XII

Տիկին Անուշը շարունակ պնդում էր, թե պետք է անպատճառ ամուսնուց բաժանվի։ Երդվում էր, թե անկարող է այլևս թաքցնել իր հանցանքը, թե մի ինչ-որ ուժ ամեն առավոտ նրան դրդում է ասել Պետրոսին բոլորը և միանգամից դեն ձգել սրտի վրա ծանրացող քարը։ Միևնույն է, եթե ինքը չհայտնի, վաղ թե ուշ Պետրոսը պիտի իմանա։ Արդեն, կարծես, սպասավորն ու աղախինը կասկածելի աչքով են նայում Միքայելի հաճախակի այցերին։ Այսպես շարունակ անհնարին է. խաբելն այնքան դժվար չի եղել, որքան խաբեբայությունը թաքցնելը։ Նա տանջվում էր հանցանքի ծանրության ներքո և կարծում էր, եթե խոստովանի ամուսնուն, կթեթևացնի իր տանջանքը։

Մի օր, երբ այս մասին խոսում էր, Միքայելը մատների ծայրով շփեց նրա ծնոտն ու ասաց.

— Անուշ, դու երեխա ես։

Եվ «երեխա» բառն արտասանեց այնպիսի փաղաքշական եղանակով, այնպիսի փափուկ ձայնով, որ Անուշի սիրտը լցվեց մեծ հաճույքով։ Սիրականից մի քանի տարով մեծ կինը մոռացավ իր դրությունը, միայն այդ բառը լսելով։ Եվ այդ օրից աշխատում էր երեխա ձևանալ Միքայելի մոտ. կռվում էր Անուշը կատակով, երեսը դարձնում էր պատին ու լալիս։

Սակայն մի օր նա դարձյալ խոսեց բաժանման մասին։ Այս անգամ հայտնեց, թե պատրաստ է նույնիսկ երեխաներից ձեռ վերցնել, միայն թե Միքայելն իրեն պատկանի և ինքը — Միքայելին։

Խնդիրը քանի գնում, այնքան լուրջ կերպարանք էր ստանում։ Հարկավոր էր մի որոշում կայացնել։ Միքայելը բացատրեց, թե ինչ ասել է զավակներ, թե Անուշը մի օր անգամ չի կարող առանց նրանց խաղաղ ապրել, թե հասարակությունը կքարկոծի նրան, թե պիտի հեռատես լինել, ապագան լավ կշռել և այլն, և այլն։ Իսկ մի օր ավելի հեռու գնաց. ակնարկեց, թե պատրաստ է Անուշի հետ հրապարակորեն կենակցել, միայն վախենում է, որ տիկինը շուտով նրան էլ մոռանա և ատե, ինչպես ատում է այժմյան ամուսնուն։ Աշխարհի երեսին հավիտենական սեր չկա, Միքայելն էլ շուտով կձանձրացնի Անուշին։

Այս արդեն մի կողմից ակնարկ էր, թե ինքը՝ Միքայելն էլ կարող է նրան մոռանալ, մյուս կողմից՝ վիրավորանք։ Եվ Անուշի դեմքն աղավաղվեց չարությունից։ Ա՜ա, ինչպես երևում է, Միքայելը կշտացել է նրանից, ուզում է գլուխն ազատել։

— Ճշմարիտ ես ասում, լավ կինը իսկի չպիտի մոռանա իր երեխաներին, այն էլ քեզ պես մարդու համար։

Նա սկսեց ուժգին հեկեկալ, գլուխը դնելով թախտի վրա։

Միքայելը մոտեցավ, գրկեց, բայց չհամբուրեց։ Արդեն մետաքսանման բեղիկները նրան թվում էին սուր ասեղներ, որ ամեն անգամ ծակծկում էին նրա երեսն ու շրթունքները։ Մի ուրիշ անգամ նա, վերջապես, ձանձրանալով տիկնոջ թախանձանքից, խնդիրը դրեց պարզ։ Ի՞նչ է Անուշն ինքն իրեն այդքան տանջում։ Արժե՞ միթե, նա ոչ առաջինն է, ոչ էլ վերջինն է լինելու։ Թող մտիկ անի չորս կողմը և տեսնի, ո՞ր հիմարն է այս տեսակ կոմեդիան դրամա դարձնում։

Միտքը շատ հասկանալի էր, ավելի բացատրելու կարիք չկար։ Անուշը վրդովվեց, կատաղած բողոքեց, պահանջեց, որ Միքայելն այսուհետև չհանդգնի այդ տեսակ վիրավորական մտքեր արտահայտելու։ Նա չի կարող սիրուհի դառնալ, հասկանո՞ւմ է Միքայելը, նա անբարոյական չէ, ընկած չէ...

Այդ օրից Միքայելը դարձյալ մի շաբաթ չերևաց։ Անուշն սկսեց մոռանալ վիրավորանքը, խորհեց սառնարյուն նրա ասածի մասին և փոքր առ փոքր հաշտվեց անհեթեթ մտքի հետ։ Ճշմարիտ, որ նա ոչ առաջինն է, ոչ էլ վերջինն է լինելու։ Քի՞չ կան թաքուն ուրիշների սիրուհիներ, առերես հավատարիմ ամուսիններ։ Թող մեկն էլ նա լինի։ Վերջապես, հենց այժմ մի՞թե ինքը սիրուհի չէ և մի՞թե, ամուսնուց բաժանվելով, կմաքրի իր անունը։ Ընդհակառակը, այն ժամանակ բոլորը կծիծաղեն նրա հիմարության վրա։

Հանցանքը փոքր առ փոքր դադարում էր նրան ճնշել։ Ո՞ւմ է դավաճանում։— Մի մարդու, որ արդեն յոթ-ութ տարի է ինքը դավաճանում է նրան։ Իրավունքները հավասար են, այն տարբերությամբ, սակայն, որ Անուշը գիտե Պետրոսի արարքները, իսկ Պետրոսը դեռ չգիտե Անուշի արարքը։ Բայց այդպե՞ս է, արդյոք։ Գուցե Պետրոսը գիտե...

Եվ Անուշը վախենում էր Պետրոսից. նրա երկյուղը ֆիզիկական էր ու ավելի զորեղ, քան բարոյականը։

Մի գիշեր, զանազան չար կասկածների տակ քնած լինելով, հանկարծ զարթնեց սարսափահար, բարձրաձայն գոռալով։ Երազում տեսել էր, որ Պետրոսը, ձեռին մի դանակ, մոտենում է իրեն։ Բարձրացրեց լամպարիկի պատրույգը, սենյակը լուսավորեց, նայեց աջ ու ձախ, ոտքի կանգնեց։

Պետրոսը զարթնել էր նրա ձայնից և վերմակի տակից լուռ դիտում էր շարժումները: Նրա ուռած այտերը այժմ ավելի փքված էին երևում, ճաղատ գլուխը փայլում էր լամպարիկի լուսո ներքո, կարմիր շրթունքներն արձակում էին քնարբի անճոռնի հնչյուններ։ Անուշի աչքում դա մարդկային գլուխ չէր, այլ ինչ-որ այլանդակ գունդ։ Տեր աստված, տեր աստված, ի՞նչպես կարողացավ մի այդպիսի մարդու գիրկն ընկնել։ Թվում էր նրան, որ Պետրոսը միշտ այդպես է եղել, միշտ կարմիր, ուռած, տգեղ, հրեշ։ Նա չէր հիշում այն ոչ այնքան գեր, աշխույժ արագաշարժ, վառվռուն գործակատարին, որով հափշտակվեց ինը տարի առաջ։

Երեսը զզվանքով հետ դարձրեց, պառկեց նորից անկողին։

— Քունդ չի՞ տանում,— լսեց հանկարծ ատելի ձայնը, որ սենյակի լռության մեջ նրա ականջներին հնչեց այնքան զզվելի, այնքան երկյուղալի, որ ցնցվեց, գլուխը բարձրացրեց։

Ոչինչ չպատասխանեց, երեսը շուռ տվեց պատին և գլուխը թաքցրեց վերմակի տակ։ Քանի մի վայրկյան անցած, լսեց Պետրոսի բոբիկ ոտների ձայնը գորգի վրա։ Վերմակը մի կողմ շպրտելով, վախեցած ոտքի կանգնեց, ինչպես կատաղի հուշկապարիկ։

Նրա կուրծքն ուժգին բարձրանում էր ու ցած իջնում, մազերը թափվել էին հաստլիկ ուսերի վրա, կոկորդի երակները կապտել էին և լարվել։ Նա մի մարմնացած զզվանք էր։ Մինչդեռ Պետրոսը ձուլված կիրք էր, ամեհի, անզուսպ։ Մի քանի վայրկյան կանգնած էին դեմուդեմ լուռ, անշարժ ինչպես երկու հակառակ տարերային չար ուժեր։ Անուշը հասկանում էր ամուսնու միտքը։ Օօ՜, գազան, ով գիտե մի ժամ առաջ ո՛ր սիրուհուդ ծոցումն էիր, իսկ այժմ...

Նա երկու ձեռով ուժգին հրեց իրենից մարդուն և անցավ մյուս սենյակ։ Պետրոսը կամեցավ վազել նրա հետևից, բայց դռները մի վայրկյանում կողպվեցին, և նա մնաց կանգնած մեն-մենակ՝ վառված կրքերի հնոցի մեջ...

— Դու սիրական ունիս,— գռռաց նա և պառկեց անկողին։

Հետևայլ օրն Անուշը Միքայելին դիմավորեց արտասուքն աչքերին։ Փաթաթվելով նրա պարանոցին, հեկեկաց...

— Ազատի՛ր ինձ, ազատիր այդ մարդուց, զզվում եմ, վախենում եմ...

Այնինչ, Միքայելին արդեն սկսել էր ճնշել ապօրինի կապի հանցավորության զգացումը։ Կրքերը հագուրդ էին ստացել և տեղի տվել սառն մտախոհության։ Կուրացած միտքը զարթնել էր և արտահայտում էր իր իրավունքները։ Այն մարդը, որ բնավ պղտոր զգացումները կին էակի վերաբերմամբ վերլուծման չէր ենթարկել, այժմ հասկանում էր իր վատթար արարքը: Նա հավատացնում էր Անուշին, թե սիրում է և գիտեր, որ սկսել էր զգալ դեպի նա զզվանքի պես բան։ Նա մտերմություն էր ցույց տալիս Գրիշային և զգում էր, որ գողանում էր նրա պատիվը։ Նա ուզում էր հովանավորել Պետրոս Ղուլամյանին և զգում էր, որ հանդգնաբար ցեխի մեջ ոտնատակ է անում նրա ամուսնական առագաստը։ Քանի կարծում էր, թե հասարակությունը ոչինչ չգիտե, դեռ այնչափ անհանգիստ չէր։ Բայց Մարութխանյանը ձգեց նրան մտատանջության մեջ։ Այժմ հանդիմանում էր իրեն, որ եռանդով չհերքեց այդ մարդու կասկածը և նույնիսկ, կարծես, ակնարկով հասկացնել տվեց, թե իրավ է նրա ասածը։ Դա աններելի թեթև անմտություն էր, տղամարդի ունայն սնափառություն։ Հաճելի է երևալ սրտակեր առյուծ, բայց հետևա՞նքը...

Նա դադարեց այցելել Անուշին։ Երեք օր անցած ստացավ մի նամակ այն ժամանակ, երբ տանն էր և ստացավ մոր ներկայությամբ։ Այրիի հարցին, թե ումի՞ց է, պատասխանեց, որ Պետրոս Ղուլամյանն է գրում։ Նա չէր կարող Ղուլամյան անունը չհիշել, որովհետև նամակը ներս բերող սպասավորին՝ Անուշի աղախնին՝ ճանաչում էր։ Մտքում կատաղեց Անուշի դեմ, որ մի այդպիսի նուրբ հանձնարարություն էր արել աղախնին։ Կարդաց նամակը և տխրեց։ Բովանդակությունը հուսահատական էր, գրելու եղանակն աղերսական։ Բարվոք համարեց չպատասխանել և ոչ էլ այցելել Անուշին։ Հույս ուներ այսպիսով սառեցնել տիկնոջը։

Սխալվում էր։ Կրքերն այնքան կլանել էին Անուշին, որ քանի գնում խելքը կորցնում էր։ Երկու օր անցած Միքայելն ստացավ երկրորդ ծրարը։ Այս անգամ արդեն Անուշի հուսահատությունը չափ չուներ։ Այդպես շարունակել վտանգավոր էր։ Հարկավոր էր կուրացած տիկնոջ անտակտության առաջն առնել։ Միքայելը պատասխանեց, թե զբաղված է գործերով, ժամանակ չունի, թող Անուշը համբերի և այլն, և այլն։ Նամակի վերջում աղերսում էր վերջ տալ անմիտ թղթակցությանը։ Փառք աստծո, նրանք գիմնազիոնի աշակերտներ չեն, որ միմյանց սիրային նամակներով զվարճացնեն։

Եվ մի՞թե Անուշը չգիտեր, որ իր արածը երեխայություն է։ Բայց ա՛յլ էր մտքի պահանջը, այլ՝ կրքերի ուժը։ Տանջվել և լռել — Անուշի բնավորությանը հատուկ չէր։ Եվ ինչո՞ւ նա տանջվում է, թող Միքայելն էլ նրա հետ տանջվի։ Չլինի՞ թե այդ երիտասարդն այժմ կշտացել է և մտքում ծիծաղում է նրա թուլության վրա, պարծենում է հաղթությամբ սրա ու նրա մոտ։ Ինչո՞ւ չի պատասխանում նամակներին, ինչո՞ւ, ինչո՞ւ։

Անվերջ կասկածներից Անուշն օր-օրի վրա դառնում էր մռայլ, մարդատյաց։ Գոռում էր երեխաների վրա տեղի-անտեղի. ծեծում, հալածում սենյակից սենյակ, շրթունքներն անխնա կրծոտելով սուր ատամներով։ Անգործությունը նրա ամենապաշտելի կուլտն էր։ Ինը տարվա ընթացքում տանը մի օր մատը մատին խփած չկար։ Նստում էր ամբողջ ժամերով լուսամուտի առջև և, գլուխը ձեռի ափին հենած, նայում էր դեպի դուրս, այն դիմացի տան լուսամուտներին, ուր բնակվում էր մարդուն դավաճանող գեղեցկուհին։ Նա այժմ էլ նախանձում էր այդ կնոջը, որովհետև նրա սիրականը գրեթե ամեն օր այցելում էր։ Իսկ ինքը հազիվ սկսել էր ապրել, և ահա երանության գավաթը դեռ չպարպված, հանկարծ ընկնում է ձեռներից և փշրտվում։

Անխիղճ, անաստված երիտասարդ… Ինչո՞ւ այդպես շուտ, այդպես հանկարծ։ Չլինի՜ մի ուրիշը քեզ հափշտակեց, և դու այժմ զվարճանում ես նրա գրկում, Անուշին ծաղրելով։ Օ՜օ, եթե կա այդպիսին, Անուշը նրա աչքերը եղունգներով կհանի, երեսիդ կշպրտի։

«Կանեմ, կանեմ, կանեմ»,— կրկնում էր մտքում նա, մատները կծկելով աչքերի առջև։ Անխի՜ղճ, դու չպիտի անպատիժ մնաս. չպիտի այն համոզմունքով ապրես, թե կարելի է սիրել կեղծ, անկեղծ սիրվելով, շուտով կշտանալ, չկշտացրած, խաբել և երես դարձնել…

Նա մոտենում էր հայելուն, դիտում էր իրեն։ Ախ, այս ի՞նչ է, խոշոր աչքերի տակ, բերանի անկյուններում, քունքերի վրա։ Նաև սպիտակ մազե՞ր։ Այդպես շո՞ւտ։ Մի՞թե այս երկու շաբաթվա տանջանքներից։ Տեր աստված, տեր աստված, ինչո՞ւ տղամարդիկ այդչափ անխիղճ են, ինչո՞ւ չգիտեն, թե որքան դառն է խաբող ամուսնու և խաբված սիրուհու վիճակը։ Ինչո՞ւ, վերջապես, նրանց համար այդքան դյուրին է թիթեռի պես ծաղկից ծաղիկ թռչելը, իսկ կնոջ համար դժվար, անկարելի, գոնե պայմանավորված հարյուրավոր վտանգներով։ Անուշը դուրս կգար հենց այս ժամին, զուգված, զարդարված, կգտներ խաբողին և հենց նրա աչքերի առջև թևը կտար մի ուրիշին և այսպես կպատմեր խաբողին։

— Տա՛ր այս երեխաներին, գլխիցս հեռացրու,— հրամայեց նա սպասավորին, աղախնի ձեռքով յոթերորդ նամակը Միքայելին ուղարկելուց հետո։

Այժմ նրանք թվում էին ավելորդ բեռ, անխորտակելի պատնեշ, որ կանգած էին նրա և երջանկության միջև։ Գուցե հենց նրանք եղան պատճառ, որ Միքայելը վախեցավ, երես դարձրեց։ Չէ՞ որ տղամարդը խորշում է երեխաներ ունեցող կնոջից։ Ախ, թշվառ դրություն, ինչո՞ւ հենց այն կանայք են զավակներ ունենում, որոնք ատում են իրենց մարդկանց։ Ընտանեկան կյա՞նք — ահա մի հիմար բան, որ այսքան կաշկանդում է կանանց։ Ի՞նչ է այժմ Անուշի ընտանեկան կյանքը. մի մթին բանտ, պաղ ոսկերոտիք, որ ոչինչ հյութ չի պարունակում նրա համար այլևս։ Այնինչ, մի ինչ-որ անողոք ավանդություն, մի հիմար նախապաշարմունք նրա թևերն անխնա կտրտել է և միշտ շշնջում է. «դու մայր ես»։ Զզվելի, քստմնելի կապանք։ Չխորտակե՞լ արդյոք այս կապանքը։

Դռների հետևից լսվող քայլերի ձայնն ընդհատեց նրա մտքերը։ Ուրախության զգացումը մի վայրկյան բաբախեցրեց Անուշի սիրտը, սպիտակ ատամները բացվեցին։ Մի՞թե Միքայելն է և այսպես շուտ. տասը րոպե չկա, որ ուղարկեց վերջին նամակը, ուր աղաչում էր նրան գեթ մի քանի րոպեով գալ:

Դռներն արագ բացվեցին, և շեմքի վրա հայտնվեց Պետրոսի կերպարանքը, ահեղ, ինչպես մարմնացած վրիժառություն։ Աչքերը կայծեր էին արձակում, այն աչքերը, որոնց արտահայտությունը, թեև հրող, բայց երբեք երկյուղալի չէր եղել: Ո՞ւր է այդ կոշտ և ինքնագոհ խանութպանի դեմքի կարմրությունը, շրթունքների վրա մշտապես խաղացող ժպիտը, այն մեղրալի ժպիտը, որ հատուկ է մուշտարիներին քծնող խանութպանին։ Եվ այդ ի՞նչ ծրար է նրա ձախ ձեռքում, և ինչո՞ւ նրա լայն կզակը դողդողում է, որպես կենդանի մարմնից սրի մի հարվածով անջատված։

Անուշը ցնցվեց: Այդ լուռ կերպարանքի միայն մի հայացքը բավական էր, որ իսկույն ըմբռներ, թե, վերջապես հասել է սոսկալի պատասխանատվության րոպեն։

— Անառա՜կ,— մռնչաց Պետրոսը և մի քայլ առաջ դրեց, ձեռքի մեջ ճմրկտելով ծրարը։

Անուշը երեսը դարձրեց, առաջին շփոթմունքը թաքցնելու համար։ Պետք էր մի բան հնարել:

— Անառա՜կ,— կրկնեց նույն ձայնն ավելի ահեղ։

Անուշն ինստինկտաբար գլուխը ձեռներով ծածկեց, մոտեցավ պատին։ Պետրոսը բռնեց նրա հաստլիկ ուսերից և ուժգին թափով երեսը դարձրեց իր կողմը։

— Սպասում ես, հա՞, տանջվում ես, հաա՞, մեռնում ես, հաա՞...

Նա բոլոր ուժով թափահարում էր կնոջը, կարծես ձգտելով, առանց բառերի, միանգամից դուրս թափել նրա ամբողջ գաղտնիքը։

— Դեհ, ասա՛, բոլորն ասա այս րոպեիս, բոլորը, շան աղջիկ...

Նա պահանջում էր, և միևնույն ժամանակ, հնարավորություն չէր տալիս բառ անգամ արտասանելու։ Նա սկսեց խեղդել սարսափահար եղած կնոջը։

Շեմքի վրա երևաց աղախինը, որ երկյուղից դողում էր և գունատվել էր թղթի պես։ Մոտեցավ, հետևից բռնեց Պետրոսի թևերից և, որքան ուժը ներում էր, հետ քաշեց։ Պետրոսը հետ դարձավ, հրեց նրան գոռալով.

— Դու էլ օգնում ես, հաա՞։

Նա վռնդեց աղախնին դուրս, դռները հետևից կողպեց։

— Ո՞ր ժամանակից է։

Անուշը լուռ էր։

— Ո՞ր ժամանակից է, հարցնում եմ...

Նա այնպես ամուր սեղմեց Անուշի հաստ թևերը, որ խեղճ կինը ցավից ճչաց։ Թող ինքը խոստովանի իր բերանով, այսպես է կամենում և հրամայում Պետրոսը։ Դավաճանությունը ժխտել չի կարող, ահա փաստը — նրա մի քանի րոպե առաջ գրած նամակը։ Աստված ինքն է օգնել Պետրոսին։ Զուր չէին նրա կասկածները, որ այսօր այս անսովոր ժամին եկավ տուն։ Ի՞նչպես, նա ամբողջ օրը խանութում արյուն-քրտինք թափի, շան պես չարչարվի, սրան ու նրան գլուխ տա հինգ-տաս արշին բան ծախելու համար, հարյուր անգամ մեջքից թեքվի, փող աշխատի, պատիվ, անուն ստեղծի, իսկ կնիկն անառակությո՞ւն անի...

— Այդ մեր դավթարներում գրված չի, շան աղջիկ, մենք վաճառական ենք, նամուս ունինք...

Անուշը տակավին լուռ լսում էր, երեսը շարունակ դարձրած, աչքերը ձեռներով ծածկած։

Կրկին Պետրոսը նրա երեսը շուռ տվեց իր կողմը և բռունցքը բարձրացրեց գլխին։

Անուշը փորձեց ժխտել հանցանքը, բայց նամակը Պետրոսի ձեռքումն էր։ Նա ասաց, թե դա սիրային նամակ չի, բայց բովանդակությունն ավելի քան պարզ էր։ Նա սկսեց հավատացնել, թե դա մի կատակ է, թե ոչինչ լուրջ կապ չկա և չի եղել նրա ու այդ մարդու մեջ, բայց Պետրոսը երեխա չէր. ճանաչում էր Ալիմյանին, գիտեր, որ նա զուր տեղը երեխայական կատակներ չէր անում կանանց հետ։

Նա անողոք պահանջում էր, որ Անուշն ինքն իր բերանով խոստովանի հանցանքը, հակառակ դեպքում, խոսքերը նրա կոկորդից դուրս կբերի եղունգներով։

Անուշը համառում էր։ Նրա գլխին իջավ բռունցքի առաջին հարվածը։ Նա ճչաց։ Հարվածին հետևեց երկրորդը։ Լսվեց մի հուսահատական աղաղակ։ Պետրոսը ծածկեց նրա բերանը մի ձեռով, մյուսով սկսեց հարվածներ տալ գլխին, ուսերին, կրծքին։ Հետո գցեց հատակի վրա և սկսեց, մազերից ձգելով, քաշել այս ու այն կողմ։

— Ուշքի՛ եկեք, աղա, ուշքի եկեք...

Բանն այն էր, որ Պետրոսը չէր զգուշացել սենյակի երկրորդ դռները փակելու և տիրուհու հուսահատական աղաղակներին ներս էր վազել խոհարարը։ Պետրոսն ուզում էր կնոջը խեղդել. և կխեղդեր, այնքան կորցրել էր իրեն։ Նրա թևերից բռնեցին, հետ քաշեցին։ Եվ ո՜վ, խոհարարը. ի՜նչ անպատվություն, ի՜նչ խայտառակություն Պետրոս Ղուլամյանի անվան համար։

— Թո՛ղ ինձ, թո՛ղ ինձ,— գոռում էր Անուշը...

Եվ նա վազեց դեպի դռները։ Նա ուզում էր փախչել։ Օ՜հ, ոչ, Պետրոսի ձեռքից փախչելն այնքան էլ դյուրին չէ: Ոչ մի քայլ այս սենյակից, առանց խոստովանելու, թեկուզ ծառաների ներկայությամբ։ Է՜հ, միևնույն է, երևի նրանք առանց այն էլ բոլորը գիտեն...

— Ինչ ուզում ես արա, խեղդի՛ր, սպանի՛ր... ոչինչ չեմ ասիլ...

— Կասես, կասես, շան ծնունդ...

— Մեղավորը դո՛ւ ես, ինը տարի ինձ տանջել ես, չեմ ապրել ոչ մի օր, ոչ մի օր...

— Ով էր քեզ ուժով այստեղ բերում, ինչո՞ւ եկար...

— Խաբվեցի, դու ինձ խաբեցիր...

Եվ, շունչն ուղղելով, նա ավելացրեց.

— Եթե ես մեկին եմ սիրել, դու հարյուրին...

— Լռի՛ր, անզգամ...

— Անզգամը դու ես, դու ինձ խաբել ես հազար անգամ, ես միայն մի անգամ... Սպանիր, եթե ուզում ես, բայց անզգամը դու ես։ Չէ, չէ, չէ, դու քո երեխաները վերցրու քեզ, ես քո կնիկը չեմ, հերիք է, ինչքան տանջեցիր...

Նա դարձյալ քայլերն ուղղեց դեպի դռները։

Պետրոսն այս անգամ հարձակվեց նրա վրա ավելի կատաղի։ Թավալեց հատակին... Անխնա հարվածում էր հանցավոր կնոջը ոտներով ու բռունցքներով։ Եվ միայն այն ժամանակ հեռացավ նրանից, երբ կինը վերջին ճիչն արձակելով, ուշաթափվեց, մնաց անշարժ, երեսն ի վեր, մազերը սփռված գորգի վրա...