Քառյակներ
ՔԱՌՅԱԿՆԵՐ

Հայրենի՜ կարոտ, դու ծանրանում ես,
Իմ դատարկ հոգում դու խորանում ես,
Ամեն ինչ գնաց, փշրվեց, անցավ,
Բայց դու բարձրանում ու ծովանում ես։


Թերևս մոտ է իմ մայրամուտը,
Թերևս այս է իմ մայրամուտը,
Բայց չէ՞ որ գինու բաժակը կես է,
Ուրեմն վա՜ղ է իմ մայրամուտը։


Ի՜նչ հրաշալի է այս վերջալույսը,
Ծիրանի ծով է այս վերջալույսը,
Արդյոք կլինի՞ այսպես հրաշալի,
Այսպես ծիրանի իմ վերջալույսը։


Դու ինձ սպասիր Եփրատի ափին,
Այնտեղ պարտեզում, մեր այգու ափին,
Ես քե՜զ եմ գալիս, հայրենիքի հող,
Դագաղս թողած աշխարհի ափին։

Մի սրինգ կախվեց արևի կրծքից,
Մի ողկույզ վառվեց հողի ընդերքից,
Արևի, հողի այս երգերի տակ
Իմ սիրտս այրվեց մի լուռ կսկիծից։


Նստիր իմ ծնկին, մանո՜ւկ ոսկեթել,
Նստիր ու շողա, ծաղի՜կ ոսկեթել,
Իմ սրտից արդեն արյուն է կաթում,
Դու բարձր ճչա, արև՜ ոսկեթել։


Վարդերի վրա իջավ իրիկուն,
Իմ աչքի վրա իջավ իրիկուն,
Խաղաղություն է, լո՜ւռ, խավա՜ր ու խո՜ր,
Իմ այգու վրա իջավ իրիկուն…


Արցունքներ թափիր, երբ գարունն անցնի,
Թո՛ղ թախիծդ իջնի, երբ արյունն անցնի,
Երգի՛ր, ի՛մ մանուկ, իմ կապուտաչյա՜,
Քո հոգու խորքից այս հուրը կանցնի։


Երկու աղավնի՝ սպիտակ ու հեզ,
Այգու երկու շող՝ սպիտակ ու հեզ,
Թռչկոտում են հար մեր երկնքի տակ
Երկու թև անծիր՝ սպիտակ ու վես։

Արփուց կախված է մի լուսե ողկույզ,
Իմ ճակտի վրա — մի վսեմ ողկույզ,
Լուսավորում է իմ ճամփան մթին
Մի լուսաճաճանչ, մի արև ողկույզ։


Չքնաղ է այգը, բորբ է կակաչը,
Այտդ վառվել է, ինչպես կակաչը,
Գալիս է մահը, գալիս է վերջը,
Օ՜, առավել ևս վառ է կակաչը։


Հեռավոր մի ծառ է ծաղկել,
Անջրդի, անհույս, բայց վա՜ռ է ծաղկել,
Կայծակի սրից խոցված, վիրավոր,
Բայց փարթամ, շքեղ ու զա՜ռ է ծաղկել։


Այգու ձիերը խոլ վրնջում են,
Սարի զանգերը զիլ ղողանջում են,
Ծովն է ծիրանի, անծայր ու անծիր,
Լճերն հայրենի լո՜ւռ հորանջում են։


Եփրատի ափին մի ծառ է լալիս,
Կարծես իմ սրտի խորքումն է լալիս,
Կարծես մի մայր է ողբում ու կոծում,
Կարծես այդ լացը հենց ե՜ս եմ լալիս։

Կոմիտասին
Ոչի՜նչ չեմ փոխի քո մեկ երգի հետ,
Իմ կյանքն է կապված քո մեկ երգի հետ,
Ամենից չքնաղ, ամենից շքեղ
Արև՜ն է զուգված քո մեկ երգի հետ։


Ուզում եմ ըմպել մի խոշոր բաժակ,
Քո վարդ արյունից՝ մի խոշոր բաժակ,
Քո սրտի ակից, քո առվակներից՝
Արևաշաղախ մի խոշոր բաժակ։


Մութ է այս ճամփան, մութ է մինչև մահ,
Դաժան առեղծված, դաժան՝ մինչև մահ,
Մի խավար կետ կա այս բաժակում ջինջ,
Որ ես բռնած եմ ձեռիս մինչև մահ։


Քառասունամյակի այս մթին շեմքին
Վառվում է մի սեր, հնչում ցնծագին,
Ինչպես հին այգին՝ ծաղկավառ ու վես,
Բայց կասկածո՜ւմ եմ աշխարհի հիմքին։


Վաղ է բռընկել իմ այգին,
Վառ է բռընկել իմ այգին,
Սակայն եթե դու չկաս՝
Զո՜ւր է բռընկել իմ այգին։

Ո՞վ ստեղծեց այս խոտը,
Ո՞վ ներկեց վառ՝ այս խոտը,
Ինչքան լինի աննշան՝
Ես երգո՜ւմ եմ այս խոտը։


Ուրախ, բարձրախինդ— ա՛յս է Թոթովենցը,
Թախծոտ ու մռայլ— ա՛յս է Թոթովենցը,
Ծիծաղը՝ վարար, մռայլությունն՝ անծիր,
Ամեն չափ՝ անչափ— ա՛յս է Թոթովենցը։


1935-1936 թթ.