Քեզ մոտեցա սեր հուսալով

* * *


Քեզ մոտեցա սեր հուսալով,
Պայծառ դիմքիդ նայեցի,
Ես — խավարած վշտի ամպով,
Դու — արշալույս նազելի:

Ես ասացի. «Ինձ քույր եղիր,
Եղի՛ր ընկեր ցավակից,
Սերըս, երգըս դու ընդունի՛ր
Նվեր տանջված մի սրտից»։

Բայց դու, զավակ փարթամության,
Չհասկացար երգս աղքատ.
Դու — նույն անհոգ թռչնակ գարնան,
Ես նույն երգիչն հուսահատ...

1887