Փոքրիկ Իդայի ծաղիկները
ՓՈՔՐԻԿ ԻԴԱՅԻ ԾԱՂԻԿՆԵՐԸ
—Խե՜ղճ ծաղիկներս, բոլորը մեռել են, ասաց փոքրիկ Իդան։ Երեկ երեկոյեան նրանք այնքա՛ն գեղեցիկ էին, իսկ այժմ, նրանց ամբողջ տերեւները կախուել են, չորացել։ Ինչի՞ցն է այս, հարցրեց նա՝ այն ուսանողին, որ նստել էր բազմոցի վրայ և որին շատ էր սիրում։ Ուսանողը չափազանց սիրուն պատմութիւններ գիտէր և շատ զուարճալի պատկերներ կտրում էր թղթից, օրինակի համար պարող փոքրիկ կիներ, ծաղիկներ, մեծ դղեակներ, որոնց դուռը կարելի էր բանալ և փակել: Օ՜, նա մի շատ ուրախ ուսածող էր:
—Ի՞նչու համար իմ ծաղիկները այսօր այդպէս տխուր կերպարանք ունեն, հարցրեց երկրորդ անգամ Իդա, նրան ցոյց տալով բոլորովին չորացած մի փնջիկ։
—Ես քեզ իսկոյն կասեմ, թէ ի՞նչ ունեն նրանք, պատասխանեց ուսանողը: Քո ծաղիկները՝ այս գիշեր, պարահանդէս են գնացել, և պարելով պարելով յօգնել են. ահա՛ ի՞նչու համար նրանց գլուխները այդպէս կախ ընկած են։
—Բայց, չէ՞ որ ծաղիկները պարել չը գիտեն, ասաց փոքրիկ Իդան:
—Հաւատացի՛ր գիտեն, պատասխանեց ուսանողը: Երբ մթնում է և մենք ամենքս քնում ենք, նրանք համարեա ամեն գիշեր թռչկոտում են, պարում են և զուարճանում՝ որքան կարողանում են: —Լա՛ւ, երեխաները չե՞ն կարող նրանց պարահանդէսին ներկայ լինել։
—Ի՞նչպէս չէ, պատասխանեց ուսանողը. պարտէզի երեխաները՝ ինչպէս փոքրիկ մարգարիտները և փոքրիկ մեխակները:
—Ո՞րտեղ են պարում գեղեցիկ ծաղիկները, հարցրեց փոքրիկ Իդան։
—Դու քաղաքից դուրս չե՞ս եկել երբէք. չե՞ս եղել մեծ դղեակի կողքերում, ուր թագաւորը բնակւում է ամառը և որտեղ կայ ծաղիկներով լի մի հիանալի պարտէզ: Դու տեսած կը լինես կարապները, որ լողում են դէպի քեզ, հացի փշրանքներ ես տալիս: Ահա՛ այնտեղ են տրւում մեծ պարահանդէսները:
—Երէկ մայրիկի հետ պարտէզ գնացինք, պատասխանեց փոքրիկ աղջիկը. բայց ծառերի վրայ ո՛չ մի տերեւ կար, ո՛չ էլ մի հատ ծաղիկ՝ պարտիզում: Ո՞րտեղ են այժմ այն բոլոր ծաղիկները, որոնց տեսայ ամառ ժամանակ:
—Նրանք դղեակի ներսումն են, ասաց ուսանողը: Թագաւորը և պալատականները հազիւ թէ քաղաք վերադարձած, ծաղիկները իսկոյն թողնում են պարտէզը, մտնում են դղեակ և ուրախ զուարթ կեանք վարում։ Ա՜հ, տեսնելու բան է։ Երկու ամիս գեղեցիկ վարդերը նստում են գահի վրայ և դառնում են թագաւոր և թագուհի: Արնագոյն կակաչները կարգաւ շարւում են նրանց երկու կողմում և խոնարհութիւն են անում. դրանք թագաւորական տան սպաներն են (օֆիցէր): Յետոյ գալիս են միւս ծաղիկները և մի մեծ պարահանդէս են սարքում... Կապոյտ մանուշակները՝ ծովային դպրոցի աշակերտները՝ յակնթածաղիկների և քրքումների հետ պարում են նրանց օրիո՜րդ, օրիո՜րդ, կոչելով։ Կակաչների և կարմիր մեծ շուշանների՝ այսինքն տիկինների պաշտօնն էր հսկել, որպէս զի ամեն մարդ պատշաճ կերպով պարէ և ամեն ինչ անց կենայ, ինչպէս որ հարկն է:
—Բայց, հարցրեց փոքրիկ Իդան, ծաղիկներին չեն պատժում՝ թագաւորական դղեակում պարած լինելուն համար:
—Համարեա ոչ ոք գիտէ այդ բանը, ասաց ուսանողը: Ճիշտ է, երբեմն, գիշեր Ժամանակ, ծեր վերակացուն գալիս է դղեակում շրջելու համար։ Բայց նա կրում է բանալիների մի մեծ տրցակ եւ հէնց որ ծաղիկները լսում են բանալիների չրխկոցը, անմիջապէս թագնւում են երկար վարագոյրների ետեւը՝ գլխները միայն դուրս հանելով.
— Զգում եմ, որ այստեղ ծաղիկներ կան, ասում է ծեր վերակացուն, բայց չի տեսնում նրանց:
—Հիանալի՜ է, բացագանչեց փոքրիկ Իդան ծափահարելով: Արդեօք ես էլ չեմ կարող նրանց պարը տեսնել։
—Գուցէ, ասաց ուսանողը: Երբ գնաս թագաւորի պարտէզը, պատուհանից մտիկ տո՛ւր եւ կը տեսնես։ Ես այսօր իսկ դիտեցի: Այնտեղ բազմոցի վրայ փռուել էր մի երկար դեղին շուշան: Դա մի պալատական տիկին էր:
—Բուսաբանական պարտէզի ծաղիկներն էլ այնտեղ գնո՞ւմ են արդեօք. եթէ նրանք ուզեն գնալ, ի՞նչպէս կարող են այդ երկար ճանապարհը կտրել անցնել։
—Եթէ նրանք ուզեն, կարող են թռչել, ասաց ուսանողը: Մի՞թէ չես տեսել կարմիր, դեղին եւ սպիտակ սիրուն թիթեռնիկներ. նրանք մի՞թէ բոլորովին նման չեն ծաղիկներին։ Թիթեռնիկները առաջ ծաղիկներ են եղել, որ իրանց ցօղունները թողնելով բարձրացել են օդի մէջ, յետոյ իրանց տերեւները շարժել են փոքրիկ թեւերի նման և սկսել են թռչկոտել: Եւ որովհետև նրանք չարութիւն չեն արել, թոյլտւութիւն են ստացել թռչկոտելու ամբողջ օրը: Նրանք վարժուել են օդի մէջ ապրել և էլ կարիք չունեն իրանց ցօղունին նորից կպչելու: Վերջ ի վերջոյ նրանց տերեւները իսկական թեւերի են փոխուել։ Կարող է պատահել, որ բուսաբանական պարտէզի ծաղիկները ո՛չ թէ միայն թագաւորի պարտէզը գնացած չը լինեն, այլ և տեղեկութիւն անգամ չունենան, որ այնտեղ ծաղիկները՝ գիշեր ժամանակ, ուրախ զուարթ կեանք են անցնում: Ուզո՞ւմ ես քեզ մի բան ասեմ. երբ բուսաբանական պարտէզ գնաս, ջուր տուր մի ծաղկի, թէ դղեակում մեծ պարահանդէս կայ. նա էլ միւս բոլոր ծաղիկներին կը յայտնէ և նրանք ամենքը կը թռչեն դէպի դղեակ: Երեւակայո՞ւմ ես արդեօք, թէ որչափ պիտի ապշի մեր հարեւանը՝ բուսաբանութեան ուսուցիչը, երբ պարտիզում ոչ մի ծաղիկ չը գտնէ։
—Բայց ի՞նչպես մի ծաղիկ կարող է միւսներին լուր տալ, հօ՜ ծաղիկները խօսել չեն իմանում։
—Այդ ճիշտ է, պատասխանեց ուսանողը․ բայց նրանք շատ լաւ գիտեն շարժել ու ձեւերով խօսել։ Չե՞ս տեսել որ, երբ մի քիչ քամի է փչում, ծաղիկները խոնարհւում են, և գլխով իրար ինչ որ նշաններ են անում: Չե՞ս նկատել, որ բոլոր կանաչ տերեւները շարժւում են: Այդ շարժումները նրանց համար նոյնքան հասկանալի են, որքան խօսքերը մեզ համար:
—Արդեօք ուսուցիչը նրանց լեզուն հասկանո՞ւմ է, հարցրեց Իդան:
—Այո՛, անկասկած: Մի օր, երբ նա պարտիզումն էր, մի մեծ եղիճ նշմարեց, որ իր տերեւներով՝ մի կարմիր, գեղեցիկ շահոքրամի նշաններ էր անում: Եղիճն ասում էր. «Ո՜րքան գեղեցիկ ես, ես քեզ շա՛տ եմ սիրում»։ Ուսուցիչը բարկացաւ և խփեց եղիճի այն տերեւներին, որ ծառայում են իբրեւ մատ: Տերեւները խայթեցին ուսուցչին: Այդ օրից սկսած, ուսուցիչը այլ ևս չի համարձակում դիպչել եղիճին:
—Շատ տարօրինակ է այդ, ասաց փոքրիկ Իդան, և սկսեց ծիծաղել։ Փոքրիկ Իդան մեծ հաճոյքով էր լսում ուսանողի պատմածները: Այժմ նա խորհրդածում էր. «Ծաղիկներս իրանց գլուխը խոնարհել են, որովհետև ամբողջ գիշերը պարելուց յոգնել են։ Անշուշտ նրանք հիւանդ են»: Իդան վերցրեց ծաղիկներին և տարաւ իր միւս խաղալիքների մօտ, որոնք գտնւում են մի փոքրիկ սիրուն սեղանի վրայ: Այդ սեղանի դարակն էլ լիքն էր գեղեցիկ խաղալիքներով։ Նա տեսաւ, որ իր տիկնիկը՝ Սօֆին՝ սեղանի վրայ քնել էր: Փոքրիկ Իդան նրան ասաց. «Վեր կա՛ց Սօֆի, և այս գիշեր քնի՛ր դարակում։ Իմ խեղճ ծաղիկները հիւանդ են, և պետք է որ քո տեղը պառկեն: Գուցէ նրանք առողջանան»:
Ու վերցրեց տիկնիկը։ Սօֆի յօնքերը կիտեց և մի բառ անգամ չարտասանեց. շատ էր բարկացել, որ ստիպուած եղաւ իր անկողնից բաժանուելու:
Իդա ծաղիկներին պառկեցրեց Սօֆիի անկողնում, նրա փոքրիկ վերմակով նրանց լաւ ծածկեց և պատուիրեց որ խելօք, հանգիստ քնեն: Յետոյ գնաց թէյ պատրաստելու, որպէս զի խմեն, քրտնեն և հետեւեալ օրը, ուրախ, զուարթ վեր կենան։ Փոքրիկ անկողնու վարագոյրներն էլ վայր քաշեց, որ արեւը նրանց աչքերի մէջ ընկնելով՝ չը նեղացնի:
Ուսանողի ասածները փոքրիկ Իդայի մտքիցը չէին ելնում: Պառկելու ժամանակ ուղղուեց դէպի պատուհանը, ուր գտնւում էին մայրիկի հիանալի ծաղիկները՝ յակնթածաղիկներն ու կակաչները, և նրանց ականջին փսփսաց.
— Ես գիտե՛մ, դուք այս երեկոյ պարահանդէս պիտի գնաք:
Ծաղիկները այնպէս ձեւացրին, իբրեւ թէ ոչինչ չէին հասկանում ու իրանց մի տերեւն անդամ չը շարժեցին։ Բայց Իդա հաստատ համոզուած էր, թէ նրանք գիշերը պարելու են:
Երբ պառկեց, անկողնում երկա՜ր մտածեց, թէ որքան մեծ հաճոյք էր տեսնել ծաղիկների՝ թագաւորի դղեակում պարելը: «Արդեօք իմ ծաղիկներն էլ այնտեղ գնացե՞լ են» միջաց ու իսկոյն և եթ քնեց։ Նա երազեց ծաղիկների ու ուսանողի մասին։ Իդայի պառկած սենեակը բոլորովին լուռ էր. մի կանթեղ վառւում էր սեղանի վրայ ու հայրիկն ինչպէս մայրիկը քնում էին։ «Ո՜րչափ կը ցանկայի իմանալ, թէ իմ ծաղիկները Սօֆիի անկողնո՞ւմն են արդեօք թէ ո՛չ. այո՛, շատ կը ցանկայի», մտածեց Իդա:
Նա անկողնի մէջ նստեց, և հայեացքը գցեց կիսաբաց դռան վրայ: Ուշադրութեամբ մտիկ արեց... բայց այն ի՞նչ էր, իրեն թուաց թէ սրահում մէկը նուագում էր դաշնակի վրայ չափազանց մեղմօրէն և այնչափ քաղցր՝ որ նա երբէք այդպիսի քնքուշ եղանակ չէր լսել։
—Անկասկա՜ծ, ծաղիկները պարում են. ա՜խ, Աստուած իմ. որքան կը ցանկայի նրանց պարը տեսնել, բացագանչեց Իդա անհամբեր:
Բայց նա չը համարձակուեց բոլորովին վեր կենալ. վախեցաւ որ մի գուցէ հայրիկն ու մայրիկը զարթնեն։
«Ա՜խ, եթէ ծաղիկները խելք անեն ու սենեակս մտնեն», մտածեց նա: Բայց ծաղիկները ներս չը մտան ու երաժշութիւնը շարունակւում էր քնքշաբար: Փոքրիկ Իդան էլ չը կարողացաւ համբերել, խելքը գլխից գնում էր. անկողնից վայր թռաւ, ոտքի մատների վրայ քայլելով գնաց դէպի դուռը և սրահի մէջ դիտեց: Օ՜, Աստուա՜ծ իմ, որքա՜ն հրաշալի էր տեսածը: Իրա՛ւ, կանթեղ կամ ճրագ չը կար, բայց ամեն ինչ պայծառ էր երևում: Լուսնեակի շողերը, պատուհանից ընկնում էին տախտակամածի վրայ. այնտեղ ամեն բան պարզ տեսնում էր ինչպէս ցերեկ ժամանակ։ Բոլոր յակնթածաղիկներն ու կակաչները՝ երկու երկար շարքերի վրայ ոտքի կանգնել էին. բոլոր ծաղկամանները դատարկ էին. պատուհանի եզերքին ոչ մի ծաղիկ չէր մնում: Բոլորը իջել էին ցած և սիրուն կերպով պարում էին տախտակամածի վրայ. նրանք իրար խոնարհութիւններ էին անում և միմեանց երկար, կանաչ տերևներից բռնելով շուրջպար էին կազմում: Դաշնակի առաջ նստել էր մի մեծ դեղին շուշան, որին հետ փոքրիկ Իդան ծանօթացել էր ամառը. նա շատ լաւ էր յիշում, նոյն իսկ ծանօթացումի ժամանակ արտասանուած խօսքերը։
—Տե՛ս այս շուշանը, որչա՜փ նմանում է օրիորդ Կարօլինին, ասել էր ուսանողը: Ամենքը դրա համար ծաղրել էին ուսանողին, բայց փոքրիկ Իդան տեսաւ, որ մեծ դեղին ծաղիկը իսկապէս նման էր այդ օրիորդին: Դաշնակ ածելու ժամանակ, դեղին շուշանը միևնոյն շարժումներն անում էր, ինչ որ օր. Կարօլինը: Նա կռացնում էր իր երկար, դեղին դէմքը, երբեմն այս, երբեմն այն կողմ, և իր գլխով չափ էր տալիս: Ծաղիկներից ոչ մինը նկատել էր փոքրիկ Իդային: Նա այնուհետև նշմարեց մի մեծ կապոյտ քրքում, որ խաղալիքների սեղանի մէջտեղ վեր վեր էր թռնում. քրքումը գնաց բաց արաւ տիկնիկի անկողնու վարագոյրը: Հիւանդ ծաղիկները այնտեղ պառկել էին. նրանք անմիջապէս վեր կեցան և գլխով նշան արին միւս ծաղիկներին, թէ իրանք էլ ուզում էին պարել: Նրանք իրանց նախկին զուարթ կերպարանքն ստացան և միւսներին խառնուելով անչափ ուրախացան:
Յանկարծ, սեղանից մի բան ընկաւ. Իդա նայեց. գաւազանն էր, որ վայր նետուեց, որպէս զի ինքն էլ ծաղիկների զուարճութեան մասնակցի: Նրա վրայ հեծել էր, մեծ ու լայն գլխարկ կրող մի մեղրամոմեալ տիկնիկ: Գաւազանը ծաղիկների մէջտեղ մի մազուրկա պարեց. փոքրիկ Իդան իր ծիծաղը չը կարողացաւ զսպել. գաւազանը շարունակեց պարել... Բայց, Իդայի խաղալիքների դարակից՝ մէկը սկսեց ուժգնութեամբ բաղխել: Անուշահոտութիւնների տուփի վրայ գտնուող մարդը վազեց մինչև սեղանը և մի քիչ բաց արեց դարակը: Յանկարծ Սօֆին վեր կացաւ և բոլորովին զարմացած իր շուրջը դիտեց.
—Ի՞նչ, այստեղ պարահանդէս կայ. ինչու համար ոչ ոք ինձ լուր չի տուեց, ասաց նա:
—Չէ՞ք հաճիր ինձ հետ պարել, առաջարկեց անուշահոտութիւնների տուփի մարդը:
—Ֆո՛ւ, ի՜նչ էլ կավալէր, հեգնեց նա և երեսը նրանից շուռ տուեց:
Նա դարակի վրայ նստեց, և սպասեց որ ծաղիկներից մինը գայ իրան պարի հրաւիրելու: Բայց նրանցից ոչ մինը չը ներկայացաւ: Ուշադրութիւն գրաւելու համար նա շատ հազաց, շատ «ըհ՜ը, ըհ՜ը» արեց, բայց իզո՜ւր. ոչ մի ծաղիկ չը մօտեցաւ նրան: Որովհետև ոչ մի ծաղիկ ուշ չը դարձրեց նրան: Այն ժամանակ Սօֆի դիտմամբ դարակից տախտակամածի վրայ դցեց իրան: Բոլոր ծաղիկները վազեցին նրա մօտ և հարցրին թէ արդեօք նրա մի տեղը ցաւե՞լ էր. ամենքն էլ շատ ազնիւ վարուեցին, մանաւանդ այն երկու ծաղիկները, որ իր անկողնու պառկել էին: Նա պատասխանեց, որ ոչ մի ցաւ չէր զգացել: Իդայի ծաղիկները նրան շնորհակալութիւն յայտնեցին նրա փափուկ անկողնու համար և նրան առաջնորդեցին սրահի մեջտեղ, ուր փայլում էր լուսինը և սկսեցին պարել նրա հետ: Բոլոր միւս ծաղիկները շրջանակ կազմեցին նրանց դիտելու համար: Սօֆին, ուրախացած՝ նրանց ասաց.
—Այսուհետև կարող էք անկողնի մէջ պառկել, իսկ ես միևնոյն է, կը քնեմ դարակում։
—Սրտանց շնորհակալ ենք. մենք չենք կտրող երկար ապրել։ Վաղը արդէն մեռած կը լինենք: Բայց, ասա՛, փոքրիկ Իդային, որ մեզ թաղէ պարտիզում, այն տեղ, ուր թաղուած է փոքրիկ դեղձանիկը: Ամառը մենք յարութիւն կառնենք և աւելի գեղեցկացած կը գանք ձեզ մօտ, պատասսանեցին ծաղիկները։
—Ո՛չ, ես չեմ ուզում որ դուք մեռնէ՛ք, գոչեց Սոֆին և համբուրեց նրանց:
Բայց, նոյն րոպէին մեծ սրահի դուռը բացուեց և մի խումբ հիանալի ծաղիկներ պարելով ներս մտան: Իդա չէր կարողանում հասկանալ թէ որտեղից էին գալիս, Անկասկած, նրանք՝ բոլորը՝ թագաւորական պարտիզի ծաղիկներն էին. Նրանց առջևից քայլում էին փոքրիկ ոսկեայ թագեր կրող երկու փալփլուն ծաղիկներ—դրանք թագաւորն ու թագուհին էին։ Նրանց ետևից գալիս էին ամենասիրուն շահպրակներն ամենագեղեցիկ շահոքրամները, որոնք աջ ու ձախ իրանց շուրջը բարևում էին: Նրանց ընկերանում էր մի նուագախումբ: Մեծ խաշխաշներն և պենունաները այնքան ուժով փչում էին իրանց տերևեայ փողերի մէջ, որ նրանց դէմքը կարմրել էր. կապոյտ յակնթածաղիկներն և փոքրիկ ձնծաղիկները այնպէս զանգահարում էին, կարծես իսկական զանգակիկներ կրելիս լինէին: Երևելի երաժշտութիւն էր. միւս բոլոր ծաղիկները նոր խմբին միացան և մի ընդհանուր պար սկսուեց. ամենքը միմեանց համբուրեցին: Զմայլելի՜ տեսարան էր:
Այնուհետև, ծաղիկները իրար բարի գիշեր մաղթեցին և փոքրիկ Իդան մտաւ մեղմով անկողին, ուր նա երազեց իր տեսած բոլոր բաների մասին։ Հետևեալ օրը, երբ վեր կացաւ, վազեց դէպի փոքրիկ սեղանը, տեսնելու համար որ հիւանդ ծաղիկները ա՞յնտեղ էին: Նա բաց արեց փոքրիկ անկողնու վարագոյրները. երկուսն էլ այնտեղ էին, բայց աւելի թառամած քան նախորդ օրը: Սօֆին պառկած էր դարակում, միևնոյն տեղը և խոր քնի մէջ էր երևում:
—Կարո՞ղ ես ինձ պատմել քո տեսածների մասին, հարցրեց փոքրիկ Իդան:
Բայց Սոֆին բոլորովին զարմացած երևոյթ ունէր և մի բառով անգամ չը պատասխանեց:
—Դու բարի չե՛ս, ասաց Իդա. չէ՞ որ նրանք ամենքը քեզ հետ պարեցին:
Նա այնուհետև վերցրեց թղթէ մի փոքրիկ տուփ, ուր գտնւում էին գեղեցիկ թռչունների պատկերներ, և մեռած ծաղիկներին դրաւ նրա մէջ:
—Ահաւասիկ ձեր սիրուն, փոքրիկ դագաղը: Երբ իմ փոքրիկ հօրեղբօր որդիները ինձ մոտ գան, ձեզ կը թաղենք պարտիզում, որպէս զի ամառը յարութիւն առնէք ու մեզ մօտ վերադառնաք աւելի գեղեցկացած, ասաց Իդա։
Իդայի հօրեղբօրորդիները երկու զուարթ երեխաներ էին, մէկի անուն էր Յովնան, միւսինը Ադօլֆ: Նրանք իրանց հօրից մի մի կապարճ նուէր էին ստացել Իդային ցոյց տալու համար: Փոքրիկ Իդան նրանց պատմեց խեղճ մեռած ծաղիկների պատմութիւնը և թաղման հանդիսին հրաւիրեց։ Երկու երեխաները, կապարճները ուսին գցած, գլխիկոր ընթանում էին առաջից. իսկ փոքրիկ Իդան նրանց ետևից գալիս էր ձեռքին բռնած սիրուն դագաղը, ուր հանգչում էին մեռած ծաղիկները: Պարտիզուր մի փոքրիկ փոս փորեցին: Իդա՝ ծաղիկներին հրաժեշտի մի վերջին համբոյր տալուց յետոյ, դագաղն իջեցրեց փոսի մէջ: Որովհետև ո՛չ հրացան ունէին և ո՛չ էլ թնդանօթ, սգոյ երկու նշան՝ Ադօլֆ և Յովնան դերեզմանի վրայ կապարճի մի մի հարուած արձակեցին: