ՔԱՄՈՒ ՁԻԵՐ

Ձիեր անցան մտքիս միջով.-
մենք ընդամենը մեր հիշողությունն ենք,
այսքանը,
ոչ ավել, ոչ պակաս։

Անորոշության գիտակցումը
դեռ վերջնական փրկություն չէ անորոշությունից՝
եթե չես փնտրում։

Երազները միշտ իջնում են այն ծառի սաղարթներին,
որի ոտքերը
խրված են ամենակուլ խավարի մեջ։
Հայտնի չէ աշխարհում եւ ոչ մի աղբյուր,
նույնիսկ՝
եթե հազար անգամ ջուր ես խմել ակից։

Տխուր է, երբ դուռը բաց է միշտ կրնկի վրա
եւ, սակայն, ոչ ոք
ներս չի մտնում ոչ մի ժամանակ։

Ես միշտ կասկածում եմ
հեշտ տրվող բառերի մաքրությանը,
մութը չհասցրեց թակարդել
եւ անկարեկից ու նվիրազուրկ պահից ինձ խլեց քչփչոցը
նարեկյան ռիթմով խշշացող ծառերի։

Իսկ Կռիլովը իզուր է սայլը թողել կարապի, ձկան եւ խեցգետնի հույսին,
երբ ղարաբաղյան մի էշ
մենևմենակ կարող էր այն վաղուց տեղ հասցրած լինել։

Մտքեր անցան մտքիս միջով,
նայեցի նրանց ետեւից՝ չճանաչեցի.
քամու ձիերի ընթացքն էր գարնանագեղ։