան աշխարհիս,
Թե թույլ—ձեր պարենն հազիվ հոգալիս,
Թշվառին կօգնեք ջերմ կարեկցանքով,
Թե հաց կըմուրաք լի աղերսանքով,
Մե՜կ է… Նայում եմ տանջված ձեռքերիս,
Եվ ձեր տանջանքն է իմ միտը գալիս…

Մանկակա՛ն սրտեր, վիշտ չունեք բընավ,
Բայց դուք կըտեսնեք դեռ շա՜տ վիշտ ու ցավ.
Անհույս երազել բախտ, լույս, իրավունք,
Դողալ զայրույթից, թափել արտասուք,
Վշտանալ անվերջ, բորբոքվիլ սիրով,
Ապրել անարգված, փշրված հույսերով…
Օ՜, փորձով գիտեմ ես սրտի վշտեր,
Եվ ձեզ խղճում եմ, մանկակա՛ն սրտեր։