Քնքուշ լարեր/Երկու սեր
[ 48 ] Եվ այսպես Հարունյան ընտանիքի և իշխանուհի Մելիքյանի մեջ հաստատվեցավ այն բարեկամական կապերից մեկը, որ օր-օրի վրա ավելի ու ավելի ամրապնդվում է։ Նրանց միմյանց մոտ գնալ-գալը, նստել-խոսակցելը կարծես թե մի պահանջ էր դարձել, որին ոչ մի բանով չէին կարող հակառակ գնալ։ Օր չէր անցնիլ, որ նրանք միմյանց փոխադարձապես չայցելեին։ Բայց զարմանալին այն էր, որ իշխանուհին Թիֆլիսում բոլորովին խաղաղ կյանք էր վարում. նրա Պետերբուրգում վարած կյանքի նշույլն անգամ չէր երևում ոչ յուր տանն և ոչ դուրսը։ Բայց ի՞նչ էր պատճառը։ Եթե ասենք, որ Վրաստանի երբեմնի մայրաքաղաքը չէր կարող նրան այն բավականությունը տալ, ինչ որ Պետերբուրգը— այդ, կարծեմ, եթե չասենք բոլորովին, բայց փոքր֊ինչ անարդարացի կլիներ, որովհետև վերջին ժամանակներս Թիֆլիսում ավելացող զանազան զվարճատեղիները քիչ թե շատ կարողանում են մրցել մայրաքաղաքների նույնանման հիմնարկությունների հետ։ Չէ՞ որ եվրոպական քաղաքակրթությունն յուր պայծառ շողերը հետզհետե և ավելի ու ավելի հեռուն է սփռում։ Կամ եթե ասենք, որ Թիֆլիսում նա չուներ այն «բարեկամներն», ինչ [ 49 ] որ Պետերբուրգում— այդ կողմից ևս մենք սխալված կլինեինք, որովհետև այդպիսի դեպքում մենք շատ քիչ ծանոթ կլինեինք հրաշագեղ իշխանուհի Սոֆիա Մելիքյանի հետ։ Բավական էր, որ նա կամենար, և այդպիսի «բարեկամներ» չէին հապաղիլ հավաքվելու նրա շուրջը, ինչպես մեղրի շուրջը ճանճերը. փառք աստծո, Թիֆլիսն էլ խո այնքա՛ն հարուստ է այդպիսիներով։ Ոչ այս և ոչ այն, այլ իշխանուհի Մելիքյանը կամենում էր, ասենք նրա խոսքով, «հանգստանալ»։
— Ես բոլորովին ձանձրացել եմ այդպիսի կյանքից,— ասում էր նա տիկին Հարունյանին։— Ամուսինդ շատ ճիշտ է ասում, որ խաղաղ և հանգիստ կյանքն ավելի քաղցր է. այդ պատճառով ես, բացի ձեզանից, ուրիշ բարեկամներ չեմ ուզում ունենալ։ Նրանք այժմ ինձ բոլորովին անտանելի են թվում...
Սակայն, բացի Հարունյաններից, նրա մշտական այցելուն էր և Պետրովը։ Արմենակի պատմությունից մենք արդեն գիտենք, թե ո՛վ էր նա, ի՛նչ էր զգում դեպի իշխանուհին և ինչո՛ւ էր եկել Թիֆլիս. գիտենք նույնպե՛ս, թե իշխանուհին ի՛նչպես էր նայում նրա վրա։ Թեպետ վաղուց նա ձանձրացել էր այդ լիրբ աստիճանավորից, բայց երբեմն էլ նա զվարճանում էր դրա անօգուտ, հիմար սիրո վրա և ուղղակի ծաղրում էր նրան։
— Դուք մինչև ե՞րբ պետք է հետևեք ինձ, պարոն Պետրով,— հարցնում էր նա նրան, ծիծաղելով։
— Մինչև որ ձեր թանկագին սիրտն ինձ կնվիրեք,— պատասխանում էր Պետրովը։
— Ուրեմն սպասեցեք, հա՜, հա՜, հա՜․․․ Հիրավի, ի՜նչ երջանիկ օր կլինի այն, երբ իմ թանկագին սիրտն արդեն ձեզ նվիրած կլինեմ, հա՜, հա՜, հա՜․․․ դուք հիմար եք, պարոն Պետրով։
— Դուք ինձ հիմար համարեցեք, բայց ես չեմ հուսահատվիլ։ Այդ էլ ինձ համար մի երջանկություն է, որ ես ձեր թանկագին բերանից եմ կնքվում մի այդպիսի ածականով։
Իրավ որ այդպիսի խոսակցությունը մեծ զվարճություն էր պատճառում իշխանուհի Մելիքյանին։ [ 50 ]
Բայց ի՞նչ ասենք այն զգացմունքի մասին, որ հետզհետե արմատ էր բռնում նրա և պարոն Հարունյանի սրտերի մեջ. ի՞նչ ասենք այն կապի մասին, որով իշխանուհին իրեն կապված էր տեսնում պարոն Հարունյանի հետ, և սա նրա հետ... Եվ այդ զգացմունքն, այդ կապն, իհարկե, ինչպես ընթերցողն հասկացել է— սեր էր, սերը— այդ անվերջ երգը, այդ անիմանալի, անկախ ուժը երկու սրտի մթության, նրանց բազմախորհուրդ կապակցության... Այդ սերն յուր հիմքը գցել էր նրանց սրտի մեջ հենց այն վայրկյանից, երբ առաջին անգամ նրանք տեսան միմյանց։ Իշխանուհուն դուր եկավ Հարունյանի հաղթանդամ, քաջազնական տեսքն, իսկ վերջինիս առավելապես գրավեցին նրա գեղաժպիտ, կրակոտ աչքերը, որոնց բոլոր ուժը հենց առաջին հայացքից նա փորձեց յուր վրա...
Հարունյանը, իհարկե, այդ շատ պարզ զգում էր, բայց և նա այնքան թուլամորթ, անհեռատես և կրքից շուտ բորբոքվող չէր, որ առանց մտածելու անձնատուր լիներ այդ զգացմունքին, որի բոլոր սոսկալի հետևանքներն իսկույն ևեթ պատկերանում էին նրա առաջ։ Այո՛, նա շատ լավ հասկանում էր, որ այդ սերն ապօրինի էր, հետևաբար աններելի և շատ չարիքներ առաջացնող։ Նա շատ լավ հասկանում էր, որ դրա պատճառած ամեն մի քաղցրությունը նոր և հետզհետե ավելի սոսկալի դառնության կեղև պիտի լիներ յուր համար։ Չէ՞ որ ինքն ամուսին էր. ուներ կին, ուներ զավակ, որոնց միայն ևեթ նա պարտական էր և պետք է սիրեր, բացի դրանից ուրիշ ո՛չ ոքի, թեկուզ դա լիներ հրեշտակ՝ երկնքից իջած։ Առավել ևս, որ այդ պարտականությունն ինքն յուր կամքով էր վերցրել յուր վրա, ուրեմն ի՛նչ ուզում է լիներ, բայց նա յուր այդ հոժարակամ պարտականությանը պետք է իրագործում տար։— Եվ այդ պատճառով նա ամեն կերպ աշխատում էր խզել յուր մեջ ապօրինի սիրո կապը, սառեցնել յուր մեջ այն հետզհետե բորբոքվող զգացմունքը, որ նա տածում էր դեպի իշխանուհի-գեղեցկուհին։ Բայց թե ո՛րքան այդ նրան հաջողվում էր— նա ինքն էլ պարզ չգիտեր, որովհետև լինում էր ժամանակ— և շատ հաճախ— երբ նա զգում էր, որ իշխանուհու ամեն մի ժպտող, թափանցող հայացքի տակ յուր ուժերը թուլանում [ 51 ] Էին, չնայելով յուր բոլոր ջանքին՝ սառնասրտությամբ տանելու նրա բոլոր փորձող հայացքներն— և նա ակամայից անձնատուր էր լինում նրա դյութություններին...
«Ո՛չ, ո՛չ, այս չպե՛տք է լինի,— կանչեց նա վերջապես մի անգամ յուր դրության վրա լավ խորհելուց հետո։— Հիմար եմ, ի՞նչ է... Եվ ես չեմ կարողանում վերջապես դուրս կորզել սրտիցս այս կեղեքիչ, անպիտան զգացմունքը։ Եթե միշտ այսպես պիտի շարունակվի, ուրեմն ես ամենաողորմելին եմ, ուրեմն իմ մեջ չկա կամքի ուժ, ուրեմն ես մարդ չեմ... Եվ ի՞նչպես պիտի տանեմ ես իմ սեփական նախատինքը... Օ՜, ո՜չ, ես անձնատուր չեմ լինի այս զգացմունքին, թեկուզ հարկավորվի դրա համար կյանքս ետ դնել...»։
Եվ Հարունյանը վերջնականապես և անձնավստահորեն վճռեց յուր մեջ այդ բանը։ Նա պետք է հաստատակամությամբ և անդադար պատերազմի յուր մեջ գործող զգացմունքի դեմ, մինչև որ վերջապես այդ ներքին սոսկալի պատերազմը կպսակվի ամենաքաղցր հաղթությամբ։ Նա հույս ուներ, իհարկե, որ այդ բանը նրան անպատճառ կհաջողվի, եթե միայն անձնատուր չլինի յուր ներքին ամենաուժեղ թշնամուն— ցանկությանը, որին հաղթելու համար, իբրև միակ զենք այդպիսի դեպքում, նա ընտրել էր յուր հաստատակամությունը։
Եվ Հարունյանը սկսեց յուր բարոյական պատերազմը։
Նա սկսեց նրանից, որ ամեն կերպ աշխատում էր խույս տալ իշխանուհի Մելիքյանից։— Երբ իշխանուհին գալիս էր նրանց տուն, նա, սուտ գործեր պատճառ բերելով, իսկույն դուրս էր գնում տանից, որպեսզի այդ գեղեցկուհու աչքերը չթուլացնեն նրա ուժերը։ Երբ կինը խնդրում էր նրան իշխանուհուն այցելության գնալու, նա նույն գործերի պատրվակով չէր գնում, այնպես որ կինը ստիպված էր լինում կամ մենակ գնալու, կամ բոլորովին չգնալու։
— Զարմանալի է,— նկատեց նրան մի անգամ կինը կասկածանքով,— քո գործերն այն ժամանակ են հայտնվում, երբ կամ նա է մեզ այցելում, կամ ես եմ խնդրում քեզ նրան այցելության գնալու։
— Հավատացիր, սիրելիս, որ չեմ կարող գալ, անհետաձգելի գործեր ունիմ,— պատասխանեց ամուսինը, անհրաժեշտ [ 52 ] համարելով ստախոսել այդ դեպքում։— Այսօր դու գնա մենակ նրան այցելության, անշուշտ մյուս անգամ ես ժամանակ կունենամ քեզ ընկերակցելու․․․
Իսկ երբ մյուս անգամ էլ կինը նկատեց նրան այդ միևնույն բանն և դարձյալ միևնույն պատասխանն ստացավ, նա ասաց ուսերը վեր քաշելով․
— Ես բոլորովին զարմանում եմ, թե ի՞նչ է նշանակում այդ, Ստեփաննոս․․․ դու ինձ հետ լայեղ չե՞ս անում, ինչ է, նրան այցելելու․․․
Ամուսինն այնպես նայեց կնոջը, որ նա ստրջացավ յուր ասածից։
— Կամ նրան արհամարհո՞ւմ ես, ատո՞ւմ ես,— շտապով ավելացրեց։
— Արհամարհո՞ւմ եմ, ատո՞ւմ եմ․․․— բացականչեց ամուսինն այս անգամ ծիծաղելով, բայց մտքումը ցավելով կնոջ միամտության վրա։— Ի՞նչն է ստիպում ինձ նրան արհամարհելու, ատելու, սիրելիս, որ դու այդպես ես խոսում։
— Հապա ինչո՞ւ դու երբեք չես կամենում նրան այցելության գնալու․ նա ախար նեղանում է․․․ մինչև անգամ այդ ամոթ է, հավատացիր, ի՞նչ կմտածե նա քեզ վրա․․․
— Հոգիս, ի՞նչպես դու ինձ չես հասկանում, որ անհետաձգելի գործեր ունեմ․․․
— Եթե ինձ սիրում ես, Ստեփաննոս, այս մի անգամը թո՛ղ գործդ, և գնանք իշխանուհու մոտ։
— Դու դարձյալ քոնն ես պնդում, Նունե։ Ախար ի՞նչ օգուտ իմ այնտեղ գալուց․․․ իսկ գործերիցս ետ ընկնելով ես վնաս կկրեմ, մեծ վնաս...— ասաց այլաբանորեն ամուսինը մի առանձին զգացողությամբ նայելով կնոջ աչքերի մեջ, կարծես թե կամենալով հասկացնել, թե որքան վտանգավոր է նրա այդ թախանձանքը։
Կինն ստիպված էր լռել։ Դեպի իշխանուհին ունեցած ամուսնու արտասովոր վարմունքի մասին նա սկսեց կասկածել․ բայց թե ի՞նչ— այդ ինքն էլ չգիտեր։ Յուր այդ անորոշ կասկածանքին մի որոշ պատկեր տալու նա ոչ մի կերպ չկարողացավ։ Սակայն պարոն Հարունյանը չէր կարող միշտ խույս տալ իշխանուհուց, որքան էլ այդ կամենար։ Կնոջ և [ 53 ] իշխանուհու կասկածը փարատելու համար նա երբեմն այցելում էր այս վերջինիս կամ նրա իրենց տուն եղած ժամանակ մնում էր տանը և աշխատում էր իրեն ոչ մի բանով 9մատնել։
Բայց իշխանուհի Մելիքյանի սրատես և փորձված աչքերից ոչինչ չէր կարող խուսափել։ Նա այնպիսի կիներից էր, որոնք ամենաչնչին բանի վրա անգամ մատների միջից են նայում։ Նա ամեն բան հասկանում էր այնպես, ինչպես հասկանում, թե այդ ժամանակ ի՛նչ էր կատարվում յուր մեջ։ Նրա կատաղությունը սաստիկ գալիս էր, որ այդ մարդը, որին ինքը սիրում էր, կարողանում է դեպի նա այնպես սառնասրտությամբ վերաբերվել և ավելի ևս, որ այդ մարդը նույնպես սիրում էր նրան։ Նա ինքն էլ չէր հասկանում, թե ի՛նչ սոսկալի բան էր կատարվում յուր մեջ, երբ մտածում էր, որ այդ մարդը կարողանում էր դեմ կենալ մի այնպիսի զգացմունքին, որպիսին էր սերը, այնինչ ինքը — կինը՝ սիրո գլխավոր առարկան, որն ամեն տեղ, ամեն հանգամանքներում և ամեն ժամանակ միշտ հաղթող է հանդիսացել՝ անձնատուր է եղել այդ սիրույն, նրա ստրուկն է դարձել, որ ամենասոսկալի կերպով այրում, կրծում է նրա սիրտը։ Նա երազել անգամ չէր կարող, որ կինն այս աստիճան կարող է ընկնել, որ դուրս գա մի տղամարդ, կարողանա նրան հաղթել, նրա վրա իշխել. ընկնե՜լ... և այն էլ մի այնպիսի գեղեցկուհին, որպիսին է ինքը, ինքը, որի առաջ հարյուրավոր այդպիսի մարդիկ, որպես սուրբի առաջ, ծունկ են խոնարհել, որի ամեն մի հայացքից հարյուրավոր այդպիսի մարդիկ նոր կյանք են ստացել, որի մի խոսքից միայն կախված է եղել հարյուրավոր այդպիսի մարդկանց մահու և կենաց խնդիրը... իսկ ա՞յժմ։— Այժմ այդ միևնույն գեղեցկուհին պատրաստ է մի տղամաադի առաջ չոքելու, նրա յուրաքանչյուր հայացքից նոր կյանք ստանալու, նրա յուրաքանչյուր խոսքից միայն մահու և կենաց խնդիրը լուծելու... Ինչո՞ւ հանկարծ այդպես Ոլիմպոսի բարձրությունից ցա՜ծ ընկնել մինչև ամենահասարակ մահկանացուների շարքը․․․ Օ՛, ոչինչ է ուրեմն աշխարհի ստեղծմանից մինչև այժմ գտնված բոլոր բանաստեղծների գոված, փառաբանած սերը, գեղեցկությունն, երբ այժմ մի պարոն Հարունյան [ 54 ] ամենահանդուգն կերպով ծաղրում է դրանց․․․ Ոչի՞նչ է, ոչի՞նչ գեղեցկությունը— Աստղիկը, որի առաջ մինչև անգամ գոռոզ աշխարհակալներ խոնարհել են իրենց սրերը...
Նա չէր իմանում, թե ի՛նչ աներ։ Որքան շատ էր մտածում այդ մասին, այնքան ավելի ու ավելի նրա կատաղությունը բորբոքվում էր։ Պարոն Հարունյանի արտասովոր վարմունքը դիպչում էր նրա «կնային գերիշխանության» ամենաքնքուշ լարերին... Սակայն ի՞նչ կարող էր նա անել, խո չէ՞ր կարող քայլ առ քայլ հետամտել նրան և զոռով ստիպել նրան յուր առաջ չոքելու և համբուրելու յուր ձեռքերը... Ո՛չ, ո՛չ, հազա՛ր ամոթ, այլևս ինչո՞ւ է նա գեղեցկուհի կոչվում, երբ այդ բոլորը ստիպմամբ պետք է լինի, չէ՞ որ դրանով առավել ևս ստորանում է կինը, գեղեցկությունը, վերջապես ինքը անձնասեր, գոռոզ իշխանուհի Մելիքյանը, որի մեջ մարմնացած են այդ անհաղթելի ուժերը...
Բայց գուցե այդ մարդը չէ սիրում նրան, և նա այդպես միայն կարծում է, նրան այդպես միայն թվում է... Բայց եթե նա իսկապես նրան չէ սիրում և ոչինչ երկյուղ չունե նրանից, էլ ինչո՞ւ նրանից միշտ խույս է տալիս... Ո՛չ, անկարելի է այդ բանի մեջ սխալվել, նրա աչքերը նոր չպետք է սովորեն այդ արհեստը..․ Նա համոզված է, հաստատ համոզված է, որ այդ մարդն իսկապես սիրում է իրեն, բայց որ նա այդպես համառ կերպով կռվում է այդ սիրո դեմ— դրանով կամենում է ցույց տալ յուր ամուսնական հավատարմությունը... (նա արդեն ծանոթ էր պարոն Հարունյանի բնավորության հետ)։ Վերջին բանի մասին մտածելիս իշխանուհու դեմքի վրայով մի հեգնական ժպիտ էր վազում։
Այժմ նրա կատաղությունը դարձավ և տիկին Հարունյանի վրա։ Առանց երկար մտածելու, նա ամեն բանի մեջ մեղավորը նրան էր գտնում. չէ՞ որ ամուսնուն նա էր խանգարում․ մինչև անգամ իշխանուհին կարծում էր, որ ամուսնուն նա էր արգելում իրեն այցելելու։ Եվ նա սկսեց ատել յուր նախկին ամենասիրելի ընկերուհուն։ Իսկ վերջինս, բոլորովին ոչինչ չկասկածելով այդ բանի մասին, շարունակում [ 55 ] էր նրան առաջվա նման անկեղծորեն սիրել և միշտ այցելել նրան։ Սակայն նա չէր կարող մի քանի անգամ չնկատել իշխանուհի-ընկերուհու սառը վարմունքը, որը վերջինս հազիվ էր կարողանում զսպել. բայց նա ի՞նչ կարող էր կարծել, թե այդ ի՛նչ բանի համար է:
Իշխանուհի Մելիքյանի ատելությունը դեպի տիկին Հարունյանը մինչև այն աստիճան հասավ, որ նա մի քանի անգամ, նրա այցելության ժամանակ, աղախնին հրամայեց նրան հայտնելու, որ ինքը տանը չէ, կամ հիվանդ է, կարող չէ ընդունել։ Իհարկե, այդ հանկարծակի փոփոխությունը չէր կարող աննկատելի մնալ տիկին Հարունյանից, որին ոչինչ չէր մնում անել, եթե ոչ միայն զարմանալ, ապշել։
Այնուհետև նրանց այցելությունները բոլորովին նվազեցան։ Ամբողջ շաբաթներ էին անցնում, և նրանք հազիվ թե երկու, երեք անգամ տեսնվում էին միմյանց հետ և այն էլ կարճ ժամանակով, այնպես որ տիկին Հարունյանը ժամանակ չէր ունենում հարցնելու իշխանուհուն նրա այդ հանկարծակի փոփոխության պատճառը և, բացի դրանից, նա մի այնպիսի բնավորություն ուներ, որ չէր կարողանում մի անգամից վճռել այդ բանը. նա շատ քաշվում էր, երբ տեսնում էր իշխանուհու կիտած հոնքերը և սառը ընդունելությանը։ Բայց նա այնքան սիրում էր յուր նախկին ընկերուհուն և դրա այդ անսպասելի փոփոխությունն այնպես ազդել էր նրա սիրող սրտի վրա, որ երկար չկարողացավ համբերել և մի անգամ հարցրեց նրանից պատճառը։ Իշխանուհի-ընկերուհին բավականացավ միայն պատասխանելով, որ վերջին ժամանակները մի տեսակ գլխի ցավ է ստացել, այնպես որ ոչ ոքի հետ խոսել անգամ չէ կարողանում և ստիպված է միշտ տանը փակված մնալ, իսկ բժիշկները չեն կարողանում օգնել։ Տիկին Հարունյանը հավատաց և սաստիկ տխրեց։ Որ իշխանուհին չէր այցելում Հարունյաններին, նա, իհարկե, դրանով կամենում էր միայն յուր ջիգրը հանել պարոն Հարունյանից. բայց նա տեսնում էր, որ այդ իրեն արժան չէր նստում, որովհետև յուր դեպի պարոն Հարունյանն ունեցած սերը հետզհետե բորբոքվում էր և նրան հանգստություն չէր տալիս։ Իսկ պարոն Հարունյանն անլսելի համառությամբ կռվում էր յուր մեջ գործող զգացմունքի [ 56 ] դեմ և նրան թվում էր, որ այդ զգացմունքը հետզհետե ընկճվում է յուր ուժերի ներքո։ Կնոջ հետ նա վարվում էր նույնպես, ինչպես և առաջ. նա ամեն անգամ գուրգուրում էր նրան, համբուրում էր, կատակներ էր անում նրա հետ, այնպես որ կինը կասկածել չէր կարող, որ նրա սրտի մեջ գոյություն ուներ մի ուրիշ սեր, որ ամեն կերպ աշխատում էր նրան դեպի մի ուրիշը քաշել, բայց որի դեմ նա հաղթությամբ պատերազմում էր...
Իսկ Արմենա՞կը։ Արմենակը գրեթե ողջ օրը փակված յուր սենյակում՝ զբաղված էր յուր օրինագրքերով և շատ քիչ ուշադրություն էր դարձնում, թե ինչ է կատարվում յուր շուրջը։