Քյորօղլին՝ ջաղացպան
Մեկ անգամ Քյորօղլու ծառաներից մեկը՝ Քաչալ-Համզան, փախել էր։ Քյորօղլին հեծավ իր հռչակավոր Ղռաթը և ընկավ Համզայի հետևից, որ բռնե նրան և պատժե։
Համզան դեռ շատ չէր հեռացել։ Նա ետ մտիկ տվավ ու տեսավ, որ հեռվից փոշի է բարձրանում, իսկույն գլխի ընկավ, որ Ղռաթի բարձրացրած փոշին է այն, ուր որ է՝ Քյորօղլին պիտի հասնե և բռնե նրան։ Հնար չկար փախչելու։ Նրա բախտից՝ նույն տեղը մի ջաղաց կար, վազեց մտավ ջաղացը, երես-մերեսը ալրաթաթախ արավ, շորերն էլ նույնպես, և այսպես կերպարանափոխված՝ դուրս եկավ կանգնեց ջաղացի դռանը։
Քյորօղլին ձին քշած եկավ և, Համզային պատահելով՝ հարցրեց, թե՝ այս նշանով մարդ չանցա՞վ արդյոք։
— Ինչպես չէ,— պատասխանեց Համզան,— քո ասած նշաններով մի մարդ մտավ այս րոպեիս իմ ջաղացը։
— Ուրեմն, բռնի՛ր ձիս,— ասաց Քյորօղլին և իջավ ձիուց։
Ձին թողեց Համզայի ձեռքին, իսկ ինքը մտավ ջաղացը, տեսավ, որ այնտեղ ոչ ոք չկա, դուրս եկավ, որ բարկանա ջաղացպանի վրա, բայց կեղծ ջաղացպանը արդեն Ղռաթի վրա էր։
— Անպիտա՜ն, ինձ խաբեցիր՝ բավական չէ՞, համարձակեցար հեծնել նաև իմ Ղռաթի՞ս,— ասաց Քյորօղլին բարկությամբ։
— Շատ մի՛ խոսիր,— պատասխանեց Համզան,— այժմ Քյորօղլին ե՛ս եմ, իսկ դու գնա՛ ջաղացպանություն արա. նայիր միայն, որ լա՛վ աղաս, կորկոտ չանես։— Այս ասելով՝ Ղռաթի գլուխը շրջեց ստահակ ծառան, և՝ այսօր ես անհայտացել, թե էգուց…
Քյորօղլին նոր գլխի ընկավ, որ փախչողը Համզան էր, բայց էլ ի՞նչ կարող էր անել։ Նա, քա՜հ-քա՜հ ծիծաղելով իր միամտության վրա, գլուխը թափ տվավ և մտավ ջաղացը։
Քյորօղլին սովորություն չուներ հուսահատվելու, այս տեսակ դեպքերը նրա միշտ ուրախ ու զվարթ տրամադրությունը չէին խանգարում։ Նա տեսավ, որ ամբարը լիքն է ցորենով, բայց ջաղացպանն ուրիշ տեղ է գնացել, ջուրը կապեց նավի մեջ, բա՛ն ձգեց աղորիքը։ Երբ որ չախչախն սկսեց իր ներդաշնակ չխչըխկոցը՝ Քյորօղլին նրան սազի տեղ համարեց և սկսեց երգել հետևյալ երգը.
|
Քյորօղլու ձայնը շատ ահեղ էր. այս երգը երգելուց հետո բարձրացավ ջաղացի տանիքի վրա և այնպես որոտաց, որ նրա ձայնը, սար ու ձոր դմբացնելով, հասավ մինչև Չամլիբել, ուր գտնվում էր Քյորօղլու անմատչելի բերդը։ Քյորօղլու կինը՝ Նիգյար խանումը, որ շատ սուր լսողություն ուներ, ամենից շուտ իմացավ, որ իր ամուսինը մի անակնկալ փորձանքի է հանդիպել։ Իսկույն իմաց տվավ քաջերին, որոնք մի ակնթարթում դուրս թափվեցին բերդից և հասան իրանց խմբապետին։ Դրանց մեջ նշանավոր էին Դամյուրջօղլին, Իսաբ-Ալին և Գզիր-օղլի Մուստաֆա-բեգը։ Երբ որ գնացին տեսան Քյորօղլուն ջաղացպանություն անելիս, Ղռաթը խլել տված՝ շատ ծիծաղեցին, և Դամյուրջօղլին մի երգով շնորհավորեց Քյորօղլու նոր արհեստը և նոր առուտուրը (որովհետև Համզան, Ղռաթը փախցնելով, նրա փոխարեն իր ջորին թողել էր նրա մոտ)։
Թող երգե Դամյուրջօղլին, տեսնենք՝ ի՛նչ է երգում և ի՛նչ ձևով.
|
Դամյուրջօղլին այսպես երկար կշարունակեր, բայց Քյորօղլին նրան միջահատում է, ասելով՝ կատակի ժամանակ չէ. և ի՛նքն է սկսում երգել այլ եղանակով և ահեղ ձայնով․
|
Ինչ ասել կուզի, որ Քյորօղլու հրամանը շուտափույթ կատարվեց։ Քյորօղլուն պատահած այս արկածը պատմվում է և ուրիշ ձևով[4]։
- ↑ Դան - հացահատիկ
- ↑ Քյորօղլու իսկական անունը Ռուշան է։
- ↑ Շահադ է ասվում աղալու համար տված վարձը, որ մի հայտնի չափով տրվում է աղացվող հատիկներից։
- ↑ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ. Քյորօղլու բոլոր երգերը երեք եղանակ ունեին միայն։ Այստեղ բերած երեք երգերից ամեն մեկը ջոկ եղանակ ունի, և այդ երևում է երգերի ձևից և տողերի չափից։ Երգելիս առաջին տան կազմությունը պետք է տալ և մյուս տներին։