X

Տիկին Անուշ Ղուլամյանը նստած էր հյուրասենյակում, լուսամուտի մոտ, իր սիրած տեղում, ուսկից սովորաբար դիտում էր փողոցով անցնողներին։ Դեմուդեմ գտնվող տան առաջին հարկում բնակվում էր ինչ-որ օտարազգի ընտանիք, որ նոր էր վերադարձել ամառային ճանապարհորդությունից Ռուսիայում։ Մարդը ճարտարապետ էր, մի բարձրահասակ առողջ տղամարդ։ Կինը գեղեցիկ էր, էլեգանտ և հրապուրիչ։ Շատ բաներ էին պատմում այդ կնոջ մասին։ Եվ Անուշը շատ անգամ էր տեսել նրան մի երիտասարդի հետ՝ ավելի բան քնքուշ խոսելիս։

Այսօր առավոտ Անուշը դարձյալ ընդհարում էր ունեցել իր ամուսնու հետ։ Միմյանց ուղղել էին տասնյակ վիրավորական խոսքեր։ Այլևս մարդ ու կին իրարու մեջ ոչ մի գրավիչ հատկանիշ չէին գտնում։ Պատահում էին րոպեներ, երբ նրանք զգում էին նույնիսկ փոխադարձ ֆիզիկական զզվանք։ Պետրոսին գրգռում էին ու զզվեցնում Անուշի բեղիկները և տղամարդկային ձայնը։ Անուշին հրում էին Պետրոսի փոքրիկ, խորամանկ, յուղալի աչքերը, թարմ մսի գույն ունեցող ականջները, հաստ պարանոցը և մանավանդ գռեհիկ վարմունքը։

Այնինչ, նա դեռ հավատարիմ էր իր մարդուն, մի ամուսնու, որ ամեն քայլում դավաճանում էր նրան։

Եղանակը տակավին պարզ էր, արեգակը տակավին ջերմ ու պայծառ, օդը տակավին հանդարտ։ Հոկտեմբերի վերջն էր, մարդիկ դեռ շրջում էին բարակ վերարկուներով։

Ընդհարման տպավորությունը բավական մեղմացել էր։ Այժմ Անուշը, նայելով դիմացի հարևանուհուն, որ ուրախ-ուրախ թռչկոտում էր սենյակից սենյակ, զգում էր դեպի նա նախանձ։ Նրա սրտում վառվել էր կենսասիրության հուրը, արյունը եռում էր այնպես, ինչպես մի ժամանակ եռաց, կուրացրեց նրա աչքերը, դրդելով փաթաթվել Պետրոս Ղուլամյանի պարանոցին։ Բայց այդ արյունը տակավին անմեղ էր ամուսնական առագաստի առջև։

Լուռ մտախոհության մեջ էր, հիշում էր կարդացած վեպերից պես-պես արյունահույզ տեսարաններ, համեմատում էր իրեն այս կամ այն հերոսուհու հետ։ Հիշում էր օրիորդական անցյալը, պատանեկական հասակը։ Ուրա՜խ և անհոգ ժամեր։ Ինչե՞ր չէր անում դասընկերուհիների հետ, ի՞նչ կատակներ, գժություններ, երբ մանավանդ խմբովին վերադառնում էին «պտույտից»։ Նայել այս ու այն գեղեցիկ երիտասարդին, ժպտալ, ծիծաղել, միմյանց բոթելով, մի քանի թռուցիկ սիրային խոսքեր արտասանել լսելի ձայնով, «պարացնել խեղճերին», ցույց տալ, թե սիրահարված են երիտասարդի վրա։ Երբեմն նույնիսկ նամակներ գրել, տեսակցություն նշանակել։ Եվ այս բոլոր մանկական կատակների հեղինակն ու ղեկավարն էր Աննա Կորոլկովան, մաքսային չինովնիկի աղջիկը։ Նա էր բոլորից ավելի տաքարյունն ու համարձակը։

Ախ, երջանի՜կ ժամանակամիջոց, որ այնքան կարճ տևեց։ Տասնուչորս տարեկան չկար Անուշը, երբ ուսումը ձանձրացրեց նրան։ Եվ ի՞նչ ուսում, ո՞վ էր դաս պատրաստում։ Անուշը, ինչպես և շատերը նրա ընկերուհիներից, միայն ձևի համար էր դպրոց գնում։ Ծնողները միայն մոդի համար էին նրան այնտեղ ուղարկում, հենց այնպես, որպեսզի ուրիշներից հետ չմնա։

Դուրս եկավ չորրորդ դասատնից, ոչինչ հետը չտանելով, բացի այդ պատանեկական հիշողություններից։

Դիմացի տան դռները բացվեցին։ Գեղեցկուհի հարևանուհին դուրս եկավ, կարմիր հովանոցը կռնատակին, ձեռնոցները հագնելով և հետևից կանչելով. «մո՛պսիկ, մո՛պսիկ»։ Դուրս թռավ գնդակի արագությամբ մի մոխրագույն շնիկ, սև տափակ դնչով, վզին փաթաթած փոքրիկ բոժոժներ։ Ճանապարհորդությունից հետո գեղեցկուհին ավելի թարմացել էր, ավելի գեղեցկացել։ Այսօր միանգամայն բորբոքեց նա Անուշի նախանձը իր ազատ վարք ու բարքով։ Կարծես, հենց այդ նախանձն ավելի բորբոքելու համար, գեղեցկուհին մոտեցավ լուսամուտին և հարցրեց.

— Ի՞նչ եք այս հրաշալի եղանակին տանը նստել։ Նրանք ծանոթացել էին մի հասարակական երեկույթում։

— Ի՞նչ անեմ դուրս գամ․․․

— Զբոսնեցե՛ք ծովափում, մաքուր օդ շնչեցե՛ք։ Ախ, ներողություն, կարծեմ ձեզանում ընդունված չէ առանց ամուսնու տնից դուրս գալ,— ավելացրեց գեղեցկուհին անուշ հեգնությամբ։

— Ընդհակառակը, մեզանում ընդունված չէ ամուսնու հետ տնից դուրս գալը, եթե ակնարկում եք ասիական բարքերը։

— Այո՞, չգիտեի, մեզանում այսպես էլ կարելի է, այնպես էլ,— նկատեց գեղեցկուհին, աչքերը խորհրդավոր թարթելով։

Եվ գլուխն անուշիկ շարժելով, բաց արավ մետաքսյա հովանոցը, մի ձեռով վայելչագեղ բարձրացրեց շրջազգեստի փեշերը, հեռացավ կանչելով.

— Մոպսի՜կ, մոպսի՜կ․․․

«Մեզանում այսպես էլ ընդունված է, այնպես էլ», կրկնեց Անուշը մտքում։ Այո՛, ձեզանում ընդունված է, ինչո՞ւ մեզանում — ո՛չ։ Ինչո՞ւ միայն հայ կինը լուռ ու մունջ դիմանում է ամուսնու անառակություններին և չի ուզում նրան պատմել։ Ինչո՞ւ միայն նրա համար է այնքան դժվար դավաճանել ամուսնական առագաստին։ Երևի դա անկրթության և վախկոտության նշան է...

Զանգակի հնչյունն ընդհատեց նրա մտքերը։ Ցնցվեց, ոտքի կանգնեց։

Եկողը Միքայել Ալիմյանն էր։

Լուռ հրավիրեց երիտասարդին նստել դեմուդեմ։ Խոսեցին դիմացի հարևանուհու մասին։ Միքայելը ծանոթ էր զույգին և նոր հանդիպել ու խոսել էր գեղեցկուհու հետ։ Գիտեր նրա պատմությունը, գիտեր շատ ուրիշ համանման պատմություններ։ Եվ այն, ինչ որ մի քանի րոպե առաջ անցնում էր Անուշի մտքով, այժմ բացարձակ ասաց Միքայելը։ Ասաց և համարձակ պախարակեց հայ կնոջ երկչոտությունը։ Նրա ոճը և՛ հեգնական էր, և՛ լուրջ, և՛ հանդուգն։

Անուշը չէր հակառակում նրա ասածներին, միայն երբեմն անուշ կատակով արտասանում էր․ «լավ, հերիք է, ի՞նչ աներեսն եք»։ Եվ ուրիշ ոչինչ։ Բայց մտածում էր․ այո՛, հայ կինը լուռ ու մունջ դիմանում է մարդու անառակություններին, բայց նա՛ էլ հողային էակ է, նա՛ էլ սիրտ ունի, արյուն ունի։ Նա էլ կարող է մի օր դուրս գալ համբերությունից։

Եվ չէր վիրավորվում Միքայելի կրքոտ հայացքներից։ Ընդհակառակը, այդ հայացքները խորին հաճույք էին պատճառում նրան։ Միքայելը հազիվ զսպում էր իրեն։ Ներսում եռացող կիրքն այրում էր նրան և դրդում դեն ձգել միանգամից մանկական անվստահությունը։ Զգում էր անդիմադրելի փափագ՝ հարձակվել տիկնոջ վրա, գրկել այդ գիրուկ իրանը, փաթաթվել այդ վավաշոտ պարանոցին, ինչպես արեգակից տաքացած օձ, և մի երկարատև բոցավառ համբույր դրոշմել այդ թեթևակի շառագունած այտերին։

Տիկինը մատների մեջ խաղացնում էր մի ոսկե ապարանջան, որ հանել էր սպիտակ, փափուկ բազկից։ Մի անգամ, Միքայելի աչքերին նայելիս, ձեռները թուլացան, ապարանջանն ընկավ ծնկների վրա, սահեց սև մետաքսյա շրջազգեստի վրայով և անհայտացավ մի ակնթարթ փայլերով։

Միքայելն արագ թեքվեց ցած, Անուշը նույնպես, հետ մղելով իր բազկաթոռը։ Մինչ նրանք գորգի վրա որոնում էին ապարանջանը, արեգակի շողերը լուսամուտի ապակիների միջով ընկել էին Միքայելի գլխին ու Անուշի պարանոցին։ Տիկինը մարմնի մեջ զգաց վերին աստիճանի գրգռեցուցիչ ջերմ։ Նրա մազերի ծայրերը շփվում էին Միքայելի ճակատին — այնքա՜ն գլուխները մոտիկ էին միմյանց, այտերի վրա զգում էր երիտասարդի կրքոտ շունչը։ Այնինչ, Միքայելն այրվում էր ոտից մինչև գլուխ ավելի սաստիկ, քան այն գիշեր օպերետային դերասանուհու մոտ՝ թևը-թևին սեղմելիս։ Չգիտեր այժմ ինչո՛ւ է թեքվել, ի՛նչ է որոնում։ Նայում էր գաղտուկ տիկնոջ ուռուցիկ կրծքին, սպիտակ երկծալ կոկորդին և շրթունքները կրծոտում։ Աչքերը վառվել էին, ուղեղը մթագնել էր, որպես տենդային տաքության մեջ։ Մի վայրկյան ևս, և գուցե չզսպեր իրեն, գրկեր տիկնոջ գլուխը, սեղմեր կրծքին բորբոքված կրքերի բոլոր թափով։

Անուշը գլուխը բարձրացրեց, ապարանջանը գտել էր․․․ Նա կամեցավ հագցնել իր բազկին. առաջացավ ինչ-որ դժվարություն։

— Թույլ տվեք,— ասաց Միքայելը, որ տակավին դողում էր հուզումից։

Անուշը ձեռը մեկնեց, մի քիչ էլ ամբողջ իրանով թեքվելով առաջ։ Արդեն այսքանը բավական էր Միքայելի համար, որպեսզի նրա սրտից չքանա կասկածի վերջին նշույլը։ Այժմ Անուշի այտերը գունատվել էին, աչքերը պսպղում էին, կուրծքն ուժգին բարձրանում էր ու իջնում։ Նրա աչքերից չէր հեռանում հարևան գեղեցկուհու ուրախ, համարձակ, երջանիկ կերպարանքը։

Միքայելը նրա փափուկ բազուկը սեղմել էր ձեռների մեջ ամուր։ Որպես թե ճիգն է անում ապարանջանի ծայրերն ագուցանել միմյանց։

Անուշը մերթ ընդ մերթ քաշում էր ձեռը, որպես թե կամենում էր բազուկն ազատել։

Միքայելի ձեռների տաքությունն այրում էր նրա կաշին։

— Ա՜խ, այս արեգակն էլ — ասաց նա, ծիծաղելով, մի քիչ տեղից բարձրացավ, թողնելով բազուկը Միքայելի ձեռների մեջ, և ծածկեց լուսամուտի փեղկը։

Արեգակի շողերի հետ չքացավ երիտասարդի ուղեղի վերջին լուսո շառավիղը։ Խոլ կիրքը կլանեց նրան ամբողջովին։ Վավաշամոլ արյունը բռնկվեց, խփելով գլխին, որպես ուժգին եռացող ջուրը փակ կաթսայի կափարչին։ Նրա ատամները բացվել էին, շրթունքներն անասնական հեշտանքից դողդողում էին, որպես վառարանի առջև պահած թուղթ։ Շունչը հուր էր արտադրում, իսկ աչքերը կորցրել էին մարդկային ամեն արտահայտություն։ Նա մարմնացած կիրք էր, այրող, անասնական կիրք․․․

Անուշը փորձեց նրա ձեռներից ազատվել, մի թույլ ճիչ արձակելով։ Երևի փորձը շատ չնչին էր, թե ոչ, տիկինը ֆիզիկապես նրա չափ և գուցե ավելի ուժեղ էր։ Միքայելը քաշեց նրան իր կողմ, այս անգամ արդեն կոպտաբար։

— Ի՞նչ եք անում, գժվեցի՞ք,— գոչեց Անուշը և ազատվեց նրա ձեռներից։

Նրանք նայեցին միմյանց։ Միքայելն ամաչեց։ Բայց երկուսն էլ դողում էին եռացող կրքերի ուժգնությունից։ Անուշը շտապով լուսամուտի փեղկը բաց արավ, նայեց դեպի փողոց։

Քանի մի վայրկյան Միքայելն անշարժ կանգնած էր։ Նայում էր տիկնոջ ուսերին, պարանոցին, ցիրուցան եղած խիտ մազերին։ Հետո վերցրեց գտակն ու գնաց, արտասանելով․

— Մնաք բարով։

Սկզբում Անուշն ուրախ էր Միքայելի չերևալուն և մտքում պախարակում էր իրեն, որ թույլ տվեց երիտասարդին այնքան առաջ գնալու։ Անցան առաջին օրերը, և նա սկսեց անհանգստանալ։ Միգուցե Միքայելին վիրավորեցի։ Բայց ինչո՞վ, մի՞թե նրանով, որ չկամեցավ վերջապես մոռանալ ինքն իրեն և ընկնել օտար տղամարդի գիրկը։ Սակայն ի՞նչ կլիներ, եթե ընկներ իսկ։

Այստեղ Անուշը կանգ էր առնում և մտախոհության մեջ խորասուզվում։ Ամուսինն արդեն այնքան զզվելի էր թվում, որ տեսնել անգամ չէր ուզում նրա երեսը։ Երեխաները, դիրքը, հասարակական կարծիքը — ահա ինչն էր կաշկանդում նրան։ Ախ, ինչո՞ւ այնքան դժվար է մեղանչելը։ Այնինչ, կրքեըը քանի գնում այնքան սաստկանում են։ Նա սպասում է Միքայելին, սպասում է անհամբեր, սրտի բաբախումով։ Իսկ Միքայելը չի երևում։ Ամեն օր Անուշը որոշ ժամին նստում է սովորական տեղում և նայում դեպի փողոց ու դիմացի լուսամուտները։ Հարևան գեղեցկուհին թռչկոտում է ուրախ ու զվարթ, սենյակից-սենյակ և շարունակում դավաճանել ամուսնուն։ Իսկ Միքայելը դեռ չի գալիս։

Վերջապես, մի օր եկավ։ Ներս մտավ ոչ առաջվա պես զվարթ ու ժպտուն, այլ լուրջ ու տխուր դեմքով։ Նա զղջում է իր արածի մասին, եկել է ներում խնդրելու։ Եվ զղջալ ստիպում է այն սերը, որ տածում է դեպի համակրելի էակը։ Անուշի նախանձը գրգռվում է. ո՞վ է այդ համակրելի էակը, որին սիրում է Միքայելը։ Ի՞նչպես է հանդգնում սիրել մեկին և վատ միտումներով այցելել մյուսին։

— Ո՞վ է նա, ո՞վ է,— հարցնում է Անուշը հետաքրքրրված։

— Չեք ճանաչի, մի սիրուն գերմանուհի է,— պատասխանում է Միքայելը։

Անուշը նախանձից շրթունքները կրծոտում է։ Նա չգիտե, որ դա ուրիշ ոչինչ է, եթե ոչ խորամանկություն Միքայելի կողմից։ Հնարելով սիրուն գերմանուհուն, նա ուզում էր նախանձի միջոցով վերջնական հարվածը տալ տիկնոջ պարկեշտության վերջին մնացորդին։

Անուշն աշխատում էր լուրջ ձևանալ, զսպելով կրքերը, բայց իզուր։ Նա խոսում էր Ալիմյանի հետ կողմնակի բաների մասին, բայց միտքը զբաղված էր սիրուն գերմանուհով։ Որքան Միքայելն անտարբեր էր ձևանում, այնքան տիկինը տաքանում էր։ Նա սկսեց դարձյալ խոսել իր ընտանեկան դառն դրության մասին առանց այլևս զսպելու իրեն։ Մերթ հառաչում էր, գլուխը կրծքին թեքելով, մերթ ձեռով վճռական շարժումներ անելով, արտասանում էր. «Է՜հ, ինչ արած», կամ «աշխարհի երեսին անհոգս մարդ չկա» և այլն, և այլն։

Միքայելը դարձյալ անտարբեր էր։ Նա գտել էր տիկնոջ թույլ երակը։ Նա հրաժեշտ տվեց, ասելով, որ իրեն սպասող կա և դուրս գալիս մի հեգնական ժպիտ պարգևեց տիկնոջը։

Այդ օրը երեկոյան Անուշը, իր ննջարանում առանձնացած, խորհում էր ապագայի մասին։ Անտանելի էր այլևս կենակցությունը Պետրոսի հետ։ Երեխա էր, սխալվեց, խաբվեց։ Քի՞չ են խաբվում կանայք, նա էլ խաբվեց, մի՞թե մինչև մահ պիտի տուժի։ Պետրոսն է մեղավոր ոտից մինչև գլուխ և դեռ նա է միայն դավաճանում։ Ո՞ւր է արդարությունը։ Ո՛չ, Անուշը չի կարող այլևս կոպիտ, տգեղ, զզվելի մարդու հետ ապրել։ Նա կգնա թեմական առաջնորդի մոտ, կընկնի ոտները, կաղաչի, որ նրա համար Էջմիածնից ապահարզանի իրավունք բերել տա։ Եթե ձրի չի միջամտիլ, Անուշը կկաշառի նրան։ Այդ հոգևորականները — փողով միշտ միացնում են անմիանալին և բաժանում անբաժանելին:

Սակայն դա Անուշի ուղեղի վերջին խոսքն էր։ Այնուհետև կրքերն ամբողջովին կլանեցին նրան, ճիշտ այնպես, ինչպես ինը տարի առաջ։ Միքայելի շինծու անտարբերությունը դարձավ նրա համար անվերջ տանջանքների աղբյուր։ Պետք էր մի կերպ վերջ տալ այդ տանջանքներին։ Եվ վերջ տվեց։

Օրերն անցնում էին. Անուշն ու Միքայելը ծծում էին բուռն կրքերի արբեցուցիչ հյութը։ Չէին մտածում իրենց արածի մասին, չէին անգամ խոսում։ Սիրո հարատև ջերմությունը և կրքի անցողիկ հուրը դարձել էին հոմանիշ։ Կյանքի երջանկությունը զզում էին փոխադարձ խոլական հեշտանքի մեջ։ Առանց մտածելու արտասանում էին. «սիրում եմ», և հավատացած էին, թե սիրում են, թե հենց այդ է իսկական սերը, որ դրվատում են վիպասանները և աստվածացնում բանաստեղծները։

Սակայն փոքր առ փոքր իրականության շողերն սկսեցին մուտք գործել մթագնած ուղեղների մեջ։ Անցավ բուռն հեշտանքի պահը, և մի օր Անուշը փոքր-ինչ սթափվեց։ Այժմ միայն սկսեց պարզ ակնարկել Միքայելին այն բանի մասին, որի վերաբերմամբ կամեցել էր խոսել, հանդուգն քայլն անելուց առաջ և չէր վստահացել խոսելու։— Նա ուզում է բաժանվել Ղուլամյանից և...

Եվ չշարունակեց. առաջին անգամի համար այսքանն էլ բավական էր։ Մի՞թե Միքայելը չի հասկանում, չգիտե՞, թե կինն ինչպես կարող է տանջվել, ապրելով չսիրած մարդու հետ միևնույն հարկի տակ, սրտով ու հոգով նրանից բաժան, ուրիշին նվիրված։

Միքայելը լուռ լսեց նրա ակնարկը, ապա գրկեց, համբուրեց և դուրս եկավ։ Եվ այդ օրից նրան պաշարեց անսովոր մտահոգություն։ Անուշի ցանկությունը — բաժանվել մարդուց — նրան նեղը գցեց։ Ի՞նչ հիմարություն, հա՜, հա՜, հա՜, խլել մարդուց նրա օրինական կնոջն ու հետը ապրել։ Ի՞նչ կասի հասարակությունը։ Եվ այն էլ մի կնոջ հետ, որ, հա՜, հա՜, հա՜ երկու երեխա ունի, որ արդեն ինը տարի է ամուսնացած է և թարմությունը կորցրած…

Քնքո՜ւշ բեղիկներ, ինչո՞ւ այս խորհրդածությունների ժամանակ կորցնում էիք ձեր հրապոյրը։ Ինչո՞ւ Անուշը դառնում էր մի առօրյա, սովորական էակ, նման մյուս կանանց, առանց արտաքո կարգի արժանիքների։ Նմա՞ն։ Ո՛չ, այդ էլ սխալ է…

Ահա ինչ պատահեց մի օր։ Համբուրելով Անուշին, Միքայելը հանկարծ շրթունքների վրա զգաց մի անախորժ խտղտում և նույն վայրկյանին բաց թողեց տիկնոջ գլուխը, որ անզոր թեքված էր իր կրծքին։ Նայեցին միմյանց երեսին։ Անուշը սովորաբար աշխատում էր Միքայելի դեմքի վրա և աչքերի մեջ կարդալ նրա հոգու ելևէջները։ Այս անգամ, սակայն, չգուշակեց նրա իսկական զգացումը։ Նրան թվաց, որ երիտասարդը պատրաստվում է նոր թափով հարձակվել իր վրա, այնպես, ինչպես սովորաբար անում էր, գրկել, համբուրել: Եվ նա ինքը հարձակվեց, գրկեց ու սկսեց խելագարի պես համբուրել։

Միքայելն աննկատելի աշխատում էր չդիպչել նրա շրթունքներին: Թվում էր նրան, որ բեղիկների անախորժ շփումն այս անգամ կդրդի ավելի զգալի ձևով հրել իրենից Անուշին։ Եվ այն ժամանակ, հարկավ, տիկինը պիտի վիրավորվեր ու վշտանար։ Ի՞նչ անբնական երևույթ։ Զարմանալի է, այո՛, զարմանալի, որ հենց այդ բեղիկները նրան խելքից հանեցին։ Ի՞նչ անբնական երևույթ, ի՞նչ ծաղր բնության։ Կինը պետք է կին լինի իր բոլոր արտաքին հատկանիշներով. իսկ այդ բեղիկնե՞րը… ֆո՞ւ… Իսկ այդ կոպիտ բարիտո՞նը… ֆո՜ւ…

Բոցակեզ կրքերի հնոցի մեջ այդ վայրկյանները միայն ծխի մութ կետեր էին, որ հայտնվում էին և իսկույն չքանում։ Իսկ հնոցը վառվում էր դեռ նախկին ուժով։ Պատահում էր, որ Միքայելը քիչ էր մնում իր գրկի մեջ խեղդեր Անուշին, եթե միայն ուժը պատեր խեղդելու։ Եվ երբ բաժանվում էր նրանից, սիրտը լցվում էր ինքնագոհության շլացուցիչ զգացումով։ Բաա՜, նա մի անդիմադրելի, սրտակեր առյուծ է, մի անզուգական դև, որի հրապույրն ընդունակ է կուրացնել ամենաառաքինի կանանց ու ձգել նրա գիրկը, ինչպես ձգեց այդ կնոջն այդպես շուտ և այդքան հեշտ... Ինչո՞ւ, ուրեմն, միայն այս հաղթությամբ բավականանալ և ավելի հեռու չգնալ...