Քաոս/Առաջին մաս/XVII
XVII
Առավոտը կանուխ Սմբատը մտավ եղբոր սենյակը։ Հակառակ սովորականին, Միքայելն արդեն զարթնել էր։ Գիշերն անց էր կացրել գրեթե անքուն։
— Ի՞նչ ես ուզում ինձանից,— գոչեց նա, եղբորը տեսնելով։
Սմբատը նայեց նրա բորբոքված աչքերին և հանդարտ նստեց աթոռի վրա։
— Ես եկել եմ մոտդ ոչ իբրև եղբայր, այլ իբրև ընկեր, բարեկամ,— ասաց նա,— աղաչում եմ, ասա. ի՛նչ է պատահել քո և Գրիգոր Հաբեթյանի մեջ։ Անկարելի է, որ պատճառը չնչին լինի…
— Դու ինձ օգնել չես կարող, ինչո՞ւ պատմեմ։
— Ուրեմն գործն այդքան բա՞րդ է։
— Թո՛ղ ինձ հանգիստ, աստված սիրես։
Սմբատը մի ծխախոտ վառեց և սկսեց ծխել, ինչ-որ խորհելով։
Միքայելն անց ու դարձ էր անում, ձեռները վարտիքի գրպանները դրած։
— Գիտե՞ս ինչ, Միքայել, դու կարող ես ինձանից գաղտնիքներ ունենալ, այդ շատ բնական է։ Բայց խնայիր մորդ։ Դու լռում ես, իսկ այդ խեղճ կինը կարծում է, թե դժբախտությունը շատ մեծ է։ Նա հազար ու մի ենթադրություններ է անում։Արդեն լռությունը նույնիսկ Միքայելի համար անտանելի էր։ Նա ինքն զգում էր պահանջ գաղտնիքը մեկին հաղորդելու։ Սմբատի առնական ձայնը և բարեհամբույր դեմքը նրան խրախուսեցին և ակամա տրամադրեցին անկեղծ լինել։
Նա սկսեց ակնարկներով, մութ խոսքերով, սկսեց տատանվելով և շփոթվելով։ Բայց այս երկար չտևեց։ Երբ տեսավ, որ Սմբատն այնքան էլ չզայրացավ, որ նա սիրահարվել է ամուսնացած կնոջ վրա, ավելի պարզախոս դարձավ։ Սակայն դեռ թաքցնում էր իր կրքերի զոհ կնոջ անունը։ Աշխատում էր իրեն ներկայացնել մի տեսակ ռոմանտիկական ասպետ, կիրքը պատկերացնում էր իբրև իդեալական սեր, հանցավոր կապին տալիս էր ինչ-որ երկնային խորհրդավորություն։
Սմբատը լուռ լսում էր։ Պատմողի փքուն խոսքերի և ոսկեզօծ նկարագրությունների մեջ որոնում էր էականը. կա՞ արդյոք, իսկական սեր։ Եվ, հակառակ նույնիսկ իր ջերմ փափագին, չէր գտնում։ Որքան ևս Միքայելն աշխատեր իրականը քողարկել, երբեմն շեղվում էր և ասպարեզ հանում անասնական կրքերի գլխավոր դերը երևակայական սիրո մեջ։
— Բայց ո՞վ է այդ կինը, որ այդքան հրապուրել է քեզ, երևի, մի հազվագյուտ էակ է…
Հարցը շփոթեցրեց Միքայելին միայն այն պատճառով, որ նա զգաց, թե չափազանց բարձրացնելով իր սերը, ակամա բարձրացրեց մինչև երկինք և սիրո առարկային։
— Հայ կին է, բավական հայտնի,— կարողացավ նա միայն պատասխանել։
— Եվ ի՞նչ կապ ունե Հաբեթյանի հետ քո սերը…
— Այդ կինը Գրիշայի քույրն է։
— Տիկին Ղուլամյա՜նը,— գոչեց Սմբատը, ցնցվելով։
Միքայելը քանի գնում ոգևորվում էր։ Սուտ էր ասում, բայց այնքան հափշտակված, որ ինքն էլ չէր զգում սուտը։ Իրականը թաքցնելով՝ նկարագրում էր վեպերի մեջ կարդացածը համանման դեպքերի մասին։ Եղբոր լռությունը համարում էր հավանության նշան։ Ահա ինչու ապշեց, երբ լսեց.— Միխա՛կ, քո արածն անբարոյականություն է։
Եվ Սմբատի ձայնի մեջ զգացվեց սրտի խորին հուզումը։
Միքայելը, ա՛յն Միքայելը, որի կամակոր հոգին չէր հանդուրժում ոչ միայն հանդիմանության, այլև սոսկ հակաճառության, շրթունքները զայրույթից կրծոտեց, բայց լռեց։ Հրապարակական անպատվությունը բավական խեղճացրել էր նրան։
— Սիրո անունով,— շարունակեց Սմբատը,— ես արդարացնում եմ ամեն դրություն։ Կարելի է սիրել ամուսնացած կնոջ, բայց քո պատմածի մեջ ես սեր չեմ տեսնում։ Երկուսդ էլ միմյանց խաբել եք և գողացել ուրիշների պատիվը, ահա ինչու արածդ անբարոյական է…
Միքայելը ձեռով խորին դժկամության նշան արավ և մոտեցավ լուսամուտին։ Եղբոր խոսքերը նրան թվացին ծանր և դառն, որովհետև զգաց նրանց արդարացիությունը։
Կես ժամ առաջ Սմբատը նրան համարում էր մարդկային կոպտության մի զոհ։ Այժմ նրա առջև կանգնած էր արդար զայրույթի մի արժանի պատժյալ։ Ո՛չ, դա արդեն անբարոյականություն չէ, այլ ուրիշ, ավելի վատ բան — դա հիվանդություն է, ախտ, կեղտոտ շրջանի մի վիժմունք։ Խաբել մտերիմ ընկերոջ և նրա պատվի գնով հաճո՞ւյք վայելել — ահա ինչումն էր բուն ախտը Սմբատի հայացքներով։
Նա վեր կացավ և հանդարտ քայլերով դուրս գնաց։ Զգում էր, որ եղբայրական սերն իր սրտում տեղ է տալիս զզվանքի զգացման։ Եվ դեռ Միքայելի պես մի մարդու խորհուրդ էր տալիս ամուսնանալ։ Եվ ո՞վ պիտի դառնար նրա զոհը։
Տասը ժամից սկսած Միքայելի ընկերները միմյանց հետևից եկան իրենց ցավակցությունը հայտնեն և իմանան ինչ է մտադիր անելու։ Ադիլբեկովն ու Նիասամիձեն տեսնվել էին Գրիշայի հետ և բացատրություն պահանջել։ Վիրավորողը չէր հայտնել իր ապտակի շարժառիթը և միայն բարկացած ասել էր. «ինքը գիտե՝ ինչու համար խփեցի»։
Միքայելը նույնպես հրաժարվում էր բացատրություն տալուց և այսպիսով կրկնապատկում ընկերների հետաքրքրությունը։ Գլուխները շարժելով, տարակուսաբար նայեցին միմյանց երեսին։ Արդեն, երևի, պատճառը շատ մեծ է և խորհրդավոր, որ ոչ մի կողմը չի ուզում հայտնել։
Իշխան Նիասամիձեն ակնարկեց մենամարտության մասին, ձեռը խրոխտաբար դնելով դաշույնի դաստապանի վրա։ Միքայելն ասաց, թե իր ասածից հետ չի կանգնում և կրկին անգամ խնդրեց իր ընկերներին գնալ և իսկույն Գրիշայի հետ մենամարտության ժամանակը որոշել։
Ադիլբեկովը քայլերն ուղղեց դեպի դռները։ Նա հույս ուներ վկա լինելու մի ասպետական տեսարանի, որի մասին գաղափար ուներ միայն վեպերից ու բեմական ներկայացումներից։
— Սպասի՛ր,— ասաց սպան, հետ կանչելով տաքարյուն թուրքին,— գործը պետք է վարել արվեստաբար։
Նա բարկացած էր Գրիշայի դեմ. ինչո՞ւ հենց նրա երեկույթի երեկոն ընտրեց ապտակի համար և զրկեց նրան հարուստ «պարտնյորներից»։ Նա մի փոքրիկ դասախոսություն արավ մենամարտության մասին և իրեն էլ առաջարկեց Միքայելի կողմից սեկունդանտ։
Մելքոնն ու Մովսեսն այն կարծիքին էին, թե Գրիշան կարող է Միքայելից ներում խնդրել ընկերների մոտ, և խնդիրն այսպիսով կլուծվի։ Ի՞նչ կարիք կա գործը բարդացնելու։
Իրավաբան Փեյքարյանը պնդում էր, թե մենամարտությունը մի քիչ հնացած սովորույթ է։ Դատարան կա, օրենքներ կան, ergo Հաբեթյանի վարմունքը կարելի է պատժել։
Պապաշան կրկնում էր. «ըըը դատարկ բան է»։ Նրա կարծիքով, չարժեր մի ապտակի համար աշխարհ դղրդացնել։
— Ջահիլ էր, տաքացավ, ըըը ձեռ բարձրացրեց։ Ի՜նչ բան է մի սիլլան։ Քո յաշին ես ըըը այնքան ըըը սիլլա եմ կերել, վըեր երեսիս կաշին լա՛ տվարի կաշի ա ըըը կտրալ…
Ներկա էր և Ալեքսեյ Իվանովիչը։ Նա վրդովված էր «կոպիտ ասիականության» դեմ։ Պետք է խնդրել նահանգապետին, որ Հաբեթյանին ադմինիստրատիվ կերպով աքսորի Արխանգելյան նահանգ կամ ավելի հեռու տեղ։ Օրինավոր հասարակություններն այդ տեսակ վայրենիներին չեն պահում իրենց մեջ։Բայց Նիասամիձեն, Ադիլբեկովը և սպան կրկնում էին.
— Մենամարտությունը վրիժառության միակ ազնիվ միջոցն է։
— Ո՛չ,— լսվեց հանկարծ դռների կողմից,— մենամարտությունն ազնիվ միջոց չէ։
Սմբատն էր, որ մի դառն հեգնական ժպիտ դեմքին, մոտեցավ, թեթևակի գլուխ խոնարհեցրեց և նստեց եղբոր սենյակի մի անկյունում։
Սպան բացատրություն պահանջեց. Սմբատը բացատրեց.
— Պարոննե՛ր, մի մոլորեցրեք իմ եղբորը։ Մենամարտություն ասված բանը, արդարև, մի ժամանակ ունեցել է իր իմաստը, այժմ իմաստը ոչնչացել է, մնացել է միայն ձևը։ Դիմակահանդեսներն էլ են ունեցել իմաստ և խորիմաստ, այժմ նրանք ի՞նչ են. անբարոյականության հանդեսներ։ Ունենալ ճարպիկ ու հմուտ ձեռ, չի նշանակում ավելի խորը զգալ պատիվ ասված բանը։ Մարդկային պատիվը սրի ծայրում չի գտնվում, այլ հոգու խորքում։
— Ես ձեզ անպատվել եմ,— գոչեց նա, ընդհատելով սպայի խոսքը, որ ուզում էր հակառակել,— դուք ինձ մենամարտության եք կանչում։ Ես ձեզանից ավելի ճարպիկ եմ, դուք սպանվում եք։ Ո՞ւր մնաց լոգիկան ու արդարությունը, ինչո՞վ մաքրվեց ձեր պատիվը։ Ո՛չ, պարոններ, մարդուն չի վայելում աքաղաղներից օրինակ վերցնել։
— Ergo, դատարան, ուրիշ ոչինչ,— մեջ մտավ իրավաբանը։
— Ո՛չ,— դարձավ նրան Սմբատը,— դատարանը հիմնված է այն մարդկանց համար, որոնք դատելու ընդունակություն չունեն։
— Իսկ ի՞նչ կասեք ընկերական դատի մասին,— խոսեց Մելքոնը.— իմ կարծիքով, Գրիշային մենք, ընկերներս միայն կարող ենք արժանի պատիժ տալ։
Խորին հեգնության մի ժպիտ անցավ Սմբատի դեմքով։ Ընկերական դա՜տ։ Օ՜օ, նա շատ է տեսել այդպիսի դատեր և այժմ չի կարող ընկերական դատավորների կոմիկական լրջությունն առանց ծիծաղի հիշել։ Նրանք միշտ հիշեցրել են նրան օպերետային նոտարներին և դատավորներին։ Ո՛չ, այդ հաստատությունը լուրջ մարդկանց համար չի մտածված։ Ընկերական դատին դիմում են թուլամիտները, այո՛, թուլամիտները, ուրիշների կարծիքի ստրուկները։ Նրանք, որոնք չգիտեն իրենց արածը գնահատել։ Ինքնասեր և առողջամիտ մարդը երբեք չի հարցնիլ ընկերոջը. «ի՞նչ կասես, բարեկամ, ես խելո՞ք եմ, թե հիմար, բարոյակա՞ն, թե՞ անբարոյական»։ Նա ինքը գիտե իր գինը։
— Մենք միմյանց հետ կռվում ենք և վեց տարեկան երեխաների պես, վազում ուրիշների գլխին. «ի սեր աստծո, ասացեք, մենք ինչո՞ւ կռվեցինք» կամ «ո՞րն է մեզանից խելոք»։ Չեմ կարծում, որ ավելի ծիծաղելի դրություն լինի։
— Դրուստ է ասում, աֆերիմ, ըըը, շատ դրուստ է ասում,— հավանեց Պապաշան,— ընկերական դատս ո՞րն է, մոռացի՛ր ըըը, Մեխակ ջան, մոռացի՛ր…
— Դուք բոլորը հերքեցիք,— ասաց իրավաբանը,— բայց դատն ինչպե՞ս պարզել։ Ո՞ւմ դիմել։
— Ո՞ւմ դիմել։— Մեր ներքին դատավորին։ Ինչպե՞ս պարզել դատը։ Ինքնաքննությամբ։
Բոլորը նայեցին միմյանց երեսին, չհասկանալով Սմբատի միտքը։
— Այո՛,— շարունակեց Սմբատը,— այս է մեր դատարանը, նաև մեր պատժարանը։ Պարոննե՛ր, յուրաքանչյուր մարդ բաղկացած է երկու տարրերից։ Մեկը գործողն է, մյուսը՝ քննողը։ Գործողն իր վարմունքների մեջ շատ հազիվ է ղեկավարվում քննողի թելադրությամբ — ահա մեր սխալների աղբյուրը։ Մեր արածների ինը տասներորդականը բնազդման ծնունդ են։ Եվ, դժբախտաբար, շատ անգամ կյանքի նույնիսկ ամենաբարդ խնդիրները բնազդումով ենք վճռում և հետո… հետո դառն զղջում։
Նա մի վայրկյան կանգ առավ, շրթունքները կրծոտեց, որ իր մեջ խեղդի ինչ-որ դառնություն։
— Գործեցե՛ք, ինչ սխալ կամենում եք, հետո առանձնության ժամանակ հարցրեք ձեր ներքին դատավորին, և նա ձեզ կտա ձեր վարմունքի ամենախիստ, բայց և ամենաճիշտ քննությունը։ Միայն եղեք անկեղծ ձեզ հետ։ Միայն մի՛ թույլ տվեք, որ քննադատի ձայնը խլանա ձեր մեջ կողմնակի ձայներով։ Իսկ այս շատ դյուրին է, երբ բնազդումը նիրհած է։
Մի քանիսը նրա միտքը չհասկացան, իսկ մյուսները պնդեցին իրենց ասածը։
Միքայելը ոչինչ չէր ասում։
— Ուրեմն չե՞ք թողնում ձեր եղբորը Գիշայի հետ մենամարտել։
— Հարցրե՛ք եղբորիցս, ես միայն իմ կարծիքը հայտնեցի,— պատասխանեց Սմբատը։
— Բարեկամ,— ասաց իրավաբան Փեյքարյանը,— ձեր ասածները գեղեցիկ են, բայց միայն գեղեցիկ — ուրիշ ոչինչ։ Իմ խելքս էլ նույնն է թելադրում, բայց ա՛յլ է խելքի թելադրածը, ա՛յլ է զգացմունքների պահանջը։ Փիլիսոփայությամբ պատիվ վերականգնել չի կարելի։
— Դրա դեմ խոսք չունիմ, իմ ասածն առողջ տրամաբանության ծնունդ է,— ասաց Սմբատը և լռեց։
— Այդպես ուրեմն, ձեզ մնում է զիջանել փիլիսոփայության, քանի որ մեր ընկերոջ զգացումները լռում են,— ասաց սպան և ոտքի կանգնեց։
— Ի՞նչ կասես,— հարցրեց Ադիլբեկովը Միքայելին։
— Տատանվո՞ւմ ես,— արտասանեց Նիասամիձեն կիսահեգնաբար…
— Թողեք ինձ հանգիստ, հետո իմ վճիռը կհայտնեմ,— ասաց վերջապես Միքայելը։
Բոլորը դուրս գնացին դժգոհ իրենց ընկերոջ անորոշ վարմունքից։
Զգալի էր, որ Սմբատի խոսքերը Միքայելի վրա գործեցին որոշ ազդեցություն։ Երբ ընկերները հեռացան, նա դարձավ եղբորը.
— Բայց ինչպե՞ս մաքրեմ իմ պատիվը։
Օգտվելով տրամադրությունից, Սմբատը չթողեց, որ տպավորությունը պաղի և դարձավ ներկա դեպքին։Նա համաձայն էր, որ Գրիշայի ապտակը ծանր վիրավորանք է, բայց ինչո՞ւ համար է Միքայելն ուզում այդ մարդուն մենամարտության կանչել կամ ուրիշ կերպ պատժել։ Նրա համար, որ Գրիշան իրավունք է համարել զգալ նրա հասցրած անպատվությունը և ենթարկվել իր վայրենի ինստինկտին։ Բայց եթե նա վայրենաբար է վարվել Միքայելի հետ, չէ՞ որ Միքայելը նրա վերաբերմամբ ավելի քան վայրենի է եղել — անասուն։ Եվ նա՞ է դեռ ուզում Հաբեթյանից հաշիվ պահանջել։ Նա՞, որ առաջին վիրավորողն է եղել, այն էլ գողնովի։
— Խնդրեմ, խնդրեմ,— շարունակեց Սմբատը, վրդովված, տեսնելով, որ եղբայրն ուզում է բողոքել,— առանց տաքանալու։ Ժամանակ է հասկանալու, որ չի կարելի ամեն խնդիր գոռոցներով և բռունցքներով վճռել։ Մի րոպե քեզ դիր Հաբեթյանի տեղը։ Չէ՞ որ կմտածեիր. «ի՜նչ, իմ մտերիմ ընկերը, որին ես հավատացել եմ, այդպես ինձ անպատիվ անի և ես գոնե մի ապտա՞կ էլ չտամ նրան»։ Եվ կտայիր, միայն չգիտեմ այդպիսի էֆեկտով, թե չէ։ Ո՛չ, սիրելիս, պետք է լոգիկաբար վարվել և խնդիրը պարզելու փոխարեն ավելի չխճճել։
— Այո՛, կուլ տալ ապտակը և հասարակական ծաղրի առարկա դառնալ, այս է քո լոգիկան, չէ…
Տիրեց րոպեական լռություն։ Սմբատը ցնցողաբար մատներով պտտեցնում էր ժամացույցի լարիչը։ Միքայելը, գլուխը կրծքին թեքած, եղունգներն անխնա կրծոտելով, անց ու դարձ էր անում։ Նա դեռ գունատ էր, ինչպես աշնանային տերև և մերթ ընդ մերթ ցնցվում էր, սարսուռ զգալով վիրավորանքը հիշելուց։
— Միամիտնե՛ր,— գոչեց Սմբատը, կարծես, ինքն իր համար,— դուք ամեն մոլորություն հասարակական կարծիքի տեղ եք ընդունում։ Ովքե՞ր են կազմում ձեր հասարակական կարծիքը, այդ Քյազիմնե՞րը, Մոսիկոնե՞րը, Նիասամիձենե՞րը, Մելքոննե՞րը, թե՞ Պապաշաները։
Սիրելիս, այդ մարդիկ միայն մի բարոյական հաճույք ունեն — դատել ուրիշներին և ծաղրել։ Նրանք չպիտի լինեն քո դատավորը, ո՛չ, այլ դու ինքդ։ Աշխատիր այսուհետև քեզ մաքրել, փոխի՛ր կյանքդ արմատապես, հասկանո՞ւմ ես, արմատապես, և այն ժամանակ ծաղրվելու փոխարեն ինքդ կծաղրես ուրիշներին։
Նա կանգ առավ, նայեց եղբոր երեսին, որ հետզհետե փոխվում էր, և շարունակեց ավելի զգացված։
— Մեխա՛կ, նույնիսկ եղեռնագործի համար ուղղվելու ճանապարհ կա։ Ուղղի՛ր քեզ, և թող ուրիշները որքան ուզում են չարախոսեն։ Այն ժամանակ դու կհասկանաս, ինչ երջանիկ զգացում է արհամարհանք ասված բանը։ Լսի՛ր, Մեխա՛կ. մի՞թե քո սրտում չի մնացել մի առողջ թել, քո հոգու մեջ մի մաքուր անկյուն։ Մի՞թե կյանքի մեջ չես տեսնում ավելի բարձր հաճույք, քան անասնական կրքերին ծառայելը… Լսի՛ր, դու կյանքի միայն մի երեսն ես տեսել, կա և ուրիշը։ Դու ընդունել ես մինչև այժմ աշխարհի քաղցր թույնը, բայց կա և՛ դառը թույն։ Քաղցրը սպանում է, դառը՝ մաքրում…
Նա դարձյալ կանգ առավ, շունչն ուղղելու համար։ Նա ոգևորվել էր Միքայելի ուշադրությունից։ Մի ժամ առաջ հյուրերի մոտ նա խոսում էր խելքի թելադրությամբ։ Այժմ խոսում էին զգացումները։ Թվում էր նրան, որ իր խոսքերն ազդում են եղբոր ապականված հոգու վրա և ստիպում նրան, վերջապես, բանալ աչքերը և լուրջ նայել կյանքին։
— Պատմելով քո կրքերի մասին,— շարունակեց նա դառնությամբ,— դու վիրավորեցիր սիրո զգացումը։ Եթե սիրեիր, խնդիրն այս կերպարանքը չէր ստանալ։ Դու կզոհեիր այդ կնոջն ամեն բան, և դա կլիներ քո պատիժը։ Մի՛ նայիր ինձ զարմացած։ Ես պատճառ ունեմ այսպես խոսելու։ Մարդկային եսամոլությունն անսահման է և, խրատելով քեզ, ես չեմ կարողանում մոռանալ իմ ցավերը։ Մեխակ, քո դրությանը չեմ նախանձում, բայց ինքս ավելի վատ դրության մեջ եմ այժմ։ Ա՞յժմ, ո՛չ, ահա յոթ տարի է… Քո ապագան դեռ քո առջև է, իսկ իմը հավիտյան աղավաղվել է։ Քեզ կույր կիրքն է խաբել, ինձ խաբել է պայծառ սերը։ Ի՞նչ եմ ասում, սե՞ր, ո՛չ, այլ միայն սիրո պահանջը։ Դու չար դևի զոհն ես, ես՝ բարի հրեշտակի։
Նա լռեց, հառաչեց, ճակատը տրորելով։ Սեփական դժբախտության զգացումը նրա մեջ խառնվել էր եղբայրական կարեկցության զգացման հետ, և նա չգիտեր, որի վրա կանգ առնի։
Հանկարծ նկատեց մի անսպասելի և անիմանալի բան։ Արտասուքի քանի մի կաթիլներ, դուրս գալով Միքայելի աչքերից, գլորվեցին գունատ այտերի վրա։ Ի՞նչ է նշանակում այդ,— բորբոքված պատվասիրության կայծե՞ր, բարկությո՞ւն, թե զղջում։ Ինչ և լինի — փչացած մի երիտասարդ արտասվում է, և այդ վատ նշան չէ։ Կնշանակե դեռ կա նրա սրտում չապականված անկյուն, մի առողջ մասնիկ։
Սմբատը մոտեցավ նրան, ձեռը դրեց ուսին և հուզված ձայնով ասաց.
— Մեխա՛կ, դու վատ ես սկսել, կարող ես լավ վերջացնել, իսկ ե՞ս… ես գուցե՝ ընդհակառակը…
Եվ, երեսը դարձնելով՝ հանդարտ քայլերով դուրս գնաց։