ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

I

Այրի Ոսկեհատն իրեն համարում էր աշխարհի երեսին մայրերից ամենաանբախտը։ Մեծ որդին աղավաղեց իր երիտասարդ կյանքը, ամուսնանալով օտարուհու հետ։ Այժմ նրա ո՛չ խորին պատկառանքը, ո՛չ անկեղծ որդիական սերը չեն կարող Ոսկեհատի սրտից ջնջել արմատացած վիշտը։ Թող Սմբատը, որքան ուզում է, լինի խելոք, աշխատասեր, խնայող, բարի, նրա արած սխալն արժե շատ հանցանքների իր մոր աչքում։ Նա ինքը կրում է իր սխալի հետևանքները, նա տխուր է, մռայլ, ի՞նչպես կարող է բախտավոր լինել նրա մայրը։

Միքայելն արդեն անուղղելի որդի է։ Նրա կենցաղը հուսահատեցնում է Ոսկեհատին. շռայլում է, առանց վաստակելու, մաշելով օրերը թղթախաղի սեղանների մոտ, անվայել զվարճությունների մեջ, անբաժան ընկերների հետ։ Օր-օրի վրա նրա առողջությունը քայքայվում է։ Այժմ ի՞նչ է մնացել մի ժամանակվա առողջ ու գեղեցիկ Միքայելից։— Մի զույգ խորը թաղված աչքեր, կաշի ու ոսկոր — ուրիշ ոչինչ։ Ի՞նչպես Ոսկեհատը չողբա նրա մասին։

Աղջիկը, Մարթան, բախտավո՞ր է արդյոք։ Ո՛չ, նրա կյանքը մի ուրախալի բան չի ներկայացնում Ոսկեհատի համար։ Մի որդին դեղնած, մաշված, հինգ տարեկան է, դեռ օրինավոր ման գալ չէր կարողանում, մյուս որդին նույնպես հիվանդոտ, օր-օրի վրա սպասում են մեռնելուն։ Ասում են, նրանց հայրը վարակված է եղել ինչ-որ հիվանդությունով։ Ա՜խ, այդ մարդը, հարուստ, աչքաբաց, խելքը գլխին, բայց միշտ լալիս է, միշտ գանգատվում, թե աղքատ է, և կնոջն էլ է ստիպում գանգատվել։ Ամեն օր Մարթան գալիս է արտասուքն աչքերին, աղաչում, որ իրեն բաժին տան հոր ժառանգությունից։ Կռվում է մոր հետ, թունավորում նրա առանց այն էլ անբախտ կյանքը, սպառնում է ինչ-որ դատ բանալ եղբայրների դեմ։ Էհ, դա էլ աղջիկ…

Ոսկեհատը հույս ուներ մխիթարվել գոնե փոքր որդով— Արշակով։ Բայց այս վերջին հույսն էլ չի արդարանում։ Արշակը, որի լեզուն հազիվ ազատվել է մանկական կապանքներից, արդեն սկսել է այն ոճով խոսել մոր հետ, որպես չի խոսել նույնիսկ Միքայելը։

Նախատինքին նախատինքով է պատասխանում, սպառնալիքի դեմ սպառնալիք կարդում, խրատներ ու աղերսները ծաղրում ու արհամարհում։ Դպրոցից տուն է գալիս թե չէ, նախաճաշ է պահանջում։ Վայ, եթե մի րոպե ուշացրին. կատաղում է, փրփրում, բոլորին հայհոյում և քիչ է մնում երբեմն դատարկ ափսեն մոր գլխին շպրտի։ Հետո անհետանում է ամբողջ օրով։ Գիշերները երկու ժամից առաջ տուն չի գալիս, իսկ շատ անգամ մինչև լույս էլ դրսերումն է մնում։ Քանի-քանի անգամ Սրաֆիոն Գասպարիչը և Միքայելը նրան տեսել են անբարոյական պատանիների հետ ծովի վրա մակույկով շրջագայելիս, այգիներում կասկածելի կանանց հետ զբոսնելիս, երբեմն նույնիսկ հարբած, իսկ մի անգամ էլ ծեծվելիս թուրքերի ձեռքում։

Տեր աստված, տեր աստված, այս ի՞նչ երկնային պատիժ է, ի՞նչ մեծ մեղք է գործել Ոսկեհատը։ Եվ կան դեռ անխելք կանայք, որ նախանձում են նրան։ Ա՜խ, չի ուզում նա այդքան հարստությունը․ խլեցե՛ք նրանից այդ տները, քարվանսարաները, հանքերը, գործարանները և փոխարենը տվեք միայն մայրական բախտ։

Սրաֆիոն Գասպարիչը պնդում էր, թե չպիտի Արշակի ձեռը փող տալ, թե հենց փողն է նրան փչացնում։

— Փողը նրա հասակի աղայի ձեռքին մի սուր դանակ է։ Պահիր նրան տկլոր, քաղցած, կտեսնես, որ կխելոքանա։

Այրին չէր լսում նրան։ Ի՞նչ. Արշակին փող չտալ, էլ ո՞ր օրվա համար է նրա հայրն այսքան հարստություն դիզել։ Վերջապես ամոթ չէ՞, որ նա գրպանում փող չունենա, երբ բոլոր ընկերներն ունեն։

Սակայն մի օր Ոսկեհատը փորձեց կատարել եղբոր խորհուրդը։ Եվ ի՞նչ դառն փորձ էր այն։ Նախընթաց երեկո Արշակը թղթախաղում տանուլ էր տվել, այսօր պարտավոր էր վճարել պարտքը։ Առավոտը նա մտավ մոր սենյակն այն ժամանակ, երբ այրին նոր էր հագնվում։

— Մոտդ փող կա՞,— հարցրեց նա, ձեռները վարտիքի գրպանները դնելով։

— Էլի ի՞նչ ես անում, չէ՞ որ երեկ տվեցի։

— Դու ասա, փող կա՞ մոտդ։

— Չկա։

Արշակը գլխաբաց վազեց ներքև, մտավ գրասենյակ, կանգնեց երկաթե վանդակապատի առջև, որի հետևում նստած էր Սրաֆիոն Գասպարիչը, շքանշանը կրծքին, բեղերը ոլորած, դեմքը խոժոռած այնպես, որ կարծես պատրաստ էր առաջին պատահողի հետ կռվելու։

— Քեռի՛, սնդուկդ բաց արա, տեսնեմ…

Ծերունին հեգնորեն ժպտաց։ Արդեն նա վաղուց էր սպասում այն օրին, երբ կկարողանա մերժել պատանուն փող տալու։

— Չե՞ս լսում, սնդուկդ բաց արա,— կրկնեց Արշակը, վիրավորված մորեղբոր ժպտից։

— Չեմ կարող։

— Ուրեմն, բանալին տուր, ես բաց կանեմ։

— Բան չկա սնդուկում։

— Բանկից բերել տուր։

— Գնա Սմբատին ասա, հետո։ Առանց նրա հրամանի ես ծախս չեմ անում։

— Սմբատն ո՞վ է։

— Սմբատը ֆիրմայի գլխավորն է, ներկայացուցիչը և քո հոգաբարձուն։

— Ա՜յ նորություն,— գոչեց Արշակը, արդեն կատաղելով։— Ե՞ս, գնամ Սմբատից իրավո՞ւնք ստանամ իմ փողերի համար։ Միքայելը ծախսի ինչքան քեֆն է, իսկ ես մի հարյուր ռուբլու համար նրան աղաչե՞մ… բա՛ց արա սնդուկդ, ասում եմ…

Ծերունին համառեց։ Այն ժամանակ Արշակը գոռաց, ոտները խփեց հատակին, հայհոյեց Սմբատին էլ, Միքայելին էլ, ծերունուն էլ և կրկին վազեց վերև։ Այս րոպեիս, առանց հետաձգելու, թող նրան տան հարյուր, ոչ, հարյուր բավական չէ, երկու հարյուր, երեք հարյուր ռուբլի։

— Փող չունիմ, որդի, չունիմ,— կրկնեց այրին, թեյի բաժակը, դառնացած, հեռացնելով բերանից։

Եվ սաստիկ զղջաց։ Պատանին բաց արավ մունդիրի կոճակները, հանեց գրպանից ատրճանակը և ուղղեց իր կրծքին։ Կա՛մ փող, կա՛մ մահ — ահա թե ով է Արշակ Ալիմյանը։

— Իմ պատիվը կարող է արատավորվել։ Օրենքով թղթախաղի պարտքը պիտի վճարել քսանուչորս ժամում։ Ես Ալիմյանների անունը կոտրել չեմ ուզում, հասկանո՞ւմ ես…

Այրին ոչինչ չէր հասկանամ։ Նա միայն տեսավ փայլուն զենքը որդու ձեռքում, արձակեց մի սուր ճիչ և, ուշաթափվելով, տարածվեց տաճկական շքեղ թախտի վրա։

Կանչեցին Սմբատին, և միայն նա կարողացավ ատրճանակը խլել Արշակից։

Երբ այրին ուշքի եկավ, առաջին խոսքն էր․

— Փող տվեք նրան, աստված սիրեք, տվեք՝ ինչքան ուզում է։

Բայց Արշակն արդեն չքացել էր։ Երեք օր նրան փնտրում էին, չէին գտնում։ Այրին փետտում էր մազերը, կեղեքում կուրծքը, անիծում եղբորն ու մեծ որդուն։ Ինչ-որ հարյուր— երկու հարյուր ռուբլու համար կործանեցին նրա զավակին։ Արշակն իրեն ծովն է գցել ու խեղդվել. փնտրեցե՛ք նրա դիակը։

Չորրորդ օրը պատանուն գտան իր դասընկերներից մեկի տանը՝ երեսնիվայր հագստով քնած։ Գիշերվա կիսին եկել էր այնտեղ, ապաստան խնդրել, ցեխոտ, հարբած ծեծված։

Անկանոն կյանքն ու անքուն գիշերներն արդեն իրենց կնիքը դրոշմել էին տասնուվեց տարեկան պատանու դեմքի վրա։ Զուր կլիներ նրա աչքերի մեջ որոնել պատանեկական անապական հոգու արտափայլում։ Նա թվում էր հասակից առնվազն տասը տարով մեծ։ Օր-օրի վրա երեսը դալկանում էր, երկայնանում, աչքերի տակ կապտավուն խորշերը լայնանում էին, ճակատի երակներն ավելի ու ավելի որոշ գծավորվում։

Մի օր Սմբատը միմյանց հետևից լսեց երկու անախորժ նորություններ։ Առավոտն Անտոնինա Իվանովնան նեղ ու երկայն անցքի ծայրում, որ նրա բնակարանը բաժանում էր տան մյուս բաժիններից, հանդիպել էր մի անվայել տեսարանի. Արշակը տիկնոջ երիտասարդ աղախնին գրկել, համբուրել էր այնքան գրգռված, որ չգիտեր թե իր արտասանած կրքոտ խոսքերը կարող էին լսվել։

Պատմելով եղելությունը Անտոնինա Իվանովնան նկարագրեց և համանման ուրիշ դեպքեր, որոնց ինքը պատահաբար վկա էր եղել։ Նա սկսեց պախարակել Ալիմյանների ամբողջ ընտանիքը, իբրև բարոյապես փչացած մի շրջան, ուր ամեն ինչ քայքայվում է ու նեխվում և ուր չի կարող ոչ մի առողջ անհատ մնալ։

Սմբատին վիրավորեց կնոջ ծայրահեղ կարծիքը։ Հոգու խորքում նա ակամա մասամբ համաձայն էր այդ կարծիքի հետ. բայց ինչո՞ւ չի ցավում այդ կինը, այլ միայն պարսավում է։

— Ինչո՞ւ պիտի ցավեմ,— գոչեց տիկինը,— քանի որ ոչ ոք այս տանն իմ մասին չի ցավում։ Այս ընտանիքի մեջ ես օտար եմ, ինչպես մի անկոչ հյուր. ոչ մի կապ իմ և նրա մեջ չեմ տեսնում։ Ինձ թվում է, որ ձեր եղբայրները պատրաստ են ամեն քայլում ինձ վիրավորել։

— Ձեզ, տիկին, ամեն բան թվում է, այս ընտանիքի վերաբերմամբ դուք բարոյական դայլտոնիզմ ունեք։ Դուք կատաղում եք իմ եղբոր դեմ. բայց ինչո՞ւ չեք կատաղում ձեր աղախնի դեմ։ Գուցե նա է առիթ տվել…

Տիկինը մի սուր հայացք ձգեց Սմբատի երեսին և դառն հեգնությամբ ասաց.

— Ուզում եք դարձյալ ինչ-որ թունավոր ակնարկնե՞ր անել։

— Ինչո՞ւ ակնարկ, կարող եմ պարզ խոսել։ Մի՞թե սուտ ասած կլինեմ, եթե ասեմ, որ այդ Դունիաներն ու Գլաշկաներն են Վոլգայի ափերից այստեղ անբարոյականության սերմեր բերում ու ցանում։ Օ՜օ, ի սեր աստծու, խնդրեմ իմ միտքը ձեր ուզածի պես չըմբռնեք․ ես գիտեմ ինչ եմ ասում և երբեք Դունիաների ու Գլաշկաների մեղքը չեմ վերագրել մի ամբողջ ազգի, հասկանո՞ւմ եք ինչ եմ ասում։ Իսկ դուք… դուք միշտ հակառակն եք անում…

Վեճն այս եղանակով շարունակվեց և խոշորացավ․ մարդ ու կին միմյանց ուղղեցին վիրավորական դարձվածքներ։

Երբեք ընտանեկան խռովությունն այնչափ չէր ազդել Սմբատի վրա։ Հուզմունքից նա մինչև անգամ արտասվեց։ Կնոջ դեմքի կնճիռները, թառամած այտերը և երիտասարդական հյութից զրկված ձայնն ավելի էին բորբոքում նրա կատաղությունը։

Կես ժամ անցած, նա, սիրտը թույնով լի, կանգնած էր գրասենյակի առջև և մտախոհ դիտում էր փողոցով անցնողներին։ Քառորդ ժամ էր, նրա առջև անց ու դարձ էր անում մի երիտասարդ, շուտ-շուտ նայելով նրան։ Երբեմն կանգ էր առնում, ուզում էր մոտենալ, բայց չէր վստահանում։ Վերջապես, նա գրավեց Սմբատի ուշադրությունը։

— Գո՞րծ ունիք ինձ հետ,— հարցրեց Սմբատը։

— Ուզում էի ձեզ երկու խոսք ասել։

— Խնդրեմ։

Անծանոթը ո՛չ աղքատի էր նման, ո՛չ կասկածելի մարդու։ Նա խնդրեց Սմբատին մի րոպեով մտնել գրասենյակ։ Այստեղ նայելով շուրջը, նա ցածր ձայնով ասաց․

— Պարոն Ալիմյան, բարոյական պարտք եմ համարում ձեր nւշադրությունը դարձնել ձեր փոքր եղբոր վրա…

— Արշակի՞։

— Այո՛։

— Ի՞նչ է պատահել։

— Նա հիվանդ է։

— Հիվա՜նդ,— կրկնեց Սմբատը, արդեն անծանոթի խորհրդավոր արտասանությունից գուշակելով, թե խոսքն ինչ տեսակ հիվանդության մասին է։

— Այո՛, Արշակը հիվանդ է և չի ուզում բժշկվել, ամոթից, իհարկե։ Կարծեմ, միտքս հասկացաք, ուրիշ ասելիք չունեմ, ներողություն, ես պարտքս կատարեցի…

Ասաց, գլուխ տվեց և դուրս գնաց։

Աշխարհում շատ կան մարդիկ, որոնք միշտ անհրաժեշտ են համարում իրենց «բարոյական պարտքը կատարել» ուրիշների հոգու հանգստությունը խանգարելու համար։ Նրանք իրենք բախտավոր չեն կյանքում, ուստի մի առանձին հաճույքով են հաղորդում ուրիշներին չար լուրերը։

Սմբատն ընկավ տարակուսանքի մեջ։ Ի՞նչ ասաց այդ մարդը. չլինի՞ թե հոգեկան հիվանդ էր կամ կատակասեր։ Այսպես թե այնպես, պետք է ստուգել անծանոթի ասածը։

Սմբատը բարձրացավ վերև։ Արշակը նոր վերադարձել էր դպրոցից և արագ-արագ նախաճաշ էր անում այնպես, որ կարծես, գլխին ոստիկան էր կանգնած և շտապեցնում էր։

— Գնանք իմ սենյակը, քեզ հետ գործ ունեմ,— ասաց Սմբատը։

Արշակը կարծեց, թե առավոտվա դեպքի մասին իրենից հաշիվ է պահանջելու։ Նա ասաց, թե ժամանակ չունի, շտապում է հինգերորդ դասին։

— Է՜է, բարեկամ, ի՞նչ դասերի ժամանակ է,— ասաց Սմբատը հեգնությամբ,— այժմ դու պիտի ապրես և ոչ թե ուսում առնես։ Վեր կաց, դռները կողպիր, որ հանկարծ մայրիկը ներս չմտնի։

Արշակը լռությամբ կատարեց նրա հրամանը։

— Դու ե՞րբ ես հիվանդացել,— հարցրեց Սմբատն այնպիսի եղանակով, որ, կարծես, եղբոր հիվանդությունն արդեն անկասկածելի էր։

Պատանին գունատվեց։ Այսքանն արդեն բավական էր, որ Սմբատը զգար, թե անծանոթը զուր չկատարեց իր «բարոյական պարտքը»։

— Ինչո՞ւ չես բժշկվում։

— Ինչո՞ւ պիտի բժշկվեմ, ես հիվանդ չեմ,— պատասխանեց Արշակը, մատներով խաղալով մունդիրի կոճակների հետ։

— Այո՛, այդ արդեն երևում է ունքերիցդ ու թերթերունքներիցդ։ Զարմանալի է, որ ես նոր եմ ուշադրություն դարձնում։ Այս րոպեիս գնանք բժշկի մոտ…

Արշակը շատ աշխատեց ազատվել եղբոր ձեռքից, բայց չկարողացավ։ Սմբատը, գրեթե ուժով, նրան տարավ դուրս, կառք նստեցրեց։ Բժշկի մանրամասն քննությունը վավերացրեց վտանգավոր հիվանդության գոյությունը։ Ախտն առաջին շրջանն արդեն բոլորել էր, բայց դարմանելու հույս կար։ Սոսկալի՜ երևույթ․ այդ պատանին չծաղկած թառամում էր, որպես ճանապարհի եզրին բուսած ծաղիկ, որ վաղաժամ դալկանում է ու կեղտոտվում անցորդների ոտների ուտիչ փոշուց։

— Չկարծեք, թե այդ առաջին օրինակն է,— ասաց բժիշկը, որ մի բարեսիրտ գերմանացի էր,— հենց այժմ իմ ձեռքի տակ երկու պացիենտ էլ ունիմ ճիշտ ձեր եղբոր հասակի։

Կարծես, այս էր պակաս Սմբատի դառնության բաժակը լրացնելու համար։ Նա հոգում էր մի եղբոր մասին, այնինչ, մյուսը դուրս էր գալիս ավելի ապականված և այն էլ մատաղ հասակում։

Սմբատը գաղտնիքը հայտնեց միայն Սրաֆիոն Գասպարիչին։ Որոշեցին վարձել մի մարդ, որի պարտքը լինի հսկել Արշակին և թույլ չտալ շվայտությունները շարունակելու։ Այսուհետև պատանին առանց այդ մարդու տնից չպիտի դուրս գար։ Վճռվեց դպրոցից նրան դուրս բերել. թող անկիրթ մնա, կյանքն ուսումից թանկ է։ Արշակը հակառակեց, բողոքեց իր գլխին նշանակված հսկիչի դեմ, բայց հպատակվեց։ Նրա սենյակում դրեցին առանձին անկողնակալ՝ հսկիչի համար և այսպիսով պատանուն դարձրին մի տեսակ բանտարկյալ։ Այրիին չհայտնեցին որդու սոսկալի հիվանդությունը, բայց համոզեցին, որ հսկողությունն անհրաժեշտ է՝ ընկերների վատ ազդեցությունից պաշտպանելու համար։

— Հա՛, ընկերները, ընկերները. իմ որդիներիս փչացնողները հենց նրանք են,— ասաց Ոսկեհատը և, նայելով Սմբատի աչքերին, ավելացրեց.— քեզ էլ նրանք են խելքից հանել, թե չէ դու չէիր անիլ այդ բանը…

Նույն միջոցներին Սմբատի օրերը կատարելապես թունավորված էին։ Ընտանեկան ընդհարումները քանի գնում այնքան սուր կերպարանք էին ստանում։ Այլևս մարդ ու կին իրենց չէին զսպում, չէին աշխատում քողարկել օրգանական դարձած փոխադարձ ատելությունը։

Անտոնինա Իվանովնան ուղղակի անիծում էր այն օրը, երբ հանդիպեց Սմբատին։ Դա ճակատագրի մի դառն հեգնություն էր և ոչ փոխադարձ սեր։ Նա համարում էր Սմբատին ազնիվ ու խելոք մարդ, բայց իր և նրա մեջ զգում էր խոր անդունդ։ Նա գիտեր՝ ինչ է այդ անդունդը և գիտենալով հանդերձ զգում էր, որ անզոր է հսկայական քայլ անել անդունդն անցնելու համար։ Վաղուց զգացած խուլ հակակրությունը դեպի ամուսնու շրջանը այժմ դառնում էր ավելի ու ավելի բացարձակ այրի Ոսկեհատի և տիկին Մարութխանյանի բուռն ատելության շնորհիվ։

Քսանուերեք տարեկան էր Սմբատը, երբ հանդիպեց քսանուվեց տարեկան Անտոնինա Իվանովնային։ Անվերադառնալի՜ ժամանակներ, երիտասարդական առաջին շրջանի անցողիկ վայրկյաններ, որ այնքան թանկ նստեցիք նրան։ Վառ երևակայությունը մի հասարակ ուսանողուհու աստվածացրեց Տուրգենևի ու Տոլստոյի վեպերի ազդեցությամբ։ Հափշտակվեց Անտոնինա Իվանովնան անվախ զգացումներով և կյանքի մասին ունեցած համարձակ հայացքներով։ Բայց շուտով Անտոնինա Իվանովնան կորցրեց նրա աչքում իր հրապույրը ոչ միայն իբրև կյանքի ընկերուհի, այլև իբրև կին։ Անդունդը փորվեց այն պահից, երբ մարդ ու կին հասկացան, որ իրենց բարոյական շահերը շատ հանգամանքներում չեն հաշտվում և չեն կարող երբեք հաշտվել, որքան ևս զիջող և ներողամիտ լինեն փոխադարձ։ Կային Սմբատի սրտին մերձավոր խնդիրներ, որոնք անհասկանալի և երբեմն նույնիսկ ծիծաղելի էին Անտոնինայի համար։ Եվ կինը չէր զգում, թե որքան է խոցոտում նրա հոգին, երբ անտարբեր է վերաբերվում այդ խնդիրներին։

Սմբատի սառնությունը փոխվեց ատելության մանավանդ այն պահին, երբ հասավ երեխաների կրթության ժամանակը։ Կինը ներշնչում էր նրանր մի ուղղություն, մարդը պահանջում էր հակառակը։ Դրանից առաջանում էին այնպիսի խոշոր ընդհարումներ, որ երբեմն նրանք չէին խնայում իրարու նվիրական զգացումները։

Այսպես տևեց կյանքը վեց-յոթ տարի։ Հորից ստացած հեռագիրը — «ես մեռնում եմ, ե՛կ, վերջին անգամ քեզ տեսնեմ»— ավելի զորացրեց Սմբատի ատելությունը։ Նրան թվաց, թե հայրը վաղաժամ է մեռնում, և պատճառն ինքն է և իր կինը։

— Ես գնում եմ իմ հայրենիքը,— ասաց նա Անտոնինա Իվանովնային,— չգիտեմ, կվերադառնամ, թե չէ…

Դա մի անզգույշ դարձվածք էր, որ արտասանեց գրգռված րոպեին. մի՞թե կարող էր բաժանվել երեխաներից, որոնց սիրում էր սրտի բոլոր զգացումներով։

Անտոնինա Իվանովնան տխուր լուրն ընդունեց անտարբեր։ Բոթաբեր հեռագիրը նրա վրա մազի չափ տպավորություն չգործեց։ Այնտեղ, հեռավոր Կովկասում մեռնում է ինչ-որ մի վաճառական, որի երեսը երբեք չի տեսել. արժե՞ միթե ցավել նրա մասին, թեկուզ նա լինի իր ամուսնու հայրը։ Նա ճանապարհ դրեց Սմբատին ասելով.

— Ես զգում եմ, որ այսօրվանից մեր ճանապարհները բաժանվում են, բայց մի՛ մոռանաք ձեր երեխաներին։

Եվ ահա անխորտակելի շղթան նորից նրանց մոտեցրեց միմյանց, երեք ամիս չանցած, բայց միացրեց, կարծես, ավելի խիստ կերպով բաժանելու համար։ Քանի ծնողներից, եղբայրներից ու քրոջից հեռու էր, Սմբատը կարողանում էր իր կյանքի դառնութունները մի կերպ մարսել։ Այժմ նա զգաց, թե իր սխալը որքան մեծ է եղել և որքան անուղղելի։ Մայրենի շրջանը նրա սրտում բորբոքեց ժամանակավորապես թմրած մի զգացում։ Նա տեսավ, որ այդ շրջանից որքան հեռու է իր մտավոր աշխարհով, նույնքան մոտիկ է արյունով, հոգով ու կաթով։

— Թողեք ինձ վերադառնամ այնտեղ, որտեղից եկել եմ,— ասաց մի օր Անտոնինա Իվանովնան,— դուք այժմ հարուստ եք, կարող եք ապահովել մեր երեխաներին։ Դուք ինձ չեք սիրում, չեմ սիրում և ես ձեզ։ Դուք սխալվել եք, ես էլ եմ սխալվել։ Տվեք ինձ երեխաներին, կտամ ձեզ անպայման ազատություն։

— Մի՞թե,— գոչեց Սմբատը զայրացած,— արհամարհում եմ ձեր խոստացած ազատությունը, ինձ համար թանկ են միայն իմ երեխաները։

Վեճը հենց այստեղ էլ ընդհատվեց Ալեքսեյ Իվանովիչի գալով։ Նա հագած էր վերջին տարազի հագուստ՝ լայն վարտիք, կարճ պիջակ՝ կլորաձև փեշերով և միայն մի զույգ կոճակներով, կուրծքը կիսով չափ բաց ժիլետ և ասեղնագործ շապիկ բարձր երկծալ օձիքով։

— Սմբատ Մարկիչ,— դարձավ նա իր փեսային, պենսնեն ուղղելով,— մեզ ե՞րբ եք տանելու հավիտենական կրակները ցույց տալու։ Ասում են՝ շատ հետաքրքրական է, ես ուզում եմ տեսնել կրակապաշտների տաճարը։

Սմբատն առանց պատասխանելու դուրս եկավ կնոջ սենյակից։

Ալեքսեյ Իվանովիչը, ունքերը վեր բարձրացնելով, մի զարմացական հայացք ձգեց նրա հետևից և ապա, դառնալով քրոջը՝ ասաց.

— Զարմանալի անքաղաքավարի են այդ ասիացիները, բնավ չգիտեն հյուրի հետ վարվել։

— Իսկ հյուրն էլ բնավ չգիտե իր պատիվը ճանաչել,— նկատեց քույրը հանդիմանաբար։

— Ի՞նչ հիմար բան ասացիր, Անտոնի՛նա։

— Ես լուրջ եմ խոսում. ասա խնդրեմ, վերջապես, ե՞րբ ես վերադառնալու Մոսկվա։

— Վերադառնա՞լ,— կրկնեց Ալեքսեյ Իվանովիչը.— սպասիր, դեռ նոր եմ եկել, ի՜նչ ես ինձ, այսպես ասած, վռնդում տնիցդ…

— Դու կարող ես ուշանալ և պաշտոնից զրկվել։

— Էհ, թող զրկեն, ինչ կա։ Կարծում ես շա՞տ մեծ նշանակություն եմ տալիս ինչ-որ դելոպրոիզվոդիտելի պաշտոնին։ Գիտես ինչ, քույրիկս, ուզում եմ Սմբատ Մարկիչին խնդրել, որ այստեղ ինձ, այսպես ասած, մի լավ պաշտոն տա, աա՞…

— Գործակատարի՞։

— Ինչո՞ւ գործակատարի և ոչ կառավարիչի, գանձապահի կամ, այսպես ասած, անձնական քարտուղարի։ Ես այստեղ կարող էի ապրել, աստված վկա, կարող էի, չնայելով, որ, այսպես ասած, խորին Ասիա է։ Խնդրի՛ր սիրելի կողակցիդ, աա՞…

— Ես երբեք նրանից բան չեմ խնդրի, այն էլ քեզ համար։

— Պատճա՞ռը, աա՞։

— Ամեն մի խնդիր խնդրողի վրա որոշ չափով պարտականություն է դնում։ Իսկ ես չեմ ուզում երախտապարտ լինել Ալիմովին։

— Այ քեզ նորություն. կինը մարդուն երախտապա՞րտ…

— Ես նրա կինը չեմ, այլ միայն երեխաների մայրը…

Ալեքսեյ Իվանովիչն ունքերը բարձրացրեց մինչև մազերի արմատները. կնշանակե, թե մինչև այդ աստիճան զարմացավ։

— Իսկ նա՞… Երևի, նա էլ միայն քո երեխաներիդ հայրն է, աա՞… Այդ շատ օրիգինալ է, շատ օրիգինալ։ Գիտե՞ս, սիրելիս, պիտի ասած, որ դու շատ անհարմար ժամանակ ես դադարել Սմբատ Մարկիչի կինը դառնալու։ Քանի, այսպես ասած, տկլոր էր — կինն էիր, հիմա միլիոններ է ստացել — միայն երեխաների մայրն ես, այդ իսկի ձեռնտու չէ, աա՞…

— Ալեքսե՛յ…

— Գիտեմ, սիրելիս, գիտեմ, որ միմյանց, այսպես ասած, խածնում եք։ Բայց, քույրիկս, այժմ պետք է ատամներդ ներս քաշես, որովհետև մեջտեղ երկաթի սնդուկ կա, կրծոտելը դժվար է, աա՞… Ուղիղն ասած, ես ինքս էլ չեմ սիրում այդ ասիացուն, բայց чорт побери, փող ունի, իսկ փողը, այսպես ասած, աշխարհի լծակն է, աա՞...

— Քե՞զ ինչ կամ ի՞նձ ինչ, որ փող ունի։ Մենք օտարներ ենք…

— Օտարնե՜ր, դե, դե, դե, թո՛ղ այդ փուչ խոսքերը, աստված սիրես։ Ասենք, դու ինձանից զարգացած ես և խելոք, այսպես ասած, ժամանակակից կին ես, սեփական գաղափարների և հաստատ կամքի տեր։ Բայց ներիր, սիրելիս, կենսական խնդիրներում ինձ հետ վիճել չես կարող, այսպես ասած, հիսուն աչոկ առաջ կտամ… Ես մարդկանց շատ լավ եմ ճանաչում... Ահա ինչ, սիրելիս. այդ գաղափարների, հայացքների տարբերություն, չգիտեմ, համոզումների կռիվ կամ ազգային խորթություն, դրանք բոլորը դատարկ բաներ են, աա՞։ Այդ չէ ձեր, այսպես ասած, փոխադարձ գժտությունների պատճառը։ Պատճառը, այսպես ասած, կենսական է և հոգեբանաֆիզիոլոգիական։ Բանն այն է, որ դու մի քիչ, այսպես ասած, խունացել ես իբբև կին, հասկանո՞ւմ ես. իբրև կին եմ ասում, աա՞։ Чорт побери, մի մտիկ արա աչքերիդ տակերին էէ՜…

— Ալեքսե՛յ…

— Նո՛ւ, Ալեքսեյ, Ալեքսեյ։ Ալեքսեյը ճիշտն է ասում, և ինչո՞ւ թաքցնել ճշմարտությունը։ Բայց ահա ինչ. ինձ զարմացնում է, թե դու ինչո՞ւ չես սիրում նրան։ Այդ ինձ համար, այսպես ասած, հանելուկ է։ Նա առողջ է, երիտասարդ, արյունը եռում է, աա՞։

— Այնուամենայնիվ ես նրան ատում եմ։

— Չեմ հասկանում, աստված վկա, չեմ հասկանում։

— Եվ երբեք էլ չես կարող հասկանալ։ Ատում եմ նրա երեսի ու մազերի գույնը, քիթը, բերանը, առոգանությունը, սովորությունները, ատում եմ նրա սերը դեպի յուրայինները, ատում եմ նրա լեզուն, ավանդությունները, նախապաշարումները, ազգականներին, և բոլորը, ինչ որ կապ ունի նրա ծագման հետ։ Այս ատելությունը հասկանալ չի կարելի, այլ միայն զգալ, միայն զգալ…

— Այդ բոլորը գուցե կարելի է ատել, որովհետև, ինչպես ասեմ, ես էլ մի առանձին համակրություն չեմ զգում դեպի այդ ասիացիները։ Բայց ներիր, մազերի գույնը դու պիտի սիրես. նա, այսպես ասած, ինչպես բրյունետ է, իսկ բրյունետները մեզանում մեծ գին ունեն, մանավանդ այդ կոպիտ կովկասցիները, աա՞:

— Լավ, բավական է,— ընդհատեց Անտոնինա Իվանովնան եղբոր շաղակրատությունը,— թող այu նամակը վերջացնեմ։

Նա նստեց սեղանի քով, հուզված և շարունակեց ընդհատված գրությունը:

Այնուամենայնիվ, դու պիտի հաշտվես Սմբատ Մարկիչի հետ։ Միլիոներ է, քույրիկս, հասկանո՞ւմ ես, ինչ ասել է միլիոներ, այն էլ մեր երկաթի դարում, աա՞։

Եվ գուցե, համոզված, որ վերջին խոսքերը կարող են ազդել համառ քրոջ վրա, նա, պենսնեն ուղղելով և աչքերը ճպճպելով, դուրս գնաց։

II

Միքայելի համար սկսվեցին ծանր, դաժան ժամեր. ժամեր, լի դառն տանջանքներով, անսովոր խոհերով։ Մի կողմից վիրավորված պատվի զգացումը և հասարակական ծաղրն ու արհամարհանքը, մյուս կողմից՝ խղճի խայթը — նրա հոգին ճնշում էին, սիրտը մորմոքում։ Այն միտքը, թե դեռ Գրիշայից վրեժ չի առել, ստիպում էր նրան մենության մեջ փետտել մազերը, կրծոտել մատները, փակված վագրի պես անընդհատ անց ու դարձ անելով իր սենյակում։ Այն միտքը, թե անզոր է այդ վրեժն առնելու, դրդում էր նրան անիծել սեփական թուլությունը, հայհոյելով անգամ ինքն իրեն։

Նա երկչոտ չէր, կարող էր իր պատիվը պաշտպանել նույնիսկ կյանքի գնով։ Բայց եղբոր խոսքերն ազդել էին նրա վրա և ազդել շատ խորը։ Իսկ այդ խոսքերի ազդեցությամբ նրա մեջ հղացել էր մի ուրիշ զգացում, ավելի ծանր, քան տիկին Ղուլամյանի վերաբերմամբ գործած հանցանքի գիտակցությունը։ Դա օրիորդ Շուշանիկի վերաբերմամբ գործած սխալն էր։ Ապտակը նա համարում էր իր հանցանքի արժանի պատիժը։ Իսկ մի մաքուր, անարատ աղջկա դեմ գործած մեղքը դեռ մնում է անպատիժ։ Ուրիշ ժամանակ այդ մեղքը նա կհամարեր երիտասարդական խաղ, անցողիկ կատակ։ Է՛հ, ինչ արավ. փորձեց մոլորեցնել մի անմեղ աղջկա և չկարողացավ։ Մի՞թե ուրիշները քիչ են անում այդպիսի փորձեր, և ո՞վ է իրեն դատապարտում երեխայական խաղերի համար։ Շուշանիկի պատիվն անխախտ է։ Բայց ո՛չ, աղքատ աղջկա հուզված ու վրդովված կերպարանքը հալածում էր նրան ավելի խիստ, ավելի անողոք, քան արատավորված Անուշի կուշտ կերպարանքը։ Նրա ականջներին շարունակ հնչում էին այդ աղջկա լուրջ ու արհամարհական խոսքերը. «Որքա՜ն զանազանություն կա ձեր և ձեր եղբոր մեջ»։

Ո՞րն է այդ զանզանությունը։ Մի՞թե այն, որ Սմբատը մի քիչ ավելի է ուսում առած, ավելի զարգացած, գուցե և ավեչի խելոք, քան Միքայելը։ Ո՛չ, անկասկած այդ աղջիկը ակնարկեց մեկի ու մյուսի կենցաղների մեջ եղած տարբերությունը։ Արդարև, մի՞թե Սմբատը թույլ կտա իրեն այնպես վերաբերվել մի անպաշտպան աղջկա։

Ահ, ի՞նչ հիմարություն արավ նա և ինչո՞ւ։ Մի՞թե ստոր, անասնական կիրքն այնքան ապականել է նրա հոգին, որ այլևս ոչ մի սրբություն չի մնացել նրա համար։ Այդքան վառվռուն, կրակոտ կանանցից հետո այդ համեստ աղջկա մաքուր ձայնը, պայծառ աչքերը գրավեցին նրան ինչպես նորություն ու թարմություն։ Համադամ խորտիկներից ձանձրացած ստամոքսը երբեմն հասարակ բուսեղեն կերակրի պահանջ է զգում։ Քմքի րոպեակա՜ն հաճույք, կուշտ սրտի անցողի՜կ փափագ, որ դրդեց նրան այդչափ ստորանալ մի աղքատ ու անհայտ աղջկա առջև։ Բայց ինչո՞ւ այդ աղջկա ձայնը հնչեց նրա ականջին այնքան սոսկալի և ինչո՞ւ այսօր հալածում է նրան նույնիսկ այն պահին, երբ պարտավոր է մտածել միայն իր պատվի վերականգնման մասին։

«Կփափագեի, որ մի օր քո մեջ զարթներ իսկական սիրո զգացմունքը», հիշում էր նա Սմբատի խոսքերը։ Եվ իրիկնային մթության մեջ, մեն-մենակ նստած իր ննջարանում, այս խոսքերի ազդեցությամբ վերլուծում էր իր զգացումները կանանց վերաբերմամբ։ Նա տեսնում էր սրտի ծայրահեղ ապականություն, և ուրիշ ոչինչ։ Նա ոչ միայն չի սիրել, այլև անպատվել է այդ մաքուր զգացումը, անասնական ախտը սիրո տեղ շռայլելով։ Նա իր բնական ծարավը միշտ հագեցրել է կեղտոտ աղբյուրներից։ Երբեք չի հարգել կին ասված էակին, նույնիսկ այդ Անուշին։ Իհարկե, այդ աղջիկն իրավունք ունի նրան արհամարհելու։

Որքան նա աշխատում էր մոռանալ անմեղ կերպարանքը, այնքան ավելի էր հալածվում նրանից։ Ապտակի լուրը տարածվել է ամբողջ քաղաքում, այսօր, վաղը, իհարկե, հայտնվելու է և՛ նրա ամոթալի պատճառը։ Եվ ոչ ոքի կարծիքը նրան չէր վախեցնում այնքան, որքան Շուշանիկինը։ Սենյակի մթության մեջ տեսնում էր մի անկոչ դատավոր, որ զզվանքով լի աչքերը հառել էր նրա երեսին։ Լսում էր սարսափելի շշուկը. «չէ՞ի ասում, որքան զանազանություն կա ձեր և ձեր եղբոր մեջ»։ Կարծես, այդ աղջիկն ամբողջ հասարակական կարծիքի մարմնացումն էր, և կարծես, մարդկությունը կենտրոնացել էր միայն այդ աղջկա մեջ։ Նրան թվում էր, որ եթե միայն Շուշանիկից ներվի, կմոռանա իր անպատվությունը, միևնույն ժամանակ զգում էր, որ եթե բոլորն էլ ներեն, հենց միայն այդ աղջիկը միշտ արհամարհելու է իրեն, միշտ զզվանքով երես է դարձնելու։

Նա վառեց ննջարանի լամպարը, դրեց սեղանի վրա։ Գլուխը բարձրացնելով, պատին քաշ արած հայելու մեջ տեսավ իր դեմքը։ Աչքերի շրջանակները կարմրել էին, այտերը շառագունել։ Նրան թվաց, թե ապտակը ձախ այտի վրա թողել է չորս մատների կապույտ հետքը։ Ցնցվեց։ Ա՜խ, երանի թե կարելի լիներ գոնե այս մի հատիկ թերթը պոկել նրա կյանքի գրքույկից և այրել անհետք։ Բայց անկարելի է, և հենց այս մի հատիկ թերթը պիտի բարձրաձայն գոռա նրա բարոյական անկման մասին։

Նայեց իր փափուկ, շքեղ անկողնին և ապա հայացքը դարձրեց դեպի անուշահոտ յուղերի ու ջրերի սրվակները։ Հանկարծ զգաց անսովոր զզվանք դեպի այն բոլորը, որ նրա կանացի զեխության նշաններն էին։

«Մի՞թե քո սրտում չի մնացել մի առողջ անկյուն», հիշեց Սմբատի խոսքերը։ Ահա թե որքան է ընկել, որ նրան մի այսպիսի հարց են տալիս՝ լռում է։

Ո՛չ, այլևս նա չի ուզում ընկած մնալ։ Նա կարող է իրեն ուղղել։ Հեռո՛ւ, ապականող շրջան, անքուն գիշերներ, զազրելի զվարճություններ՝ անառակների ընկերության մեջ։

Նա կատաղեց տուալետի սեղանի դեմ։ Եվ մի րոպեում բոլոր սրվակներն ու շշերը լուսամատի միջով սլացան դեպի փողոց, ուր նրանք ջարդ ու փշուր եղան սալահատակի վրա։ Ա՜խ, երանի կարողանար իր ամբողջ անցյալն այդպես խորտակել և նորից սկսեր ապրել։ Այն ժամանակ այդ աղքատ ու հպարտ աղջկան կասեր, «տեսե՛ք, ես արհամարհում եմ ձեր կարծիքը, որովհետև իմ եղբայրն ինձանից ոչ մի բանով բարձր չէ»։

Նայեց ժամացույցին, դեռ յոթ ժամն էր։ Երբեք օրվա այս միջոցին նա տանը չէր եղել։ Այժմ ո՞ւր գնալ, ի՞նչ երեսով երևալ ընկերներին։ Մտածեց, որ Գրիշան դեռ տանն է և ինը ժամից առաջ չի գնում կլուբ։ Մենա՞կ է, արդյոք, ի՞նչ է մտածում, ուրա՞խ է իր արածի համար, պարծենո՞ւմ է ընկերների մոտ, թե՞ զղջում։ Նա զգաց անսովոր կարեկցություն դեպի ընկերները և նրա մեջ հանկարծ հղացավ Գրիշայի հետ տեսնվելու ցանկություն։

— Աղա՛, այս մարդն ուզում է տեսնել,— լսեց նա զանգեզուրցի Բաղդասարի ձայնը։

Ծառան, որ մի անտաշ գյուղացի էր, հագած էր սև սյուրտուկ, սպիտակ փողկապ Միքայելի պատվերով։

— Ասե՞լ ես, որ տանն եմ,— հարցրեց Միքայելը նայելով սպասավորի բերած այցետոմսին, աչքունքը թթվացնելով։

— Ասել եմ։

— Շատ ղալա՛թ ես արել… Խնդրի՛ր ներս…

Ներկայացավ թղթակից Մարզպետունին։ Ցավակցություն հայտնեց, որ ուշ է ներկայանում իր հակակրանքը արտահայտելու համար «տեղի ունեցած վայրենի դեպքի մասին»։ Նա գրգռված էր և սկսեց բողոքել «հասարակական անպիտան վարք ու բարքի դեմ»։ Ակնարկեց, թե դեպքի նկարագրությունն արդեն պատրաստ է լրագրի համար։ Հաբեթյանը դուրս է բերված մի անբարոյական մարդ, մի հրեշ։ Թող կարդա և ամաչի իր արածից։

— Միայն մի քանի լրացուցիչ տեղեկություններ են հարկավոր,— ավելացրեց թղթակիցը, հուշատետրը ծոցից հանելով,— օրինակ՝ ճշմարի՞տ է, որ դուք նրան մենամարտության եք կանչել, Հաբեթյանը փախել է երկչոտությամբ։

— Ո՛չ, սուտ է։

— Ճշմարի՞տ է, որ…— կամեցավ շարունակել թղթակիցը և հանկարծ կանգ առավ զարմացած։

Միքայելը բացարձակ ցույց տվեց, թե մտադիր չէ նրա հարցերին պատասխան տալու։ Նա, գրիչը վերցնելով, ձևացավ, թե գործ ունի։

— Ներեցեք, կարծեմ, ես ձեզ խանգարեցի,— ասաց թղթակիցը, հուշատետրը կամացուկ ծոցը դնելով։

— Այո՛, ես մի քիչ զբաղված եմ,— ասաց Միքայելը, չթաքցնելով իր ձանձրույթը։

— Ներեցեք, ես ուզում էի ձեզ պաշտպանել մամուլի միջոցով։

— Բայց մի՞թե կարիք կա ամեն մի մասնավոր դեպք լրագրին հաղորդելու։

— Ո՛չ, այդ մասնավոր դեպք չէ, այլ հասարակական երևույթ։ Ես իբրև մեր հասարակական բարք ու վարքերի ուսումնասիրող, պարտավոր եմ հաղորդել…

— Այն ժամանակ գրեցեք, ինչ ուզում եք, ես ժամանակ չունեմ քննության ենթարկվելու։

— Շատ գեղեցիկ, շատ հիանալի, պարոն Ալիմյան։ Կնշանակե, ես ստիպված կլինեմ դիմել պարոն Հաբեթյանի աջակցությանը։ Նա բոլորը կասի, իսկ ես… ես պարտավոր եմ բոլորը գրել… Դա հասարակական երևույթ է…

— Գնացե՛ք, ուրեմն նրա մոտ, որքան շուտ, այնքան լավ,— գոչեց Միքայելը, հասկանալով թղթակցի քսու միտքը։

Մարզպետունին ամբողջ մամուլի պատիվը շոշափված զգալով, դուրս գնաց, մտքում պատրաստելով մի կծու հոդված, որով պիտի ջարդ ու փշուր աներ բուրժուազիային։ Ա՜խ, այդ բուրժուաները, երբեք չպիտի աշխատել նրանց դուր գալ… չեն հասկանում, չեն գնահատում։

Նույն րոպեին, կուչ գալով և փոքրացած, ներս սլկվեց արծաթագործ-ակնավաճառ Բարսեղը։ Ի՜նչ անիրավություն, ի՜նչ լրբություն. եթե Ալիմյանների պես մեծամեծների պատվին էլ դիպչում են, էլ ի՞նչ պիտի անեն Բարսեղի նման «խեղճ մարդիկ»։ Աշխարհը փչացել է, մեծ ու պստիկ չկա։ Մարկոս աղայի որդին կլուբում ապտակ ստանա՞, և քաղաքը տակն ու վրա չլինի՞… լսվա՞ծ բան է… Երեք օր է Բարսեղը շարունակ կռվում է բոլորի հետ։ Չար լեզուներն ասում են, որ իբր Միքայել աղան դուելից հետ է կանգնել։ Իհարկե, Բարսեղը, Միքայել աղայի ցավն առնի նա, ամենի հետ կռվում է այս մասին։ Հաբեթյանն ո՞վ է, որ Ալիմյանը նրա հետ ճակատ-ճակատի կանգնի։ Փիե՜, աշխարհը քանդվե՞լ է, էլ մարդ չի՞ մնացել, որ Միքայել աղան ինքը գնա ու ձեռները կեղտոտի։ Այնքան բարեկամներ ունի, բավական է մեկին հրամայի, Հաբեթյանի «գլուխը կթռցնեն սխտորի պես»։

— Ես ինքս, ցավդ առնեմ, խեղճ տեղովս նրա միսը դոլմա շինել կտամ, շներին կուտացնեմ։ Թոկից փախածներ կան ձեռքիս տակ, որ մատդ բարձրացնես, մարդու ծոցից գիշերը կնոջը կհանեն։

Նայելով ակնավաճառի փոքրիկ աչքերին, շիկակարմրագույն դեմքին, Միքայելն զգաց անսովոր զզվանք։

— Ես ոչ ոքի օգնության կարոտ չեմ,— ասաց նա, հասկացնելով, որ երկար խոսելու ախորժակ չունի։

— Իհարկե, իհարկե։

— Դե լավ, դո՛ւրս եկ,— պատվիրեց Միքայելը բավական խիստ եղանակով։

Ակնավաճառը դուրս գնաց փոշման, ատամները կրճտելով։

Միքայելը կանչեց Բաղդասարին և հրամայեց այլևս ոչ ոքի չընդունել։ Բայց հենց հրամանը տալիս՝ ներս մտավ Սուլյանը, որի աչքերի վերին կոպերը խորին զայրույթից միանգամայն անհետացել էին ունքերի տակ։ Այդ ի՞նչ վայրենություն է, այդ ի՞նչ հանդգնություն է և ո՞վ է ում վրա ձեռ բարձրացնողը։ Սպանելը քիչ է, պիտի կախաղան բարձրացնել, ո՛չ, ձգել նավթահորի մեջ խեղդել։

— Ես մի խաղաղ մարդ եմ, որովհետև, ինչ կուզեք ասեք, գիտությունը մարդու մեջ սպանում է վայրենի ինստինկտները։ Բայց, եթե թույլ տաք, հինգ անգամ կապտակեմ այդ վայրենուն։ Գոնե պետք է հասկացնել, որ կան մարդիկ, որոնց վրա ոչ մի ձեռք չպիտի բարձրանա։ Ալիմյաններն ինչ-որ Հաբեթյաններ չեն…

Նրա խոսքն ընդհատվեց Մարութխանյան ամուսինների գալստով։ Երեք օր էր նրանք նույն ժամին այցելում էին և չէին հաջողում Միքայելին տեսնել։ Իր սենյակում փակված՝ նա ոչ ոքի չէր ընդունում։

Տիկին Մարթան սկսեց հայհոյել Հաբեթյանի մորը, քույրերին ու բոլոր ազգականուհիներին, հայտնի չէր ինչու, հանգիստ թողնելով արական սեռը։ Նրա կարմրախայտ այտերի շուրջը կապտեց, երկարավուն քթի պնչերը դողացին, բարակ շրթունքները դեղնեցին։ Այդ կինը, որ նոր էր սգից դուրս եկել, հագնված էր ամենավերջին տարազով, բայց որպես մի անշնորհք, սակայն գեղեցիկ դերասանուհի կամ առաջին կարգի կոկետուհի։ Նրա ահագին գլխարկը զարդարված էր ամեն գույնի փետուրներով ու ծաղիկներով, իսկ մետաքսյա վարդագույն կիռասի թևերն այնքան լայն էին ուսերի կողմում և նեղ բազուկների վրա, որ նա նմանում էր չինական ծաղկամանի։

Մարութխանյանը նույն կարծիքի էր, ինչ որ իրավաբան Փեյքարյանը. պետք է գանգատվել դատարանին։

— Ամեն բան դատարանի ձեռքով, ամեն բան,- կրկնեց նա խորհրդավոր եղանակով,- ժամանակներս այսպես են, ինչ արած։

— Չէ՛, Իսակ, չէ, դա շատ քիչ է,— գոչեց Մարթան, որ բազկաթոռի վրա հանդարտ չէր կարողանում նստել, մերթ պտտում էր եղբոր, մերթ ամուսնու ու մերթ Սուլյանի կողմը, ինչպես լարված պաճուճապատանք։

— Այդ գյադային մի լավ պիտի ծեծել տալ։ Գիտե՞ս ինչպես. գցել հենց կլուբում, ուրիշների առաջ, ծեծել, ծեծել ու ծեծել։ Այնպես չէ՞, պարոն Սուլյան։

Սուլյանը մի ինչ-որ անորոշ շարժում արավ գլխով։ Ով գիտե՝ Իսակ Մարութխանյանն ինչ մարդ է, հանկարծ դրսում մի անզգույշ խոսք կասի, և Հաբեթյանը լսելով, կարող է Սուլյանին էլ թշնամի համարել։ Այժմ նա մտածում էր տիկին Մարթայի մասին, մերթ ընդ մերթ նրա վրա գաղտուկ իմաստալի հայացքներ ձգելով։ Նա չէր ուզում, որ տիկինը կատաղի, որովհետև այդ տգեղացնում էր նրա դեմքը։ Երբ Մարթան, ազատվելով սրտի առաջին մաղձից, հանդարտվեց, սկսեց սիրալիր ժպտալ ինժեներին, աշխատելով, սակայն, որ իր ժպիտները չնկատվեն ամուսնուց ու եղբորից։ Եվ խորամանկ ամուսինը, որի սրատես աչքերից առևտրական աշխարհում ոչ մի չնչին երևույթ խույս չէր տալիս, իր կնոջ վերաբերմամբ առհասարակ բավական կարճատես էր…

Իբրև զգույշ և հասկացող մարդ, Սուլյանր զգաց, որ այժմ ինքն ավելորդ է ընտանեկան շրջանում։ Հրաժեշտ տալիս նրա փոքրիկ աչքերը մի քանի վայրկյան սևեռվեցին Մարթայի աչքերին այն պահին, երբ տիկնոջ չոր-չոր մատները ցնցվեցին նրա ձեռքի մեջ։

— Հիմա կարող ենք մեր մեջ խոսել մեր ընտանեկան ցավերի մասին, — ասաց տիկինը, Սուլյանի դուրս գնալուց հետո։ — Արի, Միքայել, խոստովանիր, որ մեր եղբայրը մարդ չէ։ Եթե մարդ լիներ, հենց այսօր թշնամուդ գլուխը ջարդ ու փշուր կաներ։ Ա՜խ, Մեխակ, ուրիշներն էլ եղբայր ունեն, մենք էլ… Զրկում է մեզ հերիք չէ, պատիվներս էլ ուրիշների մոտ չի պաշտպանում։ Է՜հ, տերը նրա հետ, թող ինքն իր պատիվը պաշտպանի, եթե կարող է,- շարունակեց տիկինը, իսկույն փոխելով խոսքը,- միայն մեզ հանգիստ թողնի։ Հենց այդ է, որ հանգիստ չի թողնում, ինչ կա, բերել է ու մեր գլխին ձգել այդ կնոջն իր լակոտներով։ Աչքս լույս, իմ խեղճ հայրն արյուն-քրտինքով փող աշխատի, մի օտարուհի գա, տիրանա՞… Հապա դա աստված կվերցնի՞, Մեխակ… դու՛ ասա…

Իսակ Մարութխանյանը լսում էր լուռ, թույլ տալով կնոջը շարունակել նույն ուղղությամբ։ Նա գիտեր իր լարած մեքենայի զորությունը, գիտեր, որ Մարթան մինչև որ Միքայելին նորից չգրգռի Սմբատի դեմ, չպիտի լռի։

— Ինչո՞ւ մինչև հիմա մեզ վիզիտ չի անում,— շարունակեց Մարթան, նորից, հետզհետե տաքանալով,— հարցնող լինի, ո՞վ է, ո՞ւմ աղջիկն է։ եկել է թե չէ, մեր մոր օրը սևացրել է։ Խեղճ ծնողս ամեն օր աղի արտասուք է թափոմ։ Մեխա՛կ ջան, պետք է Սմբատին խելքի բերել։ նա մեր անունը խայտառակեց հայերի մեջ։ Ի՞նչ է քո վզին նստեցրել այդ քոծին…

Նա զարմացավ։ Այս անգամ Միքայելն անուշադիր էր դեպի իր դրդումները։ Կատաղեց և սկսեց ավելի պարսավել Անտոնինա Իվանովնային։ Բանն այնտեղ հասավ, որ չխնայեց եղբոր կնոջ բարոյական վարքն անգամ և ուղղակի կասկած հայտնեց նրա անցյալի մասին…

— Մարթա՛,— գոչեց, վերջապես, Միքայելը,— մի քիչ քաղաքավարի խոսիր. այդ կինը մեր եղբոր ամուսինն է, նրա երեխաների մայրը…

— Օհօ՜, օհօ՜, օհօ՜,— կրկնեց Մարթան, գրեթե նստած տեղը պարելով,—ա՜յ նոր բան։ Դու նրանց կող՞մն ես անցել, ուրեմն այդ կնիկը քեզ էլ է կախարդել…

Իսակը նոր միայն սկսեց կամաց-կամաց հանել ձախ ձեռքի ձեռնոցը։ Դա նշան էր, որ պատրաստվում է արդեն կնոջն օգնելու։

— Այսօր ես,— սկսեց նա հանդարտ, աչքով անելով Մարթային, որ լռի,— այսօր ես փաստաբանին ասացի, որ դատարանին խնդիր տա։

— Ինչի՞ մասին,— հարցրեց Միքայելը, թեև գիտեր փեսան ինչի մասին էր խոսում։

— Մեր դատի. կարծում եմ արդեն ժամանակն է։

— Չի՞ կարելի, արդյոք, մի քիչ էլ հետաձգել։

— Ինչու չէ, կարելի է,— պատասխանեց Մարութխանյանը, վարտիքի ծնկները սրբելով, թեև այնտեղ ոչինչ չկար,— երևի, խոստանում է կամավոր մեր բաժինը տալ, հը՞մ…

Մինչև այժմ Միքայելն անցուդարձ էր անում։ Լսելով փեսայի վերջին խոսքերը նայեց նրա երեսին, նստեց դեմուդեմ և, ոտը ձգելով ոտի վրա, ասաց.

— Ամոթ չլինի հարցնելը, ի՞նչ բաժնի մասին ես խոսում։

Մարդ ու կին նայեցին միմյանց երեսի, անշուշտ, Միքայելին մի բան է պատահել։

— Մեր հալալ բաժնի,— պատասխանեց Իսակը, ուսերը վեր քաշելով։

— Գիտես ի՞նչ, փեսա, ես Սմբատի հետ չեմ ուզում վեճի բռնվել, զուր եք մարդ ու կին ուզում ինձ խելքից հանել…

— Ի՞նչ, ի՞նչ,— գոչեց Մարթան,— դու չես ուզում, ես ուզում եմ, իմ երեխաներն ուզում են։

— Դու ժառանգ չես և իրավունք չունիս բաժին պահանջելու…

— Էհե՜, այդ էր պակաս։ Չէ՛, Իսակ, եղբորս խելքից հանել են…

— Կարելի է բոլորովի՞ն չես ուզում դատ սկսել,— հարցրեց Իսակը։

— Եթե կամենում ես ճիշտն իմանալ, այո՛, բոլորովին,— պատասխանեց Միքայելը։

— Հետաքրքրական է իմանալ, ինչո՞ւ։

— Հենց այնպես, քեֆս չի տալիս։

Մարութխանյանը մի սուր, երկարատև հայացք ձգեց Միքայելի աչքերի մեջ։

— Ի՞նչ ես այդպես մտիկ անում,— բարկացավ Միքայելը կանաչ-դեղնագույն աչքերի անախորժ փայլից — մի՞թե կարծում էիր՝ այնքան ընկած եմ, որ խարդախության կդիմեմ եղբորս դեմ՝ գրպանդ հարստացնելու համար։ Սխալվում ես, ես սրիկա չեմ…

Մարութխանյանն սկսեց անհանգիստ շարժումներ անել։ Բանն այն է, որ նա իր կնոջը հավատացրել էր, թե կոնտրկտակն իսկական է։

— Եթե չես ուզում դատ սկսել,— ասաց նա,— ի՞նչ հարկավոր է ավելորդ խոսելը։ Մարթա՛, վեր կա՛ց, գնանք… Միխայիլ Մարկիչն այսօր քեֆ չունի…

Միքայելը նրա աչքերի մեջ կարդաց կծու հեգնության հետ և մի չար դիտավորություն։ Թվաց նրան, որ այդ աչքերի մեջ նստած մի զույգ զազրելի սողուններն ինչ-որ դավ են սարքում իր դեմ։

— Գիտե՞ս ինչ, փեսա, արտասանեց նա ակամա, չկարողանալով զսպել նողկանքը,— դու… դու լավ մարդ չես, ներիր ինձ…

Մարութխանյանը հեգնաբար ծիծաղեց բարձրաձայն։ Նրա չոր ձայնը հնչեց որպես մի ցուրտ, անախորժ քամի։ Լամպարի լույսն ընկել էր ուղիղ նրա դեմքի վրա և լուսավորում նրա մի քիչ երկայնաձև գլուխը, որ դդումի ձև ուներ։

— Ես լավ մարդ չեմ, հա՜, հա՜, ա՜,— կրկին ծիծաղեց նա և ոտի կանգնեց.— Մարթա՛, առաջ ընկիր… Ես իմ հաշիվները գիտեմ, լավ մարդ չեմ, բայց իմ հաշիվները գիտեմ…

— Մեխակ,— գոչեց Մարթան, որ զարմացած մերթ նայում էր ամուսնուն, մերթ եղբորը, լավ չըմբռնելով նրանց վեճի իսկական իմաստը,— դու իմ մարդուն վիրավորում ես, խելքդ գլխի՞դ է…

— Առաջ — ո՛չ, այժմ, փառք աստծու, գլխիս է, միայն վախենում եմ, որ այդ մարդը քո խելքը չուտի։ Գիտե՞ս, նա շատ ագահ է, о՜о, շատ ագահ, ամեն բան ուտում է…

— Տեսնենք,— ասաց Իսակը, գլխարկը բազկաթոռի վրայից վերցնելով,— վախենում եմ մի օր այդ խոսքերի համար չփոշմանես, Միխայիլ Մարկիչ։

— Դե լավ, թո՛ղ ինձ հանգիստ, գնա՛ բանիդ…

— Ի՞նչ, դու Մարութխանյանին դո՞ւրս ես անում տնիցդ,— արտասանեց հյուրը, աջ ձեռով գլխարկի եզրը խփելով ձախ ձեռքին,— а что же, վատ մարդ եմ, ես էլ ցույց կտամ իմ վատությունը… Մարթա՛ , գնանք, ես սկանդալիստ չեմ…

Միքայելը լուռ ու վրդովված նայեց քրոջ ու փեսայի հետևից, մինչև որ դուրս գնացին,— կինը հուզված, մարդը սատանայաբար ժպտալով։

–Օ՛ձ,— թռավ ակամա նրա բերանից։

Նա զգաց մի տեսակ թեթևություն։ Հնարովի կտակի խնդիրը նրա համար մի ակամա բեռ էր։ Հոգու խորքում վաղուց էր զգում նրանից ազատվելու պահանջ։ Այժմ ուրախ էր, որ միանգամից դեն ձգեց ուսերից այդ բեռը։ Դա մի համարձակ քայլ էր նրա համար։ Մի քայլ, որ ներշնչեց նրան եռանդ մի ուրիշ ավելի համարձակ քայլ անելու։ Նայեց ժամացույցին. դեռ նոր էր լրացել ութ ժամը։ Բութ մատի ծայրը սեղմեց ատամներին, նայեց հատակին, ձախ բռունցքը կողքին հենած։

Նա գործեց մի վճռական շարժում, մոտեցավ սեղանին, մատը սեղմեց զանգակի կոճակին։

— Սմբատը տա՞նն է,— հարցրեց Բաղդասարին։

— Հենց էս սհաթիս դուրս գնաց։

— Տուր ինձ վերարկուս։

Նա շտապով հագնվեց և դուրս եկավ հաստատ քայլերով։ Երեք օր էր՝ մտածում էր ու տատանվում։ Այժմ ուզեց, վերջապես, մի հարվածով լուծել հանգույցը։ Թող ինչ լինելու է, լինի։ Նա իր պատիվը մի անգամ արդեն դրել է թղթախաղի, այլևս կանգ առնելը երեխայություն է։ Թող ինչ ուզում են ուրիշները մտածեն։ Նա կանի այն, ինչ որ թելադրում է իր սիրտը։ Նրան տիրել էր անսովոր համարձակություն։ Այն, ինչ որ ուզում էր անել, այլևս նրան չէր թվում այնքան ծանր ու անախորժ, որքան մեկէլ օրը, երեկ, նույնիսկ մի ժամ առաջ։ Վռնդելով իր տնից Մարութխանյանին, նրան թվում էր, թե վռնդեց իր սրտից ամեն մի վեհերություն…

Եղանակը ցուրտ էր, երեկոն սաստիկ մութ։ Թանձր մառախուղի մեջ փողոցային լապտերները ներկայացնում էին մի տեսակ մոխրագույն կետեր։ Բարակ անձրևը սալահատակները թրջել էր և դարձրել լպրծուն։ Նա ստեպ-ստեպ սայթաքում էր, բայց կառք չէր ուզում նստել։ Հաճելի էր նրան թրջվել անձրևի տակ, ծծել խոնավ օդը, դողդողալ ցրտից։

Քառորդ ժամ անցած, կանգ առավ մի նորաշեն տան առջև, մտածեց մի վայրկյան և մատը սեղմեց զանգակի կոճակին։ Դռները բացվեցին այն վայրկյանին, երբ մի հանկարծակի մտքից դրդված ուզում էր հեռանալ։

— Տա՞նն է պարոնդ,— հարցրեց ռուս աղախնին, որ երևաց դռան շեմքի վրա։

— Տանն է։

Մտավ ներս, բարձրացավ մի փոքրիկ սանդուղքով, անցավ էլեկտրական փոքրիկ լապտերով լուսավորված նախասենյակը։ Նրա մարմնին տիրեց անսովոր ջերմություն, զգաց, որ արյունն ուժգին հոսում է դեպի գլուխը, սիրտն արագ-արագ բաբախում։ Բայց հետ չդարձավ։ Մատներով զարկեց դռներին։ Եվ ներսից լսվեց ծանոթ ձայնը։

— Մտե՛ք։

III

Երկու ընկեր, որ տասնհինգ տարի միասին աղուհաց էին կերել, միմյանց սիրել ու պաշտպանել, այժմ կանգնած են դեմուդեմ իբրև թշնամիներ։ Այս միտքը կայծակի արագությամբ անցավ Գրիգոր Հաբեթյանի գլխով, երբ դռների մեջ տեսավ Միքայելի կերպարանքը։ Նա շփոթվեց, չիմացավ թույլ տալ նրան ներս մտնելու, թե ծառային հրամայի վռնդել։ Հետո մտածեց, որ վիրավորվածը եկել է անձամբ հաշիվ պահանջելու։ Վաղուց էր հարկավոր. չէ՞ որ Գրիշան ապտակը հենց դիտմամբ այնքան բազմության մեջ տվեց, որ ավելի վիրավորի Միքայելին և ստիպի նրան իրենից անպատճառ հաշիվ պահանջելու։

Նա նստած էր պարսկական փոքրիկ թախտի վրա և ծխում էր պարսկական նարգիլե, խալաթը հագին, գլխին տաճկական ֆես։ Ծխափողը փաթաթելով ջրամանի երկայն պարանոցին, հանդարտ վեր կացավ տեղից և մոտեցավ գրասեղանին։

Միքայելը լուռ մի քանի քայլ առաջ եկավ։ Գդակը դնելով աթոռի վրա, ձեռով տրորեց ճակատը։ Նա գիտեր ուր է եկել և ինչու համար, բայց չգիտեր ինչպես սկսի այն, որ ուզում էր ասել։ Նա տակավին կռվում էր ինքն իր հետ, աշխատելով զսպել վիրավորված պատվի զգացումը և կատարել այն պարտքը, որ թելադրում էր սիրտը և հալածում նրան գիշեր-ցերեկ երեք օր շարունակ։

— Խոսելո՞ւ ես, թե՞ չէ,— արտասանեց Գրիշան, առանց նայելու նրան։

Նա ծանր նստեց աթոռի վրա և մեջքը հենելով սեղանին՝ աչքերը հառեց հյուրի երեսին, զզվանքով լի աչքերը։ Միքայելը ներքին հուզումից զանազան ներվային շարժումներ է անում։ Նա զգում էր, որ ստորացնում է ինքն իրեն իր թշնամու առջև, բայց ներքին ձայնը շշնջում էր. «ուրիշ կերպ չէի՛ր կարող վարվել»։

— Գրիշա,— սկսեց նա, ձեռը դնելով առջևում գտնվող աթոռի մեջքին,— ես եկել եմ բացատրություն տալու։

— Այսինքն՝ պահանջելու։

— Ո՛չ, տալու,— կրկնեց նա ավելի համարձակ,— համարիր ինձ վախկոտ կամ հիմար, բայց ես եկա… Ինձ ստիպեցին գալու։ Դու բոլորը չգիտես. ինձ վիրավորեցիր, բայց բոլորը չգիտես։ Մենք թշնամիներ ենք, թշնամիներ էլ կմնանք, միայն լսիր ինձ…

Եվ նա պատմեց բոլորը, սկսած առաջին օրից, երբ հափշտակվեց Անուշով, մինչև վերջին այցը։ Այլևս նրա պատմությունը չուներ ռոմանտիկական բնավորություն։ Խոստովանում էր ծանր հանցանքը, բայց բացատրում էր, որ մեղավորը միայն ինքը չէ։ Նա ոչինչ չէր կարող անել, եթե Անուշը հրեր նրան իրենից։ Չհրեց, ընդհակառակը, խրախուսեց, իսկ նա, ինչպես երիտասարդ, մոլորվեց, խելքը կորցրեց, մոռացավ և՛ ամոթ, և՛ պատկառանք, և՛ ընկերոջ սեփական պատիվ։ Նա իրեն արդարացնելու համար չի ասում այս, այլ միայն սիրտը թեթևացնելու, խղճի խայթը մեղմացնելու համար։ Ա՜խ, շատ թանկ կվճարեր իր սխալն ուղղելու համար, բայց ի՞նչ անի այժմ։ նա պատրաստ է ամեն կերպ գոհացում տալ Գրիշային, միայն թե կարողանա արդարանալ ինքն իր խղճի առջև։

Այս էր նրա երբեմն հորդահոս, երբեմն անկապ խոսքերի բուն իմաստը։

Գրիշան լսում էր լուռ և զարմանում։ Ի՞նչ է նշանակում այդ. ծաղրո՞ւմ է նրան Ալիմյանը, թե՞ վախեցել է, թե՞ խելագարվել։ Այսպես թե այնպես — դա մի այնպիսի քայլ էր, որին երբեք չէր կարող սպասել Ալիմյանի կողմից, չէր անիլ և՛ ինքը։

— Դու զարմանո՞ւմ ես,— շարունակեց Միքայելը դողդոջուն ձայնով,— այսքան խեղճացած տեսնելով ինձ։ Ես կկատաղեի, եթե երեկ ինձ ասեին, թե պիտի գամ այստեղ և ներողություն խնդրեմ։ Գրիշա՛, չես կարող երևակայել, թե ինչ է կատարվում իմ մեջ։ Այս երեք օրվա ընթացքում ես ապրել եմ ավելի, քան ամբողջ կյանքումս։ Խիղճս տանջում է ինձ, որ այնպես վիրավորել եմ քեզ։ Խոստովանելով իմ մեղքը, կարծում եմ, գոնե մի փոքր կարող եմ թեթևացնել սիրտս…

— Եվ մարսել ապտակս,— ավելացրեց Գրիշան դառն արհամարհանքով։ Արյունը խփեց Միքայելի գլխին։ Մի ակնթարթում նա կորցրեց ինքն իրեն։

— Ապտա՜կը,— կրկնեց նա մի քայլ հետ կանգնելով։

Վայրկյանը տագնապալի էր։ Արդեն Գրիշան կարծում էր, թե հակառակորդը պիտի հարձակվի իր վրա։ Նա պատրաստվեց պաշտպանվելու։ Բայց Միքայելը ցնցվեց, նորից ուշքի եկավ. մի՞թե չէր երդվել զսպել իրեն։ Նորից պայծառ կերպարանքը նկարվեց նրա աչքերի առջև։ Եվ այդ վայրկյանին նրա սրտում զարթնեց կյանքի մի այնպիսի սեր, որ երբեք չէր զգացել։ Նրա ձեռները թուլացան։ Գլուխը թեքվելով կրծքին՝ արտասանեց.

— Դու ունեիր իրավունք ինձ սպանել անգամ…

Գրիշան աչքերը չէր հեռացնում նրանից, դիտելով նրա յուրաքանչյուր շարժումը։ Նա զգաց մի ինչ-որ կարեկցություն դեպի նախկին ընկերը և մտածեց. արդյոք, չափից դուրս խիստ չի՞ վարվում նրա հետ։ Սակայն հանցա՞նքը, մի՞թե ավելի մեծ պատժի արժանի չէ, մի՞թե նա դեռ պիտի խոսի այդ ապականված, անգութ մարդու հետ, այն էլ իր տանը։

— Տասնուհինգ տարվա մեր կերած աղուհացը դու ամենաանամոթ կերպով ոտնատակ արիր, այժմ ի՞նչ ես ուզում ինձանից, անպատկառ, ասա…

— Ոչինչ, միայն եկել եմ ներողություն խնդրելու, հետո, հետո կարող ես վարվել ինձ հետ, ինչպես կամենաս, հետո ես ոչնչից չեմ վախենալ։

— Դո՜ւրս, դո՛ւրս իմ տնից, ես ձայնդ անգամ լսել չեմ ուզում,— գոչեց Գրիշան մոլեգին, բռունցքն ուժգին զարկելով սեղանին։

Միքայելն անշարժ էր․ այլևս նրա համար բոլորը մի էր, կվռնդեն իրեն, թե կծեծեն։ Նա արավ այն, ինչ որ բռնի պահանջում էր սիրտը։

Գրիշան արմունկները հենեց սեղանին, գլուխը դրեց ձեռների ափերի մեջ, երեսն ամոթից ծածկելով։ Նա ամաչում էր իր քրոջ փոխարեն։ Նա այնքան թեթևամիտ չէր, որ չկարողանար կշռադատել իրողությունը։ Գիտեր ըմբռնել իրերի էությունը և որքան մեղավոր էր համարում Միքայելին, կրկնակի դատապարտում էր քրոջը։ Միքայելը կանգնած էր անշարժ։ Նայում էր նախկին ընկերոջ հաստ պարանոցին, որի երակները փքվել էին և դողդողում։ Կար ժամանակ, որ այդ առողջ, զվարճամոլ մարդը միշտ նրան ներշնչում էր ուրախություն։ Սիրում էր նրան ավելի, քան մյուս բոլոր ընկերներին։ Համարում էր նրան բարեսիրտ, նույնիսկ վեհանձն։ Տասնուհինգ տարի, այո՛, ընկերներ էին եղել, միասին անցկացրել հազարավոր զվարճալի օրեր ու գիշերներ և երբեք միմյանց դառն խոսքով անգամ չէին վիրավորել։ Եվ հանկարծ այսօր մեկը գողանում է մյուսի պատիվը։ Ճիշտ որ նա անպատկառ է, անխիղճ և չի կարող այս տունն ապականել իր ներկայությամբ։ Թող ապտակն այրի նրա դեմքը կրակի պես, դա ամենափոքր պատիժն է նրա ամենամեծ հանցանքի համար։

— Եթե դու մի փոքր ազնիվ լինեիր,— խոսեց Գրիշան, գլուխը բարձրացնելով,— ուրիշ կերպ ինձ բավականություն կտայիր։ Բայց ես քեզ ճանաչում եմ, դու երբեք այդքան քաջություն չես ունենալ… Դու հասկանում ես, ինչ եմ ասում, իմ քույրն իր մարդու հետ այսուհետև ապրել չի կարող, պիտի բաժանվի նրանից…

Միքայելը ցնցվեց։ Գրիշայի ասածը հասկացավ, նաև զգաց նրա խոսքերի ճշմարտությունը։ Այն միտքը, թե նա իր կյանքը պիտի կապի ատելի դարձած մի կնոջ հետ, սարսափեցրեց նրան։ Այնուամենայնիվ նա ասաց հաստատ եղանակով.

— Եթե կամենում ես, ես կունենամ այդքան քաջություն։

Նա վճռեց մի խոշոր զոհաբերություն անել։ Այնինչ Գրիշան միայն փորձելու համար արավ իր կողմնակի առաջարկությունը։ Իր քրոջ և Միքայելի պատմածներից նա այն համոզմունքն էր կազմել, որ նրանք միմյանց չեն սիրել և միայն կուրացել են անզուսպ կրքերից։ Նա գիտեր, որ եթե իր առաջարկությունն իրագործվի անգամ, վաղ թե ուշ Անուշի պատիվը կրկնակի պիտի ցեխոտվի. Միքայելը չի կարող երկար ժամանակ կենակցել նրա հետ. կթողնի շուտով, երես կդարձնի։

— Հեռացի՛ր, ի սեր աստծո, դո՛ւրս եկ, ես չեմ կարողանում քեզ սառնարյուն տեսնել իմ տանը,— ասաց նա գրեթե շնչասպառ,— գլուխս պտտում է, աչքերս մթնում են։ Պատրաստ եմ այս ձեռներով խեղդել քեզ էլ, նրան էլ, բայց ի՞նչ օգուտ… Կորեք և ինչ ուզում եք արեք… դուք միմյանց արժանի եք…

Եվ, ամոթից կատաղած, գլուխը դրեց մի ձեռի վրա, մյուսով ամուր բռնելով մազերն ու փետտելով։ Այդ պահին նա ավելի իր քրոջն էր ատում, քան ընկերոջը։

Միքայելը քայլերն ուղղեց դեպի դռները լուռ, ձեռը ճակատին սեղմած, հենվելով աթոռներին։ Այլևս չգիտեր՝ ինչ ասեր, իսկ մնալն ավելորդ էր։

Ամբողջ մի ժամ նա կառքով թափառում էր ծովափում հետ ու առաջ։ Նա տակավին չգիտեր ինքն իրեն պարզ հաշիվ տալ իր արածի մասին։ Մերթ կարծում էր, թե շատ լավ բան արավ, մերթ մտածում էր, թե իրեն ստորացրեց և ստորացրեց ամենաերեխայական կերպով։ Տեսնվա՞ծ բան է, որ ապտակ ստացողը գնա ապտակ տվողի տունը բացատրություն տա, փոխանակ պահանջելու։ Եվ ինչպե՞ս նա հանդգնեց, մոռացավ ամոթ ու ինքնասիրություն և ներկայացավ այն մարդուն, որի պատիվը ոտնատակ էր արել։ Չվերադառնա՞լ արդյոք Գրիշայի մոտ և այս անգամ արդեն իբրև վրիժառու թշնամի։ Ո՛չ, ո՛չ, նա արավ այն, ինչ որ պարտավոր էր անել ամեն մի ազնվության վերջին կաթիլից ոչ զուրկ մարդ, նա կատարեց իր սրտի թելադրածը։

Տանջվելով վիրավորված ինքնասիրության զգացումից՝ միևնույն ժամանակ զգում էր մի տեսակ հոգեկան թեթևություն, որ չկար մի քանի ժամ առաջ։ Հայհոյելով ինքն իրեն, միևնույն ժամանակ հավատացնում էր, թե ուրիշ կերպ չէր կարող անել, թե ընկերը ճիշտ այնպես պիտի վարվեր մի ընկերոջ վերաբերմամբ, որին անգթաբար անպատվել էր։

— Դեպի տո՜ւն,— հրամայեց նա կառապանին։

Այլևս ծանր վիշտը բավական փարատվել էր, մնում էր հանցանքի գիտակցությունը։ Այլևս դառնության հետ զգում էր նաև մի անիմանալի հոգեկան հաճույք։ Նա ուրախ էր, որ Գրիշան կրկնակի վիրավորեց իրեն, վռնդելով իր տնից։ Արդյոք, նա ինքն ավելի կոշտ չէ՞ր վարվի, եթե Գրիշայի տեղը լիներ։ Նա այժմ զգում էր մի բան, որ երբեք չէր զգացել, այն, որ վիրավորվածի դրությունն ավելի հաճելի է, քան վիրավորողինը։ Քանի իրեն անպայման մեղավոր էր համարում Գրիշայի առջև, տանջվում էր հոգով անպայման, այժմ, երբ Գրիշան վրեժ էր առել նրանից և ինքը, փոխադարձ վրեժ առնելու տեղ, ներումն էր խնդրել — այժմ թվում էր նրան, որ խիղճը համեմատաբար հանգիստ է։ Լավ էր, որ զսպեց իրեն, խոնարհվեց, չհետևելով ընկերների խորհրդին։ Նա կատարեց ոչ այն, ինչ որ պահանջում էր կեղծ ինքնասիրությունը, այլ այն, ինչ որ պահանջում էին անկեղծ զգացումները։ Նա ենթարկվեց այն ներքին դատավորի վճռին, որի մասին խոսում էր Սմբատը։ Այժմ թող բոլորը ծաղրեն նրան, միևնույնն է։

— Արթո՞ւն է,— հարցրեց նա սպասավորին եղբոր մասին։

— Հենց հիմա եկավ տուն։

Նա անցավ Սմբատի սենյակը և անմիջապես պատմեց բոլորը։ Եվ ավագ եղբոր մշտապես մռայլ դեմքի վրա նկատվեց մի երկարատև հաճելի ժպիտ։ Ժպիտ, որ եղբայրական սիրո հետ արտահայտում էր նաև հույս, թե դեռ բոլորը կորած չէ, թե դեռ Միքայելը կարող է ուղիղ ճանապարհի գալ։

— Այդ կնշանակե, որ քո սրտում դեռ կա չփչացած անկյուն,— ասաց Սմբատը։— Այժմ ասա, զգո՞ւմ ես, որ խղճիդ խայթոցը գոնե մի փոքր մեղմացել է։

— Այո՛, մի փոքր։

— Այդ առաջին քայլն է, պատրաստվիր ավելի առաջ գնալու։ Հայտնի բան է, ներում խնդրելով, դու չէիր կարող ընկերոջդ վերքը բուժել և արածդ ջնջել, բայց ավելի լավ է աշխատել կատարած մեղքդ քավելու, քան նոր մեղքեր գործել։

— Ես ավելի մեղքեր ունիմ, քան դու կարծում ես…

— Ավելի լավ, միանգամից կքավես։

— Ես ուզում եմ նրանցից մեկը հենց այժմ խոստովանել քեզ, որովհետև քեզ է վերաբերում։

— Ի՞նձ։

— Այո՛։

Նա պատմեց իր ընդհարումը Մարութխանյանի հետ և խոստովանեց, որ կոնտր—կտակը խարդախ է։ Կարծես այժմ նրա համար ոչինչ բան էր՝ պարզել իր հոգու բոլոր կեղտերը։ Նա նմանվում էր դատապարտյալին, որ մի անգամ բերանից թռցնելով մի խոստովանք, այլևս չի կարողանում թաքցնել մյուս բոլոր հանցանքները և գլխիվայր գլորվում է անդունդ։ Չէ՞ որ միևնույն է, պիտի կրի իր պատիժը, թող գոնե սիրտը թեթևացնի։

— Ես լավ գիտեի, որ այդ կտակը խարդախ է,— ասաց Սմբատը, ներողամտաբար ժպտալով,— շատ ուրախ եմ, որ այդպես պատահեց։ Դու ինքդ քեզ ազատեցիր վտանգից։

Հետևյալ օրը Միքայելը կանուխ առավոտյան մտավ դարձյալ Սմբատի սենյակը և խնդրեց որևէ գործ հանձնել իրեն։ Անգործությունն այժմ նրան թվում էր և՛ ձանձրալի, և՛ ամոթալի։ Սմբատն ասաց, թե բոլոր գործերը հավասար, պատկանում են երեք եղբայրներին և թե Միքայելը կարող է ընտրել, որը կամենում է։ Միքայելը ցանկություն հայտնեց նրա փոխարեն հետևել հանքային գործերին։

— Շատ լավ,— ասաց Սմբատը, խոր-խոր նայելով նրա աչքերին,— ինչպես կամենում ես… Ես այսուհետև հանքերը չեմ գնալ, բայց դու ինձ հաշիվ կտաս…

Միքայելին թվաց, թե «հաշիվ կտաս» բառերը եղբայրն արտասանեց խորհրդավոր և երկդիմի եղանակով։

Այդ օրից նա էր այցելում հանքերը։

Մինչ նա աշխատում էր աշխատանքի մեջ մոռանալ վշտերը, հասարակական կարծիքը գործում էր անդուլ նրա բարոյական հռչակի վերաբերմամբ։

Վիրավորական ընդունելությունն Իսահակ Մարութխանյանի սրտում գրգռել Էր բնական չարությունը։ Նա կամենում էր Միքայելին օգնել, ազատել նրան եղբոր անտանելի հովանավորությունից, դարձնել ինքնագլուխ, և հանկարծ, այդ մարդը, շնորհակալ լինելու փոխարեն, վռնդո՞ւմ է իր տնից նրան, այն էլ քրոջ հետ։ Ուրեմն Մարութխանյանը հավիտյան պետք է հույսը կտրի՞ միլիոններից։ Ո՛չ. այդքան էլ հեշտ չէ նրան զրկելը։ Նա չի թողնիլ Ալիմյաններին մենակ վայելելու Մարկոս աղայի հարստությունը։

Հետևալ օրը նա կանչեց իր մոտ Բարսեղին և հայտնեց, թե նրա աշխատանքը զուր է անցել։ Ցույց տալով կոնտր-կտակը, աչքերի առջև պատռեց և գցեց վառարան։ Բարսեղը դեմքը թթվեցրեց։ Կարծեց թե Մարութխանյանը գործը հաշտ կերպով վերջացրել է, իր բաժինն ստացել և այժմ ուրիշի օգնությանը կարոտ չէ։ Նա պահանջեց իր աշխատանքի վարձը։

— Ի՞նչ,— գոչեց Մարութխանյանը ծաղրաբար,— աշխատանքի վա՞րձը։ Ի՞նչ աշխատանքի. խարդախությա՞ն։ Չե՞ս կամենում, արդյոք, բանտի համը տեսնել, հը՞մ… Դու կարծում էիր, Իսակ Մարութխանովն այնքան հիմար է, որ իր կաշին կդնի դատավորների ճիպոտի տակ։ Ներողություն, ես քեզ էի փորձում, թե չէ այդ խարդախ կտակով ես ոչինչ չէի կարող անել… Լսի՛ր, թե բերանդ այդ կտակի մասին ուրիշների մոտ բաց անես, պոզերս ցույց կտամ, ճանաչո՞ւմ ես ինձ…

— Ճանաչում եմ,— արտասանեց Բարսեղը խորհրդավոր,— Բարսեղը ցավդ առնի, մի՛ չարանար։ Մենք խոսքիդ հավատում ենք, մեր ազնիվ իշխանն ես… ամմա դե Մուխան անիծվածի բերանն էլ պիտի կապել…

— Այդ ճշմարիտ է…

Մարութխանյանը ծոցի գրպանից հանեց մի քանի հարյուրանոցներ և տվեց Բարuեղին։

— Տե՛ս, կեսը գրպանդ չդնես, ես քեզ ուրիշ վարձ կտամ, էլի ինչքան չլինի մեր հարամզադա Բարսեղն ես…

Ակնավաճառի աչքերն ուրախությունից պսպղացին։ Նա լռեց։

Մարութխանյանը, երկու բաժակ թեյ պահանջելով, սկսեց նրա հետ խոսել բարեկամաբար։ Նախ՝ հարցրեց քաղաքի նորությունների մասին, լսեց, ապա, դեմքին ցավակցական արտահայտություն տալով, ակնարկեց Գրիշայի Միքայելին տված ապտակի մասին։ Այնուհետև անփույթ եղանակով շոշափեց ապտակի շարժառիթը, իսկ հետո արդեն պատմեց բոլորը։

— Բայց մեր մեջ մնա, գիտե՞ս,— ավելացրեց նա, թեյը գդալով խառնելով և նայելով բաժակի հատակին։

Նա շատ լավ էր ճանաչում Բարսեղին։ Բարսեղն էլ շատ ճիշտ ըմբռնեց նրա միտքը։

Հենց նույն օրն ակնավաճառը գաղտնիքը հաղորդեց Մելքոն Ավրումյանին։ Նրա մոռացած խանութը դարձավ գրավիչ անկյուն, իսկ ինքը՝ հետաքրքրական անձ։ Եկողին պատմում էր բոլորը, ինչ որ գիտեր, իսկ չիմացածը, հարկավ, հնարում էր։ Նա գոհ էր արդեն այն բանով, որ Պապաշայի պես մի պատկառելի անձնավորություն կատակներ էր անում իր հետ տիկին Ղուլամյանի բեղիկների վերաբերմամբ։ Նա ինքը չարացած էր Միքայելի դեմ այն ժամից, երբ նույնպես վռնդվեց նրա տնից։

Լուրը շուտով ընկերական շրջանից անցավ ամբոխի բերանը։ Եվ որովհետև Միքայելը Մարզպետունուն ևս վատ էր ընդունել, ուստի թղթակիցն էլ իր հոդվածի մեջ թույլ տվեց քանի մի խիստ թափանցիկ ակնարկներ նրա վերաբերմամբ։

Պետրոս Ղուլամյանը դարձավ պարզ արհամարհանքի և երկդիմի ակնարկների նշավակ։ Իսկապես նա այժմ սկսեց զգալ խաբված ամուսնու ծանր դրությունը։ Ամոթից նա չէր վստահանում Պապաշայի երեսին նայել փողոցում։ Իսկ Պապաշան, որ այդ տեսակ ամուսինների հոգեբանությունն այնքան լավ գիտեր, որքան ազգային գործերը, խղճում էր նրան և չէր խոսում հետը։

Երբեմն ծաղրն այնքան պարզ էր, որ Պետրոսը պատրաստ էր հարձակվել սրա ու նրա վրա վիրավորված վարազի պես։ Այսպես, օրինակ՝ մի երեկո խանութում, դրամարկղի փողերը գործակատարից ընդունելիս, դռների առջև տեսավ երկու ծանոթ դեմքեր։ Մեկը Մովսեսն էր, մյուսը՝ Քյազիմ-բեգը։ Մովսեսը բութ մատները մտցրել էր ականջները, իսկ ցուցամատերը եղջյուրների ձևով վերև բարձրացրել. Քյազիմ-բեգը, բեղերը սրբելով, հըռ-հըռ ծիծաղում էր։ Նրանք մի քիչ հարբած էին, նոր էին ավարտել մի ճաշկերույթ, որ Պապաշան տվել էր ի պատիվ մի նորեկ անգլիացի թղթակցի։

Պետրոսը գուշակեց նրանց վիրավորական ակնարկը, դուրս թռավ դրամարկղի հետևից և կանգնեց խանութի շեմքում։

— Մենք Միքայել Ալիմովին ենք փնտրում, այստեղ չէ՞,— հարցրեց Մովսեսը սատանայաբար։

— Չեսթ իմեյո՛ւ կլանիցա,— ավելացրեց Քյազիմ-բեգը, կոլորակ գդակը բարձրացնելով։

— Շառլատաննե՜ր,— գոչեց Պետրոսը կատաղած և ուզեց ձեռներով խեղդել Մովսեսին։

Մովսեսն շտապով առավ Քյազիմ-բեգի թևը, և խանութից հեռացան։

Հարկավ, այս բոլորից հետո, այլևս անհարմար էր դավաճան կնոջ հետ մի հարկի տակ ապրելը։ Պետրոսն Անուշին վռնդեց իր տնից, կանխապես մի քանի բռունցքներ տալով նրա հաստլիկ ուսերին։ Սակայն այսքանը բավական չէր։ Նա գիտեր, որ հասարակությունը պահանջում է՝ պատժել նաև իր կնոջ մոլորեցնողին. եթե չպատժի, բոլորն էլ իրեն համարելու են վախկոտ, աննամուս։ Գրիշայի ապտակը նա շատ քիչ էր համարում։ Ի՜նչ է մի ապտակը մի տղամարդու համար, պետք է պատժել զգալի կերպով։ Բայց ի՞նչպես — ահա խնդիրը։ Մանկությունից սովորել էր միշտ գլուխ թեքել, միշտ խոնարհվել, միշտ շողոքորթել և քծնել իրենից հարուստներին ու զորավորներին, նրա մեջ արմատացել էր օրգանական երկյուղ դեպի Ալիմյանները։ Ինչպե՞ս ձեռ բարձրացներ Միքայել Ալիմյանի վրա, որին նա բարձր էր համարում իրենից այնքան, որքան ռուբլին կոպեկից:

Բայց Պետրոսը շատ էլ զուրկ չէր հնարագիտության շնորհքից։ Մի անգամ խանութից տուն վերադառնալիս՝ փողոցի մթության մեջ հանդիպեց մի ծանոթ թուրքի։ Չուխայի աջ փեշը ձախ կռնատակին բռնած, թուրքը գողնովի մոտեցավ, բարևեց և հարցրեց «աղայի առողջության» մասին։ Պետրոսը հասկացավ, որ սրիկան ծախսի փող չունի։ Գրպանից հանեց երեք ռուբլի՝ սովորական տուրքը տալու, և այդ պահին մի հրաշալի միտք լուսավորեց նրա ուղեղը։

— Ուզո՞ւմ ես փող աշխատել,— հարցրեց թուրքին շշնջյունով։

— Ծառադ եմ,— արտասանեց թուրքը խորհրդավոր։

— Գնա՜նք։

— Հրամայի՛ր…

Պետրոսը քայլեց առաջ․ թուրքը հետ մնաց։ Մի քիչ կանգնելով, որ «աղան» հեռանա, նա գողնովի քայլ առ քայլ հետևեց նրան, աչքերը հածելով…

Իսկ խայտառակված Անուշը, արտասուքն աչքերին վազեց մոր գլխին։ Ուրիշ ո՞ւր պիտի գնար։ Հասարակական բամբասանքը, օդի պես ամենուրեք թափանցելով հասել էր պառավ մոր ականջին արդեն, առանց Գրիշայի գիտակցության։ Մայրն անիծեց աղջկան, բայց փողոց վռնդելու չափ խստություն չունեցավ։ Դա թեև նահապետական մի կին էր, բայց կյանքի ձմռանը շատ էր լսել ժամանակակից կանանց դավաճանությունների մասին։ Սեփական դստեր արարքը վիրավորեց լոկ նրա մայրական զգացումը, առանց ազդելու կանացի ամոթխածության վրա։ Այժմ ո՞վ չի դավաճանում իր մարդուն, միայն ինչո՞ւ նրա աղջիկն էլ մոլորվեց։

Դառն կշտամբանքի ժամանակ Գրիշան ասաց քրոջը մի քանի կոպիտ խոսքեր։ Անուշն այնքան խեղճացել էր, որ արտասուքն աչքերին աղերսեց եղբորը խնայել իրեն և շատ էլ խիստ չվարվել հետը։

— Ինչպե՞ս խնայեմ, երբ միայն ինքնասպանությունը կարող է քեզ ազատել իմ զզվանքից,— ասաց Գրիշան։

Ինքնասպանությո՞ւն,— ո՛չ, Անուշը չի կարող կյանքից բաժանվել, «իրավունք չունի», երեխաների տեր է։ Եվ վերջապես, ինչու՞ ինքնասպանություն գործել։ Նրա համա՞ր, որ մեկի հետ դավաճանել է ամուսնուն։ Տե՜ր աստված, ո՞ր կինն այժմ կարող է իրեն արդար համարել ամուսնական առագաստի առջև։

Նա թաքուն Միքայելին ուղարկեց մի ընդարձակ նամակ։ Նկարագրելով իր անել վիճակը, մերթ նախատում էր, մերթ աղերսում օգնել իրեն այս կամ այն կերպ։ Ապօրինի կենակցության մասին այլևս չէր վստահում խոսել, հաստատ համոզված լինելով, որ Միքայելը չի համաձայնվիլ այդ քայլն անել, հասարակական խայտառակությունից հետո։

Նամակն ազդեց Միքայելի վրա, բայց առանց որևէ հետևանքի մնաց։ Եվ ի՞նչ կարող էր անել նա, ինչո՞վ օգներ, երբ բացի խղճի խայթոցից, ոչինչ չէր զգում այդ կնոջ վերաբերմամբ։

Այժմ նա փախչում էր ընկերներից, որոնում էր առանձնություն։ Քաղաքային մթնոլորտը թվում էր նրան խեղդիչ, հուսահատական։ Անիծում էր իր շվայտ անցյալը և զգում իրեն անբարոյականության տիղմի մեջ մինչև կոկորդը թաղված։

Ժամանակն սկսեց հետզհետե մեղմացնել հասարակական բամբասանքի ուժը, և Ալիմյան ու Ղուլամյան ազգանուններն առաջվա պես չէին անցնում բերանից-բերան։ Գործնական քաղաքը ժամանակ չուներ շատ էլ երկար զբաղվելու ընտանեկան դրամաներով։ Բացի դրանից, առաջ եկան ուրիշ ավելի հետաքրքրական դեպքեր։ Այժմ քաղաքը խոսում էր մի հայտնի առևտրականի ինքնասպանության շարժառիթի մասին։ Հիշվում էին ինքնասպանի կնոջ և երիտասարդ գործակատարի անունները…


IV


Հոգեկան սաստիկ խռովմունքի միջոցներին Սմբատն զգում էր պահանջ որևէ կերպ սիրտը թեթևացնելու։ Ընկերություն էր փնտրում, և այն շրջանը, ուր վիճակված էր պտտել իր դիրքի շնորհիվ, չէր գոհացնում նրան։

Մինչև այժմ նա, ամփոփված ինքն իր մեջ, ապրել էր ներքին աշխարհում։ Ոչ ոք չէր անհանգստացնում նրան, չէր դիպչում նրա սրտի գաղտնի վերքերին։ Ռուսիայից վերադառնալով, նա ընկավ մի շրջան, ուր նրան չէին խնայում, չէին ներում նրա անուղղելի սխալը։ Մոր և քրոջ անվերջ բողոքները խոցոտում էին նրա սիրտը և գրգռում այն կծու զգացումները, որ նա արվեստական կերպով թմրեցրել էր իր մեջ վեց-յոթ տարի շարունակ։

Չուներ մտերիմ ընկեր, որին վստահանար հաղորդել իր ցավերը և թեթևացներ իր հոգին։ Նա պարզ տեսնում էր, որ իր հրապույրը մարդկանց աչքում պարունակվում է մեծ մասամբ հարստության մեջ. արդեն շրջանն այդպես էր։ Տեսնում էր, որ նույնիսկ այն մարդիկ, որոնք բարձրաձայն գոռում են բարոյականի մասին, ստրկաբար խոնարհվում են անբարոյականի առջև, երբ մեջտեղ նյութական շահ են գտնում։ Այս էր, որ ստիպում էր նրան փախչել մարդկանցից, որոնելով մի մտերիմ ընկերություն։

Փորձում էր գործերի մեջ գտնել գեթ ժամանակավոր մոռացում, բայց միտքն զբաղվում էր, վիրավոր զգացումները հագուրդ չէին ստանում։ Միայն մի գործ կար, որ նրան պատճառում էր հոգեկան հաճույք և մի փոքրիկ շրջան, ուր նրա սիրտը զգում էր քիչ-շատ թեթևություն։ Դա մշակների համար նոր բնակարանների կառուցումն էր և Զարգարյանների ընտանիքը, ուր նա լինում էր ամեն անգամ հանքերն այցելելիս։ Ուրախ էր իր ձեռնարկությանը, և այժմ թվում էր նրան, որ եթե չհոգար բանվորների մասին, իր սրտի վրա պիտի ձգեր մի նոր ծանրություն։ Չնայելով, որ հանքային գործերը հանձնել էր Միքայելին, շաբաթը երկու-երեք անգամ ինքն էլ նստում էր առաջին պատահած կառքը և ուղևորվում այնտեղ։

Նա չէր ուզում ինքն իրեն խոստովանվել, թե ո՛րն է իսկապես այն մագնիսական ուժը, որ այսպես հաճախ տանում է իրեն դեպի հանքերը։ Նա խաբում էր իրեն, հավատացնելով, թե արդարև, մշակների տնտեսական վիճակն իրեն այդչափ հետաքրքրում է։ Դիտելով նոր կառուցվող կացարանները կես ժամ, մի ժամ, շտապում էր այցելել Զարգարյաններին և այնտեղ մնում էր ժամերով։

Աղքատիկ ընտանիքն ընդունում էր նրան ոչ իբրև իր տիրոջ կամ մի հարուստ հանքատիրոջ, այլ իբրև բարեկամի։ Ոչ ոք չէր նեղվում նրա ներկայությամբ, ոչ ոքի չէին ձանձրացնում նրա հաճախակի այցերը, նույնիսկ անդամալույծին։ Իսկ նա… Նա սիրում էր զրուցել Դավիթ Զարգարյանի հետ և ոչ միայն իր գործերի, այլև հասարակական երևույթների մասին։ Այդ զրույցների ժամանակ նրա հայացքն ակամա կանգ էր առնում Շուշանիկի վրա։ Օրիորդը անբաժան շալն ուսերին ձգած, գլուխը թեթևակի ուսերին թեքած, ուշադիր լսում էր իր հորեղբոր և հյուրի տաք վիճաբանությունները։ Երբեմն նա ոգևորվում էր, մոռանում ինքն իրեն և խոսակցությունը երկարացնում ավելի, քան պահանջում էր քաղաքավարությունը։ Պատահում էր, որ նրա հետ վիճում էր Շուշանիկը, երբ խոսակցությունը վերաբերում էր օրիորդի մտքին մատչելի խնդիրներին։ Այդ միջոցներին Սմբատի ճակատի կնճիռները բացվում էին, դեմքը պայծառանում էր, աչքերն արտահայտում էին խորին հոգեկան հաճույք։

Հեռանալով աղքատիկ բնակարանից, շատ անգամ ճանապարհին ընկղմվում էր մտքերի հարածուփ օվկիանոսի մեջ։ Մերթ տխրում էր, մերթ ուրախանում մտքում, մտաբերելով Շուշանիկին, որ օր-օրի վրա դառնում էր լռիկ, մելամաղձոտ։ Տխրում էր, հիշելով իր անուղղելի սխալը, հիշելով իր սիրեցյալ զավակներին։ Ուրախանում էր, զգալով այն տպավորությունը, որ գործում է ինքը Շուշանիկի վրա։ Բայց զգում էր, միևնույն ժամանակ, որ իրավունք չունի այդ տկար էակի խուլ արտահայտված համակրանքի վրա։ Գիտեր, որ իր հաճախակի այցերն օր-օրի վրա զորացնում են այդ համակրանքը․ նա կարդում էր օրիորդի հոգու ելևէջները՝ նրա պարզ դեմքի վրա և հետզհետե մռայլվող աչքերի մեջ։ Ահա ինչու իրեն պարտավոր համարեց դադարել այցելելու Զարգարյաններին։ Սակայն իզուր. ամեն անդամ հանքերը գալիս՝ անհաղթելի ուժից մղվում էր դեպի աղքատիկ բնակարանը։

Մի անգամ նա քաղաքից ուղևորվեց Միքայելի հետ։ Ճանապարհին խոսում էր գործերի մասին, գանգատվում էր կառավարիչ՝ ինժեներ Սուլյանի դեմ, որ իր պաշտոնին վերաբերվում էր անտարբեր, միշտ գբաղված սեփական գործերով։

— Է՜հ, եթե չես հավանում, ինչո՞ւ չես արձակում,— հարցրեց Միքայելը։

— Ինձ համար ավելի հեշտ է մի ծառայողի տված վնասներին դիմանալ, քան զրկել նրան պաշտոնից։

Հետո խոսեցին Դավիթ Զարգարյանի մասին։ Սմբատը գովեց նրա անձնվիրությունը, սերը դեպի գործը, անշահասիրությունը և մտավոր զարգացումը։

— Իսկ ի՞նչ կասես նրա եղբոր աղջկա մասին,— հարցրեց հանկարծ Միքայելը։

Սմբատը նեղն ընկավ, ի՞նչ կապ ունի Շուշանիկը խոսակցության նյութի հետ և ինչո՞ւ է Միքայելն այդպես խորը նայում նրա երեսին։

— Ես հարցնում եմ քո կարծիքը նրա մասին, որովհետև նա ինքը… համակրում է քեզ,— արտասանեց Միքայելը, և նրա ձայնի մեջ զգացվեց անզսպելի դառնություն։

Սմբատը, շփոթված, երեսը դարձրեց եղբորից և հայացքը հառեց դեպի հեռավոր դաշտերը։

— Դու շփոթվո՜ւմ ես, երևի, ինքդ էլ զգում ես, որ նա քեզ համակրում է, և ով գիտե, գուցե դու էլ անտարբեր չես…

— Մեխա՛կ, դու գիտես, որ ես հիմար կատակներ չեմ սիրում…

— Բայց ճշմարտախոսություն սիրում ես, չէ՞։ Դու կարծում ես, որ ես դե՞մ կլինեմ, եթե սիրես անգամ այդ աղջկան։ Ո՛չ, ես միայն քո ճաշակը չեմ գովիլ, ուրիշ ոչինչ…

— Մի՞թե,— արտասանեց Սմբատն անորոշ։

— Նա ինքնահավան է և գոռոզ։

— Գուցե,— դարձյալ անորոշ արտասանեց Սմբատը։

— Նա գեղեցիկ չէ, և ոչ սիրուն կամ համակրելի։

— Կարծեմ ես չգովեցի նրա գեղեցկությունը։

Միքայելն սկսեց շվացնել ինչ-որ ուրախ եղանակ, որ բնավ չէր համապատասխանում նրա հուզված տրամադրությանը։ Նույն պահին Սմբատի մեջ հղացավ մի վատ զգացում. նա նախանձեց եղբորը, որ ամուրի էր և ազատ։ Սակայն շտապեց զսպել անախորժ զգացումը, հիշելով իր զավակներին։

— Սմբա՛տ,— ընդհատեց լռությունը Միքայելը, երկու ձեռներով ամուր հենվելով ձեռնափայտին,— ես զգում եմ, որ դու ինձանից բարոյապես բարձր ես, որ ես քո աչքում մի ընկած և փչացած մարդ եմ, բայց ասա՛ խնդրեմ, ե՞րբ պիտի արժանանամ քո վստահությանը գոնե տնտեսական գործերում։

Հարցը Սմբատի համար անսպասելի էր։ Չգուշակեց, թե Միքայելի, ըստ երևույթին, անկապ խոսքերն ունին նրա հոգու մեջ կապ և թե այդ տարօրինակ հարցերը նրա մտախոհության փղձուկներն են։

— Ի՞նչ ես ուզում ասել։

— Այն, որ դու ինձ հավատ չես ընծայում։ Դու հանքերի գործերն ինձ ես հանձնել, իսկ ինքդ շաբաթը երկու երեք անգամ գալիս ես։ Կարծես, ես ընդունակ չեմ հանքերը կառավարելու կամ գոնե Սուլյանի գործունեությունն ստուգելու։ Ինչո՞ւ համար ես ինձ նրա աչքում ծաղրելի դարձնում։

— Եթե չես ուզում, այսուհետև չեմ այցելի հանքերը…

— Երկուսից մեկը, կամ ես, կամ դու,— արտասանեց Միքայելը երկդիմի և խորհրդավոր նայեց եղբոր երեսին։ Մի ժամ անցած, հանքերը դիտելուց հետո, Սմբատը դարձավ Զարգարյանին.

— Դավիթ, հյուրասիրի՛ր ինձ այսօր վերջին անգամ թեյով։

Առանձին սենյակում, սպիտակ սփռոցով ծածկված սեղանի վրա, եռում էր փայլուն սամովարը, երբ Ալիմյան եղբայրները ներս մտան։

Հրավիրելով Սմբատին, Դավիթը, հարկավ, չէր կարող չհրավիրել և՛ Միքայելին։ Այնինչ, հոգով դեմ էր, որ այդ մարդը ոտ դնի իր տունը։ Խայտառակ լուրը լսելու օրից, նա զգում էր դեպի Միքայելն անհաղթելի նողկանք։ Նա հրավիրեց և՛ Սուլյանին, նույնպես հակառակ ցանկության, որովհետև կառավարչի հետ հարաբերությունը լարված էր։ Բանն այն էր, որ Սուլյանի համար վերին աստիճանի անհաճո էր Զարգարյանի հանքերում լինելը։ Մինչև այժմ նա գործում էր ինքնագլուխ, ծախսում էր՝ ինչպես կամենում էր, կարգադրում և հաշիվները կազմում ուզածին պես։ Այժմ իր գլխի վրա զգում էր մի վերահսկող, որի կոպիտ շիտակությունը նրան շփոթեցնում էր։

Շուշանիկը, մաքուր հագնված, սեղանի քով սրբում էր թեյի բաժակները։ Տեսնելով Միքայելին, ակամա ցնցվեց այնպես, որ քիչ էր մնում բաժակը ձեռից գցե։ Սեղմելով շրթունքները, ճիգ արավ թաքցնել դժկամությունը։

Այսօր առաջին անգամն էր Միքայելը նրան տեսնում մի քիչ նորաձև կարված հագուստում։ Թանձր մազերը խնամքով սանրված էին ու ծոծրակի վրա փնջված, և հերկալները հազիվ կարողանում էին պահել խոշոր հյուսքը։ Նա թվաց այսօր Միքայելին հասակով ավելի բարձր, ավելի նազելի։ Նրա ամբողջ էությունից բուրում էր թովիչ կանացիությունը՝ մայիսյան անուշ հովի պես։ Նույնիսկ ձևերը փոխվել էին, ավելի սահուն դարձել և ավելի նրբացել։ Կարծես այդ համեստ ու ամոթխած աղջկա մեջ զարթնել էր մի նոր ոգի, որի շողերը տարածվել էին շուրջը և նրա ամբողջ կերպարանքն ամփոփել իրենց մեջ։

Երբեք Միքայելը չէր կարող երևակայել, թե մի հասարակ աղքատ աղջկա առջև երբևէ պիտի շփոթվի այնպես, ինչպես այսօր։ Եվ պատճառներ կային շփոթվելու։ Նա մեղավոր էր այդ աղջկա մոտ — մեկ, նա խայտառակված էր ամբողջ քաղաքում — երկու. նա վախենում էր Շուշանիկի արհամարհանքից — ահա գլխավորը։ Զգաց մինչև անգամ մի տեսակ սարսափ, երբ մի վայրկյան աչքերը հանդիպեցին խելացի ու սիրուն աչքերին, որոնց մեջ այլևս առաջվա չափ պայծառություն չէր երևում։

Խոսակցությունը դարձյալ գործերի մասին էր․ սկսվել էր դրսում, այժմ շարունակվում էր նույն եղանակով։ Նոր կացարանների շինության մեջ Սմբատը նկատել էր թերություն, որ Սուլյանի անտեղի խնայողության հետևանքն էր։ Նա հանդիմանում էր կառավարչին մեղմաբար, բայց հուզված էր, և երբեմն ձայնի մեջ հնչում էր բարկություն։ Պարզ էր, որ Սուլյանը չէր նրա դժկամության բուն պատճառը։ Ինժեներն արդարացնում էր իրեն, ասելով, թե միշտ սովոր է խնայել Ալիմյանների միջոցները, անտեղի ծախսերից խուսափել ու հենց այս պատճառով միշտ սիրելի է եղել հանգուցյալ Մարկոս աղայի աչքում։

Նրա կեղծիքը դուր չեկավ Միքայելին, որ գիտեր, թե որքան իսկապես Սուլյանը խնայում է ֆիրմայի շահերը։

— Ի սեր աստծու, մի՛ խնայեք մեր միջոցները, եթե գործը չի պահանջում խնայել,— ասաց Միքայելը,— ես գիտեմ, օրինակ, որ շատ անգամ, կոպեկների հետևից ընկնելով, ռուբլիներ եք կորցնում։

Այս թեթև նկատողությունը խոր ազդեցություն ունեցավ Սուլյանի ոչ այնքան դյուրագռգիռ սրտի վրա։ Նրան թվաց, թե մեջտեղ խառն է Դավիթ Զարգարյանի մատը։

— Ոչ ոք չի կարող իմ ներկայությամբ ասել, թե ես երբևէ կորցրել եմ Ալիմյանների ռուբլիները,— արտասանեց նա սրտմտությամբ, մի կողմնակի թունավոր հայացք ձգելով Դավթի վրա։

— Մի՞թե,— ասաց Միքայելն անորոշ,— թողնենք այդ։ Ասացեք խնդրեմ, պարոն Սուլյան, վերջին սպեկուլյացիայից ինչքա՞ն շահվեցաք։

Սուլյանն շտապեց իրեն զսպել և ժպտաց։

— Ես սպեկուլյացիայով չեմ պարապում։

— Զուր եք թաքցնում,— շեշտեց Միքայելը կծու եղանակով,— ձեր ձեռքից խլող չի լինիլ, մի՛ վախենաք։ Գնել եք վեց ու քառորդով, վաճառել յոթ ու քառորդով։ Զարգարյա՛ն, հաշվեցեք որքան է անում հարյուր հազար փթի վրա։

— Ուղիղ հինգ հազար ռուբլի,— պատասխանեց Զարգարյանն անմիջապես, ոչ առանց չարախնդության։

— Ուրախ եմ, շատ ուրախ եմ,— դարձավ Միքայելն ինժեներին,— գոնե այսուհետև իդեալիստների մոտ բուրժուաներին քիչ կհայհոյեք։

— Ես բուրժուաներին չեմ հայհոյում, իսկ իդեալիստ բարեկամներ չունիմ։

— Ուրեմն տարօրինակ է, շատ տարօրինակ — նկատեց Միքայելը գրգռված,— որ մարդիկ իդեալիստ են, քանի որ սոված են։ Իսկ երբ ճանաչում են փողի համը, մեզանից մի քայլ էլ առաջ են գնում և էլի մեզ են ծաղրում։

— Չեմ հասկանում, ինչո՞ւ համար եք դուք այդ ասում, Միխայիլ Մարկիչ,— հարցրեց Սուլյանը, տակավին ժպտալով։

— Ինչո՞ւ համար… Հենց այնպես… Մի՞թե սուտ է, որ դուք, բարձրագույն ուսում ստացածներդ անում եք թաքուն այն, ինչ որ մենք տգետներս անում ենք համարձակ, առանց քաշվելու։

Բոլորը զարմացած նայում էին Միքայելին։ Ոչ ոք չգիտեր, ինչու նա այդպես անսպասելի և անտեղի հարձակվում է ինժեների վրա։ Մինչդեռ պատճառը պարզ էր, թեև շատ նուրբ։ Հարձակվելով բարձրագույն ուսում ստացածների վրա, նա կողմնակի կերպով ուզում էր օրիորդի ներկայությամբ ցույց տալ իր արհամարհանքը դեպի այդ մարդիկ։ Կար նրա հարձակման մեջ և մի նուրբ ասեղ, ուղղված դեպի հարազատ եղբայրը, որ այդ պահին, նրա աչքում, կլանել էր Շուշանիկի բոլոր ուշադրությունը։

Նա գրգռված էր ոչ միայն Սուլյանի, այլև բոլոր ներկա եղողների դեմ։ Նրան գրգռում էին նույնիսկ անդամալույծի մրմունջները, որ մերթ ընդ մերթ լսվում էին մյուս սենյակից։ Սակայն Սմբատի լռությունն սկսեց նրան շփոթեցնել։ Վճռեց զսպել իրեն։ Զարդարյանն շտապեց խոսակցության նյութը փոխել։ Պատմում էին, որ տեղացի մի հայտնի հանքատեր պատրաստվում է իր հանքերը հանձնել ինչ-որ անգլիական ընկերության։ Սուլյանը մոռանալով Միքայելի կծու խոսքերը, սկսեց գործնական տեսակետից բացատրել, թե ներկա աճող պայմաններում մեծ սխալ է երկրի հարստությունները ծախել օտարներին, թեկուզ խոշոր գումարներով։ Այստեղ նա երևաց իր կոչման բարձրության վրա, ցույց տվեց իր բոլոր տնտեսական հոտառությունը ոգևորված նկարագրեց նավթային արդյունաբերության փայլուն ապագան։ Եվ ոչ ոք չկարողացավ հերքել նրա մտքերը, ոչ նույնիսկ Սմբատը, որ վիճում էր նրա հետ։

Օգտվելով այդ վիճաբանությունից, Միքայելը որ արդեն բավական խաղաղվել էր, դարձավ օրիորդին։

— Դուք իմ դեմ բարկացա՞ծ եք։

Օրիորդը գլխով անորոշ շարժում արավ։

— Ես պատրաստ եմ ներումն խնդրել,— շշնջաց Միքայելը։

— Էլի թեյ ածե՞մ,— հարցրեց Շուշանիկը բարձր ձայնով, որ ցույց էր տալիս, թե չի կամենում շշնջյունով խոսել։

Այս բացարձակ արհամարհանքն արդեն բոլորովին կատաղեցրեց Միքայելին, նա ոտքի կանգնեց, մոտեցավ լուսամուտին, աչքերը հառեց հեռավոր բուրգերին, մատների մեջ ցնցողաբար խաղացնելով ժամացույցի շղթան։

Մի քանի րոպե նա մտազբաղ նայում էր։ Երբ երեսը դարձրեց, արդեն Սուլյանը գնացել էր իր գործին, իսկ Զարգարյանը պատշգամբի վրա խոսում էր մի քանի մշակների հետ, ձեռին բռնած ինչ-որ փոքրիկ նավթոտ տետրակներ։

Որքա՜ն փոփոխություն. այլևս Շուշանիկի դեմքի վրա չկար սառնություն։ Նա ամբողջովին անձնատուր էր եղել խոսակցության։ Աչքերը փայլում էին ներքին հաճույքից, ստեպ-ստեպ գլուխը հանդարտիկ ցած էր իջեցնում, թեթևակի կարմրելով, և մատներով խաղում սփռոցի ծոպերի հետ։ Շրջապատող չոր ու ցամաք պրոզայի մեջ նրանք խոսում էին այնպիսի նյութերի մասին, որ միանգամայն չէին ներդաշնակում սև հեղուկի անախորժ հոտով տոգորված մթնոլորտին։ Սմբատն արտահայտում էր իր սերը դեպի բնությունը, այնտեղ, ուր բնությունը ոչ մի հրապուրիչ բան չուներ։

Միքայելը փորձեց մասնակցել զրույցին, հակառակ տրամադրված դեպի եղբայրը։ Բայց իսկույն նկատեց Շուշանիկի դեմքի փոփոխությունը։ Այդ աղջիկը չկարողացավ թաքցնել, որ միայն Սմբատի հետ է իրեն հաճելի զրուցել։

Ներս մտավ Զարգարյանը և Սմբատի առջև դրեց մի կտոր նավթախառն կավ։ Դա նոր հորից հանված վերջին տիղմն էր, որ Սուլյանը շտապել էր ուղարկել իր տիրոջը. Միքայելը անփույթ վերցրեց հողը, հոտոտեց և ասաց.

— Ինձ թվում է շատրվան է բացվելու։

— Երևի, քո բախտից,— ավելացրեց Սմբատը,— խոստացի՛ր մի բան Դավթին, եթե շատրվան լինի։

— Կարող ես նվիրել, ինչքան քեֆդ է, ինձ համար միևնույն է,— ասաց Միքայելը ոչ առանց հեգնության։

Նա մոտեցավ օրիորդին հրաժեշտ տալու։

— Սպասի՛ր, չէ՞ որ միասին պիտի գնանք,— ասաց Սմբատը։

— Ես քաղաք չեմ գնում։

Եվ, առանց բացատրություն տալու, շտապեց դուրս։

Կար ժամանակ, երբ մի որևէ կին նրան սառնություն կամ անտարբերություն էր ցույց տալիս, ինքն էլ արհամարհանքով երես էր դարձնում նրանից, որպես մի արժանագին նյութից, որի մասին չարժե երկար մտածել։ Նայել էր կանանց, ինչպես հագուստներին. չէր դուր եկել հագուստը կամ չէր սազել, իսկույն ձգել էր մի կողմ և նորը ձեռք բերել։ Այսօր կյանքում առաջին անգամ զգաց իրեն վիրավորված և ստորացած մի կնոջ արհամարհանքից։ Նա կատաղում էր Շուշանիկի դեմ և անիծում ինքն իրեն, որ այնքան ուշադիր էր դեպի նրա սառնությունը։

Դուրս գալով Զարգարյանների տնից, նա ոտով անցավ սև բուրգերի միջով և մտավ մեծ ճանապարհը։ Կես ժամ անցած կանգ առավ մի երկայն շինության առջև, որը կառուցված էր լայն ճանապարհի եզրին։ Այդ շինությունը պատկանում էր նրա հեռավոր ազգականներից մեկին, մի աննշան հանքատիրոջ, որ ինքն անձամբ կառավարում էր հանքերը։ Թանձր շոգու միջից հայտնվեց ալեխառն միրուքով ու մրոտ դեմքով մի նիհար մարդ հագին կաշվե բաճկոն և գլխին լայն եզրով գլխարկ։

— Օ՜օ, բարով, Միքայել,— դիմավորեց նա հյուրին,— այդ ո՞ր աստծուց է, որ մեզ հիշել ես։

— Այս երեկո, Օսեփ ապեր, հյուրդ եմ։

— Աչքիս վրա տեղ ունես։

Նա հյուրին առաջնորդեց իր բնակարանը, որ բաղկացած էր երկու փոքրիկ խոնավ սենյակներից՝ ցածր առաստաղով։

— Ներիր, որ պալատս շքեղ չէ, բարեկամ,— ասաց Օսեփ ապերը կատակով,— ի՞նչ անեմ․ անիծված հորերիս փորերը չորացել են, կաթիլ-կաթիլ են նավթ տալիս։ Այս րոպեիս էլի խողովակը ծովեց նոր հորի մեջ, խաթաբալի մեջ ընկա։ Տասը րոպե ինձ ներիր, իսկույն կգամ։ Կանչիր ծառային, ինչ որ քեֆդ է, հրամայիր, որ պատրաստի քեզ համար։ Ա՜խ, հոր փորողների վիզը կոտրվի…

Նա թողեց հյուրին մենակ և չքացավ։

Միքայելը հագուստով պառկեց անկողնակալի վրա և, ձեռները դնելով գլխատակին, աչքերը հառեց սևացած առաստաղին։ Միայն այժմ էր պարզվում նրա համար իր արարքի ամենամթին խավարը, միայն այժմ էր խիղճը գործադրում իր ամենասուր ասեղները։ Մի կողմից իր կրքերի զոհ Անուշը, մյուս կողմից՝ անկոչ դատավորի արհամարհանքով լի կերպարանքը։ Մի կողմից՝ անսահման զզվանք, մյուս կողմից՝ բարոյական վեհերություն մի աղքատ աղջկա առջև։ Այնտեղ՝ մոտիկ անցյալն իր բոլոր քստմնելի գույներով, այստեղ ներկան անորոշ, մթին, հուսահատական։ Զզվելով Անուշից, մղվում էր դեպի Շուշանիկը։ Ատելով մեկին, չէր ընդունվում մյուսից, և զգում էր իրեն մի տեսակ կախարդական շրջանի մեջ։ Որպես կրակի մեջ օղակված կարիճ՝ մնում էր նրան սեփական թունավոր ասեղը ցցել կրծքին և ինքնասպանությամբ վերջացնել կյանքը։ Բայց աներևույթ ձեռը նրան կաշկանդում էր և մի ներքին հզոր ձայն անընդհատ շշնջում. «դու փչացած ես, մաքրի՛ր քեզ»։ Մաքրի՛ր, որ արժանանաս մաքուր էակի հարգանքին։ Ա՜խ, այդ էակը, արդյոք, ի՜նչ է նրա բարոյական ուժը, որ այսպես ճնշում է նրան և ստիպում միշտ մտածել իր մասին։ Ահա նա․ կանգնած լուսավոր սեղանի քով, թեյ է պատրաստում հյուրերի համար, միշտ հայացքը հառած Սմբատի երեսին, միշտ նրան ականջ դնելով և նրա հետ խոսելով։ Մի՞թե, ճշմարիտ, սիրում է։ Եթե այո՛, մի՞թե չի նախագուշակում իր սիրո դժբախտ հետևանքը։ Իսկ Սմբա՜տը, արդյոք կա՞ նրա սրտում զգացում այդ աղջկա վերաբերմամբ։ Եթե կա, ինչո՞ւ պարզ չի արտահայտում։ Սակայն, ո՞վ գիտե, գուցե արդեն արտահայտել է, և այժմ Միքայելն անգիտակցաբար կատարում է մի ծիծաղելի դեր։

Նորից նրա վիրավորված ինքնասիրությունը բորբոքվեց։ Նա կատաղում էր ոչ այնքան Սմբատի, որքան Շուշանիկի դեմ։ Եթե այդ աղջիկը լիներ հարուստ, փայլուն ընտանիքի մի զավակ կամ առաջնակարգ գեղեցկուհի, հասկանալի կլիներ։ Բայց նա ոչ այս է, ոչ այն. ուրեմն, ի՞նչ մի գաղտնի ուժ կա նրա մեջ, որ միաժամանակ հափշտակում է երկու եղբորը և ակամա ձգում նրանց մեջ խուլ գժտություն։ Ո՛չ․ չարժե մտածել այդ «ոչնչության» մասին, պիտի դեն շպրտել նրան մտքից։ Քաղաքը լի է նրա նմաններով. առաջին պատահած աղջիկը կարող է փոխարինել նրան։ Միքայելն ինքն է արվեստական կերպով այդ չնչին էակին իդեալացնում և դնում ինչ-որ անմատչելի բարձրության վրա։

— Անիծվի ինձ նման հանքատիրոջ օրը,— լսվեց Օսեփ ապոր ձայնը,— որքան գլուխս պատերին եմ տալիս, բան չի դուրս գալիս։

Նա գլխարկը շպրտեց մի կողմ և մոտեցավ լվացարանին՝ լվացվելու։

— Հը՞մ, ի՞նչ պատվիրեցիր ընթրիքի համար,— հարցրեց նա սապոնի փրփուրը քսելով երեսին։

— Ոչինչ չեմ պատվիրել և ոչինչ էլ հարկավոր չէ։ Խնդրեմ, նեղություն չքաշես, եկել եմ միայն մի քիչ հանգստանալու այստեղ։

Շուտով սենյակի մթնոլորտը թվաց նրան սուղ, անտանելի։ Նա մտածեց, որ այս պահին, երբ ինքը պառկած է ծերունու տխուր սենյակում, այնտեղ, այն լուսավոր սեղանի քով նրան մտքում ծաղրում է Շուշանիկը։ Նա ոտքի կանգնեց, և այդ միջոցին մի մարդկային կերպարանք դրսից հայտնվեց լուսամուտի առջև և իսկույն չքացավ։ Օսեփը մոտեցավ, նայեց և ոչ ոքի չտեսավ։

— Դու գնու՞մ ես,— հարցրեց նա հյուրին։

— Այո՛, ներիր, գլուխս ցավում է։

— Ի՞նչ է պատահել քեզ, դու գունատ ես և հուզված, կարծես, դողում ես։ Չլինի՞ հիվանդ ես․ ո՛չ, այդպես քեզ բաց չեմ թողնիլ իմ տնից։

— Ես եկա քեզ մոտ գիշերելու, բայց հանկարծ միտս ընկավ, որ քաղաքում շատ կարևոր գործ ունեմ այս երեկո։ Ցտեսություն։

Նա դուրս եկավ շտապ քայլերով։ Նա համոզված էր, որ այժմ էլ Սմբատը, մաքուր սեղանի քով նստած, զրուցում է Շուշանիկի հետ։ Եվ այս միտքը նրան հանգստություն չէր տալիս։ Նա ուզում էր անպատճառ վերադառնալ Զարգարյանների մոտ, եթե ներս չմտնել, գոնե լուսամուտից մի հայացք ձգել դեպի ներս։

Երեկոն մութն էր այնչափ, որ սև բուրգերը չէին երևում։ Մեքենաների թանձր շոգին մթնոլորտը տոգորել էր խոնավությամբ և տարածել անդուրեկան հոտ։ Նա դուրս եկավ սև հեղուկով ապականված մի շավիղ։ Ստեպ-ստեպ սայթաքում էր, հազիվ կարողացավ հավասարակշռությունը պահել։ Ակամա համեմատեց իր անցյալն այդ շավիղի հետ։ Ամբողջ կյանքն ընթացել է այսպիսի սև, մթին, կեղտոտ ու լպրծուն ուղիով և ապականվել մինչև ոսկորների ծուծը։ Մթության մեջ պատկերացան ընկերների շրջանը, զեխ գիշերները, անբարոյական կանայք։ Եվ նորից զգաց մի անասելի զզվանք դեպի իր անցյալը։

Նրա առջև բացվեց մի դատարկ տարածություն։ Բնազդաբար նայեց շուրջը։ Հանքերը լուսավորում էին էլեկտրական լամպաներով, բայց մեքենաների շոգին նսեմացնում էր նրանց լույսը, ինչպես թանձր մշուշ։ Ուշ գիշերներն այդ տեղերով անցնելը բավական վտանգավոր էր։ Մութ անկյուններում միշտ թափառում էին անգործ սրիկաներ, որոնք հարմար ժամանակին հարձակվում էին մենակ անցորդների վրա, կողոպտում, վիրավորում, երբեմն էլ սպանում։

Հեռվում փայլեցին Զարգարյանների բնակարանի լուսամուտները կարմիր-դեղնագույն լուսով։ Դարձյալ նա վրդովվեց իր դեմ. տեր աստված, ինչո՞ւ այսչափ հիմարանալ և կաշկանդվել մի անբացատրելի ուժից։ Նա փախչում է իր կեղտերից, կարծես, այդ լուսո ճառագայթներում լվացվելու ու մաքրվելու համար։ Հետ չդառնա՞ արդյոք, մի վճռական քայլով վերջ տա երեխայական տատանումներին ու մտատանջությանը և նորից անձնատուր լինի նախկին կյանքին։ Ճշմարիտ, ծիծաղելի, նույնիսկ վիրավորական է այսչափ ենթարկվել մի աղքատ ու աննշան աղջկա հրապույրին և այն էլ մի մարդու համար, որի աչքում կանայք վաղուց են կորցրել իրենց պոետիկական հրապույրը։ Վճռված է․ վաղը ևեթ նա հանքերից կվռնդի Զարգարյանին՝ իր ընտանիքի հետ։ Թող գնա կորչի այդ աղջիկն իր հպարտությամբ ու արհամարհանքով…

Այնինչ, նա շարունակ քայլում էր առաջ, միշտ աչքերը հառած համեստ բնակարանի լուսամուտներին։ Այժմ նա մոտենում էր ինչ-որ փլատակների, որոնց կողքով պիտի անցներ, և այնուհետև մնում էր ընդամենը երկու հարյուր քայլ մինչև Զարգարյանների բնակարանը։ Նրան թվաց, թե երկու մութ պատկերներ ճանապարհի աջ եզրից անցան ձախը և մոտեցան փլատակներին։ Նրա սրտում ծագեց երկյուղի պես մի բան։ Ձեռը տարավ ծոցը և հավաստիացավ, որ ատրճանակը գրպանումն է։ Քայլերը մի քիչ արագացրեց, բնազդաբար նայելով աջ ու ձախ։

Խառնաշփոթ մտքերի մեջ հանկարծ մի հարց ծագեց նրա գլխում —ինչո՞ւ Պետրոս Ղուլամյանը զուրկ է պատվի զգացումից։ Ճշմարիտ, ահա մի մարդ, որի ընտանեկան պատիվը ցեխոտել են և նա մինչև այժմ ոչ մի կերպ վրեժ չի առնում իր թշնամուց։ Նա ուսերն արհամարհանքով վեր քաշեց։ Այդ վայրկյանին նա դարձյալ տեսավ երկու մթին պատկերները, որոնք չքացան փլատակների հետևում։ Զգաստության համար հանեց գրպանից ատրճանակը և պահեց ձեռին պատրաստ։ Մի քանի վայրկյան անցած, նա մտքում ծաղրեց իր երկչոտությունը, ատրճանակը դրեց գրպանը։ Նորից հիշեց Պետրոս Ղուլամյանին։

«Աննամուս»,- արտասանեց շշնջյունով։

Եվ ճիշտ նույն վայրկյանին պարանոցի վրա զգաց ինչ-որ պաղություն։ Սարսռեց, որպես զազրելի սողունի շփումից։ Կամեցավ հետ նայել, ձեռը տանելով ծոցի գրպանը, բայց չկարողացավ շարժվել։ Երկու զույգ ձեռներ ամուր բռնել էին նրա թևերն աջ ու ձախ կողմերից։

Մեկն ինչ-որ բութ զենքի հարվածով թուլացրեց նրա աջ ձեռը։ Նա մատը սեղմեց ատրճանակի ոտին, և մի ակընթարթ խավարը փարատվեց վառոդի լույսից։ Գնդակը, սուլելով անցավ թաքնվեց փլատակների մեջ, վզզալով ինչպես թունավոր ճանճ։ Նա փորձեց երկրորդ անգամ արձակել։ Մի նոր հարված այս անգամ բոլորովին ուժասպառ արավ նրա ձեռը։ Զենքն ընկավ գետին։ Մեկը թեքվեց ցած և արագությամբ վերցրեց ատրճանակը՝ ասելով։

-Հա՛յ, զենքը քեզ չի սազում։

— Մի՛ շարժվիր, գյավուր, եթե չես ուզում սպանվել,— լսվեց մի երկրորդ ձայն։

Եվ մի ձեռ փակեց նրա բերանը, թույլ չտալով գոռալ և օգնություն կանչել։

Սրիկաների երեսները ծածկված էին գլխոցներով։ Խոսում էին նրանք թուրքերեն, արհեստաբար ձայները խռպոտ դարձնելով։

Նա ճիգ արավ կոկորդն ազատել անհայտ չարագործի մատներից, որ, կարծես, խրվել էին նրա մսի մեջ։ Եվ մի վայրկյան ազատելով, գոչեց.

— Կողոպտե՞լ եք ուզում, թե սպանել։

— Ոչ մեկը,— պատասխանեց սրիկաներից մեկը։

— Այ քո հավատը… լսվեց մի ուրիշ ձայն։

— Այնպես խփեցե՛ք, որ չմեռնի։

Սրիկաները երեք հոգի էին։

Հարվածներն սկսեցին տեղալ կարկտի պես գլխին, ուսերին, կրծքին ու մեջքին։

Տեղի ունեցավ անհավասար մարտ. մի կողմից հանկարծակի զինաթափ եղած մեկը, մյուս կողմից՝ երեք հաղթանդամ տղամարդիկ։

Միքայելը կռվում էր ատամներով, ոտներով, գլխով։

Մեկը սրիկաներից սաստիկ ցավից գոռաց, մեջքից երկու ծալ թեքվելով։ Այն ժամանակ մյուսները կատաղեցին։

— Գյավու՜ր,— գոչեց մեկը և ուժով թավալեց նրան գետնին։

Սկսեցին նրան կոխոտել ոտների տակ։

Նա բռնեց մեկի ոտներից, թավալեց գետնին, հարձակվեց վրեն և սկսեց խեղդել։ Հուսահատությունը նրան ներշնչել էր գերբնական ուժ։ Թուրքը հեծեծում էր նրա տակ, ինչպես մորթվող եզ, ոտներն ուժգին թափով գետնին զարկելով։ Եվ նա անշուշտ կսպաներ սրիկային, եթե շուտով բազկի վրա չզգար սուր պաղություն, հետո թաց ջերմություն Նրա ձեռը թուլացավ, բաց թողեց հակառակորդի կոկորդը։

—Նշանը դրեցինք, հերի՛ք է, բա՛ց թողեք,— ասաց սրիկաների գլխավորը։

Միքայելի շնչառությունն արդեն սպառվում էր։ Սկսեց բազկի վերքից մրմնջալ։ Ամբողջ կյանքը մթության մեջ պատկերացավ նրա առջև իբրև ավելի խորին մթություն, իբրև անբարոյականության քաոս։ Մի՞թե նրան վիճակված է այսպիսի խայտառակ մահով մեռնել, ինչ-որ անհայտ չարագործների ձեռքից։ Եվ ինչո՞ւ, ո՞վ է վրեժ խնդիր լինում նրանից։

— Բեգրուս աղային ճանաչո՞ւմ ես… Նրա ղուլերն ենք… լսեց նա հանկարծ։

Ահա ինչ, ահա որտեղից է գալիս հարվածը։ Պատվի վերջին զգացումից զուրկ համարված մարդն էլ է վրիժառության միջոց ունեցել։ Այդ սրիկաները վարձված են Ղուլամյանից։ Դա թեև տմարդի, բայց սոսկալի վրիժառություն է…

— Բավական է,— ասաց վարձկան սրիկաների պարագլուխը,— թե չէ կմեռնի… էժան գնով։ Բեգրուսը ժլատ է…

Նրանք շուտով աներևույթացան գիշերային խավարի մեջ, որպես նույն խավարի ծնունդներ։

Այժմ Միքայելի անշունչ մարմինը տարածվել էր նավթախառն ավազի վրա։

Հեռվում տակավին փայլում էին Զարգարյանների լուսամուտները կարմիր-դեղնագույն լուսով…


V


Նույն պահին, երբ կատարվում էր այս վայրենի գործողությունը, Ալիմյան ընտանիքի գլխին մի ուրիշ դժբախտություն էր եկել։

Քաղաք վերադառնալով, Սմբատը լսեց, որ Արշակն առավոտից անհետացել է, հայտնի չէ ուր։ Այն մարդը, որ նշանակված էր նրա վրա հսկիչ կամ, ինչպես Սրաֆիոն Գասպարիչը նրան անվանում էր «լյալա», ամբողջ օրը փնտրել էր, չէր գտել։ Բանը պատահել էր այսպես. առավոտն Արշակը Սրաֆիոն Գասպարիչից փող է խնդրում. ծերունին, փողը նրան տալու փոխարեն, տալիս է հսկիչին։ Արշակը կատաղում է, կռվում բոլորի հետ և բոլորին հայհոյում փողոցային հիշոցներով։ Հետո վազում է և փակվում Սմբատի առանձնասենյակում։ Հսկիչը չի համարձակվում նրա հետևից գնալ։ Մի քիչ անցած, պատանին դուրս է գալիս այնտեղից գողնովի. ոչ ոք չի տեսնում նրան, բացի Անտոնինա Իվանովնայի աղախնից։ Արշակը գունատված և հուզված գոչում է. «կասես բոլորին, որ էլ երեսս չեն տեսնիլ»։ Աղախինն անմիջապես վազում է և այրի Ոսկեհատին հայտնում։ Այրին իսկույն հսկիչին ուղարկում է որդու հետևից։ Ամեն տեղ խեղճ մարդը փնտրում է պատանուն և չի գտնում։

Լսելով անախորժ լուրը, Սմբատը ձեռը խփեց ճակատին և շտապով անցավ իր սենյակը։ Մոտեցավ գրասեղանին, շարժեց դարանը, որ իսկույն բացվեց առանց բանալիի։ Նայեց և ապշած հետ կանգնեց մի քայլ։ Միջին դարանը կոտրած էր, թղթերը տակն ու վրա արած։

Սմբատը նայեց դարանի անկյունները, խառնեց թղթերը, բաց արավ մյուս դարանները, որոնեց սեղանի վրա, թղթապանակների մեջ և, որոնածը չգտնելով, թուլացած ընկղմվեց բազկաթոռի վրա։ Առավոտը բանկից բերել էր տվել բավական խոշոր մի գումար, որ հանքերից վերադառնալուց հետո, նույն երեկո պիտի բաժաներ նոր շինության վրա աշխատող կապալառուներին և արհեստավորներին։

Դրամի կապոցն անհետացել էր։ Կասկած չկար, որ գողացել էր Արշակը։ Ահա, ուրեմն, նրա փախչելու պատճառը. պակասում էր գողությունը - այս էլ արավ։

Նա թղթերը ժողովեց, դրեց դարանը, իջավ գրասենյակ և սպասող արհեստավորներին խնդրեց վաղը գալ վարձ ստանալու։ Հետո կանչեց գործակատարներին, և պատվիրեց Արշակին որոնել ամենուրեք, նույնիսկ անառականոցներում։ Արդեն այնքան վատ գաղափար ուներ եղբոր մասին, որ կարծում էր, թե միայն անառակ կանանց համար պիտի շռայլի գողացած փողերը։ Նա ոչ ոքի չհայտնեց գողության մասին, նույնիսկ Սրաֆիոն Գասպարիչին։

Նորից բարձրացավ վերև, ենթարկվեց մոր կծու կշտամբանքին։ Այրին ասում էր։ թե Արշակը մեղավոր չէ, որ տնից փախչում է։ Վերջին ժամանակ նրան կատարելապես տանջում էին․ բանտարկել էին, ոտով-ձեռով կապել ինչ-որ «լյալայի» հետ։ Ծախսի փող չէին տալիս «խեղճ երեխային»։ Արշակը մազերը փետտում էր, լաց լինում, սպառնում էր իրեն սպանել։ Նա կատարել է իր սպառնալիքը․ կամ ծովն է ընկել, կամ պարանով խեղդվել, կամ ռեվոլվերով իրեն սպանել։ Տաքարյուն տղա է, կանի, անպտաճառ կանի…

— Իսկի էլ չի անիլ,— գոչեց Սմբատը վշտացած մոր կշտամբանքից,— նա ինքնասպանություն գործող տղա չէ։ Կարող եմ հավատացնել, որ այժմ, անառակների հետ շնթռած, քեֆ է անում։

— Ո՛չ, խելոք է որդիս, ո՛չ գիժ,— ասաց այրին, արտասուքը սրբելով,— մեկը փչացավ, մյուսն էլ նրա ճանապարհով է գնում։ Իսկ դու, դու նրանցից ավելի վատ դուրս եկար, ավելի խորը խոցոտեցիր սիրտս…

Ազատվելով մոր ձեռքից, Սմբատն ընկավ քրոջ ձեռքը։ Ներս մտավ թե չէ, տիկին Մարթան սկսեց ուղղակի հարձակվել նրա վրա։

— Դու հորս որդուն չես թողնում օր տեսնի։ Ընկել ես կնոջդ կոշիկների տակ, ինչ ուզում է, անում ես։ Քանդեց իմ ծնողների տունն այդ կնիկը։

— Մարթա, թո՛ղ այդ կնոջը հանգիստ, խոսք ունիս ասելու, ինձ ասա։

— Քեզ ասելու ոչինչ չունեմ, կռիվս նրա հետ է, նա է քանդում մեր տունը։ Մարկոս աղայի սիրած որդին գրպանում ծախսի փող չունենա, գնա իրենը ծո՞վը գցե, բաս այս կվերցնի՞ աստված…

— Այո՛, գրպանում փող չունի, բայց սիրուհիներ պահում է,— ասաց Սմբատը դառն հեգնությամբ,— ինձանից թաքուն մորից ստացած փողերով։

— Աոաջինը սուտ է, Արշակը սիրուհիներ չունի, երկրորդը, եթե ունի էլ, շատ լավ է անում՝ պահում է, թշնամիների աչքն էլ է հանում։ Ո՞վ չունի մեր ժամանակում սիրուհիներ։ Եթե իմ մարդը, ինձ պես կնիկ ունենալով, պահում է սիրուհիներ, ինչո՞ւ Արշակի պես ջահելը չպիտի պահի… Ժամանակիս սովորությունն է։

Սմբատը զայրացած և ապշած նայեց քրոջ երեսին։ Այդ հանդուգն պարզախոսությունը վիրավորեց նրան մինչև հոգու խորքը, դիպչելով արյունակցական զգացմանը։ Նա ամաչեց։

— Լռի՛ր, լռի՛ր, Մարթա…

Բայց Մարթան արդեն կորցրել էր չափավորության զգացումը։

— Ո՜ւխ,— արտասանեց նա,— սուրբը դու ես, դո՛ւ ոտից մինչև գլուխ։ «Լռի՛ր». իսկի էլ չեմ լռիլ։ Ի՞նչ կա, ումի՞ց պիտի քաշվեմ։ Չլինի՞ թե քեզանից։ Ինչպե՞ս չէ, քեզ էլ ենք լավ ճանաչում։ Դու որքան կարող ես, շուտ-շուտ գնա Բալախանի…

Ակնարկն այնքան հանդուգն էր, որ Սմբատը չկարողացավ իրեն զսպել և բարձրաձայն գոռաց.

— Լռելո՞ւ ես, հիմար կին, թե՞ չէ…

— Ի՞նչ է, սրտիդ դիպան, հաա՞։ Մի՛ վախենա, ես իսկի էլ քեզ չեմ նախատում։ Այդ տեսակ կնիկ ունեցողը կարող է անել, ինչ որ քեֆն է…

Այրի Ոսկեհատն ընկավ աղջկա ու որդու մեջ և աղերսեց վերջ տալ կոպիտ վեճին։

Սմբատը դուրս գնաց, բայց նրան սպասում էր ուրիշ տեսարան։ Անտոնինա Իվանովնան սաստիկ հուզված էր։ Մի փոքր առաջ սկեսուրը նրան վիրավորել էր։ Վշտացած մայրն իր սրտի թույնը թափում էր առաջին պատահողի գլխին։ Հանդիպելով հարսին բնակարանները բաժանող միջանցքում, նա անխոհեմաբար արտասանել էր մի քանի վիրավորական խոսքեր ռուսերեն լեզվով: Խոսքեր, որոնց իսկական իմաստը չգիտեր։ Հարսը հասկացել էր միայն կոպիտ հիշոցները, առանց հասկանալու նրանց շարժառիթը։ Իսկ շարժառիթը սովորական էր այն օրից, երբ նա ոտ է դրել Ալիմյանների տունը, ընտանիքի թշվառություններին վերջ չկա։

Անտոնինա Իվանովնան ներվային կին չէր, բայց այս անգամ այնքան վիրավորվել էր, որ տեսնելով Սմբատին հեկեկաց։

— Այս կյանք չէ, այլ դժոխք,— կրկնում էր նա։

— Ո՛չ, դժոխք չէ, այլ քաոս,— արտասանեց Սմբատը։

Նյարդերն այլևս անզոր էին դիմանալ ընտանեկան փոթորկին։ Գլուխը պտտում էր, արյունը պղտորվել էր։ Վախեցավ, մի գուցե ընդհարումն ավելի սուր կերպարանք ստանա և ակամա կրկնակի վշտացնի կնոջը, որին այս դեպքում անմեղ վիրավորված էր համարում սկեսուրի կողմից։

Նա շտապեց դուրս։ Նա փախչում էր և՛ կնոջից, և՛ մորից, և՛ եղբայրներից ու քրոջից։ Ի՜նչ չնչին և ծաղրելի կյանք - գտնվել երկու հակառակ տարրերի մեջ և կատարել ինչ-որ անզոր նշանակի դեր՝ երկու կողմից տեղացող կրակի համար։ Ահա՛ թե կյանքի դրաման երբեմն որպիսի, ըստ երևույթին, չնչին բաներից է հյուսվում։ Ի՞նչ անել, արդյոք, բաժանվել մորի՞ց, թե՞ կնոջից։ Ո՛չ այս կարող է անել, ո՛չ այն։ Մեկի հետ կապված է հայրական կտակով և որդիական սիրով, մյուսի հետ՝ զավակներով։ Թող փիլիսոփաները տեսականորեն վճռեն դիլեման, բայց Սմբատն անզոր է նրան վճռելու…

Նա կառք նստեց, դիմեց դեպի ծովեզրը, գնաց Բաիլով թերակղզին։ Սառը և լուսնկա երեկո էր։ Ծովը հանդարտ էր, միայն եզերքի թեթև ալիքները, շփվելով ավազոտ ափերին, տարածում էին մեղմիկ շառաչյուն, որ հիշեցնում էր մետաքսի խշխշյուն։ Նոսր կաթնագույն մշուշով տոգորված մթնոլորտը խոնավ է։ Պայծառ լուսնի շողերը, անցնելով այդ մշուշի միջով, ծավի մակերևույթը չէին լուսավորում, այլ սքողում էին մի նուրբ շղարշով, սրի ներքո նավերի անթիվ կայմերը ներկայացնում էին խորհրդավոր անտառ։ Մերթընդմերթ լսվում էին շոգեշարմ նավակների շվիկների սուլոցները, որ, սուր նետերի պես օդը ճեղքելով, տարածվում էին հեռու ու հեռու։

Գործնական քաղաքը դեռ չէր նիրհել։ Այնտեղ տիրում էր խուլ դղրդյուն։ Այդ դղրդյունի միջից լսվեց մի զիլ ձայն, որ հետզհետե սաստկանալով, իջավ ցած ու ցած և կորավ, չքացավ մթնոլորտի մեջ։ Ո՞վ գիտե ուր երգում էր մի պարսիկ, իր սրտի ուրախությունը թե վիշտը բարձրաձայն հաղորդելով ամենակուլ տարածությանը։

Սմբատի կառքը բարձրանում էր մի բարձրավանդակով, և քանի գնում, ծովն ավելի ու ավելի ընդարձակվում է նրա առջև։ Երկու կառք սլացան նրա մոտով և առաջեցին։ Մի խումբ զվարճամոլներ, ով գիտե ինչ քեֆից հետո, դուրս էին եկել մաքուր օդ շնչելու։ Մեկը տեղական հասարակ շվու վրա նվագում էր Cavaliera rusticana-յից մի թախծալի կտոր։ Նվագողը ոգևորված էր։ Մեղմ և ախորժալուր հնչյունները թափանցում էին մարդու սիրտը։ Կարծես, այդ հնչյունները լուսնից էին գալիս և կազմում աննման մի ներդաշնակություն մելամաղձիկ երկնի հետ։

Եվ այս բոլորն ազդում էր Սմբատի գրգռված հոգու վրա, բորբոքում նրա սրտի վերքերը։ Թվում էր նրան, որ այս պահին բոլորը բախտավոր են, բացի իրենից։

Հասնելով թերակղզու ծայրը, կառապանը կառքը հետ դարձրեց, առանց հարցնելու Սմբատի կամքը։

Նա վերադարձավ տուն։ Ուղարկված գործակատարները դեռ ոչ մի լուր չէին բերել Արշակի մասին։ Ոսկեհատը լալիս էր և անիծում իր վիճակը։ Մարթան, մի անգամ ևս մորը լարելով Անտոնինա Իվանովնայի դեմ, հեռացել էր։ Իսկ Անտոնինա Իվանովնան քաշվել էր իր սենյակը և խորհրրդակցում էր եղբոր հետ՝ իր անելիքի մասին։

Տանը տիրում էր մի անհյուրընկալ սառնություն, որ ճնշեց Սմբատի հոգին։ Նա շտապեց դուրս գալ նորից։ Այս անգամ, ոտով մի քանի փողոցներ անցնելով, մտավ քաղաքի առաջին ճաշարաններից մեկը։ Նստեց ընդարձակ սենյակի մի խուլ անկյունում և պահանջեց մի շիշ գարեջուր։ Մյուս սենյակից լսվում էր բիլիարդի գնդակների չխչխկոցը։ Շուրջը նստած էին փոքրիկ սեղանների քով թվով մոտ քսան եվրոպացիներ, մեծ մասամբ շվեդացիներ ու գերմանացիներ։ Խմում էին, ընթրում, զվարճախոսում, ծխելով իրենց կարճլիկ ծխաքարշերից։

Սմբատի զգացումները շուտով սկսեցին բթանալ թմրեցուցիչ գարեջրի ազդեցությամբ։ Մի պահ նրա աչքերից հեռացավ այն սև ուրվականը, որին համարում էր իր անհաջող սկսված ու դժբախտ շարունակվող ամուսնական կյանքը։ Մոռացավ նաև Արշակին։ Արժե՞ միթե մտածել նրա մասին։ Կվատնի փողերն ու վաղ թե ուշ կվերադառնա տուն։ Ի՞նչ ասել է եղբայրական սեր, եթե ոչ մի հին նախապաշարում։ Նույնն է և՛ որդիական սերը։ Բոլորը դատարկ, անիմաստ զգացումներ են, որ մարդիկ արվեստականորեն զարգացրել են իրենց մեջ դեռ վայրենության դարերում։ Այո՛, կեղծ են բոլոր արյունակցական զգացումները, ինչպես կեղծ է առհասարակ մարդկային զգացումների իննսուն տոկոսը։ Միայն մի զգացում է արմատական, անկեղծ, բնածին և անջնջելի - եսասիրությունը։ Հեռո՜ւ նախապաշարումներ, պետք է եսամոլ լինել։ Սպասավո՛ր, գարեջուր։ Այս լավ չէ, ուրիշը բեր, բե՛ր և մի բաժակ կոնյակ, բե՛ր երկրորդը, երրորդը։

Նա խմում էր բաժակ-բաժակի հետևից։ Մենակ Էր, ազատ՝ կնոջ անախորժ ձայնից, մոր անվերջ բողոքներից, երեխաների աղմուկից։ Ա՜խ, երանի ամուրիներին։ Ի՜նչ հաճելի է ռեստորանի մթնոլորտը, այս անծանոթ հյուրերի զվարթ դեմքերը։ Այստեղ ամեն ինչ պարզ է և հասկանալի, իսկ տանը՝ բարդ, մթին։

Նա գլուխը դրեց կռների վրա՝ սեղանի եզրին։ Մտքերը խառնաշփոթվել էին, այլևս չգիտեր ում մասին մտածի։ Բոլորը և ամեն ինչ խառնվել էին նրա գլխում և դարձել անթափանցելի քաոս…

Մեկը ծխախոտի թանձր ծխի միջից մոտեցավ նրան, գդակը ձեռին, և կամացուկ արտասանեց նրա անունը։ Նա գլուխը բարձրացրեց և տեսավ այն գործակատարներից մեկին, որոնց պատվիրել էր Արշակին գտնել։

— Գտա՞ք այն անպիտանին,— հարցրեց նա, շիշը բարձրացնելով, որ բաժակը լցնի։

— Այսօր տասներկու ժամին նրան տեսել են երկաթուղու կայարանում մի կնոջ հետ, գնացքի ժամանակ։

— Մի կնոջ հե՞տ,— կրկնեց Սմբատը,— ախ, անպիտա՜ն գարշելի՜… Պետք է փնտրել ու գտնել, անպատճառ գտնել։ Է՜ է, ինչո՞ւ եք եկել, ո՞վ ասաց, որ առանց գտնելու գաք…

— Եկել եմ հայտնելու, որ հանքերից ձեզ խնդրում են…

— Հրդե՞հ,— գոչեց Սմբատը,— է՛, ի՞նչ անեմ թող այրվի ամեն բան, թող այրվի, ոչնչանա…

— Հրդեհ չկա, ուրիշ բանի համար են կանչում։

— Շատ լավ, շատ լավ։ Ասում եք՝ Արշակին տեսել են կայարանո՞ւմ։ Ուրեմն, նա փախել է այդ կնոջ հետ։ Պետք է ոստիկանությանը հայտնել, ամեն կողմ հեռագիրներ տալ, մարդիկ ուղարկել։ Ա՜խ, անբարոյակա՜ն, փչացա՜ծ մանուկ։ Սպասավո՛ր, ստացիր խմածիս փողը… Ես իսկույն կգնամ ոստիկանատուն։ Ոստիկանատո՞ւն,— ավելացրեց նա, հանկարծ եղանակը փոխելով,— ի՞նչ հիմարություն։ Ինչո՞ւ պիտի գնամ, մի՞թե պարտավոր եմ գնալու։ Էհ, թող կորչի անիծվածը․ նա իմ եղբայրը չէ, ես եղբայր չունեմ։ Դուք էլ հեռացե՛ք այստեղից, լսո՞ւմ եք, հեռացեք, թողեք ինձ հանգիստ։ Սպասավոր, կոնյակ բեր…

Գործակատարն ապշած նայում էր, առաջին անգամն էր տիրոջը տեսնում այդպես հարբած։

— Եթե կամենաք, ես կգնամ ոստիկանատուն,— ասաց նա, գդակը ձեռների մեջ ճմլտելով,— իսկ ձեզ խնդրում են անպատճառ և իսկույն գնալ հանքերը…

— Է՜հ, հանքերը, հանքերը, ձանձրացրին ինձ այդ հանքերը։ Սպասավոր, տելեֆոն ունե՞ք։

— Կա։

Գործակատարը տելեֆոնի թելը միացնել տվեց Ալիմյանների հանքերի հետ, կանչեց Սուլյանին։ Սմբատը խոսեց ինժեների հետ և իմացավ Միքայելին պատահած դժբախտությունը։

— Ծեծե՞լ են․ էէ՜յ, վիրավորե՞լ են, բայց ո՞վ,— գոչեց նա, մոլոր քայլերով հեռանալով տելեֆոնից։

Լուրը բավական սթափեցրեց նրան։ Տրորեց ճակատը, կարծես, քնից արթնանալու համար, հրամայեց գործակատարին գնալ, ոստիկանատանը հայտնել Արշակի կորստյան մասին, իսկ ինքը դուրս եկավ, կառք նստեց և հրամայեց քշել դեպի հանքերը։

Սառն օդն արթնացրեց նրա թմրած ուղեղը։ Եղբոր ծեծվելու լուրը նոր միայն սկսեց ազդել նրա վրա։ Ո՞վ գիտե, գուցե սպանված է, Սուլյանը թաքցրեց։ Կարող էր ինքնասպանություն գործել, վերջին ժամանակ շատ էր խորասուզվել ինքն իր մեջ։ Հարկավ, տանջվում էր վիրավորված պատվի զգացումից։ Տեր աստված, այս ի՞նչ խայտառակ դրություն է. մեկը ծեծված և անպատիվ եղած ամբողջ քաղաքում, մյուսը՝ հիվանդոտ, գող և փախստական, քույրը՝ կռվարար, չարասիրտ, մայրը՝ թույլ իր զավակների բարք ու վարքերի վերաբերմամբ։ Իսկ ի՞նքը. ի՞նչ էր անում այն ճաշարանում։ Հարբում էր իր վշտերը մոռանալու համար։ Այդ ի՞նչ չար ոգի է մտել Ալիմյան ընտանիքի մեջ և քայքայում է նրան։ Ո՞վ է անիծել այդ խեղճ ընտանիքին։ Ինչո՞ւ հարստությունը երջանկացնելու փոխարեն դժբախտացնում է նրան։ Վերջապես , այս ի՞նչ ընտանիք է, ավանդությունները մոռացված, բարոյական կապերը խախտված, ի՞նչ պիտի լինի այս քաոտիկ դրության վերջը…

Այս ծանր մտքերի տակ Սմբատը հասավ հանքերը։

Ծեծն այնքան սաստիկ էր եղել, որ Միքայելի կյանքին վտանգ էր սպառնում։ Բաց օդի տակ նա մնացել էր ուշաթափ երկար ժամանակ։ Ուշքի գալով, իրեն տեսել էր մի քանի մշակների ձեռների վրա։ Նորից ուշաթափվելով և նորից ուշքի գալով, աչքերը բաց էր արել և գլխի վրա նշմարել էր Սուլյանի ու Դավիթ Զարգարյանի հուզված դեմքերը, նաև մի զույգ անկեղծ ցավակցությամբ լի սիրուն աչքեր։

Անմիջապես լուր էին տվել տեղական ոստիկանությանը, բժիշկ էին հրավիրել վերքերը կապելու։ Նա խնդրել էր, որ ոստիկանապետն իրեն քննության չենթարկի․ անհայտ չարագործներ էին, կողոպտելու համար ծեծեցին և անհետացան։ Ոչ մեկին չի ճանաչում։

Տեսնելով Սմբատին, նա արտասվեց երեխայի պես։

— Երեքը մեկի վրա, երեքը մեկի վրա,— կրկնեց նա, կարծես վախենալով, որ եղբայրը կմեղադրի իրեն պարտության համար։

Նրա ամբողջ մարմինը ծածկված էր կապույտ բծերով, բազուկը դանակի հարվածով վիրավորված, դեմքն անխնա ճանկռոտված։ Ամենից վտանգավորը գլխի վերքն էր։ Բժիշկն ասում էր, թե այդ վերքից կարող է առաջանալ արյան բորբոքում։ Անհրաժեշտ է համարում անպայման անդորրությունը։

Զարգարյան ընտանիքը շրջապատել էր նրան, ամեն ոք աշխատում էր մի բանով օգտակար լինել։

Հետևելով հոգու բնական բարի ձգտումներին, Շուշանիկը մոռացավ իր վիրավորանքը և սկսեց հարազատ քրոջ խնամքով ծառայել հիվանդին այնպես, ինչպես շատ հիվանդ բանվորների էր ծառայել։ Դեպքը բացառիկ էր. ներելի էր մի օրիորդի ցավակցել մի օտար երիտասարդի, որ պառկած էր կից սենյակում, ջարդված, վիրավոր և հուսահատ։ Ուստի տնեցիները դեմ չէին, որ նա ծառայի հիվանդին։

Հետևյալ օրը ճակատի վերքն սկսեց Միքայելին նեղել։ Հարկավոր եղավ քաղաքից հրավիրել վիրաբույժ։ Զննեց և գլուխը տարակուսաբար շարժեց, վերքը բավական խոշոր էր և խորը. վտանգը ուղեղին էր սպառնում։ Հիվանդը ստեպ-ստեպ ուշաթափվում էր։

Սմբատն ուղևորվեց քաղաք՝ դժբախտ լուրը մորն զգուշությամբ հաղորդելու։ Այրին տակավին հուսահատ դրության մեջ էր։ Նա չէր հավատում, թե Արշակին տեսնող է եղել կայարանում։ Շարունակ կրկնում էր. «աշխարհը տակն ու վրա արեք, խեղճ երեխայիս մարմինը գտեք»։ Նույնը կրկնում էր և՛ նրա աղջիկը։ Եվ երկուսն էլ իրենց սրտի թույնը թափում էին Անտոնինա Իվանովնայի գլխին, տեղի անտեղի բարձրաձայն հայհոյելով նրան, որ իր հետ մի շարք դժբախտություններ բերեց ընտանիքի գլխին։

Նոր լուրը, հարկավ, սաստիկ ներգործեց այրիի վրա։ Նա ուշաթափվեց։ Նրան ուշքի բերեց Մարթան, և իսկույն մայր ու աղջիկ ճանապարհ ընկան դեպի հանքերը՝ Իսահակի ուղեկցությամբ։ Հասան այն ժամանակ, երբ բժիշկները սպասում էին ուղեղի բորբոքման։

Իսահակ Մարութխանյանը, չափազանց հետաքրքրված, թաքուն հարցնում էր բժիշկներին, կմեռնի՞ արդյոք Միքայելը, թե՞ կապրի։ Բժիշկներից մեկը հուսահատությամբ գլուխը շարժեց։ Եվ ոչ ոք Մարութխանյանի կանաչ-դեղնագույն աչքերի մեջ չնշմարեց ուրախության փայլը։

Իրիկնադեմին Միքայելը գիտակցությունը կորցրեց, սկսեց զառանցել սաստիկ տաքությունից։ Ամբողջ մի ժամ ինքն իրեն խոսում էր, տրորվելով անկողնի մեջ։ Մերթ նստում էր, մերթ պառկում, շարունակ վերմակը վրայից հեռացնելով։ Նրա անկապ խոսքերն այրիի համար մասամբ պարզեցին զգուշաբար թաքցրած գաղտնիքը։ Արդեն Մարթան մի քանի անգամ ակնարկել էր նրա մոտ եղբոր և տիկին Ղուլամյանի մեջ եղած հանցավոր կապի մասին։ Այրին մի առանձին նշանակություն չէր տվել լուրին, ժամանակները փոխվել են, այն շատ առաջ էր, երբ կինը հավատարիմ էր ամուսնուն։ Այժմ ամենքը դավաճանում են։ Ինչ անենք, որ Անուշ Ղույումյանի թուլությունից օգտվողը նրա որդին է։ Երիտասարդ է, ամուրի, «տաքարյուն», թող ապրի, «քեֆ անի»։ Նա մտքում դեռ մի փոքր էլ պարծեցավ որդու քաջությամբ։ Ղոչաղ տղա է, որ կարողանում է կնոջը մարդու ծոցից հանել, միայն պետք է զգույշ լինի, «թաքուն անի» ամեն բան, որ ոչ ոք չիմանա։

Միքայելն իր զառանցանքի մեջ կրկնում էր. «կորի՛ր, խայտառակ, անպատկառ, դու ինձ անպատվեցիր, դու ինձ կեղտոտեցիր, սպանեցիր բարոյապես, կորի՜ր, կորի՜ր»… Հաջորդ խոսքերից Սմբատն արդեն հասկացավ, որ Պետրոս Ղուլամյանն է ծեծել տվել Միքայելին։

Զառանցանքն անցավ կես գիշերից հետո։ Հիվանդը լռեց ու նիրհեց։ Առավոտը, աչքերը բանալով, պղտոր հայացքը հառեց մոր երեսին։ Չնայելով տակավին շարունակվող տագնապին, զգում էր ինչ-որ թեթևություն։ Գլխի վերքը երեկվա չափ ցավ չէր պատճառում։ Երբեք մայրական դեմքն այնքան հաճելի չէր թվացել նրան, երբեք այնքան գգվանքի կարոտ չէր զգացել, որքան այդ օրը։ Նա զգացվեց, բռնեց մոր ձեռը և սեղմեց կրծքին։

Ներս մտավ Շուշանիկը՝ թեյի սկուտեղը ձեռին, մոխրագույն շալն ուսերին գցած։ Նրա այլևս մտախոհ դարձած աչքերը կարեկցաբար դարձան դժբախտ մոր կողմը, լռիկ հարցնելով, արդյոք, ինչպե՞ս է այսօր հիվանդը։ Այրին գաղտնի սրբում էր տամուկ աչքերը սև մետաքսյա թաշկինակով։ Հիվանդի դեմքով սահեց խորին երախտագիտության ժպիտ։ Սպիտակ թաշկինակով կապված ճակատի տակից կարմրած աչքերը հառեց օրիորդի վրա։ Մտաբերեց այն օրը, երբ հանդգնել էր այդ անարատ և բարեսիրտ էակի վերաբերմամբ արտահայտել կեղտոտ միտումներ։ Բարկացավ մտքում ինքն իր դեմ, որ դեռ երեկ զարմանում էր, թե ինչու այդ աղջիկն աղքատության մեջ այնքան հպարտ է, ինքնասեր, անմատչելի։ Ա՜խ, ինչպե՞ս հասկացնի այժմ, թե պատրաստ է հենց այս դրության մեջ չոքել նրա առջև, հազար անգամ ներում խնդրել, նույնիսկ համբուրել հագուստի փեշերը, ինչպես սրբություն։

Երբ Շուշանիկը, սովորական «բարի լույս» ասելով, սկուտեղը դրեց սեղանի վրա և հանդարտ քայլերով դուրս գնաց, հիվանդը դարձավ մորը.

— Հավանո՞ւմ ես այդ աղջկան։

— Շատ…

Հիվանդի պղտոր աչքերի մեջ փայլեց ուրախություն, որ սակայն, նույն վայրկյանին փոխվեց տրտմության։ Ուրիշ ոչինչ չասեց, երեսը դարձրեց պատին և հառաչանքը խեղդեց վերմակի տակ։ Մի փոքր անցած, մայրը լսեց նրա զսպված հեկեկանքը։

Իրիկնադեմին նորից սկսեց զառանցել։ Վիրաբույժը նոր էր փոխել վերքերի սպեղանին և քաղաք վերադարձել։ Հիվանդը մի քիչ նիրհել էր։ Այրին, վիշտը փարատելու համար, խնդրել էր Շուշանիկի մորն ու հորաքրոջն իր մոտ, և նրանց հետ կամացուկ զրուցում էր։

Հիվանդը նախ սկսեց տնքտնքալ, հետո վերմակը դեն շպրտեց և առողջ ձեռը զարկեց պատին։ Այժմ զառանցանքի միտքն ա՛յլ էր։ Տիկին Աննան — Շուշանիկի մայրը — լսեց իր աղջկա անունը, զարմացավ, կրկին լսեց — ցնցվեց։ «Ե՞ս ներում խնդրեմ, ե՞ս, ե՞ս, Միքայել Ալիմայա՞նս, Շուշանիկ, Շուշանիկ, ֆի, ի՛նչ վատ անուն է»։ Եվ, մի փոքր անցած, «սուս, գալիս է շալն ուսերին գցած, ճակատը բաց, աղքատ ու հպարտ. չեմ տալ քեզ, չեզ տալ, Սմբատ»։ Այնուհետև լռեց և հետո, ձայնն ավելի բարձրացնելով, գոչեց. «սուտ եք ասում, այո՛, սուտ եք ասում, ոչինչ զանազանություն չկա մեր մեջ, Սմբատն ինձանից լավ չէ, ես վատ մարդ չեմ»։

Ճիշտ այդ վայրկյանին ներս մտավ Սմբատը, մոտեցավ անկողնակալին, լսելիքը լարեց։ Հատուկտոր դարձվածները շաղկապելով, կազմեց ամբողջ գաղափար եղբոր գաղտնի զգացումների մասին, գուշակեց, որ նա հափշտակված է Շուշանիկով։ Նա և՛ խղճաց եղբորը, և՛ զգաց դարձյալ նախանձ։ Ինչո՞ւ, մի՞թե կա որևէ նախանձի արժանի բան այդ բարոյապես ընկած, խայտառակված, ծեծված և կիսամահ երիտասարդի մեջ։

Ամբողջ գիշեր Սմբատը մոր հետ անքուն անցկացրեց հիվանդի անկողնակալի մոտ։ Եղան վայրկյաններ, երբ կարծում էր, թե եղբայրը մեռնում է։ Նրա սիրտն էր մորմոքվում այն մտքից, թե Միքայելը կարող է երիտասարդ կյանքը վերջացնել այդպես խայտառակ։

Հետևյալ օրը բժիշկների նոր քննությունը հաստատեց, որ տագնապն անցել է, բայց պահանջվում է անդորրություն։ Սմբատն ուղևորվեց քաղաք՝ Արշակի մասին լուր իմանալու։

Ամբողջ օրը հիվանդի դրությունը լավ էր, գիշերը նա քնեց անվրդով, իսկ մյուս առավոտ զարթնեց բավական կազդուրված։ Կեսօրվա դեմ նրան պաշարեց ինշ-որ տենդային ոգևորություն։ Շարունակ խոսում էր մոր հետ, ներումն էր խնդրում, որ այնքան ցավ ու տանջանք էր պատճառել նրան իր վատ կյանքով։ Ասում էր, թե այսուհետև այլևս աշխատելու է ուղղել իրեն, թե ամեն բանից ձանձրացել է, միայն թե առողջանա… Օ՜օ, նա չի ուզում մեռնել…

Ճաշից հետո եկան բժիշկները և հայտնեցին, թե այլևս հիվանդն առողջանում է։ Այրին մի փոքր հանգստացավ։ Շտապեց Սմբատի հետ ուղևորվել քաղաք։ Նրան թվում էր, թե Արշակի մասին քաղաքում վատ լուր է ստացվել, իրենից թաքցնում են և թե ինքը կարող է անձամբ իմանալ այդ լուրը։

Հիվանդին հանձնեցին Դավիթ Զարգարյանի խնամքին, հակառակ Սուլյանի ցանկության, որ ձգտում էր ամեն կերպ ծառայել իր տիրոջը՝ նրա սիրտը շահելու համար։ Հոգու խորքում ինժեներն ուրախացավ, երբ մի քանի օր առաջ լսեց բժիշկների կարծիքը։ Այժմ, երբ Միքայելն առողջանում էր, նա բարվոք էր համարում ցույց տալ նրան անսահման կարեկցություն։

Մի գիշեր ևս խաղաղ քնելուց հետո, հիվանդը զարթնեց այնքան կազդուրված, որ կամեցավ ոտքի վեր կենալ։ Սակայն բժիշկը պատվիրեց մի օր էլ պառկած մնալ։

Իրիկնադեմին խմբովին այցելեցին նրան իր նախկին ընկերները, բոլորն էլ բավական հարբած, բացի Պապաշայից։ Այդ օրը Պապաշան իր հանքերում ճաշ էր տվել մի եկվոր խմբագրի, որի լրագրում հաճախ նա անվանվում էր «հայտնի բարեգործ»։

Քյազիմ-բեգը ցույց տվեց, թե կատաղած է անհայտ սրիկաների դեմ։ О՜о, նա անպատճառ կիմանա ովքեր են այդ չարագործները և մի լավ պատժել կտա։ Իշխան Նիասամիձեն, ձեռը դնելով դաշույնի կոթի վրա, երդվում էր բոլորին կոտորել։ Մելքոնն ու Մոսիկոն դեմքերով զանազան նշաններ էին անում միմյանց և հեգնաբար ժպտում։ Բանն այն է, որ նրանք գուշակում էին, թե ով պիտի լինի Միքայելին ծեծել տվողը։

Իրավաբան Փեյքարյանը պնդում էր, թե եթե չարագործները գտնվեն, անպատճառ կաքսորվեն «За покушение на убийство».

— Գտնելը դժվար չէ, հաստատելն է դժվար,— երկդիմի ակնարկեց Մոսիկոն և, բութ մատները թաքուն դնելով ականջների ծակերը, ցուցամատները բարձրացրեց վերև։

— Ես էլի կասեմ, վըեր, ըըը, խաղաղությունը լյավ պեն ա,— ասաց Պապաշան։

Չնայելով տխուր այցելության, պատկառելի ամուրին շատ ուրախ էր տրամադրված։ Խումբն սկսեց նրա վերաբերմամբ սրախոսել, հետո նրա հետ կատակներ անել։ Գրկում էին նրան, կողերին բոթում, համբուրում, բարձրացնում վերև։ Իսկ նա, ժպիտը երեսին, կրկնում էր․

— Նուշ ա, նուշ ա…

Այդ ասել էր, թե ընկերների կատակները հաճելի են իրեն։

— Շտապիր շուտով վեր կենալ, Մեխակ,— ասաց Մոսիկոն,— Պապաշան մեծ ճաշկերույթ պիտի տա այս օրերս։ Իռլանդիայից երկու գիտնական ճանապարհորդներ են գալիս, նրանց համար ուզում է բանկետ սարքել և, եթե կարելի է, իր վիճելի նավթահողերը նրանց վզին կապել։ Ճառ պիտի ասի Բագվի համաշխարհային նշանակության մասին… Պապաշան այժմ կոսմոպոլիտ է դարձել… Ազգասիրությունը խեր չբերեց…

Միքայելը սկզբում քաղաքավարության համար կեղծ ժպտում էր։ Բայց շուտով ձանձրացավ խմբի շաղակրատանքից. զգում էր պարզ, որ շատերն իրեն ծաղրելու համար են եկել, մանավանդ Մոսիկոն, որին նա չէր սիրել։ Նա չափից դուրս վրդովվեց, երբ քնահարբ թղթամոլը, գիտակցաբար թե անզգուշությամբ, հիշեց Գրիշայի անունը և ակնարկեց հաշտության մասին։

— Երևի, սրախոսությանդ նյութը սպառվել է,— ասաց նա խորին տրտմտությամբ։

— Ինչո՞ւ, բավական կա, եթե կամենաս։

— Ուրեմն, ինձ հանգիստ թող…

— Ձերդ պայծառափայլութուն, գնանք, մեր բարեկամը վատ է տրամադրված,— դարձավ Մոսիկոն իշխան Նիասամիձեին։

Միքայելին թվաց, թե Մոսիկոն ինչ-որ ծաղրական նշան արավ Նիասամիձեին իր վերաբերմամբ։ Նրա նրբացած նյարդերն արդեն անզոր էին հանդուրժել ամենաթեթև ծաղրը, ուստի չկարողացավ իրեն զսպել և ասաց.

— Այո՛, շատ վատ եմ տրամադրված, միայն ոչ վեհանձն մարդկանց դեմ։

— Ի՞նչ ես ուզում ասել,— հարցրեց Մոսիկոն։

— Այն, որ հետևիցս հազար ու մի բան ես ասում, ծաղրում ինձ իբրև վախկոտի և գալիս ես առերես ցավակցություն հայտնելու։ Դա մարդավարություն չէ, բարեկամ…

Նկատողությունն արդարացի էր։ Մոսիկոն զգաց իր մեղքը. նա իր լեզուն չէր զսպել ընկերոջ վերաբերմամբ նույնիսկ Սուլյանի մոտ, որ այժմ ներկա էր և որ անզգուշութտյուն էր ունեցել իր լսածը Միքայելին հաղորդելու։ Այնուամենայնիվ, նա չուզեց խոսքի տակ մնալ և պատասխանեց.

— Եթե մարդավարության մասին սկսենք խոսել, կարող ենք շատ հեռու գնալ, այն ժամանակ, ով գիտե, ինչ բաներ կբացվեն։ Լավն էն է, որ ե՛ս լռեմ։

— Ո՛չ, կարող ես խոսել, ասա, ինչ ուզում ես,— շեշտեց Միքայելը գրգռված,— լավ կլինի, որ մի օր անկեղծ լինենք։

— Անկեղծ. ո՛չ, բարեկամ, անկեղծությունը հնացած բան է, ես փտած ապրանք առնող չեմ։ Չեմ ուզում ձեռներս կեղտոտել։ Փորձիր մի րոպե անկեղծ լինել և կտեսնես տակից ինչ հոտած ձկներ են դուրս գալիս։

Ակնարկը պարզ էր և հասկանալի։ Միքայելն ավելի վրդովվեց։

— Ձերդ պայծառափայլություն,— դարձավ նա կծու հեգնությամբ իշխան Նիասամիձեին,— այս խոսակցությանը վերջ տալու համար չե՞ք կարող մի բան պատմել Թիֆլիսի անգլիական կլուբի կյանքից։

Մոսիկոն ցնցվեց։ Պատմում էին, որ մի օր նա անգլիական կլուբում թղթախաղի ժամանակ ինչ-որ թեթև զեղծումն է թույլ տվել իրեն։ Նկատել են և քաղաքավարությամբ վռնդել կլուբից։

— Մեր Բագվումն այնքան խոսելու նյութ կա,— նկատեց չափազանց վիրավորված,— որ կարծեմ Թիֆլիս գնալն ավելորդ է։

— Օրինա՞կ,— հարցրեց Միքայելը, շրթունքները կրծոտելով։

— Օրինակ, մի՞թե խոսակցության առարկա չի՛ կարող լինել, թե ինչո՞ւ մեզանում կանայք երբեմն բեղեր են ունենում, կամ ինչո՞ւ մի բռի խանութպան կարողանում է սրիկաների միջոցով Օթելոյի դեր կատարել…

Բոլորը լուռ նայեցին միմյանց երեսին, հետո Միքայելին։ Նկատողությունը վերին աստիճանի հանդուգն էր և թունալի։ Ամենքը սպասում էին Միքայելի ավելի վիրավորական պատասխանին։ Քյազիմ-բեգը բեղերը հաճույքից սրում էր, որ վեճի ամենախիստ պահին պիտի առիթ ունենար միջամտելու և ընկերներին նախատելու։ Իշխան Նիասամիձեն դեմքով նշաններ էր անում Մոսիկոյին, որ լռի։ Իսկ Պապաշան, շոգից հոգնած ոչխարի պես, գլուխը դեսուդեն էր ծռում։ Նա ուրախ կլիներ ազատվել անախորժ վեճին վկա լինելուց, զարմանալի մարդիկ են այդ «ջահելները», ամեն մի չնչին բան նրանց սրտին դիպչում է։

Միքայելը մի վայրկյան դողալով, գրգռված, նայեց հակառակորդի երեսին, ապա նրա կատաղությունն ավելի ընդարձակվեց և տարածվեց դեպի բոլոր ընկերները։

— Ի՞նչ եք ուզում ինձանից,— գոչեց նա, ինքն իրեն մոռանալով,— ինչո՞ւ եք եկել, ո՞վ է ձեզ խնդրել գալու։ Գնացե՛ք… ձեր բոլորի բարեկամությունը ինձ ձանձրացրել է, գնացեք… Դուք իմ ընկերները չեք…

Այս անսպասելի հարձակումը բոլորին ապշեցրեց. վիրավորողը մեկն էր, իսկ Միքայելը կատաղում էր ամենքի դեմ։

— Յավաշ, յավաշ,— ասաց Քյազիմ-բեգը հեգնաբար,— մենք ի՞նչ մեղք ունենք։

— Դուք բոլորդ նման եք միմյանց, բոլորդ…

— Աֆերիմ, սիրեցի պարզախոսությունդ, աֆերիմ, իմ արևը, դրուստն ես ասում։

— Իհարկե, ըըը, դրուստն է ասում,— փորձեց Պապաշան վեճը կատակի դարձնելու,— մենք լա, ըըը, մարդ չենք, մարդանման վըեր ըըը…

— Պարոննե՛ր,— մեջ մտավ Մելքոնը վիրավորված,— ես հասկանում եմ ինչու է մեր ընկերությունն Ալիմյանին ձանձրացրել։ Ես այստեղ սև նավթի փոխարեն, այսպես ասած, մանիշակի անուշ բուրմունք եմ զգում, թարմություն, անմեղություն։ Հըմ, Սուլյան, ինչո՞ւ ես դեսուդեն մտիկ անում։ Կարծեմ, ամենից առաջ դու ես հասկացել բանի էությունը։ Հիշո՞ւմ ես ասածներդ…

Ինժեները նեղն ընկավ։ Բանն այն է, որ նա հարուստ երիտասարդների անչափ հետաքրքրությանը գոհացում տալու, նրանց դուր գալու և, որ ամենագլխավորն է, Դավիթ Զարգարյանին մի քիչ վրեժխնդիր լինելու համար, ինչ-որ վատ ակնարկներ էր արել Շուշանիկի վերաբերմամբ։

Մելքոնի անզգույշ խոսքերը նրան վախեցրին։ Շփոթված նայեց Միքայելի այլայլված դեմքին և խոսակցությունը կտրելու համար ասաց.

— Պարոննե՛ր, ինչո՞վ կկամենաք ձեզ հյուրասիրեմ։

— Բավական է, ինչքան հյուրասիրվեցինք, գնա՞նք,— ասաց Քյազիմ-բեգը։

— Յոլա գնա, ըըը, ջահելներ եք, ըըը, ցտեսություն, Մեխակ ջան, վաղը երկաց, ըըը, մոտս եկ,— արտասանեց Պապաշան, տակավին չկամենալով լուրջ նշանակություն տալ ընկերների վեճին։

Բոլորը դուրս գնացին։ Քյազիմ–բեգը երգում էր․

— Բըլ մուժ սը ռագամի՛, բիլ օն մալաթցա՛…

Միքայելը ոտքի կանգնեց կատաղած։ Բայց ուշ էր, Քայազիմ–բեգի ձայնը արդեն դրսից էր լսվում․

— Անպիտաննե՜ր,— գոռաց Միքայելն այնպես, որ բոլորը լսեցին նրա ձայնը…


VI


Վերջապես ոստիկանությունը հայտնեց, թե Արշակը գտնվել է Թիֆլիսում և շուտով կհանձնվի ընտանիքին։ Փախստականին բռնել էին հենց այն միջոցին, երբ մի ինչ–որ կնոջ հետ թև–թևի տված թատրոն էր մտնում։ Անծանոթ կինն անհետացել էր, իսկ Արշակին հետևյալ օրն իսկ ուղարկել էին Բագու։

Պատանուն տուն բերեցին կառքով՝ երկու ոստիկաններ։

Նրա աչքերի կոպերը երկար անքնությունից ուռել էին, դեմքը ավելի թառամել։ Հիշեցնում էր անտուն, անտեր և հասարակական ստորին խավերում դեգերող մի շրջմոլիկի։

Ոսկեհատը հեկեկալով հարձակվեց նրա վրա, սեղմեց կրծքին։ Կշտամբեց, բայց միայն այն պատճառով, որ մորը չէր հայտնել, թե ուր է գնացել։ Անվերջ համբույրներով արտահայտեց թուլասիրտ ծնողի անվերջ ներողամտությունը։ Խրախուսվելով այդ համբույրներից, Արշակը զգաց, թե դեռ կարող է ընդդիմագրել ավագ եղբորը։ Ահա ինչու շատ էլ չվախեցավ, երբ Սմբատը գրեթե ուժով քաշեց, տարավ նրան մի խուլ սենյակ։

Մեծ եղբայրն ստիպում էր ամեն ինչ խոստովանել, փոքրը համառում էր։ Արշակը ոչ ոքի պարտավոր չէ հաշիվ տալու․ նա ազատ է, ինքնագլուխ։

— Ձեռ քաշիր ինձանից, ես ստրուկդ չեմ,— գոչեց նա, փորձելով փախչել։

Այստեղից դուրս չես գնալ, մինչև որ չես խոստովանիլ մեղքդ։

Արշակի աչքերը պսպղացին, բռունցքները սեղմվեցին։

— Թո՛ղ ինձ, ասում եմ, թո՛ղ,— գոռաց նա, ոտները հատակին զարկելով։

— Եթե չես խոստովանիլ, պոլիցիային կհայտնեմ գողությունդ, քեզ կբանտարկեն ու հետո կաքսորեն։

Սպառնալիքը ներգործեց․ Արշակը վախեցավ և խոստովանեց, թե ինքն է կոտրել սեղանի դարանը և փողերը վերցրել։ Դա գողություն չէ, այլ «վերցնել». հարկավոր էր, վերցրեց, իր հոր փողերն են, ուրիշինը չեն։

Մոտ երեք հազար ռուբլուց նրա գրպանում մնում էին երկու հարյուրանոց և մի քանի հատ մանր թղթադրամներ։ Կարևորը Սմբատի համար փողերը չէր, այլ տխուր փաստը. այն, թե ո՞վ է եղել գողության մասնավոր շարժառիթը և ու՞մ վրա են փողերը ծախսվել։ Այս կետի վերաբերմամբ Արշակը ցույց տվեց զարմանալի համառություն։

— Քեզ հետ կին է եղել,— պնդում էր Սմբատը։

— Չի՛ եղել, չի՛ եղել, չի՛ եղել,— կրկնում էր Արշակը։

Սմբատը վճռեց դիմել ստի օգնության։ Նա ասաց, թե «այդ կինը» բռնված է և այժմ բանտում նստած։ Արշակը ցնցվեց․ աչքերի ուռած կոպերը բարձրացան վերև, անշարժ մնացին, քթի պնչերը կապտեցին ու սկսեցին դողալ։ Կուրծքը ուժգին բարձրանում էր ու ցած իջնում։

— Ի՞նչ ասացիր,— գոչեց,— Զինաիդան բանտո՞ւմն է, իմ Զինա՞ն, այդ անկարելի է…

— Այո՛, քո Զինան, այդ քնքուշ ու սիրուն կինը հիմա նստած է բանտում գողերի ու մարդասպանների հետ։

— Անաստվածնե՜ր նա մեղավոր չէ, ես եմ մեղավոր, ես եմ փողերը գողացել ու ծախսել։ Նրա մոտ եղած փողերն իրենն են, հորից է ստացել… Ես նրան փող չեմ տվել, այո՛, չեմ տվել, նա ինքը հարուստ է…

Արդեն այս խոսքերով Արշակն իրեն մատնում էր։

— Բայց ո՞վ է այդ Զինաիդան, ո՞րտեղացի է, ի՞նչ պտուղ է։

— Պտուղ չէ՛, պարոն, հարսնացուս է, հասկացի՛ր, հարսնացուս։

Այժմ ցնցվողը Սմբատը եղավ։ Ահա ինչ, ուրեմն այդ պատանին հարսնացու էլ ունի։

— Ինչու՞ չպիտի ունենամ, ումի՞ց եմ պակաս, կամ ո՞վ կարող է ինձ արգելել։ Ես պիտի Զինայի հետ Թիֆլիսում պսակվեի, հենց նրա համար էի գնացել։ Ինչու՞ չթողեցիք… Ես նրան ազնիվ խոսք եմ տվել, պիտի կատարեմ, ինչպես ջենտլմեն, թեկուզ բանտ գցեք, կախաղան բարձրացնեք, պիտի կատարեմ։ Սիրում եմ Զինային, հասկանու՞մ ես, ինչ ասել է… սեր… Օ՜օ, ես ինձ կսպանեմ, եթե մեզ բաժանեք։

«Ազնիվ խոսք» եմ տվել և այդ ազնիվ խոսքը տասնուվեց տարեկան պատանին կատարում է գողության միջոցով։

— Բայց գոնե ասա. ի՞նչ շրջանի աղջիկ է այդ Զինան, ո՞վ է…

— Նրա ծնողները Մոսկվայումն են։ Շատ ազնիվ աղջիկ է։ Այստեղ առաջ մի լավ ընտանիքում գուվերնանտկա էր։ Ես ստիպեցի, որ պաշտոնը թողնի։ Այստեղ Զինայի պես աղջիկ չկա, ֆրանսերեն խոսում է ինչպես փարիզուհի։ Ինձ էլ սովորեցնում է. ինչպե՞ս կարելի է այնպիսի աղջկան բանտ գցել։ Ես ուզում եմ նրա հետ պսակվել և պիտի պսակվեմ։ Ծիծաղում ես, հաա՞, բաս ինչու՞ դու պսակվեցիր առանց ծնողներիդ կամքի և հակառակ մեր կրոնի։ Իմ Զինան էլ քո կնոջ պես կրթված է։ Ի՞նչ էիր մտածում. պիտի գնայի ու մի քթի մազ հայ աղջկա հետ պսակվեի, որ բերանից սխտորի հոտ փչեր, ֆի դոն, մովե…

Սմբատը չգիտեր՝ ծիծաղեր, բարկանար, թե՞ գժատուն ուղարկեր եղբորը։ Այնինչ, Արշակը քանի գնում խրոխտանում էր։ Սկսեց պահանջել, որ իսկույն, առանց մի րոպե հետաձգելու, հարսնացուին ազատեն բանտից։ Զինաիդան այնտեղ կխելագարվի, այնքան քնքուշ է, այնքան բարի սիրտ ունի։ Ա՜խ, Զինա՜, Զինա՜…

— Լի՜րբ,— գոչեց Սմբատը այլևս չկարողանալով զայրույթը զսպել,— դու մեր ժամանակի իսկական ծնուդն ես, դու մեր կյանքի այժմյան քաոսի զավակն ես… լի՜րբ… Այդ Զինան բանտարկված չէ, բայց դու երբեք նրա երեսը չես տեսնիլ…

Արշակն ուրախացավ, որ իր սիրեցյալն ազատ է, բայց ինչու՞ նրա երեսը չի տեսնիլ, ո՞վ կարգելե նրան։ Նա ոչ ոքից կախում չունի, ա՜յ, ինչ կասի, ո՛չ ոքից։

— Ես ազատ քաղաքացի եմ… Է՜է, այն հին դարերում էր, երբ մեծերը և ուժեղները պստիկներին և թույլերին ստրկացնում էին։ Մի կարծիլ, թե մենք Ասիայում ենք ապրում, ուրեմն ամեն բան կարելի է անել։ Այժմ անհատական ազատության ժամանակն է, տասնուիններորդ դարի վերջը, հասկանո՞ւմ ես, ֆեն դը սիեկլ…

— Ֆեն դը սիեկլ,— կրկնեց Սմբատը դառն ծիծաղելով,— ափսոս միայն որ այդ «ֆեն դը սիեկլը» կլինի և՛ քո կյանքի վերջը, և դու երբեք չես հասնիլ քսաներորդ դարին։ Նայի՛ր հայելուն, մի՞թե չես զգում, որ ոտքի վրա կենդանի փտում ես, ամբողջ մարմինդ որդնել է… Մի՞թե չգիտես, ողորմելի…

— Իսկի էլ չեմ փտում։ Դու կարծում ես՝ նա է մարդ, որ հաստ փոր ու կարմիր թշեր ունի։ Ներողություն, մեր դարը ներվային դար է, զգացում ունեցողներն ու մտածողները միշտ ինձ պես դեղնած են լինում։ Գալով հիվանդությանս, է՛է, սովորական բան է։ Դու ինձ ասա, ո՞ր արիստոկրատն է մեր ժամանակում ազատ իմ ախտից…

Նա խոսում է այնքան ոգևորված և այնքան լուրջ, որ ակամա շարժեց եղբոր ժպիտը։ Բայց շուտով Սմբատի արյունը դարձյալ գլխին խփեց և նա գոչեց․

— Լի՜րբ, աներես, լռի՛ր, քանի որ խելքս գլխիս է։

Ներս վազեց այրի Ոսկեհատը և ընկնելով որդիների մեջ, սկսեց պաշտպանել Արշակին։ Նա կարծում էր, թե Սմբատն ուզում է եղբորը ծեծել։

— Երեխաս դեռ չի հանգստացել,— ասաց նա, մի ձեռով գրկելով Արշակին,— ո՞վ գիտե, քաղցած էլ է, դու խրատելու ժամանա՞կ ես գտել։

— Ա՜խ մայրիկ,— գոչեց Սմբատը խորին հանդիմանությամբ,— այդ տղային փչացնողը հենց դու ես։ Այդքան երես տալ չի լինիլ։ Չեմ հասկանում, այդ ի՞նչ մայրական սեր է…

— Քեզ էլ եմ սիրել, որդի,— հառաչեց այրին,— բայց տասներկու տարեկան չկայիր, հայրդ քեզ խլեց ինձանից, ուղարկեց օտար երկիր։ Ասաց. «թող գնա, հեռու լինի փչացած ընկերներից, մարդավարի մարդկանց մեջ ապրի»։ Տվեց քեզ Մոսկվայում Բագատուրովներին։ Տարեն երկու ամսով երեսդ ցույց էիր տալիս ինձ ու էլի հեռանում, արտասուքն աչքերումս թողնելով։ Սիրում էի քեզ աչքիս լուսի պես, բայց որ հեռացար, սկսեցի մխիթարվել Միքայելով ու հետո Արշակովս։ Լա՜վ կրթեցին քեզ, ինչ ասեմ, լա՜վ մարդկանց մեջ ապրեցիր։ Խլեցին քեզ ծնողներիցդ, օտարացրին, գնացիր պապերիդ հավատը խայտառակեցիր։ Դու ինձ համար կորած էիր, ի՞նչ անեի, որ մյուս որդիներիս չսիրեի։ Արշակ, Արշակ, արա, ի՛նչ որ ուզում ես, բայց մի բան չանես — եղբորդ օրինակին չհետևես։ Վայ ինձ ու քո հոր գերեզմանին, եթե դու էլ նրա ճանապարհով գնաս։ Դու միշտ կարող ես քեզ ուղղել, Սմբատը չի կարող. հիմա տեսնում եմ, որ չի կարող, այ իմ ցավն ու տանջանքը։

Նա սկսեց արտասվել, գլուխը դնելով փոքր որդու ուսերին։

Սմբատը լուռ դուրս գնաց։ Նա լռեց, որովհետև զգաց, որ մայրն իր տեսակետից միանգամայն իրավացի է, լռեց, որովհետև զգաց, որ ճիշտ՝ իր սխալն անուղղելի է։

Հետևյալ օրը, կանուխ զարթնելով, նա ուղևորվեց հանքերը։ Միքայելն արդեն վեր էր կացել անկողնից, միայն ճակատի վերքը կապած էր թաշկինակով։

— Գնա՜նք քաղաք,— առաջարկեց Սմբատը։

Միքայելն աչքունքը թթվացրեց. նա չէր ուզում քաղաք տեղափոխվել։ Բայց ի՞նչ օգուտ. Շուշանիկն այլևս չէր երևում։ Եվ առավոտ երեկո զուր էին նրա աչքերը որոնում օրիորդին, այժմ կերակուր ու թեյ մատուցում էր տիկին Աննան։

Արդեն անհարմար էր մնալ օտար հարկի տակ. թեև բնակարանը Սուլյանինն էր, բայց Միքայելին ծառայում էր Զարգարյան ընտանիքը։

Դուրս գալուց առաջ Միքայելը անցավ անդամալույծի սենյակը, հարցրեց առողջության մասին։ Շնորհակալություն հայտնեց բոլորին, որ այնպես խնամել էին նրան։ Երբ հերթը հասավ Շուշանիկին, Միքայելի գունատ դեմքը մռայլվեց։

— Գիտե՞ք, ինձ դու՛ք ազատեցիք մահից,— ասաց նա, անվստահ սեղմելով օրիորդի ձեռքը։

Դա նրա սրտի բռնի թելադրությունն էր, որին չկարողացավ դիմանալ։

Քաղաքից նա Զարգարյաևների համար ուղարկեց նվերներ, չմոռանալով երեխաներին և անդամալույծին։ Շուշանիկի համար ընտրել էր ոսկե ապարանջան՝ ադամանդներով զարդարված։ Եվ որպեսզի օրիորդը նվերը չմերժի, նա ուղարկեց ոչ իր, այլ մոր կողմից։

— Այժմ դու պիտի քաղաքումն էլ ինձ օգնես,— դարձավ մի օր Սմբատը Միքայելին,— գործարանն ուզում եմ բանեցնել, մենակ եմ, չեմ կարող բոլոր գործերին հետեվել։

Միքայելը մտածեց մի փոքր և պատասխանեց.

— Ուրախությամբ կկատարեմ, ինչ գործ որ կունենաս։ Բայց կխնդրեի, որ Սուլյանին տեղափոխես քաղաք, իսկ ինձ նշանակես հանքերի կառավարիչ։

Այն մարդը, որ առաջ երկու ժամ շարունակ չէր կարողանում հանքերում հանդարտ մնալ, այժմ ուզում էր այնտեղ ապրել։ Շարժառիթը շատ պարզ էր Սմբատի համար։

— Լավ,— ասաց նա,— արա՛, ինչպես ուզում ես։

Նույն օրն ևեթ Միքայելն առմիշտ տեղափոխվեց հանքերը։

Տխուր դեպքերը հաջորդում էին միմյանց։ Սմբատը գրեթե ամեն օր որևէ առիթով ընդհարվում էր կնոջ հետ։

Թաթախման օրն էր։ Իրիկնադեմին Ոսկեհատը, լուսամուտի առջև նստած, նայում էր դեպի փողոց։ Լսում էր մերձակա եկեղեցու տոնային ուրախ զանգահարությունը։ Այսօր ծանոթ հնչյունները նրան պատճառում էին անսահման տրտմություն։ Այսօր առաջին անգամ նա պիտի նստեր ուրախ սեղանի առանց ամուսնու։ Բայց այս չէր նրա դառնության բուն հիմքը։ Նայում էր եկեղեցի շտապողներին և տխուր հառաչում, մերթ աչքերը վեր բարձրացնելով, մերթ գլուխը շարժելով։ Ծնողներն իրենց երեխաների և տատերն ու պապերն իրենց թոռների ձեռներից բռնած ուրախ-ուրախ դիմում էին եկեղեցի։ Միայն Ոսկեհատն է զուրկ ընդհանուր բախտից, և ինչու՞, տեր աստված, ինչու՞, չէ՞ որ նա ևս տատ է, թոռնիկներ ունի։

Հանկարծ նա աչքունքը սեղմեց, տեսողությունը լարեց՝ երեսը մոտեցնելով լուսամուտի ապակուն։ Տիկին Մարթան, գլխին մի խայտաբղետ մեծ գլխարկ, որի մի զույգ բարձր փետուրները դողում էին, ինչպես դրագունի «սուլթան», ուրախ-ուրախ խոսելով, անցնում էր մի գեղեցկադեմ երիտասարդի հետ։ Անծանոթն ինչ-որ ասում էր, տիկինը ծիծաղում էր, աչքերը կոկետաբար ճպճպելով։

Տեսարանը շատ անախորժ թվաց այրիին։ Նա ավելի ուշադիր նայեց. տիկինը կանգ առավ, երիտասարդն ամուր սեղմեց նրա ձեռքը, խորհրդավոր ժպտալով։ Նրանք բաժանվեցին, և տիկինը, իր շրջազգեստի փեշերը կոկետուհու պես բարձրացնելով, որ ցույց տա մետաքսյա ասեղնագործ ներքնազգեստը, անցավ դեպի մյուս մայթը։ Մի քանի րոպե անցած դռները բացվեցին, և շեմքի վրա երեվաց Մարթան պճնված, ինչպես ծաղկած նռնենի։

— Տա՞նն է,— հարցրեց նա, դեմքը ծռմռելով այնպես, որ այրին հասկանա, թե խոսքն Անտոնինա Իվանովնայի մասին է։

— Աստված ոչ գիտե,— պատասխանեց մայրը դառնությամբ։

— Կոլյայիս ուղարկեցի բոննայի հետ եկեղեցի. եկել եմ Սմբատի երեխաներին էլ տանելու։ Այսօրվա օրը թոռներդ պիտի այնտեղ լինեն, որ թշնամիներդ չուրախանան։ Հրամայիր, որ բերեն նրանց այստեղ։

Այրին կանչեց Անտոնինա Իվանովնայի աղախնին, հրամայեց երեխաներին տոնային հագուստ հագցնել և բերել իր մոտ։ Աղախինը ոչինչ չասաց. վկա լինելով ընտանեկան անվերջ խռովություններին, գիտեր, որ պառավի ցանկությունը կարող է դուր չգալ իր տիրուհուն։ Այսպես էլ եղավ. Անտոնինա Իվանովնան մերժեց երեխաներին սկեսուրի մոտ ուղարկելու, իմանալով, որ Մարթան է պահանջողը և ինչու՛ համար։

— Տեսա՞ր, տեսա՞ր,— գոչեց Մարթան չարախնդությամբ,— պրծանք, էլ մնաս բարով ասա թոռներիդ։

Այրին պահանջեց իր մոտ Սմբատին, եղելությունը պատմեց։

— Խե՜ղճ մարդ, խե՜ղճ մարդ,— գրգռեց Մարթան եղբորը,— սանձը տվել ես ձեռը, որտեղ ուզում է, քշում է, խե՜ղճ մարդ։ Գոնե այսօրվա օրը նա խնայեր քեզ։

— Զարմանում եմ, ինչո՞ւ համար եք դատարկ բաների համար ահագին աղմուկ հանում։ Մի՞թե միևնույն չէ, երեխաներն այսօր կգնան եկեղեցի, թե վաղը կամ բոլորովին չեն գնալ։

— Պրծա՞նք, պրծա՞նք,— կրկնեց Մարթան, մշտաշարժ մեքենայի պես պտույտ-պտույտ անելով աթոռի վրա,— այսուհետև քրիստոնեությունը մոռանանք էլի ինչ կա։

— Մարթա՛, տասն անգամ խնդրել եմ, որ կրակի մեջ յուղ չածես, վատ բան է։

— Մարթան մորդ է խղճում, հասկանու՞մ ես մորդ…

— Խնդրում եմ, լռի՜ր, լռի՜ր, եթե չես ուզում, որ ինձ կատաղեցնես։ Դու չար սիրտ ունիս…

Մարթան չարությունից կապտել էր, մի գույն ևս ավելացնելով իր բազմագույն հագուստին։

— Ա՜խ, անբախտ կնիկ,— դարձավ նա մորը, ի՞նչ չար աստղի տակ ես ծնվել, որ այսպես տանջվում ես։

— Լսի՛ր, ինչ եմ ասում, Մարթա. եթե այս տան մեջ դու միշտ պիտի խռովարարի դեր կատարես, լավ կանես, որ այլևս չգաս այստեղ։ Մարդդ քեզ բոլորովին հիմարացրել է, ես շատ լավ գիտեմ, թե նա ինչու է ջուրը պղտորում, բայց նպատակին չի հասնիլ։ Միքայելը նրան արդեն ճանաչել է, հույս ունիմ, որ դու էլ, վերջապես մի օր կճանաչես։

Ասաց և անցավ կնոջ բնակարանը։ Այստեղ ազատություն տվեց սրտի անսահման գրգռին։ Մինչև ե՞րբ պիտի շարունակվի այդ կնոջ կամակորությունը։ Գալու օրից բոլորին լարեց իր դեմ, իսկ եկավ նախապաշարված։ Չմտածեց, որ կրակը կրակով չեն հանգցնում։ Մոռացավ, որ այստեղ բոլորը վաղօրոք լարված և նախապաշարված էին իր դեմ։ Ինչու՞ չհարգել մի նահապետական կնոջ նույնիսկ անմիտ ավանդությունները։ Այդ ի՞նչ հիմար գժտություններ են, վերջապես չէ՞ որ մեկն ու մեկը պիտի հարմարվի մյուսի կամքին, եթե չեն կարող հաշտեցնել իրենց քըմքերը։

— Եվ դուք ուզում եք, որ ե՞ս լինեմ հարմարվողը,— գոչեց հեգնաբար Անտոնինա Իվանովնան,— այդ անկարելի է։ Ինչու՞ միշտ ինձ պիտի վիրավորեն, և ես լռեմ։ Այդ պառավն ամեն օր անիծում է իր բախտն այն պատճառով, որ դուք ամուսնացել եք հակառակ իր հայացքների։ Նա կարող է պախարակել ձեր արածը, բայց ինչու՞ է զրպարտում ինձ, թե իբր ես խաբել եմ ձեզ ու մոլորեցրել։ Դու՞ք սիրեցիք ինձ, թե՞ ես․ դու՞ք էիք իմ ոտների առջև չոքած խնդրում, որ կյանքս կապեմ ձեր կյանքի հետ, թե՞ ես։ Մի՞թե մոռացել եք ձեր սիրո երդումները, ինչու՞ չեք ասում այդ կնոջը ճշմարտությունը։ Փառք աստծու, այն ժամանակ երեխա չէիք, խելք ունեիք ձեր գլխում, ինչու՞ խաբվեցիք… Սմբատ Մարկիչ, Սմբատ Մարկիչ, ինձ մեղադրում են, որ փողի համար եմ ձեզ հետ ամուսնացել։ Դա վիրավորական է։ Ես հարուստ ծնողների զավակ չեմ, բայց… հպարտ եմ, այս ձեզ հայտնի է։ Հասկացրե՛ք ձեր մորն ու քրոջը, որ ես ձեր հարստության համար չեկա այստեղ, այլ միայն երեխաներիս պատճառով։ Նրանք կարոտում էին իրենց հորը, նրանց հայր էր հարկավոր, և ես իրավունք չունեի չբերել այստեղ։ Հասկացրե՛ք այդ կանանց, որ ես արհամարհում եմ ձեր միլիոնները…

Նրա ձեռները դողում էին, աչքերի մեջ պսպղում էր խորը վիրավորված հպարտության կայծը։ Նա խոսում էր անկեղծ և հոգու խորքից։

— Գիտե՞ք, ինչու համար երեխաներին չթողեցի եկեղեցի գնալ,— շարունակեց նա,— որովհետև պահանջողը և ձեր մորը դրդողը ձեր քույրն էր։ Այդ կինն ուզում է իմ գլխին բռնակալ դառնալ։ Ես երբեք թույլ չեմ տալ, որ տգիտությունն իշխե ինձ վրա։ Ես ոչ ձեր կրոնին դեմ եմ և ոչ ձեր ավանդություններին, ինձ ղեկավարողը միայն և միայն իմ ինքնասիրությունն է, իմ հպարտությունը։ Ինչպես ձերոնք չեն ուզում ստրկանալ, ես ևս չեմ ուզում…

Դեմքի որոշ կնճիռները, ձայնի զորությունը և աչքերի մեջ փայլող հակակրությունը դեպի նոր շրջանը– ավելի չարացրին Սմբատին։

— Ա՜խ, տիկին,— ասաց նա,— նախանձելի չէ այն մարդու դրությունը, որի կինը համառությունը կամքի ուժ է համարում, իսկ չարությունը՝ բարոյական պայքար։ Ձեր բոլոր դժբախտությունն առաջանում է ձեր հոգու թերի ուղղությունից և մտքի ծուռ կրթությունից։ Դուք ավելի բախտավոր և ավելի լավ կին կլինեիք, եթե չլինեիք այդքան ուսում առած։ Ճշմարիտ, մարդ կամա-ակամա մտածում է, ձեզ ճանաչելով, որ կնոջ գլուխն առհասարակ չափավորից ավելի ուսում տեղավորելու ընդունակ չէ։

— Մի՞թե,— հեգնեց Անտոնինա Իվանովնան,— գուցե սխալվում եք, գուցե մենք միայն ընդունակ չենք, իսկ ձեր կանայք… օ՜ о՜…

— Ահա, տեսնու՞մ եք, տեսնու՞մ եք։ Ի՜նչ ասել է «մենք, դուք», «մերը, ձերը»։ Մի՞թե չեք կարող գեթ մի րոպե մոռանալ այդ տարբերությունը։

— Չեմ կարող, որովհետև ամեն րոպե ինձ հիշեցնում են։ Չէ՞ որ ձեր մոր, քրոջ ու բոլոր ազգականների հակակրանքը դեպի ինձ հենց այդ կետի վրա է հիմնված։ Մի՞թե ես կույր եմ, խուլ եմ կամ հիմար և չեմ հասկանում քամին ո՞ր կողմից է փչում։

— Եթե հասկանում եք, լռեցե՛ք. եթե չեք կարող լռել, հաշտվեցեք ձեր ճակատագրի հետ։

— Այսինքն…

— Այսինքն այն, ինչ որ մի քանի անգամ առաջարկել եմ ձեզ. տվեք երեխաներին ինձ և գնացեք այնտեղ, ուր ձեր կամակորության համար կարող եք ասպարեզ գտնել։ Ինչպես դուք եք համառ, ես էլ եմ ուզում համառ լինել նույնիսկ իմ շրջանի նախապաշարումների վերաբերմամբ։

Մի դառն, երկարատև ու թունալի ծիծաղ եղավ Սմբատի պատասխանը։ Հետո Անտոնինա Իվանովնան թուլացած ընկղմվեց բազկաթոռի վրա։ Կամ այդ մարդը չարամիտ է, կամ հարբած, ուրիշ կերպ չէր կարող այդ խոսքերն ասել։ Սակայն նա գիտեր, որ Սմբատը ոչ այս է, ոչ այն։ Գիտեր, որ անսահման սիրելով իր զավակներին, շատ անգամ այնպիսի խոսքեր է արտասանում, որոնք հակառակ են իր իսկ առողջամտությանը։

Սմբատը հուզումից բռունցքները սեղմել էր գլխին, կարծես, այսպիսով աշխատելով մեղմացնել ուղեղի մեջ անգամ տարածված ցավը։

Դռներն ուժգին թափով բացվեցին, ներս վազեցին Վասյան և Ալյոշան, միմյանց հրելով ու բարձրաձայն ծիծաղելով։ Տեսնելով ծնողներին իրարու կատաղած նայելիս, լռեցին և բևեռվեցին իրենց տեղերում։ Նայում էին վախեցած մերթ մոր, մերթ հոր երեսին։ Ալյոշան մոտեցավ կամացուկ մորը, որի արտասվալի աչքերը շարժեցին նրա սիրտը։

— Մամա, էլի այդ կոպիտ հայերը քեզ վիրավորե՞լ են,— ասաց Վասյան, բռնելով մոր ձեռը։

— Այո՛, ձեզ ուզում են ինձանից բաժանել,— գոչեց Անտոնինա Իվանովնան, ջերմ համբուրելով նրանց։— Նո՛ւ, տեսնո՞ւմ եք՝ ում են սիրում — դարձավ նա Սմբատին։

— Այդ ուրիշ ոչինչ չի ցույց տալիս, եթե ոչ ձեր էգոիզմը։ Ուշադրություն դարձրեք այդ մանկան հարցի վրա. դուք այդ անմեղ երեխաների մեջ զարգացնում եք ատելություն դեպի ինձ և մերոնք։ Դուք… դուք գողանում եք նրանց անպաշտպան զգացումները։

Եվ համբերությունը կորցնելով, բռնեց երեխաների թևերից, ուժով քաշեց իր կողմը։

Անտոնինա Իվանովնան արձակեց մի թույլ ճիչ և ամուր գրկեց երեխաներին։ Սմբատը մի քայլ հետ կանգնեց, զգաց, որ չափազանցության է հասնում։ Բայց ի՜նչ սոսկալի դրություն. տեսնել սիրելի զավակներին անխզելի կապով կապված մի ատելի դարձած կնոջ հետ, չկարողանալ հաղթել ատելությունը, չկարողանալով նաև բաժանվել ատելիից։

Նա ընկղմվեց աթոռի վրա, ձեռները ճակատին սեղմելով և գոչեց.

— Որքա՜ն սխալվեցի, տեր աստված, որքա՜ն սխալվեցի…

Տեսարանը տեղի ուներ միջին ընդհանուր սենյակում, որ ծառայում էր իբրև հյուրասենյակ։ Այրի Ոսկեհատը միայն այդ սենյակն էր երբեմն ոտք դնում։

Երևի, մարդ ու կին շատ բարձր ձայնով էին վիճում, որ գրավեցին դրսում եղողների ուշադրությունը։ Ներս մտան, մեկը մյուսի հետևից՝ այրին, Մարթան, Սրաֆիոն Գասպարիչը, Միքայելն ու աղախինը։

— Ո՛չ ոքի, ո՛չ ոքի չեմ տալ իմ երեխաներին, թող բոլորն իմանան, կսպանեմ, բայց չեմ տալ,— կրկնեց Անտոնինա Իվանովնան բարձրաձայն։— Փորձեցեք խլել ինձանից իմ զավակներին և կտեսնեք…

Մայրական հիվանդոտ սերը մթագնել էր նրա ուղեղը, պղտորել աչքերը։ Նրան թվում էր, որ ընկել է վայրենիների ձեռք և պետք է մինչև արյան վերջին կաթիլը պաշտպանի սիրեցյալներին։

— Ա՜յ, տոն, ա՜յ, ուրախություն, այսօրվա օրը բոլոր քրիստոնյաների տներում ծիծաղ ու պար, իմ ծնողների տանը կռիվ ու արտասուք։ Մամա, մտիկ արա հարսիդ աչքերին, տես ինչ գազան է դարձել ուսում առած կինը, մտիկ արա և ուրախացիր…

Սմբատն այլևս հոգեկան ուժ չուներ քրոջ այրող խոսքերի հոսանքի առաջն առնելու։

Հեռվից լսվում էր տոնային ուրախ զանգահարության ձայնը։ Եվ դա ավելի էր գրգռում նրան։

Այրին ուժգին լալիս էր։ Միքայելը լուռ նայում էր նրան։ Պարզ էր, որ մոր արցունքները ազգում էին նրա վրա։

— Ինչու՞ ճիպոտդ քոլիցգ չկտրեցիր,— ասաց Սրաֆիոն Գասպարիչը։

Սմբատը, դառնությամբ գլուխը շարժելով, նայեց նրան և դուրս գնաց։ Այդ րոպեին թվաց նրան, որ ամբողջ աշխարհն ըմբոստացել է իր դեմ։

Ամբողջ գիշեր նա տուն չվերադարձավ։

Այրի Ոսկեհատը թաթախման սեղան նստեց միայն իր եղբոր և Միքայելի հետ։ Իսկ Անտոնինա Իվանովնան դռները փակել էր, ոչ ոքի չէր թողնում իր մոտ, ոչ նույնիսկ եղբորը։


VII


Նրա խաղաղ հոգին վրդովվեց։ Նա չկարողացավ ժամանակին մտածել, որ մի միլիոնատեր և ամուսնացած մարդու և մի աղքատ աղջկա մեջ չի կարող լինել ոչ մի առնչություն։ Ինչո՞ւ այնքան ազատություն տվեց զգացումներին, հակառակ խելքի։ Թող Սմբատ Ալիմյանը վարվեր նրա հետ այնքան սիրալիր, նայեր այնպիսի խոր հայացքներով, միշտ ձգտեր նրա հետ խոսել, մերթ հառաչեր խորհրդավոր, մերթ ժպտար ավելի խորհրդավոր — մի՞թե այսքանն իրավունք էր տալիս մի խեղճ աղջկա մոռանալ անդամալույծ հորը, գործակատար հորեղբորը և այս աղքատ կեցությունը։

Նա մեղավոր է ոտից մինչև գլուխ։ Ինչո՞ւ չտեսավ այն վիհը, որ բաժանում է աղքատին հարստից, ազատ աղջկան ամուսնացած տղամարդից։ Նա պիտի լիներ համեստ ոչ միայն վարմունքով, այլև բոլոր զգացումներով, երևակայությամբ, ցնորքներով ու երազներով։ Երբեք այդ առնական հասակը չպիտի գրավեր նրան, երբեք այդ խելացի ու արտահայտիչ աչքերը չպիտի հրապուրեին նրան և ոչ այդ բարեհնչյուն ձայնը շոյեր նրա լսելիքը։ Չէ՞ որ կան բաներ, որոնց մասին մտածելն անգամ մեղք է մի աղջկա և մանավանդ աղքատ աղջկա համար։

Երբ այս մտքերից պաշարված, Շուշանիկը փորձում էր իրեն համոզել, թե դեռ կարող է մոռանալ Ալիմյանին, առնական կերպարանքն ավելի ռելյեֆ էր պատկերանում նրա առջև։ Զուր էր աշխատում վերադարձնել վաղուց կորցրած հանգիստը և զուր ճգնում տնային գործերի կամ ընթերցանության մեջ գտնել մոռացում։ Նրա նյարդերը լարվել էին, կարծես, րոպե առ րոպե սպասում էր ինչ-որ փոթորկի։ Երբեմն հոգին հուզվում էր այնչափ, որ շունչը սպառվում էր, խառնիխուռն զգացումներից սիրտը թրթռում, ինչպես վիզը կտրած թռչնիկ։ Պատահում էր, որ փորձում էր վերլուծել այդ զգացումները, պարզել, ինչպես նրանք հղացան ու զարգացան։ Եվ խաղաղ մտածումներին միայն սովոր գլուխը շուտով հոգնում էր խառնակ մտքերից, ամեն ինչ ձուլվում էր ու դառնում մի անթափանցելի քաոս…

Աղքատ, աննշան, աշխարհի աղմուկից ու իրարանցումից հեռու, քաղաքի մի խուլ անկյունում վարում էր մի տեսակ մենավոր կյանք, օրերը նվիրած անդամալույծ հորն ու ընտանեկան հոգսերին։ Ոչինչ առանձին բան չէր սպասում կյանքից և ոչ մի լուսավոր կետ էր տեսնում հարյուրավոր մանր-մունր կարիքներով թունավորված գոյության մեջ։ Անգամ անցյալում չէր հիշում մի փայլուն գիծ։ Այնինչ, մինչև տասնվեց տարեկան հասակը չէր իմացել ինչ ասել է կարիք կամ տանջանք։ Թվում էր նրան, թե միշտ եղել է աղքատ, թե միշտ իր հայրը բևեռված է եղել անկողնակալին, միշտ այնպես տրտնջել է ճակատագրի դեմ և միշտ մորմոքել նրա սիրտը։ Այդքա՜ն արդեն ճնշել էր ու աղավաղել նրա երևակայությունը վերջին տարիների ողորմելի կացությունը։

Եվ ահա մի օր հայտնվում է մեկը, թափանցում է նրա ներքին աշխարհը և կարճ միջոցում ձգում այնտեղ անսովոր փոթորիկ։ Տակն ու վրա է անում թմրած հոգին և բռնադատում նրան ավելի սաստիկ ափսոսալ իր հոր անցյալի մասին։ Ա՜խ, եթե նա լիներ հարուստ ծնողների զավակ, այն ժամանակ Ալիմյանի բարեկամական ցույցերից չէր նեղվիլ, կնայեր այդ մարդուն այնպես, ինչպես հավասարը հավասարին։ Ոչ ոք իրավունք չէր ունենալ ասելու․ ինչու՞ այդ երիտասարդն այնքան ուշադիր է դեպի նա։

Օր-օրի վրա նա ծուլանում էր ու դառնում անտարբեր դեպի իր շրջանը։ Ոչ ոք չգիտեր նրա հոգեկան տվայտանքը, որովհետև ո՞վ էր տեսնում նրա գաղտնի արցունքները և լսում խեղդված հառաչանքները։ Միայն մայրական զգաստ աչքերն էին որ նկատում էին աղջկա հետզհետե նիհարելը, գունատվելը։ Ինչու՞, տեր աստված, չէ՞ որ այժմ Շուշանիկն ավելի լավ է ապրում, քան առաջ՝ քաղաքում, չէ՞ որ նրանք այժմ կուշտ ճաշ էլ ունին, տաք բնակարան էլ. մինչև անգամ ծառա էլ։

Շուշանիկը դառնորեն ժպտում էր. լավ է ապրում, այո՛, ինչ ասել կուզի։ Ո՞րն է այդ ապրուստը. հիվանդ հոր ավելի կծու մրմունջնե՞րը, հորեղբոր ավելի կորացած մե՞ջքը, թե՞ այն շրջապատող ամայությունը, ուր թառամում է Շուշանիկի ծաղիկ կյանքը։ Ո՛չ, նա այլևս անկարող է դիմանալ այս միատեսակ կյանքին, նրա հոգին որոնում է ազատություն մանր-մունր հոգսերից, առօրյա կարիքներից և ձգտում դեպի անծանոթ աշխարհ։

— Ա՜խ, մամա, ի՞նչ կլիներ, որ ինձ թողնեիք գոնե մի ամսով հեռանալ այս տնից։

Երբեք աղքատության լուծն այնքան ծանր չէր թվացել Շուշանիկին, որքան այն օրը, երբ Միքայելը փորձեց ստորացնել նրան։ Նա համոզված էր, որ հարուստը միմիայն աղքատի վերաբերմամբ իրեն թույլ կտա այդչափ հանդգնություն։ Եվ ատելով Միքայելին, զգում էր ատելություն նաև դեպի բոլոր հարուստները, ինչպես և դեպի իր աղքատությունը։

Երբ գիշերվա կեսին բերեցին Միքայելի կիսաշունչ մարմինը, զղջաց, որ այնպես սառն էր վերաբերվել դեպի նա մի քանի ժամ առաջ։ Նրա առաջ պառկած էր անխնա ջարդված մի երիտասարդ, որին դեռ երկու շաբաթ չկար խայտառակ կերպով ապտակել էին հասարակական տեղում։ Կարեկցության զգացումն ավելի զորեղացավ նրա մեջ, երբ մորից լսեց զառանցող հիվանդի արտասանած խոսքերը։ Կնշանակե՝ հիվանդը զղջում է իր արածի մասին․ նա զառանցում է այն, ինչ որ գուցե շատ անգամ մտածել է առողջ ժամանակ։ Իսկ երբ Միքայելի գունատ դեմքի վրա կարդաց նույն զղջումը և լայն բացված աչքերի մեջ նշմարեց ակնածություն, զգաց, որ այժմ կարող է բոլորովին ներել նրան։ Եվ ներեց։

Ամեն օր նա տեսնում էր լուսամուտից նոր կառավարչին պատշգամբի վրա և զգում, որ նրա հայացքը որոնում է իրեն։ Ակնածալի բարևներին պատասխանում էր սառն քաղաքավարությամբ և իսկույն լուսամուտից հեռանում․ մինչդեռ Միքայելը նայում էր ու նայում երկար ժամանակ։ Եվ այդ համառ հայացքներն սկսում էին հալածել Շուշանիկին։

Եղանակը պարզ էր և բավական ջերմ, երբ Շուշանիկը դուրս եկավ պատշգամբ մի փոքր օդ շնչելու։ Նա մի երկու ժամով ազատ էր տնային գործերից։ Անցավ ընդարձակ բակը, դուրս եկավ այն տափակ տարածությունը, ուր երեք շաբաթ առաջ ծեծվել էր Միքայելը։ Դարձյալ Սմբատի առնական կերպարանքը նկարվեց նրա աչքերի առջև, դարձյալ նրա հայացքն ակամա դարձավ դեպի քաղաք տանող ճանապարհը։ Այնինչ, երկու շաբաթ էր, Սմբատը չէր գալիս հանքերը։

Շուշանիկը հասավ փլատակներին, կանգ առավ։ Ծանր, երկարատև հառաչանքները հոգնած ու ճնշված կրծքից այսօր դուրս էին թռչում առանձին դառնությամբ։ Շուտ-շուտ կանգ էր առնում, մոլոր հայացքներ ձգում հեռու ու հեռու։

— Օրիո՛րդ,— լսեց նա հանկարծ մի ծանոթ ձայն։

Հետ նայեց և տեսավ Միքայելին։ Մի վայրկյանում պատկերացավ նրա առջև այն անախորժ տեսարանը, որ այնքան վիրավորել էր նրա համեստությունը։

Շուրջը ոչ ոք չկար։ Միայն երբեմն անցնում էին հատ-հատ բանվորներ։ Շուշանիկը լռիկ պարզեց աջը և շտապով հետ քաշեց, հազիվ ակնթարթ թողնելով Միքայելի ձեռում։

Միքայելի նիհար ու գունատ դեմքի վրա նկարված էր այնպիսի թախիծ, որպիսին երբեք Շուշանիկը չէր տեսել նույնիսկ Սմբատի դեմքի վրա։ Մի ակնածալի հայացք ձգեց օրիորդի աչքերի մեջ և անվստահ եղանակով սկսեց ռուսերեն․

— Օրիորդ, մինչև այսօր ես առիթ չեմ ունեցել ձեզ շնորհակալություն հայտնելու։

— Ինչու՞ համար։

— Եվ դուք դեռ հարցնո՞ւմ եք․ չէ՞ որ ձեր ընտանիքը մոտ երկու շաբաթ ինձ խնամեց, ինչպես իր հարազատ որդուն։

— Դուք իմ հորեղբոր տերն եք, այդ մեր պարտքն էր։ Բացի դրանից, դուք արդեն շնորհակալություն հայտնել եք։

Նա քայլեց առաջ։ Միքայելը գնում էր կից առ կից։ Նա առիթ էր որոնում խոսելու, և ահա հենց առաջին խոսքերից Շուշանիկը դարձյալ սառը ջուր է ածում նրա վրա։ Կրկին նրա ինքնասիրությունը վիրավորվեց, մի՞թե երբեք չպիտի կարողանա կոտրել այդ աղջկա հպարտությունը։

— Ասացեք, ի սեր աստծո,— արտասանեց նա, փորձելով համարձակ նայել նրա աչքերին,— ինչո՞ւ համար եք դուք ինձանից փախչում։

— Ես ձեզանից փախչո՞ւմ եմ,— կրկնեց Շուշանիկը կիսահեգնաբար,— ո՞վ ասաց։

— Այդ չէի ուզում ասել… Դուք, դուք ինձ վրա վատ աչքով եք նայում։

Օրիորդի դեմքով անցավ դժկամության ժպիտը։ Նա մտածեց, որ Միքայելը դարձյալ ուզում է փորձի ենթարկել իր ամոթխածությունը։ Նա հետ դարձավ և քայլերն ուղղեց դեպի տուն։ Մի րոպե Միքայելն ընթանում էր նրա հետ լուռ։ Նա կանգ առավ, ձեռը սեղմելով ճակատին. ասե՞ր, արդյոք, բոլորը, ինչ որ կուտակվել էր սրտում, թե՞ զսպեր հպարտությամբ։ Օրիորդը հետ նայեց և նույնպես կանգ առավ, հարկավ, քաղաքավարության համար։ Նրա դեմքի անտարբեր արտահայտությունը, աչքերի մեջ խաղացող թեթև արհամարհանքը կատաղեցնում էին Միքայելին, միևնույն ժամանակ ճնշում, հաղթահարում։

— Օրիորդ, ես ձեր առջև մեղավոր եմ, խնդրում եմ, մոռացեք իմ հանդգնությունը։ Օրիորդ, ես սխալված եմ եղել, ներումն եմ խնդրում, ես ձեզ չէի ճանաչում։ Գիտեմ, դեռ ձեր սրտում ոխ եք պահում իմ դեմ։ Դուք առաջ ինձ նայում էիք զզվանքով, այժմ ցավակցությամբ։ Այդ ինձ վիրավորում է և ստորացնում իմ աչքում։ Ատեցե՛ք ինձ, թշնամացե՛ք, բայց մի՛ արհամարհեք։ Արհամարհանքն ինքնասերի մեծագույն պատիժն է։

— Չեմ հասկանում, ինչո՞ւ համար եք այդ ասում։ Ես ձեզ չեմ կարող ո՛չ ատել, ո՛չ արհամարհել։ Ի՞նչ կապ կա մեր մեջ, բացի այն, որ դուք տեր եք, ես ձեր ծառայի եղբոր աղջիկը։ Մի՞թե ինձ նման մի աննշան էակ կարող է ձեզ ստորացնել…

— Մի՛ կեղծեք, ի սեր աստծո, կեղծությունը ձեզ չի սազում։ Դուք շատ լավ եք հասկանում, թե ես ինչ եմ ուզում ասել։

Շուշանիկը նայեց լրջորեն նրա գունատ երեսին և զգաց, որ նրա հոգին սաստիկ խռովված է։ Ճակատի վերքից մնացել էր բավական մեծ սպի, որ նրա կանացի կերպարանքին այժմ տալիս էր առնականություն։ Շուշանիկը շփոթվեց նրա աչքերի փայլից և, գլուխը կրծքին թեքելով, հանդարտիկ շարունակեց ճանապարհը։

— Միայն մի րոպե, օրիորդ,— գոչեց Միքայելը,— դուք շատ եք շտապում, իսկ ես կկամենայի մի քանի խոսք ասել, միայն մի քանի խոսք։ Չգիտեմ՝ ինչպես ասեմ, բայց պիտի ասեմ… Թույլ տվեք անկեղծ լինել, այս հարկավոր է թե՛ ինձ և թե՛ ձեզ համար…

— Հրամայեցե՛ք,— ասաց Շուշանիկը կանգ առնելով և ձեռներն անփույթ դնելով կրծքին, գլուխը թեթևակի աջ ուսին թեքելով,— ես պատրաստ եմ լսել ձեզ։ Արդեն նա վճռել էր մտքում այս անգամ բացարձակ և աներկյուղ հայտնել, որ իր և այդ մարդու մեջ չկա և չի կարող լինել ոչ մի առնչություն։

Կարճատև տատանումից հետո Միքայելն սկսեց խոսել։ Զգացումների բուռն հոսանքից չգիտեր՝ ինչի՞ց սկսի և ինչպե՞ս։ Կամենում էր միանգամից արտահայտել բոլորը, ինչ որ մտածել ու զգացել էր վեց-յոթ շաբաթվա ընթացքում, բայց վախենում էր, մի գուցե օրիորդը խստորեն ընդհատի նրա խոսքը և հեռանա։ Եվ սկսեց իրեն պարսավել ոչ միայն իր սխալի համար, այլև ընդհանրապես։ Նա խոստովանում էր, որ ինքը փչացած մարդ է, առանց ձգտելու բացատրել իր բարոյական անկման արդարացուցիչ պատճառները։ Այն օրից, երբ Շուշանիկը հրեց նրան, սկսեց զգալ, որ, ճշմարիտ, սխալված է եղել առհասարակ կանանց մասին, չափելով բոլորին միևնույն չափով։ Նա սկսեց մտածել ավելի լուրջ, հարգել կնամարդին այնպես, ինչպես երբեք չէր հարգել։ Շուշանիկի սառնությունն ու արհամարհանքը զորացրին նրա մեջ անսովոր զգացումը։ Որքան օրիորդը երես դարձրեց, այնքան կին էակը բարձրացավ նրա աչքում։ Որքան նա հպարտ պահեց իրեն, այնքան ինքն ընկավ իր աչքում։ Շուշանիկը, և միայն նա՛ զգալ տվեց, թե որքան փուչ է եղել իր կյանքը։ Նա՛, միայն նա անգիտակցաբար արավ նրա համար այն, ինչ որ ահա մի քանի ամիս է, աշխատում է անել իր եղբայրը։ Նրան վիրավորեցին հասարակության մեջ։ Եղբայրն ամբողջ ժամերով աշխատում էր համոզել նրան մոռանալ այդ վիրավորանքը, բայց չկարողացավ։ Նա միայն և միմիայն Շուշանիկի պատճառով կուլ տվեց ամոթալի ապտակը։

Մի՞թե այս բոլորը չի ուրախացնում օրիորդին, մի՞թե նա չի պարծենում իր բարոյական զորությամբ և ազդեցությամբ։ Մինչև այսօր Միքայելի ականջներին հնչում են այս խոսքերը․ «որքան զանազանություն կա ձեր և ձեր եղբոր մեջ»։ Հասկանում է նա այդ զանազանությունը և տեսնում, որ իր եղբայրը բարձր է իրենից բարոյապես։ Ուրեմն Շուշանիկն ունի իրավունք նրան ատելու, Սմբատին հարգելու, նրան պախարակելու, Սմբատին գովելու։ Ինչու՞ է նա երեսը դարձնում, ինչու՞ է թաքցնում իր զգացումները, մի՞թե կարծում է, որ Միքայելը ոչինչ չի տեսնում, ոչինչ չի զգում։

— Չէ՞ որ դուք նրան սիրում եք, այո՛, սիրում եք։ Կարմրեցե՛ք, չարացե՛ք, բայց ես ճշմարիտն եմ ասում։ Էհ, ի՜նչ արած, ուժով սիրելի դառնալ չի կարելի։ Ատեցե՛ք ինձ, որքան ուզում եք, այսուհետև ես ձեզ հանգիստ կթողնեմ, միայն հասկացե՛ք, ես այնքան էլ փչացած չեմ, որքան կարծում եք, որ իմ սրտում դեռ կա մաքուր անկյուն։ Եվ մի օր, մի օր կտեսնեք, որ այդ անկյունը պահված է ձեզ և միմիայն ձեզ համար։

Նա մի քանի քայլ առաջ անցավ, նորից կանգնեց գունատ, շնչասպառ։

Շուշանիկը տակավին լուռ էր, մերթ կարմրում էր, մերթ գունատվում, մերթ ուզում էր քայլերն արագացնել և շուտով տուն հասնել, մերթ վախենում էր՝ մի գուցե այսպիսով դրդի Միքայելին ավելի համարձակ դառնալու։ Միևնույն ժամանակ, ակամա հետաքրքրվել էր երիտասարդի զգացումներով և ուզում էր լսել նրան։ Վախենալով և դողալով՝ նա ցանկանում էր իմանալ, վերջապես, ի՞նչ է պահանջում իրենից այդ մարդը։ Երբ Միքայելը լռեց, նա մտածեց, ի՞նչ պատասխանի։ Նա կարծում էր, թե պարտավոր է անպատճառ մի բան ասել։ Նրա սրտում հղացավ կարեկցության պես մի բան, որ, սակայն չկամեցավ արտահայտել։ Միևնույն ժամանակ զգաց, որ Միքայելի ասածներն անկեղծ են։ Այս անկեղծությունը բարձրացրեց նրա աչքում այն մարդուն, որի մասին նա այնքան ստոր գաղափար ուներ։

— Մնաք բարով,— ասաց Միքայելը, չարժանանալով Շուշանիկի կողմից ոչ մի խոսքի։

— Գնաք բարով։

Միքայելը հեռացավ արագ քայլերով, սիրտը դառնությամբ լի։ Ի՜նչ հպարտություն, ի՜նչ ինքնազսպում մի աննշան աղջկա կողմից։ Ո՞վ է նրան այդպես կրթել և պատրաստել։ Ի՞նչ շրջան է նրա մեջ ամրացրել կամքի այդչափ հաստատություն։ Նա այնքան զորեղ գտնվեց, որ մի խոսք անգամ չասաց Սմբատի մասին, ո՛չ հերքեց, ո՛չ բարկացավ և միայն լռեց։ Ա՜խ. այդ համառ լռությունը նրան հաղթահարեց ավելի, քան եթե խոսեր։

Դարձյալ ուշ գիշեր էր և դարձյալ Շուշանիկն անքուն շրջում էր իր սենյակում առանձնացած։ Նրա ականջներին դեռ հնչում էին Միքայելի խոսքերը։ Արդյոք, իսկապես անկե՞ղծ էին այդ խոսքերը, թե շինծու։ Բայց որքա՜ն նա իրեն անխնա քննադատեց, որքա՜ն պարսավեց։ Ո՛չ, նա զղջում է իր արածների մասին և զղջում է, անշուշտ, առանց կեղծիքի։ Էհ, տերը նրա հետ, թող այսուհետև ինչ ուզում է մտածի։ Նա ինքն ասաց. «մնաք բարով», ուրեմն վճռեց վերջապես, թողնել Շուշանիկին հանգիստ։ Ավելի լավ. Շուշանիկն էլ նրանից հենց այդ պիտի պահանջեր, և առանց պահանջելու ստացավ ուզածը։ Տերը նրա հետ։

Եվ հետզհետե Միքայելի գրգռված կերպարանքը նսեմացավ, ներկայացավ Սմբատն իր առնական կերպարանքով։

Ինչո՞ւ նա հանքերը չի գալիս. մի՞թե ուզում է Շուշանիկի հանդուգն երևակայության վրա սառը ջուր ածել կամ գուցե վճռել է ազատություն տալ իր եղբորը։ Ի՞նչ. մի՞թե Սմբատն ընդունակ է այս տեսակ ստորության։ Ո՛չ, երբեք… Նա ազնիվ է, նա չի թույլ տալ իրեն այդչափ վատ գաղափար ունենալ Շուշանիկի մասին։

Բայց այդպես շարունակել այլևս անհնարին է։ Դա հիմարություն է, նույնիսկ խելագարություն է՝ սիրել մի եղբորը, հետամուտ լինելով մյուսից, ձգտել դեպի մեկը, փախչելով մյուսից։ Պիտի մոռանալ ամեն ինչ և դարձյալ անձնատուր լինել նախկին կյանքին, բավական է, որքան հիմարացավ։ Սակայն ինչպե՞ս, տեր աստված, ինչպե՞ս։ Նա ականջ էր դնում շոգու աղմուկին և լսում էր բարեհնչյուն ձայնը, նայում էր փողոցի մթությանը և տեսնում միայն առնական կերպարանքը։ Ամենուրեք նա, և միմիայն նա։ Կարծես, դա մի չար ոգի է, որ մի անգամ ընդմիշտ վճռել է քայքայել նրա հանգիստը և հասցնել նրան մինչև խելագարության։ Տեր աստված, մի՞թե այս է սեր ասված բանը, այն, ինչ որ կարդացել է հարյուրավոր վեպերում հարյուրավոր վարիացիաներով։ Եթե այո՛, ինչո՞ւ ասում են, թե սիրո նույնիսկ դառնությունը հաճելի է։

Շուշանիկը նստեց սեղանի քով։ Նրա գլխում ծագել էր մի հանդուգն միտք— դեն ձգել նախապաշարումները և համարձակորեն հաղորդել նամակով բոլոր տվայտանքը Սմբատ Ալիմյանին։ Թո՛ղ, վերջապես, իմանա, թե ինչ արավ նա մի խեղճ գործակատարի խեղճ եղբորորդուն։ Ի՞նչ կա վախենալու, ինչո՞ւ չլիներ համարձակ…

Նա գրեց մի երես, կարդաց, ամաչեց, պատռեց, դեն ձգեց, նորեն սկսեց և դարձյալ պատռեց։ Գրիչն անզոր էր արտահայտելու իսկական զգացումները։

Թիկն տվեց աթոռին, ձեռները թուլացած դնելով ծնկների վրա։ Ո՛չ, ամոթ է, ի՞նչ գրի և ինչո՞ւ, ի՞նչ իրավունքով։ Այդ մարդը կարող է ծաղրել նրան և արհամարհանքով դեն շպրտել նրա հիմար նամակը։

Դրսի մթությունն սկսեց փարատվել, արևելքը գունատվեց, ապա կարմրեց և հետո դեղնեց։ Արեգակը հանդարտիկ բարձրացավ հեռավոր թումբերի հետևից։ Փետրվարի անվստահ և թույլ արեգակը, որի ճառագայթները պաղում են դեռ երկրին չհասած։

Լսվեց երեխաների ձայնը, հետո անդամալույծի սիրտ մաշող առավոտյան հազը և նրա բողոքը երեխաների դեմ, որ չեն թույլ տալիս «ամբողջ գիշերը քնելու»։

Շուշանիկը դեռ անքուն էր։ Հագուստը հագին, գլուխն անզոր դրել էր սեղանի եզրին, ձեռների վրա։ Խիտ մազերը սփռվել էին ուսերին և ծածկել հոլանի բազուկները, որոնք փղոսկրի մաքրությունն ունեին։ Ա՜խ, եթե տեսներ նրան այդ րոպեին Միքայելը, մի թե կհամարձակվեր նրան գեղեցիկ չհամարել։ Արեգակի շողերն ընկան նրա վրա այնքան անվստահ, որ, կարծես, վախենում էին խանգարել տառապող աղջկա նիրհը… Գլուխը քիչ բարձրացրեց։ Աչքերն անքնությունից կարմրել էին, կոպերը փքվել սպունգի պես, այտերի վրա երևում էր անբնական կարմրություն։

— Էլի գիշերն անքո՞ւն ես անցկացրել,— լսեց մոր ձայնը և ցնցվեց։

Նա կեղծելում վարպետ չէր, ուստի լռեց։

— Ի՞նչ է պատահել քեզ, որդի, ի՞նչ ցավ է տանջում խեղճ երեխայիս։

Պետք էր կամ ստել կամ հարցուփորձից խույս տալ։ Շուշանիկը վախեցավ և քայլերն ուղղեց դեպի դռները։

Մայրը կտրեց նրա ճանապարհը։ Այս անգամ արդեն նա անպատճառ պիտի իմանա աղջկա ցավը։ Գիշերն անքուն, ցերեկն անգործ, ոչ կարգին ուտում է, ոչ խոսում, ոչ էլ առաջվա պես կարդում։ Նույնիսկ հորաքրոջ երեխաները գանգատվում են, թե «վարժուհին դաս չի տալիս» նրանց։ Ման է գալիս քնածի պես, օր-օրի վրա լղարում է, դեղնում, չորանում։ Ասա, որդի, ասա, ո՞ր չարն է քեզ տանջում, ո՞ւմ անեծքն է պատժում մորդ։ Կարելի է հորդ մրմունջներն են մաշում քեզ․ չէ՞ որ սկսել ես գանգատվել նրանց դեմ… Հիվանդ ու աստծուց պատժված մարդուց կարելի՞ է նեղանալ։ Այսօր-վաղը կկտրվի նրա անբախտ կյանքի թելը։ Ա՜խ, կար ժամանակ, որ նա էլ հայր էր, քեզ համար ոչինչ չէր խնայում, պահում էր քեզ ինչպես աչքի լույս։ Նա չէ՞ր, որ քեզ ուսում էր տալիս ու կրթում մեծամեծների աղջկերանց պես։ Մի օր մուզիկի վարժուհին էր գալիս, մյուս օրն երգ սովորեցնողը։ Ուրախանում էր երեխայի պես, երբ երգում էիր ու պիանո ածում։ Ա՜խ, Շուշանիկ, Շուշանիկ, երանի՞ այն օրերին, անցան, գնացին, մորդ սրտում դառը վիշտ թողնելով։ Այժմ ձայնդ խեղդվել է կոկորդումդ, չես երգում, մատներդ կոշտացել են տնային աշխատանքից, պիանո չունես, որ նվագես։ Որդի, շատ մի՛ մտածիր, համբերիր։ Ա՜խ, սև լիներ այն օրը, երբ հայրդ կոտր ընկավ, եկավ այս սև աշխարհը։ Ասա, ի՞նչ է պատահել, որդի…

Շուշանիկը նստած էր լուսամատի առջև, ձեռները ծնկներին դրած, գլուխը կրծքին թեքած։ Մոր համառ հարցերին ու մրմունջներին պատասխանում էր գլխի բացասական շարժումներով և խնդրում հանգիստ թողնել իրեն։ Եվ ի՞նչ ասեր, մի՞թե բոլորը խոստովաներ։ Օ՜օ, ո՛չ, խեղճ կինն ամոթից կխելագարվի, թե լսի, որ նրա աղջիկը սիրահարված է ամուսնացած մարդու վրա։ Թո՛ղ, մայրիկ, թո՛ղ նրան հանգիստ։ Նա ոչ մի ցավ ու հոգս չունի։ Թո՛ղ, որ գնա երեխաներին դաս տա, աղախնին օգնե, հորը ծառայի։

Եվ նա, այլևս չկարողացավ զսպել իրեն, հեկեկաց ու վազեց դուրս։

Մայրն ապշած նայեց հետևից, ծանր հառաչելով։


VIII


Երբեմն Անտոնինա Իվանովնան իրեն հարցնում էր, արդյոք, կյանքի մանր պակասություններին խոշորացույցով չի՞ նայում և աննշան բաներից ստեղծում իր համար մեծ դժբախտություն։ Արդարև, եթե չի կարող շրջանն իրեն հարմարեցնել, ինչո՞ւ չհամակերպվել։ Եթե չի կարող սիրել ամուսնուն, ինչո՞ւ չհարգել նրան իբրև օրինավոր մարդու։

Սակայն այս մտքերը ծխի պես օդն էին ցնդում, երբ մտածում էր, թե ինքը մի ծանր բեռ է Ալիմյանների համար, երբ մանավանդ Սմբատի աչքերի մեջ նշմարում էր հազիվ զսպված ատելությունը։ Հաճախ հարցնմում էր իրեն, ինչպե՞ս եղավ, որ կյանքը կապեց այդ մարդու հետ։ Եվ միշտ հանգում էր նույն պատասխանին, թե դա մի պատահական դեպք էր, վիճակախաղ։ Մի չար ոգի րոպեաբար մթագնեց նրա ուղեղը և դրդեց նրան ընկնել դեռ լավ չճանաչած մի երիտասարդի գիրկը։ Այն ժամանակ նա կարծում էր թե այդ մարդու սերը կարող է լինել անշեջ, կարծում էր նաև, որ ահա գտավ վաղուց որոնած մեկին, որին կարող էր իր ուզած ձևը տալ, ինչպես կակուղ մոմի։ Բայց նետը քարին դիպավ։ Նա հանդիպեց իր չափ անշեջ մի բնավորության, որ չէր ուզում զիջանել շատ անձնական նախապաշարումներ։ Երկուսն էլ ուսում առած, զարգացած՝ ունեին տարբեր դրոշակներ — այս չէ՞ր, արդյոք, փոխադարձ գժտությունների առաջին հիմքը։ Իսկ երբ ավելի ծանոթացան միմյանց, առաջ եկան բյուրավոր հակասություններ։ Մանր դեպքերը խոշորացան, պարզվեց այն անդունդը, որ անջատում է երկու միմյանցից հիմնավորապես տարբեր շրջանների մարդկանց։

Ով գիտե, գուցե նա սիրեր այդ մարդուն երկար տարիներ, եթե սիրվեր նրանից։ Բայց այն պահից, երբ զգաց նրա սառնությունը, ինքնասիրության կայծը բորբոքվեց նրա մեջ։ Իսկ հետո, երբ Սմբատն սկսեց արդեն ուղղակի նրա երեսովը տալ տարիքը, նախանձի վիրավորված զգացումն ավելի զարգացրեց նրա մեջ թշնամություն։ Իբր թե թառամել է, իբր թե, մի երկու տարի իր մարդուց մեծ լինելով, արդեն ծեր է նրա համար…

— Ծեր եմ, գնա երիտասարդ կանանց հետևից ընկիր,— ասաց նա դեռ հինգ տարի առաջ։

Սմբատը զղջաց իր կոպիտ նկատողութան համար։ Նա չէր ուզում ընկնել ուրիշ կանանց հետևից։ Նա ասաց, «խաբվել է» և պարտավոր է իր սխալի հետևանքները կրել։

«Խաբվել»— ահա մի բառ, որ ասեղի պես ցցվում էր Անտոնինա Իվանովնայի սիրտը։ Ո՛չ, նա ինքը խաբվեց և միայն ինքը։

Դեռ Մոսկվայում, իր մայրենի շրջանում, նրանք կենակցում էին մի կերպ զավակների սիրո անունով։ Այնտեղ Սմբատն ավելի զիջող էր, ավելի մեղմ, նույնիսկ հարմարվող։ Այնտեղ գոնե միայն նա էր Անտոնինա Իվանովնայի դատավորը։ Իսկ այժմ մի օտար կին, շրջապատված իր հոգուն ու մտքին խորթ անձերով, ինչպե՞ս կրե բոլորի հալածանքները։

— Ինձ թվում է, որ ուսումը ձեզ վրա շատ քիչ ներգործություն է ունեցել։ Ձեր հայացքները, կարծես, ոչնչով չեն տարբերվում ձեր շրջանի աշխարհայացքից։ Դուք հնության ու նախապաշարումների դեմ կռվելու տեղ նրանց պաշտպան եք հանդիսանում։ Դուք ձեր շուրջը լույս տարածելու փոխարեն ինքներդ կլանվում եք խավարից։ Մի մոլեռանդ պառավ հալածում է ինձ, դուք նրան կողմնակի խրախուսում եք, մի՞թե այդ է ձեր ուսման ու զարգացման ուժը… Մի՞թե ներելի է այդքան մոլեռանդ լինելը…

Այս ասում էր Անտոնինա Իվանովնան մեծ պասի առաջին շաբաթ օրը, երբ նա երեխաներին տարել էր եկեղեցի և հաղորդություն տվել։ Այդ օրն այրի Ոսկեհատի համար դառն օրերից մեկն էր։ Նա լալիս էր, որ իր որդու զավակները խորթ են իր մայրենի եկեղեցուց։ Նա ընդհարվեց որդու հետ հարսի ներկայությամբ։ Անտոնինա Իվանովնան դիմադրեց նրան, և հարս ու սկեսուր միմյանց ուղղեցին վիրավորական դարձվածներ։ Սմբատը ոչ մեկին չպաշտպանեց։ Միայն հետո առանձին Անտոնինա Իվանովնային ասաց, թե պառավն իր տեսակետից բոլորովին իրավացի է, թե նա ուրիշ կերպ չի կարող մտածել։ Այս էր, որ վիրավորեց տիկնոջը և դրդեց այս անգամ իր հանդիմանությունը հիմնել ամուսնու «մոլեռանդ հայացքների» վրա։

— Զարմանում եմ,— գոչեց Սմբատը կծու հեգնությամբ,— զարմանում եմ, որ դուք ամեն բան ինձանից եք պահանջում։ Դուք ուզում եք, որ միայն ես լինեմ զիջող, վեհանձն և մոռացկոտ։ Եթե ուսումն ու զարգացումը կարող են մարդու մեջ իսպառ մեռցնել բոլոր դարավոր ավանդությունների հետքը, ինչո՞ւ ձեր մեջ չեն մեռցնում։ Ինչո՞ւ դուք մի մոլեռանդ և ծեր կնոջ հետ մրցում եք գրեթե հավասար զենքով, իսկ ինձանից պահանջում եք անպայման հնազանդություն ձեր բոլոր ավանդություններին… Դրեք ձեր զենքը մի կողմ, ես էլ կդնեմ։ Ես զոհել եմ էականը, դուք զոհեցեք ձևականը։ Համառություն մի՛ արեք, ես էլ չեմ անիլ։ Փոխադարձ զիջողություն— ահա իմ ուզածը։ Դուք ձերն եք պնդում, ինչո՞ւ ես էլ իմը չպիտի պնդեմ։ Ինչո՞ւ եք օգտվում ձեր զորեղ զենքից…

— Ուժը գործ է դրվում համառության դեմ։ Ես մոլեռանդ կին չեմ, բայց տեսնելով իմ շուրջը մոլեռանդություն, ուզում եմ օգտվել իմ զենքից։ Ես չէի մրցիլ, մինչև անգամ հիմարություն կհամարեի այս տեսակ մրցում, եթե ձեր մայրը, քույրն ու բոլոր ազգականներն ինձ հարազատ աչքով նայեին։ Բայց ոչ միայն նրանք, այլև ձեր ամբողջ հասարակությունն ինձ գաղտնի արհամարհում է և ձեզ անարժան համարում։ Ես քիչ եմ եղել այդ հասարակության մեջ, բայց շատ եմ զգացել։ Նրա արտաքին ձևական հարգանքի տակ ես նկատել եմ խորին ատելություն։

— Որովհետև կասկածամիտ եք, որովհետև ձեր երևակայությունը թունավորված է…

— Ո՛չ, իմ սիրտն ինձ չի խաբում այս հանգամանքում։ Մարդ պիտի հիմար լինի, որ չզգա այն, ինչ որ ես եմ զգում… Կարո՞ղ եք երդվել ձեր զավակներով, որ ես սխալվում եմ…

Սմբատը լռեց։ Կնոջ խոսքերի մեջ զգաց որոշ չափի ճշմարտություն։

Կես ժամ անցած Անտոնինա Իվանովնան իր սրտի դառնությունն արտահայտում էր եղբոր մոտ։ Իսկապես նա Ալեքսեյ Իվանովիչին համարում էր անզոր որևէ խելացի խորհրդով իրեն օգնելու, բայց և այնպես շատ անգամ էր խորհրդակցում նրա հետ իր անելիքի մասին։ Ուրիշ ոչ մի բարեկամ չուներ, որին հասկացներ իր վիշտը։

— Գիտե՞ս ինչ,— ասաց Ալեքսեյ Իվանովիչը, դեմքին փիլիսոփայական արտահայտություն տալով,— կուզես չարացիր, կուզես հայհոյիր ինձ, դարձյալ կասեմ, որ մարդկանց չես ճանաչում, այսպես ասած, հոգեբան չես։ Այդ ասիացիները չափազանց համառ են, իսկ համառ մարդկանց հետ համառությամբ մրցել չի կարելի։ Նրանց վրա կարելի է ազդել միայն, այսպես ասած, սիրով ու փաղաքշանքով։ Ո՛չ Սմբատ Մարկիչը կբաժանվի երեխաներից, ոչ դու կարող ես բաժանվել։ Արի դու լսիր իմ ծրագիրը և կատարիր…

— Քո ծրագի՞րը,— կրկնեց Անտոնինա Իվանովնան հետաքրքրված։

— Այո՛, իմ ծրագիրը, սիրելի քույրիկս, որովհետև ծրագիր եմ կազմել քո մասին։

Նա պենսնեն ուղղեց, նստեց քրոջ դեմ և, ոտը ոտի ձգելով, շարունակեց.

— Մեր երկաթի դարում, այսպես ասած, գոյության կռիվը հասել է իր զենիտին։ Այժմ միայն նա է կարող ապրել, ով ունի երեք ժամանակակից զենքերից մեկը— փող, տաղանդ և հնարագիտություն։ Դու փող չունիս, այսինքն՝ սեփական փող, այս մեկ։ Դու տաղանդից զուրկ ես— այս երկու։ Մնում է հնարագիտությունը։ Հնարագետները, սիրելիս, շատ տեսակների են լինում, և նրանց մեջ, իմ խորին համոզմունքով, պատվավոր տեղ է բռնում, այսպես ասած, կենսական հնարագետը։ Դու այս երևելի շնորհից էլ զուրկ ես ու զուրկ։ Ահա ինչու, լսի՛ր, սիրելիս, եթե հավանես — ընդունիր, ես ուզում եմ գալ օգնության իմ ծրագրով։ Եթե ոչ— դու քեզ, ես ինձ համար։

Նա կտրեց սիգարի ծայրը ժամացույցի շղթայից քաշ արած փոքրիկ մկրատով, վառեց, բաց թողեց ծխի մի քանի քուլաներ։

— Դու պիտի հաշտվես Ալիմովի հետ,— շարունակեց, բեղերը շփելով,— այո՛, պիտի հաշտվես։ Մի՛ ցնցվիր, լսի՛ր, հետո։ Նախ և առաջ դու ցույց կտաս սկեսրիդ, այդ, այսպես ասած, անդրպատմական վհուկին, հարգանք, այսինքն կեղծ հարգանք։ Նու՛, նու՛, հասկանում եմ. ուզում ես ասել, թե կեղծել չես կարող, գիտեմ, բայց լսի՛ր։ Այո՛, ցույց կտաս կեղծ հարգանք և կամաց-կամաց, այսպես ասած, կկոտրես նրա սրտի ասեղը։ Հետո պառավին կդարձնես, այսպես ասած, մի տեսակ կամուրջ դեպի կողակցիդ սիրտը։ Բարձրանալով այդ կամրջի վրա, կամացուկ կպարզես սեփական դրոշակդ և, այսպես ասած, կպաշարես Սմբատ Մարկիչի հավատարմությունը։ Հետո քիչ-քիչ կհամոզես նրան, թե երեխաները չեն դիմանում այստեղի կլիմային։ Եվ իրավ, այս ի՞նչ դժոխային կլիմա է. քամի, փոշի, նավթ… Հա՛, կասես հիվանդանում են, պետք է նրանց տեղափոխել։ Կասես ժամանակ է նրանց ուսում տալու, այստեղ օրինավոր դպրոց չկա, էտցետերա, էտցետերա, էտցետերա… Եվ ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե նույնը կրկնելով, վերջը կհամոզես, թե դու նրանց պիտի տանես Պետերբուրգ։ Հասկանու՞մ ես, Պետերբուրգ և ոչ Մոսկվա, որովհետև Մոսկվան հայրենիքդ է, եթե անունը տաս, բարեմիտ կողակիցդ կխրտնի…

— Հետո՜, հետո՜,— կրկնեց Անտոնինա Իվանովնան անհամբեր։

— Էհե՜, տեսնում եմ, որ ոգևորվում ես,— շարունակեց Ալեքսեյ Իվանովիչը, սիգարն ուղղահայաց մոտեցնելով բերանին, որպեսզի մոխիրը չթափվի,— այդ լավ նշան է։ Հետո, իհարկե, կհամոզես, որ երեխաներիդ անունով մի խոշոր գումար, ենթադրենք երկու կամ երեք հարյուր հազար մտցնի Պետերբուրգի բանկերից մեկը, է՜հ, մի գումար էլ, այսպես ասած, իր թանկագին կիսի, այսինքն՝ քո անունով։ Սպասի՛ր, ի՞նչ ես պտուտակի պես պտույտ-պտույտ անում բազկաթոռի վրա։ Այո՛, հետո, այսպես ասած, տակտիկադ քիչ-քիչ առաջ կտանես ու… Անդորրագրերը նրանից, այսպես ասած, ազնիվ եղանակով կվերցնես… դե, թող վերջացնեմ է՜է… Այն ժամանակ, ես քո խոնարհ ծառան, այստեղ եմ, հո այստեղ։ Քեզ կտանեմ երեխաներիդ հետ Պիտեր, այսպես ասած, հողմի թևերով։ Դու կսկսես ծախսել քեզ հատկացրած գումարը։ Ալիմովը փոքր առ փոքր կմոռանա երեխաներին։ Ժամանակն ու տարածությունը սիրո, եթե կարելի է այսպես ասել, սղոցներն են։ Իսկ դու էէ՜, կմոռանաս ու կմոռանաս Ալիմովին։ Այն ժամանակ, քույրիկս, կհիշես, որ մարդու կյանքում կա, այսպես ասած, և երկրորդ երիտասարդություն, իսկ Պետերբուրգը գիտես, որ Ասիա չէ…

— Բավակա՜ն է,— գոչեց քույրը խորին զզվանքով,— բավակա՜ն է։ Գիտեի, որ փչացած մարդ ես, բայց չգիտեի, որ այդքան վատ ես ճանաչում ինձ։ Դիմել կեղծիքի, խաբեբայության, ստորանալ, կորզել նրանից փողերը և այդ փողերով… Լռի՛ր, դու ավելի վատ կարծիք ունես իմ մասին, քան թշնամիներս…

— Հավատացնում եմ քեզ, որ ավելի հանճարեղ ծրագիր հազիվ թե ինքը Թալեյրանը կարողանար հնարել։

— Ահա ինչ, Ալեքսեյ, ժամանակ չէ՞ արդյոք, որ դու վերադառնաս Մոսկվա,— հարցրեց քույրը, խոսքը հանկարծ փոխելով, որ միանգամից վերջ տա նրա շաղակրատությանը։

— Ի՞նչ կա, ի՞նչ է պատահել։

— Այն կա, սիրելիս, որ դու այստեղ ապրելով ուրիշների հաշվին, ավելի ատելի ես դարձնում իմ դրությունը։

— Ուրիշների հաշվի՞ն, — ծիծաղեց Ալեքսեյ Իվանովիչը,— բարեկամ, այստեղ գալուց դես, այս տանը ես ճաշել եմ ընդամենը երկու անգամ, այն էլ սկեսրիդ հետ վիզավի նստած… սքանչելի դեսերտ…

— Բայց քանի՞ անգամ ես Ալիմովներից փող վերցրել։

— Քո թանկագին կողակցից և ոչ մի անգամ։

— Իսկ Միխայիլ Մարկիչի՞ց։

— Միխայիլ Մարկիչն իմ, այսպես ասած, անձնական մտերիմ բարեկամն է։ Սիրում է ինձ եղբոր պես, ես էլ նրան, նա իսկական ջենտլմեն է, այսինքն՝ էր. վերջին ժամանակ մի քիչ փոխվել է։ Այդ Գրիշա անունով գարշելիի ապտակը, այսպես ասած, ուղիղ իմ ինտերեսներին դիպավ։ Էլ շատոլաֆիտը, մանախորը, շամպանիան հասարակ գինու տեղ չեմ գործածում։ Բայց ոչինչ, հույս ունիմ, որ, այսպես ասած, մոլորյալ ոչխարը դարձի կգա։ Ուրեմն չե՞ս հավանում ծրագիրս։ Լա՛վ, մտածի՛ր, հետո էլի կխոսենք։ Ցտեսություն, Արզաս Մարկիչն ինձ սպասում է…

Մի օր Անտոնինա Իվանովնան ամուսնու մասին լսեց եղբորից մի նորություն, որ թե՛ նրան զարմացրեց և թե՛ ցավ պատճառեց։

— Դու սուտ ես ասում,— գոչեց նա, զայրացած անգամ։

— Ո՛չ, զուտ ճշմարտություն եմ ասում։ Երեկ երեկոյան երկրորդ անգամ տեսա «Անգլիա» հյուրանոցում, այսպես ասած, յոթերորդ աստիճանում։ Աչքերը կարմրել էին ոչխարի պոլոճիկի պես, ոտները զանազան աշխարհագրական գծեր էին քաշում հատակի վրա, գլուխն ուսերի վրա չէր կանգնում, ապստամբվել էր մարմնի դեմ։

— Եթե ճիշտ ես ասում, խղճում եմ նրան։

— Եթե խղճում ես, կարող ես և սիրել։ Կանայք շատ անգամ առաջ խղճում են, հետո սիրում։ Հաշտվի՛ր, աա՞…

— Լսի՛ր։ Ալեքսեյ,— գոչեց քույրը, շրթունքները կրծոտելով,— եթե այս շաբաթ դու չես հեռանալ այս քաղաքից, գոնե բնակարանդ պիտի փոխես։

— Այլ խոսքով, սիրելի քույրիկս ուզում ես, այսպես ասած, դռներդ փակել իմ առջև, չէ՞…

— Եթե ուզում ես ճիշտ իմանալ — այո՛, միայն ոչ իմ, այլ ուրիշի դռները։

— Դու կատարյալ դրագուն ես դարձել, սիրելիս, այդ քեզ չի սազում։

— Միխայիլ Մարկիչը քեզանից երես է դարձրել, այժմ դու նրա փոքր եղբորն ես հարստահարում։ Ամոթ է վերջապես…

— Իսկի էլ ամոթ չէ։ Այժմ ես Արզաս Մարկիչի, այսպես ասած, վերահսկողն ու դաստիարակն եմ։ Կարծեմ, այս կրրկնակի պաշտոնի համար ունեմ իրավունք նրանից վարձ ստանալու։

Այդ ճիշտ էր. Ալեքսեյ Իվանովիչն այժմ Արշակի համար հսկիչի և դաստիարակի դեր էր կատարում, միայն կամավոր և վերին աստիճանի ազատամիտ հսկիչի։ Պատանին որոնում էր իր Զիպժնային, իսկ Ալեքսեյ Իվանովիչը օգնում էր գտնելու… Թատրոնում, ցիրկում, կուլիսների հետևում, հյուրանոցներում։ Իբրև դաստիարակ՝ նա իր աշակերտին սովորեցնում էր «մայրաքաղաքյան» ձևեր և նիստ ու կաց։

Մի երեկո վարժապետ ու աշակերտ թատրոնից դուրս գալով, մտան մերձակա հյուրանոցը ընթրիք անելու։ Այնտեղ նրանք հանդիպեցին Սմբատին, որ, մի քանի հասակակիցների հետ նստած, զվարճանում էր։ Արշակը կամեցավ հեռանալ, Ալեքսեյ Իվանովիչը չթողեց։ Ի՜նչ կա վախենալու, Սմբատ Մարկիչը ոչինչ չի ասիլ, տեսնելով նրան «պատվավոր» ազգականի հետ։ Եվ նա գրեթե ուժով պատանուն նստեցրեց ճաշարանի անկյունում։

— Նո՛ւ, այսօր ազիատիկ ենք ընթրո՞ւմ, թե եվրոպիեն,— հարցրեց նա բուն գաստրոնոմի եղանակով։

— Ինչպես կամենաս։

— Գարսո՛ն,— Գոչեց Ալեքսեյ Իվանովիչը, նայելով իր քթի ծայրին,— մենյու… ընտրիր,— դարձավ Արշակին, կերակուրների ցուցակը սպասավորից առնելով և նրան տալով։

— Դու ընտրիր ինձ համար էլ, քեզ համար էլ։

Պատանին այժմ ուտում ու խմում էր «դաստիարակի» ճաշակով։

Ալեքսեյ Իվանովիչը նախ հանդիմանեց սպասավորին, որ իսկույն չի փոխում սփռոցը, մի քանի անգամ արտասանեց «ֆիդոն», ապա սկսեց կերակուրներ ընտրել։ Մի քառորդ ժամ նա բացատրում էր սպասավորին, թե այսինչ կերակուրն ինչպես պիտի պատրաստել տալ, մի քառորդ ժամ էլ խոսեց խմելիքի մասին։

— Այդ ո՞ւմ ես նայում,— հարցրեց նա, տեսնելով, որ Արշակն աչքերը չի հեռացնում Սմբատի սեղանից։

— Նայում եմ եղբորս և զարմանում, թե ինչ տեսակ մարդկանց հետ է այժմ նստում, վեր կենում։ Վա՜յ Ալիմովների անունին։

— Աա՜ա, ուրեմն այդ մարդիկ արհամարհանքի՞ են արժանի։ Բայց, սիրելիս, այդպես մի՛ նայիր։ Գլուխդ բարձրացրու, ծռիր մի քիչ դեպի մի կողմ և անշեղ հայացքով մտիկ արա, այսպես ասած, ուղիղ նրանց ոտներին։ Այդ կնշանակե, որ արհամարհում ես նրանց։ Աա՜, այ այդպես, հիանալի է, վկա է աստված, դու արժանի էիր Պիտերում ծնվելու։ Գարսո՛ն, խավյարը շուտով բեր…

Եվ նա, պենսնեն մի կողմ դնելով, սկսեց առայժմ ոչնչացնել թարմ խավյարը կանաչ սոխի հետ։

— Արզաս,— շարունակեց նա դաստիարակել իր աշակերտին,— ուտելիս չի կարելի ամբողջ իրանով սեղանին թեքվել, այդ օրիենտալ է։ Գլուխդ միշտ բարձր և կուրծքդ միշտ սեղանից հեռու պահիր։ Կեր, այսպես ասած, անփույթ եղանակով, ժպտա, ծիծաղիր, զվարճախոսիր, այնպես, որ իբր բոլորովին քաղցած չես։ Այո՛, այդպես, սիրելիս, հիանալի՛ է… մի փոքր առաջ ես թատրոնում ուզեցա նկատողություն անել քո բարևելու եղանակի առթիվ, բայց անհարմար էր։ Լսի՛ր. երբ կանանց ես բարևում, միշտ պիտի աշխատես, այսպես ասած, նրանց երեսին նայել ուղիղ և ժպտալ։ Հետո գդակդ վերև մի՛ բարձրացնիլ, այլ դեպի մի կողմ, և հանկարծակի, այսպես ասած, ներվային շարժումով։ Վերցրու, մի կիսաշրջան արա ու հետո դիր գլխիդ։ Պետք է ասած, որ այս քաղաքում ոչ ոք չգիտե կանանց բարևելու նորագույն ձևը, և դու առաջին օրինակը կտաս։ Ահա ամառը կգնանք Ֆրանսիա, և Փարիզում ամեն բան կսովորես։ Գնալ՞ու ենք, թե՞ չէ, ասա՛։

— Իհարկե, իհարկե, ես արդեն քեզ հրավիրել եմ, և պիտի գնանք։

— Նու, բարեկամ, կարծեմ, քեզ այնքան փող չեն տալ, որ ինձ էլ կարողանաս հետդ մանածել, աա՞։

— Ո՞վ կհամարձակվի չտալ։

— Ո՞վ․ իհարկե թանկագին փեսաս… Նու, եղբայր, այդ մարդը բոլորիդ, այսպես ասած, գերի է դարձրել։ Իսկ ինքը, տես, ինչպես է քեֆ անում, այն էլ, այսպես ասած, ընտանիքի տեր լինելով։

— Նա անում է, ես էլ կանեմ։ Նա ինձ չի կարող արգելել։ Ես իմ փողերն եմ ծախսում։

— Իմ կարծիքով էլ այդպես է, բայց դու բավականաչափ, այսպես ասած, էներժիկ չես։ Պահանջի՛ր, եղբայր, պահանջի՛ր, և նա կտա։ Դու նրա հետ հավասար ժառանգ ես։ Գարսո՜ն, այս գինին շատ էլ ընտիրներից չէ, հինը, հինը չունե՞ք։ Նու՛, այդ էլ բեր, փորձենք…

Սմբատը վիճում էր սեղանակիցների հետ և, կարծես, չէր նկատում եղբորն ու աներձագին։ Նրա սեղանին մոտեցավ մի հարբած երիտասարդ, բարձրահասակ, հաղթանդամ, կարմրադեմ։ Ձեռները վարտիքի գրպանները դնելով, հայացքը հառեց Սմբատի երեսին, աջ ու ձախ երերվելով։

— Տե՛ս, Ալեքսեյ Իվանովիչ, սկանդալ է լինելու,— շշնջաց Արշակը սեղանակցին։

— Ո՞վ է այդ վայրենին, իմ կարծիքով շատ բութ երես պիտի ունենա,— ասաց Ալեքսեյ Իվանովիչը, նայելով անծանոթի ոտներին։

— Պետրոս Ղուլամյանի քրոջ որդին է, քաղաքի առաջին սկանդալիստը։

— Աա՜,— արտասանեց Ալեքսեյ Իվանովիչը, շտապելով հայացքն անծանոթից հեռացնել։

Հանկարծ հարբածը գոչեց․

— Դուք ի՞նչ փիլիսոփայություն եք անում ազնվության մասին։ Ալիմովներն իրավունք չունին այդ ապրանքի մասին խոսելու։

Խոսքն ուղված էր Սմբատի հասցեին, որ իսկապես ազնվություն բառ անգամ չէր արտասանել, խոսելով ու վիճելով սեղանակիցների հետ։ Նա նայեց անծանոթի երեսին ցածից վեր, զարմացած։

— Համեցե՛ք, պատրաստ է,— գոչեց Ղուլամյանի քեռորդին, բռունցքը դնելով սեղանի եզրին։

— Պարոն, ես ձեզ չեմ ճանաչում, ո՞վ իրավունք տվեց ձեզ մոտենալ իմ սեղանին։

— Ո՜վ, ո՜վ, հա՜-հա՜-հա՜, թքել եմ ձեր միլիոնների վրա։ Ասա խնդրեմ, ո՞վ է եղել քո հայրը, որ այդքան պարծենում ես։

— Պարոն, հեռացե՛ք այստեղից։

— Հարցնում եմ, ո՞վ է եղել քո հայրը. մի դռնապան, ջրկիր, հա՜-հա՜-հա՜…

— Հեռացե՛ք, եթե ոչ…— գոչեց Սմբատը, անգիտակցաբար բռնելով դատարկ շշի կոկորդը։

Սկսվեց իրարանցում։ Բոլոր սեղանակիցները վեր կացան, բացի Սմբատից, որ տակավին չդիտեր՝ ինչ է ուզում այդ մարդն իրենից։ Բռնեցին հարբած երիտասարդին, կամեցան քաշել մի կողմ, բայց նա, իր ուժեղ ձեռներով բռնողներին հրեց աջ ու ձախ և նորից մոտեցավ Սմբատին։

— Երեքիդ էլ միասին կջարդեմ, քուֆտա կշինեմ,— մռնչաց նա, ձեռով մի շրջան անելով դեպի Արշակի ու Ալեքսեյ Իվանովիչի կողմը։— Էյ, եկե՛ք, թե ուզում եք, օգնեցե՛ք այս անպիտանին։

— Լսեցի՞ր, Արզաս, վայրենին մեր կողմն էլ է, այսպես ասած, քարեր շպրտում։ Զգո՜ւյշ, պետք է պոլիցիա կանչել, որ սկանդալիստին դուրս տանի։ Գարսո՜ն…

Սմբատը գունատված ոտքի կանգնեց պաշտպանվելու։ Հարբած հաղթանդամը բռունցքը բարձրացրեց, որ նրան խփի, բայց նույն վայրկյանին գինու մի շիշ, օդի մեջ պտույտներ գործելով, դիպավ նրա կրծքին։ Նա մի քայլ հետ դրեց, ապա, գլուխը բարձրացնելով, նայեց այն կողմ, ուսկից ստացավ հանկարծակի հարվածը։ Եվ իր առջև տեսավ տասնուվեց տարեկան մի պատանի սփրթնած, խելագարի աչքերով։

— Արզաս, Արզաս,— գոչում էր Ալեքսեյ Իվանովիչը, հազիվ կարողանալով պահել կատաղած Արշակին, որ ուզում էր շշի հետևից ափսեն ուղղել հակառակորդի ճակատին։— Արզաս, դու գինով ապականեցիր շապիկդ, հանդարտվի՛ր, այդ վայրենին ուժեղ է, այսպես ասած…

Իրարանցումը սաստկացավ։ Հաղթանդամի վրա հարձակվեցին բոլոր սպասավորները, բռնեցին և ուժով քաշեցին դեպի դուրս։ Դռների մեջ ուժգին թափով ազատվեց նրանց ձեռներից և հարձակվեց պատանու վրա։ Աստված գիտե, թե հարվածն ինչ դրության կհասցներ Արշակին, եթե նրա հասակը վիթխարու բարձրացրած ձեռից ցած չլիներ։ Վիթխարին սեփական հարվածի ուժգնությունից մի պտույտ գործեց և երեսնիվայր փռվեց հատակի վրա։ Մոտ տասը հոգի հազիվ կարողացան նրան ուժով դուրս տանել և հանձնել ոստիկաններին։

Հյուրանոցի տերը ցավակցություն հայտնեց Ալիմյաններին։

Սմբատն անցավ կից սենյակը և, ընկղմվելով գահավորակի վրա, արտասանեց.

— Այս ի՞նչ է նշանակում։

— Այդ նշանակում է, որ հիմա իմ փոխարեն քեզ պետք է խրատել,— պատասխանեց Արշակը, որ անմիջապես նրա հետ մտավ նույն սենյակը, դռները հետևից ծածկելով։

— Աա, այդ դո՞ւ ես, շառլատան։ Կորի՛ր այստեղից․ քեզ ո՞վ խնդրեց ինձ պաշտպանել, գլխիցդ մեծ բաներ ես բռնում, կորի՛ր…

— Իսկի էլ գլխիցս մեծ բաներ չեմ բռնում։ Ես պաշտպանեցի Ալիմովների պատիվը։ Ես ոչ քեզ պես փիլիսոփա եմ, ոչ Միքայելի պես վախկոտ, իմ երակների մեջ իսկական արյուն է հոսում, հարցրո՛ւ Ալեքսեյ Իվանովիչից…

Սմբատը նայեց նրա երեսին, լռեց։ Պատանու անկեղծ հուզմունքը նրան մեղմացրեց. չէ՞ որ, իրավ, իր եղբորն պաշտպանելու համար շիշն արձակեց այդ կոպիտ, երիտասարդի վրա։

— Ես ուզում էի նրան սպանել, շարունակեց Արշակը խրոխտաբար,— նա պատրաստվել էր քեզ և ինձ ծեծելու։ Նա Ղուլամյանի քրոջ որդին է, Միքայելից վրեժ առնելու տեղ, ուզում է քեզանից և ինձանից առնել։

— Ի՜նչ խայտառակություն, ի՜նչ անպատվություն արտասանեց Սմբատը, ձեռը զարկելով սեղանին։ Ես ի՞նչ գործ ունիմ այստեղ, ո՞վ ինձ բերեց… ինչո՞ւ։

— Ինչո՞ւ, այդ ինձ էլ է զարմացնում… Դու ինձ խրատում ես, և հանկարծ…

— Բավական է,— ընդհատեց Սմբատը, լռի՛ր, ասում եմ։ Այդ քո գործը չէ, հասկանո՞ւմ ես, դու երեխա ես, չես կարող ըմբռնել իմ վիշտը։

Եվ մի փոքր լռելուց հետո շարունակեց.

— Գիտե՞ս ինչ, Արշակ․ թույլ եմ տալիս քեզ ամեն բան անելու, հասկանո՞ւմ ես, ամեն բան, միայն Զինաիդայի հետ չամուսնանաս։ Պատճառը մի՛ հարցնիր, ես ինքս չեմ կարող բացատրել։ Բայց չամուսնանաս, լսի՛ր, երբեք չամուսնանաս։ Քեֆ արա, հարբիր, շռայլիր, ես քեզ փող կտամ որքան ուզում ես, մաշի՛ր կյանքդ, այրի՛ր սիրտդ, փտեցրու մարմինդ, բայց մի՛ ամուսնանար… Գնա՜, կորի՜ր… Այնտեղ քեզ սպասում է ֆանֆարոնը, ձրիակերը… Քույրն ինձ է դժբախտացրել, եղբայրը քեզ է հարստահարում։ Բայց ոչ, նա չարժե իր քրոջ կոշիկներին։ Նա ոչնչություն է, իսկ քույրն ամբողջություն, միայն իմ կյանքը թունավորող ամբողջություն. դո՛ւրս, թո՛ղ ինձ մենակ իմ ցավերի հետ…

Նա գրեթե ուժով վռնդեց եղբորը դուրս, փակեց դռները և նորից ընկղմվեց գահավորակի վրա։ Եթե մեկը դռների արանքից նայեր, կտեսներ, որ երեսներկու տարեկան տղամարդը հանդարտ լալիս է, ինչպես կին…

Մյուս սենյակում Ալեքսեյ Իվանովիչը հյուրանոցի տիրոջը վրդովված գանգատվում էր ասիական վարք ու բարքերի դեմ։ Այս ի՞նչ երկիր է, ուր պատվավոր մարդկանց մազի չափ հարգել չգիտեն։ Այստեղ բարձր ուսում ստացածներն էլ վայրենանում են։

— Սատանան տանի քեզ,— դարձավ նա Արշակին,— պենսնես գցեցիր, կոտրեցիր, այժմ կատարյալ կույր եմ։ Չէ, եղբայր, Սմբատ Մարկիչն իրեն բոլորովին կորցրել է, այսպես ասած, ղեկը ձեռից բաց է թողել։ Նստենք․ ես հիացած եմ քո քաջությունով, այո, ճիշտ իսպանացի ես, զուր չեմ ասել…

Նրանք նստեցին նույն սեղանի քով։

— Այս ի՞նչ է,— ասաց Ալեքսեյ Իվանովիչը, գինու շիշը էլեկտրական լույսի դեմ պահելով,— շարտրյոզ է, թե՞ ֆու, կարծեցի շամպանիա է… Ամեն ինչ խավարվեց…

— Սպասավոր, շամպանիա, Ռեդերեր,— գոչեց Արշակը։

— Դու կարծում ես շամպանիան խավարը կփարատի՞,— ժպտաց Ալեքսեյ Իվանովիչը,— а чтож, փորձենք։ Նո՛ւ, ունայնություն, ունայնությանց, մոռացի՜ր ինցիդենտը։ Իսկական ջենտլմենը, այսպես ասած, վայրենիների կոպիտ արարքները շուտ է մոռանում։

Սմբատը գիտեր, որ կյանքի կանոնավոր շավղից շեղվում է։ Գիտեր և դարձյալ հետ չէր կանգնում։ Մոլի կենցաղը հետզհետե բթացնում էր նրա նյարդերը և նրա հոգեկան աշխարհը ձգում ինչ-որ անփարատելի մթություն։ Հյուրանոցների արբեցուցիչ մթնոլորտում, նոր ձեռք բերված զվարճասեր ընկերների շրջանում գտնում էր գեթ ժամանակավոր մոռացում։ Եվ այսքանը բավական էր։ Ի՞նչ փույթ, որ արթուն ժամերին ավելի սաստիկ էր զգում վիշտը և անխնա դատապարտում իր նոր կենցաղը։

Երբեմն հիշում էր մի աղքատիկ շրջան, ուր անց էր կացրել բավական խաղաղ ժամեր, ուր նրա մտքերն ու զգացումները հանդիպել էին հարգանքի և համակրության։ Եվ նրա առջև պատկերանում էր պայծառ լուսավորված մի սեղան և եռացող սամովարի մոտ մի սիրուն դեմք, համեստ, բայց հպարտ… Այդ րոպեներին նրա ականջներին հնչում էին քեռու խոսքերը…

— Ինչո՞ւ ճիպոտդ քոլիցդ չպոկեցիր։

Կրծքից արձակելով դառն հառաչանք, ձեռով բացասական տխուր շարժում էր անում, կարծես, հեռացնելով իրենից սիրուն կերպարանքը։ Պետք է մոռանալ և չմտածել այդ աղջկա մասին, չէ՞ որ ուշ է, չէ՞ որ այսուհետև ոչ մի զիջում չի կարող օգնել։

Նայում էր իր կնոջ մշտապես դժգոհ դեմքին, լսում էր մոր անվերջ բողոքները, քրոջ չարամիտ դրդումները, հիշում էր հոր վերջին խոսքերը, վերարտադրում էր իր յոթամյա լուռ տանջանքները և նորից քայլերն ուղղում դեպի հյուրանոց։ Թող այսպես լինի, թող նա վերջացնի նրանով, ինչով սկսել են իր եղբայրները։ Մարդկանց կեղծիքի և շողոքորթության տակ զգում էր քողարկված արհամարհանք դեպի իր ամուսնական վիճակը. աշխատում էր համոզել իրեն, թե այդ արհամարհանքը մի կիսակիրթ շրջանի նախապաշարումների ծնունդ է, բայց, այնուամենայնիվ, ճնշվում էր ամբողջ հոգով։ Երբեմն մտածում էր. այլևս ի՞նչ օրվա համար է հարստությունը, եթե ինքը դժբախտ է։ Ավելի լավ չէ՞ր լինիլ, եթե զրկվեր հոր ժառանգությունից, մնար հեռու այս ճնշող շրջանից և լուռ կրեր իր տառապանքները, ինչպես կրել էր յոթ տարի շարունակ, բոլորից, նույնիսկ ամենամտերիմ բարեկամներից, թաքցնելով իր վշտերը։ Բայց զգում էր, որ արդեն ընտելացել է դրամի հրապույրին, զգում էր նաև երկյուղ աղքատությունից, հիշելով իր քաշած չքավոր օրերը։ Եթե հարստությունը չի կարող բուժել նրա վերքը, գոնե ժամանակ-ժամանակ մոռացնել կտա վշտերը։ Պետք է, ուրեմն զվարճանալ և ինչո՞ւ, ինչո՞ւ չզվարճանալ…

Եվ նա սկսեց շռայլել հայրական փողերն այնպես, ինչպես մի ժամանակ շռայլում էր Միքայելը։ Նա սկսեց և թուղթ խաղալ, ծանոթանալ թատրոնական կուլիսների հետևի կյանքին։ Չէ՞ որ դժբախտ է և մի կերպ պիտի աշխատի խեղդել սրտի կսկիծները…