Քաոս/Առաջին մաս/V
Մի ամսում Սմբատն արդեն ծանոթացավ հոր գործերի հետ։ Ուսումնասիրելով նրանց, ավելի ու ավելի հետաքրքրվում էր ու հափշտակվում։ Միլիոնների ձեռնարկությունը, բացի նյութականից, պարունակում էր և մի տեսակ բարոյական հրապույր։ Նա, որ մի ամիս առաջ իր իշխանության տակ հազիվ ուներ մի աղախին, այժմ կանգնած էր մի ամբոխի գլուխ։ Հազարի չափ արհեստավորներ, բանվորներ, գործակատարներ նայում էին նրան, իբրև լիազոր իշխանավորի, որ կարող է իրենց բախտավորեցնել, եթե կամենա, կամ զրկել մի կտոր հացից։
Զարմանում էր Սմբատը հանգուցյալի բնական խելքի, տակտի, եռանդի, մանավանդ համբերության վրա։ Այդ տգետ մարդը, որ հազիվ սովորել էր իր անունն ու ազգանունը դնել բանկային չեկերի ու մուրհակների տակ, տարիների ընթացքում վարել էր մի ընդարձակ և բարդ գործ, որը հաջող վարելու համար քիչ էին մի խումբ համալսարանականների ու մասնագետների ուժերը։ Այդ մարդը կատարյալ տաղանդ է եղել իր տեսակի։
Հաճախ Սմբատն հիշում էր Միքայելի կծու կշտամբանքն իր անցյալ հայացքների վերաբերմամբ։ Այո՛, նա շատ անգամ էր ասել, թե մեր ժամանակում շիտակ միջոցներով հարստություն դիզելն անհնարին է, թե բոլոր հարուստները մի տեսակ վամպիրներ են, որ ծծում են մարդկության արյունը: Եվ ահա այսօր նա կանգնած է աշխատավորի արյուն-քրտինիքով վաստակած հարստության գլուխ: Ի՞նչ անել այժմ. հավատարիմ մնալ անցյալին, արհամարհելով բոլորը հանձնել եղբորն ու մնալ աղքա՞տ, ինչպես էր դեռ մի ամիս առաջ: Մի կողմից նա մտածում էր, եթե կամքի ուժ ունենա և բարոյական մաքրություն, այդպես պիտի անե, մյուս կողմից՝ նրան պաշարում էին մեկից ավելի ուրիշ մտածումներ։ Չէ՞ որ այդ հարստությունն անցնելով Միքայելի ձեռքը, կարող է ապարդյուն հալվել ու չքանալ մի քանի տարում։ Այնինչ, որքա՜ն բարի և օգտակար գործեր կարելի է կատարել նրանով, ու այդպիսով բարոյական գործադրություն տալ անբարոյական միջոցներով ձեռք բերված զենքին։ Եվ այս մտքով ոգևորվելով, զգում էր իր մեջ մի անսովոր եռանդ ու նոր, անծանոթ բարոյական զորություն։ Կարծես, մի նիրհած ու թմրած ուժ էր զարթնել նրա մեջ և զարկ էր տալիս ներվերին։ Մտքում կազմում էր տասնյակ միմյանցից մարդասեր, միմյանցից հրապուրիչ ծրագիրներ, որոնք հիմնված էին մարդկային թշվառություններն ամոքելու ցանկության վրա։ Նախ և առաջ կբարվոքի իր իշխանության ներքո գտնվող բանվորների վիճակը — ահա նրա առաջին և ինքնըստինքյան մեծ գործը։ Մի գործ, որ դեռ ոչ ոք չի արել հանքատերերից ու գործարանատերերից։
Նա ցերեկներն զբաղվում էր գործերով, երեկոները փակվում էր սենյակում, գրում, կարդում, ուսումնասիրում տնտեսական օրենքները։ Երբեմն անձնատուր էր լինում անձնական զգացումներին, դուրս էր բերում ծոցի գրպանից նվիրական լուսանկարները, զննում երկար ու երկար ժամանակ, հեռու էր պահում ու ժպտում, մոտեցնում էր ու համբուրում։ Նա տխրում էր մենակ, առանց զավակների. թվում էր նրան, որ վաղուց, շատ վաղուց է բաժանվել նրանցից և, կարծես անջատված է նրանցից հավիտյան։ Մոսկվա վերադառնալու մասին նա առայժմ չէր մտածում և եթե մտածեր էլ, չէր կարող վերադառնալ` այնքան առայժմ անհրաժեշտ էր տեղն ու տեղը մնալը։ Մնում էր գրել ու հրավիրել կնոջը՝ երեխաների հետ։ Բայց ինչպե՞ս բերել տալ նրանց և դնել այն հարկի տակ, ուսկից ինքն էլ վռնդված էր մի ժամանակ նրանց պատճառով և ուր ոչ ոքի սիրտը բաց չէր նրանց ընդունելու։ Եվ մի՞թե ունի իրավունք այդ անելու։ Մի կողմից հայրական կտակն իր ծանր անեծքով, մյուս կողմից՝ մոր անվերջ կշտամբանքները։ Բայց չէ՞ որ նա տանջվում է առանց զավակների և չէ՞ որ այդ զավակներն այնտեղ, այդ սառցային երկրում ունին որդիական ջերմությամբ լեցուն սիրտ և այժմ կարոտում են նրա տեսակցությանը։ Ի՞նչպես զրկել այդ անմեղներին իրենց մորից և թողնել նրանց, որ տառապեն կարոտից։
Մի երեկո, այս ուղղությամբ խորհելով, նա զգացված էր առանձնապես։ Հանկարծ մի վճռական շարժում արավ, վերցրեց մի թերթ թուղթ և սկսեց կնոջը մի նամակ գրել։ Այլևս անկարող է դիմանալ զավակների կարոտին։ Այժմ նա ո՛չ գործել գիտե և ո՛չ մտածել գործի մասին։
Նամակը վերջացրեց, կարդաց և նորեն ընկավ մտատանջության մեջ։ Ի՞նչ է ուզում անել, ոտնատակե՞լ հոր կտակը, արհամարհել մոր աղերսանքներն ու արցունքները, մնալ հավիտենական անեծքի տակ։ Հետո՞․ նա ի՞նչպես պիտի հաշտեցնե նահապետական և նախապաշարմունքներով տոգորված մի գերդաստան մի եվրոպական ոգով կրթված օտարուհու հետ։ Այս դեռ բոլորը չէ, կա և՛ ուրիշ, գուցե ավելի մի բարդ խնդիր, չէ՞ որ նա չի սիրում իր կնոջը, չէ որ յոթ տարի վարել է նրա հետ գեհենային կյանք։ Այժմ հազիվ հեռացել է նրանից, հազիվ մի փոքր շունչ առել և նորե՞ն վերսկսել նույն տառապանքները։
Նա կամեցավ նամակը պատռել, դեն ձգել, բայց նորեն հիշեց զավակներին և նորեն զգաց խղճի սուր խայթ։ Երանի այսքան ընտելացած չլիներ նրանց, երանի լիներ մեկն այն իր հայրենակիցներից, որոնք համանման վիճակում կարողացել են ձգել ճակատագրի հաճույքին իրենց արյան և հոգու կտորն ու հանգիստ վերադարձել հայրենիք և նորեն ամուսնացել։ Այն ժամանակ նա իր անմաքուր խիղճը կսրբեր կրոնամոլության ավազանում։ Բայց նա սիրել է նրանց ոչ միայն իբրև ծնող, այլև իբրև զգայուն մարդ։ Ատելով կնոջն ու նրանից ատվելով, զգալով իր անթույլատրելի մոլորությունը, հորից անիծված, մորից, եղբայրներից ու բոլոր մերձավորներից հեռու, նա ուներ միայն և միմիայն մի սփոփանք — զավակները, ու նրանց մթնոլորտումն էր մոռանում իր հոգու կսկիծը։
Նա վերցրեց նամակը, ծրարեց։ Այդ պահին ներս մտավ Միքայելը, մոտեցավ և լուռ նստեց դեմուդեմ սեղանի մյուս կողմում։ Նրա դեմքն արտահայտում էր վճռականություն, երևում էր, որ եկել է մի լուրջ խնդրով և դրական որոշումով։
— Ժամանակ ունի՞ս,— հարցրեց նա։
— Նայելով, թե ինչի համար։
— Այդ կիմանաս, բայց այդ ի՞նչ նամակ է։
— Քո գործը չէ։
— Հասկացա, կնոջդ ես գրում։ Իհարկե, չունիմ իրավունք քո անձնական գործերով զբաղվելու․ սակայն հետաքրքրական է գիտենալ ի՞նչպես ես վճռել զավակներիդ վիճակը։
— Գրում եմ նրանց մորը, որ վերցնե նրանց և գա այստեղ։ Հույսով եմ, որ գոնե դու դեմ չես այդ բանին։
— Դու ինքդ ասացիր, որ այդ ինձ չի վերաբերում, բայց արդյոք վաղաժա՞մ չէ այդ նամակը։
— Ի՞նչ ես ուզում ասել։
— Այն, որ նախքան այդ նամակը գրելը պիտի խոսեիր ինձ հետ։
— Չեմ հասկանում։
— Կխոսեմ պարզ ու կտրուկ։ Դու պիտի շուտով վերադառնաս Մոսկվա։
— Վերադառնա՞մ։ Ինչո՞ւ։
— Քո նախկին կյանքը շարունակելու, այսինքն՝ գերդաստանից աքսորված։
— Միքայել, ես տրամադիր չեմ կատակներ անելու։
— Ես ևս առավել։ Լսի՛ր, ապօրինի ես տիրացել մեր հոր ժառանգությանը։
— Մի՞թե,— զոչեց Սմբատը հանգիստ, ցամքիչը սեղմելով ծրարի հասցեի վրա։ — Այո՛, դու չես այդ ժառանգության տերը, — կրկնեց Միքայելը։
— Մոտդ նամակադրոշմ կա՞,— հարցրեց Սմբատն ամենայն սառնասրտությամբ․— ուզում եմ այս նամակն իսկույն ևեթ փոստարկղ գցել տալ։
— Ես խնդրում եմ թողնել կատակներդ և լսել ինձ։
— Ասա՛, լսում եմ։
— Մեր հայրը քեզ ոչինչ չի կտակել, նույնիսկ մի աննշան բաժին։ Այն կտակը, որով տիրացել ես նրա հարստությանը, ապօրինի է։ Իսկականն ինձ մոտ է։ Եթե բարեհաճես, կարող ես ծանոթանալ նրա բովանդակության հետ։
— Երևի նոր ես ճաշից վեր կացել, գլուխդ մթնած է, գնա՛, հանգստացիր։
Միքայելը վրդովվեց։
— Ես հարբած չեմ և արթուն եմ ավելի քան երբևէ,— գոչեց նա և, ձեռը տանելով ծոցի գրպանը, դուրս բերեց մի քառածալ թուղթ։
Սմբատը մատը սեղմեց զանգակի կոճակին։ Ներս մտավ սպասավորը։
— Թադևոս,— հրամայեց նա,— այս նամակը տար ու փոստը ձգիր։
Սպասավորը վերցրեց նամակը և դուրս գնաց։
— Թղթի կտո՞ր, այդ ի՞նչ է,— հարցրեց Սմբատը նույն սառնասրտությամբ։
— Այո՛, թղթի կտոր, որ սակայն մեր հոր իսկական կտակն է։ Հավատում եմ քո ազնվության, ա՛ռ և կարդա․․․
Սմբատը ձեռքը մեկնեց թուղթն ընդունելու։
— Կա՛ց,— ասաց Միքայելը, ձեռը տանելով մյուս գրպանը,— ես սխալվեցի։ Մարութխանյանն ասում է՝ մեր ժամանակում ոչ ոքի չի կարելի հավատալ, նույնիսկ հարազատ եղբորը։ Նա ճանաչում է մարդկանց։
— Մանո՜ւկ,— արտասանեց Սմբատը, հեգնորեն ժպտալով, — երևի քեզ համար ուրիշ զորություն գոյություն չունի, բացի զենքը։
Նա վերցրեց թուղթը, բաց արավ, կարդաց, ստուգեց հոր ստորագրությունը և ասաց.
— Այո՛, շատ ճարպիկ ձեռք է ունեցել այս թուղթը հորինողը։— Դու չե՞ս հավատում կտակի իսկությանը։
— Իհարկե, չեմ հավատում, բայց...
Նա կանգ առավ, խորհեց, ճակատը տրորելով։ Նա՝ և՛ չէր հավատում, և՛ չէր կարող չհավատալ։ Մի՞թե ճիշտ է։ Նայեց թղթի սկզբում գրված թվականին, շփոթվեց. նա գրված էր իր քովը եղած կտակից մի քանի ամիս հետո, երկուսի տակ ևս նույն ձեռով գրված ստորագրությունը։ Ուրեմն ջարդ ու փշուր են լինում նրա բոլոր ծրագիրները։ Ուրեմն նա դարձյալ չքավոր է, դարձյալ գերդաստանից աքսորված, անիծվա՞ծ։ Ի՞նչ է նշանակում այդ, կատա՞կ է արել հանգուցյալը մահվան անկողնում, մահամերձի դիվային կատա՞կ, թե՞ հոգեկան հիվանդ է եղել ծերունին և մի թղթի փոխարեն տվել է մյուսը։
Նա նայեց Միքայելի երեսին խորը, զննող հայացքով, և մի միտք հանկարծակի լուսավորեց նրա րոպեաբար մթագնած ուղեղը․ ճակատի կնճիռները պարզվեցին, և նրա դեմքով անցավ մի դառը ժպիտ։
— Ո՞վ է հորինել այս թուղթը,— գոչեց նա, ձեռը զարկելով կեղծ կտակին։
— Ինքը՝ հանգուցյալը, պարզ չէ՞ միթե։
— Վերցրու հետ, հե՛տ վերցրու և պատռիր ու դեն ձգիր։
Դու մի խայտառակ բանսարկության զոհ ես... վերցրո՛ւ․․․
— Հա՜ հա՜ հա՜,— ծիծաղեց բարձրաձայն Միքայելը, և նրա ծիծաղը հնչեց բռնազբոսիկ ու կեղծ։
Սմբատը մի անգամ ևս ստուգեց հոր ստորագրությունը՝ իր սեղանի մեջ գտնված մյուս ստորագրությունների հետ և նորեն շփոթվեց։ Մտածեց, որ եթե նույնիսկ այդ թուղթը մի կեղծված է, կարող է նրան ահագին անախորժություններ պատճառել։
— Դու ուզում ես, որ այս թղթի հիման վրա օրենքով հաստատված իրավունքներս քե՞զ հանձնեմ,- հարցրեց նա, ոտքի ելնելով։
— Ստիպված ես այդպես անել։
— Իսկ եթե չանե՞մ։
— Կդիմեմ դատարանին։Սմբատը լռեց, ծալեց նորեն թուղթն ու դրեց եղբոր առջև։ Միքայելը նայում էր նրա երեսին։ Մի վայրկյան նա խորհեց, որ իր արածը լավ բան չէ, բայց միայն մի վայրկյան։ Չպիտի՛ սկսեր կոմեդիան, որ սկսել է, պիտի խաղա մինչև վերջը։
— Ուրեմն դատարանի՞ միջոցով։
— Դիմիր, ուր որ ուզում ես,— պատասխանեց Սմբատը, վճռաբար,— ես այդ կտակը համարում եմ կեղծ և հորինողը Իսահակ Մարութխանյանն է։
Միքայելը ցնցվեց թակարդ ընկած թոչնի պես, սակայն կարողացավ անմիջապես ուշքի գալ։
— Ցավում եմ, որ պիտի դիմեմ դատարանին,— ասաց նա և ոտքի ելավ։
Եվ որպեսզի իր կամքի ույժն ավելի դժվարին փորձի չենթարկի, շտապեց հեռանալ, թուղթը դնելով գրպանը։
Սմբատը բութ մատի եղունկը սեղմեց ատամներին, հայացքը հառելով հատակին։ «Իսկ եթե կեղծ չէ՞»։ Հայտնի բան է, այն ժամանակ պիտի մտածել անելիքի մասին։ Նա չի կամենում չոր տափի վրա մնալ, և ո՞վ կկամենար մնալ նրա տեղը։ Թող այդ հարստությունը դիզված լինե աններելի միջոցներով, նրան կարելի է զտել ու մաքրել կեղտերից, գործադրելով հօգուտ հանրության, բայց նորեն աղքատանա՜լ... о՜о, ո՛չ, չի կարող...
Հետևյալ առավոտ նա ինքը գնաց Միքայելի սենյակը և այնտեղ հանդիպեց Իսահակ Մարութխանյանին։ Գուշակեց անմիջապես, թե ինչն է այդ մարդուն բերել այստեղ այդչափ կանուխ առավոտյան։ Գուշակեց նաև, որ փեսան իր աներձագի տրամադրությունն արդեն լարել է իր դեմ։ Նա բացատրություն պահանջեց. Միքայելը կրկնեց նույնն ավելի դրականորեն, քան նախընթաց երեկո։
— Դիմելու եմ դատարանին այսօր ևեթ, եթե չկամենաս գործը հաշտությամբ վերջացնել։
— Դիմի՛ր,— ասաց Սմբատը, մի զննիչ հայացք ձգելով Մարութխանյանի վրա,— դիմեցե՛ք, երկուսդ էլ կկորչեք որպես կեղծարարներ։
— Խնդրեմ, առանց վիրավորանքի,— արտասանեց Մարութխանյանը.— ի՞նչ իրավունքով ես ինձ խառնում այդ գործի մեջ։Եվ պատասխան չստանալով ավելացրեց․
— Իմ միակ մեղքն այն է, որ ես Միքայելին հավատում եմ ավելի, քան քեզ։ Կոնտր-կտակն իսկական է և անժխտելի։ Իբրև իրավաբան ես համոզված եմ այդ բանում։
Սմբատի տրամադրությունը վայրկենապես մեղմացավ, ոչ երկյուղից, այլ մի ուրիշ մտքից։ Եթե նույնիսկ կեղծ է կոնտր-կտակը, կարող է մեծ աղմուկ բարձրացնել և դառնալ աղբյուր ով գիտե ի՜նչ չարիքների։
— Միքայել,— ասաց նա, աշխատելով լինել կարելույն չափ սառնասիրտ,— այդ մարդուն հավատ մի՛ ընծայիր. նա կարող է քեզ կործանել, ես այս ասում եմ առանց քաշվելու, իր ներկայությամբ։
Ասաց ու դուրս գնաց, իջավ ցած և մտավ տան ներքին հարկում գտնվող խանութներից մեկը։
Դա մի երկայն ու լայն սենյակ էր, բաժանված տախտակյա միջնորմով երկու մասերի — առաջին և հետին։ Հետին մասը ծառայում էր իբրև կացարան՝ քաղաքային գործակատարներից մեկի համար, իսկ առաջին մասը՝ գրասենյակ էր։ Այստեղ դրված էին մի քանի քայքայված, դեղնագույն պահարան և մի հնամաշ գրասեղան՝ մի քանի նույնչափ հնամաշ աթոռներով։ Դրամարկղ չկար։ Մի ուրիշ գրասեղան դրված էր խորքում։ Հատակի մի կողմը ծածկված էր զանազան հանքային ու գործարանային պարագաներով — խողովակներ, ծորակներ, պարանների կապոցներ և այլն։
Խորքի սեղանի մոտ նստած գրում էր մոտ քառասուն տարեկան մի մարդ, նիհար ու ժամանակից առաջ թառամած դեմքով։ Սմբատին տեսնելով, նա ոտքի կանգնեց ու բարևեց, երևան հանելով իր հասակի բարձրությունն ու մեջքի կորությունը։ Հագած էր նա երկայն մոխրագույն հնամաշ ռեդինկոտ, որի մաշված կոհակների արճիճագույն թիթեղիկները փայլում էին շքանշանների պես։ Ծնկների կողմում կուչկուչված անդրավարտիքի տակից երևում էին մեկից ավելի անգամ կարկատված կոշիկների բերանները և այնտեղից ցցված ճերմակ գուլպաները։ Պարանոցին կապած էր մի սև թաշկինակ, յուղոտված ու փայլուն, որ նրան տալիս էր հիվանդի տեսք։ Մի ուրիշ գույնզգույն թաշկինակի ծայրը ցցվել էր ռեդինկոտի հետևի գրպանից։ Ընդհանուր առմամբ այդ մարդը կյանքից ծեծված մեկի տպավորություն էր գործում։
Սմբատը նստեց գրասեղանի քով և ստորագրեց մի քանի թղթեր, որ լռորեն նրա առջև դրեց կորամեջք մարդը, որ թե՛ գրասենյակի վարիչ էր, թե՛ գործակատար, թե՛ հաշվապահ։ Այնուհետև մարդը վերցրեց ստորագրված թղթերը և յուրաքանչյուրի տակ ստորագրեց իր անունը․
«Հաշվապահ՝ Դավիթ Զարգարյան»։
Հետո դուրս բերեց գրպանից մի կապ թղթադրամներ և դրեց Սմբատի առջև, ասելով․
— Ստացվել է երկու խանութպաններից։
— Պահեք ձեզ մոտ, վաղը կտաք,— ասաց Սմբատը։
— Ո՛չ, վերցրեք, ես չեմ կարող մոտս մի ժամ անգամ դրամ պահել։
Հաշվապահը հուզված էր երևում։ Նրա ամբողջ կեցվածքի մեջ նկատվում էին վրդովմունքի հետ նաև հպարտություն և վիրավորված ինքնասիրություն։
— Դարձյալ ի՞նչ է պատահել,— հարցրեց Սմբատը, որ արդեն բավական ճանաչել էր այդ մարդու բնավորությունը։
— Պարոն Սմբատ, վերցրեք այդ փողերը և այսուհետև ինձ ազատեք առհասարակ դրամի հաշիվներից։
Այս ասելով, Զարգարյանը խոշոր քայլերով սկսեց անցուդարձ անել։ Յուրաքանչյուր քայլին նրա վտիտ իրանը թեքվում էր առաջ այնպես, որ կարծես, ամեն անգամ ոտների տակ սողուն էր ջարդում։
— Ես ձեր միտքը չեմ հասկանում,— ասաց Սմբատը,— մի գուցե ես ձեզ վիրավորե՞լ եմ։
— Ո՛չ, պարոն Ալիմյան, դուք բավական կրթված եք ինձ նմաններին չվիրավորելու համար։ Ես ուղղակի սարսափում եմ ինձ մոտ փող պահելուց։
— Երևի վախենում եք կորցնե՞լ։
— Այո՛, վախենում եմ։— Բայց, որքան ինձ հայտնի է այսքան տարի մեզ մոտ ծառայելով, դուք դեռ ոչ մի անգամ փող չեք կորցրել։
— Սխալվում եք, մի-երկու անգամ պատահել է հանգուցյալի կենդանության ժամանակ։
Զարգարյանի խոսքերի մեջ Սմբատն զգում էր հետին միտք։ Այդ մարդու ազնվության մասին նա մազի չափ կասկած չուներ։ Արդեն բավական էր, որ հանգուցյալի նման վերին աստիճանի զգույշ և կասկածամիտ մեկը պահել է նրան իր մոտ յոթը տարի։
— Ի սեր անկեղծության, պարզ խոսեցեք։ Ինչպես տեսնում եմ, դուք մի բան ուզում եք ասել, բայց քաշվում եք․․․
— Շատ բարի, պարզ կխոսեմ, քանի որ թույլ եք տալիս,— ասաց Զագարյանը և մի խոշոր քայլ ևս անելով, կանգ առավ Սմբատի առջև.— ձեր եղբայրը, պարոն Սմբատ, գողություն է անում։
— Զարգարյա՜ն,— ընդհատեց Սմբատը վրդովված։
— Դուք իրավունք տվեցիք ինձ լինել անկեղծ, ուրեմն չպիտի բարկանաք։ Այո՛, պարոն Միքայելը գողություն է անում, և ես անզոր եմ նրան արգելելու։ Նա այս շաբաթ երեք անգամ գրասենյակից փող է վերցրել առանց ստացական տալու։ Ահա հաշիվը, հազար յոթ հարյուր ռուբլի․․․
Նա դրեց Սմբատի առջև մի թուղթ։
Գողությո՜ւն. ո՛րպիսի վիրավորանք Ալիմյան գերդաստանի պատվին և ինքնասիրությանը։ Միքայելն այդ փողերի մասին ոչինչ չի ասել Սմբատին և, իհարկե, երբեք չպիտի ասեր։ Ահա ի՜նչ. ուրեմն նա չի բավականանում մորից առանձին և եղբորից առանձին ստացածներով․ ձեռներն ապականում է գողության մեջ։ Նա չի խնայում անգամ այն խեղճ հաշվապահին,— վտանգի ենթարկելով նրա վարկը։ Ահա թե ո՛րքան է ապականվել այդ տղան։
— Հանգուցյալը,— շարունակեց Զարգարյանը հառաչելով,— լավ էր ճանաչում որդուն, ուստի բոլոր վարձողներին և գործակատարներին պատվիրել էր ոչ մի կոպեկ չտալ նրան։ Լավ կլիներ, որ միևնույնն էլ դուք անեիք․․․
— Շատ բարի, ես աչքի առջև կունենամ ձեր խորհուրդը․․․Ասաց և վրդովմունքը ցրելու համար դուրս եկավ փողոց։
Կյանքն արդյունաբերական քաղաքում եռում էր։ Մարդիկ անցնում էին դեսուդեն շտապ քայլերով, մտազբաղ դեմքերով։ Դժվար չէր գուշակել, որ գլուխները պաշարված են միայն մի մտքով և սրտերը համակված միայն մի զգացումով — վաստակել որքան կարելի է շուտ և որքան կարելի է շատ։ Արդեն ամբողջ մթնոլորտը տոգորված էր այդ գաղափարով։ Մարդիկ բարևում էին իրարու հապճեպ, խոսում էին արագ-արագ, հևալով, շնչասպառ։ Հազիվ կանգ էին առնում, երբ հարկավոր էր իրարու ձեռը սեղմել։ Ամբողջ քաղաքն անսովոր մարդու վրա գործում էր երկաթուղու կայարանի տպավորություն, ուր ամեն ոք շտապում է, վազում, հրում ու հրվում, վախենալով գնացքը փախցնել։ Աջ ու ձախ սլանում էին տնային ու վարձու կառքերը, տանելով գործի մարդկանց՝ դեպի փայլուն ոսկին։ Աջ ու ձախ երևում են նոր կառուցվող և արդեն կառուցված հոյակապ տներ։ Սպիտակ քարաշեն եվրոպական ձևի շինությունները փոխարինում էին նախկին նեղ ու ցածր ասիական կացարաններին՝ հողե տափակ կտուրներով։ Ամեն ինչ փոխվում ու նորոգվում էր տենդային թափով, իսկ ամենից առաջ մարդկանց արտաքինը։ Երեկվա պարսկական փափախը, կապան ու քոշերը տեղի էին տալիս քաղաքակիրթ աշխարհի գլխարկին, ռեդինկոտին ու փայլուն կոշիկներին։ Գրասենյակներն ու փարթամ խանութները լեցուն էին հաճախորդներով։ Մտնում էին, դուրս գալիս, գնում, վաճառում, խաբում ու խաբվում և միշտ շտապում։
Մի երկհարկանի տան առջև Սմբատը տեսավ խումբ-խումբ մարդիկ, որ այս ու այն տեղ խորհրդավոր դեմքերով փսփսում էին։ Բնազդմամբ գլուխը բարձրացրեց և տան ճակատին կարդաց «Բորսա»։ Այստեղ էին օրվա որոշ ժամերին ժողովվում առևտրական միջնորդները և «բորսային նապաստակները», այստեղ էին շահում ու շահագործում։ Յուրաքանչյուրն աշխատում էր ուրիշի ապրանքը թանկ ծախել, ուրիշի համար էժան գնել և ստանալ իր բաժին վարձը։ Մի քանի խմբակներ, Սմբատին ճանաչելով, պատկառանքով հետ քաշվեցին՝ նրան ճանապարհ տալու, ոմանք խոնարհ գլուխ տվեցին։
Սկզբում Սմբատն զգաց մի տեսակ արհամարհանք և նույնիսկ նողկանք դեպի այդ մարդիկ։ Ահա ձրիակերների մի ավելորդ տարր, մի տեսակ խոց հասարակական մարմնի վրա։ Ընկերական շրջաններում, ուսանողական որոշ խմբերի ազդեցությամբ, շատ անգամ էր դատապարտել տնտեսական աշխարհի այն տարրերը, որոնք ո՛չ աշխատավորներ են, ո՛չ արդյունաբերողներ։ Այժմ արհամարհանքը փոխվեց մի այլ զգացման։ Արդյոք արդարացի՞ է թեկուզ այդ խումբ-խումբ ժողովված մարդկանց դատապարտել իբրև պարազիտների։ Արդյոք թեթևամտություն չէ՞ երևույթը պարսավել առանց պատճառները քննելու։ Եթե միջնորդը պարազիտ է — պարազիտ է նաև արդյունաբերողը, հանքատերը, գործարանատերը, կալվածատերը, վաճառականը, խանութպանը, ուրեմն և ինքը՝ Սմբատը․․․
Նա զգաց, որ իր մտքերը գնում են հեռու, շատ հեռու, թափանցելով քաղաքատնտեսության խորքերը։ Շփոթվեց ինքն իր մտքերից, զգաց մի տեսակ ամոթ իր մտավոր և բարոյական աշխարհի առջև։ Այդ պահին նա կանգնած էր երկու մրդու միջև. մեկն այժմյան Սմբատն էր, մյուսը՝ մի երկու ամիս առաջվա Սմբատը, մեկը՝ միլիոնների ժառանգը, մյուսը՝ այն աղքատ երիտասարդը, որ իր ընտանիքը պահում էր մասնավոր դասերով, հորից անիծված, գերդաստանից աքսորված, նպաստից զրկված։
Որի՞ն մոտենալ, որի՞ հետ ձուլվել առմիշտ, ո՞րն է բարվոքը — հարստությունից, մնալ հավատարիմ տեսականին և անզեն, թե՞ լինել հարուստ, զորավոր, ինքնիշխան։ Հարցն անլուծելի էր։
Հանկարծ նա ցնցվեց։ Նա հիշեց Միքայելի կոնտր-կտակը, որի մասին մոռացել էր։ Այո՛, եթե այդ կտակն օրինական է,— խնդիրը կլուծվի ինքնըստինքյան, առանց նրա կամքի։ Նրան նորեն կարտաքսեն գերդաստանից, նորեն կմնա նույնը, ինչ որ էր երկու ամիս առաջ։ Այն ժամանակ թո՛ղ գնա իր գաղափարները պաշտելու և քաղցած փորով բարոյական սկզբունքներ քարոզե և իր զավակներին կերակրե բարձրագույն թեորիաներով:
— Սմբա՛տ,— լսեց նա մի ծանոթ ձայն և հետ նայեց։
Գրիգոր Հաբեթյանն էր, որ հևալով, տնքալով ու քրտնած, մոտենում էր։
— Ո՜ւֆ, տրաքեցի հետևիցդ վազելով։ Այդ անիրավ բժիշկները հոգիս հանեցին, բայց օգնել չկարողացան... Լսի՛ր, ես պատգամավոր եմ ուղարկված քեզ մոտ... Քյազիմ-բեգ Ադիլբեգովը խնդրում է այսօր երեկոյան շնորհ բերել իր տունը, ուր պիտի տեղի ունենա գալա-քեֆ. նա ուզում է քեզ սգից դուրս բերել և հատկապես քեզ հետ բարեկամանալ։ Հանուն բոլոր միջազգային դարդիմանդների, մի մերժիր, խոսք եմ տվել տանելու քեզ, պիտի տանեմ։
— Ովքե՞ր են լինելու։
— Ասացի էլի, միջազգային դարդիմանդներ։
— Միքայե՞լն էլ։
— Առանց սումաղի լուլաքաբաբ կլինի՞։ Միքայելը մեր ընկերական շրջանի համն ու հոտն է։
Սմբատը կփափագեր մերժել, բայց հետաքրքրությունը գերազանցեց։ Արժե գեթ մի անգամ լինել Միքայելի ընկերական շրջանում և տեսնել` ինչպես է նա վատնում իր կյանքը։
— Լավ, կգամ,— վճռեց նա։
— Այդպես չի կարելի, կարող ես խոստումդ մոռանալ կամ փախչել։ Երեկոյան ութ ժամին կգամ նախ քեզ կլուբ տանելու։ Սպասի՛ր ինձ տանը, բայց ոչ, գրասենյակում։ Ես այդ սանդուղքով բարձրանալու ախորժակ չունեմ...