Քառասուն հարամի
Ժամանակով մի թագավոր կար, էդ թագավորին ուներ եռեսուն տղա։ Էդ եռեսուն տղեն եբոր մենծացան, յաշներն առան, թագավորը կանչեց իրա վեզրին, ասեց․— Իմ տղերքանց յաշները հասել են, պտի պսակվեն, պտի էթաս, ման գաս, եռեսուն աղջիկ մի տանից գտնես, որ առնենք մեր տղերքանցը, որ մեջները խորթություն չլինի, չբաժանվեն։
Վեզիրը թադարեք ա տենում, վեր ա կենում էթում, ման գալով, ման գալով էթում ա մի գեղ, ղոնաղ ա ըլնում տերտերի տանը։
Տերտերին հարցնում ա.— Մի բանի եմ ման գալի, եռեսուն աղջիկ մի տանից պտի գտնեմ, ուզեմ թագավորի տղեքանցը։
Տերտերն ասեց.— Մտածեմ, կարելի ա գտնել էլ։
Տերտերը երկար ժամանակ մտածում ա, ասում ա.— Հլա ուշս վրես չի, մինչև լիսը բացվի, մտածենք՝ տենանք։
Եբոր լիսը բացվեց, վեզիրը վե կացավ, գնաց քաղաքի ղրաղը ման գալու, տեհավ գեղի ղրաղին մի առու կա, գնաց առվի վրա կաննեց, թամաշ էր անում։ Մի հինգ հրոպպից եդը տեհավ մի մարդ էկավ ըտի կաննեց, մի քիչ եդը տավարը սկսեցին բերիլը, տավարի հետ տեհավ մի քանի աղջկերք էլ էկան կաննեցին սրա կըշտին։ Վեզիրը մոտ գնաց, բարևեց, տեհավ աղջկերքը ոտաբոբիկ, գլուխ բաց են, ասեց.— Ըստոնք քու աղջըկե՞րքն են։ Ասեց.— Հա՛։
Ասեց.— Քանի՞ աղջիկ ունես։
Ասեց.— Փա՛ռք ասսու, եռեսուն աղջիկ ունեմ։
Ասեց.— Բիրադի եռեսուն աղջիկ ա՞։
Ասեց.— Եռեսուն ա։
Ասեց.— Եբոր եռեսուն ա, էլ ըսօր նախիրը մի էթա, ես քեզ հետ գործ ունեմ։
Նախրչին ասեց.— Չեմ կարա եդ ընկնի, տավարը կկորչի։
Ասեց.— Տավարը դու ղրկա էթա, հինգ ջահի ա, տասը ջահի կտամ՝ դու բանդ ի՛լ[1]։
Ասեց.— Չե՛մ կարա, ես պտի էթամ նախիրս։
Տեհավ՝ չի լսում, հանեց հինգ մանեթ տվեց նախրչուն, թե.— Դու մի էթա՛, ուրշին ղրկա։
Նախրչին, որ տեհավ հինգ մանեթը, ուրախացավ, ասեց.— Լա՛վ, ես չեմ էթա, ուրիշ մարդ կղրկեմ։
Եբոր նախրչին նախիրը ճամփու քցեց, վեզրի հետ էկան իրանց տուն։ Վեզիրը տեհավ՝ դրուստ եռեսուն աղջիկ են, մեկ մեկուց անղալաթ սիրուն են։
Վեզիրն ասեց.— Նախրչի աղպեր, քու աղջկերքը պտի տաս թագավորի տղերքին։
Նախրչին ասեց.— Թագավո՞րն էլ ունի եռեսուն տղա։
Ասեց.— Ըտենց ա, եռեսուն տղա թագավորինն ա, եռեսուն աղջիկ էլ քունն ա, տանք իրար։
Նախրչին ասեց.— Բախտավորություն կըլի, որ թագավորին խնամի ըլնեմ, էլ նախիր խի՞ եմ էթում։
Վեզիրն ասեց․— Ըստեղ անմով դերձիկ կա՞։
Նախրչին ասեց․— Կա՛։
Ասեց.— Դե գնա՛, կանչա գա՛։
Նախրչին վե կացավ, գնաց, կանչեց։
Վեզիրը դերձկին հրամայեց, ասեց.— Սրանց ոտից գլուխ թամուզ շոր պտի հագցնես։
Դերձիկն ասեց.— Շա՛տ լավ, փողը ձեզանից, առնիլն ու կարիլն ինձանից։
Դերձիկը չափսներն առավ, մի շաբթվա մեջ կարեց, հազրեց։ Աղջկերքը գնացին համամ, թազա շորերը հագան, էլան մի մի լսի կտոր։ Վեզիրը որ տեհավ, խելքը գնաց, ասեց.— Նո՛ր որ թագավորի լայաղ են։
Մի օրինավոր տուն էլ ճարեց, տարավ դրեց մեջը, մի գյադա բռնեց, ամեն պետքը հոգաց։
Վեզիրը խաբար ղրկեց թագավորին, թե.— Քու թադարեքդ տե՛ս, ա՛րի, աղջկերքը ճարել եմ։
Թագավորը իրա եռեսուն տղեն ու հինգ հարուր ջան ղոշունը վե կալավ՝ էկավ։
Վեզիրը գնաց թագավորի առաջ, վե կալավ, բերեց։ Թագավորն էկավ, տեհավ որ շատ սիրուն աղջկերք են, շատ հավանեց։ Հարսանիք արին, օխտն օր, օխտը գշեր, օխտը ձեռք դափ ու զուռնա ածեցին, կերան, խմեցին, քե՛ֆ արին։ Եբոր օխտն օրը թամմեց, էկավ վրա ութ օրը, թագավորը կանչեց վեզրին, ասեց.— Թադարեք տե՛ս, է՛թանք։
Վեզիրը թադարեք տեհավ էթալու։ Թագավորը կանչեց խնամուն, ասեց.— Կուզես էթանք մեր քաղաքը, կուզես ըստի կաց, ես քու ապրուստդ կտամ։
Նախրչին ասեց.— Չէ՛, թագա՛վորն ապրած կենա, ես ըստեղ կմնամ։
Թագավորը տեհավ, որ չի գալի, ասեց.— Գնա՛, ըսօրվանից Թիֆլիս քաղաքի խարջը ժողովա, կե՛։
Եդո «մնաս բարի» ասեց, առավ իրա հարսներն ու տղեքը գնաց։
Մեկ օր գնացին, էրկու օր գնացին, վրա իրեք օրը չադիր տվեցին, որ մի քիչ դինջանան։ Հաց կերան, պառկեցին քնեցին։ Վե կացան, տեհան որ մի Վիշապ չադրների չորս ղրաղը փաթըթվել ա, գլուխը դըքել ա ու կաննել ա։ Թագավորը որ տեհավ, շատ վախեցավ, թուրը քաշեց, հասավ, որ գլուխը կտրի։
Վիշապն ասեց.— Ի՞նչ բանի վրա ես, քե՛զ էլ, քո՛ւ սաղ ղոշունդ էլ կփաթըթեմ պոչիս, կհանեմ երկինք, կէրեմ, կթափեմ գետինը։
Թագավորը լաց էլավ, խնդրվեց, ասեց.— Ուզում ես թագավորությունս տամ, ուզում ես սաղ երկիրս տամ, թո՛ղ տղեքս ու հարսներս առնեմ էթամ։
Վիշապն ասեց.— Չիլնի՛, քու պուճուր տղեն պտի ինձ տաս։ Թագավորը շատ տխրեց ըստեղ. լաց էլավ։ Կանչեց վեզրին, ասեց.— Մեր հալը ի՞նչ պտի ըլնի։
Վեզիրն ասեց.– Ո՛չ սուր կբանի դրա վրին, ո՛չ թուր. լավ ա մի տղեդ տաս՝ քսան իննը ազատես։
Թագավորը շատ լաց էլավ, տեհավ իլլաճ չկա. պուճուր տղին տվեց, Վիշապը վե կալավ, գնաց։
Վիշապը տղին տարավ մի ջոկ օթախի մեջ վե դրեց։ Իրեք օրից եդը Վիշապը գնաց օթախի դուռը բաց արեց, մտավ նեքսև։
Ասեց.— Խի՞ ես լաց ըլնում։
Տղեն ասեց.— Ես հո բռնավոր չեմ, բերել քցել եք ըստեղ, ես թագավորի տղա եմ, լավ կերել եմ, լավ խմել եմ, ազատ ման եմ էկե։
Վիշապը հարցրեց.— Անումդ ի՞նչ ա։
Ասեց.— Մարտիրոս ա։
Ասեց.— Էգուց պտի քեզ ղրկեմ Սպահան։
Տղեն էլի լաց էլավ, ասեց.— Ես ճամփա չեմ գիտա, ո՞նց էթամ։
Ասեց.— Քեզ մի իմաստուն ձի կտամ, ձին նի՛լ, գնա՛։
Տղեն ասեց.— Ինչի՞ հմար էթամ։
Ասեց.— Պտի էթաս Զարգյարի կնկանը բերես։
Ասեց.— Ո՞նց բերեմ, Զարգյարի կնիկն ա ու չէկա՞վ։
— Ինչքա՛ն փող ուզում ես՝ կտամ, փողի ղոռը քցա, վե կալ բե՛ր:
Էն էգսի օրը տղեն վե կացավ, ծախսի փողը վե կալավ, ձին նիլլավ, որ էթար, ասեց.— Բա որ ընտեղ փողս հատնի, ի՞նչ անեմ:
Ասեց.— Եբոր իրիկունը տանից դուս գաս, ձեռով անես, ձեն տաս. «Վիշա՛պ», ես հազիր եմ ընտեղ, ինչ ուզես՝ կբերեմ։
Տղեն ընկավ ճամփա, գնաց։ Համարյա հինգ օրվա ճամփեն մեկ օրը գնաց։ Եբոր տեհավ շատ ա հեռացել, ասեց.— Վիշապը էլ ինձ չի գտնի, հազիր լավ ա, էթամ հորս տունը։
Ճամփեն ծռեց, որ էթար՝ Վիշապն էկավ ազաբը փակեց, ասեց.— Ո՞ւր ես էթում։
Ասեց.— Դու ո՞րդիան էկար ինձ հասար, ես միտքս փոխել ի, պտի էթայի մեր տուն։
Ասեց.— Զուր ա, հինգ ամսվա ճամփա էլ որ էթաս, ինչ որ մտքովդ անց կենա, ես քու մոտին եմ, չես կարա փախնի ինձանից։ Տղեն էլի տխրվեց, մտածեց, տեհավ որ իլլաջ չիլնի աղատվելու, եդ դառավ, Սպահանի ճամփեն բռնեց ու գնաց։
Շատ գնաց, քիչ գնաց, աստված գիտա, գնաց հասավ Սպահան քաղաքը։ Գնաց, մի դուռ ծեծեց, մի պառավ կնիկ դուս էկավ:
Ասեց.— Բարո՛վ, նա՜նի, մի տեղ տաս, մի քանի օր մնամ։
Ասեց.— Քու լայաղին տեղ չկա։
Հանեց մի բուռ ոսկի տվեց, ասեց.— Կկառավորվենք, մի տեղ արա։
Պառավը վե կացավ, կուժ ու բժութ ջարդեց, դուս ածեց, ձին քաշեց նեքսև, ասեց.— Քեզ էլ ղուրբան, քու ձիուն էլ ղուրբան, էս սհաթին էթամ բազար, ինչ հարկավոր ա բերեմ։
Իրիկունը տղեն դուս էկավ, տեհավ մի ընե՛նց լիս ա ընկել քաղաքի վրին, որ վառվում ա, ասեց.— Ա՛յ նանի, հլա դուս արի, էս ի՞նչ լիս ա։
Պառավը դուս էկավ, ասեց.— Էս Զարգյարի կնիկն ա, գլուխը փանջարիցը հանել ա, շաֆաղը տվել ա քաղաքը։
Տղեն ասեց.— Նանի՜, Զարգյարի կնիկն ըդքան սիրուն ա՞։
— Հա՛, ղադեդ առնեմ, ընքան սիրուն ա, որ Զարգյարը վախենալուցը քառասուն օթախից նեքսև ա դրել, քառասուն դուռը վրին փակել, մի-մին բաց ա անում, նեքսև ա մտնում։
Առավոտը տղեն վե կացավ, գնաց Զարգջարին գտավ, բարով տվեց, բարովն առավ, ասեց.— Ուստա՛, մի բան եմ շինիլ տալի, կարա՞ս շինի։
Ասեց.— Ի՛նչ լիզուդ պըտըտի՝ կարամ։
Ասեց.— Մի ջուխտ մաշիկ ա պետք, խալիս ոսկուց, կարա՞ս շինի։
Ասեց. — Մի խուրջին ոսկի բերես, հինգ հարուր մանեթ էլ ձեռնամուղդ[2] տաս, խի՞ չեմ շինի։
Ասեց.— Քանի՞ օրումը կարաս հազրի:
Ասեց.— Էրկու օրումը կհազրեմ։
Տղեն թողաց գնաց պառավի տունը. մնաց ընչանք իրիկուն, իրիկունը որ ճրագները կպավ, քնելու հանդամ[3] տղեն դուս էկավ, ձեն տվեց.— Վի՜շապ, Վի՜շապ, Վի՜շապ։ Վիշապը ծոր տալով, ծոր տալով[4], էկավ, ասեց.– Հը՛, տղա՛, ի՞նչ ես ուզում:
Տղեն ասեց.– Ինձ փող ա հարկավոր:
Ասեց.- Գնա՛ արխեին քնի, առավոտը կըլնի։
Տղեն գնաց քնեց: Առավոտը վե կացավ, տեհավ մի խուրջին ոսկի հազիր ա: Գնաց մի համբալ վե կալավ, էկավ, տվեց համբալի շլակը տարավ Զարդյարի դուքանը: Հանեց մի ոսկի, տվեց համբալին:
Զարդյարն ասեց.— Մի շահի տալու տեղակ մի ոսկի խի՞ տվիր:
Ասեց.- Բա՛ն չկա, քյասիբ մարդ էր, տվեցի։
— Դե՛,— ասեց,— գնա՛, էրկու օրից եդը արի, տա՛ր:
Տղեն վե կալավ, գնաց էլի պառավի տունը։
Էրկու օրից եդը վե կալավ էկավ Զարդյարի դուքանը, բարով տվեց։
Զարդյարը տեղիցը վե կացավ, բարևն առավ, ասեց.– Նստի՛։— Նստեց:
Ասեց.— Հազի՞ր ա։
Ասեց.— Հա՛զիր ա։
Գնաց բերեց. տղեն տեհավ, որ շատ լավ բան ա, համարյա մի թամաշի բան. առավ հագավ, ըսկսեց դուքանումը ման գալ։ Եդո հանեց, ասեց.— Ուստա՛, արի դու մի հագի՛, տենանք:
Ասեց.— Ախար քեզ հմար եմ հազրե, ոնց ես հագնեմ:
Ասեց.— Բա՛ն չկա, դու հագի, մի ես մտիկ տամ։
Ուստեն հագավ, տղեն ասեց.— Ոտիդ շատ լավ էկավ, քե՛զ փեշքաշ։
Ասեց.— Ըդքան փող տվիր ու փեշքաշ ես անում։
Ասեց.— Բա՛ն չկա։
Ասեց.— Մնաս բարով,— ու գնաց։
Էգսի օրը էլի էկավ, ասեց.— Ուստա՛, կարա՞ս ղաբլամա ոսկուց մի շալվար կա՞րի։
Ասեց. - Շա՛տ լավ, շատ լավը կկարեմ: Էրկու խուրջին ոսկի կտաս, հազար մանեթ էլ ձեռնամուղդ: Իրեք օրից եդը արի տա՛ր:
Տղեն վե կացավ, գնաց։ Իրիկունը, քնելու հանգամին դուս էկավ դուռը ձեն տվեց.- Վի՜շապ, Վի՜շապ, Վի՜շապ: Վիշապը ծոր տալով, ծոր տալով էկավ, ասեց.— Ի՞նչ ուզում ես, ուզա՛, առավոտը հազիր ա։
Տղեն ասեց.— Էրկու խուրջին ոսկի։
Ասեց.— Գնա՛ տեղդ արխեին քնի, առավոտը հազիր կըլնի։
Տղեն թողաց, գնաց քնեց։ Առավոտը վե կացավ, տեհավ էրկու խուրջին ոսկին գլխի վիրևը դրած ա։ Վե կացավ գնաց բազար, էրկու համբալ կանչեց, տվեց շըլակները, տարավ Զարգյարի դուքանը։ Համբալներին ամեքին էրկու ոսկի տվեց։
Զարգյարն էլի նախանձեց, ասեց.— Մի մի ջահի տո՛ւ, ընչի՞ հմար էրկու-էրկու ոսկի տվիր։
Ասեց.— Քյասիբ ին, տվեցի։
Իրեք օրից եդը վե կացավ, էկավ, ասեց.— Հազիր ա՞։
Ասեց.— Հա՛զիր ա։
Վե կացավ բերեց, տղեն տեհավ խելքը գլխիցը գնաց, ընքան լավ բան էր կարել։
Հագավ, դուքանի մեջը ման էկավ, ասեց.— Ուստա՛, հլա արի դո՛ւ հագի, տենանք, վրովդ հա՞րմար ա։
Զարգյարը ասեց.— Քեզ հմար եմ կարե, ինձ հարմար չիլնի։
— Չէ՛,— ասեց,— հագի։
Զարգյարը հագավ, վե կացավ ման էկավ։
Տղեն ասեց.― Ուստա՛, քեզ շ՜ատ հարմար ա, քե՛զ փեշքաշ ըլնի։
Ասեց.— Քեզ հմար եմ կարել, ինչ նեղություն ես քաշում։
Ասեց.— Բա՛ն չկա, քեզ փեշքաշ եմ անում։
Զարգյարը շատ շնորհակալ էլավ, տղեն վե կացավ գնաց։ Մնաց ընչանք իրիկուն, Զարգյարը էթալու վախտը դրեց աղլըխի մեջը, տարավ տուն։ Եբոր քառասուն դուռը բաց արեց, մտավ կնկա օթախը, դրեց ըստոլի վրա։
Կնիկն էկավ թամաշ արեց.— Էս ի՞նչ անգին բան ա, ա՛յ մարդ։
Զարգյարն ասեց.— Էլի էն թագավորի տղեն ա փեշքաշ արե։
— Բա ընչի՛ հմար չե՞ս կանչում գա, մի կտոր հաց ուտի մեր տանը։
Ասեց.— Պտի կանչեի, չէլավ։
Ասեց.— Ըսքան բան փեշքաշ անելուց եդը պտի կանչեիր։ Էգսի օրը տղեն էլի վե կացավ, էկավ Զարգյարի դուքանը ասեց.― Ուստա՛, մի լավ աբա պտի կտրես ոսկուց, որ գին չունենա։
Ասեց.— Ա՛չքիս վրա՝ իրեք խուրջին ոսկի բեր, հազար հինգ հարուր մանեթ էլ շինելու փող տու, չորս օրից եդը արի, տա՛ր։
Տղեն վե կացավ գնաց, իրիկունը էլի կանչեց Վիշապին։ Վիշապը ծոր տալով, ծոր տալով էկավ։
― Հը՛,― ասեց,— ի՞նչ ես ուզում։
Ասեց.— Իրեք խուրջին ոսկի։
Ասեց.— Առավոտը հազիր կըլնի։
Տղեն եդ դառավ, էկավ քնեց։ Առավոտը վե կացավ, տեհավ գլխավիրևն ա, գնաց իրեք համբալ կանչեց, տվեց շլակները, տարավ Զարգյարի դուքանը։ Հանեց ամեն մի համբալին իրեք ոսկի տվեց։
Զարգյարը նախանձեց.— Էս ի՞նչ բան ա,— ասեց,— ամեքին մի-մի շահի տո՛ւր, ընչի՞ հմար ես իրեք-իրեք ոսկի տալի։
Ասեց.— Քյասիբ են։
Տղեն թողաց, գնաց։
Չորս օրից եդը տղեն էկավ Զարգյարի դուքանը, ասեց.― Ուստա՛, հազիր ա՞։
Ասեց.— Հա՛զիր ա։
Բերեց, տղեն հագավ, դուքանի մեջը ման էկավ։ Հանեց, ասեց.— Ուստա՛, ա՛րի դու հագի, ես տենամ։
Ուստեն հագավ։
Տղեն ասեց.— Շա՛տ հարմար ա քեզ, քե՛զ փեշքաշ ա։
Ասեց.— Ախար քեզ հմար ի կարե, էդ խի՞ ես քեզ հմար կարել տալի, փեշքաշ անում ինձ։
Տղեն ասեց.— Ոչինչ, քեզ ավելի հարմար ա գալի։
Տղեն վե կացավ գնալու, ասեց.— Մնա՛ս բարին։
Ասեց.— Էթա՛ս բարին, — էս անգամ էլ չկանչեց։
Զարգյարը ընչանք իրիկուն բանում ա, իրիկունը ոսկի աբեն դնում ա աղլխի մեջը, տանում ա տուն. բաց ա անում, շանց ա տալի կնկանը։
Կնիկը որ տենում ա՝ զարմանում ա, ասում ա.— Էս ի՛նչ սիրուն բան ա, էլի էն թագավորի տղեն տվե՞ց։
— Հա ,— ասեց։ — Բա խի՞ չի կանչեցիր տուն, մի կտոր հաց ուտեր։
Ասեց.— Պտի կանչեի, շըշկլվեցի, չկանչեցի։
Տղեն տեհավ, որ Զարգյարը իրան տուն չկանչեց, ումուդը կտրեց, մի քանի օրից եդը ինքը հիվանդացավ մախսուս, պառավին ղրկեց Զարգյարի դուքանը։
Պառավն ասեց.— Թագավորի տղեն շատ հիվանդ ա։
— Դրա հը՜մար էս քանի օրը չէր էրևում։
— Շատ դժար հիվանդ ա, քեզ կանչում ա։
Տղեն ասեց.— Հանքս կտրվում ա, ըստիան ինձ տար մի լավ տուն։
Զարգյարն ասեց.— Մեր տանիցը լավ տուն չկա, ա՛րի տանեմ մեր տունը։
Վե կալավ, տարավ իրա տունը։ Զարգյարի կնիկը սկսեց դրան լավ մտիկ տալ։ Եբոր Զարգյարը գալիս էր, տղեն հոգու հետ էր ըլնում, եբոր էթում էր, նստում կնկա հետ անուշ-անուշ զրից էր անում։ Մեկ, էրկու, էդ կնկա կամքն առավ, ասեց.— Ես էկել եմ քեզ տանեմ, կգա՞ս։
Կնիկն ասեց.— Ես ուրախ կըլնեմ՝ էս բանտարկությունից պրծնեմ։
Տղեն ասեց.— Ես կէթամ պառավի տունը, ընտեղան լախում կտամ մինչև ըստեղ, դու էն վախտը կէթաս-կգաս, Զարգյարն էլ կարծիք չի անի։
Իրիկունը որ Զարգյարը տուն էկավ, տղեն վե կացավ նստեց, ասեց.— Զարգյա՛ր, ես ըսօր շատ լավ եմ, էգուց կէթամ իմ տունը։
Զարգյարն ասեց.— Քո՛ւ կամքն ա։
Էգսի օրը տղեն վե կացավ, Զարգյարի հետ գնաց պառավի տունը։
Էգսի օրը կանչեց լախմչի, ասեց.— Կարա՞ս վախտեց վախտ[5] լախում տաս ըստիան ընչանք Զարգյարի օթախները։
Լախում տվողն ասեց.— Ա՛չքիս վրին:
Լախումը տվեց, Զարգյարի կնիկը վե կացավ, էկավ տղի մոտը, կերան խմեցին, քեֆ արին, վե կացավ գնաց։
Մի հինգ օրից եդը տղեն գնաց Զարգյարի մոտն, ասեց.— Ուստա՛, արի էթանք, որ ես նշան պտի դնեմ։ Զարգյարն ասեց.– Շա՛տ լավ բան ես արե, է՛թանք:
Իրար հետ վե կացան, էկան պառավի տունը, Զարգյարը տեհավ, որ իրա կնիկը ըտեղ ա, աչքերին չհավատաց, ինքն իրան ասեց.– Մի՛ էթամ տուն, տենամ։
Տղեն ասեց.– Զարգյա՛ր, գնա տերտերին կանչա։
Ասեց.– Չէ՛, ես էթամ տուն ղիպնեմ, գա՛մ։
– Որ էթում ես տուն՝ ուստակնկանը բե՛ր։
Ասեց.— Լա՛վ։
Վե կացավ գնաց տուն։ Կնիկը ընչանք նրա տուն էթալը լախմով անցավ, գնաց իրա օթախը, նստեց։
Զարգյարն էկավ տուն, տեհավ կնիկը ընտեղ ա, ասեց.— Ա՛յ կնիկ, թագավորի տղեն նշան ա դնում, վե կաց, էթանք։
Կնիկն ասեց.— Ես չեմ գա, էթում ես՝ գնա։ Ես ըսքան վախտ երբ եմ ուրախացե, մարդամեջ մտե, որ հմի նոր ուրախանամ։
Զարգյարը վե կացավ, գնաց։ Գնաց տեհավ էլի էդ կնիկը տղի կշտին նստած ա։ Վե կացավ գնաց տերտերի քամակը, վե կալավ էկավ։ Տերտերն էկավ նշան դրեց։ Կերան, խմեցին, լավ քեֆ արին։ Տերտերը վե կացավ, գնաց իրա տունը, Զարգյարն էլ վե կացավ գնաց իրա տունը։ Գնաց, տեհավ որ կնիկը էլի տանն ա։ Կնկանն ասեց.— Ա՛յ կնիկ, կասես դու ընտե ըլնեիր:
Կնիկն ասեց.— Դու կարծըքավոր[6] մարդ ես,– ընտեղ ըլնեի, սիրտդ կճաքեր։
Մի տասն օրից եդը աղեն վե կացավ, գնաց Զարգյարի դուքանն, ասեց.— Էթա՛նք, պտի պսակվեմ, էթամ. ըսօր հարսանիքս ա։
Զարգյարը վե կացավ, գնացին. գնաց, տեհավ իրա կնիկը ընտեղ նստած ա։ Էլի աչքերին չհավատաց, ասեց.— Էթամ տուն դիպնեմ, գա՛մ։
Տղեն ասեց.– Եբոր տուն ես էթում, ուստակնկանը վե կալ, արի՛։
Գնաց, տեհավ կնիկը տանն ա։
Ասեց.— Ա՛յ կնիկ, թագավորի տղեն պսակվում ա, վե կաց, էթա՛նք։ Ասեց.— Բախտավոր ինձ, ե՞բ եմ տանից դուս էկե, որ ըսօր դուս գամ, էթում ես՝ գնա՛։
Վե կացավ գնաց։ Գնաց, տեհավ կնիկն էլի ընտեղ նստած ա։ Նոր վե կացան, թադարեք քաշեցին, գնացին դպա ժամը։ Գնաց, պսակվեց, եդ դառան էկան տուն։ Էկան, լավ կերան, խմեցին, լավ քեֆ արին։
Լիսը բացվեց, Զարգյարը վե կացավ, գնաց իրանց տուն. գնաց, տեհավ, որ կնիկը անուշ քնած ա։
Ձեն տվեց, ասեց.— Վե՛ր, թագավորի տղեն էթում ա, էթանք ճամփու դնենք։
Ասեց.— Էթում ես, դո՛ւ գնա, ես չեմ գա, ես ըսքան վախտ տանից դուս չեմ էկե, ո՞ւր պտի էթամ։
Զարգյարը վե կացավ, գնաց։ Գնաց, տեհավ որ իրա կնիկն էլի ըտե նստած ա։
Թագավորի տղեն նիլլավ իրա ձին, Զարգյարն ու թազա հարսը նստեցին փայտոն, պառավին «մնաս բարով» արին, գնացին։
Գնացին, քաղաքից դուս եկան, թագավորի տղեն ասեց.— Դե՛, Զարգյար, դու եդ դա՛ռ, շատ շնորհակալ եմ։
Թազա հարսը Զարգյարի հետ «մնաս բարով» արեց, նիլլավ իրա մարդի թարքը, քշեցին, գնացին:
Զարգյարը եդ դառավ, էկավ հասավ իրա տունը, քառասուն դուռը բաց արեց, մտավ կնկա օթախը, տեհավ, որ կնիկը չկա։ Հասկացավ, որ էն իրա կնիկն էր, թագավորի տղեն տարավ։ Վազեց, նիլլավ կտուրը, որ տենա թե տղեն հեռո՞ւ ա, թե մոտիկ ա։ Տեհավ որ շատ հեռու ա, սրտի հերսիցը իրան քցեց կտրիցը՝ մեռավ։
Թագավորի տղեն վե կալավ կնկանը, գնաց դպա Վիշապը։ Շատ գնաց, քիչ գնաց, հասավ Վիշապի տեղը, տեհավ Վիշապը դուս էկավ, ասեց.— Գալըդ բա՛րին, բերի՞ր։
Ասեց.— Բերի՛։
— Ե՞ս եմ սիրուն, թե Զարգյարի կնիկը,— ասեց Վիշապը։
Ասեց.— Դու օձ ես, ո՞րդիան սիրուն ըլնես, Զարգյարի կնիկը մի հուրի-փարի ա։
Վիշապը մտավ նեքսև, իրա օձի շապիքը թողաց, մի աղջկա շորեր հագավ, դուս էկավ, ասեց.— Թագավորի տղա, ե՞ս եմ սիրուն, թե Զարգյարի կնիկը: Թագավորի տղեն որ տեհավ՝ զարմացավ, տասը զաթ Զարգյարի կնկանիցը սիրուն էր։
Ասեց.— Դու տասը զաթ Զարգյարի կնկանիցը սիրուն ես։ Ի՞նչ էր պատճառը, որ դու դառել իր օձ։
Ասեց.— Էդ իմ քիրն ա, եբոր տվեցի Զարգյարին, էդ օյինը հանեց իմ քվոր գլուխը, քառասուն օթախի մեջ դրեց, ո՛նչ լիս էր տենում, ո՛նչ արեգակ, դրա հմար սրտիս հերսիցը ես դառա օձ։ Շնորհակալ եմ քեզանից, դու ազատեցիր նրան, ես էլ ուրախությունիցս դառա աղջիկ. Զարգյարի կնիկն էլ քեզ ղուրբան, ես էլ քեզ ղուրբան։
Ասեց.— Էթամ Զարգյարի տունը, ինչքան ոսկի, արծաթ կա, հավքեմ, բերեմ, էթանք։
Էրկու օրվա մեջ գնաց, ինչ կար չկար, վե կալավ բերեց։ Վե կացան գնացին տղի հոր տունը. հերը դափ ու զուռնով դրանց առաջն էկավ, տարավ տուն, օխտն օր, օխտը քշեր հարսանիք արեց, էդ էրկու աղջկա հետ էլ պսակեց։
Նրանք հասան իրանց մուրազին, ով որ կարոտ ա՝ նա էլ հասնի իրա մուրազին։
Ասսանից իրեք խնձոր ընկավ, մինն՝ ասողին, մինը՝ լսողին. մինն էլ անկաջ դնողին։