Քառասուն տարի
Աղբյուր. ԵԼԺ հ6, էջ 132
ծ. ― էջ 592


1862 թվի գարնանը մի օր «Կռունկի» խմբագիր Մ. Աղաբեգյանի մոտ մտավ իր գրաշարներից մինը— մի 20–22 տարեկան գեղեցկադեմ բարձրահասակ տղա, «Մեղու Հայաստանի» լրագրի № 17 ձեռքին։ Այդ №-ում նա տպել էր իր ոտանավորը, ուզում էր խմբագրի կարծիքն իմանալ։

Խմբագիրն առավ թերթը։


Հարկավոր է օգնել չքավորներին

Անուշիկ գարնան զվարթ օրերում գրավում են պատանու սիրտը ծաղկազարդ վայրեր, միտն են ընկնում էնտեղի եղբայրքը և գնում է…

Բարձրանում է մի բարձր բլուր, նայում է չորս կողմը– ծաղկած դաշտեր, շենք, շինության, առուք, վտակք– ցնծությամբ լցված իջնում է ստորոտ։


«Էսքան բարության վայելողների
Տեսությանն է միայն փափագում»։


Եվ ահա հայտնվում է մի ծերունի, գավազանը ձեռքին, գլխակոր, շորերը մաշված, պատանին դիմում է սրան.

«Հայրի՛կ… ասա ինձ խնդրեմ,
Ինչպես եք այստեղ դուք կառավարվում,


Ունի՞ք կայք, կալված և հանգիստ կենցաղ,
Թե միշտ եք այդպես ստոր վիճակում։
Գլուխը շարժեց ծերունին տխուր.
— Ցավ է ինձ ասել, ասաց նա լալով.
Ահա անցանեն իմ կյանքի օրեր,
Բոլորն էլ սրտիս ցավ ու վիշտ տալով։
Տեսնում ես դու այդ սիրուն դաշտերը,
Որոնք գրավում են շատերի հոգին,
Չկարծես թե դրանց մենք ենք վայելում,
Այլ մեր ոսոխներն ու մեր թշնամին։
Իսկ մենք այս փոքրիկ տեղումը սխմված
Մնացել ենք անշարժ—տխուր վիճակում։
Արհեստ, գիր, լեզու, օրենք ասած բանըդ.
Չգիտենք թե ինչ են նշանակում։
Թե կամիս բոլոր մեր պակասության
Եվ մեր նեղության դառն պատճառներն
Իմանալ, որդյակ, դժվարին է,
Վասն զի լուռ են մեր լեզուներն»։


Լռեց ծերունին, տխրության ամպը աչքերը պատեց։ Այդ «մեծ վիշտ պատճառեց» պատանուն ու գնաց նա դեպի մյուս գյուղերը.

Բոլոր փորձանքներն աչքիս տակն առած,
Ընկա մեծամեծ սարեր ու ձորեր։
Ինչե՜ր եմ տեսնում, ով կարե պատմել,
Հայ կանայք բոկոտն՝ սուր-սուր քարերում
Ման գալիս տեսա, սիրտս, հոգիս թնդաց.
Տեսնում եմ շատ բան, բայց լուռ անցկենում։


Այս թշվառ աշխարհից գալիս է պատանին իր խեղճ բնակարանն ու սկսում մտածել.

Թե ի՞նչ միջոցով կարող են արդյոք
Ազգասեր անձինք այն որբոցն օգնել։


Ոչ դրամ, ոչ նյութ, չէ ինձ հարկավոր,
Միայն թե տեսնեն, քննեն, իմանան,
Թե ինչ է պատճառն, որ նրանք աղքատ,
Կարոտ են մնում արհեստի, ուսման։

Ու կանչում է.

Եկե՛ք իմ եղբարք, որդիք արամյան,
Միմյանց անխտիր կերպով մենք օգնենք,
Թե քաղաքացի և թե շինական
Նոր հոգի առած՝ իրարու գգվենք։



Խմբագիրը հավանեց։— Աշխատիր, ասաց չհուսահատվիս, դու ապագա ունիս. միայն այստեղ չմնաս… Խրատեց ու, ի՞նչ պետք է աներ, կրկին ուղարկեց տպարան։

Այդ ոտանավորի տակ ստորագրած էր՝ Ղազար Ս. Աղայան։

Դուք արդեն իմացաք, թե ով էր 40 տարի առաջվա այն գեղեցկադեմ, աոողջ, բարձրահասակ տղան։ Նա, որ 40 տարի առաջ սկսել էր իր գրական գործն այս երգով՝ «Պետք է օգնել չքավորներին», որոնք

«Արհեստ, գիր, լեզու, օրենք ասած բանըդ
Չգիտեն թե ինչ է նշանակում…»։


Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչեր է տեսել…

Ու այն օրվանից մտել է իր «խեղճ բնակարանը, սկսել է մտածել, թե ինչ միջոցով կարող է օգնել… Ու բոլոր փորձանքներն աչքի տակն առած, ընկել մեծամեծ սարեր ու ձորեր…

«Խավար էր այդ ժամանակ մեր աշխարհը, շատ էր խավար— լուսավոր մարդուն պետք էր լապտերով փնտրել», ասում է նա իր ինքնակենսագրության մեջ։ Ահա այդ լապտերով գտած սակավաթիվ մարդիկ պետք է ամեն բան անեին, ամեն պակասության հասնեին։ Վեպ չկար— վեպ գրեին, ոտանավոր չկար— ոտանավոր հորինեին, դասագիրք չկար– դասագիրք կազմեին, վարժապետ չկար— վարժապետություն անեին…

Ահա այսպիսի մի ժամանակ երևաց Ղ. Աղայանը։ Եվ այդ շրջանում, այս սերունդի մեջ նա բռնում է մի շատ պատվավոր և առանձին տեղ։ Նա նման չի մեր գրողներից ոչ մեկին։ Նա ամեն մի ճյուղի մեջ ցույց է տվել ինքնուրույն ճաշակ ու տաղանդ և երբեք չի եղել երկրորդը։

Նրա «Երկու քույրը» մեր վիպական գրականության մեջ մինչև օրս նշանավոր գրվածք է, ինչպես «Տորք Անգեղը» մեր սակավաթիվ պոեմների շարքում, «Մանի՛ր, մանի՛ր» և նմանները մեր ժողովրդական բանաստեղծության մեջ։ Բայց ո՞վ է մրցել նրա հետ, երբ նա «Անահիտ» և «Արեգնազան» է պատմել կամ «Գյուլնազ տատի հեքիաթը» և զրույց է արել երեխաների հետ կախարդական աշխարհներից։ Ո՞վ է կարող մեր աշխարհքում շոշափել հայոց լեզվի և ուղղագրության խնդիրն առանց առաջ հիշելու Ղ. Աղայանի անունը, և, վերջապես, մեր նոր սերունդից ո՞վ կա ամբողջ ռուսահայքում, որ հայերեն լինի սովորած առանց Աղայանի դասագրքերի… Քառասուն տարի՜… Ասելը հեշտ է։

Հայոց մամուլը երբեք չի զբաղվել նրա գրական գործերով— քառասո՜ւն տարի…