32. ՕՁԻ ՀԵՔԻԱԹԸ

Ժամանակով մի ռըշպար մարդ կար, չորս-հինգ տղա ուներ, բիրադի մանդր, խմորակեր, ինքն էլ քյասիբ, ողորմելի. աշխատում էր, աշխատում էր, էլի սո՛ված, սո՛ված:

Մի իրիկուն նստեց կնկա մոտը, ասեց.— Ա՛յ կնիկ, ես էգուց պտի էթամ ղարբություն՝ աշխատելու։

— Էթում ես՝ գնա՛, ըստեղ մնում ես ի՞նչ օգուտ։

Տղեն առավոտը քնատեղիցը վե կացավ, հինգ օր գնաց, հասավ մի քաղաք։ Էդ քաղաքի միջին ման էր գալի, տեհավ մի կնիկ բալկոնումը կաննած էր, եբոր մոտացավ, էդ կնիկը ձեն տվեց,ասեց.— Ա՛յ տղա, վի՛րև արի, վի՛րև արի:

Տղեն շատ ուրախացավ, ասեց.— Լա՛վ ա, հարուստ կնիկ ա, գործի կդնի։

Գնաց բանձրացավ բալկոնը, կնիկն ասեց.— Ա՛րի նեքսև։

Տղեն ասեց.— Գո՞րծ կա, ասա անեմ, գամ նեքսև ի՞նչ անեմ։

— Հլա ա՛րի նեքսև, եդով։

Տղեն ամոթու մտավ նեքսև, կուչ էկավ, կաննեց։

Ասեց.— Խի՞ ես կաննել, ա՛րի նստի։

Կռնիցը բռնեց, նստացրեց։ Սկսեց հացի պատրաստություն տենալը։ Եբոր հացը բերեց, իրար հետ նստեցին, կերան։

Հացը ուտելուց եդը տղեն ասեց.— Խանո՛ւմ, դե ի՛նչ անելու եմ, ասա՛, վե կենամ, անեմ։

Ասեց.— Նստի՛, խոսանք հլա։

Եբոր նստեցին, աղջիկն ասեց.— Ա՛յ աղա, ինձ կառնե՞ս:

Տղի սարսափը բռնեց, ասեց.— Խանո՛ւմ, էդ ի՞նչ ես ասում:

Վե կացավ որ կաննի, փեշը բռնեց.— Խի՞ ես վե կենում,— ասեց։

Ասեց.— Խանո՛ւմ, ես մի քյասիբ մարդ, էս տների տիրոնչը ես ո՞նց առնեմ։

Ասեց.— Բա՛ն չկա, ես քեզ կառնեմ։

Տղեն ասեց.— Չէ՛, չե՛մ առնի, ես երկուղ եմ անում քեզանից:

Ասեց.— Խի՞ ես երկուղ անում, ինձ չես հավանո՞ւմ։

Ասեց.— Հավանում եմ, համա էդ սիրունությունի, էդ հարստությունի տեր աղջիկը ո՞նց լայաղ կանի, ինձ կառնի։

Վե կացավ, գնաց։

— Ա՛յ աղա, ո՞ւր ես էթում, ո՞ւր ես էթում։

Տղեն անկաջ չարեց, վեր էկավ գնաց։ Գնաց մինչև իրիկուն ման էկավ, իրիկունը գնաց խանը պառկեց, տեսավ լուն մի դհիցը, ոչիլը դհիցը, մինչանք լիս քունը չտարավ։

Ասեց. «Ափսո՜ս, նրան պտի առած ըլնեի, հմի փափուկ դոշակի վրա պառկած կըլնեի։— Ասեց.— Առավոտը վե կենամ, էթամ էլի էն քուչեն, եբոր կանչեց, կէթամ, կառնեմ»։

Առավոտը ոըշպարը վե կացավ, էլի ման գալով էկավ հասավ էդ բալկոնի տակը։ Էդ աղջիկը բալկոնումը կաննած էր, դրան տենալուն քիմի, կանչեց.— Ա՛րի վիրև, ա՛րի վիրև,— ասեց։

Էդ տղեն գնաց վիրև։ Եբոր գնաց վիրև, էլի ամանչեց, ամոթու կաննեց բալկոնումը, նեքսև չմտավ։ Աղջիկը կռնիցը բռնեց, տարավ նեքսև, էլի նստացրեց, բերեց հաց դրեց, նստեցին կերան։

Կերան, խմեցին, աղջիկն ասեց.— Ա՛յ տղա, ա՛րի ինձ առ, չե՛ս փոշմանի։

Ասեց.— Ո՞նց անեմ, էս տների տերը, էս կարողության տերը կարող ա մի իսկական ունենա, գա ինձ սըպանի։

Ասեց.– Ո՛չ ասկական, ո՛չ բարեկամ, ոչ մի բան չունեմ ես, ա՛ռ, չես փոշմանի։ Սավայի էս տները, տասը հատ էլ դուքան ունեմ բաղարումը, մեկումը դու նստի առըտուր արա, իննը տու քրեհով։

— Ո՛ր ասում ես, կառնեմ,— ասեց տղեն։

Աղջիկն ուրախացավ, վե կացավ, ջուր դրեց, տաքացրեց, դրեց դրան թեշտը, լեղացրեց, բերեց մի թամուզ ձեռք շոր հագցրեց ասեց.— Դե գնա՛, տերտերին կանչա՛, թող գա մեզ պսակի։

Տղեն վե կացավ վազեց, տերտերին վե կալավ, բերեց։ Էկավ տերտերը պսակեց, թողաց գնաց։

Աղջիկն ասեց.— Հմի մենք էլանք մարդ ու կնիկ, մենակ մի բան եմ խնդրվում. ես միս չեմ ուտում, միս մի բերի տուն, սիրտդ կուզի՝ բազարումը ա՛ռ, կե՛։

Տղեն ասեց.— Շա՛տ լավ, չե՛ս ուտի՝ չե՛մ բերի։

Վե կացան, իրար ճիտ արին ու քնեցին։ Քե՜ֆը դրանց քեֆն էր։

Ըտենց ապրեցին իրեք տարի։

Իրեք տարուց եդը դուքանումը նստած վախտը խաբարն էկավ, թե Ստամբոլա յանիցը մի մենծ բազրկյան ա էկե, բերածը քոմմա խաս ապրանք ա։ Վե կացավ, դուքանի դուռը շինեց, գնաց էդ բազըրկյանի մոտը, որ տենա, թե ի՛նչ ապրանք ա բերե։

Բարև տվեց, նստեց, ասեց.— Ի՞նչ թանկագին բան ես բերե, ուզում եմ կնկանս հմար առնեմ։

Ասեց.— Մի շատ լավ մարգարտե շապիկ կա, տա՛ր թող տենա, թե վրին կըլեի, կհավանի՝ վե կա՛լ, թե չէ՝ իմ մալը եդ բե՛։

Վե կալավ, տարավ։ Տարավ կնկանն ասեց.— Մի լավ բան եմ բերե։

Ասեց.— Ի՞նչ ես բերե։

Ասեց.— Մարգարտե շապիկ, քու սիրուն ջանին լայաղ։

Եբոր տեհավ, ասեց.— էս ես չեմ հագնի։

Ասեց.— Խի՞, թանկ ա դրա հմար, ես էլ քեզ ղուրբա՜ն, մեր կարողաթյո՜ւնն էլ։

— Չէ՛,– ասեց,— ա՛յ մարդ չե՛մ հագնի։

— Չէ՛, պտի հագնես։

— Որ հագնեմ, կմեռնեմ, ուզում ես մեռնեմ՝ հագնե՛մ։

— Էդ ի՞նչ ես ասում, ա՛յ կնիկ, կտանեմ կտամ տիրոնչը։

Վե կացավ, տարավ։ Բաղրկյանն ասեց.— Խի՞ բերեցիր, չհավանե՞ց, թե նեղ էկավ։

— Չէ,— ասեց,— չի ուզում,— ասում ա,— որ հագնեմ՝ կմեռնեմ։

— Ո՛ր ըտենց ա, քու կնիկը օձ ա։

— Ի՞նչ ես ասում, ա՛յ մարդ, կնիկն էլ օձ կըլնի՞։

— Միամի՜տ մարդ, էդ շապիկը ո՛ր չի հագնում, քու կնիկը օձ ա։ Քու կնիկը միս ո՞ւտում ա։

Ասեց.— Չէ՛։

Ասեց.— Օձ ա, ո՛ր օձ: Ես ստամբոլցի եմ, ես երկինք֊գետինք քննել եմ, ես չեմ գիտում օձ ա՞: Քեզ վեց տարի ժամանակ ա դրել, իրեքը անց ա կացե, մնացել ա իրեքը, հըլա երկուղ մի՛ անի, իրեք տարուց եդը նոր կսըպանի քեզ։ Ըտենց շատերին ա արել, սըպանել, էդ կարողությունը հավաքել ա:

Ասեց.— Վիրև աստված, ներքև դու, պտի ինձ ազատես, էդ անիրավիցը։

— Երկուղ մի՛ անի, կազատեմ։ Էս իրեք տարի ա ըսկի միս տարե՞լ ես տուն։

— Չէ՛:

— Ես չեմ դիդո՞ւմ՝ օձ ա քու կնիկը, միս չի ուտում։— Ասեց․— Իրիկունը իրան բան չասես, առավոտը կգաս ոչխարի մսի էն լավ տեղիցը կառնես, դուքանումը կպահես մինչանք իրիկուն, իրիկունը մախսուս մթնով կէթաս, կասես. «Ա՛յ կնիկ, ըսօր մուշտարին շատ-շատ էր, մաջալ չարի էփիլ տայի, առավոտվանից սոված եմ, վե կա՛ց, էս միսը խորոված արա՝ ուտենք»։ Կնիկդ խորոված կանի, դու զոռա՝ թող մի թիքա ուտի, եբոր կերավ, քնելու վախտը գնա դու դրսև, արի նեքսև. նա ո՛ր կէթա դուս՝ ինչքան տանը ջուր կա՝ թափա՛, մի փարչի միջի ջուր ածա, կախ տու, դու գնա քու տեղը մտի, քնի. երկուղ մի՛ անի. գշերվա մի վախտը եբոր ծարավացավ, էն ուղղակի կդառնա օձ. էն ժամանակը քու ջանը կսկսի սառիլը, դու երկուղ մի՛ անի, քեզ վնաս չի տա, թող վե կենա, էթա։ Կէթա, ջուր կխմի, կգա եդ, էլի կդառնա կնիկ, քու ծոցին կպառկի։ Եբոր լիսը բացվի, արի մոտը։

Էդ տղեն իրիկունը կնկանը բան չասեց։ Էգսի առավոտը էն գլխեն գնաց ոչխարի միսը առավ, բերեց դուքանումը պահեց, իրիկունը էկավ տուն, կնկանն ասեց.— Ըսօր մուշտարիս շատ-շատ էր, միսն առա, մաշալ չէլավ էփիլ տայի, մնաց, վե կա՛ց, խորոված արա՛, ուտենք։

Կնիկը վե կացավ, օջաղը վառեց, խորովածը արեց, դրեց մարդի առաջը, գնաց ղրաղ նստեց։

Ասեց.— Ա՛յ կնիկ, ես ուտեմ՝ բա դու ըտեղ նստե՜ս, ախար մեղք ա. սրա ֆոտը սաղ քաղաքը բռնել ա, դու մի կտոր էլ ա չես ուտում։

Ասեց.– Քեզ անուշ ըլնի՝ կե՛ր։

Ասեց.— Ա՛յ կնիկ, մի թիքա էլ ա կե՛ր։

Կնիկն ամոթու մի թիքա կերավ։

Հացը վե կալան, տեղերը քցեցին, մարդը գնաց դրսև, էկավ, կնիկը գնաց դրսև, մարդը տան միջի ջրերը քոմմա թափեց, մի փարչ ջուր լցրեց, պատիցը կախ արեց, էկավ պառկեց, քնեց։ Կնիկն էլ դրսևից էկավ՝ քնեց։ Կես գշերին մարդը տեհավ, որ ջանը սառեց, սառեց, սառելուն քիմի զարթնեց, տեհավ կնիկը օձ դառավ, տեղաշորիցը դուս էկավ, օթախի մեջը ֆշշալեն դե՛ս ման էկավ, դե՛ն ման էկավ, տեհավ փարչը կախ տված ա՝ բանձրացավ խմեց, էլի վեր էկավ, էկավ տեղաշորի մեջ մտավ, էլավ էլի կնիկ։

Առավոտը էդ մարդը վե կացավ, դո՛ւզ գնաց էն բազրկյանի մոտը, ասեց.— Ո՛նց որ դու ասել իր, ընենց էլ էլավ։

Բազրկյանն ասեց․— Ես չեմ գիտո՜ւմ, որ քու կնիկը օձ ա, ես ո՞վ եմ, ա՜յ հա՜յ։

Տղեն ասեց.— Վիրև աստված, ներքև դու, ինձ ազատա էդ անիրավի ձեռիցը։

Ասեց․– Երկուղ մի՛ անի, կազատեմ։ Էս իրեք տարվա միջին քեզ համար ըսկի գաթա թխե՞լ ա։

— Չէ՛:

— Էս իրիկուն, եբոր կէթաս, կասես. «Ա՛յ կնիկ, էս ա իրեք տարի ա քեզ առել եմ, մեկ օրից մեկ օր չասեցիր՝ մի գաթա թխեմ, մարդս ուտի. սիրտս գաթա ա ուզում, վե կա՛ց, էրկու հատ էլ ա թխա»։ Եբոր թունդիրը կվառի, կսկսի էփիլը, ոտիցը բռնա, քցա թունդիրը, խուփը դի՛ բերնին։ Կես սհաթից եդը խուփը վե կալ, կըլնի էրկու հատ կուտ, մինը բե ի՛նձ, մինը քե՛զ։

Էդ տղեն իրիկունը գնաց տուն, ասեց.— Ա՛յ կնիկ, սիրտս մի գաթա ա ուզում, էս ա իրեք տարի ա, գաթա չեմ կերե, վե կա՛ց՝ մի էրկու հատ էլ ա գաթա թխա՛, ուտենք։

— Շա՛տ լավ,— ասեց,— ա՛յ մարդ, ե՞բ ուզեցիր, որ ես չթխեցի։

Կնիկը առավոտը վե կացավ, գաթեն ունցեց, թունդիրը վառեց, բադիով ջուրը դրեց կողքը, ձեռը տվեց ջրին, տվեց գաթի քամակը, կռացավ, տվեց թունդրի կողին, երկրորդը տալու վախտը մարդը դրա ոններից բանձրացրեց՝ քցեց թունդիրը, խուփն էլ դրեց բերնին։ Մի կես սհաթ համբերեց։ Կես սհաթից եդը խուփը վե կալավ, տեհավ բան չկա միջին, էրկու հատ կուտ ա։ Կռացավ մեկը հանեց, ձեռները էրվեց՝ կուտը շըպռտեց, էլավ էրկու կտոր կռացավ էն մեկը հանդարտ հանեց, հանեց դրեց կողքը: Տեհավ ձեռները կեղտոտել ա, էն բադիի ջրի միջին ձեռները լվաց, տեհավ որ բադիի ջուրը դառավ ոսկի, բադիեն էլ դառավ ոսկի, եդ դառավ թամաշ արեց, որ կըտերն էլ են դառել ոսկի: Կըտի կեսը վե կալավ, տարավ բազրկյանին:

Բազրկյանն ասեց.— Ախար դու մի հատ սաղը պտի բերեիր:

Ասեց.— Ներողությո՛ւն, կեսն եմ բերե:

Ասեց.— Էս էլ բո՛լ ա:

Տղեն բազրկյանից շնորհակալություն արեց, գնաց իրանց տունը. մտածեց, ասեց.— Էթամ իմ կնկանը, էրեխեքանցս վեր ունեմ, բերեմ ըստեղ, մարդավարի ապրենք։

Առավոտը գնաց մի ձի առավ, մի ձեռք ասպար առավ, տունն ու դուքանը շինեց, ձին նիլլավ՝ գնաց: Գնաց, մի իրիկուն մութն ընկավ, հասավ իրա տունը: Դուռը ծեծեց, կնիկը գուս էկավ, տեհավ, որ մի ձիավոր, ասպարի միջին կորած, դռանը կաննած ա, վախեցավ:

Ասեց.— Ա՛յ կնիկ, դուռը բաց արա՛:

Ասեց.— Դու ո՞վ ես։

Ասեց.— Չե՞ս ճանանչում, ես եմ էլի, չե՞ս ճանանչում։

Ասեց.— Չէ՛, ո՞վ ես:

Ասեց.— Քո՛ւ մարդն եմ,— ասեց ու ձիուցը վեր էկավ, մտավ նեքսև:

Կնիկը տեհավ դրուստ իրա մարդն ա, ասեց.— Բարո՛վ ես էկե, էս ո՞ւր մնացիր։

Ասեց.— Եդացա, համա բո՛լ եմ աշխատե, էկել եմ քեզ տանեմ, էրեխեքանցը տանեմ։

Ասեց․— Ա՛յ մարդ, մենք ընտեղ չենք կարա ապրի, քաղաք ա, ծախսներս շատ կըլնի, ըստեղ գեղ տեղ ա, ո՛նց ուզենք, ընե՛նց կկառավարվենք։

Ասեց.— Ա՛յ կնիկ, մի՛ վախի, ընքան աշխատել եմ, որ քու օխտը պորտն էլ ուտի՝ չի հատնի։

Առավոտը վե կացան, էլած֊չէլածը բաշխեցին քյասիբ հարևաններին, իրանք գնացին իրանց թազա, տունն ու տեղը։

Նրանք հասան իրանց մուրազին, ով որ կարոտ ա՝ նա էլ հասնի իրա մուրազին։

Երկնքից իրեք հատ խնձոր ընկավ, մեկն՝ ասողին, մեկը՝ լսողին, մեկն էլ՝ անկաջ դնողին: