Օհաննեսի հեքիաթ
4. ՕՀԱՆԵՍԻ ՀԵՔԻԱԹԸ
Ժամանակով մի մարդ կար, ըտրան ուներ վեց տղա. մենծ տղի հետ էթում էր, ցախ էր քաշում, բերում էր ծախում:
Մենծ տղեն մի օր ասեց.— Ես պտի տանեմ ցախը, քուչեքը ման ածեմ։
Տարավ։ Մի կնիկ դուս էկավ տանիցը, շատ հարուստ էր, էդ տղին տեհավ, աչքս ընկավ էդ տղին, շատ հավանեց:
— Ա՛յ տղա, ցախդ բե՛, ես կառնեմ:
Ասեց.— Ի՞նչ աժի։
Ասեց.— Ի՞նչ սիրտդ կուզի, տո՛ւր:
Հանեց մի մանեթ փող տվեց։
Ասեց.— Քեզ հեր, մեր ունե՞ս։
Ասեց.— Ո՛ւնեմ:
Ասեց․— Աղպեր էլ ունե՞ս։
Ասեց.— Հինգն էլ տանը կա:
Ասեց.— Հերդ ի՞նչ բանի ա:
Ասեց.— Հերս էլ ա ցախ քաշում, բերում ենթ, ծախում:
Ասեց.– Հորդ էլ ասա՛, էրկսով Էլ ցախը բերեք ըստեղ, էրկսիդ ցախն էլ կտոնեմ:
Տղեն վե կացավ, գնաց: Տեհավ՝ հերը հլա ցախը չի ծախե, ասեց.— Ա՛յ հեր, ես տարա տվի մի մանեթի, էգուց ես էլ, դու էլ էրկսով տանենք, ընտեղ ծախենք։
Էգսի օրը ցախն առան, գնացին ընտրանց տունը։ Էդ կնիկը հանեց մի-մի մանեթ փող տվեց ամեքին, ասեց․— Էս տղին չե՞ս ծախի, ես առնեմ։
Ասեց.— Էթամ մորիցը հարցնեմ, էգուց պատասխան կբերեմ։
Ասեց.— Մի կոտ ոսկի կտամ քու տղին, էգուց գալուս մի-մի շըլակ էլ ցախ վե կալեք բերեք, մի-մի մանեթ էլ փող կտամ։
Թողացին, գնացին։
Գնացին տուն, կնկանը հարցրեց, ասեց.— Ա՛յ կնիկ, մեր տղին մի կոտ ոսկի են տալի, կարող ա մեզանից էլ լավ պահի, մի բան որ տանը հինգը կա, արի՝ տանք։
— Տա՛նք, զաթի դու էլ հալիվորել ես, չես կարում աշխատի, մի կոտ ոսկի կառնես, հա՛մ դու լավ կապրես հա՛մ քո՛ւ տղեքը։
Ասեց.— Շա՛տ լավ ես ասում, ա՛յ կնիկ,
Էգսի օրը ցախը վե կալան հեր ու տղա գնացին։ Եբոր ցախը վե դրին, հանեց էրկու մանեթը տվեց, ասեց․— Տղիդ տալի՞ս ես։
Ասեց.— Տալիս եմ։
Մի կոտ ոսկի չափեց, լցրեց ջվալի մեջը, ասեց.— Դե տար կե՛։
Տղին վե կալավ, մի ջոկ օթախ տարավ. մարդ ղրկեց, մի լավ վարժապետ կանչեց, հախը բարըշեց, ասեց.— Լա՛վ ուսում պտի տաս իմ տղին։
Վեց ամսից եդը խանումը էդ տղին հարցրեց.— Ո՞նց ա ուսումդ, լա՞վ ա:
Ասեց.— Շա՛տ լավ ա։
Ասեց.— Կարաս քեզնու գլուխ մի դուքան բաց անի, առտուր անի։
Ասեց.— Շա՛տ լավ։
Էդ կնիկը մի քանի հազար մանեթ տվեց, տղեն գնաց դուքան բռնեց, ապրանք առավ, սկսեց առըտուր անիլը։ Մի օր, էրկու օր եդը, տեհավ՝ մուշտարին շատացավ, մի պրիկաշչիկ բռնեց։ Մի քանի օր արանքը անց կացավ, տեհավ՝ մի պրիկաշչիկը չի կարում օգտիցը գա, էրկու իրերն էլ բռնեց, համարյա տասնէրկու պրիկաշչիկ պահեց։ Սաղ քաղաքը զարմացավ դրա առըտուրի աջողության վրա։
Խաբարը տանք էդ կնկա մարդիցը։
Էդ մարդն էլ առըտուրական էր, եբոր իրա դուքանը նստած միջոցին էս ու էն էթում ին Օհանեսի դուքանը մտիկ ին անում, դա էլ վե կացավ, գնաց։
Եբոր մտավ դրա դուքանը, բարև տվեց, տղեն վե կացավ, ասեց.— Տղե՛ք, ըսկամի տվե՛ք, թո՛ղ նստի հերս։
Ինքը ճանանչում էր էդ մարդին, մինակ հերը չէր ճանանչում դրան։
Մրխելի նստելուց եդը, հաց բերին, ասեց.— Հայրի՛կ, ա՛րի հաց ուտենք:
Ասեց.— Շնորհակալ եմ, ես նոր հաց կերա, ո՞նց ա, որ ըսքան եդի եք հաց ուտում։
Ասեց.— Ի՞նչ անենք, տենում ես, մաջալ չի ըլնում։
Էդ մարդը նստում ա, հաց ուտում, շնորհակալ ըլնում, էթում։
Իրիկունը կնկանը ասում ա.— Ըսօր գնացել ի Օհանեսի դուքանը, լավ պատիվ տվեց, շատ լավ տղա ա, լավ էլ գործ ունի, էրնակ յա ըտենց տղա ունենայինք, յա ըտենց փեսա, էլ աշխարքի տակին դարդ չինք ունենա։
Կնիկն ասեց.— Էգուց շաբաթ ա, կարաս, կանչա գա՛ մեր տունը, ես կհամոզեմ, մեր աղջիկը կտանք։
Ասեց.— Չի՛ գա, անծանոթ տղա, խի՞ ա գալի:
Ասեց.— Դու ասա՛, բալքիմ էկավ, կանչում ես պատիվ տալու, հո ուրիշ բանի հմար չե՞ս կանչում։
Առավոտը գշերով կնիկը գնաց Օհանեսի օթախն, ասեց.— Իրիկվա Ժամերի վախտը որ հերդ կգա քու դուքանը, կասի․ «Էթանը մեզ ղոնաղ», մի քիչ չեմ-չում կանես, նո՚ր վե կկենաս, իրար հետ կգաք: Եբոր էկար տուն, ոնց որ անծանոթ, ինձ հետ կբարևես, Շուշանկի հետ էլ կբարևես, ընենց որ հերդ կարծիք չանի, թե դու ըստեղ ապրել ես։
Տղեն վե կացավ, գնաց դուքան։ Իրիկունը, ժամերի վախտը էդ մարդը գնաը Օհանեսի դուքանը, բարև տվեց, էլի հրամայեց պրիկաշչիկներին, թե՝ ըսկամի տվե՚ք, հայրիկը նստի։
Մի սհաթ քիմի նստեց, ասեց.— Խնդրում եմ էս իրիկուն էթանք մեր տուն, մի քիչ խոսանք։
Ասեց.— Էս իրիկուն շաբաթ իրիկուն ա, պտի հաշիվ տենանք, ո՞նց գամ։
Ասեց.— Հաշիվը էգուց կտենաք, էկե՛ք էթանք։
Ասեց.— Շա՛տ լավ, է՛թանք։
Վե կացան, գնացին։ Եբոր հասան ժամի դուռը զանգերը տվեց, մարդն ասեց.— Մտնենք, մի էրկու ծունդր դնենք, էթանք:
Մտան եկեղեցի, եդ թամաշ արեց տեհավ, որ իրանց հարևանի տղեն էթում էր տուն, ասեց.— Ա՛ռ քեզ մի աբասի, գնա խանըմին ասա. «Աղեն Օհանեսին բերում ա»։
Տղեն վազեց, գնաց։
Մի էրկու ծունդր դրին, վե կացան գնացին։ Գնացին տուն, բարև տվին, կնիկը բարևն առավ, նստացրեց, սկսեցին խոսալը։ Չայ բերին՝ խմեցին, հաց բերին՝ կերան, տղեն վե կացավ էթալու, կնիկը մի դհիցը, մարդը մի դհիցը կախ ընկան փեշիցը, թե․— Էս վախտ ո՞ւր ես էթում, էս գշեր ըստեղ կաց, առավոտը կէթաս:
Տղեն չկացավ, էլի գնաց իրա օթախը, պառկեց։
Առավոտը մարդ ու կնիկ շատ թեզ վե կացան, մարդն ասեց.– Մի լավ պատրաստություն տե՛ս, էդ տղին լավ պատվենք:
Կնիկն ասեց.— Լավ կպատվենք, եդո ես կասեմ. «Ա՛րի, մեր աղջիկն ա՛ռ»:
Ասեց.— Քու էրեսը ո՞նց պտի բռնի։
Ասեց.— Կասեմ։
Կնիկը գնաց տղի օթախն, ասեց.— Հմի որ չայ կխմենք, կպրծնենք, ես կասեմ, թե. «Օհանե՛ս, իմ Շուշանիկը պտի տամ քեզ»․ դու մի քիչ թաշախուստ ծախա. եբոր մենք կզոռենք, ասա՝ լա՛վ։
Վե կացավ լվացվեց, էկավ, նստեցին, չայ խմեցին։
Կնիկն ասեց.— Օհանե՛ս, տենո՞ւմ ես՝ իմ աղջիկն ինչքա՞ն սիրուն ա, արի իմ աղջիկը տամ քեզ, ըլնես իմ փեսեն։
Օհանեսը մտիկ տվեց Շուշանըկի էրեսին, տեհավ՝ շատ սիրուն ա, սիրտը կպավ, համա ասեց.— Չէ՛, հլա իմ վախտը չի, հլա տասէրկու պրիկաշչիկ ունեմ, շինեմ քսանչորսը՝ նո՛ր։
Մարդը վե կալավ ասեց.— Ինչքան փող ես ուզում՝ տանք. փա՛ռք ասսու, ըսքան կարողություն ունեմ, մի աղջիկ։
Տղեն ասեց.— Շա՛տ լավ, որ ուզում եք՝ ես էլ կառնեմ։
Էն սհաթը նշան տվին, մի հինգ, տասն օրից եդը պսակեցին:
Եբոր հարսանիքը պրծան, տղեն գնաց, որ աղջկա ծոցին քնի, շորերը հանեց, տեղաշորի միջին նստեց, աղջիկն էկավ կողքին կաննեց մի «ա՜խ» քաշեց։
Տղեն ասեց.— Խի՞ «ախ» քաշեցիր։
Ասեց.— Ընե՛նց, միտս մի բան ընկավ, «ախ» քաշեցի։
Ասեց.— Պտի՛ ասես, թե խի՞ ախ, քաշեցիր, թե չէ շորերս հագնում եմ։
Աղչիկը ճարը կտրվեց, ասեց.— Ես մի միլիոնչու աղջիկ, դու մի չոփչու տղա, ոնց իրար առանք։
Տղեն ասեց.— Ես հլա քու ծոցը չեմ մտե, դու էդ խոսքը ինձ ասեցի՜ր,— վե կացավ, շորերը հագավ, ասեց,— դե՛, մնաս բարո՛վ, գնա՛, միլիոնչու տղի ա՛ռ։
Վե կացավ, գլուխն առավ, գնաց։ Թե մեկ օր գնաց, թե հինգ օր գնաց, հասավ մի քաղաք:
Խաբարը տանը աղջկանիցը։
Աղջիկը ընքան լաց էլավ, որ աչքերը կոկոնեց, ուռեց, նստած տեղը քնեց: Առավոտը վե կացավ մերը, տեհավ, ո՛նչ աղջիկն ա դուս գալի, ո՚նչ տղեն:
Մարդն ասեց.— Ա՛յ կնիկ, գնա տես՝ ի՛նչ էլան, կանչա՛, գան՝ չայ խմենք։
Գնաց, մտավ աղջկա օթախը, տեհավ աղջիկը շորերը հագին, քիթ ու բերնի վրա ընկած ա:
— Աղջի՜, աղջի՛։
Աղջիկը զարթնեց, տեհավ, որ մերն ա:
— Օհանեսն ո՞ւր ա։
Սկսեց լաց ըլնիլ: Նո՛ր պատմեց մորը թե՝ էս խոսքը ասեցի, տղեն խռովեց, գնաց: Էրկու բամփ տվեց աղջկա գլխին, թե.— Բեմուրազ մեռնես, խի՞ էդ խոսքը ասեցիր: Դու չտեհա՞ր՝ ես ի՛նչքան ոսկի տվի ասա, ի՛նչքան չարչարվեցի, ուսումի տվի, բիրաղի քեզ հմար, դու խի՞ իր էդ խոսքն ասում։
Հերն էլ իմացավ, շատ բարկացավ վրեն, համա էլ անց էր կացե: Մարդը չորս մարդ բռնեց, է՛ս յանը, է՛ն յանը ղրկեց, որ ման գան, գտնեն, բերեն։
Խաբարը տանք Օհանեսիցը։
Եբոր Օհանեսը հասավ մի քաղաք, գնաց մի ղայֆաչու դուքան, ըտեղ մտխսուղ լիզուն լալացրեց, մի գիր գրեց, թե. «Ղայֆա բե՛ր»: Բերեց՝ խմեց:
Խմելուց եդը, մի գիր գրեց, ասեց, «Ես քեզ կլնեմ պրիկաշչիկ»:
Ասեց.– Դու լալ ո՞նց պտի մուշտարու հետ խոսաս:
Ասեց.— Բա՛ն չկա, կխոսամ:
— Դե՛, դու գիտաս,– ասեց,– իլ[1]:
Եբոր էլավ պրիկաշչիկ, ընքան մուշտարի թափեց էդ ղայֆեն, որ մաջալ չէր ըլնում հաց ուտեին:
Էդ Օհանեսին ման էկող տղեքանց մեկը՝ ման գալով՝ էկավ Օհանեսին գտավ, ասեց.— Բարո՛վ, աղա՛:
Օհանեսը չխոսաց ըսկի, ինչքան արեց, չխոսաց։
Ղայֆաչին էկավ ասեց.— Էդ տղեն լալ ա, չի խոսում։
— Ո՞նց թե լալ ա, տասնէրկու պրիկաշչիկ ունի, ինքը միլիոնչու փեսա:
Էկան ըտի մառջ էկան՝ հինգ օրվա միջին թե խոսացրեց, հինգ հարուր մանեթ ղայֆաչուցն առնի, թե չկարացավ՝ հինգ հարուր մանեթ ինքը տա։
Հինգ օր գնաց֊էկավ, գնաց-էկավ, ինչքան խնդրվեց՝ չէլավ, չխոսաց. հինգ օրը թամմեց, հինդ հարուր մանեթ ղայֆաչին առավ, ինքը փոր ու փոշման եդ գնաց, ասեց.— Կէթամ հազար մանեթ կբերեմ, կխոսացնեմ։
Գնաց պատմեց Օհանեսի անորը, ասեց.— Ես կէթամ, կբերեմ։ Աները վե կացավ էկավ Օհանեսի կուշտը, տեհավ՝ շատ ուրախացավ, ուզեց խոսացնի, չխոսաց։
Ղայֆաչին էկավ, ասեց.— Էդ մարդը լալ ա, ի՞նչ եք ուզում էդ մարդից։
Ասեց.— Չէ՛, իմ փեսեն ա, լալ չի՛։
Ասեց.— Կուզես մառջ գանք, լալ ա։
Մառջ էկան հազար մանեթի վրա, հինգ օր ժամանակի։
Աները շատ աշխատեց, որ խոսացնի՝ չխոսաց։ Ղայֆաչին հինգ օրը թամմելուց եդո գնաց, թագավորին գանգատվեց. թագավորը հազար մանեթ առավ էդ մարդիցը, տվեց ղայֆաչուն։ Էդ մարդը եդ դառավ, էկավ տուն, կնկանն ու աղջկանը պատմեց, թե.— Ընտեղ էր, հա՛մ չկարացի խոսացնի, հա՛մ էլ չէկավ —:
Աղջիկը խնդրվեց հորը, թե.— Ես էթամ, բալքի բերեմ։
Հերը փող տվեց աղջկանը. աղջիկը վե կացավ, գնաց։ Գնաց հասավ մարդի մոտը, բարով տվեց՝ բարովը չառավ, շլինքը թեքեց, կաննեց կողքին, ինչքան խոսաց՝ չխոսաց։
Ղայֆաչին ընդիան էլի էկավ, տեհավ էդ աղջկանը, ասեց.
— Լա՛լ ա, լա՛լ, էս մարդը։
Աղջիկն ասեց.– Իմ նշանածն ա, ո՞նց թե լալ ա:
Ղայֆաչին ասեց.— Էս քանի ամիս ա իմ մասին ա կենում․ լա՛լ ա։
— Իմ նշանածն ա, ես գիտամ, որ լալ չի:
Ղայֆաչին ասեց.— Քեզ հինգ օր ժամանակ, թե խոսացրիր՝ քեզ հազար մանեթ փող տամ, իմ գլուխն էլ թող կտրվի, թե չխոսացրիր՝ հազար մանեթ դու տաս, քու գլուխն էլ կտրվի։
Գնացին թագավորի մոտ, պայման արին։ Պայման արին, էկան. աղջիկը շատ աղաչեց ու լաց էլավ, տղեն չխոսաց։
Հինգ օրը թամմեց, ղայֆաչին գնաց թագավորի կուշտն, ասեց.— Մեր ժամանակը ըսօր թամմել ա։
Թագավորը աղջկանը կանչեց, ասեց.— Էգուց գլուխդ պտի կտրեմ, ճարդ տենում ես, տե՛ս։
Աղջիկը փոր ու փոշման վե կացավ էկավ տղի մոտ, էլի լաց էլավ, ասեց.— Չէ՞ ես քու նշանածն եմ, անտեղի խի՞ ես իմ գլուխը կտրիլ տալի, ես մեղքը չե՞մ, ես քեզ ի՞նչ եմ արե։
Տղեն բան չխոսաց։ Մնաց էն էգսի օրը, թագավորը կանչեց հա՛մ աղջկանը, համ ղայֆաչուն։ Բազմաթյունը քոմմա էկել էր թամաշ անելու։ Տղեն մտածեց, որ աղջկանը անպատճառ պտի խեղտեն, գնաց եդեիցը, թագավորին գլուխ տվեց, կաննեց. տեհավ տարաղաջը հազրել են, պտի խեղտեն, մի գիր գրեց տվեց թագավորին, թե.— Կես սհաթ ինձ ժամանակ տո՛ւ, եդո խեղտա։
Թագավորը ժամանակ տվեց. տղեն էկավ, ման էկավ, մի փուչ պոպոք առավ ու գնաց, ձեռը մեկնեց թագավորին, ասեց.— Ա՛ռ, թագավորն ապրած կենա, էս պոպոքը տո՛ւ էդ աղջկանը։
Եբոր բիրադի տեհան, որ տղեն հանկարծ խոսաց, քոմմեքն էլ մնացին շիվարած։
Թագավորը ասում ա տղին.— Էդ խի՞ քանի ամիս ա չիր խոսում, հմի խոսացիր։
Ասեց.— Քանի ամիս ա չի խոսում, չունքի էդ աղջիկն ինձ ասեց, թե. «Ես մի միլիոնչու աղջիկ, դու մի չոփչու տղա, ո՞նց էկանք իրար առանք»։ Ես էլ ինադ արի, էլ չխոսացի, գլուիս առա, էկա էս կողմե: Հմի էլ իրավունք չունի խոսալու, չունքի մի փուշ պոպոքով եմ առե սրա արինը:
Թագավորը հասավ դրա ճակատը պաչեց, ասեց.— Ղո՛չաղ տղա ես, քու թասըբին կեր չարիր։
Ղայֆաչին մոլորած կաննած էր, թե իրա գլուխը պտի կտրիլ տա։
Թագավորը հարցրեց տղին.— Հմի ղայֆաչու գլուխը կտրե՞մ։
Ասեց.— Չէ՛:
Ղայֆաչին տղիցը շնորհակալություն արեց, գնաց։
Թագավորը տղին պարգևներ տվեց, տղեն շնորհակալություն արեց, վե կալավ կնիկն ու գնաց։ Գնաց, հասավ իրա անոր տունը․ թազադան օխտն օր, օխտը գշեր հարսանիք արին։
Դրանք հասան իրանց մուրազին, ով որ կարոտ ա՝ նա էլ հասնի իրա մուրազին։
Ասսանից իրեք խնձոր ընկավ, մինն՝ ասողին, մինը՝ լսողին, մինն էլ՝ անկաջ դնողին։
- ↑ Եղիր (Ծ. Բ.):