Քնքուշ լարեր (Սեր, խիղճ և ուղեղ)

Եվ այսպես, իշխանուհու և Հարունյանների մեջ եղած բարեկամական կապը նորոգվեցավ ու առավել ևս ամրապնդվեցավ։ Պարոն Հարունյանն արդեն նեղ տեղն ընկավ։ Իշխանուհին— այդ գեղեցիկ, սատանա կինն յուր անվերջ հետամտությամբ նորից բորբոքեց նրա սրտի մեջ արդեն մոխիր կտրող սիրո բոցը, որ այժմ առավել ևս սկսել էր նրան տանջել և հանգստություն չտալ։ Ամառանոցում նա այլևս կարող չէր գործերը պատճառ բերել և խույս տալ իշխանուհուց, այլ ստիպված էր ամենայն օր տեսնել նրան կամ յուր տանը, կամ նրա դաստակերտում և շատ անգամ ողջ օրը նրա հետ անցկացնել։ Լինում էին րոպեներ, երբ նա ամենայն հոժարությամբ ցանկանում էր փախչել հեռու, հեռու, մի այնպիսի տեղ, ուր այդ գեղեցիկ կինը բնավ չկարողանար ոտք կոխել և վրդովել նրա ընտանեկան խաղաղությունը։ Եվ այդ րոպեներին ի՞նչ չէր տալ, ի՞նչ չէր անիլ նա, եթե միայն ընդմիշտ կարողանար ազատվել այդ գեղեցկուհուց, որ ամենուրեք ստվերի նման նրան հետևում էր։ Բայց և լինում էին րոպեներ, երբ նրա սիրտը, հոգին, ամբողջ գոյությունը, կարծես, ուզում էր թռչել, սլանալ դեպի այդ հրաշալի գեղեցկությունը, ուզում էր հավիտյան լինել նրա մոտ, նրա կողքին, հավիտյան նայել նրան, հավիտյան լսել նրա հոգեզմայլ ձայնը․․․ Երբ սերը նրան շատ էր նեղացնում, նա եղբոր հետ գնում էր որսի և ողջ օրը այնտեղ էր անցկացնում, որպեսզի ցրի իրեն անդադար զբաղեցնող մտքերը։ Բայց իզո՜ւր, իշխանուհին յուր դյութությունները թափել էր նրա սրտի խորքերը, ուր նրանք անդադար ատում, կրծում էին, ինչպես ցեցեր։ Այժմ նա առավել ևս զգում էր, որ ոչինչ այնքա՛ն դժվար կարող չէ լինել, որքան պատերազմը, որ մարդ մղում է յուր սիրո զգացմունքի դեմ։ Յուր բոլոր հաստատակամությամբ նա կարծում էր, որ մի այդպիսի հերոսություն բնությունից մարդուն տված չէ և մարդ՝ հաղթության հաղթանակի հուսով իզուր ամենայն ջանք գործ կդնե սիրո դեմ համառությամբ կանգնելու... Ի՞նչ աներ։ Նա զգում էր, որ հուսահատությունը կամաց֊կամաց տիրում է իրեն...

Անցնում էին օրեր, շաբաթներ...

Գիշեր էր։

Գրասեղանի վրա վառվում էր թանկագին լամպարը։ Նրա կապույտ լուսամփոփից սենյակի մեջ ամեն ինչ կապույտ լույս էր ստացել։ Կապույտ գույն էր ստացել և պարոն Հարունյանը, մանավանդ որ հագած ուներ թավիշե կապույտ խալաթ։ Նա մենակ էր սենյակում։ Ետ էր ընկած լայն բազկաթոռի մեջքի վրա, գրասեղանի առաջ, և անթարթ աչքով նայում էր բարձր առաստաղին։ Ո՛չ մի շարժում. եթե աչքերը բաց չլինեին, նայողը չէր կասկածիլ, որ նա քնած է։ Նրա դեմքի վրա, սովորական լրջության, հանգստության փոխարեն կարելի էր նկատել մի տեսակ ծանր, տանջող վշտի արտահայտություն։

Նա մտածում էր։ Մտածում էր յուր դրության մասին, բայց այդ ժամանակ նրա մեջ սիրտը, սիրո զգացմունքներն ավելի մեծ ուժով էին գործում, քան գործում էր ուղեղը։ Նա զգում էր, որ ամեն տեսակ լուրջ խոհականություն, ամեն տեսակ պարզ հեռատեսություն սիրո ինքնակամ զգացմունքների առաջ աղոտանում են․ նա զգում էր, որ կամքը, հաստատամտությունը սիրո առաջ ընկճվում է, որպես թզուկը՝ վիթխարիի առաջ։

«Ո՞ւմ դեմն եմ պատերազմում ես,— մտածում էր նա,— բնության անշեղ օրենքի դեմ։— Իզո՜ւր, դոն-քիշոտակա՜ն պատերազմ։— Կարելի՞ է արդյոք արևին ասել,— լույս մի՛ տար, որովհետև ես խավար եմ ուզում— կամ հրամայել ալեկոծ ծովին, որ նա խաղաղվի... Եվ արդյոք մինչև ե՞րբ պետք է տևի այս պատերազմը․.. մինչև ե՞րբ պետք է դիմանամ ես այս սոսկալի տանջանքներին, որոնք օրեցօր կրկնապատկվում են․ և կարո՞ղ եմ արդյոք տանել դրանց, երբ այժմեն իսկ զգում եմ, որ պետք է ուժասպառ ընկճվիմ... Օ՜, խի՜ղճ, խի՜ղճ, այդպես անողորմ մի՛ տանջիր ինձ, եթե մարդկային կամքն ապառաժ անգամ լինի, չէ կարող չխորտակվել այն զգացմունքից, որ այս րոպեիս գործում է իմ մեջ— իսկ չէ՞ որ ես մարդ եմ.․․ մարդ եմ մարդկային բոլոր կրքերով, բոլոր ցանկություններով, որոնց տվել է ինձ ինքը՝ բնությունը, որոնց կառավարում է ինքը՝ բնությունը, և եթե կամքս թույլ գտնվի տանելու դրանց բռնությունը, և ես, վերջապես, ընկճված՝ անձնատուր լինեմ դրանց, մի՞թե մեղավորն ես կլինեմ... մի՞թե քեզ հետ և մարդիկ այնքան անգութ կգտնվեն, որ կդատապարտեն, կհալածեն ինձ... բայց ես ի՞նչ մեղ ունեմ․ դատապարտեցե՛ք, հալածեցե՛ք բնությանը, իսկ ես մարդ եմ հողեղեն, որ կախված եմ նրանից..․ Ինչո՞ւ բնությունը, ստեղծելով ինձ, ապօրինի, հանցագործ սիրո հետ տվել է ինձ և պարտաճանաչության զգացմունք... եթե այդ տվել է, ուրեմն դրա հետ պետք է տար և անխորտակելի կամք, որով կարող լինեի հաղթությամբ դիմադրել ապօրինի սիրո դյութություններին, որպեսզի ի վերջո սոսկալի թշվառության մեջ չընկնեի և ինձ հետ թշվառացնեի ուրիշին․․․»։

Նա հանկարծ սթափվեց, նստեց ուղիղ և անմիտ հայացքով նայեց շուրջը։ Մտածության ժամանակ նա այն աստիճան ինքնամոռացության մեջ էր ընկել, որ սթափվելուց հետո կարծում էր, թե մտածությունը նա արտասանել է բարձրաձայն, որ և ամբողջ աշխարհին լսելի էր եղել, մանավանդ, որ թե՛ դուրսն և թե՛ սենյակում կատարյալ լռություն էր տիրում։ Մի քանի անգամ անմտորեն շուրջը նայելուց հետո նա այս անգամ արմունկները հենեց գրասեղանին և բորբոքված գլուխը բռնեց ձեռքերի մեջ։ «Բայց ի՞նչ եմ կամենում ես»,— խոսեց նա գրեթե լսելի ձայնով։

— Հավիտյան երջանկությո՜ւն,— աղաղակեց սերը։

— Անվերջ թշվառությո՜ւն,— աղաղակեց ուղեղը։

— Պարտազանցությո՜ւն,— աղաղակեց խիղճը։

— Երջանկությո՜ւն, երջանկությո՜ւն,— նորից աղաղակեց սերը, և այդ ուժգին աղաղակի մեջ խլացավ ուղեղի և խղճի թույլ աղաղակը։

«Արի՛, արի՛ ինձ մոտ, անմի՛տ դու մարդ,— այս անգամ սերը, կարծես, սկսեց երգել.— երջանկությունն ես ինքս եմ։ Որպես զովարար ցող, ես իջնում եմ մարդիկների սրտերի վրա և լվանում եմ դառնության փոշին․․․ Որպես եդեմական թովչարար ծաղիկ, ես բուրում եմ, և իմ բուրմունքս քաղցրագույն թմրություն է շնորհում․․. Իմ համբույրս դյութիչ ինքնուրացություն է, իմ մի րոպես հազար կյանք արժե, իսկ գիրկս— հազար դրախտներ․․․ Արի՜, արի՜․․․»։

Նա ընկավ խորին հափշտակության մեջ։ Սիրո հրաշալի երգը հնչում էր նրա ականջներում, որպես կանաչագեղ կղզու սիրենների դյութիչ մեղեդին։ Դրա ազդեցության տակ նրա ուղեղը կաշկանդվել էր։ Կին, զավակ, հավատարմություն, բարոյականություն և ամեն ինչ ծածկվել էր թանձր վարագույրով․ նրա առաջ հրաշալի դիրքով կանգնած էր կնոջ գեղեցկության մի կատարելատիպ, որ փափուկ ձեռքով կանչում էր նրան, և նրա ժպիտը կյանք էր բաշխում, նրա շունչը հեշտություն էր տարածում․․․ Ա՛խ, ընկնել նրա ոտների առաջ և երջանիկ ինքնուրացության մեջ հալվե՜լ, հալվե՜լ, որպես հալվում է ձյունը գարնանային արևի ճառագայթներից․․․

Հարևան սենյակում ինչ-որ չրխկաց։ Եթե այդ րոպեին դուրսը թնդանոթ անգամ արձակեին, նա գուցե չլսեր, բայց հարևան սենյակի թույլ չրխկոցը իսկույն սթափեցրեց նրան։ Նա հանկարծ բարձրացրեց գլուխը, արագությամբ նայեց սենյակի դռան կողմն և իսկույն, ինքն էլ չիմանալով թե ինչո՛ւ, վեր կացավ տեղից։ Նա շունչն ակամայից իրեն քաշեց, և նրա չռած աչքերը հառած մնացին հարևան սենյակի դռան վրա։ Այդպես նայում են ոճրագործները, որոնք կարծում են, թե մեկը գաղտնի վկա է իրենց ոճրագործության, մի րոպե այդպես նայելուց հետո հավաստիանալով, որ հարևան սենյակում ամեն ինչ լուռ է, նա, ըստ երևույթին, հանգստացավ, խոր հոգոց հանեց, հոնքերը խորին դառնությամբ կիտեց, ձեռքը մի քանի անգամ շփեց ճակատին և հանդարտ քայլերով սկսեց անցուդարձ անել սենյակի երկարությամբ։ Ամբողջ հատակը ծածկված էր գորգով, որ նրա փոքրիկ հողաթափների ձայնը բոլորովին անլսելի էր կացուցանում։

Մի քանի անգամ այդպես անցուդարձ անելուց հետո նա կանգնեց հարևան սենյակի դռան առաջ․ նրա ոտները, կարծես ակամայից, գամվեցին հատակի վրա։ Հարևան սենյակի դուռը փոքր֊ինչ բաց էր, և այդ բացվածքից մյուս սենյակում նա տեսավ հետևյալը։

Հանդեպի պատի մոտ դրված փոքրիկ մահճակալի վրա պառկած էր յուր զավակը— փոքրիկ Հայկանուշը։ Նա քնած էր, որպես քնում են անմեղ և անհոգ մանուկները։ Նրա առաջ, հատակի վրա, տնային սպիտակ հանդերձով և ցիրուցան մազերով՝ չոքած էր յուր կինը— Նունեն։ Նա ձեռքերը կցած ուներ կրծքի վրա, իսկ սևորակ աչքերը ամենախորին ջերմ եռանդությամբ համբարձել էր դեպի երկինք։ Նրա շրթունքները շարժվում էին։ Նա աղոթում էր։ Որքա՜ն գեղեցիկ, որքա՜ն սքանչելի էր նա յուր այդ դրությամբ։ Ինչ-որ աներկրային, վեհ, սրբազան բան կար այդ երևույթի մեջ... Նա կարծես մի հրեշտակ լիներ, որ սրբազան լուսո ճաճանչներով շրջապատված՝ իջել էր երկնքից և անարատ սուրբի անարատ բերանով վեր էր առաքում բարձրելույն յուր սրբազան, ջերմաջերմ աղոթքը մեղավորների, հանցագործների հոգու փրկության համար․․․

Պարոն Հարունյանի բոլոր անդամներով ինչ-որ սարսուռ անցավ, որ ցնցեց նրա ողջ գոյությունը։ Նույն րոպեին նրա սրտի մեջ, կարծես, դժոխք բորբոքվեցավ։ Նա երկար չկարողացավ նայել հարևան սենյակի ներսը և, իսկույն քաշվելով մի կողմը, կարծես ուժասպառ, հենվեց պատին։ Նրան թվում էր, թե յուր անարժան հայացքով կարող է սրբապղծել հարևան սենյակի սրբազան տեսարանը.․.

Անցավ երկու րոպե, սենյակի դուռն անլսելի կերպով բացվեցավ, և հուշիկ քայլերով ներս մտավ տիկին Հարունյանը։ Նրան տեսնելուն պես՝ ամուսինը դողաց, որպես չարանենգ դևը հրեշտակի սրբազան ահավորության առաջ։ Տիկինն երևի կարծում էր, որ ամուսինը պարապում է, որովհետև մտնելուն պես գնաց դեպի գրասեղանը․ բայց տեսնելով, որ նրա առաջ ոչ ոք չկա, հանկարծ կանգնեց զարմացած և արագությամբ նայեց յուր շուրջը։ Նա տեսավ ամուսնուն, որ՝ առաջվա նման պատին հենված՝ սարսափով նայում էր նրա վրա, որպես հոգեառ հրեշտակի վրա։ Տիկինը շտապով մոտեցավ նրան։

— Ստեփաննո՛ս, ինչո՞ւ դու այդտեղ կանգնել ես,— զարմացած, կարեկցությամբ և երկյուղով հարցրեց նա։

Ամուսնու ոտները ծալվեցին, նա ընկավ ծնկների վրա կնոջ առաջ։

— Դո՛ւ, միայն դո՛ւ․․․— կարողացավ արտասանել նաև, ամուր գրկելով նրա ոտները, դեմքը ծածկեց նրա սպիտակ հանդերձի ծալքերի մեջ։

Կինն, առանց մի խոսք արտասանելու, կամաց կռացավ և նրա գլուխն առավ յուր ձեռքերի մեջ։