IV


Հոգեկան սաստիկ խռովմունքի միջոցներին Սմբատն զգում էր պահանջ որևէ կերպ սիրտը թեթևացնելու։ Ընկերություն էր փնտրում, և այն շրջանը, ուր վիճակված էր պտտել իր դիրքի շնորհիվ, չէր գոհացնում նրան։

Մինչև այժմ նա, ամփոփված ինքն իր մեջ, ապրել էր ներքին աշխարհում։ Ոչ ոք չէր անհանգստացնում նրան, չէր դիպչում նրա սրտի գաղտնի վերքերին։ Ռուսիայից վերադառնալով, նա ընկավ մի շրջան, ուր նրան չէին խնայում, չէին ներում նրա անուղղելի սխալը։ Մոր և քրոջ անվերջ բողոքները խոցոտում էին նրա սիրտը և գրգռում այն կծու զգացումները, որ նա արվեստական կերպով թմրեցրել էր իր մեջ վեց-յոթ տարի շարունակ։

Չուներ մտերիմ ընկեր, որին վստահանար հաղորդել իր ցավերը և թեթևացներ իր հոգին։ Նա պարզ տեսնում էր, որ իր հրապույրը մարդկանց աչքում պարունակվում է մեծ մասամբ հարստության մեջ. արդեն շրջանն այդպես էր։ Տեսնում էր, որ նույնիսկ այն մարդիկ, որոնք բարձրաձայն գոռում են բարոյականի մասին, ստրկաբար խոնարհվում են անբարոյականի առջև, երբ մեջտեղ նյութական շահ են գտնում։ Այս էր, որ ստիպում էր նրան փախչել մարդկանցից, որոնելով մի մտերիմ ընկերություն։

Փորձում էր գործերի մեջ գտնել գեթ ժամանակավոր մոռացում, բայց միտքն զբաղվում էր, վիրավոր զգացումները հագուրդ չէին ստանում։ Միայն մի գործ կար, որ նրան պատճառում էր հոգեկան հաճույք և մի փոքրիկ շրջան, ուր նրա սիրտը զգում էր քիչ-շատ թեթևություն։ Դա մշակների համար նոր բնակարանների կառուցումն էր և Զարգարյանների ընտանիքը, ուր նա լինում էր ամեն անգամ հանքերն այցելելիս։ Ուրախ էր իր ձեռնարկությանը, և այժմ թվում էր նրան, որ եթե չհոգար բանվորների մասին, իր սրտի վրա պիտի ձգեր մի նոր ծանրություն։ Չնայելով, որ հանքային գործերը հանձնել էր Միքայելին, շաբաթը երկու-երեք անգամ ինքն էլ նստում էր առաջին պատահած կառքը և ուղևորվում այնտեղ։

Նա չէր ուզում ինքն իրեն խոստովանվել, թե ո՛րն է իսկապես այն մագնիսական ուժը, որ այսպես հաճախ տանում է իրեն դեպի հանքերը։ Նա խաբում էր իրեն, հավատացնելով, թե արդարև, մշակների տնտեսական վիճակն իրեն այդչափ հետաքրքրում է։ Դիտելով նոր կառուցվող կացարանները կես ժամ, մի ժամ, շտապում էր այցելել Զարգարյաններին և այնտեղ մնում էր ժամերով։

Աղքատիկ ընտանիքն ընդունում էր նրան ոչ իբրև իր տիրոջ կամ մի հարուստ հանքատիրոջ, այլ իբրև բարեկամի։ Ոչ ոք չէր նեղվում նրա ներկայությամբ, ոչ ոքի չէին ձանձրացնում նրա հաճախակի այցերը, նույնիսկ անդամալույծին։ Իսկ նա… Նա սիրում էր զրուցել Դավիթ Զարգարյանի հետ և ոչ միայն իր գործերի, այլև հասարակական երևույթների մասին։ Այդ զրույցների ժամանակ նրա հայացքն ակամա կանգ էր առնում Շուշանիկի վրա։ Օրիորդը անբաժան շալն ուսերին ձգած, գլուխը թեթևակի ուսերին թեքած, ուշադիր լսում էր իր հորեղբոր և հյուրի տաք վիճաբանությունները։ Երբեմն նա ոգևորվում էր, մոռանում ինքն իրեն և խոսակցությունը երկարացնում ավելի, քան պահանջում էր քաղաքավարությունը։ Պատահում էր, որ նրա հետ վիճում էր Շուշանիկը, երբ խոսակցությունը վերաբերում էր օրիորդի մտքին մատչելի խնդիրներին։ Այդ միջոցներին Սմբատի ճակատի կնճիռները բացվում էին, դեմքը պայծառանում էր, աչքերն արտահայտում էին խորին հոգեկան հաճույք։

Հեռանալով աղքատիկ բնակարանից, շատ անգամ ճանապարհին ընկղմվում էր մտքերի հարածուփ օվկիանոսի մեջ։ Մերթ տխրում էր, մերթ ուրախանում մտքում, մտաբերելով Շուշանիկին, որ օր-օրի վրա դառնում էր լռիկ, մելամաղձոտ։ Տխրում էր, հիշելով իր անուղղելի սխալը, հիշելով իր սիրեցյալ զավակներին։ Ուրախանում էր, զգալով այն տպավորությունը, որ գործում է ինքը Շուշանիկի վրա։ Բայց զգում էր, միևնույն ժամանակ, որ իրավունք չունի այդ տկար էակի խուլ արտահայտված համակրանքի վրա։ Գիտեր, որ իր հաճախակի այցերն օր-օրի վրա զորացնում են այդ համակրանքը․ նա կարդում էր օրիորդի հոգու ելևէջները՝ նրա պարզ դեմքի վրա և հետզհետե մռայլվող աչքերի մեջ։ Ահա ինչու իրեն պարտավոր համարեց դադարել այցելելու Զարգարյաններին։ Սակայն իզուր. ամեն անդամ հանքերը գալիս՝ անհաղթելի ուժից մղվում էր դեպի աղքատիկ բնակարանը։

Մի անգամ նա քաղաքից ուղևորվեց Միքայելի հետ։ Ճանապարհին խոսում էր գործերի մասին, գանգատվում էր կառավարիչ՝ ինժեներ Սուլյանի դեմ, որ իր պաշտոնին վերաբերվում էր անտարբեր, միշտ գբաղված սեփական գործերով։

— Է՜հ, եթե չես հավանում, ինչո՞ւ չես արձակում,— հարցրեց Միքայելը։

— Ինձ համար ավելի հեշտ է մի ծառայողի տված վնասներին դիմանալ, քան զրկել նրան պաշտոնից։

Հետո խոսեցին Դավիթ Զարգարյանի մասին։ Սմբատը գովեց նրա անձնվիրությունը, սերը դեպի գործը, անշահասիրությունը և մտավոր զարգացումը։

— Իսկ ի՞նչ կասես նրա եղբոր աղջկա մասին,— հարցրեց հանկարծ Միքայելը։

Սմբատը նեղն ընկավ, ի՞նչ կապ ունի Շուշանիկը խոսակցության նյութի հետ և ինչո՞ւ է Միքայելն այդպես խորը նայում նրա երեսին։

— Ես հարցնում եմ քո կարծիքը նրա մասին, որովհետև նա ինքը… համակրում է քեզ,— արտասանեց Միքայելը, և նրա ձայնի մեջ զգացվեց անզսպելի դառնություն։

Սմբատը, շփոթված, երեսը դարձրեց եղբորից և հայացքը հառեց դեպի հեռավոր դաշտերը։

— Դու շփոթվո՜ւմ ես, երևի, ինքդ էլ զգում ես, որ նա քեզ համակրում է, և ով գիտե, գուցե դու էլ անտարբեր չես…

— Մեխա՛կ, դու գիտես, որ ես հիմար կատակներ չեմ սիրում…

— Բայց ճշմարտախոսություն սիրում ես, չէ՞։ Դու կարծում ես, որ ես դե՞մ կլինեմ, եթե սիրես անգամ այդ աղջկան։ Ո՛չ, ես միայն քո ճաշակը չեմ գովիլ, ուրիշ ոչինչ…

— Մի՞թե,— արտասանեց Սմբատն անորոշ։

— Նա ինքնահավան է և գոռոզ։

— Գուցե,— դարձյալ անորոշ արտասանեց Սմբատը։

— Նա գեղեցիկ չէ, և ոչ սիրուն կամ համակրելի։

— Կարծեմ ես չգովեցի նրա գեղեցկությունը։

Միքայելն սկսեց շվացնել ինչ-որ ուրախ եղանակ, որ բնավ չէր համապատասխանում նրա հուզված տրամադրությանը։ Նույն պահին Սմբատի մեջ հղացավ մի վատ զգացում. նա նախանձեց եղբորը, որ ամուրի էր և ազատ։ Սակայն շտապեց զսպել անախորժ զգացումը, հիշելով իր զավակներին։

— Սմբա՛տ,— ընդհատեց լռությունը Միքայելը, երկու ձեռներով ամուր հենվելով ձեռնափայտին,— ես զգում եմ, որ դու ինձանից բարոյապես բարձր ես, որ ես քո աչքում մի ընկած և փչացած մարդ եմ, բայց ասա՛ խնդրեմ, ե՞րբ պիտի արժանանամ քո վստահությանը գոնե տնտեսական գործերում։

Հարցը Սմբատի համար անսպասելի էր։ Չգուշակեց, թե Միքայելի, ըստ երևույթին, անկապ խոսքերն ունին նրա հոգու մեջ կապ և թե այդ տարօրինակ հարցերը նրա մտախոհության փղձուկներն են։

— Ի՞նչ ես ուզում ասել։

— Այն, որ դու ինձ հավատ չես ընծայում։ Դու հանքերի գործերն ինձ ես հանձնել, իսկ ինքդ շաբաթը երկու երեք անգամ գալիս ես։ Կարծես, ես ընդունակ չեմ հանքերը կառավարելու կամ գոնե Սուլյանի գործունեությունն ստուգելու։ Ինչո՞ւ համար ես ինձ նրա աչքում ծաղրելի դարձնում։

— Եթե չես ուզում, այսուհետև չեմ այցելի հանքերը…

— Երկուսից մեկը, կամ ես, կամ դու,— արտասանեց Միքայելը երկդիմի և խորհրդավոր նայեց եղբոր երեսին։ Մի ժամ անցած, հանքերը դիտելուց հետո, Սմբատը դարձավ Զարգարյանին.

— Դավիթ, հյուրասիրի՛ր ինձ այսօր վերջին անգամ թեյով։

Առանձին սենյակում, սպիտակ սփռոցով ծածկված սեղանի վրա, եռում էր փայլուն սամովարը, երբ Ալիմյան եղբայրները ներս մտան։

Հրավիրելով Սմբատին, Դավիթը, հարկավ, չէր կարող չհրավիրել և՛ Միքայելին։ Այնինչ, հոգով դեմ էր, որ այդ մարդը ոտ դնի իր տունը։ Խայտառակ լուրը լսելու օրից, նա զգում էր դեպի Միքայելն անհաղթելի նողկանք։ Նա հրավիրեց և՛ Սուլյանին, նույնպես հակառակ ցանկության, որովհետև կառավարչի հետ հարաբերությունը լարված էր։ Բանն այն էր, որ Սուլյանի համար վերին աստիճանի անհաճո էր Զարգարյանի հանքերում լինելը։ Մինչև այժմ նա գործում էր ինքնագլուխ, ծախսում էր՝ ինչպես կամենում էր, կարգադրում և հաշիվները կազմում ուզածին պես։ Այժմ իր գլխի վրա զգում էր մի վերահսկող, որի կոպիտ շիտակությունը նրան շփոթեցնում էր։

Շուշանիկը, մաքուր հագնված, սեղանի քով սրբում էր թեյի բաժակները։ Տեսնելով Միքայելին, ակամա ցնցվեց այնպես, որ քիչ էր մնում բաժակը ձեռից գցե։ Սեղմելով շրթունքները, ճիգ արավ թաքցնել դժկամությունը։

Այսօր առաջին անգամն էր Միքայելը նրան տեսնում մի քիչ նորաձև կարված հագուստում։ Թանձր մազերը խնամքով սանրված էին ու ծոծրակի վրա փնջված, և հերկալները հազիվ կարողանում էին պահել խոշոր հյուսքը։ Նա թվաց այսօր Միքայելին հասակով ավելի բարձր, ավելի նազելի։ Նրա ամբողջ էությունից բուրում էր թովիչ կանացիությունը՝ մայիսյան անուշ հովի պես։ Նույնիսկ ձևերը փոխվել էին, ավելի սահուն դարձել և ավելի նրբացել։ Կարծես այդ համեստ ու ամոթխած աղջկա մեջ զարթնել էր մի նոր ոգի, որի շողերը տարածվել էին շուրջը և նրա ամբողջ կերպարանքն ամփոփել իրենց մեջ։

Երբեք Միքայելը չէր կարող երևակայել, թե մի հասարակ աղքատ աղջկա առջև երբևէ պիտի շփոթվի այնպես, ինչպես այսօր։ Եվ պատճառներ կային շփոթվելու։ Նա մեղավոր էր այդ աղջկա մոտ — մեկ, նա խայտառակված էր ամբողջ քաղաքում — երկու. նա վախենում էր Շուշանիկի արհամարհանքից — ահա գլխավորը։ Զգաց մինչև անգամ մի տեսակ սարսափ, երբ մի վայրկյան աչքերը հանդիպեցին խելացի ու սիրուն աչքերին, որոնց մեջ այլևս առաջվա չափ պայծառություն չէր երևում։

Խոսակցությունը դարձյալ գործերի մասին էր․ սկսվել էր դրսում, այժմ շարունակվում էր նույն եղանակով։ Նոր կացարանների շինության մեջ Սմբատը նկատել էր թերություն, որ Սուլյանի անտեղի խնայողության հետևանքն էր։ Նա հանդիմանում էր կառավարչին մեղմաբար, բայց հուզված էր, և երբեմն ձայնի մեջ հնչում էր բարկություն։ Պարզ էր, որ Սուլյանը չէր նրա դժկամության բուն պատճառը։ Ինժեներն արդարացնում էր իրեն, ասելով, թե միշտ սովոր է խնայել Ալիմյանների միջոցները, անտեղի ծախսերից խուսափել ու հենց այս պատճառով միշտ սիրելի է եղել հանգուցյալ Մարկոս աղայի աչքում։

Նրա կեղծիքը դուր չեկավ Միքայելին, որ գիտեր, թե որքան իսկապես Սուլյանը խնայում է ֆիրմայի շահերը։

— Ի սեր աստծու, մի՛ խնայեք մեր միջոցները, եթե գործը չի պահանջում խնայել,— ասաց Միքայելը,— ես գիտեմ, օրինակ, որ շատ անգամ, կոպեկների հետևից ընկնելով, ռուբլիներ եք կորցնում։

Այս թեթև նկատողությունը խոր ազդեցություն ունեցավ Սուլյանի ոչ այնքան դյուրագռգիռ սրտի վրա։ Նրան թվաց, թե մեջտեղ խառն է Դավիթ Զարգարյանի մատը։

— Ոչ ոք չի կարող իմ ներկայությամբ ասել, թե ես երբևէ կորցրել եմ Ալիմյանների ռուբլիները,— արտասանեց նա սրտմտությամբ, մի կողմնակի թունավոր հայացք ձգելով Դավթի վրա։

— Մի՞թե,— ասաց Միքայելն անորոշ,— թողնենք այդ։ Ասացեք խնդրեմ, պարոն Սուլյան, վերջին սպեկուլյացիայից ինչքա՞ն շահվեցաք։

Սուլյանն շտապեց իրեն զսպել և ժպտաց։

— Ես սպեկուլյացիայով չեմ պարապում։

— Զուր եք թաքցնում,— շեշտեց Միքայելը կծու եղանակով,— ձեր ձեռքից խլող չի լինիլ, մի՛ վախենաք։ Գնել եք վեց ու քառորդով, վաճառել յոթ ու քառորդով։ Զարգարյա՛ն, հաշվեցեք որքան է անում հարյուր հազար փթի վրա։

— Ուղիղ հինգ հազար ռուբլի,— պատասխանեց Զարգարյանն անմիջապես, ոչ առանց չարախնդության։

— Ուրախ եմ, շատ ուրախ եմ,— դարձավ Միքայելն ինժեներին,— գոնե այսուհետև իդեալիստների մոտ բուրժուաներին քիչ կհայհոյեք։

— Ես բուրժուաներին չեմ հայհոյում, իսկ իդեալիստ բարեկամներ չունիմ։

— Ուրեմն տարօրինակ է, շատ տարօրինակ — նկատեց Միքայելը գրգռված,— որ մարդիկ իդեալիստ են, քանի որ սոված են։ Իսկ երբ ճանաչում են փողի համը, մեզանից մի քայլ էլ առաջ են գնում և էլի մեզ են ծաղրում։

— Չեմ հասկանում, ինչո՞ւ համար եք դուք այդ ասում, Միխայիլ Մարկիչ,— հարցրեց Սուլյանը, տակավին ժպտալով։

— Ինչո՞ւ համար… Հենց այնպես… Մի՞թե սուտ է, որ դուք, բարձրագույն ուսում ստացածներդ անում եք թաքուն այն, ինչ որ մենք տգետներս անում ենք համարձակ, առանց քաշվելու։

Բոլորը զարմացած նայում էին Միքայելին։ Ոչ ոք չգիտեր, ինչու նա այդպես անսպասելի և անտեղի հարձակվում է ինժեների վրա։ Մինչդեռ պատճառը պարզ էր, թեև շատ նուրբ։ Հարձակվելով բարձրագույն ուսում ստացածների վրա, նա կողմնակի կերպով ուզում էր օրիորդի ներկայությամբ ցույց տալ իր արհամարհանքը դեպի այդ մարդիկ։ Կար նրա հարձակման մեջ և մի նուրբ ասեղ, ուղղված դեպի հարազատ եղբայրը, որ այդ պահին, նրա աչքում, կլանել էր Շուշանիկի բոլոր ուշադրությունը։

Նա գրգռված էր ոչ միայն Սուլյանի, այլև բոլոր ներկա եղողների դեմ։ Նրան գրգռում էին նույնիսկ անդամալույծի մրմունջները, որ մերթ ընդ մերթ լսվում էին մյուս սենյակից։ Սակայն Սմբատի լռությունն սկսեց նրան շփոթեցնել։ Վճռեց զսպել իրեն։ Զարդարյանն շտապեց խոսակցության նյութը փոխել։ Պատմում էին, որ տեղացի մի հայտնի հանքատեր պատրաստվում է իր հանքերը հանձնել ինչ-որ անգլիական ընկերության։ Սուլյանը մոռանալով Միքայելի կծու խոսքերը, սկսեց գործնական տեսակետից բացատրել, թե ներկա աճող պայմաններում մեծ սխալ է երկրի հարստությունները ծախել օտարներին, թեկուզ խոշոր գումարներով։ Այստեղ նա երևաց իր կոչման բարձրության վրա, ցույց տվեց իր բոլոր տնտեսական հոտառությունը ոգևորված նկարագրեց նավթային արդյունաբերության փայլուն ապագան։ Եվ ոչ ոք չկարողացավ հերքել նրա մտքերը, ոչ նույնիսկ Սմբատը, որ վիճում էր նրա հետ։

Օգտվելով այդ վիճաբանությունից, Միքայելը որ արդեն բավական խաղաղվել էր, դարձավ օրիորդին։

— Դուք իմ դեմ բարկացա՞ծ եք։

Օրիորդը գլխով անորոշ շարժում արավ։

— Ես պատրաստ եմ ներումն խնդրել,— շշնջաց Միքայելը։

— Էլի թեյ ածե՞մ,— հարցրեց Շուշանիկը բարձր ձայնով, որ ցույց էր տալիս, թե չի կամենում շշնջյունով խոսել։

Այս բացարձակ արհամարհանքն արդեն բոլորովին կատաղեցրեց Միքայելին, նա ոտքի կանգնեց, մոտեցավ լուսամուտին, աչքերը հառեց հեռավոր բուրգերին, մատների մեջ ցնցողաբար խաղացնելով ժամացույցի շղթան։

Մի քանի րոպե նա մտազբաղ նայում էր։ Երբ երեսը դարձրեց, արդեն Սուլյանը գնացել էր իր գործին, իսկ Զարգարյանը պատշգամբի վրա խոսում էր մի քանի մշակների հետ, ձեռին բռնած ինչ-որ փոքրիկ նավթոտ տետրակներ։

Որքա՜ն փոփոխություն. այլևս Շուշանիկի դեմքի վրա չկար սառնություն։ Նա ամբողջովին անձնատուր էր եղել խոսակցության։ Աչքերը փայլում էին ներքին հաճույքից, ստեպ-ստեպ գլուխը հանդարտիկ ցած էր իջեցնում, թեթևակի կարմրելով, և մատներով խաղում սփռոցի ծոպերի հետ։ Շրջապատող չոր ու ցամաք պրոզայի մեջ նրանք խոսում էին այնպիսի նյութերի մասին, որ միանգամայն չէին ներդաշնակում սև հեղուկի անախորժ հոտով տոգորված մթնոլորտին։ Սմբատն արտահայտում էր իր սերը դեպի բնությունը, այնտեղ, ուր բնությունը ոչ մի հրապուրիչ բան չուներ։

Միքայելը փորձեց մասնակցել զրույցին, հակառակ տրամադրված դեպի եղբայրը։ Բայց իսկույն նկատեց Շուշանիկի դեմքի փոփոխությունը։ Այդ աղջիկը չկարողացավ թաքցնել, որ միայն Սմբատի հետ է իրեն հաճելի զրուցել։

Ներս մտավ Զարգարյանը և Սմբատի առջև դրեց մի կտոր նավթախառն կավ։ Դա նոր հորից հանված վերջին տիղմն էր, որ Սուլյանը շտապել էր ուղարկել իր տիրոջը. Միքայելը անփույթ վերցրեց հողը, հոտոտեց և ասաց.

— Ինձ թվում է շատրվան է բացվելու։

— Երևի, քո բախտից,— ավելացրեց Սմբատը,— խոստացի՛ր մի բան Դավթին, եթե շատրվան լինի։

— Կարող ես նվիրել, ինչքան քեֆդ է, ինձ համար միևնույն է,— ասաց Միքայելը ոչ առանց հեգնության։

Նա մոտեցավ օրիորդին հրաժեշտ տալու։

— Սպասի՛ր, չէ՞ որ միասին պիտի գնանք,— ասաց Սմբատը։

— Ես քաղաք չեմ գնում։

Եվ, առանց բացատրություն տալու, շտապեց դուրս։

Կար ժամանակ, երբ մի որևէ կին նրան սառնություն կամ անտարբերություն էր ցույց տալիս, ինքն էլ արհամարհանքով երես էր դարձնում նրանից, որպես մի արժանագին նյութից, որի մասին չարժե երկար մտածել։ Նայել էր կանանց, ինչպես հագուստներին. չէր դուր եկել հագուստը կամ չէր սազել, իսկույն ձգել էր մի կողմ և նորը ձեռք բերել։ Այսօր կյանքում առաջին անգամ զգաց իրեն վիրավորված և ստորացած մի կնոջ արհամարհանքից։ Նա կատաղում էր Շուշանիկի դեմ և անիծում ինքն իրեն, որ այնքան ուշադիր էր դեպի նրա սառնությունը։

Դուրս գալով Զարգարյանների տնից, նա ոտով անցավ սև բուրգերի միջով և մտավ մեծ ճանապարհը։ Կես ժամ անցած կանգ առավ մի երկայն շինության առջև, որը կառուցված էր լայն ճանապարհի եզրին։ Այդ շինությունը պատկանում էր նրա հեռավոր ազգականներից մեկին, մի աննշան հանքատիրոջ, որ ինքն անձամբ կառավարում էր հանքերը։ Թանձր շոգու միջից հայտնվեց ալեխառն միրուքով ու մրոտ դեմքով մի նիհար մարդ հագին կաշվե բաճկոն և գլխին լայն եզրով գլխարկ։

— Օ՜օ, բարով, Միքայել,— դիմավորեց նա հյուրին,— այդ ո՞ր աստծուց է, որ մեզ հիշել ես։

— Այս երեկո, Օսեփ ապեր, հյուրդ եմ։

— Աչքիս վրա տեղ ունես։

Նա հյուրին առաջնորդեց իր բնակարանը, որ բաղկացած էր երկու փոքրիկ խոնավ սենյակներից՝ ցածր առաստաղով։

— Ներիր, որ պալատս շքեղ չէ, բարեկամ,— ասաց Օսեփ ապերը կատակով,— ի՞նչ անեմ․ անիծված հորերիս փորերը չորացել են, կաթիլ-կաթիլ են նավթ տալիս։ Այս րոպեիս էլի խողովակը ծովեց նոր հորի մեջ, խաթաբալի մեջ ընկա։ Տասը րոպե ինձ ներիր, իսկույն կգամ։ Կանչիր ծառային, ինչ որ քեֆդ է, հրամայիր, որ պատրաստի քեզ համար։ Ա՜խ, հոր փորողների վիզը կոտրվի…

Նա թողեց հյուրին մենակ և չքացավ։

Միքայելը հագուստով պառկեց անկողնակալի վրա և, ձեռները դնելով գլխատակին, աչքերը հառեց սևացած առաստաղին։ Միայն այժմ էր պարզվում նրա համար իր արարքի ամենամթին խավարը, միայն այժմ էր խիղճը գործադրում իր ամենասուր ասեղները։ Մի կողմից իր կրքերի զոհ Անուշը, մյուս կողմից՝ անկոչ դատավորի արհամարհանքով լի կերպարանքը։ Մի կողմից՝ անսահման զզվանք, մյուս կողմից՝ բարոյական վեհերություն մի աղքատ աղջկա առջև։ Այնտեղ՝ մոտիկ անցյալն իր բոլոր քստմնելի գույներով, այստեղ ներկան անորոշ, մթին, հուսահատական։ Զզվելով Անուշից, մղվում էր դեպի Շուշանիկը։ Ատելով մեկին, չէր ընդունվում մյուսից, և զգում էր իրեն մի տեսակ կախարդական շրջանի մեջ։ Որպես կրակի մեջ օղակված կարիճ՝ մնում էր նրան սեփական թունավոր ասեղը ցցել կրծքին և ինքնասպանությամբ վերջացնել կյանքը։ Բայց աներևույթ ձեռը նրան կաշկանդում էր և մի ներքին հզոր ձայն անընդհատ շշնջում. «դու փչացած ես, մաքրի՛ր քեզ»։ Մաքրի՛ր, որ արժանանաս մաքուր էակի հարգանքին։ Ա՜խ, այդ էակը, արդյոք, ի՜նչ է նրա բարոյական ուժը, որ այսպես ճնշում է նրան և ստիպում միշտ մտածել իր մասին։ Ահա նա․ կանգնած լուսավոր սեղանի քով, թեյ է պատրաստում հյուրերի համար, միշտ հայացքը հառած Սմբատի երեսին, միշտ նրան ականջ դնելով և նրա հետ խոսելով։ Մի՞թե, ճշմարիտ, սիրում է։ Եթե այո՛, մի՞թե չի նախագուշակում իր սիրո դժբախտ հետևանքը։ Իսկ Սմբա՜տը, արդյոք կա՞ նրա սրտում զգացում այդ աղջկա վերաբերմամբ։ Եթե կա, ինչո՞ւ պարզ չի արտահայտում։ Սակայն, ո՞վ գիտե, գուցե արդեն արտահայտել է, և այժմ Միքայելն անգիտակցաբար կատարում է մի ծիծաղելի դեր։

Նորից նրա վիրավորված ինքնասիրությունը բորբոքվեց։ Նա կատաղում էր ոչ այնքան Սմբատի, որքան Շուշանիկի դեմ։ Եթե այդ աղջիկը լիներ հարուստ, փայլուն ընտանիքի մի զավակ կամ առաջնակարգ գեղեցկուհի, հասկանալի կլիներ։ Բայց նա ոչ այս է, ոչ այն. ուրեմն, ի՞նչ մի գաղտնի ուժ կա նրա մեջ, որ միաժամանակ հափշտակում է երկու եղբորը և ակամա ձգում նրանց մեջ խուլ գժտություն։ Ո՛չ․ չարժե մտածել այդ «ոչնչության» մասին, պիտի դեն շպրտել նրան մտքից։ Քաղաքը լի է նրա նմաններով. առաջին պատահած աղջիկը կարող է փոխարինել նրան։ Միքայելն ինքն է արվեստական կերպով այդ չնչին էակին իդեալացնում և դնում ինչ-որ անմատչելի բարձրության վրա։

— Անիծվի ինձ նման հանքատիրոջ օրը,— լսվեց Օսեփ ապոր ձայնը,— որքան գլուխս պատերին եմ տալիս, բան չի դուրս գալիս։

Նա գլխարկը շպրտեց մի կողմ և մոտեցավ լվացարանին՝ լվացվելու։

— Հը՞մ, ի՞նչ պատվիրեցիր ընթրիքի համար,— հարցրեց նա սապոնի փրփուրը քսելով երեսին։

— Ոչինչ չեմ պատվիրել և ոչինչ էլ հարկավոր չէ։ Խնդրեմ, նեղություն չքաշես, եկել եմ միայն մի քիչ հանգստանալու այստեղ։

Շուտով սենյակի մթնոլորտը թվաց նրան սուղ, անտանելի։ Նա մտածեց, որ այս պահին, երբ ինքը պառկած է ծերունու տխուր սենյակում, այնտեղ, այն լուսավոր սեղանի քով նրան մտքում ծաղրում է Շուշանիկը։ Նա ոտքի կանգնեց, և այդ միջոցին մի մարդկային կերպարանք դրսից հայտնվեց լուսամուտի առջև և իսկույն չքացավ։ Օսեփը մոտեցավ, նայեց և ոչ ոքի չտեսավ։

— Դու գնու՞մ ես,— հարցրեց նա հյուրին։

— Այո՛, ներիր, գլուխս ցավում է։

— Ի՞նչ է պատահել քեզ, դու գունատ ես և հուզված, կարծես, դողում ես։ Չլինի՞ հիվանդ ես․ ո՛չ, այդպես քեզ բաց չեմ թողնիլ իմ տնից։

— Ես եկա քեզ մոտ գիշերելու, բայց հանկարծ միտս ընկավ, որ քաղաքում շատ կարևոր գործ ունեմ այս երեկո։ Ցտեսություն։

Նա դուրս եկավ շտապ քայլերով։ Նա համոզված էր, որ այժմ էլ Սմբատը, մաքուր սեղանի քով նստած, զրուցում է Շուշանիկի հետ։ Եվ այս միտքը նրան հանգստություն չէր տալիս։ Նա ուզում էր անպատճառ վերադառնալ Զարգարյանների մոտ, եթե ներս չմտնել, գոնե լուսամուտից մի հայացք ձգել դեպի ներս։

Երեկոն մութն էր այնչափ, որ սև բուրգերը չէին երևում։ Մեքենաների թանձր շոգին մթնոլորտը տոգորել էր խոնավությամբ և տարածել անդուրեկան հոտ։ Նա դուրս եկավ սև հեղուկով ապականված մի շավիղ։ Ստեպ-ստեպ սայթաքում էր, հազիվ կարողացավ հավասարակշռությունը պահել։ Ակամա համեմատեց իր անցյալն այդ շավիղի հետ։ Ամբողջ կյանքն ընթացել է այսպիսի սև, մթին, կեղտոտ ու լպրծուն ուղիով և ապականվել մինչև ոսկորների ծուծը։ Մթության մեջ պատկերացան ընկերների շրջանը, զեխ գիշերները, անբարոյական կանայք։ Եվ նորից զգաց մի անասելի զզվանք դեպի իր անցյալը։

Նրա առջև բացվեց մի դատարկ տարածություն։ Բնազդաբար նայեց շուրջը։ Հանքերը լուսավորում էին էլեկտրական լամպաներով, բայց մեքենաների շոգին նսեմացնում էր նրանց լույսը, ինչպես թանձր մշուշ։ Ուշ գիշերներն այդ տեղերով անցնելը բավական վտանգավոր էր։ Մութ անկյուններում միշտ թափառում էին անգործ սրիկաներ, որոնք հարմար ժամանակին հարձակվում էին մենակ անցորդների վրա, կողոպտում, վիրավորում, երբեմն էլ սպանում։

Հեռվում փայլեցին Զարգարյանների բնակարանի լուսամուտները կարմիր-դեղնագույն լուսով։ Դարձյալ նա վրդովվեց իր դեմ. տեր աստված, ինչո՞ւ այսչափ հիմարանալ և կաշկանդվել մի անբացատրելի ուժից։ Նա փախչում է իր կեղտերից, կարծես, այդ լուսո ճառագայթներում լվացվելու ու մաքրվելու համար։ Հետ չդառնա՞ արդյոք, մի վճռական քայլով վերջ տա երեխայական տատանումներին ու մտատանջությանը և նորից անձնատուր լինի նախկին կյանքին։ Ճշմարիտ, ծիծաղելի, նույնիսկ վիրավորական է այսչափ ենթարկվել մի աղքատ ու աննշան աղջկա հրապույրին և այն էլ մի մարդու համար, որի աչքում կանայք վաղուց են կորցրել իրենց պոետիկական հրապույրը։ Վճռված է․ վաղը ևեթ նա հանքերից կվռնդի Զարգարյանին՝ իր ընտանիքի հետ։ Թող գնա կորչի այդ աղջիկն իր հպարտությամբ ու արհամարհանքով…

Այնինչ, նա շարունակ քայլում էր առաջ, միշտ աչքերը հառած համեստ բնակարանի լուսամուտներին։ Այժմ նա մոտենում էր ինչ-որ փլատակների, որոնց կողքով պիտի անցներ, և այնուհետև մնում էր ընդամենը երկու հարյուր քայլ մինչև Զարգարյանների բնակարանը։ Նրան թվաց, թե երկու մութ պատկերներ ճանապարհի աջ եզրից անցան ձախը և մոտեցան փլատակներին։ Նրա սրտում ծագեց երկյուղի պես մի բան։ Ձեռը տարավ ծոցը և հավաստիացավ, որ ատրճանակը գրպանումն է։ Քայլերը մի քիչ արագացրեց, բնազդաբար նայելով աջ ու ձախ։

Խառնաշփոթ մտքերի մեջ հանկարծ մի հարց ծագեց նրա գլխում —ինչո՞ւ Պետրոս Ղուլամյանը զուրկ է պատվի զգացումից։ Ճշմարիտ, ահա մի մարդ, որի ընտանեկան պատիվը ցեխոտել են և նա մինչև այժմ ոչ մի կերպ վրեժ չի առնում իր թշնամուց։ Նա ուսերն արհամարհանքով վեր քաշեց։ Այդ վայրկյանին նա դարձյալ տեսավ երկու մթին պատկերները, որոնք չքացան փլատակների հետևում։ Զգաստության համար հանեց գրպանից ատրճանակը և պահեց ձեռին պատրաստ։ Մի քանի վայրկյան անցած, նա մտքում ծաղրեց իր երկչոտությունը, ատրճանակը դրեց գրպանը։ Նորից հիշեց Պետրոս Ղուլամյանին։

«Աննամուս»,- արտասանեց շշնջյունով։

Եվ ճիշտ նույն վայրկյանին պարանոցի վրա զգաց ինչ-որ պաղություն։ Սարսռեց, որպես զազրելի սողունի շփումից։ Կամեցավ հետ նայել, ձեռը տանելով ծոցի գրպանը, բայց չկարողացավ շարժվել։ Երկու զույգ ձեռներ ամուր բռնել էին նրա թևերն աջ ու ձախ կողմերից։

Մեկն ինչ-որ բութ զենքի հարվածով թուլացրեց նրա աջ ձեռը։ Նա մատը սեղմեց ատրճանակի ոտին, և մի ակընթարթ խավարը փարատվեց վառոդի լույսից։ Գնդակը, սուլելով անցավ թաքնվեց փլատակների մեջ, վզզալով ինչպես թունավոր ճանճ։ Նա փորձեց երկրորդ անգամ արձակել։ Մի նոր հարված այս անգամ բոլորովին ուժասպառ արավ նրա ձեռը։ Զենքն ընկավ գետին։ Մեկը թեքվեց ցած և արագությամբ վերցրեց ատրճանակը՝ ասելով։

-Հա՛յ, զենքը քեզ չի սազում։

— Մի՛ շարժվիր, գյավուր, եթե չես ուզում սպանվել,— լսվեց մի երկրորդ ձայն։

Եվ մի ձեռ փակեց նրա բերանը, թույլ չտալով գոռալ և օգնություն կանչել։

Սրիկաների երեսները ծածկված էին գլխոցներով։ Խոսում էին նրանք թուրքերեն, արհեստաբար ձայները խռպոտ դարձնելով։

Նա ճիգ արավ կոկորդն ազատել անհայտ չարագործի մատներից, որ, կարծես, խրվել էին նրա մսի մեջ։ Եվ մի վայրկյան ազատելով, գոչեց.

— Կողոպտե՞լ եք ուզում, թե սպանել։

— Ոչ մեկը,— պատասխանեց սրիկաներից մեկը։

— Այ քո հավատը… լսվեց մի ուրիշ ձայն։

— Այնպես խփեցե՛ք, որ չմեռնի։

Սրիկաները երեք հոգի էին։

Հարվածներն սկսեցին տեղալ կարկտի պես գլխին, ուսերին, կրծքին ու մեջքին։

Տեղի ունեցավ անհավասար մարտ. մի կողմից հանկարծակի զինաթափ եղած մեկը, մյուս կողմից՝ երեք հաղթանդամ տղամարդիկ։

Միքայելը կռվում էր ատամներով, ոտներով, գլխով։

Մեկը սրիկաներից սաստիկ ցավից գոռաց, մեջքից երկու ծալ թեքվելով։ Այն ժամանակ մյուսները կատաղեցին։

— Գյավու՜ր,— գոչեց մեկը և ուժով թավալեց նրան գետնին։

Սկսեցին նրան կոխոտել ոտների տակ։

Նա բռնեց մեկի ոտներից, թավալեց գետնին, հարձակվեց վրեն և սկսեց խեղդել։ Հուսահատությունը նրան ներշնչել էր գերբնական ուժ։ Թուրքը հեծեծում էր նրա տակ, ինչպես մորթվող եզ, ոտներն ուժգին թափով գետնին զարկելով։ Եվ նա անշուշտ կսպաներ սրիկային, եթե շուտով բազկի վրա չզգար սուր պաղություն, հետո թաց ջերմություն Նրա ձեռը թուլացավ, բաց թողեց հակառակորդի կոկորդը։

—Նշանը դրեցինք, հերի՛ք է, բա՛ց թողեք,— ասաց սրիկաների գլխավորը։

Միքայելի շնչառությունն արդեն սպառվում էր։ Սկսեց բազկի վերքից մրմնջալ։ Ամբողջ կյանքը մթության մեջ պատկերացավ նրա առջև իբրև ավելի խորին մթություն, իբրև անբարոյականության քաոս։ Մի՞թե նրան վիճակված է այսպիսի խայտառակ մահով մեռնել, ինչ-որ անհայտ չարագործների ձեռքից։ Եվ ինչո՞ւ, ո՞վ է վրեժ խնդիր լինում նրանից։

— Բեգրուս աղային ճանաչո՞ւմ ես… Նրա ղուլերն ենք… լսեց նա հանկարծ։

Ահա ինչ, ահա որտեղից է գալիս հարվածը։ Պատվի վերջին զգացումից զուրկ համարված մարդն էլ է վրիժառության միջոց ունեցել։ Այդ սրիկաները վարձված են Ղուլամյանից։ Դա թեև տմարդի, բայց սոսկալի վրիժառություն է…

— Բավական է,— ասաց վարձկան սրիկաների պարագլուխը,— թե չէ կմեռնի… էժան գնով։ Բեգրուսը ժլատ է…

Նրանք շուտով աներևույթացան գիշերային խավարի մեջ, որպես նույն խավարի ծնունդներ։

Այժմ Միքայելի անշունչ մարմինը տարածվել էր նավթախառն ավազի վրա։

Հեռվում տակավին փայլում էին Զարգարյանների լուսամուտները կարմիր-դեղնագույն լուսով…