XI

Անցել էր երկու շաբաթ Քյազիմ-բեգի մոտ տեղի ունեցած օրգիայից։ Այդ օրից Սմբատին չէր հաջողվում Միքայելին տեսնել տանն այնպես, որ կարողանար հետը լրջորեն խոսել կոնտր-կտակի մասին։ Ճշմարիտ է, խնջույքի հետևյալ օրը Միքայելը նրան դրականապես հայտնել էր, թե դիմում է դատարան, բայց մինչև այժմ դեռ այս մասին լուր չկար։

Տասը տարի էր Միքայելը գիշերը ցերեկ և ցերեկը գիշեր էր դարձրել։ Տուն էր գալիս գիշերվա երեք-չորս ժամից ոչ առաջ, քնում էր մինչև երեկո, զարթնում, մի բաժակ թեյ խմում և անհայտանում։ Թե ուր և որպիսի կյանք էր վարում — այժմ այս գաղտնիք չէր Սմբատի համար։ Այժմ նա ճանաչում էր այն սպանիչ մթնոլորտը, ուր հալվում էր նրա եղբոր երիտասարդ կյանքը։

Նա ուզում էր տեսնվել Միքայելի հետ և խնդիրը լուրջ հողի վրա դնել։ Կոնտր-կտակը կրում էր հանգուցյալի իսկական ստորագրությունը։ Նա ինքն ասաց Միքայելին, թե կեղծիքը, եթե իրավ կեղծիք է, շատ ճարպիկ է ձեռնարկված։ Նա եղբորն ընդունակ չէր համարում այդչափ վտանգավոր խարդախության։ Եվ համոզված էր, որ ուղիղ ճանապարհից շեղողն այս դեպքում փեսա Մարութխանյանն է. մի մարդ, որին ատում էր ամբողջ հոգով։ Այդ մարդը ոչ միայն Միքայելին և Արշակին էր լարել նրա դեմ, այլև իր կնոջը։ Գրեթե ամեն օր Մարթան գալիս էր մոր մոտ և բողոքում, որ Սմբատը «խլել է» նրա մասը ժառանգության։ Մի անգամ նա այս մասին խոսեց Սմբատի հետ և ասաց մի քանի կոպիտ խոսքեր։ Քույր և եղբայր վշտացրին միմյանց, և Մարթան դուրս եկավ ծնողների տնից արտասունքն աչքերին։

Նույն օրը Սմբատը վճռեց տանը մնալ, սպասել Միքայելի զարթնելուն։ Իրիկնադեմ էր արդեն, երբ վերջապես սպասավորը հայտնեց, թե Միքայելը զարթնել է։ Սմբատը շտապեց նրա սենյակը։ Միքայելը մետաքսե խալաթը հագին, թեյ էր խմում։ Նա ընդունեց եղբորը գլխի թեթև շարժումով, որպես մի օտար ու աննշան հյուրի։ Գունատ էր, ինչպես միշտ, աչքերի տակերը կապտած, երեսը թորշոմած։

Սմբատը խնդրեց նրան մի անգամ էլ ցույց տալ կտակը։ Միքայելն ասաց, թե կտակը մոտը չէ, այլ դատարանում, սակայն մի քանի րոպե անցած հանեց գրպանից բանալիների կապոցը և բաց արավ սեղանի անթիվ դարաններից մեկը։

Սմբատը հանեց ծոցի գրպանից հոր մի քանի ստորագրերը՝ զանազան պայմանագրերի և հաշիվների տակ, ուշադիր համեմատեց կտակի ստորագրության հետ։ Մազու չափ տարբերություն չկար։ Նույն գլխատառերը, տառերը, ընդգծումը և նույն երկայնությունը ստորագրի։ Կասկածի վերջին նշույլը պիտի փարատվեր։ Բայց մի բան դարձյալ շփոթեցնում էր Սմբատին։ Եթե արդարև ճիշտ է կտակը, ինչո՞ւ ուշացնում են և չեն ներկայացնում դատարանին. չէ՞ որ նա մի քանի անգամ դրականապես հայտնել է, թե կամավոր մի թույլ զիջումն անգամ մտադիր չի անելու։ Եթե Միքայելը տատանվում է, Մարութխանյանը չպիտի տատանվի․ այդ մարդու համար գրպանի շահը բարձր է բոլոր ազգակցական և բարոյական շահերից։

Միքայելը դարձյալ առաջարկեց նրան հաշտությամբ գործը վերջացնել։ Եվ նա այս անգամ էլ դրականապես մերժեց։ Բանն այն է, որ քաղաքում արդեն լուր էր տարածվել, թե նա ապօրինի է տիրացել հայրական ժառանգությանը։ Պարզ էր, որ եթե զիջողություն աներ, մարդիկ ավելի պիտի համոզվեին, թե իրավ նա ապօրինի ժառանգ է։ Նա սկսեց համոզել Միքայելին, թե դատարանը կապացուցանի կոնտր-կտակի կեղծիքը, և նա կկորչի իր դաշնակցի հետ։ Այդ դաշնակիցը վտանգավոր մարդ է, փույթ չէ, որ նրանց փեսան է։ Նա իր ամբողջ կարողությունը դիզել է խարդախ միջոցներով։

— Ես Մարութխանյանին շատ լավ եմ ճանաչում,— ընդհատեց Միքայելը,— բայց այս դեպքում նա խարդախ չէ։ Վերջապես, ի՞նչ գործ ունեմ նրա հետ. ես ուզում եմ լինել հարուստ, ինքնագլուխ, ազատ, և ոչ թե քո ողորմելի պրիկաշչիկը...

— Կատարիր մեր հոր կամքը և կլինես ինձ հետ հավասար ժառանգ։

— Այսինքն՝ ամուսնանամ, հա՜, հա՜, հա՜։ Դու շա՞տ բախտավոր ես, որ ինձ խորհուրդ ես տալիս ամուսնանալու։ Հը՞մ. սրտիդ հիվանդ տեղին դիպա, հաա՞։ Էէ՜, բարեկամ, որքան ուզում ես ինձ շառլատան համարիր, բայց ես էլ քիչ թե շատ խելք ունիմ։

— Ես բախտավոր եմ իմ զավակներով։

— Զավակներո՞վ,— այդ կարող է լինել, բայց շատ քիչ է։ Ինչո՞ւ չես ասում «և նրանց ծնողով»։ Դժվար է, չէէ՞։ Այո՛, որովհետև սուտ ասած կլինես։

— Իմ կինը շատ խելոք և առաքինի կին է։

— Հենց քո դժբախտությունն էլ այդ է։ Եթե խելոք և առաքինի չլիներ, հանգիստ խղճով կարող էիր երես դարձնել, իսկ այժմ վախենում ես հասարակական կարծիքից...

— Ես հասարակական կարծիքից երբեք չեմ վախեցել, ապացույց, որ հենց հակառակ այդ կարծիքի եմ ամուսնացել։

— Ուրեմն զավակնե՞րդ են արգելում։ Տեսնո՞ւմ ես. որ կողմ նայում ես — թարսություն։ Մեկը զավակներին է սիրում, կնոջն ատում, մյուսի կինն է դավաճանում, երրորդը՝ ուղղակի չի հաշտվում կնոջ բնավորության հետ։ Եվ այսպես, որ կողմ նայում ես — ընտանեկան դրամա։ Իսկ դու ուզում ես, որ ես էլ մի այդպիսի խղճալի հերոս դառնամ։ Ո՛չ, բարեկամ, ավելի լավ է շառլատան մնալը։ Վերջապես, ինչի՞ս է հարկավոր կինը, քանի որ ուրիշների կանայք կան։ Հենց այսօր, մի ժամից հետո ես կլինեմ ուրիշի կնոջ մոտ...

— Միքայել, քո անբարոյականությունը չափ չունի...

— Ի՞նչ, ինչ ասացի՞ր, անբարոյականությո՞ւն, հա՜, հա՜, հա՜։ Հիանալի բառ։ Գիտե՞ս ինչ, սիրելիս, գալուդ օրից դու իմ վերաբերմամբ բռնել ես ուսուցչի դիրք։ Իհարկե, իրավունք ունես, քանի որ, հա՜, հա՜, հա՜, օրինավոր կտակի մեջ մեր հայրը քեզ վրա պարտք է դրել՝ ինձ ուղիղ ճանապարհի բերել։ Բացի դրանից, չէ՞ որ մեծ եղբայրս ես, այն էլ մեծ ուսումով։ Իսկ ես ո՞վ եմ։ Թերուս, տգետ, անբարոյական։ Բայց լսի՛ր․ ես ատելով ատում եմ այն բանը, որ մտքումդ ինձ համարում ես փչացած։ Այն երեկո Ադիլբեկովի տանը արյունս գլխովս էր տալիս, երբ ինձ վրա ներողամիտ-ցավակցական հայացքներ էիր ձգում։ Ձգում էի, որ դու մտքումդ ինձ խղճում ես։ Օ՜օ, շատ եմ տեսել քեզ պես հերոսներ։ Ահա մեր քաղաքի բոլոր բժիշկները, իրավաբանները, ինժեներները. նրանք էլ են խոսում ուրիշների բարոյականության մասին, քանի որ նոր են, իսկ հետո, երբ մտնում են կյանքի մեջ, երեսներն ուռցնում են ու կարմրեցնում, բարոյական սկզբունքները թափում են ծովը, գրպանները լցնում, ուղեղները դատարկում։ Ընկերանում են երեկվա մաքսանենգին էլ, իրենց աղաներից գողացած փողերով մարդ դարձած պրիկաշչիկներին էլ, կեղծ սնանկացածներին էլ, անկեղծ ապուշներին էլ, ինձ նման փչացածներին էլ։ Մտնում են միևնույն ճահճի մեջ և, երևակայելով, որ ժամանակի թևերի վրա եթերք են բարձրանում, օր-օրի վրա խրվում են մինչև իրենց կոկորդը։ Նայիր, սիրելիս, իդեալներ կունենաս, չլինի նավթահորի մեջ թաղես, զգո՛ւյշ, և միայն քո մասին մտածիր... Ցտեսություն, ես պիտի գնամ ուրիշի կնոջ մոտ... Իսկ կտակը... իսկական է։ Եթե չես ուզում դատարանները քաշքշեն քեզ, առայժմ վաղը ինձ համար պատրաստիր հինգ հազար ռուբլի... Ցտեսություն...

Նա անցավ ննջարանը՝ հագուստը փոխելու։

Սմբատն աչքերով ուղեկցեց նրան մինչև դռները, ուսերը թոթափելով։ Արդյոք, դա մի գեղեցիկ պաճուճապատանք չէ՞ ասեղներով լի, որին պիտի զգույշ մոտենալ` ձեռները չխայթելու համար։ Ինչևէ. այդ երիտասարդը զուրկ չէ խելքից, նույնիսկ սրամտությունից։ Բայց այնուամենայնիվ Սմբատը չի խաբվիլ այդ խարդախ թղթով, կպահպանի իր իրավունքները։ Չի խաբվիլ և՛ այդ պերճախոսությունով, կաշխատի ուղիղ ճանապարհի բերել հարազատ եղբորը։ Մյուս օրը Միքայելը մտավ գրասենյակ և կրկնեց, թե իրեն հինգ հազար ռուբլի է հարկավոր։ Սմբատը մերժեց։

— Շատ լավ,— ասաց Միքայելը,— Մարութխանյանից կվերցնեմ ապագա ժառանգությանս հաշվին։

Այդ օրից երկու եղբոր հարաբերություններն ավելի լարվեցին։ Մարութխանյանն անընդհատ գրգռում էր Միքայելին ոչ այնքան դատ բանալու եղբոր դեմ, որքան ձանձրացնելու ամեն օր կոնտր-կտակի միջոցով։ Այդ մարդուն կատաղեցնում էր Սմբատի սառնությունը, և նա գիշեր-ցերեկ խորհում էր, ի՞նչ միջոցներ գտնի հակառակորդին հաղթելու համար։ Մի՞թե Սմբատը պիտի անպատիժ վայելի այդ ահագին հարստությունը․ նա, որ չի աշխատել, չի մտածել և հանկարծ տիրացել է միլիոնների։ Ո՛չ, դա անարդարություն է, և Մարութխանյանը երբեք չի թույլ տալ այդ տղային հանգիստ վայելելու հայրական փողերը։ Նա գիտեր, որ Սմբատն ատում է իրեն, մտքում համարելով խարդախ։ Եվ այս հանգամանքն ավելի էր բորբոքում նրա թշնամական զգացումը։ Սակայն նա չէր կորցնում իր սառնասրտությունը և արտաքուստ տակավին վարվում էր Սմբատի հետ բարեկամաբար։ Իսկապես նա ինքը հույս չուներ կոնտր-կտակի զորության վրա։ Դա մի միջոց էր Սմբատին վախեցնելու և դրդելու, որ գեթ մասամբ գոհացնի իր քրոջը, տալով նրան ժառանգությունից մի որևէ մաս։ Մյուս կողմից՝ կտակը հնարել էր, Միքայելին իր ձեռների մեջ առնելու համար, և արդեն առել էր։ Այժմ նրանք իբրև դաշնակիցներ կապված էին այլևս խարդախ ձեռնարկության բոլոր հետևանքներով և Մարութխանյանը զգում էր, որ Միքայելն առանց նրան ոչ մի քայլ չի կարող անել։ Իսկ այս հանգամանքը ձեռնտու էր նրան մի այլ նպատակի համար։ Նպատակ, որին հասնելն ավելի դյուրին էր համարում, քան Ալիմյան ժառանգությունից մի բան ստանալու և գուցե ավելի արդյունավետ․․․

Մարութխանյանը քաղաքում վայելում էր հարգանք։ Թե ինչ անցյալ էր ունեցել և ինչ միջոցներով հարստացել — այս մոռացվել էր բոլորի կողմից։ Նա բավական հայտնի գործարանատեր էր, խելոք վաճառական — այսքանը հերիք էր։ Նա գիտեր իր դիրքը պահպանել բոլորի մոտ և ոչ մի առիթ ձեռքից բաց չէր թողնում՝ իր վարկն այսպես կամ այնպես բարձրացնելու համար։

Ահա այսպիսի առիթ համարեց նա թեմական առաջնորդի ներկայությունը և մի օր նրան հրավիրեց ճաշի իր գործարանը, որ գտնվում էր Սև քաղաքում։

Սև քաղաքը, արդարև, սև էր, որպես կախարդական մի աշխարհ, որ կրում էր իր վրա աստվածային անեծքի դրոշմը։ Գիշեր-ցերեկ ծխնելույզներից առատորեն դուրս սլացող մուրը ներկում և ապականում էր ամեն ինչ, որ կար այստեղ, սկսած շինանյութերից մինչև երկինքն ու թռչունները։ Մթնոլորտը մշտապես տոգորված էր թանձր ծխով, որի միջով արեգակի ճառագայթները հազիվ-հազ տարածում էին երկրի վրա մի տեսակ պղնձագույն լույս։ Փողոցները լի էին նավթային փոսերով ու ճահիճներով, որ շրջապատված էին ամեն տեսակ աղտեղություններով։ Այստեղ մրից սևացած խոզերը խորդալով ու միմյանց դնչահարելով, ուտելիք էին որոնում, իսկ չքավոր կանայք դույլերով նավթ հավաքում։ Գետնի երեսին և գետնի տակ տարածված էին անթիվ մետաղային խողովակներ։ Լսվում էր նրանց միջով հոսող նավթի ձայնը, որ հիշեցնում էր մերթ ծղրիդների երգը գիշերային խավարի մեջ, մերթ մուրճի ծանր հարվածները մի աներևույթ դարբնոցում։ Դա նավթային արդյունաբերության զարկերակներն էին — բյուրավոր մարդկային էակների դժոխային աշխատանքի և միայն մի քանի տասնյակ բանվորների հարստության չափ։

Մարութխանյանի գործարանը գտնվում էր Սև քաղաքի կենտրոնում։ Դա մի ընդարձակ շինություն էր, զանազան բաժանմունքներով։ Բակը շրջապատված էր մարդու հասակից քիչ բարձր քարե պարսպով և լի անթիվ պարագաներով։ Երևում էին երկաթի նավթային շտեմարաններ, լայն, բարձր, գմբեթաձև, այս ու այն կողմ ճյուղավորված խողովակներ գետնի վրա և օդի մեջ, ջրմուղներ, կոտրած կաթսաներ, ինչ-որ անիվներ, ծորակներ։ Մերթ ինդ մերթ շինություններից դուրս էին գալիս ինչ-որ մարդկային էակներ, կեղտոտ, ոտից մինչև գլուխ թաթախված սև հեղուկի մեջ, կիսամերկ, մռայլ, որպես վայել էր սև աշխարհի բնակիչներին:

Մի երկհարկանի տան ընդարձակ պատշգամբի վրա ժողովվել էին քաղաքի հայտնի հայ գործարանատերերը, հանքատերերը, խանութպանները, տոկոսառուները և ինժեներները։

Նորին սրբազանությունը չէր երևում։ Հյուրերը նրան էին սպասում, որ սեղան նստեն։ Այստեղ էր և Միքայելը՝ իր բոլոր ընկերների հետ։ Մարութխանյանը ոչինչ չէր խնայել ճաշը կարելիին չափ բազմամարդ և շքեղ դարձնելու։ Նա հրավիրել էր նույնիսկ թղթակից Մարզպետունուն այն մտքով, որ ճաշի նկարագրությունը տպվի լրագրում։

Այստեղ էր նաև Պետրոս Ղուլամյանը։ Միքայելն անվրդով մոտեցավ նրան, սեղմեց ձեռը, հարցրեց առողջության, ընտանիքի և գործերի մասին։ Պետրոսը հաճույքից հալվում էր, որ միլիոնատերի որդին այնքան ուշադիր է դեպի մի հասարակ խանութպան։ Բայց որովհետև ավելի գործնական էր, քան փառասեր, ուստի դարձյալ ակնարկեց նավթային հողի մասին։ Եվ Միքայելն այս անգամ խոստացավ Սմբատի նոր գնած գետնից մի կտոր էժան գնով տալ նրան։ Խանութպանի աչքերը փայլեցին շահամոլության կրքից։

Նորին սրբազանությունը ժամանեց։ Հյուրերը հրավիրվեցին նստել սեղանի քով, որ երկու շար բացված էր մի ընդարձակ դահլիճում։ Սեղանապետ ընտրվեց Սրաֆիոն Գասպարիչը, որը հագել էր նոր մունդիր, երեսը նոր սափրել տվել, և բեղերը սանրել առանձին խնամքով։

Միքայելն իր ընկերների հետ բռնեց սեղանի վերջին անկյունը։ Այստեղ նրանք կարող էին ազատ խոսել, ծիծաղել, զվարճանալ։ Միայն Պապաշան թույլ չտվեց իրեն նրանց միանալ և իբրև ամենահարուստ ու ամենապատվավոր հյուր, տանտիրոջ առաջարկությամբ, նստեց սրբազանի մոտ։ Այսօր նա տրամադրված էր շատ լուրջ։ Շրջանը նեղ ընկերական չէր, այլ հասարակական, իսկ նա ամբողջ քաղաքում հռչակված էր ազգասեր, բարերար և հասարակական շահերի անկեղծ նախանձախնդիր... Երբ սեղանապետն առաջարկեց սրբազանի կենացը, Պապաշան կամեցավ «երկու խոսք» ասել և ոտքի կանգնեց։

— Սրբազան, ըըը, պարոններ, ըըը,— սկսեց նա,— մունք հայերս դե որ լա՛ ըըը մի եկեղեցի օնինք։

— Օնինք,— շշնջաց Գրիշան ընկերական շրջանում։

— Ես լա ընդրա հարազատ զավակը լինելով, ասում եմ, վըեր ըըը պարտավոր ենք պաշտել, ըըը, դրա համար էլ խմում եմ լա...

— Դարդուբալա՛,— շշնջաց դարձյալ Գրիշան։

— Ընդրա ըըը ըսպասավորին կենացը, ցանկանալով ըը, վըեր...

Պապաշան կանգ առավ, նայեց սեղանապետի բեղերին։ Այնտեղ խոսքեր չգտնելով, ցուցամատը սուզեց գինով լի բաժակի մեջ, ուր լողում էր մի ճանճ։

— Մի խոսքով,— շարունակեց, ճանճը մատի ծայրով գցելով հատակի վրա,— ինչ ըըը գլուխներդ ցավացնեմ ըըը լա մեր սրբազանին կենացը, խնդրում եմ, լոխ էլ երկենաք ոննի...

Բոլորը տեղերից բարձրացան, գոչելով․

— Կեցցե՜ սրբազանը, կեցցե՜ Առաքելյանը...

Սրբազանն առաջարկեց «տեղական համայնքի» կենացը։ Նույնպես ատենաբանեց։ Դրվատեց «համայնքին», գովեց նրա «ընտիր դասի» ազգասիրությունը, բարեսրտությունը, առատաձեռնությունը, առաքինությունը, անհուն խելքը։

— Զո՞ւյգ, թե՜ կենտ,— հարցնում էր Մոսիկոն Մելքոնին։

Հետո սրբազանը դարձավ նոր սերնդին, խոսեց երիտասարդության մասին, հայտնեց իր համոզմունքն էլեկտրական լույսի վերաբերմամբ, համեմատեց նրան տեղացիների խելքի հետ։ Ասաց, թե տեղական երիտասարդությունը բոլոր հայ երիտասարդությունից լուսամիտ է, աստվածավախ է և հզորամիտ։

Այդ միջոցին Գրիշան չարաչար հայհոյում էր օպերետային դերասանուհուն, որ դավաճանել էր նրան։ Մելքոնը գանգատվում էր, թե մի շաբաթ է իր կինը հիվանդ է, և ինքն ստիպված է երեկոները տասը ժամից հավի պես տանը թառ լինել։ Իսկ Մոսիկոն համոզում էր նրանց երեկոյան «մի թեթև վերտուշկա» սարքել։

Սրբազանը նստեց տեղը, քրտինքը սրբելով։

Դարձյալ քանի մի ընդհանուր կամ պաշտոնական կենացներ, և սեղանը տաքացավ։ Հերթը հասավ ազատամիտ Տեր-Աշոտին և պահպանողական Տեր-Սիմոնին, որոնք միմյանց ջգրու առաջարկում էին իրենց հարուստ ծխականների կենացները։

Մարզպետունին սաստիկ չարացել էր մտքում։ Ոչ ոք չէր առաջարկում մամուլի կենացը։ Այնինչ, նա արդեն մտքում շարադրել էր այս մասին ատենաբանություն, որ պիտի ասեր իբրև մամուլի ներկայացուցիչ։

Շշնջյուն տարածվեց, թե Պապաշան մտադիր է սեղանի տաք միջոցին ստորագրություն բանալ Էջմիածնի օգտին։

Արդարև շատ չքաշեց, նա ոտքի կանգնեց և սկսեց ատենաբանել։ Խոսքերը քանի գնում ուժով էին դուրս գալիս կոկորդից․ մերթ նայում էր բաժակին, մերթ սրբազանի վեղարին, մերթ փողկապն ուղղում։ Ճառի միտքը հասկանալի էր․ստորագրության թերթը դրած է սենյակի անկյունում, կլոր սեղանի վրա։ Ցանկացողները թող մոտենան և ստորագրեն։

— Ուրիշների փողերով ազգասիրություն է անում,— շշնջացին մի քանիսը։ Ոմանք կամացուկ դուրս սլկվեցին։ Նույնը կփափագեր անել և Մարութխանյանը, բայց ո՞ւր փախչեր իր տնից։

— Հարուստները չեն գալիս, զոռդ ի՞նձ է պատում,— ասաց նա Պապաշային, ակնարկելով Սմբատ Ալիմյանին, որ ներկա չէր ճաշին։

Մարզպետունին միանգամայն կատաղեց, երբ հայտնվեց, թե մի քանի րոպեում ստորագրվեց մի քանի հազար ռուբլի։ Ինչո՞ւ միշտ Էջմիածնին։ Պետք է վերջ տալ այդ «մուրացկանությանը»։ Եվ նա հուշատետրը ծոցից հանեց։ Այդ միջոցին խորամանկ Պապաշան ինչ-որ շշնջաց նրա ականջին, և նա հուշատետրը ծոցը դրեց։

Ստորագրաթերթը հանձնեցին սրբազանին, որ և միանգամայն հափշտակվեց համայնքի «ընտիր դասի անհուն ագգասիրությամբ»։ Ճաշն ավարտվեց սրբազանի պահպանիչով։ Հյուրերը ցրվեցին։

Վերջին կառքում նստած էին Մարութխանյանը և Միքայելը։

— Ի՞նչքան ստորագրվեցիր,— դարձավ գործարանատերն իր աներձագին։

— Հարյուր։

— Հա՜, հա՜, հա՜,— ծիծաղեց համարձակ,— ես երեք հարյուր, դու հարյուր, այ ինչ ասել է փող չունենալ։ Եղբայրդ կարող էր տալ հազար… Նա ունի, դու չունես…

Միքայելի ինքնասիրությունը վիրավորվեց։

— Լռի՛ր,— ասաց նա խստորեն։

— Մեր առջևի կառքում նստած հաստավիզը ո՞վ է,— հարցրեց Մարութխանյանը, հանկարծ խոսքը փոխելով։

Գինին նրա վրա բարերար ներգործություն էր ունեցել, լեզուն բացվել էր։

— Պետրոս Ղուլամյանի վիզն է,— պատասխանեց Միքայելը։

— Կեցցե՜ս, ղոչաղ ես, աստված վկա, ղոչաղ ես,— գոչեց Մարութխանյանը, և նրա կանաչ-դեղնագույն աչքերը խորհրդավոր ժպտացին։

Միքայելը շփոթվեց այդ աչքերի արտահայտությունից։

— Ոչինչ,— ավելացրեց Մարութխանյանը,— մարդ ենք, մահկանացու ենք, մի՛ կարմրիր, ամուրի ժամանակ ես էլ շատ խաղեր եմ խաղացել։

— Բայց դու սխալվում ես տիկին Ղուլամյանի մասին,— ասաց Միքայելը, սակայն այն եղանակով, որ ցույց էր տալիս, թե Մարութխանյանի ասածը շատ էլ խելքից հեռու բան չէ։

— Ես չեմ սխալվում, ուրեմն, բարեկամս է սխալվում։ Նա է քեզ տեսնում տիկնոջ մոտից դուրս գալիս։ Ղուլամյանների հարևանն է։ Հասկացա՞ր. լավ, մեր մեջ կմնա, մի՛ վախենար, շարունակի՛ր…

Կառքը կանգ առավ ճանապարհի բերանին, որովհետև նրա առաջը կապեցին մի երկայն ձողով։ Սուլելով ու թառանչելով, որպես մի կենդանի, մի հրեշ, անցավ շոգեկառքը, հետևից քարշելով նավթային վագոնների երկայն շարը։ Նրա սուլոցի ձայնը գործարանների կաթսաների տակ վառվող կրակի և անթիվ խողովակներից դուրս սլացող շոգու բոմբյունը շփոթեցնում էին մարդու լսողությունը։ Թվում էր, որ այստեղ տեղի ունի ինչ-որ անիմանալի պատերազմ, և այդ խլացուցիչ ժխորի մեջ կռվում են բյուրավոր չար ոգիներ։

— Մտիկ արա,— խոսեց նորից Մարութխանյանցը,— աշխարհը կլանել է այդ Նոբելը, էլի չի կշտանում։ Ղոչա՜ղ...

Նա ցույց էր տալիս մի ահագին գործարան, որ գրավել էր Սև քաղաքի կեսը։

— Սիրում եմ այդ տեսակ մարդկանց,— շարունակեց անսովոր եռանդով, սրելով հաստլիկ բեղերի առանց այն էլ սուր ծայրերը,— դիզում են, դիզում, էլի քաղցած են... Միայն ծույլերը կարող են նրանց ագահ համարել... Ունես, աշխատիր կրկնապատկել, եռապատկել, տասնապատկել։ Քոնը քիչ է, խլիր հարևանիցդ, ընկերիցդ, եղբորիցդ։ Ճանկերդ սրիր ու ընկիր աշխարհի հոգին հանիր, մի՛ նստիր ու պառավ կնոջ պես սրան ու նրան նախանձիր։ Ո՞ր վաճառականը կարող է մի տերության հավասարվել։ Կարդա՛ լրագիրները և տես, ո՞ր զորեղ տերությունն է մեր ժամանակում կուշտ։ Տասը տարի առաջ ես մի նոտարիուսի օգնական էի և մասնավոր փաստաբան, այժմ կես միլիոն կարողություն ունեմ։ Այո՛, ունեմ, չեմ թաքցնում։ Ինչո՞ւ չպիտի աշխատեմ կեսը մեկ դարձնել, մեկը երկու, երեք, հինգ, տաս...

Նա շարունակեց նույն ուղղությամբ։ Առաջ ամեն մի խանութպան վաճառական էր համարվում, ամեն մի կաթսայի տեր — գործարանատեր, ամեն մի կոտրած նավակ ունեցող — նավատեր։ Այժմ ո՞վ է նրանց մարդու տեղ դնում։ Այժմ փոքրերը կուլ են գնում մեծերին, իսկ մեծերը, փոքրերին անխնա ուտելով, օրից-օր ուռչում են, փքվում ու մեծանում։ Ահա ինչու նա չի ուզում փոքր մնալ, որպեսզի այսօր-վաղը մի մեծ բերան նրան կուլ չտա ոստրեի պես...

— Փո՜ղ, փող ու փող,— գոչեց նա՝ ընկնելով մի տեսակ ինքնամոռացության մեջ։ Նա է աշխարհի հավատը, սերը, աստված: Միխակ, բա՛ց արա աչքերդ, մի՛ թողնիր, որ եղբայրդ տանի հարստությունը ուտեցնի կնոջն ու զավակներին։ Չոքի՛ր վզին, վախեցրո՛ւ կեղծ կտակով։ Չի վախենում, դատ բաց արա անվախ։ Ես զգույշ մարդ եմ, բայց էլի ռիսկ սիրող եմ, ով որ չգիտե ռիսկ անել, չի կարող մեծանալ, բայց զգույշ, էլի զգույշ։ Գործ դիր բոլոր միջոցները, խլիր եղբորդ ձեռքից հորդ միլիոնները։ Բեր բաժանենք երեք տեղ, հետո էլի միացնենք, կազմենք մի մեծ ընկերություն, նոր նավթահողեր առնենք, նոր հորեր սկսենք փորել տալ, շինել տանք մի մեծ գործարան, դնենք նավեր, շոգենավեր։ Բաց անենք աշխարհի բոլոր կողմերում գործակալություններ, սկսենք մրցել ամերիկացիների հետ, և մեկ էլ տեսար դարձանք նավթային թագավորներ։ Մեր անունն օր-օրի վրա կտարածվի աշխարհի բոլոր կողմերում, բոլորը կխոնարհվեն մեր առջև, գլուխ կտան, կլիզեն մեր փեշերը։ Այն ժամանակ կսկսենք նստել, վերկենալ ոչ թե Թաթոս-Մաթոսների, այլ Ռոտշիլդների, Վանդերբիլդների պես հսկաների հետ, որոնց առջև մինչև անգամ տերություններ են խոնարհվում։ Եվ հետո դու կտեսնես, թե ինչ ասել է իսկական կյանք։

Որքան նա ոգևորվում էր, որքան նրա ծրագիրները մեծանում էին, այնքան ինքը փոքրանում էր կառքի վրա, այնքան կուչ գալիս Միքայելի մոտ և նմանվում մի մեծ տզրուկի, որ պատրաստվում է ծծել իր հարևանի արյունը։ Վերջապես, նա բոլորովին կուչ եկավ, դարձավ մի կծիկ, գլուխը մոտեցրեց Միքայելի ծնկներին, բռնեց երկու ձեռներով նրա մի ձեռը, ամուր սեղմեց և բերանը բաց արած, ձեռնասուն կապկի պես, նայեց նրա աչքերին, կարծես, ձգտելով ամբողջ էությամբ մտնել այնտեղ։

— Միխակ, Միխակ,— գոչեց նա, եղանակը փոխելով և գրեթե աղերսալի ձայնով,— Սմբատը խելոք տղա է։ Նա քեզ կխաբի, դու ազնիվ ես, բարեսիրտ, շուտ հավատացող։ Նա կասի. «եղբայր, ե՛կ գործը հաշտ վերջացնենք մեր մեջ, Մարութխանյանին ոչինչ չտանք, մենք ուտենք մեր հոր կարողությունը»։ Կխոստանա ոսկու տոպրակներ և մի հատ գարի էլ չի տալ։ Նա քեզ կթշնամացնի ինձ հետ, Մարթայի հետ, կխլի քրոջդ այն խեղճ երեխաների բերանի հացը, կտա իր կնոջը, երեխաներին։ Նա կասի. «Մարութխանյանը խարդախ է», դու կհավատաս, միամիտ ես, կհավատաս։ Բայց վկա է աստված, քեզ կխաբի... Զգույշ, զգույշ և զգույշ...

Կառքը հասել էր քաղաք։ Մարութխանյանը շտապեց իրեն ուղղել, գլուխը բարձրացրեց, ակնոցները դրստեց, բեղերը հարթեց և ընդունեց սովորական գոռոզ կերպարանքը։

Միքայելը, որ մինչև հիմա գրեթե բոլորովին լուռ էր և լսում էր փեսայի ընդարձակ ծրագիրները, արտասանեց.

— Չեմ թույլ տալ Սմբատին իմ գլխին իշխանություն բանեցնի։ Արա ինչպես ուզում ես, ես կհետևեմ քո խորհուրդներին...