VI

Հասարակական ժողովարանի սպասավորները Սմբատին տեսնելով, միմյանց առաջեցին՝ նրա վերարկուն ու գլխարկն ընդունելու։

Ընդարձակ քարե սանդուղքով վեր բարձրանալով Գրիշայի հետ, նա մտավ մի սենյակ, անցավ մի մեծ սրահ։ Այստեղ ոմանք զբաղված էին թղթախաղով, ոմանք խմբակների բաժանված խոսում էին, վիճաբանում, բացատրում, համոզում։ Այստեղ ևս առևտուր էր կատարվում։ Կատակներ էին անում, սրախոսում, ցինիկ անեկտոդներ պատմում և, միմյանց ուսին ու փորին զարկելով, տասնյակ հազարների գործեր վերջացնում։ Լսվում էին դարձվածքներ, նկատվում էին ձևեր ու շարժումներ, որ անսովոր մեկի վայելչասիրության զգացումը կարող էին վիրավորել։ Երեկվա գռեհիկ գյուղացիների, մրգավաճառների, սայլապանների միայն հագուստն էր փոխվել։ Փողոցը, օսլայած շապկով ու փայլուն կոշիկներով տեղափոխվել էր մի հասարակական հավաքարան, որ լուսավորված էր էլեկտրական լամպաներով և զարդարված փարթամ կահ-կարասիով։ Թավշե բազկաթոռների վրա անփույթ ընկղմված էին մարդիկ, որ դեռ երեկ-մեկէլ օրը հնամաշ խսիրների վրա էին ծալապատիկ նստում։

Կային բժիշկներ, իրավաբաններ, ինժեներներ, որոնց արտաքինը, ձևերն ու արտասանած դարձվածքները կրում էին շրջանի դրոշմը։ Գրեթե նույն կոշտ ու կոպիտ կեցվածքը, նույն գռեհիկ եղանակը խոսակցության, ինչ որ հատուկ էր անկիրթ ու անտաշ շրջանին, այնպես որ անծանոթ անձը չէր կարող երևակայել, որ յուրաքանչյուրի գրպանում կա մի-մի վկայական բարձրագույն ուսման։ Կրթությունն ու զարգացումն ազդելու փոխարեն ազդվում էին և նկատելի էր, որ կրթվածները նույնիսկ գիտակցաբար օրինակում էին հարստացած խոհարարների ու դռնապանների գռեհիկ ձևերն ու սովորությունները` նրանց դուր գալու համար։

Սմբատն ամեն կողմից հանդիպում էր սիրալիր ողջույնների, ստրկական ժպիտների, և կրթվածները, միմյանց առաջում էին նրա ձեռը սեղմելու։ Եվ ամենքն իրենց կարեկցությունն էին արտահայտում հոր մահվան առիթով և գովում ու փառաբանում էին հանգուցյալի առաքինությունները։

— Դրանք էլ մեր ազգասերներն են,— ասաց Գրիշան` հեգնաբար, առաջնորդելով Սմբատին մի փոքրիկ սենյակ, ուր հինգ-վեց մարդ առանձնացած տաք-տաք վիճաբանում էին ինչ-որ բանի մասին։

— Քաղցած փորը մարդու գլխին զոռ է տալիս,— ասաց Գրիշան։

Նրանք մտան շատ պայծառ լուսավորված ընդարձակ սենյակ, ուր երկայն սեղանի քով մի խումբ մարդիկ լրագիրներ էին կարդում։

— Մեր տեղական պոլիտիկոսներն են,— ասաց Գրիշան:

Հետևյալ սենյակները լիքն էին թուղթ խաղացողներով։ Կավիճի փոշին, ծխախոտի ծուխը, շնչառությունների գոլորշին օդի մեջ գոյացրել էին մի տեսակ մանիշակագույն մշուշ, որի միջով հազիվ-հազ երևում էին կարմրած երեսները, ճարպոտ աչքերը և մեկը մյուսից հաստ ու պարարտ փորերը։ Ոմանք թե՛ խաղում էին և թե՛ առևտուր անում։ Այս ու այն կողմից լսվում էին հանքային ջրերի բացվող շշերի պայթոցները։ Նորաբողբոջ բուրժուազիան կուշտ ճաշից հետո իր ճարպոտ որովայնը զովացնում էր, թառանչելով ու բղկոց տալով։

Վերջին սենյակում բիլիարդ էին խաղում։ Այստեղ էին Մելքոնն ու Մովսեսը։

— Գալուստդ բարի, սգավոր,— ասաց Մելքոնը Սմբատին, թեքվելով, որ գնդակին զարկե։

— Իշալլա՛հ,— արտասանեց քնահարբ Մովսեսը, կիի ծայրը դանդաղորեն կավիճելով։—Կռամբոլ... հայ աթասինի...

— Դե լավ, վերջացրեք, արդեն տասը ժամն է, — գոչեց Գրիշան անհամբեր։

Գնդախաղը վերջացավ։ Սմբատը, Մելքոնն ու Մովսեսն անմիջապես ուղևորվեցին Քյազիմ-բեգի տունը, իսկ Գրիշան գնաց թատրոն, ասելով.

— Գնամ գեղեցկուհիներիս հսկելու, որ ուրիշները չփախցնեն։

Թատրոն կոչվածը մի քառանկյունի անոճ ու անճաշակ սրահ էր, նման շտեմարանի։ Մտնելով մի նեղ անցք, Գրիշան վերարկուն շպրտեց առաջ վազող հանդերձապահին և անցավ կուլիսների հետև։ Այդտեղ տիրում էր շուկային խառնակություն. մինչ բեմի վրա երգում էին խորային երգիչ-երգչուհիներն ու պարուհիներն իրենց թեթև զգեստներով, բարձրաձայն խոսում էին, վիճաբանում, իրարու բոթում, իրարու հայհոյում, ծիծաղում, քրքջում։ Կային մի քանի կնամոլներ, որ եկել էին իրենց ժամանակավոր սիրուհիներին ներկայացումից հետո ընթրիքի տանելու։ Դրանք գլխավորապես գողությամբ հարստացած գործակատարներ կամ նավթային միջնորդներ էին։

Գրիշան ձեռով շփեց մի սիրունիկ պարուհու երեսը և մոտեցավ գեղադեմ կոմպրեմարիոյին առժամանակ, մինչև որ պրիմադոննան կավարտեր իր արիան բեմի վրա և կստանար երկրպագուների սովորական ծափերը, նաև մի որևէ նախկին սայլապանից` ծաղիկների մի կողով։ Կուլիսների հետևում նա առհասարակ ընդունվում էր սիրով ու հարգանքով, և շատ դերասանուհիներ ու երգչուհիներ իրենք էին փաթաթվում նրա պարանոցին։

Հայտնելով պրիմադոննային, թե այս գիշեր ուր պետք է անցկացնեն իրենց ժամանակը ներկայացումից հետո, նա շտապեց անցնել թատերասրահ, որ ծայրեիծայր լիքն էր։ Հպարտ, ինքնավստահ քայլերով անցավ ադամանդազարդ տիկինների ու պոչավոր պարոնների միջով և բռնեց իր տեղն առաջին կարգում։ Տասնյակ նախանձոտ աչքեր ուղեկցում էին նրան, իբրև մի երջանիկ անձի, որի համար թատրոնը, կարծես, սեփական տունն էր, իսկ կուլիսների հետևը` հարեմ։

Քյազիմ-բեգ Ադիլբեգովը Միքայելի ընկերների մեջ ամենից ազատն էր ընտանեկան պայմանների նկատմամբ, ամենից հարուստն ու ամենից շռայլը։ Նրա ծնողները մեռել էին մի քանի տարի առաջ, տանը ոչ ոք չուներ, բացի երկու-երեք լեզգի ծառաներից, խոհարարից և կառապանից: Ապրում էր որպես ոչ-մահմեդական, նիստն ու կացը բոլորովին հարմարեցրած էր քրիստոնյա ընկերների ճաշակին ու պահանջներին։ Հորից ժառանգել էր երեք-չորս հոյակապ տներ, բազմաթիվ նավթահորեր, երկու առագաստավոր նավեր, մի շոգենավ և մի քանի տոպրակ ոսկիներ։ Արդեն կեսն իր հարստության վատնել էր, մնում էր մյուս կեսը։ Մոլեռանդ մուսուլմանները վաղուց էին հաշտվել նրա մեղսալի կենցաղի հետ, համարելով նրան ապականված գյավուր, որ հանդերձյալ աշխարհում պիտի չարաչար պատժվեր...

Հյուրերը մտան կես եվրոպական և կես ասիական ոճով կահավորված մի ընդարձակ սրահ։ Մի անկյունում ծալապատիկ թախտի վրա նստած, երգում ու նվագում էին սազանդարները։ Տանտերը մի քանի հյուրերի հետ վինտ էր խաղում։ Դա առույգ և կայտառ մի երիտասարդ էր, գեղեցիկ դեմքով, խոշոր, սև աչքերով, մաքուր սափրած երեսով և բարակ սևաթույր ընչացքով։ Հագած էր թավշե արխալուղ, Դաղստանի նրբագույն շալից կարած կապա՝ ոսկե վազմաներով։ Մեջքին կապած էր ոսկե գոտի, որից կախվում էր մի գեղեցիկ դաշույն` զմայլելիորեն շինած ոսկեխառն փղոսկրե պատյանի մեջ։

Տեսնելով հյուրերին, նա արագությամբ ոտքի ելավ նրանց դիմավորելու և երևան հանեց իր բարձր հասակն ու նուրբ կազմվածքը։ Դեմքի կարմրությունից, վառ աչքերի արյունախառը շրջանակներից կարելի էր գուշակել մեծ սերը դեպի ոգելից ըմպելիքները և անքուն գիշերները։

— Մաշալլա՜, մաշալլա՜,— գոչեց նա, մոտենալով Սմբատ Ալիմյանին,— Հիսուսի անունով երդվում եմ, այս երեկո ես երջանիկ եմ քո գալստյամբ։ Թաքո՜յ սյուրփրիզ, թաքո՜յ սյուրփրիզ...

Նա գրկեց ու համբուրեց Սմբատին և ներկայացրեց հյուրերին։ Ներկա էին՝ մի ռուս սպա, մի վրացի իշխան, պարսկաց հյուպատոսը, երեք հայ, մի լեզգի, երկու հրեա, մի հույն և մի լեհացի։ Հայերից մեկը մոտ հիսունհինգ տարեկան մարդ էր, միակ ծերն այդ շրջանում և մեկը քաղաքի առաջնակարգ հարուստներից, կույր բախտի մի ընտրյալ, որի մասին ասում էին, թե մի ժամանակ եղել է խոհարար։ Մյուսը վաղաժամ ծերացած մի երիտասարդ էր՝ աշխարհի հաճույքներից հոգնած դեմքով։ Նրա դեմքը կրում էր վատագույն հիվանդության նշաններ։ Երրորդը՝ Միքայելն էր, որ Սմբատին տեսնելով, հեռացավ սրահի հեռավոր անկյունը։

Վինտն ընդհատվեց։ Նստեցին «բակարա» խաղալու: Նորեկները, առանց «ոսկե ժամանակը կորցնելու», միացան խաղացողներին, բացի Սմբատից, որ կյանքում երբեք թուղթ չէր խաղացել։ Քյազիմ-բեգը չհամարձակվեց թախանձելու նրան, որ խաղա։

Սկզբում խաղացողները սառն էին, դնում էին քարտին տասնական-քսանական ռուբլի և ոչ ավելի։ Զսպողը սպան էր։ Նա շատ դրամ չուներ. մյուսներն էլ խաղում էին զգույշ, խաղի «էտիկան» պահպանելու համար։ Վերջապես սպան տանուլ տվեց ինչ որ ուներ, ոտքի ելավ, որով և մեծ հաճույք պատճառեց քնահարբ Մոսիկոյին։ Շուտով բոլորը տաքացան։ Միքայելը տանուլ էր տալիս, Մելքոնը նույնպես։ Քյազիմ-բեգը դադարեց խաղալ, վեր կացավ, գրկեց Սմբատին և միասին դուրս եկան պատշգամբ։

Միքայելն սկսեց հուզվել ու կատաղել թղթերի դեմ։ Տասնումեկ անգամ միմյանց հետևից նրա թուղթը «խփեցին»։ Ո՛չ, այդ անկարելի է, տնաքանդություն, հազիվ կարողացել է մի քանի հազար ռուբլի գտնել պարտքով և ահա կեսից ավելին գնաց։ Պետք է «ձեռքը փոխել»։ Քանի խաղը փոքր էր, տանում էի, իսկ այժմ։

— Նիկոլայ Լուկիչ,— դարձավ նա սպային, որ նախանձոտ աչքերով հետևում էր խաղացողներին՝ նման անոթի մեկին, որ մասնակից չէ ճոխ սեղանին,— նստեցե՛ք։

Սպան թեքվեց, և Միքայելը նրա ձեռի մեջ դրեց մի բուռը թղթադրամ, ավելացնելով.

— Քաջ խաղացեք…

Տասը րոպե չանցած սպան մաքրվեց, իսկ Միքայելը, որ իր բախտը կապում էր նրա մասնակցության հետ, շարունակ տանուլ էր տալիս։

Արդեն ամենքը բորբոքվել էին։ Այլևս ոչ ոք հաշվի չէր առնում բանկոմետի առաջարկը, դնում էին որքան նա կանչում էր։ Դեմքերը կարմրել էին, աչքերը վառվել, սրտերը բաբախում էին հուզումից, այն ինքնատեսակ հուզումից, որ հատուկ է միայն թղթախաղին և որն է իսկական պատճառը, որ դրդում է խաղամոլին տասնյակ ժամերով շարունակ և անդադար խաղալ։ Մի գրգիռ, որ ունի իր հաճույքը։

Սմբատը ներս էր եկել և հետաքրքրված դիտում էր Միքայելին։ Հետաքրքրականը եղբոր տանելը կամ տանուլ տալը չէր, այլ հոգեկան դրությունը: Նկատում էր, որ թղթախաղը Միքայելին բոլորովին այլափոխել է։ Աչքերը կարմրել են, պսպղում են վառ ածխի պես, քթի պնչերը դողդողում են՝ նման արաբական նժույգի ռնգերի, ամբողջ էությունը տակն ու վրա է եղել։ Դեմքը գունատվել է թղթի պես և կուրծքը բարձրանում-իջնում է փուքսի նման։ Սմբատին չի նայում, խաղում է խելագարի պես, մերթ տալով, մերթ վերցնելով հարյուրանոցները։ Մեկը ևս մաքրվեց և Քյազիմ-բեգը բռնեց նրա տեղը։ Սմբատն զգաց, որ ինչ-որ դիվային ուժ մղում է նրան դեպի խաղի սեղանը։ Ամեն անդունդ ունի ձգողական զորություն, որին դիմադրելը մի տեսակ հերոսություն է։ Արդեն նա սովորել էր դյուրին խաղը և կարող էր մասնակցել։ Մերթ ընդ մերթ հուզվում էր մեծ գումարով խաղացողների հետ, երբեմն զայրանում էր մեկի կամ մյուսի անհաջողության դեմ։ Հրապույրը քանի գնում, այնքան անհաղթելի էր դառնում։ Հանկարծ նա, մի ձեռը տանելով ծոցի գրպանը, մյուսը դրեց սեղանի վրա և ասաց.

— Փորձի համար։

Բանկոմետը Մոսիկոն էր, որ արթնացել էր, վառվել և ամենից թունդ էր խաղում։ Նա եռապատկեց գումարը։ Սմբատը թուղթը վերցրեց։ Միքայելի գունատ դեմքով սահեց մի հեգնական ժպիտ։ Սմբատը ձգեց սեղանի վրա վեց հատ հարյուրանոց. նա տանուլ տվեց։ Վերցրեց երկրորդ թուղթը, դարձյալ տանուլ տվեց։ Երրորդ թուղթը զարկեց և հեռացավ սեղանից։

Վրացի իշխանը բոլոր ունեցածը տանուլ տվեց և այժմ խաղում էր «կավիճով»։

— Պապաշա, տեղդ ինձ տուր,— դարձավ Մելքոնը նախկին խոհարարին, որ տանում էր։

— Ես ըը պառավ մարդ եմ, ես ըըը վեր կենալ չեմ կարող,— ասաց Պապաշա կոչվածը, որ երկու խոսք ասելիս երեք անգամ կմկմում էր։

— Կոնյա՛կ,— գոչեց Մոսիկոն։

Լեզգի սպասավորն իսկույն կատարեց հրամանը, բերելով մի ամբողջ շիշ։ Բոլորը դատարկեցին մի-մի բաժակ, հետո երկրորդը, երրորդը և նրանց արյունն ավելի տաքացավ։

Այժմ Միքայելը տանում էր։ Տանում էին նաև Մոսիկոն ու Պապաշան։ Մյուսներից բախտը երես էր դարձրել։

Թղթերը շրջան անելով, անցան Մելքոն Ավրումյանի ձեռքը։ Նա մի սուր հայացք ձգեց հարևանի երեսը և գոչեց.

— Հազար ռուբլի։

Ոչ ոք մինչև այժմ առաջին թղթի վրա այդպիսի մի գումար չէր առաջարկել։ Հարևանը, որ վրացի իշխանն էր, կանգ առավ, նայեց Պապաշայի երեսին։ Փող էր խնդրում նախկին խոհարարից, բայց հայացքը պահանջողական էր, ծերունին գլուխը բացասաբար շարժեց, բավական է որքան տվել է, տվածն էլ հետ չի պահանջում։ Բոլորը նայեցին միմյանց երեսին։

— Գալիս է,— ասաց Մոսիկոն,— բռունցքը զարկելով սեղանին։

Նա տարավ իննանոցով «խփելով» ութանոցը։ Մելքոնը բերանից արձակեց մի կեղտոտ հիշոց թղթերի հասցեին՝ շպրտելով նրանց մի կողմ։ Բերեցին նոր թղթեր։ Այդ էլ չօգնեց. բախտն այդ գիշեր դավաճանում էր նրան։ Կատաղում էր, փրփրում, առանց մի որևէ առիթի սրա ու նրա հետ վիճում։ Առհասարակ հայտնի էր իր կռվասիրությամբ։ Նա գոռաց երաժիշտների վրա, որ շրջապատել էին սեղանը և ագահ աչքերով նայում էին հարյուրանոցների դեզերին։ Այլևս գրպանում փող չուներ, խաղում էր «կավիճով»։ Թղթերը նորից անցան նրա ձեռքը, նա կանգ առավ, մի քանի վայրկյան խորհեց, ձեռով ճակատը շփեց և գոչեց.

— Երեք հազար ռուբլի։

Այս անգամ Մոսիկոն էլ տատանվեց, չնայելով, որ շատ էր տարած։ Գումարը խոշոր էր։

— Գնացե՛ք,— խորհուրդ տվեց վրացի իշխանը Պապաշային։

— Հալա ըըը հարբած ըըը, չեմ, ըըը, նուշ չի…

— Պակասացրո՛ւ,— դարձավ Միքայելը Մելքոնին,— տեսնում ես չի գալիս, թուղթը դիմադրություն չի սիրում։

— Հինգ հազար ռուբլի,— ավելի տաքացավ Մելքոնը։

— Կոնյա՛կ,— աղաղակեց Մոսիկոն։

Բաժակը դատարկեց, ձեռը դրեց ճակատին և մտածեց մի քանի վայրկյան։ Հետո վերցրեց անկյունում դրած թղթերից մեկը, նայեց գույնին։ Նա գուշակում էր խաղի ելքը։ Թուղթը կարմիր էր, կարելի էր գնալ։

— Վեց հազար,— ավելացրեց Մելքոնը, որ բոլորովին գունատվել էր։

Սմբատն աչքերը հառել է Միքայելի երեսին։ Տեսնում էր, որ եղբայրը գրգռվում էր և այս անգամ հասկացավ նրան։ Նա ինքը ենթարկվել էր խաղի դիվային զորությանը։

— Յոթ հազար,— արտասանեց Մելքոնը և, անմիջապես պատասխան չստանալով, ավելացրեց,— վախկոտնե՜ր…

Միքայելի ինքնասիրությունը վիրավորվեց։

— Գալիս է,— ասաց նա և նայեց եղբոր երեսին։

Սմբատը ձևացավ անտարբեր։

— Կատակ չէ, խաղ է,— ասաց Մելքոնը։

— Խաղի մեջ կատակ անողներից չեմ՝ թուղթ տուր ինձ։

— Գումարը պայծառացրու սեղանի վրա, հետո կտամ թուղթ։

— Կարող ես հավատալ, վաղը կստանաս,— ասաց Միքայելը և նորից նայեց եղբոր երեսին:

Նորեն Սմբատն անտարբեր ձևացավ։

— Կհավատամ, եթե թուղթը վերցնե եղբայրդ։

— Ուրեմն դու ինձ շուլե՞ր ես համարում,— գոչեց Միքայելը, ձեռն ուժգին զարկելով սեղանին։

— Քա՜վ լիցի, ես միայն քո վարկաընդունակությանը չեմ հավատում։

— Ես սնանկ չեմ, պարոն…

— Սնանկանում են նրանք, որոնք ունեին մի ժամանակ։

Տիրեց վայրկենական ընդհանուր շփոթություն։ Սազանդարները, որ կանգնած էին վիճողների հետևում, հետ քաշվեցին երկյուղով։

— Տալո՞ւ ես թուղթ, թե ոչ,— գոռաց Միքայելն արագությամբ և սպառնալի ոտքի ելնելով։

Մելքոնը նայեց Սմբատի երեսին:

— Կարող ես տալ,— արտասանեց Սմբատը, չհանդուրժելով եղբոր ստորացումը։

Մելքոնը երկու թուղթ ձգեց Միքայելի առջև, երկուսն էլ երեսնիվայր ձգեց իր առջև։

Հետո գաղտնի նայեց իր թղթերին, աչք-ունքը թթվեցրեց և ասաց.

— Տալիս եմ...

— Քեզ տես,— արտասանեց Միքայելը։

— Յոթանոց է մտել...

Մելքոնը ձեռքի կոլոդից դրեց սեղանի վրա մի թուղթ ևս։ Նրա շրթունքները դողդողում էին։

— Անո՞ւնդ,— հարցրեց նա։

— Դո՛ւ ասա։

— Անո՞ւնդ։

— Վեց ա։

— Ցո՛ւյց տուր…

— Յոթ…

Եվ Միքայելն իր թղթերը պարզեց սեղանի վրա։ Նա համոզված էր, որ տարել է։ Բայց Մելքոնը շուռ տվեց իր թղթերը և ցույց տվեց երկու տասանոց և մի իննանոց։ Միքայելը ցնցվեց։

— Անկարելի է,— գոռաց նա, ինքն իրեն կորցնելով,— անկարելի է, ես չեմ թույլ տալ ինձ կողոպտելու։

— Խա՜ղ է,— ասաց Մելքոնը սառնարյուն,— վաղը կվճարե եղբայրը։

— Ավազա՛կ, դու իննոցը դուրս բերիր կոլոդի տակից։

— Շուլերը դու ես։

Սկսվեց իրարանցում։ Երկու հակառակորդները ոտքի ելան և մի-մի աթոռ բարձրացրին։ Մի վայրկյան ևս և նրանք պիտի հարձակվեին իրարու վրա։ Սմբատը բռնեց Միքայելին և ուժով մի կողմ տարավ։ Ապա, դառնալով Մելքոնին, ասաց.

— Վաղն առավոտյան տարածդ կստանաս։

Հարկավ, խաղը դադարեց։ Սմբատը կամեցավ անմիջապես հեռանալ և տանել իր հետ Միքայելին։

— Ո՛չ, ո՛չ,— թախանձեց Քյազիմ-բեգը,— ես կվիրավորվեմ, եթե գնաք։ Դատարկ բան է, կհաշտվեն։

Մինչ բոլորն աշխատում էին կռվածներին հանգստացնել, ներս մտան Գրիշան, պրիմադոննան, երկու խորային երգչուհիներ և մի երգիչ։ Եվ նրանց երևալը, մանավանդ պրիմադոննայի ժպտուն գեղեցկությունը՝ կրքերը մեղմացրին։

Գեղեցկուհի համարվածը բարձրահասակ, բավական գեր, շիկահեր մի էակ էր, մազերը ճակատի վրա խոպոպացրած և ծոծրակի վրա հունական ձևով հյուսած։ Վարի թերթերունքների տակ խնամքով շինված սև գծերը նրա բնականից փոքրիկ աչքերին տալիս էին արվեստական խոշորություն, նույնիսկ մի տեսակ թախիծ։ Պուդրն ու շպարը ծածկում էին երեսի մորթու քանի մի անհարթությունները, իսկ սնգույրն այտերին տալիս էր թեթև կարմրություն։ Ունքերի նոսրությունը սքողված էր այնպիսի վարպետությամբ, որ ամենանրբատես աչքը կարող էր խաբվել։

Նա բոլորի ձեռքը սեղմեց մտերմաբար, բոլորին պարգևեց մեկն այն հրապուրիչ ժպիտներից, որ ինքնըստինքյան դառնում են բեմին ծառայողների հատկանիշը։

Սազանդարները ոգևորվեցին, նախատեսելով մի արտաքո կարգի քեֆ, ուրեմն և առատ վարձատրություն, մանավանդ եթե Միքայելին և Մելքոնին հաշտեցնեն։

Գրիշան գրկեց ու համբուրեց պատկառելի Պապաշային, շշնջալով նրա ականջին մի քանի արյունահույզ խոսքեր կանանց մասին։ Ծերունին հաստ բեղերը ոլորելով փողկապն ուղղելով, աչքերը կրքոտ կատվի պես տնկեց երգչուհու երեսին և հետո, նայելով ոտքից մինչև գլուխ, մտքում մերկացրեց նրան։

Կես ժամ անց, Քյազիմ-բեգը հյուրերին հրավիրեց սեղանատուն, ուր ուտելիքներով և ըմպելիքներով ծանրաբեռնված սեղանն սպասում էր նրանց։ Միքայելը նստեց պրիմադոննայի աջ կողմում։ Ամիս ու կես էր կանանց հետ սեղան չէր նստել — կարոտել էր. Գրիշան նստեց երգչուհու ձախ կողմը։ Քյազիմ-բեգն ու վրացի իշխանը նստեցին դեմուդեմ։ Սմբատը նստեց տանտիրոջ և Պապաշայի միջև։

Գրիշան ընտրվեց սեղանապետ։ Սկզբում բոլորն աշխատում էին իրենց լուրջ պահել պրիմադոննայի ներկայությամբ, մանավանդ, որ անախորժ ընդհարման տպավորությունը դեռ չէր անցել։ Սեղանապետն առաջարկեց գեղարվեստի «փայլուն աստղի» կենացը, որ և ընդունվեց հոտնկայս և բուռն ծափահարությամբ։ Սազանդարները «տուշ» նվագեցին։

Silence,— գոչեց հոգնած դեմքով մի երիտասարդ իրավաբան, որ հաշտարար դատավորի պաշտոնակատար էր։

Բոլորը լռեցին։ Նա արտասանեց գեղեցիկի և գեղարվեստի մասին մի ճառ։ Սկսելով հին հույներից, անցնելով հռովմեացիներին, հետո մեր ժամանակներին, նա դատարկեց իր գիտության ամբողջ տոպրակը և գոչեց.

Ergօ, մենք իբրև գեղարվեստի ջերմ երկրպագուներ, խոնարհվենք նրա թագուհու առջև…

Քյազիմ-բեգն ասաց.

— Աֆարի՛մ…

Վրացի իշխանը գոչեց.

— Վաշա՜…

Գրիշան իր հետ եկած երգչին առաջարկեց երգել մի ռոմանս։ Ոտքի կանգնեց բեղերը սափրած մի մաշված ու քայքայված մարդ օպերայի երկրորդ տենորը և, ներողություն խնդրելով, հրաժարվեց երգելուց։ Ուզում էր, որ բոլոր ներկա եղողները միաձայն խնդրեին։ Եվ խնդրեցին. բայց երգիչն զգում էր, որ իր ձայնը վաղուց է քայքայվել։

— Ջիոկոնդա՜,— դարձավ նա պրիմադոննային,—ռոմանսը քեզ համար շաբլոն բան է։ Թույլ տուր ինձ երգել ու ներկայացնել «Խելագարը»։

— Բռավո՜, բռավո՜, հրաշալի քեռի,— ասաց պրիմադոննան։— Պարոններ, խնդրեմ ուշադրությամբ լսել, Վիստուխինի «Խելագարը» բացառիկ է։ Պատիվ ունեմ ծանոթացնել, ապագա Բառնայ կամ Սալվինի։ Վճռել է օպերան թողնել և դրամային նվիրվել։ Օ՜օ, տեր աստված, ներվերս քայքայեցին այդ վայրենի հնչյունները,— ավելացրեց նա, ձեռով դժկամական նշան անելով դեպի սազանդարները։

— Ադա՛, լռեցե՛ք,— հրամայեց Քյազիմ-բեգը, և սազանդարները դադարեցին նվագել։

«Ապագա Բառնայը կամ Սալվինին» հանդիսավոր կերպով նայեց աջ, նայեց ձախ, բերանը սրբեց, փողկապն ուղղեց, որ ընդհանուրի ուշադրությունը գրավե։ Եվ սկսեց երգել ու ներկայացնել «Խելագարը»։ Նրա շրթունքները կամաց-կամաց աղավաղվեցին, երեսի կաշին կուչկուչվեց, աչքերի բիբերը ծռվեցին նախ մի կողմ, հետո մյուս կողմ, ապա բարձրացան վեր, և ապագա Բառնայը դարձավ կրկեսային խեղկատակ։ Նրա խռպոտ ձայնը, որ կրում էր ալկոհոլի կործանիչ ազդեցությունը, մերթ բարձրանում էր մինչև դիապազոն, մերթ կոկորդի մեջ խեղդվում, արձակելով ամենատարօրինակ հնչյուններ, նման տեղական սայլերի ճռճռոցներին։

Պրիմադոննան, որ իր հոգու խորքում խղճում էր իր «կորած» ընկերոջը, ծափահարեց՝ նրան չվշտացնելու համար։ Բոլորը հետևեցին նրա օրինակին։ Ապագա Բառնայն արժանավայել ձևով գլուխ տվեց աջ ու ձախ, նստեց՝ տխուր հառաչելով։

— Որքա՜ն զգացմունք, որքա՜ն զգացմունք,— գոչեց պրիմադոննան, թաշկինակը հպելով աչքերին՝ իբրև թե արցունքը սրբելու համար,— էքստրա քո կենացը, գեղարվեստի բազմաչարչար նահատակ։

— Օ՜, Լիզա, Լիզա, էքստրա,— բացականչեցին բոլորը, մի-մի բաժակ դատարկելով։

Գրիշան գիտեր պատվել կանանց սեռը։ Առաջարկեց խորային երգչուհիների կենացը միասին։

Հերթը հասավ Սմբատ Ալիմյանի կենացին։ Գրիշան ասաց, թե այսօր շրջանը ձեռք է բերում մի թանկագին անդամ, մի «մոլորյալ գառնուկ», որ գրեթե մանուկ հասակում փախել էր հարազատ փարախից։

Բոլոր սեղանակիցների կենացներն ավարտելուց հետո, Քյազիմ-բեգը հրամայեց սազանդարներին՝ նվագել ինչ-որ պարերգ։ Առաջինն ինքը սկսեց պարել, աչքերը տնկած գեղեցկուհի պրիմադոննայի կրծքին, պտտելով սեղանի շուրջը։

— Ադա՛, փադայ շամփանսկիյ,— դարձավ նա սպասավորներին։

Սմբատը զգում էր ինչ-որ անսովոր ջերմություն։ Անծանոթ մթնոլորտը, ուր մի ժամ առաջ նա իրեն խորթ էր զգում, փափկացել էր և նրա հոգու մեջ տարածվում էր մեղմություն։ Այլևս նա չէր կշտամբում իրեն, որ եկավ այդտեղ։ Այժմ նա իր մտքում արդարացնում էր Միքայելին և պատրաստ էր նրան գրկել ու համբուրել…