Մի՛ հավատար, իմ հայրենիք, դու օտարի ներբողին.
Վարդ մի՛ ձոնիր օտար սրտի զեղումներին սիրաշունչ…
Ով օրոցքից չէ՛ աղոթել քո սուրբ անվան, սուրբ հողին,
Ով չէ՛ ապրել քո դարավոր անլուր մորմոքն ու մրմունջ —
Դու օտա՜ր ես նըրա հոգուն… Եվ միշտ օտա՛ր կմնաս.
Շուտանցուկ է սերն օտարի, որպես պատրանք ու երազ…
Հերի՛ք, որքան, հեգ հայրենի՛ք, կյանքիդ հավերժ պայքարում
Հավերժ հուսով դու անսացիր օտար ձայնին հուսատու…
Դու անօ՜գ ես. դու տեր չունես… Այս դժնաշունչ աշխարհում.
Ա՜խ. հայրենի՛ք, կյանքիդ տերը միայն դու ես, միայն դո՛ւ…
Կիսլովոդսկ