III

Հոր առանձնասնենյակում նստած, Սմբատը կարգի էր բերում հանգուցյալի հաշիվները։

Սեղանի վրա փռված էին անթիվ թղթեր — պայմանագրեր, հաշվեթղթեր, մուրհակներ։ Ծանոթանալով հանգուցյալի գործերին, մտքում որոճում էր այն ընթացքը, որ պիտի բռներ իր համար միանգամայն նոր և անծանոթ առևտրական ասպարիզում։ Սակայն չէր կարողանում իր ուշքը հարատև կենտրոնացնել միայն այս խնդրի վրա։ Կար մի ուրիշ բան, որ բռնությամբ կաշկանդում էր նրա միտքը: Մերթ նրա առնական դեմքով սահում էր դառն ժպիտ, մերթ մռայլ ճակատը պայծառանում էր։

Սեղանի վրա թանաքամանին հենած էր մի մեծ լուսանկար։ Ահա նրանք, այն թանկագին էակները, որ տարիներ շարունակ անջատել էին նրան մայրենի միջավայրից և ծանրացրել հոր անեծքը նրա հոգու վրա։ Սոսկալի դիլեմա․ նա ատում էր իր կնոջը և սիրում զավակներին։ Տասնուհինգ օր էր ընդամենը բաժանվել իր սրտի ամենանուրբ ու ամենազգայուն թելերից, հոգու ամենաթրթռուն շողերից և այժմ որքա՜ն կարոտ, դառնություն ու վիշտ։ Այո՛, նա միշտ սիրել է իր զավակներին, բայց երբեք այդչափ, երբեք։ Եվ ահա նրան ուզում են ստիպել բաժանվել նրանցից, բաժանվել հավիտյան՝ հանուն ինչ-որ տխմար օրենքների, ինչ-որ վայրենի նախապաշարումների։ Ի՜նչ, մի՞թե հնարավոր է դուրս գջլել սիրտը կրծքի տակից, անջատել հոգին մարմնից և… ապրել։

Ո՛չ, ոչ․ նա չի սիրում իր կնոջը և վաղուց է եկել այն եզրակացության, որ երբեք չի սիրել նրան և ոչ էլ սիրվել նրանից։ Դա մի սխալ էր, մի անզգուշություն, որ նա գործեց առանց ինքն իրեն հաշիվ տալու, առանց իր զգացումների խորքը վերլուծման ենթարկելու, ինչպես արել և անում են շատ շատերն իրենց երիտասարդ հասակում։

Իսկ երբ զգաց, որ մոլորվել է, արդեն ուշ էր, շատ ուշ։ Ի՞նչ, նա որպես ազնիվ մարդ չպիտի՞ կապվեր օրինական կապով այն ազնիվ ծնողների մաքուր և անապական աղջկա հետ, որին զրկել էր կուսությունից, հրապուրելով նրան և նրանից հրապուրվելով։ Վերջապես, նա պիտի փողո՞ց նետեր այն փոքրիկ անմեղին, որի ծննդյան պատճառն էր, իր հարազատ զավակին։ Եվ ինչո՞ւ, ո՞ր բարոյական իրավունքով։ Ո՛չ, ո՜չ, որքան ևս դառը լիներ մոլորությունը, այնքան քաղցր էր նրա հետևանքը։ Եվ ահա նա ամուսնացավ, նա ծնողների սև նախապաշարումներն ու անմիտ ավանդապահությունը զոհելով ազնվության զգացմանը և բարոյական մարդու տարրական պարտականությանը։ Ի՞նչ փույթ, որ նա վռնդվեց ծնողների հարկից և արժանացավ հոր անեծքին:

Այսօր նա վերադարձել է այդ հարկի տակ, մնում է անեծքը։ Պե՞տք է կրել այդ անեծքը, թե՞ սիրտը կրծքի տակից դեն շպրտելով, ազատվել այդ անեծքից։ Հետո՞, մի՞թե ավելի մեծ, ավելի դաժան մի անեծք չպիտի ծանրանա նրա հոգու վրա — անմեղների հավիտենական անեծքը։ Ո՜չ, ո՜չ, նա կարող է ատել նրան, որին մի ժամանակ կարծում էր թե սիրում է և վաղուց արդեն ատում է, բայց ի՞նչպես բաժանվե հարազատ զավակներից, քանի որ ամեհի գազանն անգամ դեն չի շպրտում իր զավակներին։ Ավելի դյուրին չի՞ լինիլ, արդյոք, կրել մի համառ ու խավարամիտ հոր անեծքը, կրոնակիցների ծաղրն ու արհամարհանքը, քան դառնալ անազնիվ մարդ, անսիրտ ծնող և կրել հոգու վրա սև արատ և խղճի վրա կապարյա ծանրություն:

Սմբատը նորեն ու նորեն վերցրեց նվիրական լուսանկարը և հպեց իր շրթունքներին: Նա չէր նկատում, որ այդ պահին մեկը հանդարտիկ մոտենում է իրեն անլսելի քայլերով։

Այրին մի վայրկյան կանգ առավ որդու հետևը, զգացվեց նրա հայրական սիրով ու գլուխը տխրորեն շարժեց։ Բայց դա անցողիկ մի վայրկյան էր, մի թույլ շող, որ անցավ խավարի միջով և շուտով տեղի տվեց ավելի զորավոր ուժի։ Եվ այրիի արյունաքամ շրթունքները դողացին ու նրա կրծքից դուրս թռավ մի ծանր հառաչանք:

— Քո զավակնե՞րն են,— հարցրեց նա, ձեռը դնելով որդու ուսի վրա։ Սմբատը ցնցվեց, գլուխը բարձրացրեց և նայեց մորը,որ հագած էր ոտքից մինչև գլուխ սգավորի զգեստ։

— Ասա՛, քո զավակնե՞րն են,— կրկնեց այրին։

— Այո՛, մա՜յր, իմ հարազատ զավակներն են,— պատասխանեց Սմբատը, լուսանկարը դնելով իր տեղը։

— Ո՛չ, հարազատ չեն, ո՛րդի, ո՛չ։

— Մա՜յր, արտասանեց Սմբատը հանդիմանորեն։

— Այո՛, այո՜ , քեզանից են, բայց քոնը չեն։

— Մայր, այդպես մի խոսիր, դու էլ ծնող ես, դու էլ ունիս զավակներ, դու էլ սիրել ես նրանց։

— Այո՛, սիրել եմ և սիրում եմ․ բայց լսի՛ր, ո՛րդի…

Այրին հանդարտ նստեց որդու դեմուդեմ, ձեռները դրեց կրծքի վրա և խորին կարեկցությամբ լի հայացքն ուղղեց նրա երեսին։ Այդ հայացքը թեթևակի շփոթեցրեց Սմբատին, բարկության հետ մի տեսակ անցողիկ ատելություն զգաց նա դեպի իր ծնողը։ Թվաց նրան, որ գտնվում է ոչ սիրող մոր, այլ մի անողոք դատավորի առջև։

— Որդի,— սկսեց այրին․ ծանր հառաչելով,— բավական է, ինչքան խայտառակեցիր քեզ, ծնողներիդ ու ամբողջ մեր գերդաստանը։ Դու խելոք տղա ես, մանկությունից եղել ես մտածող ու աչքաբաց։ Հայրդ գիտեր այդ և դրա համար քեզ հանձնեց իր գործերը։ Չե՞ս մտածում, որ արարմունքդ դեմ է մեր հայրերի ու պապերի ավանդություններին և մեր եկեղեցու սուրբ օրենքներին։ Տասնուհինգ օր առաջ հայրդ նստած էր ահա այդտեղ, քո նստած բազկաթոռի վրա։ Խեղճ մարդ, երբեք այնպես մտահոգ ու տխուր չէր եղել։ «Ոսկեհա՜տ, ասաց նա․ երազ եմ տեսել, շուտով մեռնելու եմ, ի՞նչ անեմ Սմբատի վերաբերմամբ, չեմ ուզում մեռնել անհաշտ»։ Նա սկսեց լաց լինել, հեկեկալ երեխայի պես, հետո ձեռը դնելով ուսիս վրա, երդվեցրեց ինձ ծնողներիս գերեզմանով, մեր զավակների ու եղբորս սիրով, որ ոտներդ ընկնելով, աղաչեմ, պաղատեմ քեզ խելքի գալ։ Նա իր կտակի մեջ քիչ է գրել, բայց շատ է ասել։ Գիշեր-ցերեկ նրա ուշքն ու միտքը դու էիր միայն, դու, ո՛րդի։

Եվ այրին, մետաքսե սև թաշկինակով սրբեց արտասուքը։

— Մայր,— արտասանեց Սմբատը, զսպելով և՛ իր բարկությունը, և՛ իր ատելությունը,— ուրեմն դու ուզում ես, որ հարազատ զավակներիս փողո՞ց ձգեմ, ինչպես մի անպետք լաթ։

— Քա՜վ լիցի, որդի, ինչո՞ւ ես փողոց ձգում։ Հայրդ փափագում էր, որ միայն անունդ խլես նրանցից և այդ օտարազգի կնոջից։ Թող ապրեն, ինչպես ուզում են։ Գոհություն երկնավորին, հանգուցյալն այնքան հարստություն է թողել, որ դու կարող ես նրանց ապահովել մինչև մահ։ Թող ուտեն քո ժառանգության մի բաժինը։ Տերը նրանց հետ...

— Մայր, ես հասկացա քեզ, բավական է, այլևս ո՛չ մի խոսք այդ մասին,— ընդհատեց որդին սրտմտությամբ։

Նա ոտքի ելավ և ձեռները դնելով անդրավարտիքի գրպանները, մոտեցավ լուսամուտին։ «Ո՛չ մի խոսք». բայց ի՞նչպես չխոսե մի մայր, որ որդու սիրուց տանջվել է ութ տարի շարունակ և որի վրա մի տանջված հայր սուրբ պարտականություն է դրել մոլորյալ որդուն ուղիղ ճանապարհի բերելու։ Ի՞նչպես չխոսե մի մայր, քանի որ նրա սիրեցյալ զավակի վրա կարող է ծանրանալ հայրական անեծքը։ Եվ Ոսկեհատը շարունակեց։ Նկարագրեց իր տառապանքները, ամուսնու տանջանքները, ազգական—բարեկամների դառը կշտամբանքները, ծանոթների պարզ ու խուլ ատելություններն ու արհամարհանքները, ազգի և եկեղեցու անեծքները...

Սմբատը լսում էր լուռ, հուզված, անդադար անցուդարձ անելով: Երբ մայրն ավարտեց իր ասելիքը, նա ձեռն ամուր զարկեց ճակատին և մազերը ճանկելով, արձակեց մի դառն ու երկարատև հառաչանք։ Ապա ասաց.

— Մայր, ասացիր ինչ որ ուզում էիր ասել։ Այժմ թո՛ղ ինձ հանգիստ, թո՛ղ որ մենակ մտածեմ իմ անելիքի մասին։

— Բայց այսօր, չէ՞, այսօր կվճռես անելիքդ,— համառեց այրին։

Ներս մտավ Սրաֆիոն Գասպարիչը և սկսեց քրոջը հանգստացնել։ Դեռ ժամանակը չէ այդ ծանր խնդիրը վճռելու։ Թող սուգի օրերն անցնեն, հետո ինքը կխոսե Սմբատի հետ, կբացատրե բոլոր հանգամանքները և կհամոզե, որ չի կարող հոր վերջին ցանկությունը չկատարել։ Իսկ այսօր պետք է ընդունել թեմական առաջնորդին, որ ցանկություն է հայտնել «սգավորին անձամբ մխիթարելու»։

— Մարդ է ուղարկել խնդրելու, որ տանն սպասես,— դարձավ նա քեռորդուն։

Արդարև, մի ժամ անցած, սպասավորը հայտնեց, թե եպիսկոպոսն արդեն իջնում է կառքից։

Նորին սրբազանության մուտքը հանդիսավոր էր։ Գալիս էր ինչ-որ մի երիտասարդ վարդապետի, քաղաքի բոլոր քահանաների և երկու երեսփոխների ուղեկցությամբ, կարծես ցույց տալու համար իր դիրքի բարձրությունը։ Երկու հակառակորդները — կարմրերես, ամրակազմ, սև ու փայլուն միրուքով Տեր-Սիմոնը և նիհար դեմքով, վտիտ մարմնով, ակնոցավոր Տեր-Աշոտը, սրբազանի թևերի տակ մտած, օգնում էին նրան բարձրանալու գորգերով ծածկված սանդուղքը։

Ճիշտ հիսունհինգ տարեկան էր սրբազանը, միջահասակ, գեր, պարարտ, կլորիկ։ Ինչպես լավ կերակրված մի խոզ։ Նրա մսալի ու լայն երեսը ձգել էր վար մինչև կուրծքը մոխրագույն միրուքը, որ թևատարած բազեի էր նմանվում։ Փայլուն մետաքսե վեղարի տակից երևում էին մի զույգ խիստ շարժուն աչքեր, ուռած ու կարմիր կոպերով, որոնց մի մասը ծածկված էր խիտ ու երկայն հոնքերով։ Հաստլիկ և ծայրը մի քանի կոշտ մազերով զարդարված քթի աջ ու ձախ կողմերում երևում էին երկու լերդագույն ուռույցներ, որ իբրև թշեր էին։ Դա նրա երեսի միակ մասն էր առատաբույս միրուքից ազատ։ Պարանոցից կախված էր մի ծանրակշիռ ոսկե շղթա, որի վրա հանգիստ բազմած էր մի մեծ ականակուռ խաչ։

Մինչ նա ծանր ու բարակ բարձրանում էր, երկայն արծաթակոթ գավազանի ծայրը զարկելով սանդուղքի աստիճաններին, աչքերը մերթ դեպի աջ, մերթ դեպի ձախ պտտելով, զննում էին հարուստ տան մուտքը:

Սմբատը սանդուղքի ծայրում թեքվեց համբուրելու սրբազանի աջը, որ ծածկված էր մազերով և գծավորված կապույտ-կարմրագույն երակներով, որոնցից կարծես արյունը պատրաստ էր դուրս ցայտել մի թեթև հպումից։

Սրբազանը հառաչեց շունչ առնելու համար՝ մտքումն անիծելով իր հաստ փորը։ Բայց թո՛ղ շրջապատողները կարծեն, որ այդ հառաչանքը խորին վշտակցության արտահայտություն էր դեպի սգավոր երիտասարդությունը։

Հանդիսավոր թափորը, որի սկիզբը սրբազանն էր, իսկ վերջը մի Տաճկաստանի գաղթական քահանա գորտագույն կարճ փերաջեով, դիմեց դեպի հյուրասենյակ՝ Սմբատի և Uրաֆիոն Գասպարիչի ուղեկցությամբ։ Այստեղ նորին սրբազանությանն սպասում էին այրի Ոսկեհատը, Մարթան և քանի մի ազգական ծեր կանայք։ Բոլորն էլ համբուրեցին սրբազանի աջը և ստացան նրա օրհնությունը։

Տեր-Սիմոնն ու Տեր-Աշոտը սրբազանին բազմեցրին թավշե բազկաթոռի վրա, ուր նա թաղվեց մինչև վեղարի ծայրը, ինչպես մի ձուլածո ռումբ բամբակի մեջ։

— Նորին վեհափառություն Ամենայն Հայոց Հայրապետը,— սկսեց եպիսկոպոսը հանդիսավոր շեշտով,— հաճել է օրհնության կոնդակ հղել առ ձերդ ազնվություն, ազնվազարմ Սմբատ Ալիմյան։ Եկա, որ ձեզ մատուցանեմ սուրբ գիրս այս և իմ կողմից հայրաբար կրկին ու կրկին շնորհակալություն մատուցանեմ հանգուցյալի բարի հիշատակին և ձեզ ևս օրհնեմ հանուն ձեր երջանկահիշատակ ծնողի եկեղեցաշեն և ազգօգուտ նվիրատվության:

Եվ ծոցից դուրս բերելով մի մեծ ծրար, բարձրացրեց վեր և ավելացրեց.

— Կարդացե՛ք, տե՛ր հայրեր...

Միաժամանակ Տեր-Սիմոնն ու Տեր-Աշոտը հարձակվեցին ծրարը խլելու: Տեր-Աշոտն իր հակառակորդից ավելի թեթևաշարժ ու ճարպիկ էր, ուստի նա կարողացավ խլել ծրարը։

— Տեր-Սիմոն, դու կարդա, քո ձայնը բամբ է,— հրամայեց սրբազանը։

Տեր-Աշոտը, շրթունքները կրծոտելով, ծրարը հանձնեց իր հակառակորդին։

Տեր-Սիմոնը կարդաց։ Այրին սկսեց լաց լինել նրան հետևեցին մյուս պառավները, թեև ոչ մի բառ չէին հասկանում կոնդակից։

— Այս օրհնյալ տունն արժանի է հայրապետական օրհնության,— ասաց սրբազանն ընթերցումն վերջացնելուց հետո, կոնդակն իր ձեռքով Սմբատին հանձնելով։ Մի՛ լաք, քույրե՛ր, այլ ցնծացեք, քանզի այսօրվանից երկնավոր թագավորի աջը պիտի լինի այդ գերդաստանի վրա։ Թող ամենաբարձրյալ աստված հանգուցյալի հոգին դասեսցե ի շարս սրբոց և մարգարեից։

Այս ասելիս, սրբազանը ջերմեռանդորեն բարձրացրեց աչքերը դեպի վեր։ Կես ճանապարհին նրա հայացքը կանգ առավ առաստաղից կախված ահագին բրոնզե և ոսկեզօծ ջահի վրա։ «Մարդ գիտենա ի՞նչ արժե այդ», ասաց նա իր մտքում։

Այնուհետև սկսեց խոսել էջմիածնի մասին, խորհուրդ տվեց այրի Ոսկեհատին առաջիկա մեռոնօրհնությանն այցելել Մայր Աթոռը։ Ասաց, թե ինքն էլ այնտեղ է լինելու թեմի ժողովրդի համար աղոթելու և նորին Վեհափառությանը մատուցելու նրա հավատարմության հավաստիքը առաքելական մայր եկեղեցուն:

— Մեղք ունիմ, սրբազա՛ն, մեծ մեղք, մեր սուրբ կրոնի դեմ, չեմ կարող պարզերես էջմիածին գնալ,— ասաց այրին, մի նշանակալից հայացք ձգելով իր շուրջը։

Սրբազանը ծանոթ էր Ալիմյանների ընտանեկան պատմությանը, ուստի, հասկանալով այրիի միտքը, դարձավ իր հետ եկած հոգևորականներին.

— Տեր հայրեր, և դու հա՛յր սուրբ, անցեք մյուս սենյակ։

Հրամանն իսկույն կատարվեց և ներկա մնացին, բացի սրբազանից ու Ոսկեհատից, Սմբատն ու Սրաֆիոն Գասպարիչը:

Այրին խոսեց։ Այո՛, մեծ է Ալիմյան գերդաստանի վրա ընկած արատը, մինչև որ չջնջվի այդ արատը, ոչ ոք այդ գերդաստանի անդամներից չունե իրավունք իրան «հայ քրիստոնյա» համարելու։ Սմբատը նախազգացել էր, որ մայրն այդ խնդրի մասին պիտի խոսե սրբազանի հետ, ուստի կանխավ վճռել էր լինել սառնարյուն և չվշտացնել ծնողին որևէ կոշտ ընդդիմադրությամբ։

Այրին համառոտ պատմեց այն, ինչ որ արդեն գիտեր սրբազանը․ պատմեց հուզված և մերթ ընդ մերթ սև թաշկինակը հպելով աչքերին։

— Իմ որդին մեղավոր չէ, ո՛չ, ո՛չ,— կրկնեց նա, ավարտելով իր ասելիքը,— նա երեխա է եղել, նրան խելքից հանել են և փորձանքի մեջ գցել...

Միամիտ կին. նա դեռ հավատացած էր, թե որդու սխալը կարելի է ուղղել ամենայն դյուրությամբ․ բավական է, որ ինքը կամենա ուղղել։ Նա կարծում էր, որ այն պսակն է միայն սուրբ, անխախտելի, որ կապված է երկու ազգակիցների ու կրոնակիցների միջև, և այն զավակներն են միայն օրինական և սիրելի, որ ծնվում են այդ միությունից։

Սրբազանը նեղն ընկավ։ Նրանից պահանջվում էր համոզել Սմբատին, որ իր ուխտը դրժե, թողնե կնոջը, ձգե զավակներին: Ի՞նչպես համոզել այդ չափահաս, համալսարանն ավարտած տղամարդին այդ անելու․ ի՞նչ խոսքերով ու հորդորներով ազդել նրա վրա։ Սրբազանի առանց այդ ևս ծանր շնչառությունն ավելի արագացավ: Նա մինչև անգամ քրտնեց իր գիրուկ ուսերի վրա դրված ծանր և անսովոր բեռան տակ։ Այնուամենայնիվ նա կարողացավ խոսել։ Եվ խոսեց նախ մայրենի եկեղեցու պատմական և քաղաքական նշանակության մասին, նկարագրեց նրա կրած տառապանքները, ապա ապացուցեց կրոն սիրելու և նրան հավատարիմ մնալու անհրաժեշտությունն «ազգի պահպանության» համար. բայց երբ հասավ խնդրի էական կողմին, հայացքն ուղղեց բրոնզե ջահին ու լռեց։

Այրին ծանր ու տխուր հառաչեց, զգալով, որ խնդիրն ավելի բարդ է, քան կարծում էր ինքը։ Եվ նա դարձյալ դիմեց իր սովորական զենքի օգնությանը թախանձանքին ու աղերսներին։

— Ազատվի՛ր հորդ անեծքից, որդի՛ ազատվի՛ր և մեզ էլ ազատիր,— կրկնեց նա հարյուր անգամ կրկնածը։

Փորձը ծանր էր Սմբատի համար, անախորժ և եթե շարունակվեր պիտի դառնար զազրելի։ Նա կրծոտում էր իր շրթունքները, որ մի կերպ խեղդի իր մեջ կատաղությունը, որպեսզի մի որևէ ավելորդ բառով չվիրավորե իր մորը եպիսկոպոսի ներկայությամբ։

— Սրբազան,— խոսեց նա վերջապես,— բարի՛ եղեք համոզելու մորս, թե հրեշ է այն մարդը, որ իր հարազատ զավակներին կձգե փողոց։ Ես սիրել եմ հորս, սիրում եմ մորս, բայց ի՞նչպես զոհեմ այդ սիրույն մի ուրիշ, ավելի զորավոր սեր — հայրականը։ Սրբազան, ամեն մի մարդ ինքն է պատասխանատու թե՛ այս, թե՛ մյուս աշխարհում իր անհատական կյանքի համար։ Եթե իմ արածը ոճիր է իմ ազգի, կրոնի և գերդաստանի դեմ, ես և միայն ե՛ս պիտի կրեմ նրա պատիժը։ Գալով իմ հոր անեծքին, ես կաշխատեմ նրանից ազատվել ուրիշ ճանապարհով․ ես կաշխատեմ լինել օրինավոր մարդ, ազնիվ, անարատ իմ գերդաստանի և ուրիշների համար, բայց ձգել իմ զավակները՝ երբե՛ք, երբե՛ք, երբե՜ք․․․

— Որ այդպես է, զավակներդ վերցրո՛ւ, իսկ նրանց մորը արձակիր․․․

— Մո՜րը,— գոչեց Սմբատը, այլևս չկարողանալով զսպել իրեն.— ի՞նչ կանեի՛ր, մա՛յր, եթե քեզանից խլեին քո զավակներին։ Ո՛չ, սրբազա՛ն, զուր է ձեր միջամտությունը, ես չեմ կարող մորս պահանջը կատարել։

Այդ ասելով, նա ոտքի կանգնեց ցույց տալու համար, որ այլևս ավելորդ է համարում այդ մասին խոսելը:

Սրբազանն ուրախ էր, որ խնդիրը շատ էլ չի բարդանում և կարող է այժմ թեթևացնել իր շնչառությունը։ Աջող վայրկյան որսալով, ոտքի կանգնեց, պահպանիչ ասաց, հասկացնելով մյուս սենյակում սպասողներին, թե նուրբ տեսակցությունը վերջացել է։

Սրբազանն ստացավ «աջահամբույրը» և հեռացավ նույն հանդիսավորությամբ, որով եկել էր:

Այրին լալիս էր, Սրաֆիոն Գասպարիչը մխիթարում էր նրան։

Քառորդ ժամ անցած, Սմբատը դարձյալ հոր սենյակումն էր։ Նա դառնացած էր, բայց միևնույն ժամանակ զգում էր մի տեսակ հոգեկան թեթևություն։ Առաջին փոթորիկը, որին հոր թաղումից հետո սպասում էր ամեն րոպե, անցավ պակաս զորավոր, քան կարծում էր։ Նա կարողացավ դիմադրել մորը։ Վաղը նա կակնարկե, թե ցանկանում է կնոջն ու երեխաներին բերել Մոսկվայից։ Այրին, իհարկե, կզայրանա, կաղերսե, լաց կլինի, բայց փույթ չէ, այդ սկիզբն է, հետո կամա ակամա կընտելանա իր հարսին ընդունելու մտքի հետ։ Իսկ հետո՞, վերջացա՞վ դրանով խնդիրը։ Օ՜, ո՛չ, այդ չէ էականը. կընտելանա՞ արդյոք ինքը՝ Սմբատն իր կացությանը, նույնիսկ եթե կարողանա մոռացության տալ հոր անեծքը։

Նա այլևս չկարողացավ պարապել, սկսեց թղթերը ժողովել։

Ներս մտավ սպասավորը և հայտնեց, թե «ուստա Բարսեղը» ուզում է աղային տեսնել։

— Ո՞վ է ուստա Բարսեղը։

— Մեր վարձողներից մեկը։

— Թող գա:

Այցելուն այն դեղին մազերով մարդն էր, որ հոգեհացի ժամանակ մոտեցավ «ադվակատ» Մուխանին և խնդրեց այն երեկո գնալ իր տուն։ Նա կանգնեց դռների մոտ, ձեռները դրեց կրծքի վրա և խոնարհ գլուխ տվեց, թեքվելով մինչև հատակը։ Հետո աջ ու ձախ նայելով, գողնովի մոտեցավ և ժպտուն դեմքի վրա խաղացնելով մի շողոքորթ ժպիտ, ձեռը պարպեց տանտիրոջը։ Առաջին հայացքից իսկ այդ մարդու կերպարանքն ու ձևերը վատ տպավորություն գործեցին Սմբատի վրա։

— Ի՞նչ եք կամենում շտապեց նա հարցնել։

— Հրամանոցդ առողջությունը, Սմբա՛տ-բեգ,– լսվեց մի խուլ ձայն:

— Գո՞րծ ունիք:

— Մի պզտիկ հաշիվ ունենք, Սմբատ-բեգ...

— Նստեցե՛ք...

Հյուրը գլուխ տվեց, բայց չնստեց:

— Հրամանքդ, ինչպես տեսնում եմ. ինձ մոռացել ես,— ասաց նա իր ապակյա աչքերը հառելով տանտիրոջ երեսին,— իհարկե, աղա ջան, քա՛նի տարի է... բայց մենք, ցավդ առնեմ, հրամանոցդ շատ լավ ենք հիշում։ Այսչափ երեխա էիք, ա՛յ,— շարունակեց մարդը, ձեռով ցույց տալով մի արշին բարձրություն հատակից,— պզտիկ, պզտիկ։ Հետո մի քիչ մեծացար, գնացիր Մոսկվա ու գնացիր. աստված պահի, այժմ տղամարդ ես, այն էլ ի՛նչ տղամարդ... Լա՞վ ես, աղա ջան...

— Շնորհակալ եմ։ Դուք ասացիք՝ ինչ-որ հաշիվ ունիք. ի՞նչ հաշիվ է։

Ուստա Բարսեղը, կարծես, հարցը չլսեց և շարունակեց նույն անվրդով եղանակով.

— Գալիս էիր մոտս, պզտիկ-պզտիկ զանգուլակներ էիր ուզում կատվի վզին կապելու համար։ Այ, հենց սենյակի տակն է մեր խանութը, ցավդ առնեմ, ոտքով որ խփես — ծառայիդ գլխին կդիպչե...

— Հիշում եմ, հիշում եմ,— ընդհատեց Սմբատն անհամբեր,— ուստա Բարսեղն եք, արծաթագործ... Ասացե՛ք ի՞նչ հաշիվ ունիք, ուստա Բարսեղ:

— Մի օր եկաք, թե «ինձ համար ձուկ բռնելու չանգալ շինե, ուստա Բարսեղ»։ «Աչքիս վրա, ասացի, ցավդ առնեմ»։ Նստեցի ու մի օր տանջվելով, մի լավ արծաթե չանգալ շինեցի, բաշխեցի... Ուրախացար ցավդ առնի ուստա Բարսեղը...

— Ուստա Բարսեղ, հաշիվ էիք ասում։

— Մյուս օրը չանգալը բերիր, թե «ուստա Բարսեղ, ասում են, արծաթը ղալբ է»։ Չեմ իմանում, որ մոլթանին էր ասել, որ ուստա Բարսեղը ղալբ արծաթը խալիսի տեղ է ծախում... Մի՞տդ է...

— Ի՞նչ հաշիվ ունիք ուստա Բարսեղ,— գոչեց Սմբատը, ձայնը բավական բարձրացնելով բարկությունից։

— Հաշի՞վը,— կրկնեց հյուրը, իբր թե անփույթ.— հա, մոռացա, գլուխս խոսքով խառնվեց։ Հաշիվը, Սմբատ-բեգ, Միքայել Մարկիչի անունով... Պզտիկ հաշիվ է, շատ պզտիկ, ցավդ առնեմ... Բայց դե Միքայել Մարկիչը ջահելություն է անում... Երեք օր է աղաչում, պաղատում ենք, չի հատուցանում...

— Չի հատուցանում։ Ուրեմն փո՞ղ է պարտական ձեզ...

— Հայա՜, ցավդ առնե ուստա Բարսեղը, պարտական է, որ չտա էլ, իհարկե ոչինչ չենք ասիլ, ջանին ղուրբան, բայց դե պարտական է մուրհակով...

— Մուրհակո՞վ...

— Թամի՜զ... до востребования...

— Գումա՞րը։

— Հրամանոցդ համար դատարկ բան, մի ձեռք հագուստի փող. մի գիշերվա ծախք... Բայց դե՝ մեզ պես քյասիբ-քյուսուբի համար խազնա, թագավորություն, Հարուն Ալ Ռաշիդի բոստանը, հա՛, հա՛, հա՛...

Նրա ծիծաղը հնչեց այնքան չոր ու անախորժ, որ Սմբատը զզվանքի պես մի բան զգաց։ Սակայն նա արդեն հետաքրքրվել էր այցելուի ասածներով։

— Հապա ցույց տվեք տեսնեմ Միքայելի մուրհակը,— ասաց նա, ձեռը պարզելով այցելուին։

Ուստա Բարսեղը, աջ ու ձախ նայելով, ձեռը տարավ ծոցը, դուրս բերեց այնտեղից մի հնամաշ թղթապանակ։ Ինչ-որ թղթերի միջից զգուշությամբ դուրս բերեց մի մուրհակ, բաց արավ և ծայրերից ամուր բռնելով, պահեց Սմբատի աչքերի առջև։

— Այո՛, այդ Միքայելի ստորագրությունն է,— ասաց Սմբատը,— բայց մի՛ վախենաք, չեմ խլիլ ձեր ձեռքից, գումարն եմ ուզում գիտենալ։

Սմբատն ապշեց, մուրհակը յոթ հազար ռուբլու էր։ Մի գումար, որ կասկածելի էր, թե համապատասխանե արծաթագործի կարողությանը։

— Ուստա Բարսեղ, դուք այժմ էլ ձեր արհե՞ստն եք գործածում:

— Հայա՜, ցավդ առնեմ, զարգյար էինք, զարգյար էլ մնացինք. չխկումըխկ ենք անում, օղլուշաղ պահում, հինգ երեխա ունենք... բայց երեք տարի է մի պզտիկ պահարան ենք գրել, մեջը մի քանի արծաթեղեն ու ոսկեղեն շարել, մենք մեզ խաբում ենք. իբրև թե մենք էլ առևտուր ենք անում:

— Երևի, Միքայելը ձեզնից ոսկեղե՞ն է վերցրել...

— Չէ՛, ազիզ արևդ վկա, նաղդ փող ենք տվել կանաչ-կարմրանոցներ։ Ազիզ արևդ վկա, երեխաների բերանից ենք խլել ու տվել։

— Ուստա Բարսեղ,— արտասանեց Սմբատը, մի սուր հայացք ձգելով մարդու երեսին,— դուք ուղիղ յոթ հազա՞ր եք տվել Միքայելին, թե՞ պակաս։

Ուստա Բարսեղը մի քիչ շփոթվեց, բայց միայն մի վայրկյան։ Շուտով ուշքը ժողովեց և ժպտալով պատասխանեց.

— Ցավդ առնեմ, իհարկե, մի քիչ պակաս ենք տվել, բայց դե գումարը յոթ հազար արծաթ դրամ է։

— Ես ձեզ խնդրում եմ ասել, զուտ դրամ ո՞րքան եք տվել։ Չէ՞ որ մուրհակի մեջ տոկոս էլ կա։

— Տոկո՜ս, իհարկե, առանց տոկոսի բան կլինի՞, բայց Միքայել Մարկիչի պարտքը դրուստ յոթ հազար ռուբլի է։

— Ե՞րբ է մուրհակի ժամանակը լրանում։

— Ժամանա՞կը... հա՛, ժամանակը այսօր տասնուվեց օր է հանգուցյալ Մարկոս աղան «դովոստրեբովանի է» եղել. աստված նրա հոգին լուսավորե։ Ազիզ արևդ վկա, օր ու գիշեր աղոթք ենք արել նրա կյանքի համար, բայց ի՛նչ արած, մահը մերն է, մենք մահինը. աստված այդպես կամեցավ։

— Ի՞նչ եք ուզում ասել, ուստա Բարսեղ, ես ձեզ չեմ հասկանում։

— Արևի լույսի պես պարզ է։ Աղա Միքայելը խոստացել է պարտքը վճարել հոր մահից հետո, ձեռաց մի քանի օր անցած։

Սմբատը ցնցվեց, հասկացավ եղբոր վատթար արարքը. որդին հոր մահն աճուրդի էր դուրս բերել։ Անտարակույս այդ Բարսեղը մի արյունարբու վաշխառու է, որ, օգտվելով շվայտ երիտասարդի նեղ դրությունից, մեկին հարյուրով պարտք է տվել ծերունու մահից հետո ստանալու պայմանով։ Ո՞րն է ավելի գարշելի, տվո՞ղը, թե՞ վերցնողը։

— Շատ բարի,— ասաց նա,— այսօր սպասեցեք, եղբորս հետ կխոսեմ, հետո կգաք...

—Չէ՛, չէ՛, ցավդ առնի ուստա Բարսեղը, Միքայել Մարկիչը չպիտի գիտենա, որ հրամանոցդ մոտն ենք եկել․ ամա՛ն, ամա՛ն, նա գիժ է, մեզ կսպանի, հինգ երեխաների տեր ենք...

— Հեռացե՛ք։ Վաղը եկեք, կստանաք ձեր փողերը։

— Հա՛, ցավդ առնեմ, էգուց վերջացնենք։ Հինգ երեխա ունենք, պառավ մայր, քույրեր, եղբայրներ, քրոջ աղջիկներ, եղբոր տղերք, մին սյուրու: Դատաստանից զահլեներս է գնում, հաշտությունը լավ բան է, ինքը Քրիստոսն է ասել։ Աստված լուսավորի Մարկոս աղայի հոգին, երևելի մարդ էր, մեզ շատ էր սիրում, ամեն օր գալիս էր խանութս։ Մենք էլ ձեր հրամանոց ծառաներն ենք, ձեր շվաքումն ենք ապրում։ Ներողությո՛ւն, գլուխդ ցավացրինք, ծառայությո՛ւն, մի՛ նեղանար, առանց ասելուդ էլ գնում ենք... էգուց կգանք, ծառայություն...

Եվ ուստա Բարսեղը երեսը դեպի Սմբատը, հետ ու հետ քայլելով, մեջքից թեքված, դուրս գնաց։

Նույն օրը երեկոյան Սմբատի ու Միքայելի մեջ տեղի ունեցավ առաջին ընդհարումը։ Միքայելն առանց քաշվելու խոստովանեց, որ Բարսեղից վերցրել է ընդամենը մի հազար ռուբլի, փոխարենը տվել յոթ հազար ռուբլու մուրհակ: Ի՞նչ աներ, փողի կարիք է ունեցել։ Նա արել է այն, ինչ որ շատ շատերն են անում ժլատ հայրերի զավակներից։ Նա չէր կարող պաս ու ծոմ պահել, լինելով միլիոնատիրոջ զավակ այն ժամանակ, երբ նրա ընկերները ծախսում էին հազարներով ու տասնյակ հազարներով։ Այսօր նա վերջապես իրավունք ունի ազատ ու ինքնագլուխ ապրելու, և ահա մի բռնակալի տեղ մյուսն է ասպարեզ եկել։ Ո՛չ, այդ անտանելի է և վիրավորական։ Հայրը թողել է մի ապօրինի կտակ, նա, իհարկե, լուռ չի մնալ, կանե, ինչ որ հարկավոր է, իսկ առայժմ թո՛ղ Սմբատը, առանց բացատրության սպասելու վճարե ուստա Բարսեղին, այլապես գործը կերթա դատարան...

Սմբատն սկսեց բացատրել եղբորը, թե ինքը երբեք չի մտածել նրա բռնակալը դաոնալու, թե նրանք հավասար եղբայրներ են և պարտավոր են միմյանց վրա ազդել բարի խորհուրդներով։ Միքայելի այժմյան կենցաղն արժանի է խորին պարսավանքի. այդ կյանք չէ, որ նա վարում է, այլ հոգեկան սնանկություն, բարոյական անկում, մարմնի քայքայում։ Թո՛ղ նայե Միքայելը հայելուն։ Այդպես շարունակել չի կարելի, այդ վիրավորանք է գերդաստանի պատվին։

— Վերջապես, մենք չունենք բարոյական իրավունք հանգուցյալի դառը քրտինքով ձեռք բերած հարստությունը ծովը թափելու մեր հաճույքի համար։

— Դառը քրտինքո՜վ,— կրկնեց Միքայելը կծու հեգնությամբ.— դու համոզվա՞ծ ես, որ մեր հայրն իր միլիոններն արդար ճանապարհով է վաստակել։

— Մի՞թե դու համոզված չես,— գոչեց Սմբատը զարմացած։

— Ե՞ս։ Ես համոզված եմ, բայց դու— ո՛չ։

— Ի՞նչ ես ուզում ասել։

— Այն, որ դու մտքումդ մեր հորը համարում ես հարստահարիչ և չես խղճահարվում գալ տիրանալ նրա հարստությանը։

— Միքայե՜լ։

— Զո՜ւր ես վիրավորվում։ Կամենաս ցույց կտամ Մոսկվայից գրած նամակներդ այն օրից, երբ հանգուցյալը քեզ զրկեց թոշակից։ Դու գրում էիր, թե մեր ժամանակում արդար աշխատանքով երբեք չի կարելի հարստանալ։ Դու մեղադրում էիր մեր հորը՝ աշխատավորներին հարստահարելու, ագահության և Ժլատության մեջ, իսկ ես պատասխանում էի, թե Մարկոս Ալիմյանի հարստությունն ուրիշների քրտինքի արդյունքը չէ, այլ բախտի բերմունք, բնության մի պարգև, վիճակախաղ... Ես պաշտպանում էի, դու՝ հարվածում էիր. ասա՛, այժմ ո՞վ է մեզանից ավելի արժանավոր ժառանգ, ե՞ս՝ իմ շռայլ ու զեխ աննպատակ կյանքով, թե՞ դու՝ քո տնտեսական աշխարհայացքով և գրքերից քաղած փիլիսոփայությամբ։

— Չգիտեմ, գուցե ավելի դու, քան ես...

— Այո , ես։ Թո՛ղ, ուրեմն, որ ես օգտվեմ նրա հարստությունով. հեռացի՛ր գործերից, հանձնելով ինձ հարստահարությամբ և կեղեքումով դիզված հարստությունը։ Դու ուսում ունիս, ես թերուս եմ, դու խելոք ես, ես հիմար, դրամը հիմարին է հարկավոր, խելոքն ինքը կարող է վաստակել։ Ահա պարծենում ես քո պարկեշտությամբ ու ժուժկալությամբ, բայց մոռանում ես քո և իմ պայմանները կյանքի։ Տասներկու տարեկան էիր, երբ հեռացար վատ շրջաններից, գնացիր Մոսկվա։ Այնտեղ դու ապրել ես ընտիր ընտանիքներում, կրթվել ես լավագույն ուսուցիչների ձեռքի տակ, համալսարան ես մտել և ավարտել։ Իսկ ինձ պահել են այստեղ, այս ապականված քաղաքում և քո պատճառով զրկվելով բարձր ուսումից, ընկել եմ վատ միջավայր․․․

— Իմ պատճառո՞վ,— ընդհատեց Սմբատը։

— Այո՛, մի՞թե չգիտեիր։ Այն օրը, երբ մեր հայրն իմացավ, որ դու միացել ես մի օտարուհու հետ, երդվեց մյուս որդիներին ոչ միայն Ռուսաստան չուղարկել, այլև իր աչքից չհեռացնել։ Ահա ինչո՛ւ ես զրկվեցի այն առաքինությունից, որով այսօր պարծենում ես։ Այո՛, այո՛, դու խելոք ես, դու ունիս բարձրագույն ուսում, դու քեզ կարող ես ապահովել քո արդար աշխատանքով, իսկ ես չեմ կարող, որովհետև տգետ եմ, հիմար և աշխատանքի անընդունակ։ Ինձ, և ոչ թե քեզ է վայել շռայլել ուրիշների քրտինքով վաստակած հարստությունը։

— Բայց ես պարտավոր եմ անել այն, ինչ որ կտակել է մեր հայրը։

Միքայելը բարձրաձայն ծիծաղեց։

— Պարտավո՜ր եմ անել այն, ինչ որ կտակել է մեր հայրը,— կրկնեց նա, ձեռները իրարու զարկելով և գլուխն աջ ու ձախ երերելով,— ա՛յ ա՛յ ա՛յ. ի՜նչ գովելի հնազանդություն, ի՜նչ զմայլելի առաքինություն։ Պարտավո՜ր ես, ուրեմն կատարի՛ր նախ և առաջ հորդ կտակի գլխավոր կետը. բաժանվի՛ր կնոջիցդ ու երեխաներիցդ...

— Այդ քո գործը չէ:

— Թո՛ղ այդպես լինի. եթե կամենաս, ես այլևս չեմ խոսիլ այդ մասին, բայց միայն մի պայմանով, որ դու էլ ինձ չձանձրացնես քո հորդորներով ու խրատներով, որոնք ոչ մի արժեք չունեն ինձ համար։

— Բայց ես պարտավոր եմ ձանձրացնել, որովհետև այդ ոչ միայն մեր հոր, այլև մեր մոր կամքն է:

— Ինչո՞ւ։ Որովհետև ես շառլատան եմ, իսկ դու օրինավոր մարդ, ես անբարոյական եմ, դու բարոյական, չէ՞: Նեղություն կրիր, բարոյական մարղ, գնա հենց այս րոպեիս, գնա մայրիկի սենյակը տես խեղճ կինն ո՛ւմ պատճառով է արտասուք թափում — ի՞մ, թե՞ քո... Ցտեսությո՛ւն, վաղն առանց այլևայլի կվճարես ուստա Բարսեղին իմ պարտքը, մուրհակը հետ կվերցնես, ինձ համար կպատրաստես հինգ հազար ռուբլի։ Ես ունիմ ուրիշ պարտքեր էլ։ Բոլորը կվճարես ու կգրես իմ հաշվին։

Նա դուրս գնաց, արհամարհանքով լի մի հայացք ձգելով եղբոր վրա։

Սմբատը վրդովված ձեռը զարկեց սեղանին և ոտքի ելավ։ Ահա ի՜նչ. նույնիսկ այդ մինչև ոսկորների ծուծն ապականված երիտասարդը կշտամբում է նրան, երեսովը տալիս նրա անուղղելի սխալը։ Ի՞նչ կարող է անել այդ մարդու վերաբերմամբ, ի՞նչպես «ճանապարհի բերել», քանի որ ինքը չի կատարում իր վրա և իր վերաբերմամբ դրված ծանր պարտքը։

«Բայց այնուամենայնիվ ես քեզ չեմ թողնիլ քո կամքին», վճռեց նա մտքում։