Քնքուշ լարեր/Իշխանուհին ուրիշ աշխարհում

Քնքուշ լարեր (Իշխանուհին ուրիշ աշխարհում)

Իշխանուհին մնաց մենակ։ Հանդարտ քայլերով, կարծես ուժասպառ, նա մոտեցավ լուսամուտին և մնաց այտեղ արձանացած։ Այդ րոպեին հեռանում էր Հարունյանը։ Նա ծռվեց մի ուրիշ փողոց և անհետացավ։ Բայց իշխանուհին դեռ երկար, շատ երկար ժամանակ անշարժ մնաց լուսամուտի մոտ, և նրա անթարթ աչքերը սևեռած մնացին այն տեղին, որտեղ ծածկվեց Հարունյանը։ Սիրո անսպասելի ելքը շատ խիստ ազդեցություն էր ունեցել նրա վրա։ Նա ոչինչ որոշակի չէր կարողանում մտածել. միտքը, կարծես, խճճվել, կաշկանդվել էր։ Միայն սրտի վրա նա զգում էր ինչ֊որ քաղցր, թեթև բան և մի տեսակ ծանր, վհատեցուցիչ դառնություն. այդ երկու հակառակ զգացմունքները պարբերաբար անընդհատ գործում էին նրա մեջ։ Նա աչքերը հեռացրեց այն տեղից, որտեղ ծածկվեց Հարունյանը, ուսի վրայից կամաց նայեց սենյակի մեջ, հետո յուր հայացքը դարձրեց դարձյալ դեպի դուրսը, նայեց երկնքին, նայեց և տան առաջ գտնված պարտեզին։ Արևը մայր էր մտնում։ Վերջալույսը ներքևում ամեն ինչ ներկել էր շառագունով։ Դալարագեղ պարտեզը ժպտում էր։ Յուր մեջ գործող երկու հակառակ զգացմունքների ազդեցության տակ իշխանուհուն մերթ թվում էր, թե յուր ողջ կյանքի մեջ դեռ մի այդպիսի սքանչելի երեկո, սքանչելի եղանակ չէ տեսել, և մերթ թվում էր, թե այդ սքանչելի երեկոն, այդ սքանչելի եղանակն և յուր շուրջն ամեն ինչ պատած է սև, տխուր, մռայլ քողով։

Նա կամաց նստեց այնտեղ դրված բազկաթոռի մեջ և, գլուխը հենելով ձեռքի վրա, անթարթ աչքով սկսեց նայել այն աթոռին, որի վրա փոքր֊ինչ առաջ նրա հանդեպ նստած էր Հարունյանը։ Նրա ուղեղը փոքր առ փոքր սկսում էր դուրս դալ խճճումից, կաշկանդումից, նա կարողանում էր որոշակի մտածել։ Նա երևակայում էր, թե ի՞նչպես Հարուն-յնը չոքած էր յուր առաջ և գլուխը հատակի վրա խոնարհած, համբուրում էր յուր հանդերձի քղանցքը. երևակայում էր, թե ի՞նչպիսի սիրավառ, տխուր և աղերսող հայացքով նա նայում էր իրեն. երևակայում էր, թե ի՛նչպես հանցավորի նման գլուխը խոնարհած՝ նա նստած էր յուր հանդեպ աթոռի վրա. մի խոսքով,— երևակայում էր իրենց տեսակցությունը սկզբից մինչև վերջն բոլոր մանրամասնություններով։ Բայց նա չէր երևակայում և չէր էլ կարողանում երևակայել բաժանման րոպեն— գրկախառնությունն և համբույրը․ նա միայն զգում էր այդ։ Զգում էր, թե ի՛նչպես յուր ձեռքերը բոլոր ուժով փաթաթված էին Հարունյանի վզովը, յուր կուրծքը բաբախում էր նրա կուրծքի վրա, շնչառությունը խառնվում էր նրա շնչառության հետ, և շրթունքները ցնցվում, վառվում, հալվում էին նրա շրթունքների վրա։

«Կյա՛նք, կյա՛նք, այդպիսի քաղցր րոպե դու դեռ ինձ չես պարգևել», քաղցր հափշտակությամբ շշնջաց նա աչքերը փակելով և, ձեռքերը դնելով բազկաթոռի թիկունքի վրա, դեմքը թաղեց կռների մեջ։

Հափշտակությունն այնքա՛ն խոր էր, զգացողությունն այնքա՛ն քաղցր, այնքա՛ն դուրալի, որ նա ուզում էր հավիտյան այդ դրության մեջ մնալ և ուրիշ ոչինչ չանել, ուրիշ ոչ մի բանի մասին չմտածել։

— Տիրուհի՛,— հանկարծ լսեց նա յուր մոտ ինչ-որ ձայն։

Նա արագությամբ բարձրացրեց գլուխը և՝ քաղցր երազից սթափվողի նման՝ նայեց։ Նրա առաջ անհամարձակ կերպով կանգնած էր աղախինը։

— Ի՞նչ է,— հարցրեց նա։

— Պարոն Պետրովն եկել է,— ասաց աղախինը։

Պետրովի անունը դեռ ոչ մի ժամանակ այնքան ատելի, այնքան զզվելի չէր թվացել իշխանուհուն, որքան այդ րոպեին։

— Գնա՜ ասա՝ տանը չէ,— հրամայեց նա աղախնուն։— Ասա՛ հիվանդ է, կարող չէ ընդունել... Գնա՛, վռնդի՛ր այստեղից... գնա՛, գնա՛... Աչքերս այլևս չտեսնեն նրան... Գնա՛...

Աղախինը դուրս գնաց։

Իշխանուհին ձեռքերը նորից բազկաթոռի թիկունքի վրա դրեց, նորից դեմքը թաղեց կռների մեջ և աշխատեց ընկնել առաջվա քաղցր հափշտակության մեջ. բայց իզո՜ւր— աղախնի հայտնվելն և Պետրովի անունը նրա հոգեկան լարված տրամադրությունը սաստիկ խանգարել էին։ Այդպես են լինում նրանք, որոնք մի որևիցե քաղցր երազից հանկարծ արթնանալով, նորից աչքերը փակում են իսկույն, աշխատում են նորից քնել և նորից նույն երազը տեսնել։

Քաղցր հափշտակությունը տեղի տվավ զանազան մտածմունքներին։ Այդ մտածմունքները ծանր էին։ Նա աշխատում էր դրանց հեռացնել, հալածել, բայց դրանք, կարծես, անկախ նրա կամքից, հետզհետե կուտակվում էին նրա գլխում և ճնշում էին նրա ուղեղը, նրա սիրտը։ Այդ մտածմունքները Հարունյանի այցելության նպատակի մասին էին։— Արդյոք նա պե՞տք է բաժանվի Հարունյանից, թե ոչ։ Նոր զգացմունքները, որ Հարունյանի շնորհիվ ծնվել էին նրա մեջ, պատասխանում էին՝ պե՛տք է բաժանվի․ իսկ սերը մնում էր լուռ։ Բայց կարո՞ղ է արդյոք բաժանվել։

Աերը, որ ավելի հին էր և խոր արմատներ ուներ բռնած նրա սրտի մեջ, պատասխանում էր՝ չէ՛ կարող, իսկ նրա զգացմունքները մնում էին լուռ։

«Ի՞նչպես, ի՞նչպես բաժանվեմ ես նրանից,— խորին վշտով մրմնջում էր նա։— Ինձ շրջապատող դատարկ, անտանելի Պետրովների մեջ հազիվհազ գտել եմ մեկը— մտքով, սրտով և հոգով հարուստ մի մարդ, որին սիրել եմ, որին պաշտում եմ հոգուս բոլոր ուժերով և այն էլ պե՛տք է բաժանվեմ նրանից... ինչո՞ւ... ինչո՞վ եմ ես մեղավոր, որ բարոյականության խստապահանջ օրենքներն ուզում են ինձ հալածել, մատնել կարեվեր տանջանքներին... Եվ բաժանվելով նրանից, ո՞ւր պետք է գնամ ես արդյոք, ո՞ւր, որտեղ շուրջս սպանիչ մեռելություն, սպանիչ դատարկություն չզգամ... Թո՛ղ ինչքան ուզում է փայլե արևը, թո՛ղ հրաշալի բնության սքանչելիքը կյանք և կենդանություն տարածե, և միլիոնավոր մարդիկ թո՛ղ զվարճանան շուրջս, երկրպագեն իմ առաջ— մի՞թե այդ բոլորը կարող է փոխարինել գեթ այն մի րոպեին, մի վայրկյանին, երբ ես նրա մոտ կլինեի, երբ ես կզգայի նրա ներկայությունը... Ա՜խ, ա՜խ, որքա՛ն անողոք է եղել ճակատագիրս... Հավիտյան մենա՜կ, հավիտյան անտե՜ր․․․»։

Դառն արտասուքը խփեց նրա կոկորդին․ նա դեմքն ամուր սեղմեց կռների մեջ և, երկար, շատ երկար ժամանակ մնաց այդպես։

Երբ նա գլուխը բարձրացրեց, արդեն սկսում էր մթնել։ Վշտալից և թաց հայացքով լուսամուտից դուրս նայեց. վերջալույսն երկնքի վրա արդեն հանգել էր, պարզած երկինքն ստանում էր թանձր կապույտ գույն, հեռու՝ արևելյան հորիզոնի վրա շատ աղոտ կերպով սկսում էին առկայծել փոքրիկ աստղերը։ Նա յուր հայացքը դարձրեց սենյակի մեջ․ սենյակում տիրում էր կիսախավար։

Նույն րոպեին սենյակի դուռը բացվեց, ներս մտավ աղախինն և վառեց սեղանի վրա դրված լամպարը։ Սենյակը լուսավորվեց. բայց այդ լույսը շատ անախորժ թվեցավ իշխանուհուն։ Յուր վշտաբեկ սրտի համար նա խավար էր ուզում, խավարը նրան, կարծես, սփոփանք էր տալիս։ Լամպարը վառելուց հետո աղախինն ուզում էր դուրս գնալ։

— Մարիա,— կամաց արտասանեց նրա ետևից իշխանուհին։

Աղախինը կանգնեց և շուռ եկավ դեպի Նա։

— Ի՞նչ եք հրամայում, տիրուհի,— հարցրեց նա։

— Լամպարը հանգցրու... ո՛չ, ցածրացրու լույսը։

Աղախինը, որ արդեն սովորել էր յուր տիրուհու վերջին ժամանակների օտարոտի վարմունքներին և հրամաններին, մոտեցավ սեղանին և քիչ ցածրացրեց լամպարի լույսը։

— Էլի՛ ցածրացրու,— հրամայեց իշխանուհին։

Աղախինը քիչ էլ ցածրացրեց։

— Է՛լի։

Աղախինը դարձյալ ցածրացրեց։ Սենյակը այժմ լուսավորվում էր շատ աղոտ կերպով։

— Բավական է,— ասաց իշխանուհին։

Աղախինը ուզում էր դուրս գնալ։

— Մա՛րիա,— առաջվա նման դարձյալ արտասանեց նրա հետևից իշխանուհին։

Աղախինը դարձյալ կանգնեց և շուռ եկավ դեպի նա։

— Ի՞նչ եք հրամայում, տիրուհի,— հարցրեց նա։

— Արի՛ ինձ մոտ։

Աղախինը առաջ գնաց դեպի նա։

— Բազկաթոռը մոտեցրու ահա այստեղ՝ կողքիս և նստիր։

Աղախինը այդ էլ կատարեց։

— Տուր ինձ ձեռքդ։

Աղախինը տվավ նրան յուր ձեռքը։

Իշխանուհին, նրա ձեռքն յուր ձեռքի մեջ պահելով, կամաց ետ ընկավ բազկաթոռի մեջքի վրա և աչքերը խփեց։

Երկար, շատ երկար ժամանակ նա նստած էր այդպես անշարժ։ Լամպարի ցած թողած լույսն ընկնում էր ուղղակի նրա տանջված, գունատ դեմքի վրա, որին և տալիս էր մի տեսակ ֆոսֆորային, բայց փոքր-ինչ մռայլ փայլ։ Մարիան զարմացած և անթարթ նայում էր նրա դեմքին․ կարծում էր, թե նա քնեց։

— Մա՛րիա,— կամաց, գրեթե շշնջալով վերջապես խոսեց իշխանուհին՝ առանց տեղից շարժվելու և առանց աչքերը բանալու,— ասա՛ ինձ, մարդ որ մեռնում է, ո՞ւր է գնում․․․

Այդ անսպասելի շշնջյունից Մարիան ցնցվեց․ նա կարծեց, թե յուր տիրուհին երազի մեջ է խոսում, և այդ պատճառով չպատասխանեց։

— Մա՛րիա, ասա՛, ինչո՞ւ ես լռում,— դարձյալ խոսեք իշխանուհին՝ այս անգամ աչքերը բանալով.— մարդ որ մեռնում է, ո՞ւր է գնում։

— Երկինքը, տիրուհի,— մեքենայաբար պատասխանեց Մարիան։

— Երկի՜նքը,— կրկնեց իշխանուհին մի տեսակ հանդարտ հոգեզմայլությամբ, որի ժամանակ նրա դեմքը պայծառացավ։— Այսինքն այնտեղ— կապույտ ամպերից վերև, շատ վերև... Մա՛րիա, ասում են, որ այնտեղ ապրում է Նա, որ ամենից շատ է տանջվել... և ասում են, որ Նա ամեն մի թշվառի, ամեն մի տանջվողի սիրով ընդունում է յուր գրկի մեջ, ուր այնքա՜ն քաղցր է, այնքա՜ն խաղաղ․․․

Նա լռեց և մի տեսակ ժպտող, պայծառ, հոգեզմայլ հայացքով լուսամուտից սկսեց նայել դեպի դուրս՝ կապույտ, աստեղասփյուռ երկնքին։

— Մա՛րիա,— կրկին խոսեց նա,— ես ցանկանում եմ գնալ այնտեղ․․․ այնպե՜ս ցանկանում եմ... Իզուր մարդիկ թևեր չունեն, որ երբ կամենան, թռչեն այնտեղ, թռչե՜ն...

Նա դարձյալ լռեց։ Մարիան, նրա կողքին նստած՝ զարմացած նայում էր նրա դեմքին։

Իշխանուհին դեռ մի րոպե մնաց լուռ և անշարժ. հետո հանկարծ ամբողջ մարմնով ցնցվեց և նստեց ուղիղ։ Հոգեզմայլությունը մի ակնթարթում անհետացավ նրա գունատ դեմքից, որ ստացավ մի տեսակ վշտաբեկ, թախծալից արտահայտություն։ Նա դարձավ դեպի Մարիան և, ձեռքը կուրծքի վրա սեղմելով, ասաց խեղդված ձայնով.

— Մա՛րիա, ի՜նչպես ծա՜նր է այստեղ, ի՜նչպես ծանր է...

Նրա ձայնը բոլորովին խեղդվեց, աչքերում ցոլացին արտասուքի խոշոր կաթիլներ և, երկու ձեռքով ամուր փաթաթվելով նրա վզովը, նա դեմքը ծածկեց նրա կուրծքի մեջ։

— Մա՛րիա, Մա՛րիա,— կանչեց նա դառնագին հեկեկալով,— սփոփի՛ր ինձ... թեթևացրո՛ւ սիրտս...

Այն աստիճան աղեկտուր էր նրա ձայնը, որով նա արտասանեց այդ բառերը, որ աղախնի աչքերում նույնպես արտասուքի կաթիլներ ցոլացին։

— Մա՛րիա, ասա՛, ի՞նչ պիտի անեմ ես այժմ... Ոչինչ հույս չկա՞, Մարիա, ոչի՞նչ հույս... Ա՜խ, եթե միայն այժմ իմ ամուսինս, իմ անգին ամուսինս կենդանի լիներ... եթե միայն ես ունենայի զավակ, մի հատիկ զավակ...

Նա գլուխը բարձրացրեց և արտասվաթոր աչքերով նայեց Մարիայի դեմքին։

— Մա՛րիա,— ասաց նա,— ի՜նչպես լավն ես դու... Ո՜րքան թանկագին ես դու այժմ ինձ համար... Ի՜նչպես ես քեզ սիրում եմ և ի՜նչպես պիտի սիրեմ քեզ այսուհետև... Սիրի՛ր դու ևս ինձ, Մարիա, սիրի՛ր, սիրի՛ր․․․ ես թշվառ եմ, օ՜, շատ թշվառ...

Նա դեմքը դարձյալ ծածկեց նրա կրծքի մեջ և այս անգամ հեկեկում էր լուռ և ամենադառը կերպով։ Այդ րոպեին նա նմանում էր մի անմեղ երեխայի, որ մոր գրկի մեջ լաց է լինում։ Նրա ձեռքերն ամուր կերպով փաթաթված էին Մարիայի վզովն, և նա աշխատում էր, որքան կարելի է, դեմքն ավելի խոր թաքցնել նրա կրծքի մեջ, որով, կարծես, կամենում էր խլացնել յուր ծանր հեկեկանքը։ Մարիան ինքն էլ չէր հասկանում, թե այդ ժամանակ ի՞նչ էր կատարվում յուր մեջ․ նա միայն նույնպես լալիս էր։

Դեռ երկար ժամանակ իշխանուհին՝ կպած նրա կրծքին՝ հեկեկում էր։ Ըստ երևույթին, նա չէր կամենում բաժանվել այդ կուրծքից, որի մեջ, կարծես, զգում էր յուր սրտին թեթևություն։ Հետզհետե նրա հեկեկանքը նվազում էր, վերջ ի վերջո բոլորովին կտրվեցավ, և այժմ նրա սիրտն երբեմն թրթռում էր։

Վերջապես իշխանուհին գլուխը բարձրացրեց և արտասուքից քիչ ուռած աչքերով սկսեց նայել նրա աչքերին։ Հետո գլուխը դրեց նրա ուսի վրա և, շարունակելով նայել նրա աչքերի մեջ, ասաց հանդարտ ձայնով․

— Մա՛րիա, դեմքդ մոտեցրու․ ես կամենում եմ քեզ համբուրել։

Մարիան յուր գեղեցիկ այտը մոտեցրեց նրա գունատ շրթունքներին, և նա ամուր կերպով համբուրեց նրան։

— Մա՛րիա, այժմ դու համբուրիր ինձ. համբուրիր այնպես, ինչպես զավակը համբուրում է յուր մորը։

Մարիան այդ էլ կատարեց։

Փոքր֊ինչ լռությունից հետո, իշխանուհին դարձյալ սկսեց խոսել, բայց այս անգամ բոլորովին հանդարտ։

— Մա՛րիա, ասաց նա՝ շարունակ նայելով նրա աչքերի մեջ,— դու այսուհետև իմ զավակն ես, իսկ ես՝ քո մայրը․․․ Դու միշտ այսուհետև իմ մոտս կաց, ինձ սիրիր, համբուրիր․ ես էլ քեզ կսիրեմ, կհամբուրեմ․․․ Մա՛րիա,— հանկարծ հարցրեց նա,— դու որբ ես, չէ՞։

— Այո՛ , տիրուհի,— պատասխանեց աղախինը։

— Ես ևս որբ եմ, Մարիա․․․ ես ևս աշխարհիս մեջ մենակ եմ, բոլորովին մենակ․․․ Ուրեմն եթե մենք այսուհետև միանանք, Մարիա, այլևս մենակ չենք լինիլ, այնպես չէ՞։ Դու իմ զավակս կլինես, իսկ ես՝ քո մայրը։ Երբ որ դու ինձ կասես «մայրիկ», ես կուրախանամ, երբ որ ես քեզ կասեմ «զավակս», դու կուրախանաս․․․ և այսպես շատ լավ կլինի, Մարիա, այնպես չէ՞։

Մարիան գլուխը շարժեց։

— Հապա այժմ դու ինձ ասա «մայրիկ», այնպես, ինչպես զավակն ասում է յուր մորը։

— Մայրի՛կ,— ասաց Մարիան սրտից։

Իշխանուհու հանդարտ և գունատ դեմքի վրա մի երջանիկ ժպիտ փայլեց, ճիշտ այնպես, ինչպես մթին ամպերի միջից արևը հանկարծ դուրս է նայում։

— Զավա՜կս․․․— շշնջաց նա, ինչպես բուռն սիրով սիրող մի մայր յուր հարազատ որդուն։— Զավա՛կս... զավա՜կս․․․ Մայր և զավակ․․․ ուրիշ ի՞նչ կա ավելի քաղցր, ավելի կյանք տվող, քան այդ երկու բառերը․․․ Զավա՜կս... օ՜, ո՞րտեղ էի ես մինչև այժմ, ի՞նչ էի անում, որ միայն այժմ եմ շնչում այս երկնային բառը... ես— թշվառականս, այս երջանկագույն բառը թողած՝ ուրիշ երջանկության ետևից էի վազում․․․ Զավա՜կս․․․ զավակս․․․ Օ՜, որպես լավ է այսպես․․․ ես կցանկանայի միշտ այսպես մնալ, միշտ, հավիտյանս․․․

Այդ միջոցին նա յուր դողդոջուն շրթունքներն անզգայաբար մոտեցրել էր նրա այտին և, երկար ժամանակ նրա վրա սեղմած ունենալով, նա շշնջում էր անդադար «զավակս» բառը։

Վերջապես նա թողեց Մարիային, ձեռքերը կցեց կրծքի վրա և գլուխը կախեց։ Մի րոպե այդպես մնալուց հետո, առանց գլուխը բարձրացնելու, հարցրեց նա հանդարտ ձայնով.

— Մա՛րիա, դու հիշո՞ւմ ես իմ ամուսնուս։

— Հիշում եմ, տիրուհի,— պատասխանեց աղախինը։

— Նա լավ երիտասարդ էր, Մարիա, շատ լավ երիտասարդ․․․ Նա գեղեցիկ էր․․․ նա բարի էր․․․ նա գառն էր, Մարիա․․․ Ամենքը նրան սիրում էին․․․ ամենքը նրան խղճում էին․․․ իսկ ե՞ս․․․

Նա լռեց և գլուխը կախեց։

— Իսկ ե՞ս,— կրկնեց նա։— Ես նրան չխղճացի․․․ ես թունավորեցի նրա մատաղ կյանքը․․․ Նա մեռավ․․․ Այնքա՛ն հանգիստ, այնքա՜ն սիրուն էր նա այդ ժամանակ, Մա՛րիա․․․ Նա կարծես քնած էր․․․ Նրան տարան գերեզմանատուն և հողի մեջ դրին․․․ Այնուհետև մի անգամ միայն ես այցելեցի նրա գերեզմանին, նրա վրա կանաչ խոտ էր բուսել․․․ Ես լաց չեղա այնտեղ, Մարիա․․․ Թաղելիս էլ իմ արցունքը կեղծ էր․․․ Ես նրան չէի սիրում․․․


Նա խոսում էր, կարծես, ինքն յուր հետ, գրեթե շշնջալով, և նրա գեղեցիկ աչքերից արտասուքի խոշոր, գոհարանման կաթիլները հանդարտ կերպով գլորվում էին նրա գունատ այտերի վրայով։

— Եթե միայն ես այժմ նրա գերեզմանի մոտ լինիմ․․․

Նա դարձյալ լռեց և երկար ժամանակ մնաց այդպես անշարժ։ Արտասուքը դադարեց հոսելուց, և նա այժմ, կարծես, մի բան, մի խոր բան մտածում էր։ Հանկարծ նա գլուխը բարձրացրեց և նայեց Մարիային։

— Մա՛րիա,— ասաց նա,— մենք պիտի գնանք Պետերբուրգ։

— Ե՞րբ, տիրուհի։

— Ե՞րբ․․․ շուտով․․․ մի քանի օրից հետո։ Իսկ այժմ ինձ մենակ թող։

Աղախինը վեր կացավ և դուրս գնաց։

Իշխանուհին առաջվա նման ձեռքերը դրեց բազկաթոռի թիկունքի վրա, դեմքը դարձյալ թաղեց կռների մեջ, և խոր մտածմունքները պաշարեցին նրան։

Նրա մտածմունքները այս անգամ բոլորովին ուրիշ տեսակ էին։

Նա լուսացրեց բազկաթոռի մեջ։