Չի՛ ստի Քար ջարդողներ

Վրթանես Փափազյան

Գիշերային ժամերգություն

[ 273 ] [ 274 ] ձգելու անգամ չէին մտածիլ, որովհետև տնտեսագետ էին երևում, չէ՞ որ միշտ քարերի վրա էին նստում։

Ոտքերի կոշիկները՝ տրեխներ, պատած էին հաստ կաշու կտորներով, որովհետև քարերին շատ էին շփում ոտքերը։ Նստել էին ոտները պարզած դեպի առաջ․ դնում էին քարի մեծ կտորը, ոտքերով բռնում, իսկ կռանով ջարդում․ ջարդելուց հետո ոտներով հրում և ետ տալիս, ահա նրանց պարբերական ամբողջ գործողությունը։

Կիզիչ արևը այրում էր նրանց մեջքը ետևից․ երևի միշտ էլ այդ դիրքով էին նստում նրանք, որովհետև նրանց լերկ վիզը ետևից հասել էր նեգրային սևության։ Սև էր դեմքերն ու ձեռքերը․ դեմքը թշվառներին հատուկ խոր կնճիռներով լիքը, աչքերն արյունով լցված, քթերի կաշին պոգոճկված, այտերը այրված, ձեռները հողոտ ու կոշտ, ոտների ոլոկներն աղտոտ ու թուխ։

Երբ ես զննում էի այդ բոլորը, իմ մեջ հարց ծագեց, թե արդյոք որքանո՞վ են վճարվում նրանք այն փոքրիկ ջարդված քարից պիրամիդի համար, որոնցից ամեն ոք կարող է տեսնել խճուղիների կողքին։ Հետո էլի մի հարց գոյացավ այդ հարցից, այն է, թե օրական արդյոք քանի՞ պիրամիդ կարող էին ջարդել երկուսը միասին։ Մտաբերեցի, որ մի քանի տարի առաջ էլ այդ հարցը հետաքրքրել էր ինձ, հարցրել էի, գիտեի, աշխատեցի հիշել, բայց մոռացել էի։

Նայում էի անընդհատ։ Նկատեցի իսկույն, որ կտրտվող քարերը լավ կարծր էին. պետք է, որ որձաքար լինեին, բայց կային և գրանիտի կտորներ, որովհետև դեսուդեն էին ցայտում հաճախ կրիստալային կազմվածքներ, որոնց մուրճի 5—6 հարվածներ հազիվ էին կտոր-կտոր անում:

Ո՜ւֆ, ի՞նչ դժվար գործ էր։ Արևի տակ, այդպես անհարմար կերպով նստած և անդադար միևնույն տաղտկացուցիչ գործը։ Ինձ եթե մի պիրամիդի համար 10 ռուբլի իսկ տային՝ չէի անիլ։

Այստեղ հիշեցի, որ բարեկամիս ծառան խմելու սառը ջուր մատակարարելու համար, պահ մ’առաջ երկու վեդրոներ կախ էր արել մի կոր ճկուն փայտից, լցրել էր նրանց ջրով և վերադառնում էր մի վերստ հեռու աղբյուրից։ Հևում էր քրտնաթոր, ծնկները կքվում էին և ես մտածում էի, թե որքան սոսկալի բան կլիներ, եթե ինձ ստիպեին այդ գործը կատարել։ Բարեկամս ասում էր, որ 100 ռուբլի էլ տային, ինքը չէր անիլ այդ։ Կուզենայի, որ նա դուրս գար, և ես նրա ուշադրությունը հրավիրեի քար փշրողների վրա։ Անշուշտ, նա այդպիսիների հարյուր անգամ տեսած կլիներ. տեսած կլինեն շատերը, միշտ էլ տեսնում ենք. բայց ոչ մի ժամանակ առանձնապես կանգնած, գոնե ես, չէի դիտել այդ տեսարանը։ [ 275 ] Հետաքրքիր մի տեսարան էլ չէ, ոչ էլ գեղարվեստական. սարսափելի է միայն. արևը մի ճեղքից քիչ խփելու ժամանակ իսկույն ամեն հնարք գործ դրի, որ վարագույրները գնդասեղով և այլն միացնեմ ու ճառագայթի մուտքն արգելեմ, իսկ ինձնից քիչ հեռու, առավոտյանից ի վեր, 7 ժամ անընդհատ կատարյալ արևի մեջ քար են փշրում երկու խղճալի արարածներ։

Արդյոք ի՞նչ պիտի ստանային ամբողջ օրվա այդ տանջանքի համար։ Խոսում էին. սկսեցի լսել, որ գուցե հարցիս պատասխանը իմանալ հաջողվեր ինձ։

Լսելու համար քիչ ծռվեցի դեպի փողոցը։

Այդ միջոցին էր, որ մի սուր ձայն լսվեց։

— Բուլկի,— աղաղակում էր մեկը, որ մի մեծ սակառ աջ ուսին, կքված նրա ծանրության տակ, ձեռքի փայտը իբր հենարան գործ ածելով, բարձրանում էր փողոցն ի վեր, անցնելով ճիշտ քար փշրողների կողքից։

— Բուլկի՛,— կրկնեց նա ակնարկը մեքենայորեն քար փշրողներին դարձրած։

— Ի՞նչ.— հարցրեց պարսիկներից մեկը և մուրճը ցած դրեց,– բուլկի… դա ի՞նչ բան է։

Հաց ծախողը կանգ առավ նրանց կողքին։

— Հաց է,— ասաց։

— Բաս հացը այդպե՞ս կծախեն։

Մյուս պարսիկն էլ դադարեց, մուրճը գետին դրեց ու դառնալով ընկերին նկատեց անհամբերությամբ.

— Չես հասկանում, Մահմեդ, դա չայի հաց է։

— Ցույց տուր, նայենք,— ասաց Մահմեդը հաց ծախողին:

Վերջինս երևի հոգնել էր և մի փոքրիկ առիթի էր սպասում, որ սակառը ցած դնի։ Ցած էլ դրեց, բայց երեսի ծածկոցը չհանեց։

— Բաց, տեսնենք,— հարեց Մահմեդը պարսկական հատուկ համարձակությամբ,— տեսնենք ինչ տեսակ հաց է։

— Խո չեք առնելու, էլ ինչո՞ւ բանամ։

Մյուս պարսիկը վիրավորվեց։

— Ինչից գիտես, որ չենք առնելու, ա՛յ, հա՛յ:

Հայ էր ծախողը, կռացավ և սակառի ծածկոցը ետ քաշեց.

— Ահա տեսեք,— ասաց,— բուլկի է էլի:

Սակառը լիքն էր բուլկիներով, նոր էին եփված ու մի շատ անուշ հոտ փչեցին պարսիկի քթածակերի մեջ. շատերի երեսի կարմրության վրա մարգարիտների պես փայլփլում էին շաքարավազի հատիկներ: [ 276 ] ― Էս ինչ տեսակ հաց է — մատը դրեց մեկի վրա Մահմեդը,– և ինչ փափուկն էլ է. սա ուտում են։

― Իհարկե,— ծիծաղեց ընկերը։

— Չայի հետ են ուտում,— ավելացրեց ծախողը,— շատ համովն է։

― Մեկ նայիր այստեղ, է, Շիրին,— դրդեց ընկերոջը Մահմեդը և ուզեց ձեռքն առնել մի բուլկի։

— Ձեռք մի տալ, կփշրես,— արգելեց ծախողը։

Պարսիկը ձեռքը ետ քաշեց, հետո ուզեց մուրճը ձեռքը առնել, բայց էլի թողեց և մի տենչալի հայացք ձգելուց հետո սակառի վրա ասաց.

― Փա՛հ, փա՛հ, ինչ լավ հացեր են է՜է՜:

Ծախողը ծանրությամբ սկսեց ծածկել բուլկիների երեսը։

Մահմեդը ցուցամատի վրա բութով մի եղնկաչափ ցույց տալով.

- Մի այսքան կտրի տուր,— ասաց,— տեսնեմ ինչ համ ունի։

Մյուս ընկերը ժպիտը դեմքին լսում էր. չէր էլ ջարդում. երբեմն միայն կռանը տափակեցրած հեռվից մոտ էր քաշում քարի թռչկոտած կտորները։

— Ինչպե՞ս կարելի է,— պատասխանեց ծախողը և սակառն ուսի վրա ձգեց,— չէ՞ որ կփչանա։

— Մի այսքան, էլի ,— պնդեց Մահմեդը,— խո ավելի չեմ ուզում, զաքե եթե լավն է՝ առնեմ։

— Շատ լավն է, չե՞ս տեսնում, որ շաքարով է շինված։

— Շաքարը երեսն է, խո մեջն էլ չէ։

— Մեջն էլ է շաքարով։

— Բույ…— զարմացավ Մահմեդը,— մե՞ջն էլ։

— Իհարկե,— ասաց ծախողը,— յուղով էլ։

― Բույ… իսկ ի՛՛նչն է կարմրեցնողը։

— Յուղն է և ձուն։

— Ձո՞ւ էլ կա մեջը։

— Կաթ էլ։

Մահմեդը ընկերոջը նայեց, նրա աչքերը մեծացան փափագից, քթի ծակերը լայնացան ու վերի շրթունքը բաժանվեց ցածրինից. ախորժակը խիստ գրգռվել էր։

Ծախողը մի քայլ արավ գնալու։ Մահմեդը անձկանոք նրան նայեց և սակառին։ Շիրինը տեսավ այդ, մի վայրկյան կնճռեց ճակատը, հետո դարձավ ծախողին ու ասաց կտրուկ ձայնով.

— Մեկը քանի՞։

— Հինգ կոպեկ,— պատասխանեց ծախողը և կանգ առնելով կիսովին դարձավ։ Կարծեց, որ առնելու էին։ [ 277 ] Բո՛,-բացականչեց Մահմեդը իսկույն. անհետացավ դեմքի անձկալի արտահայտությունը,— այդքան թա՞նկ,— կրկնեց նա, հետո մուրճը ձեռքն առավ և մեղմ ձայնով ավելացրեց։

- Չեմ ուզում, գնա. դեհ, գնա, էլի՜։

Հաց ծախողը նրան նայեց մի քիչ, հետո.

— Գնում եմ էլի,— ասաց,— ինչո՞ւ ես բարկանում:

Հեռանալ սկսեց։

— Երեք կոպեկով չե՞ս տալ,— գոռաց նրա ետևից Շիրինը։

— Ո՛չ, չեմ ուզում, թող գնա,— վրա տվեց Մահմեդը, կատաղությամբ մուրճը քարին խփելով։

— Ո՛չ, պակաս չի լինիլ,— գոռաց հաց ծախողը, որ հեռանում էր:

Նա գնում էր դեպի դիմացի տունը, երևի այնտեղ նստող աստիճանավորին սուրճի համար հաց տալու։

Շիրինն էլ էր տաքացել և բարկությամբ յուր մուրճը քարի կտորներին էր խփում։ Քիչ հետո դարձավ և նայեց Մահմեդին, հետո հաց ծախողի ետևից գոռաց.

— Երկուսին յոթ կոպեկ տամ, բեր։

Այս անգամ Մահմեդը ձայն չհանեց։ Հաց ծախողը հեռացավ և մտավ մեծ տան մեջ։

— Արդյոք ովքե՞ր են ուտում այդ տեսակ հացը,— խոսեց Մահմեդը։

— Ովքե՞ր,— պատասխանեց Շիրինը,— շատ պարզ է, աստիճանավորներ և հարուստներ։

— Մոռացավ կրոնավորները,— մտածեցի ես։

— Իսկ մեզ պես աղքատները,— շարունակեց Շիրինը,— դրա համն էլ առնելու իրավունք չունին։

— Հինգ կոպեկ.— մռմռաց Մահմեդը,— ինչքան էլ փոքր էր, մի բրտուճ կարելի էր անել միայն։

Սկսեցին պահ մի լռությամբ քար ջարդել, որից հետո Մահմեդը նորից խզեց լռությունը.

— Քաղցած չե՞ս,— հարցրեց նա Շիրինին։

— Ուտենք։

Մուրճերը ցած դրին. Շիրինը վերցրեց կարմիր թաշկինակով կապած հացը, բաց արավ, տարածեց քարերի վրա և սկսեցին հաց ուտել:

Միայն ցամաք հաց էր, Մահմեդը ախորժակով էր ուտում և հաճախ նայում էր դեպի աստիճանավորի տունը, ուր մտել էր բուլկի ծախողը: [ 278 ] — Տեսնես ինչ յուղով կլինի շինած,– ասաց նա մեկեն,- կարագո՞վ:

— Գժվե՞լ ես,— պատասխանեք Շիրինը,– կարագ յուղով էլ հա՞ց կթխեն… դմակ յուղով կլինի։

Եվ լռեցին։ Շոգը սաստիկ էր. անցուդարձը դադարել էր. երբեմե միայն ցածի փողոցից երևում էին եզան սայլեր։

— Մեր երկրում այդպես բաներ չեն թխում,— ասաց նորից Մահմեդը։

— Այո՛, բայց ուրիշ ավելի լավ քաղցրեղեններ կան. միտդ չէ՞, թե Նովրուզի օրը ինչեր չեն լցնում խանութներում. փախլավանե՜ր, ինչ լոխումնե՜ր։

— Բայց մենք, գյուղացիներս, խո այդպես բաների համը չենք առնում. դրանք քաղաքացոց համար են։

Շիրինը քիչ լռեց, հետո մեկենիմեկ ասաց.

— Իսկապես, Մահմեդ,— կուզե՞ս մի հատ առնենք։

— Չէ, չէ– շտապեց պատասխանել Մահմեդը,– օրական 45 կոպեկ աշխատանք անենք, գիժ խո չե՞մ, որ 5 կոպեկ փողը մի բրտուճ հացի տամ… բաս պարտքե՞րս ով տա, որդիների՞ս ով կերակրի։

Լռեցին։ Մահմեդի տրամաբանությունը էլ առարկություն վերցնել չէր կարող ըստ երևույթին։

Կերան ինչ որ կար։ Շիրինը թաշկինակն թոթափեց, կոխեց ծոցը: Կռանն առավ ու ասաց.

— Դե՜հ, վերջացնենք, քիչ մնաց։

Հաց ծախողը երևի ուրիշ կողմով էր դուրս գնացել աստիճանավորի տնից և կամ թե հենց նրա տակի մառանումն էր բնակվում։ Երեկ ես նկատել էի, որ այդ մառանում կանայք և մանուկներ կային։

— Երևի լավ առևտուր ունի… հը՞, Շիրին,— հարցրեց դարձյալ Մահմեդը։

— Իհարկե, հատը 5 կոպեկով, որ օրական 20 հատ ծախե, այդ քեզ մի ռուբլի, քի՞չ փող է։

— Լավ աշխատանք է, աստված վկա… մեր մի երկու օրվա աշխատանքը։

Այդ միջոցին բարեկամիս ծառան դուրս եկավ պատշգամբ և ասաց ինձ.

— Աղա, խորովածը պատրաստվեց, համեցեք։

— Երանի այդ հարուստներին,— ասում էր ցածում Մահմեդը,– այդպես լավ հացեր են ուտում միշտ…

— Ու այսպես էլ արևի տակ չեն այրվում…— ավելացրեց դառնությամբ Շիրինը և սրբեց ճակատի ծորող քրտինքը։