ԵՐՐՈՐԴ ՄԱՍ

I

Հանքային նոր կացարանների կառուցումն ավարտվեց բարեկենդանին։ Տեղափոխվելու նախընթաց երեկո Զարգարյանը գնաց քաղաք։ Սմբատը տվեց նրան մի բուռ թղթադրամ և պատվիրեց մյուս օրը մշակներին հյուրասիրել։

Գումարը բավական մեծ էր․ կարելի էր հանդիսավոր խնջույք սարքել։ Զարգարյանը այսպես էլ որոշեց անել։

— Ինչպես կամենաք,— ասաց Միքայելը,— բայց, իմ կարծիքով, չարժե հասարակ դեպքից ինչ-որ տոնախմբություն շինել։

— Հասարակ դե՞պք,— զարմացավ Զարգարյանը,— կարծեմ մշակների համար այդպիսի պալատներ տեղափոխվելը փոքր բան չէ։ Տեսեք ուրիշ հանքատերերի մշակներն ինչ խոզաբներում են բնակվում։

Նոր կացարանների թիվը երեք էր — ամեն մի հանքախմբի մշակների համար առանձին։ Դավիթը որոշեց հանդեսը սարքել այն տանը, որ ամենից մեծն էր և ավելի մոտիկ գրասենյակին։ Դա մի երկարաձև շինություն էր, մի հարկանի, բայց գետնից բաժանված նկուղներով, որոնք չպիտի երկրի խոնավությունը և գազը թույլ տային վերև թափանցելու։ Առաստաղները բարձր էին, լուսամուտները լայն, պատերը ծածկված յուղաներկով։ Յուրաքանչյուր մշակի համար դրված էին առանձին անկողնակալ ու նստարան։ Տունը շրջապատված էր լայն պատշգամբով, որ հարմարեցրած էր ամառային կացության համար։ Չորս կողմը տարածվում էր մաքուր, ընդարձակ ու հարթ բակը, շուրջը պատած քարե պարսպով։ Բակի մի ծայրում կառուցված էր մի մեծ դահլիճ, որ կարող էր ծառայել թե՛ իբրև ուսումնարան և թե՛ իբրև թատրոն։ Մյուս ծայրում մի փոքրիկ բաղնիք, մի բան, որ նույնպես նորություն էր հանքային մշակների համար։

— Միայն այս մեկ տունը մեզ նստել է հիսուն հազար ռուբլի,— ասում էր Զարգարյանը։

Վաղ առավոտից պատշգամբի վրա դարսվեցին մրոտ տոպրակներ, զամբյուղներ և թաշկինակներ՝ լի զանազան պաշարեղենով։ Բակում արհեստավորներն իսկույն շինեցին ժամանակավոր սեղաններ՝ երկայն տախտակներից։ Եղանակը բավական տաք էր, մշակները կամեցան դրսում ճաշել։

Զարգարյանի կոր մեջքն այսօր, կարծես, ուղղվել էր, դեմքի վրա խաղում էր գոհունակության ժպիտը, նիհար ոտներն ուրախությունից ծռվում էին ման գալիս։ Նա մշակների հետ կատակներ էր անում և պատվիրում, որ այսօր կրակի հետ զգույշ վարվեն։

Տասնումեկ ժամին բոլոր շվիկները սուլեցին, թե ժամանակն է գործերը դադարեցնել։ Կես ժամ անցած՝ բակը լցվեց սև ուրվականներով։ Մրոտ դեմքերի վրա նշմարելի էր անսովոր զվարճություն, դեղնած շրջանակների մեջ աչքերի բիբերը փայլում էին տենդային ուրախությամբ։ Շատերն օրվա հանդեսը նմանեցնում էին գյուղական ուխտագնացության, հառաչում էին, ախ քաշում, հիշելով իրենց ծննդավայրը, բայց և՛ միմյանց հրում էին, ծիծաղում, և՛ Ալիմյաններին օրհնում։

Դա մարդկային ամբոխ չէ, այլ ինքը դառն աշխատանքը, հազար ու մի կենսական հոգսերի ու վշտերի մարմնացումը։ Եկել էր գեթ մի քանի ժամով թոթափելու իր հոգուց մռայլության փոշին, և կեղտի, մրի ու ցնցոտիների տակից ծիծաղելու։ Սակայն ուր ոտք էր դնում, այնտեղ մտցնում էր սևություն ու մռայլ։ Նույնիսկ արեգակի պայծառ շողերը մթնում էին՝ ընկնելով մարդկային մթին ծովի վրա։ Բայց փույթ չէ․ մթին ծովն այսօր գոհ է շատ քչից, գոհ՝ եղանակի ջերմությունից, երկնի պայծառությունից և մանավանդ այն փշրանքից, որ պարգևում է նրան հարուստ տերերի քիմքը։

Միքայելը լուռ, գունատ, անցնում էր լուսնոտի պես, սենյակից սենյակ, գավիթ, փողոց, ամենուրեք ակամա որոնելով մի կերպարանք, որ անհաղթելի տիրել էր նրա հոգուն։ Իսկ այդ կերպարանքը արդեն տասն օր էր չէր երևում ո՛չ պատշգամբի վրա, ո՛չ լուսամուտների առջև։ Նա ամաչում էր ինքն իրեն խոստովանել, թե այսօրվա հանդեսին չհակառակեց՝ հենց Շուշանիկին տեսնելու գաղտնի հույսից դրդված։

Քաղաքից եկան — Սրաֆիոն Գասպարիչը, գլխավոր հաշվապահի հետ, հետո Արշակը՝ Սուլյանի և, փոքր անցած, Անտոնինա Իվանովնան՝ իր եղբոր հետ։

Դավիթը նրանց համար տանը պատվիրել էր առանձին նախաճաշ։ Նա շտապեց Շուշանիկին կանչելու, որ գա Անտոնինա Իվանովնային զբաղեցնի։ Մի քանի րոպե անցած՝ ամբոխը հարգանքով ճանապարհ էր տալիս այն աղջկան, որ շատերի համար էր նամակներ գրել ու կարդացել, շատերի համար կարել ու կարկատել է և շատերի վերքերի սպեղանին փոխել այդ կարճ միջոցում։ Օդը բարձրացան ֆուրաժկաներն ու փափախները, դեմքերը ժպտացին այնպես, որպես միայն կարող է ժպտալ նավթային ծովը լուսնի շողերից։

— Добрая, славная барышня,— լսեց Անտոնինա Իվանովնան երախտագետ մուժիկների ձայնը։

Եվ նրան թվաց, որ նույնիսկ արեգակը կարող է նախանձել այն տպավորությանը, որ գործեց մի համեստ աղջկա երևալն այդ կոպիտ ամբոխի վրա։

Շուշանիկը մոտեցավ նրան, հարգանքով բարևեց։ Նա չէր ուզում այսօր տնից դուրս գալ, բայց դուրս եկավ, չէր ուզում Սմբատին հանդիպել, բայց եկավ հենց նրան տեսնելու հույսով։ Սակայն ցնցվեց, երբ Անտոնինա Իվանովնան անկեղծ բարեկամությամբ սեղմեց նրա ձեռը։ Ամոթի զգացումը նրա մեջ տեղի տվեց խղճի խայթոցին. չէ՞ որ այդ կնոջ առջև մեղավոր էր իր ապօրինի զգացումներով։ Նա ավելի ցնցվեց, երբ տիկինը բռնեց նրա թևն ընկերաբար և խնդրեց միասին շրջել ամբոխի մեջ։

Հենց առաջին հայացքից տիկինը հետաքրքրվել էր տարօրինակ հասարակությամբ։ Նրա աչքերի առջև տարածվել էր սև կերպարանքների մի բանակ, ուր տիրում էր ազգերի, կրոնների, լեզուների ու տարազների խառնուրդ։ Խառնուրդ, որ առաջին անգամն էր նա տեսնում։ Նա փափագեց մերձենալ մթին ծովին, նայել խորը, տեսնել, ինչ է կատարվում հատակում։

— Ֆո՛ւ, սատանան տանի, այստեղ ամեն ինչ ապականվում է,— ասաց Ալեքսեյ Իվանովիչը։

Նա շինելի փեշերը հավաքել էր ու բռնել փորի վրա, որպեսզի չշփվեն նավթահոտ ցնցոտիների հետ։

— Այո՛, բայց միայն դրսից,— նկատեց Շուշանիկը լուրջ։

— Կերա՞ր,— շշնջաց Անտոնինա Իվանովնան եղբոր ականջին,— պետք է զգույշ խոսել այդ աղջկա մոտ։

— Բայց բավական պիկանտ է,— ասաց Ալեքսեյ Իվանովիչը։

Անտոնինա Իվանովնան մի սաստող հայացք ձգեց նրա երեսին և ունքերը կիտեց։ Շուշանիկը նրան ներշնչում էր համակրանք և հարգանք։ Այդ աղջիկը նրան թվում էր սև աշխարհում մենակ բուսած մի հազվագյուտ ծաղիկ։ Այսօր, ավելի ուշադիր դիտելով նրան, դատապարտում էր մտքում իրեն, որ առաջին հանդիպման ժամանակ հետը վարվել էր անփույթ, հեգնաբար։ Ո՛չ, այդ աղջիկը նման չէր իր շրջանի կանանց։ Ռուսիայից գալուց հետո առաջին անգամ է տեսնում այդպիսի խոհուն կանացի դեմք, որ կրում է մտավոր զարգացման դրոշմ։

Նա սկսեց խոսել Շուշանիկի հետ ամբոխի մասին, աշխատելով ծանոթանալ օրիորդի մտավոր ու բարոյական աշխարհի հետ։ Հարցուփորձ էր անում մշակների նիստ ու կացի, տնտեսական ու բարոյական վիճակի մասին։ Շուշանիկը պատմում էր, ինչ որ գիտեր, պարզ խոսքերով, առանց սև գույնի նկարագրելու դառն աշխատանքի տակ հեծող ամբոխի դրությունը։ Տիկինն իր անկեղծ վարմունքով կամաց-կամաց գրավում էր նրա համակրանքը և ակամա, անգիտակցաբար ենթարկում նրան իր մտավոր գերազանցության հրապույրին։ Նա նույնպես օրիորդին թվում էր դրամի գործնական աշխարհը ճակատագրի քմքով ընկած մի բացառիկ էակ, որից միայն և միայն Սմբատը կարող է բարձր լինել։ Եվ Շուշանիկը չէր սխալվում. ուսումով, կրթությամբ, ընտանեկան վիճակով Անտոնինա Իվանովնան ամբողջ քաղաքում ներկայացնում էր բացառություն։ Գլխավորապես հենց այս էր պատճառը, որ նա բոլորի խոսակցության առարկան էր դարձել։

Ամբոխը, Դավթի նշանով, բազմեց սեղանների քով և կազմեց մի քանի երկայնաձև մթին քառակուսիներ։ Անտոնինա Իվանովնան շարունակ, թևը Շուշանիկի թևին գցած, շրջում էր, անցնում սեղանից սեղան, դիտում, ուսումնասիրում, խնդրելով օրիորդին թարգմանել տեղացի մշակների ասածները։ Իսկ մշակները հրում էին միմյանց, բարձրաձայն ծիծաղում ուրախ-ուրախ, ավելի ու ավելի հարմարեցնելով իրենց տեղերը։ «Մեծամեծների» ներկայությունը նրանց չէր նեղում. բոլորն էլ կամենում էին ազատություն տալ իրենց տարիներով կաշկանդված կամքին։ Իսկ սրա համար հարկավոր էր դիմել ըմպելիների օգնության։

Դավիթը մոտենում էր սեղաններին ու կրկնում.

— Տղերք, խմեցեք, ինչքան քեֆներդ է, գինի, արաղ շատ եմ բերել տվել, բայց չհարբեք հա՜ա՜, էս է ասում եմ…

Այնինչ, մշակները շտապում էին շշերը միմյանց հետևից դատարկել։ Սրախոսում էին խմելու մասին մի ժարգոնով, որ միայն նավթահանքերի բնակչությանն էր հասկանալի։

— Ադա,— ասում էր մեկը, ցույց տալով իր կոկորդը,— տրուբաս զըսարիցա[1] իլավ, ռըզշիրիդելը[2] դես տուր, լենացնեմ…

— Ադա, կռանդ[3] բեց ըրա, վըեր չանս լեցնեմ,—

ասում էր մյուսը։

— Տղերք, ղզղաններդ լյավ տքացրեք, էլ ըտենց տոպկա[4] չեք տեսնիլ…

— Յավաշ, պառը[5] գլխներիդ չի կյա…

— Ադա, շուռ տուր բըրաբանը[6]

Հայ մշակների մեջ կար մի պատկառելի ծերունի՝ Գասպար անունով։ Նա մի ժամանակ եղել էր գյուղական տանուտեր ու հարուստ և «գիտեր մեծամեծների հետ նստել, վեր-կենալը»։ Նա մեկ-մեկ առաջարկում էր «աղաների» կենացները և գոռում՝ «հուռա՜ա՜»։ Ամբոխը ձայնակցում էր նրան, բաժակները վերև բարձրացնելով։ Երբ հերթը հասավ ինժեներ Սուլյանի կենացին, տիրեց անհարմար լռություն։ Ամբոխը չկարողացավ կեղծել։ Ոմանք մի քիչ գինի կում անելով, բաժակները հետ դրեցին, իսկ շատերը բոլորովին չխմեցին։

— Գյադա մարդ է,— շշնջում էին միմյանց ականջին,— մեջն աղայություն չկա։

Այնինչ, Սուլյանը, ժպիտը երեսին, մի ձեռը կողքին հենած, մյուսով բեղերը ոլորելով նայում էր քծնությամբ Միքայելի դեմքին, շարունակ հետևելով նրան։ Այսօր ինժեները մտադիր էր նրա միջոցով Սմբատին խնդրել, որ Ալիմյան ֆիրմն իր համար գնե մի բաժին ինչ-որ նոր կազմվող նավթային ընկերության մեջ։

Դարբասի առջև կանգնեց Սմբատի կառքը։ Սև ծովը խլրտվեց, ոտքի կանգնեց։ Գալիս էր այն մարդը, որը, հանքերը ոտ դնելու օրից, աշխատել էր բանվոր դասի կյանքը բարվոքել։ Ա՜խ, որքան նա փոխվել է վերջին ժամանակ. դեմքը կարմրել է և մի փոքր ուռել, աչքերը լայնացել են ու արյունով լցվել։ Մի՞թե այդպես շուտ են ազդել նրա վրա անքուն գիշերներն ու սուր ըմպելիքները։

— Հուռռա՜,— գոչեց ամբոխը Գասպարի նշանով։

Սմբատը ձեռով նշան արավ, որ ոչ ոք տեղից չշարժվի։

Բայց հոգով ուրախ էր, որ ամբոխն այսպես հարգում ու սիրում էր իրեն։ Մոտեցավ Միքայելին, հարցրեց՝ արդյոք, գո՞հ է իր կարգադրությունից։

— Ո՛չ,— պատասխանեց Միքայելը հակիրճ։

— Ինչո՞ւ։

— Ես կեղծ բաներ չեմ սիրում։

— Կե՞ղծ,— զարմացավ Սմբատը։

— Այո՛, ես այդ բոլորը կեղծ եմ համարում։ Իրենց փողերով խեղճերի համար տոնախմբություն եք սարքում ու կարծում եք՝ մեծ բարություն եք անում։

— Ես բնավ այդպես չեմ կարծում։

— Ո՛չ, կարծում ես։ Դուք, բոլոր դեմոկրատներդ, այդպես եք… Ես բուրժուա եմ, ես այդպիսի բաներ չեմ սիրում…

Նա հեռացավ։ Սմբատը զարմացած նայեց հետևից, ուսերը վեր քաշելով։

Անտոնինա Իվանովնան շարունակ դիտում էր ամբոխը։ Վաղաժամ թառամած դեմքերը, կոր մեջքերը, ներս ընկած կրծքերը նրան ներշնչում էին կարեկցություն։ Առհասարակ մի ժամ էր նրան պաշարել էին անսովոր մտքեր ու զգացումներ։ Ամբոխի մթին արտաքինի տակ տեսնում էր ավելի մթին հոգեկան աշխարհ, կարոտ լուսո ամենաթույլ շողերին։ Նա մտածում էր. ինչո՞ւ օգնության չգալ այդ խեղճերին։ Այլևս մարդիկ ո՞ր օրվա համար են ուսում ստանում, եթե չեն կարող կամ չեն ուզում ստացած լուսո գեթ թույլ շողերը տարածել այս մութ աշխարհը։

Եվ այստեղ, այդ պահին, նա առաջին անգամ սկսեց նախատել իրեն, որ մինչև հիմա նշանակություն էր տվել ազգերի ու կրոնների տարբերությանը։ Ամաչեց այն բոլորից, ինչ որ գրգռված րոպեներին ասել էր Սմբատին։ Իսկ նա շատ բան էր ասել, շատ վիրավորական խոսքեր։ Ի՞նչ, մի՞թե միայն ինքն էր ասել, առանց որևէ շարժառիթի։ Ո՛չ, ինչո՞ւ է այսքան իրեն մեղադրում, մի՞թե ինքը պակաս է վիրավորվել Սմբատից։

Նրա մռայլ ճակատը հետզհետե պարզվում էր, կապույտ աչքերը վառվում էին անսովոր հրով։ Նրա մտքում սկսեցին պատկերանալ այն բոլոր վիպական հերոսուհիները, որոնց սիրել էր մայրենի վեպերում և որոնցով մի ժամանակ հափշտակվել էր։ Ահա այն աշխարհը, որին օգնելու գաղափարը դրվատել են իր ազգի ամենաընտիր հեղինակները, ամենամաքուր մտածողները։

Նրա սիրտն սկսեց բաբախել բարձր մարդասիրական զգացումներից։ Եվ այդ պահին նա պատրաստ էր ներել սկեսուրին, տալոջն ու բոլոր ազգականուհիներին, որոնցից նա իրեն արհամարհված էր զգում։ Նա տեսնում էր ազգերի ու լեզուների մի խառնուրդ, տոգորված միևնույն ցավերով ու վշտերով։ Մրի ու նավթի սև քողը սփռվել էր հավասար ամենքի վրա ու կազմել տխուր միօրինակություն։ Մի՞թե մանրակրկիտ չէ այն մարդը, որ այդ մռայլ հարթության տակ տեսնում է ինչ-որ խորդուբորդեր, մեկին սիրում, մյուսին արհամարհում, մեկին օգնում, մյուսին բարձիթող անում, համարելով իր արյանն «օտար»։

— Օրիորդ,— դարձավ Շուշանիկին,— հանքերում դժբախտություններ պատահո՞ւմ են մարդկանց։

— Շատ։

— Մեծ մասամբ, իհարկե, հրդեհից։

Շուշանիկը պատասխանեց, թե հրդեհներն ինքնըստինքյան, բայց առհասարակ այստեղ մարդկային կյանքն ապահով չէ։ Կան ուրիշ անթիվ պատահարներ։ Երեկ մեկի մատը մնաց պարանի տակ և արմատից թռավ, մեկէլ օրը մի անփորձ մշակի մեքենայի փոկը ոլորեց, ջարդեց ու սպանեց։ Իսկ սովորական հիվանդությունները տանում են մեծ թվով զոհեր։

— Լսել եմ, դուք միշտ օգնում եք մշակներին, և նրանք ձեզ պաշտում են, ինչպես մի բարի հրեշտակի,— ասաց տիկինը կես-հեգնությամբ և կես-լուրջ։

Շուշանիկը շփոթված, ակամա, երեսը մի կողմ դարձրեց։ Երբեք նա իր չնչին ծառայությունների մասին չէր մտածել։

— Գիտեք ինչ,— շարունակեց Անտոնինա Իվանովնան, նայելով օրիորդի աչքերին,— ինձ թվում է, որ դուք, եթե կամենաք, շատ բաներ կարող եք անել մշակների համար։ Օրինակ, կարող եք Միքայել Մարկիչին համոզել, որ նա հիվանդանոց էլ բաց անի։

— Ես իրավունք չունեմ նրա գործերին խառնվելու։

— Այդ այդպես է, բայց մի՞թե բարի գործեր կատարելու համար իրավունք է հարկավոր։ Ես էլ իրավունք չունիմ, բայց պիտի խառնվեմ… ձեր կողմից էլ։ Ո՛չ, խնդրեմ, խնդրեմ… ինձ թվում է, որ նա ձեր խնդիրն ավելի շուտ կկատարի, քան իմը… Այո՛, այո՛, պիտի խնդրեմ ինքս էլ, ձեր կողմից էլ, թեկուզ թույլ էլ չտաք… Աա՜, դուք կարմրեցի՞ք, կնշանակե — ես ճշմարիտ եմ ասում։

Դավիթը Շուշանիկին կանչեց՝ քաղաքից եկած հյուրերի համար սեղանը պատրաստեու։

Քառորդ ժամ անցած, հյուրերը հրավիրվեցին առանձին սենյակ։ Սրաֆիոն Գասպարիչը բաժակ առաջարկեց Ալիմյան ֆիրմայի գործերի աջողության մասին։ Տա աստված, որ ֆիրման օր-օրի վրա ծաղկի, մեծանա և «հազարավոր մարդկանց կերակրի»։

— Մեր ֆիրման ոչ ոքի չի կերակրում և չի էլ կերակրել,— ասաց Միքայելը տարօրինակ սրտմտությամբ։

— Այդ միայն ես գիտեմ,— նկատեց Սրաֆիոն Գասպարիչը խորհրդավոր։

— Ո՛չ, դու չգիտես, քեռի… ես այսօրվա ճաշն էլ օյինբազություն եմ համարում…

Բոլորը զարմացած նայեցին նրան։ Սմբատը չգիտեր ինչպես բացատրի եղբոր անսովոր տրամադրությունը։

— Այո՛, օյինբազություն եմ համարում,— կրկնեց Միքայելն ավելի տաքացած,— այստեղ ես անկեղծություն չեմ տեսնում։

— Միքայե՛լ,— ասաց Սրաֆիոն Գասպարիչը,— ջահել ես, ականջ դիր մի բան պատմեմ։ Երբ ես ույեզդնի նաչալնիկ էի, նորին գերազանցություն Վիսսարիոն Պրակոֆիևիչ Աֆանասևը, աստված հոգին լուսավորի… մի օր…

Մշակների միաձայն աղաղակներն ընդհատեցին նրա խոսքը։ Դավիթը Սրաֆիոն Գասպարիչի խոսքերը հաղորդել էր նրանց, և այժմ աղաղակում էին «հուռռա՜…»։

— Դե՛հ, ուրախացեք,— գոչեց Միքայելը և, դուրս վազելով գոռաց — լռի՛ր, հիմար ամբոխ…

Նախաճաշը տևեց շատ կարճ միջոց. ուտում էին ոտքի վրա կանգնած։ Միքայելի տարօրինակ տրամադրությունը խլեց բոլորի ախորժակը։ Անտոնինա Իվանովնան դուրս եկավ պատշգամբ, առավ Միքայելի թևը և սկսեց նրա հետ խոսել։

Հյուրերը դուրս եկան բակը։

— Տղերք, դո՛ւրս,— գոչեց Դավիթը,— այժմ պիտի տեսնեմ, ով կարող է գործի գնա…

Ամբոխը միահամուռ հետևեց նրան, դուրս եկավ փողոց։

— Գասպար ապեր,— դարձավ Դավիթը նախկին տանուտերին,— դու հին չոբան ես, այծերին ոչխարներից ջոկիր…

— Աչքիս վրա։ Տղերք, էն մեծ տախտակներից երկուսը բերեք այստեղ։

Փողոցում կար մի փոքրիկ և շատ նոսր նավթային լճակ, շրջապատված հողային թմբով։ Գասպարը հրամայեց հաստ ու երկայն տախտակները ձգել մի ափից մինչև մյուսը և ծայրերն ամրացնել հողով ու քարով։ Գոյացավ մի կամուրջ։ Գասպարն ասաց, թե մշակները, բացի թուրքերից, մեկ-մեկ պիտի անցնեն այդ կամուրջով։ Ով ընկավ — հարբած է։

Կատակը շատ դուր եկավ մշակներին, որ իսկույն բարձրացրին անասելի աղաղակ։

— Դե՛հ, մեկ, երկու, երեք,— գոչեց Գասպարը զորավարի եղանակով, և առաջինն ինքն անցավ աջող։

Սկսվեցին ծիծաղ, քրքիջ, հրումներ, ոստոստումներ, բոթոցներ, գոռում-գոչյուններ։ Մեկ-մեկու հետևից մշակները զգույշ անցնում էին կամրջով։ Աշխատում էին չսայթաքել, օրորվելով աջ ու ձախ։ Նրանց սև պատկերներն անդրադառնում էին լճակի անշարժ մակերևույթի վրա, որպես միգային ստվերագծեր։ Ժամանակ առ ժամանակ հարբածները կորցնում էին հավասարակշռությունը, երերվում լարագնացի պես և ընկնում։ Սև հեղուկի թանձր շիթերը բարձրանում էին նրանց անկումից և սփռվում ափերում կանգնածների վրա։ Բոլորը ծիծաղում էին, և ամենից ավելի ընկնողները։ Երբեմն այս կամ այն կատակասերն սկսում էր պարել լճակի մեջ, ինքն իրեն ծափահարելով։

— Քաշեք մի կողմ, բանը պրծած է,— հրամայում էր Գասպարը։

Ամբոխը գոռաց.

— Չուպրո՜վը, Չուպրո՜վը։

Կամրջի ծայրին հայտնվեց մի ռուս բանվոր, բարձրահասակ, լայն թիկունքով։ Նա աջ ուսի վրա նստեցրել էր մի հայ բանվորի, ձախի վրա՝ մի լեզգի բանվորի։— Երկուսն էլ հարբած էին և գրկել էին միմյանց։ Չուպրովը խլեց մեկից «հարմոնիան» և սկսեց նվագելով անցնել կամուրջով, իր կապտագույն փոքրիկ ուրախ աչքերը հառած մյուս ափին։ Նրա թևերը հոլանի էին, կուրծքը բաց, կարմիր շիլա շապիկն ուռել էր թեթև քամուց. նա ինքն էլ բավական հարբած էր, բայց հավասարակշռությունը պահում էր։ Այնինչ, կամուրջը չէր դիմանում ծանրությանը։ Չուպրովը ցած եկավ և մի քանի հսկայական քայլեր անելով լճակի մեջ, անցավ իր բեռան հետ մյուս ափը։

Ամբոխը դարձյալ բարձրացրեց աղաղակ.

— Ռասո՜ւլը, Ռասո՜ւլը…

Դա մի բարեկազմ լեզգի էր։ Հասնելով կամրջի մեջտեղը, հանեց պատյանից դաշույնը և սկսեց պարել ոգևորված Չուպրովի հարմոնիայից։ Սուրը փայլում էր նրա շուրջը, ծնկների տակ, գլխի վրա, այտերի մոտ։ Մի վայրկյան նա կանգ առավ հոգնած, երերվեց, քիչ էր մնում — ընկնի։ Այդ պահին մի մեծ ձեռ բռնեց նրա ոտներից, մի ուրիշը կռնատակից և, բարձրացնելով նրան, անցկացրեց մյուս ափը։

— Մալադե՛ց Կարապետ,— գոչեց Չուպրովը…

Տարբեր կրոնների, տարբեր լեզուների, տարբեր ցեղերի պատկանող այս երեք բանվորների մեջ կար մի ամենին հայտնի մտերմություն։ Նրանք հռչակված էին իրենց անվախությամբ, վայելում էին բոլոր մշակների հարգանքն ու նախանձը։ Գործի էին գնում միասին, վերադառնում էին միաժամանակ, բնակվում էին միևնույն սենյակում, գիշերում միևնույն թախտի վրա։ Հրդեհների ժամանակ միշտ նրանց կարելի էր տեսնել ամենից առաջ, ամենավտանգավոր տեղերում։ Երբ նրանք երևում էին հրդեհի վայրում, ամբոխին տիրում էր ոգևորություն, բոլորը սիրտ էին առնում։ Երբ մեկը վտանգի էր ենթարկվում, մյուսները իրենց կյանքի գնով ձգտում էին ազատել նրան կորստից։ Երբ ուրախ էր մեկը, ուրախ էին և մյուսները, և ընդհակառակը։ Նրանք իրարու հետ կատակներ էին անում, միմյանց ծաղրում, բայց վա՜յ այն մշակին, որ կհանդգներ նրանցից մեկին վիրավորել։ Իսկույն փայլում է Ռասուլի դաշույնը, ասպարեզ էին գալիս Չուպրովի հուժկու բազուկները և Կարապետի լայն թիկունքները։ Մի անգամ նրանք ընդհարվեցին հարևան հանքատիրոջ մշակների հետ և երեք հոգի քսան մարդու դիմադրեցին։

Այդ բոլորը պատմեց Դավիթ Զարգարյանն Անտոնինա Իվանովնային և պատմեց, կարծես, ոչ առանց նպատակի։ Տիկինը լսում էր հետաքրքրված և… մտածում։

Ամբոխը ցրվեց։ Մյուս օրն առավոտը նա կտեղափոխվի նոր կացարանները։

Դավիթը հյուրերին առաջարկեց մյուս շինությունները ևս նայել։ Դրսում սպասում էին մի քանի կառքեր։ Բոլորն ընդունեցին նրա հրավերը։ Բակն ու պատշգամբը դատարկվեցին։

Արդեն մի ամբողջ ժամ էր Միքայելն առիթ էր որոնում Շուշանիկի հետ առանձին տեսնվելու։ Օգտվելով հյուրերի բացակայությունից, նա անցավ այն սենյակը, ուր օրիորդը մի մշակի օգնությամբ հավաքում էր սեղանը։

Նա ներս մտավ տենդային հուզման մեջ, նշան արավ մշակին հեռանալ և դռները փակեց։

Շուշանիկը ցնցվեց։ Տեր աստված, էլի այդ մարդն ի՞նչ է ուզում նրանից։ Նա ամոթից և երկյուղից սկսեց դողալ այնպես, որ ձեռքից բաց թողեց բաժակները և կոտրեց։ Փախչե՞լ, թե՞ մնալ։ Բայց դռները փակ են։ Էհ, թող ինչ լինելու է՝ լինի։ Նա չպիտի վախենա, նա կարող է իրեն պաշտպանել։

Միքայելը մոտեցավ, կանգնեց դեմուդեմ, սեղանի մյուս կողմում։

— Ասացեք խնդրեմ,— ասաց նա երերուն ձայնով,— դուք ո՞վ եք, որ մեր գործերին խառնվում եք, հը՞ը, ո՞վ եք։ Դուք ի՞նչ իրավունքով եք Անտոնինա Իվանովնայի միջոցով ինձ խնդրում այս անել, այն անել մշակների համար, ըըը՞։ Չլինի՞ կարծում եք, թե ես էլ ձեր սիրած մարդասերներից կամ դեմոկրատներից եմ։ Ո՛չ, ես ատելով ատում եմ բոլոր բարեգործներին, ես ոչինչ, ոչինչ չեմ ուզում անել բանվորների համար և չեմ անիլ։ Ես իմ քեֆի մարդ եմ, ուզածս եմ անում։ Կամենաք հենց վաղը կհրամայեմ քանդել Սմբատի շինել տված տները և մշակներին կթողնեմ բաց օդի տակ։ Այո՛, կանեմ… Կամենաք ձեր տունն էլ քանդել կտամ, այդ բոլոր հանքերն էլ կրակ կգցեմ։ Ինձ համար գրոշի գին չունի մարդկանց կարծիքը… Ի՞նչ իրավունքով եք ինձ խորհուրդներ տալիս…

— Սպասեցե՛ք, պարոն Ալիմյան, ես երբեք…

— Մի՛ կեղծեք, աստված սիրեք։ Դուք Անտոնինա Իվանովնայի հետ խոսել եք։ Կարելի է դուք այն էլ ասեք, թե ինձանից չե՞ք փախչում կամ Սմբատին չե՞ք սիրում։ Էէ՜, ամաչո՞ւմ եք… Իսկ ես ոչնչից չեմ ամաչում, բոլորը կասեմ… Լսեցե՛ք… Դուք կամեցաք, որ ես ստորանամ — ստորացա, կամեցաք՝ արժանանամ ընկերներիս արհամարհանքին — արժանացա, փախչեմ հասարակությունից՝ փախա։ Այժմ ուզում եք, որ ձեր գործակատա՞րը դառնամ։ Ներեցե՛ք, չեմ կարող…

Շուշանիկը չգիտեր ինչպես պատասխանի այդ անկապ խոսքերին։ Նա ուզում էր խոսել, բայց գրգռված Միքայելը չէր թույլ տալիս նրան՝ բերանն անգամ բանալու։

— Ո՞վ եք դուք, ո՞վ է ձեր հորեղբայրը, ձեր բոլոր ընտանիքը կամ հենց ամբողջ հասարակությունն ինձ համար։— Ոչնչություն, քամի, այ, իմ նավթահորերի գազը… Ես արհամարհում եմ մարդկանց կարծիքները։ Ես Միքայել Ալիմյանն եմ, հարուստ, ինքնագլուխ իշխան։ Քեֆս կտա, կօգնեմ մարդկանց, չի տա — կջարդեմ, ոտնատակ կանեմ։ Ես ատելով ատում եմ բոլոր կանանց… Հա՜-հա՜-հա՜. «որքա՜ն զանազանություն կա ձեր և ձեր եղբոր մեջ»։ Իմ և Սմբատի՞ մեջ։ Այո՛, կա։ Նա խելոք է՝ ես հիմար, նա կրթված է՝ ես անկիրթ, նա բարոյական մարդ է՝ ես անբարոյական։ Հետո, ինչ եք ուզում դրանով ասել։ Բայց… բայց ես էլի ձեզ արհամարհում եմ… Հա՜—հա՜—հա՜, կոտր ընկած մի վաճառականի աղջիկ, ժամանակակից օրիորդ, գեղեցկուհի, համեստ, հրեշտակի պես հեզ, ինտելիգենտ իդեալներ երազող, հա՜—հա՜—հա՜…

Նրա ծիծաղն անբնական էր, նույնիսկ երկյուղալի Շուշանիկի համար։ Նա, կարծես, զառանցում էր, չգիտեր իր ասածների միտքը։ Շունչը հետզհետե սպառվում էր, մերթ նստում էր, մերթ վեր կենում, անգամ ձեռն ուժգին զարկելով սեղանին։

Նա շարունակեց նույն ուղղությամբ, նույն անկապ խոսքերով, օ՜օ, նա գիտե, այժմ Շուշանիկը ինչ է մտածում։ Թող այնքան հիմար չհամարի Միքայել Ալիմյանին։ Ո՞ւմ չի հայտնի, որ անփորձ կանայք այն տղամարդկանց են սիրում, որոնք «խորհրդավոր» են կամ դժբախտ, կամ քիչ են խոսում, կամ խելոք են ձևանում։ Բայց բոլոր տղամարդիկ միմյանց նման են, եթե լավ ճանաչես։ Ինքը՝ Միքայել Ալիմյանը կարող է վատ էլ լինել, լավ էլ, չար էլ, բարի էլ, վախկոտ էլ, քաջ էլ։ Բոլորը կախված է հանգամանքներից։ Նա րոպեի մարդ է, շատ անգամ մի բան մտածում է, անում է հակառակը։

— Հենց այն օրն էլ այդպես էի, հիշո՞ւմ եք այն օրը։ Իհարկե, չեք մոռանալ։ Բայց ես… ես իսկույն մոռանում եմ վիրավորանքը։ Գիտեք, ես փչացած եմ, ընկած, զզվելի, ինչ կամենաք, բայց այստեղ, ա՜յ, այս կրծքի տակ զգացմունք կա, հասկանո՞ւմ եք։ Ես ընդունակ եմ մի ժամում ձեզ և՛ ստորացնել, և՛ բարձրացնել, և՛ տապալել, և՛ ձեր ոտների տակ տապալվել։ Հասկացե՛ք այս բանը, ճանաչեցե՛ք ինձ, վերջապես։ Հայրս ինձ գիժ էր համարում, բայց տեսա՜ք ես քանի՜—քանի՜ վիրավորանքներ ստացա և ինձ զսպեցի։ Ես օրինավոր մարդ չեմ, էէ՜, շատ հարկավո՞րս է։ Բայց, համբերեցե՛ք, մի օր ինձ համար… Ուզո՞ւմ էի գրազ գալ, որ դուք ինձ հաղթել չեք կարող… դուք բարոյական, ես անբարոյական…

— Ես ձեզ հետ մրցելու ո՛չ ուժ ունիմ, ո՛չ ցանկություն։

— Դուք ինձ զզվանք եք ցույց տալիս։

— Իմ զզվանքը ձեզ համար չի կարող նշանակություն ունենալ։ Դուք հարուստ եք, ես աղքատ…

— Ես ձեզ խնդրում եմ հարստության և աղքատության մասին չխոսել…

— Ինչպե՞ս չխոսել, քանի որ ինքներդ մի քիչ առաջ պարծեցաք, թե հարուստ եք, ամեն բան կարող եք անել։ Բա՛ց արեք դռները…

— Ես ձեզ այդ ասացի՞… Ի՞նչ է նշանակում… Ես ոչինչ չասացի, բայց կարելի է, ո՞վ գիտե… Ես այնքան գրգռված եմ, որ չգիտեմ ինչ եմ խոսում։

— Այդ երևում է։ Բա՛ց արեք դռները։ Տանն ինձ սպասում է կոտր ընկած վաճառականը, անդամալույծ հայրս։

Այս խոսքերը բոլորովին զինաթափ արին Միքայելին։

— Օրիորդ,— արտասանեց նա, այժմ ինքն իր դեմ բարկանալով,— ես չգիտեի, որ ձեզ կարող է վիրավորել ամեն մի խոսք… Ներեցեք, ես ամեն մի բառ չեմ կարող մի Ժամ մտածելուց հետո ասել… բերանիցս թռավ։ Իսկ եթե կամենում եք ճշմարտությունն իմանալ, լսեցե՛ք․ հարստությունը շատ մարդկանց փչացնում է… Երևի, այժմ կհավատաք…

— Մի՞թե,— արտասանեց Շուշանիկն աներկյուղ հեգնությամբ,— ինչո՞ւ բոլորին չի փչացնում…

— Գիտեմ, իմ եղբոր մասին եք խոսում… բայց դեռ վաղ է, սպասեցե՛ք, ո՞վ գիտե, ինչ կպատահի… նա դեռ նոր է փողի համն առնում… Իսկ ես արդեն զզվել եմ…

Քանի գնում՝ այդ մարդն անհասկանալի էր դառնում։ Մերթ հանկարծ կատաղում էր ու ձայնը բարձրացնում, մերթ շփոթվում ու բառերը շփոթում։ Եվ Շուշանիկը չգիտեր նրա ո՛ր խոսքին կամ տոնին հավատա, որին՝ ո՛չ։ Միևնույն ժամանակ, այժմ նա ակամա հետաքրքրվում էր հենց նրա անհասկանալիությամբ։ Մի՞թե բոլորը, ինչ որ ասում է, կեղծ է։ Կոմեդիա։ Վերջապես, ի՞նչն է ստիպում այդ մարդուն խոսել այդպես։ Մի փչացած մարդ, առանց խորին պատճառի այդպես չի բորբոքվիլ։ Ի՞նչ է նշանակում այդ։ Վիրավորված ինքնասիրությո՞ւն, սե՞ր, կի՞րք, ատելությnւ՞ն, թե՞ զղջում։ Կարծես, բոլորն էլ խառնվել են միմյանց։ Նրա դեմքն անգամ անհասկանալի է դարձել, մերթ թվում է տգեղ ու հրող, մերթ գեղեցիկ։ Իսկ այդ սպին նրա ճակատի վրա, խայտառակության այդ անշնչելի դրոշմը, կարծես, այլևս գարշ տպավորություն չի անում…

Բայց այդ ի՞նչ է։ Այն մարդը, որ կատաղի արտահայտում էր սրտի թույնը, այժմ բոլորովին անհասկանալի դարձավ։ Թուլացած, ընկճված, նստեց աթոռի վրա, նայեց մոլոր հայացքով Շուշանիկի երեսին, դրեց գլուխը սեղանի ծայրին և հեկեկում է։ Այո՛, հեկեկում է, ինչպես երեխա։ Այդ արդեն կոմեդիա չէ, մարդ չի կարող արհեստական կերպով այդպես արտասվել։ Բայց արտասուք և Միքայել Ալիմյան — ի՜նչ հակադրություններ։

Ձեռները հենած աթոռի մեջքին, աչքերը լայն բաց արած Շուշանիկն ապշած նայում էր։ Եվ այն, ինչ որ տեսնում էր․ թվում էր նրան երազ, այնքան անբնական էր նրա աչքում։

Միքայելն արագությամբ ոտքի կանգնեց, աչքերը սրբեց։ Նա բաց արավ դռները և ասաց․

— Գնացե՛ք, այսուհետև ձեզ հանգիստ կթողնեմ, գնացե՛ք… Բայց մոռացեք բոլոր ասածներս… Հենց այնպես, հիմար էի, անքնությունից էր, հիվանդ եմ…

Եվ դարձյալ մոտենալով սեղանին, ընկղմվեց աթոռի վրա։

— Տեր աստված,— դիմավորեց Շուշանիկին Անտոնինա Իվանովնան, կառքից ցած գալով,— այսօր դուք կատարելապես հիվանդ եք։ Գնանք ձեր տուն, ես ուզում եմ ձերոնց հետ ծանոթանալ։ Տվե՛ք ինձ ձեր թևը…

— Իմ թևը մի՛ առնեք, արժանի չէ,— ասաց Շուշանիկը, ձեռը ցնցողաբար խլելով տիկնոջից։

Անտոնինա Իվանովնան նայեց նրա երեսին զարմացած և հետո ներքևի շուրթը սեղմեց ատամներով, գլուխը խորհրդավոր շարժելով։ Նա բոլորովին սխալ հասկացավ օրիորդի հոգեկան դրությունը, սխալ և վիրավորական…

  1. Խողովակս կեղտոտվեց, այսինքն «կոկորդը կապվեց»։
  2. Լայնիչ, որ մի տեսակ գործիք է նավթահորերի խողովակներն ուղղելու համար։
  3. Ծորակ։
  4. Վառելիք։
  5. Գոլորշի։
  6. Փորիչ մեքենայի գլանը, որի վրա փաթաթվում է ու բացվում հորի մեջ գնացող պարանը։