Քեզմե հեռու

Քեզմե հեռու՝
Անդունդներու՜
Կը մտածեմ շատ անգամ.
Իսկ երբ կուգամ
Քու հոգիիդ երդին տակ՝
Այնպե՜ս հըստակ,
Կ'ըլլա հանկարծ ամեն բան...
Նույնիսկ ճամբա՜ն
Որ զիս մահվան
Պիտի տանի՝
Հանկարծ ճերմակ կը հագնի...

Քեզմե հեռու՝
Սարսափն անծայր գիշերներու
Այնպե՛ս ուժգին
Կը փաթթվի իմ հոգիին՝
Որ բյուր անգամ
Ծունկի ալ գամ
Չե՜ն ունենար աչքերս արցունք,
ՈՒ հոգիս՝ խունկ...

Աղոթքս ի՜նչ բուռն է ու դյուրին,
Երբ որ լըռին
Ծունկի կուգամ՝
Ա՛լ ուժաքամ,
Քու հոգիիդ երդին տակ՝
Եվ ի՜նչ հըստակ
Կ'ըլլա նորեն ամեն բան...
Նույնիսկ ճամբա՜ն
Որ զիս մահվան
Պիտի տանի
Կ'ըլլա այնպե՜ս ընտանի...