Քնքուշ լարեր/Իշխանուհի Սոֆիա Մելիքյան

Քնքուշ լարեր (Իշխանուհի Սոֆիա Մելիքյան)

Իշխանուհի Սոֆիա Մելիքյանը Թիֆլիսի հարուստ կալվածատերերից մեկի միակ զավակն էր։ Նրա հայրը հայտնի էր քաղաքի մեծամասնությանը յուր բազմաթիվ կալվածքներով՝ ինչպես քաղաքում, նույնպես և նրա շրջակայքում։

Օրիորդ Սոֆիան, որի գեղեցկությամբ ամենքը հիացած էին, կրթվում էր այն հոգով, որ առաջ մեր հարուստ հայ ընտանիքների մեջ մի տեսակ «մոդայի» կարգն էր դասվում։ Կուրացած լինելով իրենց ծնողական ամենաքնքուշ, բայց չափից անցած սիրուց, նրա ծնողները շատ քիչ ուշադրություն էին դարձնում նրա դաստիարակության բարոյական կողմի վրա։ Նրանք իրենց այդ միակ, անգին զավակին միշտ և ամեն ժամանակ գգվում, փայփայում և պաշտում էին, ինչպես մի սուրբի. ոչինչ նրանց համար աշխարհիս երեսին գոյություն չուներ, բացի իրենց այդ սիրուն, հրեշտակային փոքրիկ աղջկանից, որի մեջ միայն ևեթ նրանք կենտրոնացած էին տեսնում իրենց գոյությունը։ Մի խոսքով՝ ծնողները զավակի ստրուկներն էին դարձած։ Այդ փոքրիկ աղջիկը համարձակ կերպով ապտակ էր խփում հորն, ապտակ էր խփում մորը, քաշում էր նրանց մազերը— և նրանք մեծ, հոգեզմայլ բավականությամբ առնում էին նրա փոքրիկ ձեռքերը, որոնցով նա ապտակում էր նրանց, քաշում էր նրանց մազերը, և նրանց վրա լցնում էին անհամար ջերմ համբույրներ․․․ Եվ այդպիսով ծնողները չէին տեսնում կամ չէին ուզում տեսնել, թե ի՛նչպես դեռ վաղ մանկությունից այդ փոքրիկ աղջկա մեջ հետզհետե արմատ էին բռնում ու հաստատվում շատ ու շատ բաներ․.. թե ի՛նչպես նրա մանուկ, անմեղ սրտում բնակալում էին շատ գարշելի և սոսկալի որդեր...

Տասնևութ տարեկան հասակում, նրանից անսպասելի հաջողությամբ, նա ավարտեց օրիորդական գիմնազիոնը, գիտենալով ընդ նմին հայերեն փոքրիշատե վարժ կարդալ և կոպիտ սխալներով գրել, որն, այնուամենայնիվ, գովելի էր, նայելով այն հանգամանքներին, որոնց մեջ նա մեծանում էր ու սովորում։ Իսկ քսան տարեկան հասակում, երբ հասել էր արդեն յուր կուսական գեղեցկության և հասունության գագաթնակետին, նա ամուսնացավ մայրաքաղաքից եկած Մելիքյան անունով մի երիտասարդ իշխանի հետ, որ պատահել էր նրան պարահանդեսում և առաջին հայացքից սիրահարվել էր նրա վրա։ Բայց հպարտ և փառասեր օրիորդ Սոֆիային, որին մինչև այդ ժամանակն էլ շատերն առաջարկել էին իրենց սիրտն ու հարստությունն և որոնց նա մերժել էր— ավելի գրավում էր նրա իշխանական տիտղոսը, քան նրա քնքուշ, բարի դեմքն ու միշտ ցնորասեր, թույլ բնավորությունը։ Փառասեր Սոֆիան վաղուց ցանկանում էր մի այդպիսի տիտղոս ունենալ. քիչ մտածությունների ու ցնորքների առարկա չէր դարձել փառքի մեջ նստած այդ երևակայած տիտղոսը։ Անթիվ անգամ նա անիծել էր յուր ծնողներին, բնությանը, թե ինչո՛ւ ինքն իշխանական տոհմից չէ ծնված, այլ մի հասարակ տոհմից, որ— ո՞վ գիտե — առաջ ո՞ր գյուղացին էր, ո՞ր հետին չքավորն, աղքատը․․․ բայց այժմ, վերջապես, այդ շատ մտատանջությունների պատճառ դառնող, բայց հոգով, սրտով պաշտած ցանկությունն էլ իրագործվեցավ։ Նա հասավ յուր նպատակին, այժմ ի՛նքը գիտեր... նա իշխանուհի էր։ Իշխանուհի՜․․․ օ՜, ի՛նչ հրաշալի հնչյուն... կարծես երկնային դյութական մի ամենաքաղցրիկ մեղեդի լինի, որ մի տեսակ հոգեզմայլության մեջ է ձգում նրա բոլոր գոյությունը։ Բայց արյո՞ւնը․․․ Ա՜խ, ոչի՛նչ, ո՞վ է այժմ արյան վրա ուշադրություն դարձնում. բավական է, որ յուր ամուսնու երակների մեջ վազում է ազնվական տոհմային արյուն, բավական է, որ նա իշխան է կոչվում, իսկ ինքն— իշխանուհի։

Ամուսնանալուց հետո անմիջապես իշխանուհի Սոֆիա Մելիքյանն ստիպեց յուր ամուսնուն գնալ Պետերբուրգ, որի մասին վաղուց ցնորում էր։ Հայր ու մայր նրա առջևը չոքած, արտասուքն աչքերին խնդրում էին նրան, որ նա գոնե մի ամիս իրենց մոտ մնա,— այդ նրանք իրենց ամենամեծ երջանկությունն էին համարում, բայց քմահաճ աղջիկը նրանց վրա ուշադրություն անգամ չկամեցավ դարձնել և բավական չոր կերպով պատասխանեց նրանց, որ նրանք իրեն հետ այլևս գործ չունին։ Ծնողները մնացին սառած, զարմացած․․. Բախտավոր, երջանիկ ամուսինը չէր կարող մերժել յուր պաշտելի կնոջ խնդիրը, նա տարավ նրան Պետերբուրգ, ուր սկսեց ման ածել նրան բարձր հասարակությունների մեջ։ Ամեն տեղ, ուր էլ որ հայտնվում էր իշխանուհի Մելիքյանը, ապշում էին նրա սքանչելի գեղեցկությամբ։ Բախտավոր ամուսինն այդ տեսնում էր և երեխային վայել միամտությամբ հպարտանում յուր մեջ յուր այդ անգին գանձով։ Նա ամբողջ աշխարհիս երեսին իրեն ամենաերջանիկն նա երջանիկն էր կարծում։ Շատ անգամ նա սրտի սաստիկ, բայց քաղցր բաբախմամբ առնում էր յուր կնոջ փոքրիկ, սիրուն, քնքուշ, մարմարանման ձեռքերն և, նրանց վրա ջերմ համբույրներ դրոշմելով, անդադար կրկնում էր. «Ո՞րքան ես քեզ սիրում եմ․․․ ո՛րքան երջանիկ եմ․․․ Եթե Սողոմոնը գիտենար, որ մի ժամանակ մենք աշխարհ ենք գալու, նա չէր ասիլ «մարդ կարող չէ յուր մահից առաջ երջանիկ կոչվիլ»։ Կինը ծիծաղում էր։

Բայց շուտով մայրաքաղաքի հեշտալից կյանքը փչացրեց իշխանուհի Մելիքյանի առանց այն էլ վաղուց արդեն փչացած բնավորությունը։ Ի բնե հպարտ լինելով յուր գեղեցկությամբ, նա առավել ևս վեր քաշվեցավ, երբ տեսավ, որ յուր վրա այնքան մեծ ուշադրություն են դարձնում։ Նրա քմահաճությունները բազմացան։ Այնուհետև նրա բանն ու գործը եղավ՝ ծառայել յուր արտաքին տեսքի գեղեցկության ավելի կատարելադգրծելուն, որի համար նա անում էր անլսելի շռայլություններ զանազան նորամոդային հանդերձեղենների և կանացի արտաքին զարդարանքների վրա։ Նա սկսեց բավական աչքի ընկնող խնջույքներ և երեկույթներ էլ պատրաստել յուր իշխանական պալատանման տներում։ Շուտով նրա անունը հռչակվեցավ։ Բայց նա գոհ չմնաց ռուսաց մայրաքաղաքի կյանքով, նա կամեցավ նոր երկրներ, նոր քաղաքներ տեսնել և նրանց համն էլ առնել։

Իհարկե, նրանցից առաջին տեղը բռնում էր Փարիզը։ Այո՛, Փա՛րիզը—, այդ ռոմանների ու մոդաների ամենահարազատ մայրը․․․ Դեռ նա տասնևերեք տարեկան էր, որ Ֆրանսիայի մայրաքաղաքը գրավում էր նրա մանուկ հոգին դեպի յուր դյութություններն, երբ նա՝ ամբողջ ժամերով մի որևիցե ռոման ձեռքին՝ մեծ հետաքրքրությամբ և ուշի֊ուշով կարդում էր գեղեցիկ կոմսուհիների շքեղաշուք բուդուարների նկարագրությունները, մի որևիցե երիտասարդ վիկոնտի և մարկիզուհու սիրային արկածները, կոկետի հեշտալից կյանքն և այլն, և այլն։ «Ա՜խ, ի՛նչ հիանալի կլինի, եթե ես ոտք կոխեմ այդ տեղերում»,— մտածում էր այդ ժամանակ Թիֆլիսի կալվածատիրոջ տասնևերեք տարեկան աղջիկը։ Եվ այդ ցանկությունն այժմ կամեցավ իրագործել։ Վերջապես արիստոկրատ լինել և Փարիզը չտեսնե՜լ, մի՞թե այդ երևակայել անգամ կարելի է... նա ոչ թե խնդրեց ամուսնուն, որ կամենում է Փարիզ գնալ, այլ հրամայեց... և նրան պաշտող թուլամորթ ամուսինը չէր կարող նրա հրամանը չկատարել, նա մինչև անգամ ուրախ էր, որ կարողանում է յուր պաշտելի կնոջ հաճույքը, ցանկությունը կատարել։ Նրանք գնացին Փարիզ։ Ավելորդ է ասել, թե հենց առաջին օրից ի՛նչ տպավորություն գործեց Ֆրանսիայի և բոլոր աշխարհի այդ մայրաքաղաքն ամեն տեսակ ճոխությունների և շքեղությունների սիրահար իշխանուհի Մելիքյանի վրա։ Ավելորդ է նույնպես ասել, թե ի՛նչեր արեց նա այնտեղ, ինչեր չարեց... միայն երկու տարուց հետո, շրջելով գրեթե ամբողջ նշանավոր Եվրոպան, նա վերջ ի վերջո ակամայից վերադարձավ Պետերբուրգ։ Նոր էր վերադարձել նա Պետերբուրգ, երբ մի հեռագիր ստացավ, որի մեջ հայտնում էին նրան, որ հայրը մերձիմահ հիվանդ է և շուտափույթ պահանջում է նրան՝ վերջին անգամ օրհնելու և ժառանգությունը նրան կտակելու։ (Իսկ նրա մայրը մի տարի առաջ էր մեռել, այսինքն այն ժամանակ, երբ նա ճանապարհորդում էր)։ Նա շտապեց դեպի Թիֆլիս, ո՛չ թե որդիական սիրուց և պարտաճանաչությունից դրդված (նրա մեջ վաղուց էին մեռած որդիական զգացմունքները), այլ նրա համար, որ ստանա հոր ահագին ժառանգությունը։ Նա այն ժամանակ հասավ Թիֆլիս, երբ հայրն արդեն դիակնացած էր, իսկ կտակը՝ պատրաստի։ Նա այնքան էլ չցավեց հոր մահվան վրա, բայց ուրախացավ կտակի համար։ Հորը թաղեց նա մոր կողքին, մի քանի կարգադրություններ արեց ժառանգական բազմաթիվ կալվածքների վերաբերությամբ և դարձյալ սլացավ դեպի մայրաքաղաք։

Դեպի ամուսինն, ինչպես արդեն ասացինք, նա հենց սկզբից ոչինչ սեր չէր զգում, բացի երախտագիտության զգացմունքից, եթե միայն կարելի է այդպես անվանել այն զգաքմունքը, որ ծնվել էր նրա մեջ դեպի երիտասարդ իշխանը նրա համար միայն, որ այս վերջինս էր եղել պատճառը, որ նրա փառասիրական բոլոր ցնորքներն ու ձգտումներն իրագործվել էին։ Սակայն այդ զգացմունքն էլ երկար հյուրընկալություն չկարողացավ գտնել իշխանուհի Մելիքյանի նման մի հպարտ կնոջ սրտում։ Երբ նա արդեն կշտացավ ամեն բանով, ինչ որ առաջ յուր համար գրեթե անիրագործելի էր համարում, երբ նա արդեն ծանոթացավ յուր վաղուց ի վեր հոգով ցանկացած բաների հետ, և նրա աչքերին ոչինչ այլևս արտասովոր բան չէր երևում— նա ամուսնուն այլևս բոլորովին աչքից գցեց։ Նա հետզհետե ավելի ու ավելի սկսում էր ձանձրանալ ամուսնուց, որ դարձյալ շարունակում էր նրան սուրբի տեղ պաշտել։ Քմահաճ կնոջը չէին դուր գալիս միամիտ ամուսնու անմեղ սիրային, անմեղ խոսքերն և համբույրները... Շատ անգամ նա բացարձակապես արտահայտում էր յուր զզվանքը։ Ամուսինը մնացել էր սառած, տարակուսած։

Օգուտ քաղելով ամուսնու թույլ և բարի բնավորությունից, նա, ինչպես ասում են, սանձը բոլորովին թողեց։ Պտտվելով անդադար մայրաքաղաքի ազնվական, թեթևամիտ, գեղեցիկ երիտասարդների շրջանում, նա արդեն գրավել էր դեպի ինքն երկրպագուների մի ահագին լեգեոն, որից ամեն մեկը պարահանդեսում, երեկույթներում և հազար ու մի այդպիսի տեղերում, իրեն հատուկ անգիր սերտած սիրապատիր խոսքերով, բարձրացնում էր նրան մինչև Ոլիմպոսի աստվածուհիների տարփածու կայանը... ոչինչ նրան այնքան չէր դուր գալիս և նրա հպարտությունը, փառասիրությունը կրկնապատկում, որքան այն, որ այդ ազնվական գեղեցիկ երիտասարդները միշտ քծնվում էին նրա շուրջը և հավատարիմ շան նման լիզում նրա ձեռքերը, նրա շրջազգեստի ծայրերը։ Տասներեք տարեկան հասակում, երբ նա ռոմաններ էր կարդում, այդպես էին անում և գլխավոր հերոսուհի-կոմսուհիներին, մարկիզուհիներին։

Անցան տարիներ, և մայրաքաղաքի հայտնի շրջաններում սկսվեցան բամբասանքներ իշխանուհի Մելիքյանի մասին։ Մասամբ սուտ, մասամբ ստույգ զանազան լուրեր սկսեցին մի նախանձախնդրի բերանից հաղորդվել մյուսին և այդպիսով տարածվել այդ բանով հետաքրքրվողների մեջ։ Այդ լուրերից մի քանիսը չհապաղեցին հասնել և իշխան ամուսնու ականջին, որոնք նրա թույլ և ազնիվ սրտի վրա մեծ ազդեցություն ունեցան։ Այնուհետև հազար ու մի դառն մտածմունքներ շատ գիշերներ խլեցին նրա աչքերից, սիրելի, պաշտելի կնոջ կասկածելի կյանքը, մանավանդ որ նրան կից էր և՛ յուր՝ մինչև այժմ ազնիվ, հարգված անունը— նրա սոսկալի մտատանջությունների պատճառը դարձավ, որոնց հետևանքն այն եղավ, որ նա ամենածանր կերպով հիվանդացավ թոքախտով և, չնայելով բժիշկների ջանքերին, մի քանի ամսից հետո մեռավ։

Ամուսնու մահը մանկահասակ իշխանուհուն այնքան չվշտացրեց, որքան այդ պետք է մի կնոջ, որն եթե ոչ սիրել, գոնե ընդերկար ապրել է յուր ամուսնու հետ, որի կողմից, բացի անկեղծ սիրուց, անվերջ գուրգուրանքից, ոչ մի վատ բան չէ տեսել, ոչ մի վատ խոսք չէ լսել։ Բայց որպեսզի ընդհանուր կանոնից և քաղաքավարության ու ազնվության սահմանից անցած չլինի, նա մի քանի ամիս «սուգ պահեց»։ Նա դրանով ոչինչ չկորցրեց, այլ, ընդհակառակն, ավելի հետաքրքրելի դարձավ շրջապատողների մեջ... Այնուհետև նա նույն գեղեցիկ, մանկահասակ, բայց այժմ ավելի քնքշացած, ավելի սիրելի դարձած իշխանուհի Մելիքյանն էր, ինչ որ առաջ։ Այժմ նա արդեն բոլորովին ազատ էր և անկախ, մանավանդ որ, ամբողջ վեց տարի ամուսնացած լինելով, ոչ մի զավակ չուներ...

Ամուսնու մահից հետո անցան դարձյալ տարիներ, և մայրաքաղաքի աղմկալից կյանքը ձանձրացրեց իշխանուհի Մելիքյանին։ Նա վերադարձավ յուր հայրենիքը— Թիֆլիս՝ առաջինը փոքր-ինչ հանգստանալու և երկրորդն— այցելելու յուր ժառանգական կալվածները, որոնք երկար ժամանակ գրեթե անտեր էին մնացած։ Թիֆլիսում, որովհետև նա բոլորովին մենակ էր, այդ պատճառով կամեցավ տեսակցել գիմնազիոնական յուր նախկին ընկերուհիների հետ, որոնցից այդ ժամանակ շատերն արդեն ամուսնացած և զավակների տեր էին դարձած, որոնցից էր և Նունեն— այժմ տիկին Հարունյանը։ Վերջինիս նա հանդիպեց նրա ամուսնու հետ, ինչպես գիտենք՝ ամառային թատրոնում։