ՔՈՔԻՆԱՔԻ

(Իզմիրի կյանքե)

Առ տիկին...

Ա.

Քոքինաքին կերգեր, նուրբ ու ներդաշնակ ձայն մը որ գիշերն ի բուն կը համառեր ձայնոցին գոց ու կանանչ փեղկերուն դեմ. երբեմն ներսեն փսփսուք մը կը լսվեր, դուրս կը թափանցեր. Քոքինաքին էր. կը ճանչնային այս ձայնը որ հունարեն երգերու հատվածներով կուգար արթնցնել զիրենք կես գիշերին լռության մեջ։

Քոքինաքին՝ վտիտ ու դժգույն երիտասարդ մ՛էր նուրբ՝ իր ձայնին, գունաթափի հյուծախտավորի մը նման, տասը գիշեր անքուն հսկելու կարող իր դրուպատուրի անտանելի խոնջանքին տոկալով, և այսպես բոլոր քաղքին անհրաժեշտ եղող մարդ մը ըլլալուն գիտակցությունը ցույց տալով սովորաբար քնատութենե փակվող աչքերուն մեջ։

Իր ձայնը բոլոր քաղքին ձայնն էր, անոր վիշտերուն թարգման, ուրախությանդ մասնակից, գանգատող և լալագին ձայն մը բոլոր արևելքի ձայներուն պես։ — Առանց այս տղուն Իզմիր չի պիտի կրնար կարծես դուրս թափել միշտ արտահայտվելու տրամադիր եղող իր ոգին, գիտեին և ասոր համար կը պաշտեին Քոքինաքին. հայ, հույն, տաճիկ, եվրոպացի ձեռքե ձեռք կը քաշեին զինքը, շոյելով անոր ուսը, մեղմիվ, դրամ դնելով կամացուկ մը անոր ափին մեջ, և առաջարկելով երգ մը երգել իրենց իբրև թե խնդիրք մը կը ներկայացնեին ու երբ երգը վերջանար, միշտ զմայլանոք, անկեղծ երախտագիտությամբ մը դրվատելով երգիչը.

— Պռավո, Քոքինաքի։


Բ․

Քոքինաքին կերգեր, փողոցին մեջ մեկ գիծին վրա երկու կողմն շարունակվող լուսավոր կետերը, որ կազերուն դեղին ցոլքերն էին, հեռուն երթալով իրարու կը մոտենային, զիրար կը կտրեին և այդ դժգունած լուսով փողոցը կերկարեր ամայի, թափուր, իր տուներուն հուսահատական միօրինակությամբը որ լռին, ուղղագիծ պատնեշներու տպավորությունը կըներ վրաս և որոց ետին ամբողջ բանակ մը կերևակայեի բունի մեջ թաղված։ —

Մեր աղմուկեն, վասն զի մենք էինք Քոքինաքին երգել տվո զը ձայնոցին մեջ, գիշեր ատեն իրենց անդորրությունը խռովող անձերը տեսնելու տկար փորձեր կըլլային, փեղկերը բացվելու դղրդյուն մը կը լսվեր և ես պահվըտելու կը պատրաստվեի. աննշմարելի դառնալու չափազանց փափագով մը, պզտիկնալով բաց կառքին անկյունին մեջ, մինչդեռ Քոքինաքին իսկույն. հանպատրաստից, երգի նոր տուն մը կսկսեր Հոմերոսի լեզվով զոր ամեն ոք, ինձմե զատ, կը հասկնար այս ձայնոցին մեջ. իր բանաստեղծական տաղանդը ի հայտ կածեր, ճշմարիտ աշուղի մը պես որ վայրկյանեն, պարագայեն կը ներշնչվի։

Ես՝ այս ցուրտ գիշերեն, այս անմարդի թաղեն ու գոց պատուհաններեն ոչինչ պիտի գտնեի ներշնչվելու և ողորմագին բան մը պիտի ըլլար իմ տաղս եթե երբեք այս տեսակ հարկի մը տակ գտնվեի։

Բայց Քոքինաքին իր արվեստին քաջավարմ, այս ամեն ներշնչում մարող տեսարանին առջև չէր թերանար, կզգայի որ իր ոտանավորը կը կաղար, հանգերը իրարու չէին պատշաճեր և ամրափակ պատշգամներուն ուղղված հրավառ շեշտերը շարունակ նույն դիմառնությամբ կսկսեին՝

Ֆիլիմու Պետրոռաքի։ Երգին մեջ Սարգիս կամ Պետրոս աղան հունական մասնիկով մը կը հարստանար, կը քաղցրանար, տեսակ մը կրկնա մկրտության, կես գիշերին ու փողոցի մեջ, որով երգիչը՝ հավատարիմ իր օրթոտորս եկեղեցվույն խստապահանջությանը արվեստը կրոնքին հետ կը հաշտեցներ։

Զմեզ շրջապատող ստվերներուն մեջ, վրանիս իջնող գիշերվան շաղին տակ, մեր մայրենի եկեղեցվո ուղղափառությունը պաշտպանելու մտադիր չէի. վրաս ծանրացող թմրության մեջ, այս քաղցրալուր ձայնը՝ տեսակ մը նեննիի, օրորի թույլ ու հեշտ տպավորությամբը կը ներգործեր, մինչդեռ ընկերներս ընդհակառակն հետզհետե կոգևորվեին, հափշտակված անոր շեշտերեն, կը մոռնային ժամը, ցուրտը, խոնավությունը, զմեզ շրջապատող առանձնությունը՝ անոր դառնալով կըսեին աղաչավոր ու փայփայիչ.

— Քորինաքիմու...


Գ.

Հայնոցը հարթ ու տափարակ գետնի վրա շինված թաղ մ՛է, որուն քարահատակ փողոցները ուղիղ անկյուններով զիրար կը կտրեն, կը կտրտեն հաջ և հահյակ պտըտցնելով խաբվելու չափ նմանող երկհարկ տուներու շարքն ու երեսները զորս պարտեզ մը, ծառ մը, բույս մը չի դար կենդանացնել։ Իզուր կառքերնիմ կը շարժի, կը հառաջանա, ամեն կողմ տանիլ կուզե մեր աղմուկը, աննպատակ պահանջումները. անիվները կը թավալին շարունակ։

— Սարգիսյաններուն տանն առջևն ենք, կրսեն ինձ։

— Ասի Պաթմազյանն ելած տունն է, կըսե, մյուսը Հակոբոս աղային։

Ասոնցմե և ոչ մին կը տարբերի մյուսներեն, այնպես որ կես գիշերեն ի վեր հորմե հետե թափառական կը շրջինք, երազի մեջ քալող մարդու իրական անշարժության մեջ և միևնույն տանը առջև կը կարծեմ ինքզինքս։ —

Ընկերներս կերգեն, կը զվարճանան, քննադատելով իմ ապշած պոլսեցիի լրջությունս զոր պարզապես ծաղրելի կը գտնեն գիշերվան այս պահուն. օղի կառաջարկե մին. երգն կըսե մյուսը. դուք Պոլսո մեջ չե՞ք զբոսնուր, կը հարցնե երրորդը։

Պոլսո մեջ կզբոսնունք թե ոչ լավ մը չեմ դիտեր, բայդ հոս կզգամ անդիմադրելի փափագ մը մեկեն թոթափելու այն հիմար ծանրությունը զոր, չեմ գիտեր ինչու, զգեցած եմ այս գիշեր և իրենցմե բարձրաձայն պոռալու անհուն տենչ մը կը գրավե զիս։

Օղիին ազդեցության տակ՝ փողոցի տուները կսկսին տեղերնուն երերալ, շարժիչ, պարել, տիտանյան պար զոր կը դիտեմ հիմա առանց ահաբեկելու, ալ գլխիվայր կը տեսնեմ ինքզինքս առանց զարմանքիդ իմ ձայնս՝ ընկերներուս ձայնին կը խառնվի անհանդուրժելի ժխորի մը վերածելով անոնց երգը։

Հետո, ցույց տալով քիչ մալ իմ մայրաքաղաքացիի պարծենկոտ գերազանցությունս, Պոլսեն երգեր կերգեմ իրենց զորս կունկնդրեն, ու Քոքինաքին մեծ մեծ կը բանա իր փակվող աչքերը վախնալով որ չելլեմ ոսոխ և ախոյան հանդիսանամ իրեն։

Գիշերվան ցողը կը շարունակե տեղալ անձրևի պես թրջելով զմեզ և հոդացավի սպառնալիքներով խանգարելով մեր բերկրանքը։

Դ.

Առտվան մոտ ձայնոցը կը գթա վրանիս, բարեկենդանի սովորության համեմատ ծանոթներու բարեկամներու տուներ վերջապես կը հաճին հյուրընկալել զմեզ, մեր Քոքինաքիին հետ։

Տան տյարք ու տիրուհիք փութով կը հագվին, կուգան աչքերնին շփելով, ժպտուն սակայն, կագերը վառելու, նախ դիտելու համար եկողներուն դեմքը և այս տարօրինակ հյուրերը։

Գինի, քոնյաք, շամբանյը կը հրամցնեն իրենք ալ մասնակցելով մեր անիմաստ խնդումին և մեկնելու ժամուն արք մեզի ընկերանալով կստվարացնեն մեր շրջուն խումբը։

— Հոս բարեկենդանը այսպես է, կըսեն ինձ ամենքը միաբերան, արդարացնելով մեր գիշերային ուղևորությունը։ — Հետզհետե ասպատակող փոքրիկ բանակ մը կը դառնանք ձայնոցին մեջ, մինչդեռ աքաղաղը կը խոսի և Քոքինաքին կը վերսկսի նորելուկ հունական երգը, իր դաշն ձայնովը որ պատեպատ, դուռե դուռ կը կրկնվի կերկարաձգվի։

— Մա՜ր կա ա՜ա ռո...

Աստղերը տակավ առ տակավ բացվող երկնից կապույտին վրա կը դժգունին, անտեսանելի կըլլան, մութը՝ իր խստությունը կը կորսնցնե, կը մեղմանա. տուներուն գույները կը ճշտվին, փողոցներուն մեջ մարդիկ երևան կելլեն որք զմեզ կը դիտեն հիացած, կառքեր՝ քաղքին ուտելիքը կը կրեն ու տեղ տեղ կազերուն լույսը կը մարի։


Ե․

Վերջին տունն ուր գացինք, դեմս ելլողը դո՞ւն էիր որու կը նվիրեմ Իզմիրի բարեկենդանի այս փոքրիկ հատվածը․ գեթ մեկն էր որ քեզ կը նմաներ, այնքան կը նմաներ։

Քեզմե քիչ մր պակաս խոժոռություն դեմքին վրա երբ երեսս նայեր, ժպիտ մը ավելի... բայց ո՛չ, քու ժպիտեդ ավելի քաղցր ժպիտ չի կա. հասակը նուրբ, դյուրաթեք, հարուստ ու խիզախ կուրծքի մը բեռան տակ, քուկինիդ պես. միայն քեզի պես տրտում չէր անի։

Տեսնելուս պես մոտը գացի մտերմությամբ, զիս ներկայացնելու հարկ չիկա ըսի բարեկամիս. տեղը, ժամանակը, մարդիկը կը շփոթեի մտքիս մեջ. աղջիկը՝ երեսս կը նայեր խնդալով, զվարճանալով արբած պոլսեցիի համարձակությանս վրա։

Եվ խոսակցությունը կսկսի և անունդ տալով.

— Ի՜նչպես, հո՞ս դո՞ւք ալ։

Չէր ատասխաներ. ես կը համառեի.

— Տեսնենք ե՞րբեն ի վեր։

Աղջիկը բարձրաձայն խնդալե կը մարեր։

— Հոս, կը շարունակեի, Պոլիս չենք, բայց դուք միևնույն ծաղրող և անողորմ էակն եք։

Այնքան կը խնդար որ ալ պիտի ճաթեր։ Սենյակին մեջ եղանակները, ձայները, քահքահները, բաժակաց բախումը իրար կը խառնվեին։

— Չե՞ք պատասխաներ։

Այդ պահուն պատանության վերադարձ մը կըներ միտքս կը հիշեի բոլոր բոլոր այն անձնահույզ խանդաղատանքս որով քանի տարիներ հետևեցա քեզի, քեզի անծանոթ, ստվերի մը պես անշշուկ և վախկոտ, հետո սպասելն, քաջալերող ակնարկ մը սպասելե ու միշտ խոժոռած դեմքի մը հանդիպելե ձանձրանալս, անպատեհ սիրո մը համար ինծի արժանի վերջավորություն։

Եվ տեսնելով որ կը շարունակեր ծիծաղիլ վրաս, ձեռքը ուզեցի բռնել, այն ատեն խնդալը դադրեցուց և ուղղելով գեղեցիկ բարձր հասակը, սպանյոլի մը արտասանությամբ հեռացուց զիս։

— Ո՛վ կարծեցիր զիս, ծե՜ե՜ե՜։


Զ.

Դուրսը լուսցած էր. փողոցե փողոց մեր խումբը երթալով կը պակսեր՝ ընկերներս իրենց տան առջև հասնելնուն դռնեն ներս կը սպրդեին մեկիկ մեկիկ, խորհրդավոր էակներու պես կանհետանային թողլով որ մնացողները շարունակեն Բարեկենդանը։

Ես կը շարունակեի քալել անգետ և անփույթ որ կողմ երթալուս ցորչափ Քոքինաքին իր ձայնովը կառաջնորդեր ինձ անծանոթ աշխարհի մը մեջ զոր գինովութենե գրգռյալ ուղեղս իզուր կը ջանար պարունակել. և տասը վայրկյանի մեջ ամեն ինչ կը հատներ կանհետանար չորս դիս, այս բարեկենդանի գիշերը, բարեկամներս, ձայնոցը, և այս բոլորին խառնվող պատանության հիշատակը, հոս մինակ գլուխ գլխի ձգելով զիս Սոքինաքիին հետ առավոտյան պայծառ լույսին տակ փողոցին մեջտեղը, բայց երգիչին բոլոր գիշերվան եղանակները կը հնչեին միշտ ականջիս, քնարի մը թելերուն պես որ նվագածուին դադրելեն վերջը դեռ կը թրթռան ամբողջ երեկույթի մարող սպառող արձագանքին պես։

<1891>