Փոքր, բայց կարևոր ճշտում կամ Ե՞րբ է ստորագրվել Ալեքսանդրապոլի պայմանագիրը

Փոքր, բայց կարևոր ճշտում կամ Ե՞րբ է ստորագրվել Ալեքսանդրապոլի պայմանագիրը /Ալեքսանդրապոլի պայմանագրի 90-ամյա տարելիցին ընդառաջ/

Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրման ճշգրիտ օրն ու ժամը հույժ կարևոր նշանակություն ունի, որովհետև այն անմիջականորեն շաղկապված է Ալեքսանդրապոլում գտնվող հայկական պատվիրակության լիազորությունների (full powers), ըստ այդմ նաև նշյալ պայմանագրի իրավական կարգավիճակի հետ: Քանի որ ցանկացած գործողություն, այդ թվում նաև միջազգային փաստաթղթի ստորագրում, որը կատարվել է պետության ներակայացուցչի կողմից նրա լիազորությունների շրջանակից կամ ժամանակահատվածից դուրս՝ ultra vires գործողություն է և որպես այդպիսին որևէ պարտավորեցնող հետևանք չի ստեղծում տվյալ պետության համար,[1] ուստի Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրման ճշգրիտ ամսաթվի զուտ պատմական փաստը տվյալ դեպքում վերաճել է իրավական կարևորության փաստի:

Այսինքն, տվյալ դեպքում հարցերի հարցը հետևյալն է. Ալեքսանդրապոլի պայմանագիրը ստորագրելու պահին արդյո՞ք հայկական պատվիրակությունն ունեցել է նման լիազորություններ, թե՝ ոչ: Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ սույն հարցի բացասական պատասխանը Ալեքսանդրապոլի պայմանագրի անվավերության (invalidity) հիմքերից միայն մեկն է: Ալեքսանդրապոլի պայմանագիրն անվավեր է նաև մի շարք այլ պատճառներով, այդ թվում վավերացված և ուժի մեջ մտած չլինելու, ինչպես նաև թուրքական պետության բարձրագույն իշխանավորի, այսինքն սուլթան Մոհամմեդ 6-ի, կողմից քեմալականներին համապատասխան լիազորություններ տված չլինելու պատճառով: Հարկ է ընդգծել, որ առնվազն մինչև 1922թ. նոյեմբերի 1-ը ոչ ոք, ոչ միջազգային համայնքը և ոչ էլ քեմալականները, կասկածի տակ չեն դրել սուլթանի de jure իշխանությունը, նրա սահմանադրական բացառիկ լիազորությունները և նրա իրավական գերակայությունը:[2]

Հայաստանում 1920թ. իշխանափոխությունը փաստագրված իրողություն է, հետևաբար նրա օրն ու ժամը՝ անվիճելի փաստ: Իշխանափոխությունը Հայաստանում տեղի է ունեցել ՀՀ իշխանությունների և ՌՍՖՍՀ ներկայացուցիչ Բորիս Լեգրանի միջև համապատասխան համաձայնագրի ստորագրումով: Նշյալ համաձայնագիրը ստորագրվել է 1920թ. դեկտեմբերի 2-ին, կեսօրից առաջ և ուժի մեջ է մտել նույն օրը երեկոյան ժամը 6-ին:[3]

Քանի որ իշխանափոխության հարցը միանշանակորեն հստակ է, մնում է պարզել՝ ե՞րբ է ստորագրվել Ալեքսանդրապոլի պայմանագիրը՝ մինչև իշխանափոխությունը, թե իշխանափոխությունից հետո:

Առավելաբար և ավանդաբար որպես Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրման ամսաթիվ նշվում է 1920թ. դեկտեմբերի 2-ը: Սա սխալ թվագրում է, քանի որ փաստերն այլ բան են վկայում: Կարծում եմ նշյալ սխալը տարածում է գտել, քանի որ թեև պայմանագիրը ստորագրվել է դեկտեմբերի 3-ին, պայմանագրի վրա մնացել է «2 դեկտեմբերի, 1920թ.» (2 Aralik 1336) թվագրումը:

Նախ տեսնենք՝ ի՞նչ են վկայում Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրման անմիջական և ոչ անմիջական մասնակիցները: ՀՀ պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Խատիսյանը իր հուշերում գրում է հետևյալը. «Երեկոյեան ժամը 8-ին կայացաւ խաղաղութեան խորհրդաժողովի չորրորդ և վերջին նիստը: (…) Գիշերւայ ժամը 2-ին (դեկ. 2-էն լոյս 3-ը) դաշնագիրը ստորագրւեցաւ երկու պատւիրակութիւններու կողմէն»:[4] Թուրք ազգայնականների ղեկավար, հետագայում Թուրքիայի նախագահ, Մուստաֆա Քեմալն իր 1927թ. հայտնի ճառում, խոսելով Ալեքսանդրապոլի պայմանագրի մասին, ասում է հետևյալը. «Խաղաղության բանակցությունները սկսվեցին նոյեմբերի 26-ին և ավարտվեցին դեկտեմբերի 2-ին; այդ գիշերվա ընթացքում պայմանագիրը ստորագրվեց Գյումրիում»: (Peace negotiations began on the 26th November and ended on the 2nd December; during that night the treaty was signed at Gumru.)[5]

Բազմաթիվ են այն աղբյուրներն ու ուսումնասիրությունները, որտեղ Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրման ամսաթիվն իրավացիորեն նշված է 1920թ. դեկտեմբերի 3-ը:[6] Հաշվի առնելով հոդվածի բնույթը՝ ես ընթերցողին չեմ ծանրաբեռնի հղումներով: Կվկայակոչեմ միայն ժամանակի թերևս ամենաիրազեկ մարդու՝ Կ.Պոլսում Մեծ Բրիտանիայի Գերագույն հանձնակատար Հորես Ռամբոլդի (Horace Rumbold) կողմից արտգործնախարար Ջորջ Քերզոնին (George Curzon) հղված (16 դեկտեմբերի, 1920թ.) հետախուզական ամփոփագիրը. «Թուրքերի և հայերի միջև խաղաղությունն իրականում Ալեքսանդրապոլում ստորագրվել է դեկտեմբերի 3-ին» (Peace between the Turks and Armenians had actually signed at Alexandropol on the 3rd December.)[7]

Ամփոփելով` կարելի է անել հետևյալ եզրակացությունը. Ալեքսանդրապոլի պայմանագրի ոչ վավերական (invalid) լինելն ունի բազմաթիվ հիմքեր, որոնցից մեկը պատվիրակությունների համապատասխան լիազորությունների բացակայությունն է: Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրման պահին՝ 1920թ. դեկտեմբերի 3-ին, պատվիրակություններից և ոչ մեկը լիազորված չէր հանդես գալու իր երկրի անունից. հայկական պատվիրակությունն արդեն չէր ներկայացնում երկրի իշխանությունը, իսկ թուրքական (քեմալական) պատվիրակությունը դեռևս չէր ներկայացնում երկրի իշխանությունը:


Հղումներ և ծանոթագրություն

  1. Luzius Wildhaber. Treaty Making Power and Constitution. Basel-Stuttgart, 1971, p. 150.
  2. Modern Turkey, (by Eliot G. Mears), NY, 1924, p. 604.
  3. Hovannisian R. The Republic of Armenia. v. IV, Berkeley, 1996, p. 387.
  4. Խատիսեան Ա. Հայաստանի Հանրապետութեան ծագումն ու զարգացումը. Աթէնք, 1930, էջ 271:
  5. Mustafa Kemal Ataturk. A Speech delivered by Musrafa Kemal Ataturk 1927. Istanbul, 1963, p. 418.
  6. McCarthy J. The Ottoman Turks: An Introductory History to 1923. London, 1997, p. 381.; Lenczowski G. Middle East in World Affairs. N.Y., 1952, p. 105.; Jaschke v. G., Pritsch E. Die Tiirkei seit dem Weltkriege, Geschichtskalender 1918-1928, Die Welt des Islams. Bd. 10, p. 42.; Modern Turkey, (by Eliot G. Mears), N.Y., 1924, p. 600.; The New York Times, December 10, 1920, p. 1.
  7. Summary of Intelligence Reports issued by S.I.S. (Constantinople Branch) for week ending December 16, 1920. British Documents on Ataturk (1919-1938). v. 2, April-December 1920, Ankara, 1975, p. 515.


30 նոյեմբերի, 2010թ.